Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 1

Նախաբան

1 Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց

2 մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց,

3 որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։

4 Որքան ժամանակոր միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք.

5 որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։

6 Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։

7 Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձերգործըչէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։

8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։

Հիսուսի համբարձումը

9 Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։

10 Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին

11 և նրանց ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս»։

Առաքյալների խումբը

12 Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհիչափ հեռավորության վրա։

13 Երբքաղաքմտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոն Նախանձահույզը և Հակոբոսի որդի Հուդան։

14 Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էինմի քանիկանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։

Մատաթիայի ընտրությունը

15 Եվ այդ օրերին Պետրոսը վեր կացավ կանգնեց եղբայրների մեջ (այնտեղ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար) և ասաց.

16 «Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։

17 Որովհետև նա էլ մեզանից մեկն էր և մասնակից էր այս ծառայությանը։

18 Արդ, նա իր անիրավության վարձով մի ագարակ ստացավ ու գլխիվայր ընկնելով՝ մեջտեղից պատռվեց, և նրա ամբողջ փորոտիքը դուրս թափվեց։

19 Եվ Երուսաղեմի բոլոր բնակիչներին սա հայտնի դարձավ, այնպես որ այդ ագարակն իրենց բարբառով Ակեղդամա կոչվեց, այսինքն՝ “Արյան ագարակ”։

20 Քանի որ Սաղմոսների գրքում գրված է.

“Թող նրա տունն ավերակ դառնա,

և ոչ ոք թող այնտեղ չբնակվի”(Սաղ. 69.25),

և

“Թող նրա առաքելությունն ուրիշն առնի”(Սաղ. 109.8)։

21 Արդ, պետք է, որ այստեղ եղած մարդկանցից մեկը, որոնք մեզ հետ են եղել այն ամբողջ ժամանակ, երբ Տեր Հիսուսը մեզ հետ էր՝

22 սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ մեզանից համբարձվեց, նա պետք է մեզ հետ միասին նրա հարության վկան լինի»։

23 Եվ ներկայացրեցին երկու հոգու՝ Հովսեփին, որ Բարսաբբաս էր կոչվում և Հուստոս անվանվեց, ու Մատաթիային։

24 Եվ աղոթելով ասացին. «Դու, Տե՛ր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից ո՛ւմ ես ընտրել

25 այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։

26 Եվ նրանց մեջ վիճակ գցեցին. վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 2

Հոգեգալուստ

1 Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։

2 Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։

3 Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։

4 Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։

5 Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։

6 Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։

7 Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։

8 Ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։

9 Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանումու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում,

10 Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ,

11 հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։

12 Բոլորը զմայլված և զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ի՞նչ կարող է լինել»։

13 Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։

Պետրոսի ճառը Հոգեգալստյան օրը

14 Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։

15 Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է,

16 այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով.

17 “Եվ վերջին օրերին,-ասում է Աստված,-

իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,

և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան.

ձեր երիտասարդները տեսիլքներ,

իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։

18 Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս

այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ,

և պիտի մարգարեանան։

19 Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում,

և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա.

արյուն, կրակ ու ծխի սյուն։

20 Արեգակը պիտի փոխակերպվի խավարի,

և լուսինը՝ արյան,

քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։

21 Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք,

ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի”(Հվլ. 2.28-32)։

22 Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով.

23 նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։

24 Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։

25 Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում.

“Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ,

որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։

26 Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց,

մարմինս էլ հույսով պիտի ապրի։

27 Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի

և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։

28 Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները

և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես”(Սաղ. 16.8-11)։

29 Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։

30 Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որԱստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին(Սաղ. 132.11,Բ Թագ. 7.12),

31 ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին.

“Նա գերեզմանում չթողնվեց,

ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ”։

32 Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։

33 Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեցմեզ վրա,և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։

34 Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է.

“Տերն իմ Տիրոջն ասաց.

Նստի՛ր իմ աջ կողմում,

35 մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ”(Սաղ. 110.1)։

36 Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։

Առաջին նորադարձները

37 Երբ նրանք այս լսեցին,իրենցսրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։

38 Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։

39 Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։

40 Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում՝ ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։

41 Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան։

Քրիստոնեական առաջին համայնքը

42 Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին։

43 Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։

44 Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։

45 Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։

46 Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։

47 Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջսեր ու հարգանքէին վայելում։ Իսկ Տերը նրանցխմբումփրկվածների էր ավելացնում ամեն օր։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 3

Ի ծնե կաղի բժշկումը

1 Պետրոսն ու Հովհաննեսը բարձրանում էին տաճար՝ իններորդժամի աղոթքի համար։

2 Ի ծնե կաղ մի մարդ կար, որին ամեն օր բերում էին տաճարի դռան մոտ, որ «Գեղեցիկ» էր կոչվում, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։

3 Երբ նա տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին տաճար մտնելիս, ողորմություն խնդրեցնրանցից։

4 Պետրոսը Հովհաննեսի հետ նայեց նրան ու ասաց. «Մե՛զ նայիր»։

5 Նա հայացքը նրանց վրա սևեռեց՝ ինչ-որ բան նրանցից վերցնելու ակնկալիքով։

6 Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»։

7 Եվ նա, բռնելով նրա աջ ձեռքից, նրան ոտքի կանգնեցրեց, և նրա սրունքներն ու ազդրերն իսկույն ամրացան։

8 Նա ցատկելով ոտքի կանգնեց ու քայլեց և նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, ցատկելով ու Աստծուն օրհնելով։

9 Ամբողջ ժողովուրդը տեսավ նրան, որ քայլում էր և օրհնում Աստծուն։

10 Եվ ճանաչում էին նրան, որ ողորմության համար նստում էր տաճարի «Գեղեցիկ» դռան մոտ։ Եվ պատահածի համար լցվեցին երկյուղով ու զարմանքով։

Պետրոսի ճառը տաճարի Սողոմոնի սրահում

11 Մինչ նա Պետրոսին ու Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը երկյուղած վազեց նրանց մոտ՝ այն սրահը, որ «Սողոմոնիսրահ» էր կոչվում։

12 Երբ Պետրոսը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, ինչո՞ւ եք սրա վրա զարմացել կամ ինչո՞ւ եք ապշած մեզ վրա նայում, կարծես թե մենք մեր զորությամբ կամ բարեպաշտությամբ ենք նրան քայլել տվել։

13 Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը՝ մեր հայրերի Աստվածը, փառավորեց իր Որդի Հիսուսին, որին դուք մատնեցիք ու Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա վճռեց ազատ արձակել նրան։

14 Դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ ձեզ մի մարդասպանի շնորհի։

15 Սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց, և մենք այդ բանին վկա եղանք։

16 Հիսուսի անվան հանդեպ հավատը ոտքի կանգնեցրեց սրան, որին դուք տեսնում և ճանաչում եք, և նրանով հավատը ձեր բոլորի առաջ սրան այս առողջությունը տվեց։

17 Եվ այժմ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր իշխանավորները անգիտությամբ արեցին։

18 Բայց Աստված ինչ որ իր բոլոր մարգարեների բերանով նախապես հայտնել էր Քրիստոսի չարչարվելու մասին, այնպես էլ կատարեց։

19 Արդ ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք,

20 որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որպեսզի Տիրոջից հանգստյան ժամանակները գան, և նա ուղարկի վաղօրոք ձեզ համար քարոզվածՀիսուս Քրիստոսին.

21 նա պետք է մնա երկնքում այնքան ժամանակ, մինչև իրականանա այն ամենը, ինչի մասին Աստված դարեր առաջ խոսեց իր սուրբ մարգարեների բերանով։

22 Նախ Մովսեսն է ասել.”Ձեր Տերը՝ Աստվածը, ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրան պիտի լսեք ամեն ինչում, ինչ էլ ձեզ ասի։

23 Եվ ամեն մարդ, ով այդ մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջվի”(Բ Օր. 18.15-19)։

24 Սկսած Սամուելից՝ նրան հաջորդած բոլոր մարգարեները կանխասացին այս օրերի մասին։

25 Դուք եք որդիները մարգարեների և այն ուխտի, որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց և Աբրահամին ասաց.”Եվ քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը”(Ծնն. 22.18)։

26 Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդի Հիսուսինև ուղարկեց նրան ձեզ օրհնելու՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելով»։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 4

Պետրոսը և Հովհաննեսը ատյանի առաջ

1 Նրանք տակավին խոսում էին ժողովրդի հետ, երբ նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակապետը և սադուկեցիները՝

2 սաստիկ զայրացած, որ սրանք Հիսուսի օրինակով ժողովրդին ուսուցանում և քարոզում էին մեռելներից հարության մասին։

3 Եվ նրանց ձերբակալեցին ու բանտարկեցին մինչև հաջորդ օրը, որովհետև արդեն երեկո էր։

4 Սակայն խոսքը լսողներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը շուրջ հինգ հազար եղավ։

5 Հաջորդ օրը նրանց իշխանավորները, ծերերն ու դպիրները հավաքվեցին Երուսաղեմում,

6 նաև Աննաս քահանայապետն ու Կայիափան, Հովհաննեսն ու Ալեքսանդրոսը և բոլոր նրանք, ովքեր քահանայական ցեղից էին։

7 Եվ առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցնում էին. «Դուք դա ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով կատարեցիք»։

8 Այդ ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցված, նրանց ասաց. «Ո՛վ ժողովրդի իշխանավորներ ու Իսրայելի ծերեր,

9 եթե մենք այսօր մի տկար մարդու հանդեպ գործված բարիքի համար հարցաքննվում ենք, թե նա ումո՛վ բժշկվեց,

10 արդ թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց. նրանով է սա հիմա ձեր առաջ առողջացած կանգնել։

11 Սա է

ձեզանից՝ շինողներիցդ անարգված այն քարը,

որ անկյունաքար դարձավ(Սաղ. 118.22)։

12 Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։

13 Եվ Պետրոսի ու Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ անուսում ու տգետ մարդիկ են, զարմացած էին, որովհետև նրանց ճանաչում էին իբրև Հիսուսի հետևորդների։

14 Տեսնում էին նաև այն բժշկված մարդուն՝ կանգնած նրանց հետ, և պատասխանելու ոչինչ չունեին։

15 Նրանց հրամայեցին ատյանից դուրս գալ և միմյանց հետ խորհրդակցեցին՝

16 ասելով. «Ի՞նչ անենք այս մարդկանց, քանի որ սրանց ձեռքով երևելի հրաշք է գործվել, որը հայտնի է Երուսաղեմի բոլոր բնակիչներին, և մենք չենք կարող հերքել։

17 Բայց որպեսզի ժողովրդի մեջ ավելի չտարածվի, նրանց խիստ սպառնանք, որ ոչ մի մարդու այդ անունով այլևս չքարոզեն»։

18 Եվ նրանց կանչելով՝ պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել և չուսուցանել։

19 Բայց Պետրոսն ու Հովհաննեսը նրանց պատասխանեցին և ասացին. «Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն. դո՛ւք դատեք։

20 Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»։

21 Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ժողովրդի պատճառով ոչ մի միջոց չգտնելով նրանց պատժելու, որովհետև բոլորը կատարվածի համար փառք էին տալիս Աստծուն։

22 Իսկ այն մարդը, որի վրա բժշկության այս նշանը կատարվեց, ավելի քան քառասուն տարեկան էր։

Առաքյալների աղոթքը հալածանքի պահին

23 Եվ ազատ արձակվելուց հետո առաքյալները յուրայինների մոտ եկան ու պատմեցին, թե քահանայապետներն ու ծերերն ինչեր ասացին իրենց։

24 Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան,

25 որ մեր հոր՝ Դավթի՝ քո ծառայի բերանով Սուրբ Հոգու միջոցով խոսեցիր ու ասացիր.

“Ինչո՞ւ հեթանոսները խռովվեցին,

և ժողովուրդներն ունայն բաների մասին մտածեցին։

26 Երկրի թագավորները վեր ելան,

և իշխանները միասին հավաքվեցին

Տիրոջ ու նրա Օծյալի դեմ”(Սաղ. 2.1-2)։

27 Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների և Իսրայելի ժողովրդի հետ, քո սուրբ Որդի Հիսուսի դեմ, որին օծեցիր,

28 որպեսզի անեն այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ լինի։

29 Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր,

30 որ քո ձեռքը մեկնես բժշկության համար, և նշաններ ու հրաշքներ էլ լինեն քո սուրբ Որդի Հիսուսի անունով»։

31 Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։

Ամեն ինչ ընդհանուր

32 Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր. ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։

33 Առաքյալները մեծ զորությամբ վկայում էին Տեր Հիսուսի հարության մասին, և նրանց բոլորի վրա մեծ շնորհ կար։

34 Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը

35 առաքյալների տրամադրության տակ էին դնում, և յուրաքանչյուրին բաշխվում էր ըստ իր ունեցած կարիքի։

Բառնաբասի ազնիվ արարքը

36 Եվ Հովսեփը, որ առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ «Մխիթարության որդի» է թարգմանվում), ծնունդով կիպրացի մի ղևտացի էր։

37 Նա մի ագարակ ուներ, որը վաճառեց և գումարը առաքյալների տրամադրության տակ դրեց։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 5

Անանիայի և Սափիրայի կեղծիքը

1 Անանիա անունով մի մարդ իր կնոջ՝ Սափիրայի հետ մի ագարակ վաճառեց

2 և դրա գումարի մի մասը կնոջ իմացությամբ թաքցրեց, իսկ մյուս մասը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։

3 Պետրոսն ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու Սուրբ Հոգուն ստես և ագարակի գումարից թաքցնես։

4 Չէ՞ որ քանի դեռ այն կար, քոնն էր, և վաճառելիս էլ կարող էիր գումարը քեզ պահել։ Ինչո՞ւ սրտիդ մեջ այդ բանը դրեցիր. դու ոչ թե մարդկանց ստեցիր, այլ Աստծուն»։

5 Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց։ Եվ մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր դա լսեցին։

6 Երիտասարդները վեր կացան, պատանեցին նրան և տարան թաղեցին։

7 Շուրջ երեք ժամ անց նրա կինը, որ չգիտեր տեղի ունեցածի մասին, ներս մտավ։

8 Պետրոսը նրան ասաց. «Ասա՛ ինձ, ագարակն այսքանո՞վ վաճառեցիք»։ Նա ասաց. «Այո՛, այդքանով»։

9 Պետրոսը նրան ասաց. «Ինչո՞ւ միաբանվեցիք՝ Տիրոջ Հոգին փորձելու։ Ահա ամուսնուդ թաղողների ոտքերը դռան մոտ են և քեզ էլ դուրս կհանեն»։

10 Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Ներս մտնելով՝ երիտասարդները նրան մեռած գտան և դուրս հանելով՝ իր ամուսնու մոտ թաղեցին։

11 Եվ մեծ ահ պատեց ամբողջ եկեղեցուն և բոլոր նրանց, ովքեր այս լսեցին։

Բազում նշաններ և զարմանալի գործեր

12 Առաքյալների ձեռքով ժողովրդի մեջ շատ նշաններ ու հրաշքներ էին կատարվում, և բոլորը համախմբված՝ Սողոմոնի սրահում էին։

13 Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում նրանց հարել, բայց ժողովուրդը նրանց մեծարում էր։

14 Եվ ավելի ու ավելի էր շատանում Տիրոջը հավատացող տղամարդկանց ու կանանց բազմությունը,

15 այն աստիճան, որ հիվանդներին հրապարակներն էին հանում և իրենց պատգարակներով ու մահիճներով այնտեղ էին դնում, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը դրանցից մեկին հասներ։

16 Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների ու պիղծ ոգիներից տառապողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։

Հալածանք և ձերբակալություն

17 Բայց քահանայապետը և բոլոր նրանք, ովքեր նրա հետ էին ու սադուկեցիների աղանդից, նախանձով լցվեցին։

18 Եվ ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակայնորեն բանտ նետեցին։

19 Բայց Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով, նրանց դուրս հանեց և ասաց.

20 «Գնացե՛ք, տաճարի մե՛ջ կանգնեք և կյանքի այս բոլոր խոսքերը ժողովրդի՛ն հաղորդեք»։

21 Եվ երբ լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկավ քահանայապետը, և նրանք, որ իր հետ էին, և իսրայելացի ամբողջ ծերակույտի հետ ժողով գումարեցին ու մարդ ուղարկեցին բանտ՝ նրանց բերելու։

22 Երբ սպասավորները եկան, բանտում նրանց չգտան. վերադարձան, պատմեցին

23 ու ասացին. «Բանտն ամենայն ապահովությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռան մոտ կանգնած, բայց երբ բաց արեցինք, ներսում ոչ ոքի չգտանք»։

24 Երբ քահանայապետն ու տաճարի պահակապետն այս խոսքերը լսեցին, նրանց վրա զարմացան, թե այդ ի՛նչ պետք է եղած լիներ։

25 Եվ մեկը եկավ, նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց բանտ էիք դրել, տաճարում կանգնած, ժողովրդին են ուսուցանում»։

26 Այդ ժամանակ պահակապետը սպասավորների հետ գնաց և նրանց առանց բռնության բերեց, որովհետև վախենում էին ժողովրդից, որ չքարկոծվեն։

Ատյանի առաջ

27 Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց

28 ու ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցի՞նք, որ այդ անունով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք և ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել»։

29 Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։

30 Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։

31 Աստված իր աջով նրա՛ն որպես Առաջնորդ ու Փրկիչ բարձրացրեց, որպեսզի Իսրայելին ապաշխարություն և մեղքերի թողություն տա։

32 Եվ մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որ Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։

33 Երբ նրանք այս լսեցին, խիստ զայրացան և խորհում էին նրանց սպանելու մասին։

Գամաղիելի միջամտությունը

34 Բայց ատյանում վեր կացավ Գամաղիել անունով մի փարիսեցի, որն օրենքի ուսուցիչ էր՝ ամբողջ ժողովրդի կողմից պատվված, և հրամայեց, որ առաքյալներին կարճ ժամանակով դուրս հանեն։

35 Եվ նրանց ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անելու այս մարդկանց հետ։

36 Որովհետև օրեր առաջ ելավ Թևդասը՝ իրեն երևելի մեկը ցույց տալով, և նրան շուրջ չորս հարյուր մարդ հարեց.ինքնսպանվեց, իսկ նրա համախոհները բաժան-բաժան եղան, և ոչ ոք չմնաց։

37 Նրանից հետո մարդահամարի օրերին գալիլեացի Հուդան ելավ և իր հետևից շատ մարդկանց տարավ. նա ևս կորստյան մատնվեց, իսկ նրա համախոհները ցիրուցան եղան։

38 Եվ հիմա ասում եմ ձեզ. այդ մարդկանցից հեռո՛ւ մնացեք և թողե՛ք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի,

39 բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք»։ Նրանք հավանություն տվեցին նրան

40 և կանչեցին առաքյալներին, ծեծեցին ու պատվիրեցին, որ Հիսուսի անունով չխոսեն, և նրանց արձակեցին։

41 Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։

42 Եվ ամեն օր չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել և Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 6

Յոթ օգնականների ընտրությունը

1 Այն օրերին, երբ աշակերտների թիվը շատացավ, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն անտեսվում էին ամենօրյա ծառայություն ստանալու ժամանակ։

2 Արդ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտներին ու ասացին. «Մեզ վայել չէ, որ Աստծու խոսքի քարոզությունը թողնենք և սեղաններ սպասարկենք։

3 Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ հոգու, որոնց կկարգենք այս ծառայության վրա։

4 Իսկ մենք կնվիրվենք աղոթքին և խոսքի քարոզությանը»։

5 Այս խոսքը հաճելի թվաց բոլորին, և ընտրեցին Ստեփանոսին, որ Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ էր, ինչպես նաև Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին և անտիոքացի նորադարձ Նիկողայոսին։

6 Նրանց առաքյալների առաջ կանգնեցրին և աղոթելով ձեռք դրեցին նրանց վրա։

7 Եվ Աստծու խոսքն աճում էր, և աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում էր. քահանաներից շատերն էին հնազանդվում հավատին։

Ստեփանոսի ձերբակալությունը

8 Իսկ Ստեփանոսը, շնորհով ու զորությամբ լցված, մեծ հրաշքներ ու նշաններ էր գործում ժողովրդի մեջ։

9 Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր «ազատագրվածների», կյուրենացիների ու ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, ելան Ստեփանոսի հետ վիճելու։

10 Եվ չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով նա խոսում էր։

11 Այդ ժամանակմի քանիմարդկանց կաշառեցին, որ ասեն. «Մենք դրանից լսեցինք, որ Մովսեսին և Աստծուն հայհոյանքներ էր անում»։

12 Նրանք գրգռեցին ժողովրդին, ծերերին ու դպիրներին. և հարձակվեցին, բռնեցին Ստեփանոսին ու ատյան տարան։

13 Ապա սուտ վկաների կանգնեցրին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ,

14 որովհետև մենք նրանից լսեցինք, որ ասում էր. “Հիսուս Նազովրեցին պիտի քանդի այս տեղը և փոխի այն ավանդույթները, որ Մովսեսը մեզ տվեց”»։

15 Ատյանում բոլոր նստածները, նայելով նրան, տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի պես էր։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 7

Ստեփանոսի ճառը

1 Եվ քահանայապետն ասաց. «Արդյոք այդ բաներն այդպե՞ս են»։

2 Նա ասաց. «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, լսե՛ք. փառքի Աստվածը երևաց մեր հայր Աբրահամին՝ Միջագետքում եղած ժամանակ, մինչև Խառանում նրա բնակություն հաստատելը,

3 և նրան ասաց.”Դո՛ւրս ել քո երկրից ու քո ազգատոհմից և արի՛ այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ”(Ծնն. 12.1)։

4 Այդ ժամանակ նա դուրս եկավ քաղդեացիների երկրից, բնակվեց Խառանում։ Այնտեղից էլ նրա հոր մահվանից հետո նրան փոխադրեց այս երկիրը, որտեղ հիմա դուք բնակվում եք։

5 Եվ այստեղ նրան ժառանգություն չտվեց, ոչ էլ անգամ մի ոտնաչափհող,բայց նրան խոստացավ տալ այս տիրույթը, իսկ նրանից հետո՝ նրա սերնդին, չնայած որ Աբրահամը դեռ որդի չուներ։

6 Եվ Աստված այսպես խոսեց.”Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, նրան ծառա պիտի դարձնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն։

7 Եվ այն ազգին, որին ծառա պիտի լինեն, ես պիտի դատեմ,- ասաց Աստված,-և դրանից հետո պիտի ելնեն և ինձ պիտի պաշտեն այս տեղում”(հմմտ. Ծնն. 15.13-14)։

8 Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։

9 Նահապետները, Հովսեփին նախանձելով,նրանԵգիպտոս վաճառեցին, բայց Աստված նրա հետ էր

10 և նրան իր բոլոր նեղություններից ազատեց, Եգիպտոսի փարավոնի առաջ նրան շնորհ ու իմաստություն տվեց և նրան Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։

11 Ամբողջ Եգիպտոսի և Քանանի վրա սով ու մեծ նեղություն վրա հասավ, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում։

12 Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին առաջին անգամայնտեղուղարկեց։

13 Իսկ երկրորդ անգամ Հովսեփն իրեն ճանաչել տվեց իր եղբայրներին, և Հովսեփի ազգը փարավոնին հայտնի դարձավ։

14 Հովսեփը մարդ ուղարկեց, կանչել տվեց իր հայր Հակոբին և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։

15 Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ վախճանվեցին ինքը և մեր հայրերը։

16 Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն գերեզմանում, որ Աբրահամը արծաթով գնել էր Սյուքեմում Եմովրի որդիներից։

17 Երբ մոտեցավ Աբրահամին Աստծու տված խոստման իրականացման ժամանակը, Եգիպտոսում ժողովուրդն աճեց ու բազմացավ,

18 մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որը Հովսեփին չէր ճանաչում։

19 Նա մեր ազգի դեմ հնարքներ գործադրեց, մեր հայրերին չարչարեց՝ նրանց երեխաներին դուրս նետելով, որպեսզի չապրեն։

20 Այդ ժամանակ ծնվեց Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը երեք ամիս մեծացավ։

21 Եվ երբ նրան դուրս նետեցին, փարավոնի աղջիկը նրան վերցրեց, իբրև իր որդու մեծացրեց նրան։

22 Մովսեսը կրթվեց եգիպտացիների ողջ իմաստությամբ և զորավոր էր իր խոսքերով ու գործերով։

23 Երբ նրա քառասուն տարին լրացավ, նա միտք հղացավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու։

24 Եվ անիրավված մեկին տեսնելով ու տուժածի վրեժը լուծելով՝ սպանեց եգիպտացուն։

25 Նա կարծում էր, թե իր եղբայրները կհասկանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու. բայց նրանք չհասկացան։

26 Հաջորդ օրը տեսավ նրանց միմյանց հետ կռվելիս և նրանց հաշտեցնելով՝ ասաց. “Մարդի՛կ, դուք եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց նեղացնում”։

27 Սակայն նա, ով ընկերոջը նեղացնում էր, նրան առարկեց ու ասաց. “Քեզ ո՞վ մեզ վրա իշխան ու դատավոր կարգեց։

28 Մի՞թե դու ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես որ երեկ եգիպտացուն սպանեցիր”։

29 Մովսեսն այս խոսքի վրա փախավ ու Մադիամի երկրում պանդուխտ դարձավ, որտեղ երկու որդի ունեցավ։

30 Երբ քառասուն տարին լրացավ, Սինա լեռան անապատում Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու կրակի բոցի մեջ։

31 Այդ տեսնելով՝ Մովսեսը զարմացավ տեսիլքի վրա։ Եվ երբ մոտենում էր նայելու, Տիրոջ ձայնը լսվեց.

32 “Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը”։ Եվ Մովսեսը, զարհուրելով, չէր համարձակվում նայել։

33 Տերը նրան ասաց. “Հանի՛ր ոտքերիդ կոշիկները, որովհետև այդ տեղը, որտեղ դու կանգնած ես, սուրբ հող է։

34 Ես տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրա հառաչանքը և իջա, որ նրան փրկեմ։ Այժմ արի՛, ես քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”։

35 Այն Մովսեսին, որին մերժեցին և ասացին. “Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա”, Աստված նրան որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ Մովսեսին երևաց մորենու միջից։

36 Նա՛ դուրս հանեց նրանց և հրաշքներ ու նշաններ կատարեց Եգիպտոսի երկրում, Կարմիր ծովում և քառասուն տարի՝ անապատում։

37 Այս Մովսեսն է, որ Իսրայելի որդիներին ասաց. “Աստված ձեր եղբայրների միջից ձեզ համար ինձ նման մի մարգարե պիտի հանի. նրա՛ն լսեք”։

38 Նա՛ է, որ երբ ժողովուրդն անապատում էր, Սինա լեռան վրա խոսեց հրեշտակի և մեր հայրերի հետ. նա՛ ստացավ կյանքի պատգամները, որպեսզի մեզ տա։

39 Մեր հայրերը չցանկացան նրան հնազանդ լինել, այլ մերժեցին ու մտքով դեպի Եգիպտոս դարձան։

40 Եվ Ահարոնին ասացին. “Մեզ համար աստվածնե՛ր կերտիր, որոնք կառաջնորդեն մեզ, որովհետև այդ Մովսեսը, որ Եգիպտոսի երկրից մեզ հանեց, չգիտենք՝ նրան ի՛նչ պատահեց”։

41 Եվ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհ մատուցեցին՝ ուրախանալով իրենց ձեռքի գործերով։

42 Աստվածերեսդարձրեց ու թողեց նրանց, որ երկնքի զորություններին պաշտեն, ինչպես որ մարգարեների գրքում է գրված.

“Մի՞թե անապատում քառասուն տարի

ինձ զոհեր ու ընծաներ մատուցեցիք, ո՛վ Իսրայելի տուն։

43 Դուք կրեցիք Մողոքի վրանը,

ձեր Հռեմփա աստծու աստղը

և այն կուռքերը,որ շինեցիք նրանց երկրպագելու համար։

Արդ ես ձեզ պիտի փոխադրեմ Բաբելոնից այն կողմ”(Ամս. 5.25-27)։

44 Վկայության խորանը մեր հայրերի հետ անապատում էր. Մովսեսի հետ խոսողը հրամայել էր այն կառուցել ըստ այն օրինակի, որ Մովսեսը տեսել էր։

45 Հաջորդ սերնդի մեր հայրերը Հեսուի հետ այն բերեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարել էր մեր հայրերի առաջից մինչև Դավթի օրերը։

46 Նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց Հակոբի Աստծու համար բնակարան հիմնել։

47 Բայց Սողոմոնը նրա համար տուն շինեց։

48 Սակայն Բարձրյալը ձեռակերտ տաճարներում չի բնակվում, ինչպես մարգարեն է ասում.

49 “Երկինքն իմ աթոռն է,

երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։

Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ համար,- ասում է Տերը,-

կամ ո՞րն է հանգիստ առնելու իմ տեղը.

50 չէ՞ որ իմ ձեռքն է այս ամենը ստեղծել”(Ես. 66.1-2)։

51 Համառնե՛ր և սրտերով ու ականջներով անթլփատնե՛ր, դուք միշտ ընդդիմանում եք Սուրբ Հոգուն. ինչպես ձեր հայրերն էին, այնպես էլ դուք եք։

52 Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին. սպանեցին նրանց, ովքեր կանխավ հայտնեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները հիմա դուք եղաք.

53 դուք, որ օրենքն ստացաք հրեշտակների պատվերով, բայց այն չպահեցիք»։

Ստեփանոսի քարկոծումը

54 Նրանք, այս խոսքերը լսելով, իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա կրճտացնում ատամները։

55 Իսկ նա, Սուրբ Հոգով լցված, դեպի երկինք նայեց ու տեսավ Աստծու փառքը և Հիսուսին՝ Աստծու աջ կողմում կանգնած։

56 Եվ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված ու Մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած»։

57 Իսկ նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա։

58 Եվ նրան քաղաքից դուրս հանելով՝ քարկոծում էին. վկաներն իրենց զգեստները դնում էին մի երիտասարդի ոտքերի առաջ, որ Սողոս էր կոչվում։

59 Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեցՀիսուսին՝ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։

60 Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 8

1 Սողոսն էլ էր համագործակից նրա սպանությանը։

Այդ օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ. բոլորը ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի գավառները, բացի առաքյալներից։

2 Աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին ու նրա վրա մեծ ողբ արեցին։

Սողոսը՝ եկեղեցու հալածիչ

3 Իսկ Սողոսը ավերում էր եկեղեցին. տնից տուն էր մտնում և տղամարդկանց ու կանանց քարշ տալով՝ բանտ էր նետում։

Ավետարանի քարոզությունը Սամարիայում

4 Իսկ ցրվածները շրջում էին՝Աստծուխոսքն ավետարանելով։

5 Փիլիպպոսը, Սամարիայի մի քաղաք իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։

6 Ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպպոսի խոսքերը և տեսնում նրա կատարած նշանները,

7 քանի որ շատերի միջից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին գալիս, և բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։

8 Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։

Սիմոն մոգը

9 Այդ քաղաքում Սիմոն անունով մի մարդ կար, որ վաղուց մոգություն էր անում և սամարացի ժողովրդին զարմացնում էր՝ ասելով, թե ինքը մեծ մեկն է։

10 Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։

11 Նրան հետևում էին, որովհետև երկար ժամանակ մոգություններով զարմացրել էր նրանց։

12 Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորն էլ մկրտվում էին՝ թե՛ տղամարդ, թե՛ կին։

13 Սիմոնն ինքն էլ հավատաց ու երբ մկրտվեց, միշտ Փիլիպպոսին էր հետևում. տեսնելով այն նշաններն ու մեծամեծ հրաշքները, որ կատարվում էին, զարմանում էր։

14 Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին,

15 որոնք այնտեղ իջան ու նրանց համար աղոթեցին, որպեսզի Սուրբ Հոգին ստանան.

16 քանի որ նրանցից ոչ մեկի վրա դեռ չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել։

17 Այդ ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք Սուրբ Հոգին ստացան։

18 Սիմոնը, տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, նրանց փող առաջարկեց

19 և ասաց. «Ի՛նձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։

20 Պետրոսը նրան ասաց. «Կորի՛ր քո արծաթի հետ միասին, որովհետև կարծեցիր, թե Աստծու պարգևը կարելի է փողով առնել։

21 Դու դրանում ո՛չ մաս ունես, ո՛չ ժառանգություն, որովհետև քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։

22 Արդ քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը. թերևս քո սրտի չար խորհուրդը ներվի քեզ,

23 որովհետև քեզ տեսնում եմ դառն մաղձի և անիրավության կապանքների մեջ»։

24 Սիմոնն ասաց. «Դո՛ւք Տիրոջն ինձ համար աղոթեք, որպեսզի ինձ վրա ձեր ասածներից ոչինչ չգա»։

25 Եվ նրանք, վկայություն տալով ու Տիրոջ խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ և սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։

Փիլիպպոսը և եթովպացի ներքինին

26 Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։

27 Նա վեր կացավ գնաց։ Ահա եթովպացի մի մարդ, որ ներքինի էր և Եթովպիայի Կանդակի թագուհու պաշտոնյաներից, որը նաև թագուհու գանձապահն էր, երկրպագության համար եկել էր Երուսաղեմ.

28 վերադառնալիս իր կառքում նստած՝ Եսայի մարգարեիգիրքնէր կարդում։

29 Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և այդ կառքի՛ն մոտեցիր»։

30 Փիլիպպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայու մարգարեությունից է կարդում, և հարցրեց. «Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ ես կարդում»։

31 Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի»։ Նա խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա և նստի իր մոտ։

32 Եվ սա էր գրքի այն հատվածը, որ կարդում էր.

«Իբրև ոչխար մորթվելու տարվեց,

և իբրև գառ, որ լուռ կանգնում է իրեն խուզողի առաջ,

այդպես էլ նա իր բերանը չի բացում։

33 Նրա խոնարհության պատճառով նրա իրավունքը մերժվեց.

ո՞վ պիտի նրա ցեղի մասին պատմի,

քանի որ նրա կյանքը երկրից վերցվեց»(Ես. 53.7-8)։

34 Եվ ներքինին Փիլիպպոսին ասաց. «Խնդրում եմ քեզ, ո՞ւմ մասին է մարգարեն այս ասում՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։

35 Փիլիպպոսը բաց արեց բերանը և սկսելով այս գրքից՝ նրան ավետարանեց Հիսուսի մասին։

36 Ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»։

37 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես մկրտվել»։ Նա ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։

38 Եվ հրամայեց կառքը կանգնեցնել. Փիլիպպոսն ու ներքինին իջան ջուրը, և նա մկրտեց ներքինուն։

39 Երբ ջրից դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին հափշտակեց տարավ, ու ներքինին այլևս չտեսավ նրան. և նա ուրախությամբ գնաց իր ճանապարհով։

40 Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում և շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներում, մինչև որ եկավ Կեսարիա։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 9

Սողոսի դարձը

1 Իսկ Սողոսը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով էր տակավին ներշնչված, եկավ քահանայապետի մոտ՝

2 նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհին գտնիԽոսքինհետևող որևէ մեկին՝ տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։

3 Ճանապարհին, երբ նա մոտենում էր Դամասկոսին, հանկարծ նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։

4 Գետնին ընկնելով՝ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։

5 Նա ասաց. «Ո՞վ ես, Տե՛ր»։ Ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։

6 Վե՛ր կաց, մտի՛ր քաղաք, և քեզ կասվի, թե դու ի՛նչ պետք է անես»։

7 Իսկ նրան ուղեկցող մարդիկ պապանձված կանգնել էին. ձայնը լսում էին, սակայն ոչինչ չէին տեսնում։

8 Սողոսը գետնից վեր կացավ, բայց աչքերը բացելով՝ ոչինչ չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։

9 Երեք օր չէր տեսնում. ո՛չ կերավ, ո՛չ էլ խմեց։

10 Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց. «Անա՛նիա»։ Նա ասաց. «Ահա այստեղ եմ, Տե՛ր»։

11 Եվ Տերը նրանասաց. «Վեր կաց գնա՛ այն փողոցով, որ “Ուղիղ” է կոչվում, և Հուդայի տանը փնտրի՛ր Սողոս անունով մի տարսոնացու. նաայնտեղաղոթում է»։

12 Սողոսն էլ տեսիլքի մեջ Անանիա անունով մի մարդու տեսավ, որ մտավ և ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսողությունը վերստանա։

13 Անանիան պատասխանեց. «Տե՛ր, ես շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սրբերին Երուսաղեմում։

14 Եվ նա այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի ձերբակալելու բոլոր նրանց, ովքեր քո անվանն են կոչ անում»։

15 Տերը նրան ասաց. «Գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ հեթանոս ազգերի և թագավորների, Իսրայելի որդիների առաջ իմ անունը հայտնելու։

16 Ես նրան ցույց կտամ, թե որքա՛ն պետք է չարչարվի իմ անվան համար»։

17 Անանիան գնաց, այն տունը մտավ, ձեռքը դրեց նրա վրա և ասաց. «Սավո՛ւղ եղբայր, Տե՛րն ինձ ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհին երևաց, որպեսզի տեսողությունդ վերստանաս և Սուրբ Հոգով լցվես»։

18 Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին։ Նա վերստին տեսավ և ոտքի ելավ մկրտվելու։

19 Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ։

Սողոսը մի քանի օր Դամասկոսում գտնվող աշակերտների հետ անցկացրեց։

Սողոսի քարոզչությունը Դամասկոսում

20 Նա անմիջապես ժողովարաններում քարոզեց Հիսուսին, որ նա է Աստծու Որդին։

21 Բոլորը, ովքեր լսում էին, զարմանում էին և ասում. «Սա չէ՞ր, որ հալածում էր Երուսաղեմում դրա անվանը կոչ անողներին, և այստեղ էլ նրա համար է եկել, որ սրանց ձերբակալելով՝ քահանայապետների մոտ տանի»։

22 Բայց Սողոսն է՛լ ավելի էր զորանում և շփոթեցնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ ապացուցելով, որ սա է Քրիստոսը։

23 Բազում օրեր անց հրեաները որոշեցին նրան սպանել։

24 Բայց Սողոսին հայտնի դարձավ նրանց դավադրությունը։ Նրանք գիշերուզօր քաղաքի դռների մոտ էին, որպեսզի նրան սպանեին։

25 Աշակերտները գիշերով նրան վերցրին ու պարսպից կախելով՝ զամբյուղով ցած իջեցրին։

Սողոսը Երուսաղեմում

26 Երբ Սողոսը եկավ Երուսաղեմ, փորձում էր աշակերտներին հարել, սակայն բոլորը նրանից վախենում էին ու չէին հավատում, որ իսկապես աշակերտ է։

27 Բայց Բառնաբասը նրան տարավ առաքյալների մոտ ու պատմեց, թե ինչպե՛ս է նա ճանապարհին Տիրոջը տեսել ու նրա հետ խոսել և թե ինչպե՛ս է Դամասկոսում համարձակ քարոզել Հիսուսի անունով։

28 Սողոսը Երուսաղեմում նրանց հետ էր մտնում ու դուրս գալիս՝ համարձակ քարոզելով Հիսուսի անունով։

29 Նա խոսում և վիճաբանում էր հունախոսների հետ, իսկ նրանք նախաձեռնում էին նրան սպանել։

30 Սակայն եղբայրները, այդ իմանալով, նրան Կեսարիա իջեցրին և ուղարկեցին Տարսոն։

31 Բայց եկեղեցին ամբողջ Հուդայում, Գալիլեայում և Սամարիայում խաղաղության մեջ էր. հիմնավորվելով և Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։

Անդամալույծի բժշկումը Լյուդդայում

32 Եվ Պետրոսը, որ շրջում էր ամենուրեք, իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք Լյուդդայում էին ապրում։

33 Այնտեղ գտավ Էնեան անունով մի մարդու, որն ութ տարի շարունակ պառկած էր մահճի մեջ։ Նա անդամալույծ էր։

34 Պետրոսը նրան ասաց. «Էնեա՛ն, Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և անկողինդ հարդարի՛ր»։ Նա իսկույն վեր կացավ։

35 Եվ նրան տեսան բոլորը, ովքեր ապրում էին Լյուդդայում և Սարովնայում, որոնք դեպի Տերը դարձան։

Այծեմնիկի հարությունը

36 Հոպպեում Տաբիթա (որ «Այծեմնիկ» է թարգմանվում) անունով մի կին կար, որ աշակերտ էր. նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։

37 Պատահեց, որ այդ օրերին նա հիվանդացավ ու մեռավ. նրան լվացին և վերնատանը դրեցին։

38 Քանի որ Լյուդդան Հոպպեին մոտ էր, ապա երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, նրա մոտ երկու մարդ ուղարկեցին՝ խնդրելով. «Մի՛ հապաղիր մեզ մոտ գալ»։

39 Պետրոսը ելավ ու նրանց հետ գնաց։ Երբ եկավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները նրա շուրջը հավաքվեցին. լալիս էին և ցույց տալիս այն շապիկներն ու զգեստները, որ Այծեմնիկն էր պատրաստում, երբ դեռ իրենց հետ էր։

40 Պետրոսը բոլորին դուրս հանեց, ծնկի իջավ, աղոթեց և դեպի աճյունը դառնալով՝ ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա աչքերը բացեց և Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։

41 Պետրոսը ձեռքը նրան մեկնեց, ոտքի կանգնեցրեց, ապա կանչեց սրբերին ու այրիներին և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։

42 Ամբողջ Հոպպեում դա հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։

43 Նա բավականաչափ օրեր մնաց Հոպպեում՝ ոմն կաշեգործ Սիմոնի մոտ։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 10

Պետրոսը և Կոռնելիոսը

1 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետ։

2 Նա, բարեպաշտ ու աստվածավախ լինելով, իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում և ամեն ժամ աղոթում էր Աստծուն։

3 Օրվա իններորդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որը, մտնելով իր մոտ, ասաց. «Կոռնելիո՛ս»։

4 Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝քո մասինհիշեցնելու համար։

5 Հիմա մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։

6 Նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեզերքին է»։

7 Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին և մի բարեպաշտ զինվորի, որն իր ծառայողներից էր։

8 Եվ նրանց ամեն ինչ պատմելով՝ ուղարկեց Հոպպե։

9 Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամին մոտ բարձրացավ տանիք՝ աղոթելու։

10 Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։

11 Տեսավ երկինքը բացված ու մեծ սփռոցի պես մի բան՝ չորս ծայրից վերևից կախված, երկրի վրա իջնելիս։

12 Դրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, սողունները և երկնքի թռչունները։

13 Եվ մի ձայն ասաց նրան. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»։

14 Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։

15 Երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասաց նրան. «Ինչ որ Աստված մաքուր դարձրեց, դու պիղծ մի՛ համարիր»։

16 Դա եղավ երեք անգամ, և սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։

17 Մինչ Պետրոսը մտքում զարմանում էր, թե իր տեսած տեսիլքն ի՛նչ էր, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ, Սիմոնի տան տեղը հարցնելով, կանգնեցին դռան մոտ։

18 Նրանք ձայն տվեցին ու հարցնում էին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտե՞ղ է հյուրընկալվել։

19 Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահա երեք մարդ քեզ են փնտրում։

20 Վե՛ր կաց, իջի՛ր և առանց վարանելու գնա՛ նրանց հետ, որովհետև ես եմ ուղարկել նրանց»։

21 Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ ու ասաց. «Ահա ես եմ, ում փնտրում եք։ Ինչի՞ համար եք եկել»։

22 Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ արդար և աստվածավախ մի մարդ, որ հարգված է բոլոր հրեաներից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ, որ քեզ իր տուն կանչի ու քեզանից խոսք լսի»։

23 Եվ նրանց ներս կանչելով՝ հյուրընկալեց։

Հաջորդ օրը Պետրոսը գնաց նրանց հետ. Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս գնացին նրա հետ։

24 Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը սպասում էր նրանց՝ կանչելով նաև իր ազգականներին ու մտերիմ բարեկամներին։

25 Հենց Պետրոսը ներս մտավ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելավ ու ոտքերն ընկնելով երկրպագեց։

26 Պետրոսը նրան ոտքի կանգնեցրեց ու ասաց. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ»։

27 Եվ նրա հետ խոսելով ներս մտավ ուայնտեղհավաքված բազում մարդկանց գտավ։

28 Պետրոսը նրանց ասաց. «Դուք գիտեք, որ հրեա մարդուն օրինավոր չէ օտարազգի որևէ մեկին դիպչելը կամ մոտենալը. բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել։

29 Դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Հիմա հարցնում եմ. “Ինչո՞ւ եք ինձ կանչել”»։

30 Կոռնելիոսն ասաց. «Չորս օր առաջ հենց այս ժամին՝ մինչև իններորդ ժամը, իմ տանն աղոթք էի անում։ Ահա իմ առաջ մի մարդ կանգնեց՝ փայլուն զգեստներով,

31 և ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքը լսվեց, ու քո ողորմություններն Աստծու առաջ հիշվեցին։

32 Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում. նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի տանը՝ ծովեզերքին”։

33 Ես էլ իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ, որպեսզի լսենք այն ամենը, ինչ Տիրոջ կողմից հրամայված է քեզ»։

Պետրոսի ճառը Կոռնելիոսի տանը

34 Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ,

35 այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։

36 Նա իր խոսքն ուղարկեց Իսրայելի որդիներին՝ քարոզելով Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղությունը։ Նա է բոլորի Տերը։

37 Դուք ինքներդ գիտեք այն եղելությունը, որ պատահեց ամբողջ Հրեաստանում։ Այն սկսվեց Գալիլեայից, Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո։

38 Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։

39 Եվ մենք վկա ենք այն ամենին, ինչ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, որին սպանեցին՝ փայտից կախելով։

40 Նրան Աստված երրորդ օրը հարություն տվեց, ու հայտնվեց

41 ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ Աստծուց նախասահմանվածներիս, որ նրա հետ կերանք ու խմեցինք մեռելներից նրա հարություն առնելուց հետո։

42 Նա մեզ պատվիրեց քարոզել ժողովրդին ու վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը մեռածների ու կենդանիների։

43 Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։

Հեթանոսներն ընդունում են Սուրբ Հոգին

44 Մինչ Պետրոսն այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա։

45 Եվ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլփատվածներից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների մեջ էլ է հեղվում.

46 որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում և Աստծուն փառաբանում։

47 Այդ ժամանակ Պետրոսն ասաց. «Ո՞վ կարող է արգելել, որ սրանք մկրտվեն ջրով, որոնք ընդունեցին Սուրբ Հոգին, ինչպես և մենք»։

48 Եվ հրամայեց նրանց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Այդ ժամանակ խնդրեցին նրան, որ մի քանի օր ևս մնա։