Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 21

Պողոսի ճանապարհորդությունը դեպի Երուսաղեմ

1 Մենք, նրանցից բաժանվելով, դուրս եկանք և ուղիղ գնացինք Կոս, հաջորդ օրը՝ Հռոդոս, այնտեղից էլ՝ Պատարա։

2 Մի նավ գտանք, որ Փյունիկե էր գնում. նրա մեջ մտանք ու գնացինք։

3 Եվ երբ Կիպրոսը երևաց, այն ձախ կողմում թողեցինք ու նավը դեպի Ասորիք ուղղեցինք, իջանք Տյուրոս, որովհետև նավը բեռն այնտեղ պետք է թափեր։

4 Եվ աշակերտներին գտնելով՝ յոթ օր այնտեղ մնացինք. նրանքՍուրբՀոգու միջոցով Պողոսին ասում էին, որ Երուսաղեմ չելնի։

5 Եվ երբ այնտեղ լրացան մեր այդ օրերը, դուրս եկանք, գնացինք մեր ճամփան. բոլորը՝ կանանցով ու երեխաներով, մեզ ճանապարհ գցեցին մինչև քաղաքից դուրս։ Եվ ծովեզրին ծունկ չոքեցինք, աղոթեցինք

6 ու հրաժեշտ տվեցինք։ Ապա նավ բարձրացանք, իսկ նրանք վերադարձան իրենց տները։

7 Մենք էլ, ծովային ճանապարհորդությունն ավարտելով, Տյուրոսիցդուրս եկանք,հասանք Պտողեմայիս, եղբայրներին ողջույն տվեցինք ու նրանց մոտ մի օր մնացինք։

8 Հաջորդ օրը Պողոսը և մենք՝ նրա ընկերները, այդտեղից դուրս եկանք Կեսարիա և Փիլիպպոս ավետարանչի տունը մտնելով, որն այն յոթիցմեկն էր, նրա մոտ մնացինք։

9 Նա չորս կույս աղջիկներ ուներ, որոնք մարգարեություն էին անում։

10 Եվ երբ մենք այնտեղ շատ օրեր մնացինք, Հրեաստանից մի մարգարե իջավ, անունը՝ Ագաբոս։

11 Նա մեզ մոտ եկավ, Պողոսի գոտին վերցրեց, իր ձեռքերն ու ոտքերը կապեց և ասաց. «Սուրբ Հոգին այսպես է ասում. “Այն մարդուն, որի գոտին է սա, հրեաները Երուսաղեմում այսպես կկապեն ու հեթանոսների ձեռքը կմատնեն”»։

12 Եվ երբ այս լսեցինք, մենք և այնտեղացիներն էլ աղաչում էինք, որ Երուսաղեմ չելնի։

13 Այդ ժամանակ Պողոսն ասաց. «Ի՞նչ եք անում, լաց եք լինում և սիրտս ճմլում. որովհետև ես ոչ միայն բանտարկվելու, այլ Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում մեռնելու էլ պատրաստ եմ»։

14 Եվ երբ նա չհամոզվեց, լուռ մնացինք ու ասացինք. «Տիրոջ կամքը թող լինի»։

15 Այդ օրերից հետո պատրաստված Երուսաղեմ ելանք։

16 Այն կեսարացի աշակերտներից էլ մեզ հետ եկան. մեզ Մնասոն անունով մի կիպրացի մարդու՝ վաղ ժամանակից աշակերտի մոտ տարան, որ նրա մոտ մնայինք։

Պողոսի այցը Հակոբոսին

17 Եվ երբ մենք Երուսաղեմ հասանք, եղբայրները մեզ ուրախությամբ ընդունեցին։

18 Հաջորդ օրը Պողոսը մեզ հետ Հակոբոսի մոտ գնաց. բոլոր երեցներն էլ ներկա էին։

19 Եվ նրանց ողջույն տալով՝ մեկ առ մեկ պատմում էր, ինչ որ Աստված հեթանոսների մեջ արեց իր ծառայությամբ։

20 Նրանք, լսելով, փառաբանում էին Տիրոջը և ասում էին նրան. «Եղբա՛յր, տեսնո՞ւմ ես, քանի՜ բյուր հավատացյալ հրեաներ կան. ամենքն էլ օրենքի նախանձախնդիրներ են։

21 Բայց քո մասին իմացել են, որ հեթանոսների մեջ եղող բոլոր հրեաներին սովորեցնում ես Մովսեսիօրենքիցհրաժարվել՝ ասելով, որ իրենց երեխաներին չթլփատեն ևհրեականավանդույթները չպահեն։

22 Հիմա ի՞նչ կլինի. անպատճառ բազմությունը կհավաքվի,որովհետև կլսեն, որ եկել ես։

23 Հիմա ա՛յս արա, ինչ որ քեզ ասում ենք. մեր մեջ չորս մարդիկ կան, որոնք իրենց անձերի վրա երդում են արել։

24 Նրանց վերցրո՛ւ և նրանց հետ սրբվի՛ր. նրանց ծախսերը հոգա՛, որ գլուխներն ածիլեն, ու բոլորը գիտենան, թե ինչ որ քո մասին իմացել են, ճիշտ չէ, այլ որ դու էլ ես շարունակում օրենքը պահել։

25 Բայց այն հավատացյալ դարձած հեթանոսների վերաբերյալ մենքլուրուղարկեցինք՝ որոշելով, որ նրանք այդպիսի բան չպահեն, այլ միայն զգուշանան կուռքին զոհվածից, արյունից, խեղդվածից և պոռնկությունից»։

26 Այդ ժամանակ Պողոսն այն մարդկանց վերցրեց, հաջորդ օրը նրանց հետ սրբվելուց հետո մտավ տաճար՝ սրբության օրերի ավարտվելն իմաց տալու, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի համար ընծա մատուցվի։

Պողոսի ձերբակալությունը տաճարում

27 Եվ երբ այն յոթ օրերն ավարտվելու մոտ էին, ասիացի հրեաները նրան տաճարում տեսան. ողջ ամբոխընրագլխին հավաքվեց, և նրան բռնելով՝

28 աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացի մարդիկ, օգնեցե՜ք. սա այն մարդն է, որ ժողովրդին, օրենքին և այստեղին հակառակ՝ ամենուրեք բոլորին քարոզում է, մինչև իսկ հույների էլ է տաճար մտցրել և այս սուրբ տեղը պղծել»։

29 Որովհետև Տրոփիմոս Եփեսացուն առաջ նրա հետ քաղաքում տեսել էին և կարծում էին, թե Պողոսը նրան տաճար է մտցրել։

30 Եվ ամբողջ քաղաքը ոտքի ելավ. ժողովուրդը հավաքվեց. Պողոսին բռնելով տաճարից դուրս քաշեցին, և շուտով դռները փակվեցին։

31 Եվ երբ ուզում էին նրան սպանել, գնդի հազարապետին լուր հասավ, որ ամբողջ Երուսաղեմը տակնուվրա է եղել։

32 Նա էլ իսկույն զինվորներ ու հարյուրապետներ վերցրեց, վազեց նրանց վրա։ Նրանք էլ երբ հազարապետին ու զինվորներին տեսան, դադարեցին Պողոսին ծեծելուց։

33 Այդ ժամանակ հազարապետը մոտեցավ, բռնեց նրան ու հրամայեց, որ երկու շղթայով կապեն, և հարցնում էր, թե ո՛վ է և ի՛նչ է արել։

34 Ամբոխի մեջ ամեն մեկը մի բան էր աղաղակում։ Երբ ամբոխի շփոթից չկարողացավ ստույգն իմանալ, հրամայեց բերդ տանել նրան։

35 Եվ երբ աստիճաններին հասավ, պետք եղավ, որ զինվորներն ամբոխի բռնության պատճառով նրան վերցնեն բերեն,

36 որովհետև ժողովրդի բազմությունը հետևից գնում էր՝ աղաղակելով. «Մա՛հ դրան»։

Պողոսի ինքնապաշտպանությունը

37 Եվ քանի դեռ Պողոսը բերդ մտնելու վրա էր, հազարապետին ասաց. «Արդյոք կարելի՞ է, որ ես քեզ հետ խոսեմ»։ Նա էլ ասաց. «Հունարեն գիտե՞ս։

38 Արդյոք դու այն եգիպտացին չե՞ս, որ այս օրերից առաջ խռովություն գցեց և չորս հազար ավազակաբարո մարդիկ անապատ հանեց»։

39 Եվ Պողոսն ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ Կիլիկիայի Տարսոնից, ոչ թե աննշան քաղաքի քաղաքացի։ Աղաչում եմ քեզ, ինձ թո՛ւյլ տուր, որ այդ ժողովրդի հետ խոսեմ»։

40 Եվ երբ նա թույլ տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ժողովրդին ձեռքով նշան արեց։ Երբ կատարյալ լռություն տիրեց, եբրայերեն լեզվով խոսքն ուղղեց ու ասաց.

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 22

Երուսաղեմում հրեաներին ուղղված Պողոսի ճառը

1 «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, այժմ լսե՛ք իմ՝ ձեզ ուղղված պատասխանը»։

2 Երբ լսեցին, որ եբրայերեն լեզվով իրենց դիմեց, առավել ևս հանդարտվեցին։ Եվ ասաց.

3 «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոնում, դաստիարակված այս քաղաքում, կրթված Գամաղիելի ոտքերի մոտ՝ մեր հայրենի օրենքի ճշտության համաձայն։ Նախանձահույզ էի Աստծու նկատմամբ, ինչպես այսօր դուք բոլորդ։

4 Ես մինչև մահ հալածում էի այս ուղղությունը՝ տղամարդկանց ու կանանց կապելով և բանտերի մատնելով։

5 Ինչպես իմ մասին վկայում են քահանայապետը և ողջ ծերակույտը, նրանցից եղբայրներին ուղղված նամակներն առնելով՝ գնում էի Դամասկոս, որպեսզի այնտեղ գտնվողներին ևս կապելով՝ բերեի Երուսաղեմ՝ պատժվելու։

6 Երբ գնալիս Դամասկոսին էի մոտենում, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից շուրջս ուժեղ լույս փայլատակեց։

7 Ես ընկա գետնին և մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ”։

8 Ես պատասխանեցի. “Ո՞վ ես, Տե՛ր”։ Եվ ինձ ասաց. “Ես Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես”։

9 Ինձ հետ եղողները լույսը տեսնում էին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում։

10 Ես ասացի. “Ի՞նչ պետք է անեմ, Տե՛ր”։ Տերն ինձ ասաց. “Վեր կաց գնա՛ Դամասկոս, և այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես”։

11 Եվ քանի որ այդ լույսի փայլի պատճառով չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնեցին, ու ես մտա Դամասկոս։

12 Անանիաանունովմի մարդ՝ օրենքին հավատարիմ ևԴամասկոսումապրող բոլոր հրեաների կողմից վկայված,

13 եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. “Սավո՛ւղ եղբայր, վերստին ստացի՛ր տեսողությունդ”։ Եվ ես նույն պահին տեսողությունս վերագտա ու տեսա նրան։

14 Եվ նա ինձ ասաց. “Մեր հայրերի Աստվածը քեզ նախասահմանեց, որ իր կամքը ճանաչես, Արդարին տեսնես ու նրա բերանից ձայնը լսես,

15 որպեսզի բոլոր մարդկանց առաջ նրա վկան լինես այն բաների մասին, որ տեսար ու լսեցիր։

16 Այժմ ինչո՞ւ ես հապաղում. վե՛ր կաց, մկրտվի՛ր ու լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով”։

17 Երբ ես Երուսաղեմ վերադարձա և տաճարում աղոթում էի, մտքի հափշտակության մեջ ընկա.

18 ես տեսա նրան, որ ինձ ասում էր. “Փութա՛, շտապ դո՛ւրս գնա Երուսաղեմից, որովհետև իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու”։

19 Իսկ ես ասացի. “Տե՛ր, նրանք գիտեն, որ ես էի բանտ նստեցնում և ժողովարաններում գանահարել տալիս քեզ հավատացողներին։

20 Եվ երբ քո վկայի՝ Ստեփանոսի արյունը թափվում էր, ես ինքս նրա մոտ կանգնած էի, հավանություն էի տվել նրա սպանությանը և պահում էի նրան սպանողների հագուստները”։

21 Բայց նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետև ես քեզ ուղարկելու եմ հեռու՝ հեթանոսների մոտ”»։

Պողոսը՝ Հռոմի քաղաքացին

22 Մինչև այս խոսքը նրան լսում էին, բայց հետո իրենց ձայնը բարձրացրին ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև դա չպետք է ապրի»։

23 Եվ աղաղակելով հանում էին հագուստները, վեր գցում և փոշին օդ ցանում։

24 Հազարապետը հրամայեց նրան բերդ մտցնել՝ ասելով. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար են նրա դեմ այդպես աղաղակում»։

25 Երբ նրան կաշեփոկերով պինդ կապեցին, Պողոսն իր մոտ կանգնած հարյուրապետին ասաց. «Թույլատրվո՞ւմ է ձեզ ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։

26 Երբ հարյուրապետը լսեց, մոտեցավ հազարապետին ու ասաց. «Ի՞նչ ես պատրաստվում անել, որովհետև այս մարդը Հռոմի քաղաքացի է»։

27 Հազարապետը մոտեցավ ու նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմեացի՞ ես». նա պատասխանեց. «Այո՛»։

28 Եվ հազարապետն ասաց. «Ես մեծ դրամագլխով եմ ստացել այս քաղաքացիությունը»։ Իսկ Պողոսն ասաց. «Ես ծնունդով իսկքաղաքացիեմ»։

29 Ուստի նրանք, ովքեր հարցաքննելու էին, իսկույն հեռացան նրանից։ Հազարապետը ևս վախեցավ, երբ իմացավ, որ հռոմեացի է, որովհետև կապանքի տակ էր պահել նրան։

Պողոսն ատյանի առաջ

30 Հաջորդ օրըհազարապետը,ցանկանալով հրեաների ամբաստանության մասին ճշմարտությունն իմանալ, Պողոսին կապերից արձակեց և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը։ Իսկ Պողոսին բերեց և նրանց առաջ կանգնեցրեց։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 23

1 Պողոսը հայացքն ուղղեց ատյանին ու ասաց. «Եղբայրնե՛ր, ես մինչև այսօր Աստծու առաջ ապրել եմ ամենայն ուղղամտությամբ»։

2 Անանիա քահանայապետը մոտը կանգնածներին հրամայեց, որ խփեն նրա բերանին։

3 Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված պիտի խփի քեզ, սպիտակեցրա՛ծ պատ. դու նստել ես ինձ օրենքի համաձայն դատելու և օրենքը խախտելով՝ հրամայում ես, որ ինձ խփե՞ն»։

4 Եվ ներկա գտնվողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես նախատում»։

5 Պողոսն ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ քահանայապետ է, որովհետև գրված է.”Քո ժողովրդի իշխանին չչարախոսես”(Ելք 22.28)»։

6 Երբ Պողոսն իմացավ, որ ատյանում մի մասը սադուկեցիներն են, իսկ մյուս մասը՝ փարիսեցիները, բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու փարիսեցու որդի. ահա դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։

7 Երբ նա այս ասաց, փարիսեցիների ու սադուկեցիների միջև երկպառակություն ծագեց, և բազմությունը պառակտվեց։

8 Որովհետև սադուկեցիներն ասում են, որ հարություն չկա. ո՛չ հրեշտակ կա, ո՛չ էլ հոգի, իսկ փարիսեցիները հավատում են երկուսին էլ։

9 Եվ մեծ աղմուկ եղավ. փարիսեցիների կողմից որոշ դպիրներ վեր կացան և հակառակվելով՝ ասացին. «Այս մարդու մեջ ոչ մի չարություն չենք գտնում. թերևս նրա հետ հոգի կամ մի հրեշտակ խոսեց»։

10 Խռովությունն այնքան թեժացավ, որ հազարապետը, վախենալով, որ գուցե Պողոսը նրանց կողմից պատառ-պատառ արվի, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից Պողոսին վերցնել ու բերդ տանել։

11 Հաջորդ գիշեր Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»։

Հրեաների դավադրությունը Պողոսի կյանքի դեմ

12 Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, հավաքվելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։

13 Միմյանց հետ այս երդումն անողները քառասունից ավելի էին։

14 Նրանք մոտեցան քահանայապետներին ու ծերերին և ասացին. «Մենք երդում արեցինք ոչինչ չուտելու, մինչև Պողոսին չսպանենք։

15 Այժմ դուք հազարապետին ատյանի հետ միասին հայտնե՛ք, որ վաղը նրան ձեզ մոտ իջեցնի, իբր թե ուզում եք նրա մասին ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։

16 Երբ Պողոսի քրոջ որդին նրանց այս դավադրությունը լսեց, մտավ բերդ ու պատմեց Պողոսին։

17 Պողոսը հարյուրապետներից մեկին իր մոտ կանչեց ու ասաց. «Այս պատանուն հազարապետի մո՛տ տար, որովհետև նրան հայտնելու բան ունի»։

18 Եվ նա, պատանուն վերցնելով, հազարապետի մոտ տարավ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսն ինձ կանչեց՝ խնդրելով, որ այս պատանուն քեզ մոտ բերեմ. քեզ ասելու բան ունի»։

19 Հազարապետը, նրա ձեռքից բռնելով, մի կողմ գնաց ու առանձին հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ հայտնելու»։

20 Նա ասաց. «Հրեաները պայմանավորվեցին քեզ խնդրելու, որ վաղը Պողոսին ատյան իջեցնես, իբր թե ուզում են նրա մասին ավելի մանրամասն քննություն կատարել։

21 Արդ դու նրանց մի՛ լսիր, որովհետև նրանցից ավելի քան քառասունմարդդավ են նյութել նրա դեմ ու երդվել, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։

22 Ապա հազարապետն արձակեց պատանուն՝ պատվիրելով. «Ոչ ոքի չասես, որ այս բաների մասին ինձ հայտնել ես»։

Պողոսը տարվում է Կեսարիա

23 Նա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «Երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալ և երկու հարյուր նիզակավո՛ր պատրաստեք, որ գիշերվա երրորդ ժամին գնան Կեսարիա։

24 Պատրաստե՛ք նաև գրաստներ, որ Պողոսին նստեցնեն և ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մոտ»։

25 Գրեց նաև մի նամակ, որի բովանդակությունն այս էր.

26 «Կլավդիոս Լյուսիասից Ձերդ գերազանցություն Փելիքս կուսակալին ողջո՜ւյն։

27 Այս մարդուն, որին հրեաները բռնել էին, և նրանց կողմից սպանվելու մոտ էր, զինվորներով վրա հասա, ազատեցի՝ իմանալով, որ հռոմեացի է։

28 Ցանկանալով իմանալ նրա հանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան նրանց ատյան իջեցրի։

29 Նրան իրենց օրենքի մի՛ հարցում ամբաստանված գտա, սակայն մեռնելու կամ բանտարկվելու արժանի ոչ մի հանցանք չուներ։

30 Երբ տեղեկացա, որ հրեաների կողմից այդ մարդու դեմ դավ կա, նրան ուղարկեցի քեզ մոտ և հրամայեցի, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն։ Ո՛ղջ եղիր»։

31 Զինվորները, իրենց տրված հրամանի համաձայն Պողոսին վերցնելով, գիշերով տարան Անտիպատրիս։

32 Հաջորդ օրը հեծյալներին թողեցին, որ նրա հետ գնան, իսկ իրենք բերդ վերադարձան։

33 Նրանք մտան Կեսարիա, նամակը հանձնեցին կուսակալին, իսկ Պողոսին կանգնեցրին նրա առաջ։

34 Երբ կուսակալը կարդաց, հարցրեց, թե ո՛ր նահանգից է, և երբ տեղեկացավ, որ Կիլիկիայից է,

35 ասաց. «Քեզ կլսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ ներկա գտնվեն»։ Եվ հրամայեց, որ նրան Հերովդեսի պալատում պահեն։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 24

Դատ Պողոսի դեմ

1 Հինգ օր հետո Անանիա քահանայապետը մի քանի ծերերի և Տերտյուղոսանունովմի ճարտասանի հետ եկավ։ Կուսակալին հաղորդեցին Պողոսի մասին։

2 Նրան կանչելուց հետո Տերտյուղոսն սկսեց ամբաստանել և ասել. «Քանի որ քո շնորհիվ մեծ խաղաղություն ենք գտել, և քո հոգածությամբ այս ազգի մեջ շատ բաներ են կարգավորվել,

3 ամեն բանի համար և ամենուրեք քեզնից շնորհակալ ենք և մեծապես երախտապարտ, ո՛վ պատվական Փելիքս։

4 Բայց որպեսզի քեզ ավելորդ նեղություն չպատճառեմ, խնդրում եմ, որ քո համբերատարությամբ լսես մեր հակիրճ խոսքը։

5 Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաներին ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների աղանդի առաջնորդը։

6 Նա փորձեց նույնիսկ տաճարը պղծել, և նրան բռնեցինք։

8 Դու ինքդ էլ կարող ես նրան վերաքննելով տեղեկանալ այն բոլոր բաների մասին, որոնց համար նրան ամբաստանում ենք»։

9 Հրեաներն էլ հավանություն տվեցին և ասացին. «Այդպես է»։

Պողոսի ինքնապաշտպանությունն ատյանի առաջ

10 Երբ կուսակալը նրան նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ դու շատ տարիներ ի վեր այս ազգի դատավորն ես, ուստի հոժարությամբ եմ իմ մասին պատասխան տալիս։

11 Դու կարող ես իմանալ, որ տասներկու օրից ավելի չէ, ինչ ես բարձրացել եմ Երուսաղեմ՝ երկրպագություն անելու։

12 Ինձ ո՛չ տաճարում են որևէ մարդու հետ խոսելիս կամ շուրջս ամբոխ հավաքելիս գտել, ո՛չ ժողովարաններում, ո՛չ էլ քաղաքում։

13 Եվ ոչ էլ կարող են քեզ ապացուցել այն, ինչի համար ինձ այժմ ամբաստանում են։

14 Բայց սա եմ քեզ խոստովանում, որ համաձայն ա՛յն ճանապարհի, որին “հերձված” են կոչում, այդպե՛ս եմ պաշտում մեր հայրերի Աստծուն՝ հավատալով այն ամենին, ինչ գրված է օրենքում և մարգարեների մեջ։

15 Հույս ունեմ առ Աստված, ինչպես որ նրանք են ակնկալում, որ արդարների և մեղավորների հարություն է լինելու։

16 Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ։

17 Արդ բազում տարիներ հետո եկա, որ իմ ազգին ողորմություն տամ ու ընծաներ մատուցեմ։

18 Մինչ դրանցով էիզբաղված,ինձ գտան տաճարում մաքրվելիս՝ ո՛չ ամբոխի հետ և ո՛չ էլ խռովությանմեջ։

19 Ասիայի հրեաներից ոմանք պետք է քո առաջ գային ու ամբաստանեին, եթե իմ դեմ մի բան ունեին։

20 Կամ հենց սրանք թող ասեն, թե ի՛նչ անիրավություն գտան իմ մեջ, մինչ ատյանի առաջ կանգնած էի,

21 բացի այն մի խոսքից, որ նրանց մեջ կանգնած աղաղակեցի. “Մեռելների հարություն առնելու համար եմ ես այսօր դատվում ձեր կողմից”»։

Պողոսը կալանքի տակ

22 Փելիքսը, ավելի ստույգ իմանալով այս ուղղության մասին, հետաձգեց գործը և ասաց. «Ձեր վերաբերյալ գործը կքննվի, երբ Լյուսիաս հազարապետն իջնի»։

23 Նա հրամայեց հարյուրապետին Պողոսին պահել, բայց ազատություն տալ և նրա յուրայիններից ոչ մեկին չարգելել նրան ծառայելու։

24 Մի քանի օր հետո Փելիքսը եկավ իր կնոջ՝ Դրուսիլայի հետ, որը հրեա էր։ Կանչեց Պողոսին ու նրանից լսեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի մասին։

25 Մինչ Պողոսը արդարության, ժուժկալության և գալիք դատաստանի մասին էր խոսում, Փելիքսը զարհուրելով ասաց. «Դու առայժմ գնա՛, երբ ժամանակ լինի, քեզ կկանչեմ»։

26 Միևնույն ժամանակ նա ակնկալում էր, որ Պողոսն իրեն դրամ կտա, և դրա համար հաճախ էր կանչում նրան ու հետը զրուցում։

27 Երկու տարին լրանալուց հետո Փելիքսին հաջորդեց Պորկիոս Փեստոսը։ Փելիքսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 25

Պողոսի դիմումը կայսրին

1 Երբ Փեստոսը նահանգ եկավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։

2 Քահանայապետներն ու հրեաների գլխավորները Պողոսի մասին զեկուցեցին նրան և խնդրում էին,

3 որ շնորհ անի և Պողոսին Երուսաղեմ կանչի, որովհետև դարան էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։

4 Սակայն Փեստոսը պատասխանեց, որ Պողոսը Կեսարիայում պիտի պահվի, և ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։

5 «Ձեզանից ովքեր կարող են,- ասաց,- թող ինձ հետ իջնեն, ու եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, թող ամբաստանեն նրան»։

6 Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալով՝ Կեսարիա իջավ։ Հաջորդ օրն ատյան նստեց ու հրամայեց Պողոսին բերել։

7 Երբ նա եկավ, Երուսաղեմից իջած հրեաները նրա շուրջը հավաքվեցին և Պողոսի դեմ բազում մեղադրանքներ բերեցին, որոնք չէին կարողանում ապացուցել,

8 որովհետև նա պատասխանում էր. «Ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսրի դեմ որևէ մեղք չեմ գործել»։

9 Բայց Փեստոսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ բաների համար իմ առաջ այնտեղ դատվել»։

10 Պողոսն ասաց. «Ես կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, և ինքդ էլ քաջ գիտես։

11 Եթե մեղավոր եմ և մահվան արժանի բան եմ կատարել, մեռնելուց չեմ խուսափում։ Իսկ եթե ոչինչ չկա, որի համար սրանք ամբաստանում են ինձ, ոչ ոք ինձ չի կարող դրանց հանձնել։ Կայսրին եմ դիմում»։

12 Այդժամ Փեստոսը խորհրդի հետ խոսելուց հետո պատասխանեց. «Կայսրին դիմեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։

Պողոսը Ագրիպպաս թագավորի առաջ

13 Մի քանի օր անց Ագրիպպաս թագավորն ու Բերնիկեն իջան Կեսարիա՝ Փեստոսին ողջունելու։

14 Այստեղ բավականաչափ օրեր անցկացնելուց հետո Փեստոսը Պողոսի մասին տեղեկացրեց թագավորին ու ասաց. «Այստեղ Փելիքսի կողմից բանտարկված մի մարդ է մնացել,

15 որի մասին ինձ քահանայապետներն ու հրեաների երեցները տեղեկացրին, երբ Երուսաղեմում էի։ Նրանք նրա պատիժն են պահանջում։

16 Նրանց պատասխանեցի. “Հռոմեացիների համար օրինական չէ որևէ մարդու հանձնելատյանի,մինչև ամբաստանյալն իր առաջ իրեն մեղադրողներին չունենա և այդ մեղադրանքին պատասխանելու հնարավորությունը չստանա”։

17 Երբ նրանց հետ այստեղ եկա, առանց հապաղելու հաջորդ օրն իսկ ատյան նստելով՝ հրամայեցի բերել այդ մարդուն։

18 Նրա դեմ առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը ես լուրջ չեմ համարում։

19 Դրանք իրենց կրոնի հետ կապված որոշ խնդիրներ են ոմն մեռած Հիսուսի վերաբերյալ, որի մասին Պողոսն ասում էր, թե կենդանի է։

20 Երբ այսպիսի խնդիրների քննության համար տարակուսանքի մեջ ընկա, ասացի, թե արդյոք ցանկանո՞ւմ է Երուսաղեմ գնալ և այդ բաների համար այնտեղ դատվել։

21 Բայց երբ Պողոսը պահանջեց, որ ինքը պետք է պահվի Օգոստափառ կայսեր վճռի համար, ես հրամայեցի նրան պահել, մինչև կայսեր մոտ ուղարկեմ»։

22 Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կուզենայի լսել այդ մարդուն»։ Նա ասաց. «Վաղը կլսես»։

23 Հաջորդ օրը, երբ Ագրիպպասն ու Բերնիկեն մեծ հանդիսավորությամբ եկան ու հազարապետների և քաղաքի պատվավոր մարդկանց հետ ատյան մտան, Փեստոսը հրամայեց, ու Պողոսին բերեցին։

24 Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս թագավոր և մեզ հետ ներկա ամե՛նքդ. տեսնում եք սրան, որի համար հրեա ամբողջ ժողովուրդն ինձ մոտ եկավ՝ թե՛ Երուսաղեմում և թե՛ այստեղ՝ աղաղակելով, որ նա չպետք է կենդանի մնա։

25 Բայց ես հասկացա, որ նա մահվան արժանի ոչինչ չի արել։ Իսկ քանի որ նա դիմել էր Օգոստափառին, մտածեցի, որ այնտեղ ուղարկեմ նրան։

26 Նրա մասին ճշգրիտ որևէ բան չունեմ տիրոջս գրելու։ Այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, ո՛վ Ագրիպպաս թագավոր, որ վերաքննելով՝ գրելու որևէ բան ունենամ,

27 քանի որ ինձ անտրամաբանական է թվում որևէ բանտարկյալի ուղարկել՝ առանց նրա դեմ հանցանք նշելու»։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 26

Պողոսի ինքնապաշտպանությունն Ագրիպպասի առաջ

1 Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քեզ թույլատրվում է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը ձեռքը մեկնեց ու սկսեց իրեն պաշտպանել.

2 «Հրեաների կողմից իմ մասին արված բոլոր ամբաստանությունների համար, ո՛վ Ագրիպպաս թագավոր, ինձ երանելի եմ համարում, որ այսօր քո առաջ պաշտպանելու եմ ինձ,

3 մանավանդ որ գիտակ ես հրեաների բոլոր սովորույթներին ու խնդիրներին. դրա համար աղաչում եմ, որ ինձ համբերությամբ լսես։

4 Բոլոր հրեաները տեղյակ են իմ կյանքին, որ մանկությունիցս ի վեր ի սկզբանե եղել եմ իմ ազգի մեջ Երուսաղեմում։

5 Վաղուց գիտեն, եթե ցանկանան վկայել, որ ես որպես փարիսեցի ապրել եմ մեր կրոնի խստագույն օրենքների համաձայն։

6 Եվ հիմա կանգնել ու դատվում եմ Աստծուց մեր հայրերին տրված խոստումի հույսի համար,

7 որին մեր տասներկու ցեղերը, գիշեր ու զօր անդադար պաշտելով, ակնկալել են հասնել։ Այդ հույսի համար եմ ամբաստանվում հրեաների կողմից, ո՛վ Ագրիպպաս արքա։

8 Ինչո՞ւ է ձեզ անհավատալի թվում, որ Աստված մեռելներին հարություն է տալիս։

9 Ես հենց ինքս անհրաժեշտ էի համարում Հիսուս Նազովրեցու անվանը հակառակ շատ բաներ անել,

10 որ և արեցի Երուսաղեմում. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին էի բանտարկում և նրանց սպանությանը հավանություն էի տալիս։

11 Բոլոր ժողովարաններում շատ անգամներ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեին, և նրանց դեմ առավել ևս մոլեգնելով՝ հալածում էի մինչև օտար քաղաքներ։

Պողոսը պատմում է իր դարձի մասին

12 Երբ քահանայապետների իշխանությամբ ու հանձնարարությամբ Դամասկոս էի գնում,

13 կեսօրին ճանապարհին տեսա, ո՛վ արքա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել մի լույս փայլատակեց իմ և ինձ հետ գնացողների շուրջը։

14 Երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ եբրայերեն լեզվով ինձ ասում էր. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է մեխին ոտքով խփել”։

15 Իսկ ես ասացի. “Ո՞վ ես, Տե՛ր”։ Նա ասաց. “Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։

16 Բայց վե՛ր կաց և կանգնի՛ր ոտքերիդ վրա, որովհետև քեզ նրա համար երևացի, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն բաների, ինչ դու տեսար, և այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝

17 ազատելու այն ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ քեզ ուղարկում եմ,

18 որպեսզի նրանց աչքերը բացես, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատով մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան”։

19 Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չեղա,

20 այլ նախ նրանց, ովքեր Դամասկոսում, Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում էին, ինչպես նաև հեթանոսներին քարոզեցի, որ ապաշխարեն և դեպի Աստված դառնան՝ ապաշխարության արժանի գործեր կատարելով։

21 Այս բաների համար հրեաներն ինձ տաճարում բռնելով փորձեցին սպանել։

22 Արդ Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր կանգնած փոքրին ու մեծին վկայում եմ՝ ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին,

23 որ Քրիստոսը չարչարվելու է և մեռելներից առաջինը հարություն առած լինելով՝ ժողովրդին ու հեթանոսներին լույս է ավետարանելու»։

Կոչ ճշմարիտ հավատի

24 Մինչ Պողոսը այս պատասխանն էր տալիս, Փեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո բազում գիտելիքները քեզ մոլագարության են տանում»։

25 Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, նորի՛ն վսեմություն Փեստոս, այլ ճշմարտության և զգաստության խոսքեր եմ արտասանում։

26 Որովհետև այս բաներին թագավորն էլ է տեղյակ, որին և համարձակ ասում եմ. չեմ կարծում, թե սրանցից որևէ բան նրանից ծածկված լինի, քանի որ դա խուլ անկյունում չի եղել։

27 Մարգարեներին հավատո՞ւմ ես, ո՛վ Ագրիպպաս արքա. գիտեմ, որ հավատում ես»։

28 Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։

29 Պողոսն ասաց. «Աստծուց կխնդրեի, որ ոչ միայն դու, այլ նաև բոլոր նրանք, ովքեր այսօր ինձ լսում են, քիչ թե շատ այնպիսին լինեին, ինչպիսին ես եմ, միայն առանց այս կապանքների»։

30 Եվ երբ նա այս ասաց, թագավորը, կուսակալը, Բերնիկեն ու նրանց հետ բոլոր նստածները վեր կացան։

31 Գնալիս իրար հետ խոսում էին և ասում. «Այս մարդը մեռնելու կամ կապանքների արժանի բան չի արել»։

32 Բայց Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Այս մարդուն կարելի էր արձակել, եթե կայսրին դիմած չլիներ»։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 27

Պողոսի նավարկությունը դեպի Հռոմ

1 Երբ որոշվեց՝ դեպի Իտալիա նավարկենք, Պողոսին ու մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից Հուլիոս անունով մի հարյուրապետի։

2 Նստելով ադրամինտական մի նավ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև Արիստարքոս Մակեդոնացին Թեսաղոնիկեից։

3 Հաջորդ օրն իջանք Սիդովն, և Հուլիոսը, Պողոսի նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով, թույլ տվեց նրան բարեկամների մոտ գնալ՝ խնամք ստանալու։

4 Այդտեղից նավարկելով՝ գնացինք Կիպրոսի ներքևի կողմով՝ քամու հակառակուղղությամբփչելու պատճառով։

5 Ապա նավարկելով Կիլիկիան և Պամփյուլիան ողողող ծովով՝ իջանք Լիկիայի Միռա քաղաքը։

6 Այնտեղ հարյուրապետը, գտնելով Ալեքսանդրիայի մի նավ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ նստեցրեց։

7 Բազում օրեր դանդաղ նավարկելով՝ հազիվ հասանք Կնիդոսի կողմերը։ Քանի որ քամին մեր հակառակ կողմից էր, Կրետեի ներքևով նավարկեցինք դեպի Սալմովնի հրվանդան։

8 Նրա եզերքով դժվարությամբ անցնելով՝ եկանք մի տեղ, որ «Գեղեցիկ նավահանգիստ» էր կոչվում, որի մոտ էր Լասեա քաղաքը։

Փոթորիկը և նավաբեկությունը

9 Եվ քանի որ բավականաչափ ժամանակ էր անցել, նավարկելը վտանգավոր կլիներ, իսկ ծոմապահության ժամանակն էլ արդեն անցել էր, Պողոսը խրատ էր տալիս՝

10 ասելով նրանց. «Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նավարկությունը նեղությամբ ու մեծ վնասով է լինելու ոչ միայն բեռի ու նավի, այլ նաև մեր կյանքի համար»։

11 Բայց հարյուրապետը նավապետին ու նավատիրոջն ավելի էր լսում, քան Պողոսի խոսքերին։

12 Քանի որ նավահանգիստը ձմեռն անցկացնելու համար անհարմար էր, մեծամասնությունը մտածեց այդտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանային Փյունիկե հասնել և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավ-արևմուտք և դեպի ցամաք էր նայում։

13 Երբ հարավի մեղմ քամին փչեց, կարծեցին, թեիրենցնպատակին կհասնեն, և խարիսխները վերցնելով՝ ինչքան հնարավոր է դեպի Կրետե նավարկեցին։

14 Շատ ժամանակ չէր անցել, երբ կղզու կողմից մի մրրկահողմ բարձրացավ, որ «Եվրացիկլոն» էր կոչվում։

15 Երբ նավը քշվեց և մրրկահողմին չկարողացավ դիմանալ,նավիկառավարումը թողեցինք և տարուբերվում էինք։

16 Եվ ընթանալով դեպի մի կղզի, որ Կավդա էր կոչվում, մակույկը հազիվ կարողացանք փրկել։

17 Օգնության միջոցներով այն նավի վրա քաշեցինք, ապա պարաններ օգտագործեցին և նավի տակից անցկացնելով՝ կապեցին. վախենալով, որ Սիրտիսիծովածոցի մեջ կընկնեն, խարիսխը ծովը իջեցրին և այդպես տարուբերվում էին։

18 Մինչ մենք փոթորկից շատ նեղություն էինք կրում, հաջորդ օրը նրանք սկսեցինբեռներըծովը գցել։

19 Երրորդ օրը նրանք իրենց ձեռքով ծովը նետեցին նավի գործիքները։

20 Երբ բազում օրեր ո՛չ արև էր երևում, ո՛չ էլ աստղեր, վատ եղանակն էլ շարունակվում էր, փրկվելու մեր ողջ հույսը կտրվեց։

21 Քանի որ արդեն շատ օրեր քաղցած էին, այդ ժամանակ Պողոսը, նրանց մեջ կանգնելով, ասաց. «Մարդի՛կ, դուք պետք է ինձ լսեիք ու Կրետեից չելնեիք և այս նեղությունից ու վտանգից կխուսափեիք։

22 Իսկ այժմ ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։

23 Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ,

24 և ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել”։

25 Դրա համար քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։

26 Սակայն պետք է մի կղզի ընկնենք»։

27 Արդեն տասնչորսերորդ գիշերը եղավ, ինչ մենք Ադրիական ծովում դեռևս տարուբերվում էինք։ Կեսգիշերին նավավարները կարծեցին, թե ինչ-որ ցամաք ենք հասել։

28 Ջրի խորությունը չափող գունդը գցելով՝ քսան գրկաչափ խորություն գտան. մի փոքր էլ առաջանալով՝ նորից գցեցին և տասնհինգ գրկաչափ գտան։

29 Վախենալով, որ թերևս խութերի մեջ ընկնեն, հետևի կողմից չորս խարիսխ ցած գցեցին և սպասում էին լուսանալուն։

30 Բայց քանի որ նավավարներն ուզում էին նավից փախչել, մակույկն իջեցրին ծով այն պատճառաբանությամբ, թե իբր առջևի կողմից էլ են խարիսխ գցելու։

31 Պողոսը հարյուրապետին ու զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք չեք կարող փրկվել»։

32 Այդ ժամանակ զինվորները մակույկի պարանները կտրեցին և թողեցին, որ ծովն ընկնի։

33 Լուսադեմին Պողոսը բոլորին խնդրում էր, որ կերակուր ընդունեն՝ ասելով. «Այսօր տասնչորսերորդ օրն է, ինչ դուք սպասելով քաղցած եք մնացել և ոչինչ չեք կերել։

34 Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ընդունեք, որովհետև դա ձեր փրկության համար է. քանի որ ձեզանից ոչ մեկի գլխից մի մազ չի կորչելու»։

35 Այս ասելով՝ հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհություն հայտնեց, կտրեց ու սկսեց ուտել։

36 Եվ բոլորը քաջալերվեցին, ու իրենք էլ սնվեցին։

37 Նավի մեջ բոլորս միասին երկու հարյուր յոթանասունվեց հոգի էինք։

38 Կերակուրից հագենալով՝ նավը թեթևացրին՝ ցորենը ծովը թափելով։

39 Երբ լույսը բացվեց, մի անծանոթ ցամաք տեսան։ Նկատեցին մի ծովածոց, որ ծովափ ուներ. մտածում էին, թե միգուցե հնարավոր լիներ նավն այնտեղ հասցնել։

40 Խարիսխները կտրելով ծովը գցեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին և քամուն հանձնեցին ծովափի ուղղությամբ։

41 Ընկնելով ծովը երկու մասի բաժանող մի տեղ՝ նավը դուրս քաշեցին. նավի առաջակողմը հատակին խրվեց և անշարժ մնաց, իսկ հետնակողմն ալիքների սաստկությունից քանդվում էր։

42 Զինվորները որոշել էին կալանավորներին սպանել, որպեսզի ոչ ոք լողալով չփախչեր։

43 Բայց հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց այդ մտադրությունից հետ պահեց ու հրամայեց, որ նախ լողալ կարողացողները ջուրը նետվեն ու ցամաք ելնեն,

44 իսկ մնացածներից ոմանք՝ տախտակների վրա, ոմանք էլ՝ նավից ինչ-որ բանի վրա. և այդպես բոլորն էլ ցամաք ելան և փրկվեցին։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 28

Պողոսը Մելիտեում (Մալթա կղզում)

1 Երբ փրկվեցինք, այն ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մելիտե էր։

2 Տեղացիները մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին, մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։

3 Երբ Պողոսը շատ չոր փայտեր էր հավաքել և կրակի վրա էր դնում, տաքությունից մի իժ դուրս եկավ ու նրա ձեռքից կախվեց։

4 Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողունին, միմյանց ասացին. «Այս մարդը հաստատ մարդասպան է, որ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի»։

5 Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, և իրեն ոչ մի վատ բան չպատահեց։

6 Իսկ նրանք սպասում էին, որ նա կուռչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին և ասացին. «Սա մի աստված է»։

7 Այդ տեղի շրջակայքում գտնվում էին կղզու Պոպլիոս անունով գլխավորի գյուղերը։ Նա մեզ երեք օրով սիրով իր մոտ ընդունեց։

8 Այնպես եղավ, որ Պոպլիոսի հայրը ջերմով ու արյունալուծից հիվանդացել, պառկել էր։ Պողոսը նրա մոտ մտավ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բժշկեց նրան։

9 Երբ այս պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին և բժշկվում։

10 Նրանք մեծ հանդիսավորությամբ մեզ պատվեցին, և երբ մեկնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։

Մալթայից Հռոմ

11 Երեք ամիս հետո բարձրացանք մի նավ, որ ձմեռել էր այդ կղզում։ Այն ալեքսանդրիական էր և դիոսկուրյաններինշանն ուներ։

12 Սիրակուսա իջնելով՝ երեք օր այնտեղ մնացինք։

13 Այնտեղից պտույտ գործելով՝ հասանք Ռեգիոն։ Երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլոս,

14 որտեղ և գտանք եղբայրների, որոնք խնդրեցին, որ յոթ օր իրենց մոտ մնանք։ Այնուհետև եկանք Հռոմ։

15 Եվ այնտեղից եղբայրները, մեր մասին լսած լինելով, մեզ ընդառաջ ելան մինչև Ապպիոսի առևտրի պալատնու Երեք պանդոկները։ Երբ Պողոսը նրանց տեսավ, Աստծուն գոհություն հայտնեց ու քաջալերվեց։

Պողոսի քարոզչությունը Հռոմում

16 Երբ Հռոմ մտանք, Պողոսին հրամայվեց իր պահապան զինվորի հետ առանձին մնալ։

17 Երեք օր հետո Պողոսը հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ նախնյաց ավանդույթներին հակառակ ոչինչ չգործած՝ Երուսաղեմից կալանավորված՝ հռոմեացիների ձեռքը մատնվեցի։

18 Նրանք ինձ դատելուց հետո կամեցան բաց թողնել, որովհետև իմ մեջ մահապատժիարժանիոչ մի հանցանք չկար։

19 Բայց երբ հրեաներն առարկում էին, ստիպված եղա կայսրին դիմել. ոչ թե որ իմ ազգին ամբաստանելու բան ունեի։

20 Այս պատճառով է, որ այժմ խնդրեցի ձեզ տեսնել ու խոսել, որովհետև Իսրայելի հույսի համար եմ ես այս շղթայով կապված»։

21 Իսկ նրանք ասացին նրան. «Մենք քո վերաբերյալ Հրեաստանից ո՛չ նամակ ենք ստացել, ո՛չ էլ եղբայրներից որևէ մեկը եկել ու քո մասին վատ բան է պատմել կամ խոսել։

22 Բայց կցանկանայինք քեզանից լսել, թե ի՛նչ ես կարծում, որովհետև այդ աղանդի մասին մեզ հայտնի է, որ ամենուրեք դրա դեմ հակաճառություն կա»։

Հռոմում Պողոսի կոչը հրեաներին

23 Նրա հետ որոշակի օր նշանակելուց հետո բազում մարդիկ եկան նրա օթևան, որոնց վկայում էր Աստծու արքայության մասին և առավոտից մինչև երեկո նրանց համոզում Հիսուսի մասին Մովսեսի օրենքով ու մարգարեներով։

24 Ոմանք հավատում էին նրա խոսքերին, իսկ ոմանք չէին հավատում։

25 Եվ իրար հետ համաձայնության չգալով՝ հեռանում էին, երբ Պողոսնայսխոսքն ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի միջոցով մեր հայրերի հետ լավ խոսեց

26 և ասաց.

“Գնա՛ այս ժողովրդի մոտ և ասա՛.

“Դուք կլսեք, բայց չեք հասկանա,

և կնայեք, բայց չեք տեսնի։

27 Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացել է,

և իրենց ականջներով ծանր են լսում

և իրենց աչքերը փակել են,

որպեսզի երբեք աչքերով չտեսնեն,

ականջներով չլսեն

ու սրտով չիմանան, դարձի չգան,

և ես չբժշկեմ նրանց”(Ես. 6.9-10)։

28 Արդ թող ձեզ հայտնի լինի, որ Աստծու փրկությունը ուղարկվեց հեթանոսներին, և նրանք էլ կլսեն»։

Աստծու արքայության քարոզությունը

30 Եվ Պողոսն ամբողջ երկու տարի ապրեց իր ծախսով և ընդունում էր բոլոր իր մոտ եկողներին։

31 Քարոզում էր Աստծու արքայությունը և ամենայն համարձակությամբ անխափան ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։