Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 31

Հեսուն՝ Մովսեսի հաջորդը

1 Մովսեսը գնաց և այս խոսքերը խոսեց Իսրայելիորդիներինու նրանց ասաց.

2 «Ես այսօր հարյուր քսան տարեկան եմ, այլևս դուրս ելնելու և ներս մտնելու կարողություն չունեմ։ Տերն ինձ ասաց. “Դու այս Հորդանան գետը չես անցնի”։

3 Քո Տեր Աստվածն ինքը կանցնի քո առաջ, կորստյան կմատնի քո առջևից այս ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսո՛ւն կանցնի քո առաջ, ինչպես ասել է Տերը։

4 Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։

5 Տերը նրանց կհանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ կվարվեք ըստ այն պատվիրանների, որ ես պատվիրել եմ ձեզ։

6 Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։

7 Մովսեսը կանչեց Հեսուին ու բոլոր իսրայելացիների առջև ասաց նրան. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու այս ժողովրդին տանելու ես այն երկիրը, որ Տերը երդվեց նրանց հայրերին, որ կտա նրանց. և դո՛ւ ես նրանց ժառանգություն տալու։

8 Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։

Օրենքը պետք է կարդացվի ամեն յոթ տարին մեկ

9 Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։

10 Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին,

11 երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։

12 Հավաքի՛ր ժողովրդին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին և քո քաղաքներում գտնվող օտարականներին, որպեսզի լսեն, սովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ և պահեն ու կատարեն այս օրենքի բոլոր խոսքերը։

13 Նրանց զավակները, որոնք դեռ չգիտեն, կլսեն ու կսովորեն ձեր Տեր Աստծուց վախենալ այն բոլոր օրերին, որ կապրեք այն երկրում, որ Հորդանանով անցնում եք այնտեղ՝ այն ժառանգելու»։

14 Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։

15 Տերն ամպի սյունով երևաց վրանում, և ամպի սյունը կանգնեց վրանի դռանը։

16 Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու կննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի և շնություն անի օտար աստվածների հետևից այն երկրում, ուր նա գնում է. նա պիտի լքի ինձ և պիտի բեկանի իր հետ արած իմ ուխտը։

17 Այդ օրը իմ բարկությունը պիտի բորբոքվի նրանց վրա, և ես պիտի լքեմ նրանց ու երեսս ծածկեմ նրանցից. պիտի բնաջնջվեն, բազում չարիքների և նեղությունների պիտի հանդիպեն ու այդ օրը պիտի ասեն. “Մի՞թե մեր Աստվածը մեր մեջ չլինելու պատճառով չէ, որ այս չարիքները հանդիպեցին մեզ”։

18 Ես այդ օրն իմ երեսն ամբողջովին պիտի ծածկեմ նրանց արած բոլոր չարությունների համար, որովհետև դեպի ուրիշ աստվածները դարձան։

19 Հիմա գրե՛ք այս երգը ձեզ համար. այն սովորեցրո՛ւ Իսրայելի որդիներին, դի՛ր նրանց բերանը, որպեսզի այս երգը վկայություն լինի ինձ համար Իսրայելի որդիների մեջ.

20 որովհետև ես նրանց պիտի տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, և որի համար ես երդում եմ արել նրանց հայրերին։ Նրանք կուտեն, կկշտանան, կգիրանան, ապա ուրիշ աստվածների կդառնան, կծառայեն նրանց, կարհամարհեն ինձ և կբեկանեն իմ ուխտը։

21 Իսկ երբ նրանք հանդիպեն բազում չարիքների և նեղությունների, այս երգը թող վկայություն լինի նրանց առաջ, որովհետև այն չպիտի մոռացվի նրանց զավակների բերանից. քանզի ես գիտեմ, թե նրանք ինչ խորհուրդ են անում այսօր, նախքան ես նրանց կտանեմ այն երկիրը, որ երդումով խոստացել եմ նրանց»։

22 Եվ Մովսեսը նույն օրը գրեց այս երգը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։

23 Նա Նավեի որդի Հեսուին պատվիրեց և ասաց. «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև դու պիտի տանես Իսրայելի որդիներին այն երկիրը, որի համար երդում եմ արել նրանց. և ես քեզ հետ կլինեմ»։

24 Երբ Մովսեսն այս օրենքի բոլոր խոսքերը մինչև վերջ գրեց վերջացրեց մի մատյանի մեջ,

25 նա պատվիրեց Տիրոջ ուխտի տապանակը տանող ղևտացիներին՝ ասելով.

26 «Վերցրե՛ք այս օրենքի մատյանը և դրե՛ք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակի մոտ, որպեսզի դա այնտեղ վկայություն լինի ձեր դեմ.

27 որովհետև ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. ահա այսօր, երբ տակավին ես ողջ եմ ու ձեզ հետ, և դուք Տիրոջ դեմ ըմբոստանում եք, ապա որչա՜փ ավելին կանեք իմ մեռնելուց հետո։

28 Հավաքե՛ք իմ առջև ձեր ցեղերի բոլոր ծերերին և ձեր գլխավորներին, որպեսզի ես այս խոսքերը խոսեմ նրանց ականջներին և երկինքն ու երկիրը վկա կանչեմ նրանց առաջ.

29 որովհետև գիտեմ, որ իմ մեռնելուց հետո դուք անպատճառ անօրենություն եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ պատվիրել եմ ձեզ, և վերջին օրերին հանդիպելու եք չարիքների։ Որովհետև Տիրոջ առջև չարություն եք անելու և ձեր ձեռքի գործերով բարկացնելու եք նրան»։

30 Եվ Մովսեսն այս երգի խոսքերն Իսրայելի ամբողջ ժողովրդին ասաց մինչև վերջ.

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 32

Մովսեսի երգը

1 – Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ.

Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։

2 Անձրևի պես թող կաթի իմ խրատը,

Ցողի պես թող իջնի իմ խոսքը,

Ինչպես անձրևը՝ կանաչ մարգագետնի վրա,

Եվ ինչպես հորդ անձրևներ՝ խոտի վրա,

3 Քանզի ես կանչում եմ Տիրոջ անունը.

Պատի՛վ տվեք մեր Աստծուն։

4 Աստծոգործը կատարյալ է,

Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։

Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։

Արդար և ուղիղ է նա։

5 Անարժան են նրան որդի կոչվելու. իրենցն է արատը։

6 Ա՞յդ է քո արած հատուցումը Տիրոջը,

Ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ.

Նա չէ՞ քո հայրը, քեզ գնողը,

Որ ստեղծեց քեզ ու հաստատեց։

7 Հիշի՛ր հին օրերը,

Մտաբերի՛ր անցած դարերի տարիները.

Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ,

Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։

8 Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց

Եվ սփռեց Ադամի որդիներին,

Ազգերի սահմանները դրեց

Ըստ Իսրայելի որդիների թվի.

9 Քանզի Տիրոջ բաժինն իր ժողովուրդն է,

Հակոբը նրա ժառանգության վիճակն է։

10 Նրան գտավ ամայի մի երկրում,

Վայրի, ոռնացող անապատում.

Շրջապատեց նրան, խրատեց նրան,

Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։

11 Ինչպես արծիվն իր բույնն է քրքրում,

Շուռ է գալիս իր ձագերի վրա,

Տարածում թևերն իր, վերցնում է նրանց

Ու տանում նրանց իր թևերի վրա,

12 ԱյնպեսՏե՛րը միայն ման ածեց նրան.

Նրա հետ օտար աստված չկար։

13 Նրան վեր հանեց երկրի բարձր վայրերը,

Որպեսզի ուտի արտերի պտուղը.

Ժայռից նրան մեղր ծծել տվեց

Եվ ապառաժ քարից՝ յուղ։

14 Կովերի յուղով, մաքիների կաթով,

Գառների, Բասանի խոյերի և նոխազների ճարպով,

Ընտիր ցորենի ալյուրովկերակրեց նրան.

Դու խաղողի արյունը՝ գինի խմեցիր։

15 Եսուրունը գիրացավ և քացի տվեց

(Գիրացա՜ր, հաստացա՜ր, յու՜ղ կապեցիր).

Եվ լքեց իր արարիչ Աստծուն

Եվ արհամարհեց իր փրկության վեմը։

16 Օտարաստվածներովնրա նախանձը գրգռեցին,

Գարշելի բաներով բարկացրին նրան։

17 Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն,

Աստվածներին, որոնց չէին ճանաչում,

Նորաստվածեր,որ վերջերս եկան,

Որոնցից ձեր հայրերը չվախեցան։

18 Դու լքեցիր քեզ ծնող Վեմը

Եվ մոռացար քեզ ստեղծող Աստծուն։

19 Տերը տեսավ և բարկացավ,

Իր որդիներին ու դուստրերին մերժեց

20 Եվ ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից,

Տեսնեմ նրանց վերջն ի՛նչ կլինի.

Քանզի նրանք մի ծուռ ազգ են,

Որդիներ, որոնց մեջ հավատ չկա։

21 Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով,

Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով.

Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով,

Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով.

22 Որովհետև իմ բարկությամբ կրակ բոցավառվեց

Եվ կայրի մինչև դժոխքի ներքին խորքերը,

Կլափի երկիրն ու նրա բերքը,

Կբորբոքեցնի լեռների հիմքերը։

23 Նրանց վրա չարիքներ պիտի կուտակեմ

Ու իմ նետերն սպառեմ՝ նրանց վրաարձակելով։

24 Նրանք պիտի հյուծվեն սովից

Եվ սպառվեն տենդից ու լեղի ժանտախտից։

Գազանների ժանիք կուղարկեմ նրանց վրա

Գետնի վրա սողացողների թույնի հետ։

25 Դրսից սուրը, իսկ ներսից երկյուղը անորդի կդարձնի նրանց.

Երիտասարդներին և կույս աղջիկներին,

Կաթնակերին ալևոր ծերի հետ։

26 Ես ասացի. “Կցրեմ նրանց,

Կվերացնեմ նրանց հիշատակը մարդկանց միջից”,

27 Միայն թե թշնամու բարկությունից վախեցա.

Միգուցե նրանց հակառակորդներն ուրախանան,

Միգուցե ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը,

Այլ մեր բարձրացած ձեռքը”.

28 Որովհետև նրանք անխորհուրդ մի ազգ են,

Եվ նրանց մեջ իմաստություն չկա։

29 Երանի իմաստուն լինեին, հասկանային այս,

Մտածեին իրենց վախճանի մասին։

30 Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին,

Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին,

Եթե նրանց ապավենը չլքեր նրանց,

Եվ Տերը չմատներ նրանց.

31 Որովհետև նրանց ապավենը մեր Ապավենին նման չէ,

Եվ մեր թշնամիները թող դատավոր լինեն.

32 Որովհետև Սոդոմի որթատունկից է նրանց որթատունկը

Եվ Գոմորի արտից։

Նրանց խաղողները թունավոր խաղողներ են,

Նրանց ողկույզները դառն են։

33 Նրանց գինին վիշապների թույն է

Եվ իժերին սատկեցնող մահադեղն է։

34 Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ,

Չի՞ կնքված իմ շտեմարաններում։

35 Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը.

Նրանց ոտքը կերերա ժամանակին,

Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը,

Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։

36 Եվ որովհետև Տերը իր ժողովրդի դատը պիտի պաշտպանի,

Կգթա իր ծառաներին,

Որովհետև կտեսնի, որ նրանց զորությունը լքել է իրենց,

Եվ չկա կապվածը և ազատը։

37 Նա պիտի ասի. “Ո՞ւր են նրանց աստվածները,

Այն ապավենը, որի վրա հույս էին դրել,

38 Որոնք նրանց զոհերի ճարպն ուտում էին,

Խմում էին նրանց հեղելու նվերի գինին։

Թող վեր կենան և օգնեն ձեզ,

Ձեզ պաշտպան կանգնեն։

39 Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ,

Ինձնից բացի է՛լ աստված չկա.

Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում,

Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում,

Եվ իմ ձեռքից ազատող չկա.

40 Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում

Եվ ասում. “Ես հավիտյան կենդանի եմ”.

41 Երբ իմ փայլատակող սուրը սրեմ,

Եվ ձեռքս դատաստանը գործադրի,

Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ

Եվ ինձ ատողներին կհատուցեմ։

42 Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ,

Իմ սուրը միս կուտի,

Սպանվածների ու գերիների արյամբ,

Թշնամիների իշխանների գլխից”։

43 Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին,

Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում,

Իր թշնամիներից վրեժ է առնում

Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։

44 Մովսեսը եկավ և այս երգի բոլոր խոսքերը խոսեց ժողովրդի ականջներին, Նավեի որդի Հեսուն էլնրա հետ։

45 Երբ Մովսեսն այս բոլոր խոսքերը ամբողջ Իսրայելի հետ խոսեց վերջացրեց,

46 ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն.

47 որովհետև սա դատարկ բան չէ ձեզ համար, այլ ձեր կյանքն է, և սրանով է, որ երկարակյաց կլինեք այն երկրում, որի համար Հորդանան գետով անցնում եք այն ժառանգելու համար»։

48 Տերը նույն օրը, խոսելով Մովսեսի հետ, ասաց.

49 «Բարձրացի՛ր այդ Աբարիմ լեռը՝ Նաբավ լեռը, որ գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և տե՛ս Քանանի երկիրը, որը ես տալիս եմ Իսրայելի որդիներինիբրևկալվածք։

50 Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին.

51 որովհետև դուք ինձ անհնազանդ եղաք Իսրայելի որդիների մեջ Հակառակության ջրերի մոտ, Կադեսում՝ Սին անապատում, և չսրբացրիք ինձ Իսրայելի որդիների մեջ։

52 Ուրեմն այդ երկիրը հեռվից կտեսնես, բայց չես մտնի այնտեղ՝ այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 33

Մովսեսն օրհնում է Իսրայելի ցեղերին

1 Այս է այն օրհնությունը, որով Մովսեսը՝ Աստծու մարդը, օրհնեց Իսրայելի որդիներին իր մեռնելուց առաջ։

2 Նա ասաց.

«Տերը եկավ Սինայից,

Սեիրից երևաց նրանց,

Փայլեց Փառանի լեռից

Ու եկավ բյուրավոր սրբերով։

Իր աջ ձեռքում՝ օրենքի կրակը նրանց համար։

3 Այո՛, նա սիրում է ժողովուրդներին.

Նրա բոլոր սրբերը քո ձեռքին են.

Նրանք նստում են քո ոտքերի մոտ՝

Քո խոսքերն ընդունելու համար։

4 Մովսեսը տվեց մեզ օրենքը,

Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։

5 Եսուրունի մեջՏերըթագավոր եղավ.

Երբ ժողովրդի գլխավորները հավաքվեցին

Իսրայելի ցեղերի հետ միասին։

6 Ռուբենն ապրի ու չմեռնի,

Նրա ժողովուրդը բազմաքանակ լինի»։

7 Հուդայի մասին այս ասաց.

«Լսի՛ր, ո՛վ Տեր, Հուդայի ձայնը

Եվ տա՛ր նրան իր ժողովրդի մոտ.

Նրա ձեռքերը բավական են իրեն,

Դու օգնակա՛ն եղիր նրա թշնամիների դեմ»։

8 Ղևիի մասին ասաց.

«Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի,

Որին դու փորձեցիր Մասսայում

Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։

9 Նա, որ իր հոր ու մոր մասին ասաց.

“Ես չտեսա նրանց”։

Նա իր եղբայրներին չճանաչեց

Ու իր որդիներին անտեսեց.

Որովհետև նրանք հետևեցին քո խոսքին

Եվ քո ուխտը պահեցին։

10 Քո հրամանները սովորեցնում են Հակոբին

Եվ քո օրենքը՝ Իսրայելին։

Քո առաջ խունկ կմատուցեն

Եվ քո զոհասեղանի վրա՝ ողջակեզ։

11 Տե՛ր, օրհնի՛ր նրա զորությունը,

Ընդունի՛ր նրա ձեռքի գործերը,

Փշրի՛ր նրա հակառակորդների մեջքը,

Որպեսզի նրան ատողներն այլևս ոտքի չկանգնեն»։

12 Բենիամինի մասին ասաց.

«Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ.

Միշտ պաշտպանում է նրան

Եվ բնակվում նրա ուսերի միջև»։

13 Հովսեփի մասին ասաց.

«Նրա երկիրը Տիրոջից օրհնված լինի

Երկնքի ընտիր պարգևներով, ցողով,

Ներքևում գտնվող անդունդներիպարգևներով,

14 Արեգակից առաջ եկած ընտիր բերքով,

Ամեն ամսի ընտիր արդյունքներով,

15 Հինավուրց սարերի ընտիր պտուղներով,

Մշտնջենական բլուրների ընտիր արտադրանքով

16 Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։

Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ

Թող իջնի Հովսեփի գլխին՝

Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։

17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման,

Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների.

Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին

Մինչև երկրի ծայրերը։

Սրանք են Եփրեմի բյուրավորները

Եվ Մանասեի հազարավորները»։

18 Զաբուղոնի մասին ասաց.

«Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, քո դուրս գալու ժամանակ,

Եվ դու, Իսաքա՛ր, քո վրաններում։

19 Ժողովուրդներին լեռն են հրավիրում,

Արդարության զոհեր են մատուցում այնտեղ,

Որովհետև նրանք պիտի ծծեն ծովերի հարստությունը

Եվ ավազի մեջ թաքնված գանձերը»։

20 Գադի մասին ասաց.

«Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը.

Մատակ առյուծի նման նստել է նա

Եվ գիշատում է թևերն ու գլուխը։

21 Նա տեսավերկրիառաջին մասն իրենհարմար,

Որովհետև այնտեղ որոշվեց իշխանիտվածբաժինը.

Նա եկավ ժողովրդի գլխավորների հետ,

Գործադրեց Տիրոջ արդարությունն

Ու նրա հրամաններն Իսրայելի հանդեպ»։

22 Դանի մասին ասաց.

«Դանը առյուծի ձագ է.

Բասանից է դուրս թռչում»։

23 Նեփթաղիմի մասին ասաց.

«Նեփթաղիմը, շնորհով հագեցած

Եվ լցված Տիրոջ օրհնությամբ,

Պիտի ժառանգի արևմուտքն ու հարավը»։

24 Ասերի մասին ասաց.

«Ասերն օրհնված է որդիների մեջ.

Նա իր եղբայրներին հաճո լինի,

Իր ոտքը թաթախի յուղի մեջ։

25 Քո նիգերըերկաթե և պղնձե լինեն,

Եվ քո ուժը քո օրերի չափ լինի։

26 Եսուրունի Աստծու նմանը չկա.

Նա նստած է երկնքում և ամպերի վրա՝ իր մեծ վայելչությամբ,

Որպեսզի օգնության հասնի քեզ։

27 Հավիտենական Աստվածն ապավեն է,

Դու հավիտենական բազուկների տակ ես.

Նա քո առջևից կքշի քո թշնամիներին

Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։

28 Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին,

Հակոբի աղբյուրը՝ առանձին

Ցորենի ու գինու երկրում,

Որի երկնքից ցող կկաթի։

29 Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման,

Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ.

Նա՛ է վահանը քո օգնության

Եվ սուրը քո հաղթանակի։

Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ,

Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 34

Մովսեսի մահը

1 Մովսեսը Մովաբի դաշտերից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փասգայի գագաթը, որը գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,

2 նաև ամբողջ Նեփթաղիմը, Եփրեմի ու Մանասեի երկիրը և Հուդայի ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը,

3 հարավային կողմը, Երիքովի հովտի դաշտն ու Արմավենիների քաղաքը մինչև Սեգոր։

4 Տերն ասաց նրան. «Սա է այն երկիրը, որի համար երդվեցի Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու դա”։Ահաքո աչքերով տեսնել տվեցի քեզ, բայց դու այնտեղ չես մտնի»։

5 Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց այնտեղ՝ Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։

6 Եվ նա նրան թաղեց Մովաբի երկրի ձորում՝ Բեթփեգորի դիմաց, և ոչ մի մարդ չիմացավ նրա գերեզմանիտեղըմինչև այսօր։

7 Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ մեռավ. նրա աչքը չէր տկարացել, նրա ուժը չէր սպառվել։

8 Իսրայելի որդիները Մովաբի դաշտերում երեսուն օր լաց եղան Մովսեսի համար, և վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։

9 Նավեի որդի Հեսուն լցված էր իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքերը դրել էր նրա վրա, և Իսրայելի որդիները լսում էին նրան ու անում այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

10 Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի նման մի մարգարե, որին Տերը ճանաչեր երես առ երես.

11 այն բոլոր նշաններով ու հրաշքներով, որ փարավոնի, նրա բոլոր ծառաների և նրա ամբողջ երկրի դեմ կատարելու համար Տերը Մովսեսին ուղարկեց Եգիպտոսի երկիրը,

12 և իր հզոր ձեռքով ու սարսափազդու բոլոր արարքներով, որ Մովսեսն արեց ամբողջ Իսրայելի աչքի առջև։