Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 21

Չբացահայտված մարդասպանությունների մասին

1 «Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան,

2 ապա քո ծերերն ու դատավորները թող դուրս գան և չափեն սպանվածի ու շրջակայքում գտնվող քաղաքների միջև եղածհեռավորությունը։

3 Սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված, այսինքն՝ լծի տակ չմտած մի երինջ,

4 այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն չհերկված և չսերմանված ապառաժոտ մի ձորի մեջ և այնտեղ՝ այդ ձորում, կտրեն երինջի վիզը։

5 Եվ Ղևիի որդիները՝ քահանաները, մոտենան (որովհետև քո Տեր Աստվածը նրանց է ընտրել իրեն ծառայելու և Տիրոջ անունով օրհնություն տալու համար), և ամեն վեճ ու ամեն վերք նրանց խոսքով թող դատվի։

6 Սպանվածին ամենամոտ գտնվող այդ քաղաքի բոլոր ծերերն այն ձորում իրենց ձեռքերը թող լվանան վիզը կտրած այդ երինջի վրա

7 և թող պատասխանեն ու ասեն. “Մեր ձեռքերը չթափեցին այս արյունը, և մեր աչքերը չտեսան։

8 Ո՛վ Տեր, քավությո՛ւն արա քո Իսրայել ժողովրդին, որին դու փրկեցիր, և անմեղ արյան համար մեղավոր մի՛ համարիր քո Իսրայել ժողովրդին”։ Այդպիսով այդ արյունը քավված կլինի նրանցից։

9 Իսկ դու անմեղ արյունը կվերացնես քեզանից՝ անելով այն, ինչ ուղիղ է Տիրոջ առաջ։

Գերի կանանց մասին

10 Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, և քո Տեր Աստվածը նրանց մատնի քո ձեռքը, և գերիներ վերցնես նրանցից

11 և գերիների մեջ մի գեղադեմ կին տեսնես, սիրես նրան ու նրան կին առնես քեզ,

12 ապա նրան կտանես քո տունը, և նա կածիլի իր գլուխը, կկտրի իր եղունգները,

13 իր վրայից կհանի գերության զգեստները, կնստի քո տանը և մի ամբողջ ամիս լաց կլինի իր հոր ու մոր համար։ Դրանից հետո կմերձենաս նրան, նրա այրը կլինես, և նա էլ կլինի քո կինը։

14 Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։

Անդրանիկ զավակի ժառանգության մասին

15 Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, իսկ մյուսը՝ ատելի, և նրանք՝ թե՛ սիրելին և թե՛ ատելին, նրա համար որդիներ ծնեն, և եթե անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,

16 իր ունեցվածքը որդիներին բաժանելու օրը չի կարող անդրանիկության իրավունքը տալ իր սիրելի կնոջ որդուն՝ իր ատելի կնոջ անդրանիկ որդուց առաջգցելով,

17 այլ նա պետք է անդրանիկ ճանաչի իր ատելի կնոջ զավակին և իր ամբողջ ունեցածից կրկնակի բաժին տա նրան, որովհետև նա է նրա զորության սկիզբը, և անդրանիկության իրավունքը նրան է պատկանում։

Անհնազանդ զավակի մասին

18 Եթե մի մարդ անզգամ և անհնազանդ մի տղա ունենա, որն իր հոր և մոր խոսքը չի լսում և իրեն խրատելիս չի հնազանդվում նրանց,

19 ապա նրա հայրն ու մայրը թող բռնեն նրան ու տանեն իրենց քաղաքի ծերերի մոտ, նրաբնակածվայրի դարպասի առջև

20 և քաղաքի ծերերին ասեն. “Մեր այս տղան անզգամ և անհնազանդ է. նա մեր խոսքը չի լսում, որկրամոլ է և հարբեցող”.

21 այն ժամանակ այդ քաղաքի բոլոր մարդիկ թող քարկոծեն ու սպանեն նրան։Այդպիսովչարությունը կվերացնես քո միջից, և ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա։

Զանազան օրենքներ

22 Եթե մեկը մահապատժի արժանի մեղք գործի, նա պետք է մեռցվի. դու նրան կկախես ծառից։

23 Նրա մարմինը գիշերը ծառի վրա չմնա, այլ նույն օրը անպատճառ կթաղես նրան, որովհետև կախված մարդը Աստծուց անիծված է, և չպղծես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս ժառանգելու համար»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 22

1 «Երբ տեսնես, որհայրենակիցքո եղբոր եզը կամ ոչխարը մոլորված է, անտես չանես դրան, կվերադարձնես քո եղբոր մոտ։

2 Բայց եթե քո եղբայրը քեզ մոտիկ չի ապրում, կամ նրան չես ճանաչում, ապա դրան կբերես քո տունը, և այն քեզ մոտ կմնա, մինչև որ քո եղբայրը փնտրի նրան. հետո այն կվերադարձնես նրան։

3 Այդպես կվարվես նաև նրա էշի հետ, այդպես կվարվես նրա զգեստների հետ, այդպես կվարվես նաև քո եղբոր կորցրած ամեն ինչի հետ, որ դու կգտնես. նրանց չես կարող անտեսել։

4 Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։

5 Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, ոչ էլ տղամարդը՝ կնոջ հագուստ, որովհետև քո Տեր Աստծու առջև պիղծ է նա, ով այդբաներնանի։

6 Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ.

7 ազատ կարձակես մորը, իսկ ձագերին կվերցնես քեզ համար, որպեսզի բարի լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս։

8 Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։

9 Այգուդ մեջ տարբեր սերմեր չցանես, որպեսզի նզովված չանես քո ցանած սերմի արդյունքը և այգուդ բերքը։

10 Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։

11 Բրդից և վուշից գործված այլախառն հագուստ չհագնես։

12 Քո հագած զգեստի չորս ծայրերին ծոպեր կդնես։

Օրենքներ սեռական կյանքի մաքրության մասին

13 Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, մերձենա նրան, բայց հետո ատի նրան,

14 զրպարտչական խոսքեր ասի նրա մասին և վարկաբեկի նրա անունը՝ ասելով. “Ես այս կնոջն առա, բայց երբ մերձեցա նրան, կույս չգտա”,

15 այն ժամանակ աղջկա հայրն ու մայրը իրենց աղջկա կուսությաննշանըթող առնեն և դուրս տանեն քաղաքի ծերերի առաջ, հրապարակ՝ դռան մոտ։

16 Աղջկա հայրը կասի ծերերին. “Իմ աղջկան կնության տվեցի այս մարդուն, բայց նա ատում է նրան.

17 ահա զրպարտչական խոսքեր է բարդում նրա վրա՝ ասելով, թե՝ “Քո աղջկան կույս չգտա”։ Ահա՛ իմ աղջկա կուսությաննշանը”։ Եվ հագուստը կփռեն քաղաքի ծերերի առաջ։

18 Այդ քաղաքի ծերերը կվերցնեն և կհանդիմանեն այդ մարդուն,

19 նրա վրա տուգանք կդնեն հարյուրսիկղարծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։

20 Իսկ եթե այդ բանն ստույգ լինի, և աղջկա կուսությունը չհաստատվի,

21 այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։Այսպիսովչարությունը կվերացնես քո միջից։

22 Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։

23 Եթե մի կույս աղջիկ նշանված լինի մի մարդու հետ, և քաղաքում մի տղամարդ հանդիպի նրան ու պառկի նրա հետ,

24 այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։

25 Բայց եթե մի տղամարդ դաշտում հանդիպի նշանված մի աղջկա և բռնություն գործադրելով նրա վրա՝ պառկի նրա հետ, ապա մահվամբ պետք է պատժվի միայն նրա հետ պառկող մարդը։

26 Աղջկան ոչինչ չանես. աղջիկը մահվան արժանի ոչ մի հանցանք չի գործել. որովհետև սա նման է այն դեպքին, երբ մի մարդ հարձակվում է իր մերձավորի վրա և սպանում նրան։

27 Որովհետև դաշտում է հանդիպել նրան, նշանված աղջիկը աղաղակել է, բայց ոչ ոք չի եղել նրան ազատելու համար։

28 Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն,

29 ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսունսիկղարծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։

30 Ոչ ոք չպետք է ամուսնանա իր հոր կնոջ հետ և չպետք է բանա իր հոր քղանցքը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 23

Տիրոջ ժողովրդի միջից արտաքսում

1 «Ամորձիքը ճզմված կամ առնանդամը կտրված տղամարդը Տիրոջ ժողովատեղի թող չմտնի։

2 Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։

3 Ամմոնացին և մովաբացին չմտնեն Տիրոջ ժողովատեղի. նրանց տասներորդ սերունդն անգամ հավիտյան չպետք է մտնի Տիրոջ ժողովատեղի,

4 որովհետև երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, նրանք ճանապարհին հացով ու ջրով չդիմավորեցին ձեզ և որովհետև Միջագետքում Փաթուրից վարձով բերել տվեցին Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։

5 Բայց քո Տեր Աստվածը չուզեց լսել Բաղաամին, այլ քո Տեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց քեզ համար, որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ։

6 Նրանց խաղաղություն և բարօրություն չցանկանաս քո կյանքի բոլոր օրերին, հավիտյան։

7 Եդովմայեցուն չատես, որովհետև նա քո եղբայրն է։ Եգիպտացուն չատես, որովհետև պանդուխտ էիր նրա երկրում։

8 Նրանցից ծնվելիք զավակների երրորդ սերունդը կարող է մտնել Տիրոջ ժողովատեղի։

Բանակատեղին մաքուր պահել

9 Երբ բանակով գնաս քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բանից։

10 Եթե քեզ մոտ գտնվի մի մարդ, որ երազախաբության պատճառով մաքուր չլինի, թող բանակատեղիից դուրս գա և բանակատեղի չմտնի։

11 Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։

12 Բանակատեղիից դուրս մի տեղ պետք է ունենաս և այնտե՛ղ գնասքո պետքն անելու համար։

13 Քո գործիքների մեջ մի բահ պետք է ունենաս, որպեսզի երբ դրսումպետքերդ հոգալու համարնստելու լինես, դրանով մի փոս փորես և քո աղբը ծածկես.

14 որովհետև քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ և քո թշնամիներին մատնի քո ձեռքը։ Ուրեմն քո բանակատեղին մաքուր պետք է լինի, որպեսզի Տերը, քեզ վրա աղտեղություն տեսնելով, չզզվի քեզանից։

Զանազան օրենքներ

15 Իր տիրոջիցփախչելովքեզ մոտ ապաստանած ստրուկին իր տիրոջ ձեռքը չհանձնես։

16 Թող նա քեզ մոտ բնակվի, քեզ հետ, քո քաղաքներից մեկում, այնտեղ, ուր հարմար կլինի իրեն. նրան չնեղես։

17 Իսրայելի աղջիկների մեջ բոզ չպետք է լինի, իսկ Իսրայելի տղաների մեջ՝ ոչ մի իգացող։

18 Բոզի վարձը կամ շնացողի գինը քո Տեր Աստծու տունը չտանես որևէ ուխտ կատարելու համար, որովհետև երկուսն էլ պիղծ են քո Տեր Աստծու առջև։

19 Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։

20 Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։

21 Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։

22 Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։

23 Քո շրթունքներից դուրս եկածը զգուշությամբ կկատարես, ինչպես որ Տեր Աստծուն ուխտել ես ազատ կամքով. ինչ որ ասել ես քո շրթունքներով։

24 Երբ քո մերձավորի այգին մտնես, կարող ես ուզածիդ չափ խաղող ուտել և հագենալ, բայց ամանիդ մեջ չլցնես։

25 Երբ քո մերձավորի ցորենի արտը մտնես, կարող ես ձեռքով պոկել հասկերը, բայց մանգաղ չզարկես քո մերձավորի հնձին»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 24

Ապահարզան և վերամուսնություն

1 «Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, ևեթեպատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։

2 Երբ նա դուրս գա նրա տնից և գնա, ուրիշ մարդու կին դառնա,

3 եթե այդ մյուս ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ արձակման թուղթ թող գրի, նրա ձեռքը տա և արձակի իր տնից։ Կամ եթե այդ վերջին ամուսինը, որ նրան կնության էր առել, մահանա,

4 առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։Այսպես,դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզիբրևժառանգություն։

Զանազան օրենքներ

5 Նոր ամուսնացած տղամարդը պատերազմի չպետք է գնա, և նրան ոչ մի պաշտոն չպիտի տրվի։ Մեկ տարի նա ազատ կլինի իր տան մեջ և կուրախացնի իր առած կնոջը։

6 Ոչ ոք գրավ չվերցնի աղորիքը կամ նրա վերևի երկանաքարը, որովհետև դա նշանակում է գրավ վերցնելդրա տիրոջկյանքը։

7 Եթե գտնվի մեկը, որ իր եղբայրներից, այսինքն՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով՝ նրան իր ստրուկը դարձրած կամ վաճառած լինի, ապա այդ գողը թող մահվամբ պատժվի։Այդպիսովչարությունը կվերացնես քո միջից։

8 Զգուշացե՛ք բորոտության ախտից, հետամո՛ւտ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ ձեզ կսովորեցնեն ղևտացի քահանաները. զգո՛ւյշ եղեք, որ անեք այնպես, ինչպես որ ես պատվիրել եմ նրանց։

9 Հիշի՛ր, թե քո Տեր Աստվածը Մարիամին ինչ արեց ճանապարհին, երբ դուրս եկաք Եգիպտոսից։

10 Երբ քո մերձավորին փոխ տաս որևէ բան, նրա տունը չմտնես գրավը վերցնելու համար։

11 Կկանգնես դրսում, և փոխ առնող մարդնինքըգրավը դուրս կբերի քեզ մոտ։

12 Եթե նա աղքատ մարդ է, նրանից գրավ առած հագուստով չպառկես.

13 արեգակի մայր մտնելու ժամանակ անպատճառ կվերադարձնես նրա գրավը, որպեսզի նա իր զգեստով պառկի և օրհնի քեզ. դա քեզ համար արդարություն կհամարվի քո Տեր Աստծու առջև։

14 Աղքատ և կարիքավոր վարձկանին չզրկես, լինի քո եղբայրներից մեկը կամ քո երկրում, քո քաղաքում գտնվող օտարականներից։

15 Նույն օրը՝ արեգակը դեռ մայր չմտած, կհատուցես նրա վարձը, որովհետև նա աղքատ է և սրտանց սպասում է դրան։ Չլինի թե նա քո մասին բողոքի Տիրոջը, և դու մեղքի տեր դառնաս։

16 Հայրերին չպետք է մեռցնել որդիների պատճառով, ոչ էլ որդիներին պետք է մեռցնել հայրերի փոխարեն. պետք է մեռցնել յուրաքանչյուրին իր հանցանքի համար։

17 Օտարականի և որբի իրավունքը չոտնահարես և որբևայրու հագուստը գրավ չվերցնես։

18 Հիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ ազատեց այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը։

19 Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն, որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։

20 Երբ թափ տաս քո ձիթենին, դրանից հետո մեկիկ-մեկիկ չքաղեսճյուղերի վրա մնացածպտուղները. դրանք թող լինեն օտարականին, որբին և որբևայրուն։

21 Երբ քաղես քո այգու խաղողները, հետո ճռաքաղ չանես. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն։

22 Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 25

1 «Երբ մարդկանց միջև վեճ առաջանա, դատարան թող գնան, ևդատավորներըդատեն նրանց. արդարին արդարացնեն, իսկ հանցավորին դատապարտեն։

2 Եթե հանցավորը ծեծի է արժանի, դատավորը գետին պառկեցնել տա նրան և իր ներկայությամբ նրա հանցանքի ծանրության համեմատական թվով հարվածել տա։

3 Քառասուն հարվածից ավելի չպետք է խփել տա. միգուցե դրանից ավելի հարվածներ ստանալով՝ քո եղբայրն անարգվի քո աչքի առաջ։

4 Կալում աշխատող եզան դունչը չկապես։

Պարտականություններ մահացած եղբոր հանդեպ

5 Երբ եղբայրները միասին բնակվեն, և նրանցից մեկը մեռնի առանց զավակ ունենալու, մեռնողի կինը դրսում օտար մարդու հետ չպիտի ամուսնանա։ Նրա տագրը պիտի մոտենա նրան, կնության առնի և կատարի տագրության պարտականությունը նրա հանդեպ։

6 Առաջին զավակը, որ նա կծնի, կկրի մահացած եղբոր անունը, որպեսզի նրա անունն Իսրայելից չջնջվի։

7 Իսկ եթե այդ մարդը չուզենա ամուսնանալ իր հարսի հետ, այն ժամանակ նրա հարսը թող դուրս գա քաղաքի դարպասի մոտ, ծերերի առջև և ասի նրանց. “Իմ տագրը հրաժարվում է Իսրայելում իր եղբոր անունը հաստատելուց. նա չի ուզում տագրության պարտականությունը հատուցել ինձ”։

8 Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը և խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ”,

9 այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։

10 Նրա անունն Իսրայելում “Կոշկահան արված մարդու տունը” կլինի։

Ուրիշ օրենքներ

11 Երբ երկու մարդ կռվեն միմյանց հետ, և նրանցից մեկի կինը մոտենա ազատելու իր ամուսնուն նրան հարվածողի ձեռքից ու իր ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիներից,

12 այն ժամանակ պետք է կտրես նրա ձեռքը և բնավ չպիտի խղճաս։

13 Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։

14 Քո տանը տեսակ-տեսակ չափսերչլինեն՝ մեծ ու փոքր։

15 Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ,

16 որովհետև քո Տեր Աստծու առաջ պիղծ է բոլոր այս բաներն անողը, ամեն անիրավություն անողը։

Ամաղեկացիներին սպանելու հրահանգ

17 Հիշի՛ր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը ճանապարհին, երբ դուք դուրս էիք եկել Եգիպտոսից,

18 որ ճանապարհին ելավ քո դեմ և առանց Աստծուց վախենալու՝ կոտորեց քո ետևիցգնացողբոլոր տկարներին, երբ դու հոգնած ու սպառված էիր։

19 Երբ քո Տեր Աստվածը քո շուրջը գտնվող քո բոլոր թշնամիներից հանգստացնի քեզ այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ է տալուիբրևժառանգություն, որպեսզի տիրես նրան, այն ժամանակ կջնջես Ամաղեկի հիշատակը երկնքի տակից. չմոռանաս»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 26

Առաջին բերքի մատուցում

1 «Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն, ժառանգես այն ու բնակվես այնտեղ,

2 այն ժամանակ կվերցնես այդ երկրի բոլոր պտուղների առաջին բերքից, որը կքաղես քո Տեր Աստծու՝ քեզ տված հողից, կդնես մի զամբյուղի մեջ և կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար։

3 Կգնաս այդ օրերի քահանայի մոտ և կասես. “Այսօր ես քո Տեր Աստծուն հայտնում եմ, որ մտա այն երկիրը, որի համար Տերը երդվել էր մեր հայրերին, որ կտա մեզ”։

4 Քահանան զամբյուղը կվերցնի քո ձեռքից և կդնի քո Տեր Աստծու սեղանի առաջ։

5 Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորիէր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։

6 Եգիպտացիները մեզ չարչարեցին, մեզ նեղեցին և մեզ տաժանակիր աշխատեցրին։

7 Մենք աղաղակեցինք դեպի մեր հայրերի Տեր Աստվածը. Տերը լսեց մեր ձայնը, տեսավ մեր նեղությունը, հոգնությունն ու մեր զրկանքը։

8 Տերը մեզ հանեց Եգիպտոսից հզոր ձեռքով և բարձր բազկով, սարսափազդու արարքներով, նշաններով ու հրաշքներով։

9 Եվ մեզ բերեց այս վայրն ու մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

10 Արդ, ահա բերում եմ ինձ տված քո երկրի պտուղների երախայրիքը, ո՛վ Տեր”։ Դու, դրանք քո Տեր Աստծու առաջ դնելով, երկրպագություն կանես քո Տեր Աստծու առջև։

11 Եվ քո Տեր Աստծու քեզ և քո ընտանիքին տված բոլոր բարիքների համար կուրախանաք դու, ղևտացին և ձեր մեջ գտնվող օտարականը։

12 Երբ երրորդ տարում՝ տասանորդի տարում, քո արդյունքների բոլոր տասանորդները տաս վերջացնես և այն տաս ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն, և նրանք քո քաղաքներում ուտեն ու հագենան,

13 այն ժամանակ քո Տեր Աստծու առջև կասես. “Ինչ որ սրբագործված էր, ամբողջությամբ հանեցի իմ տնից և ըստ ինձ պատվիրած քո բոլոր հրամանների՝ տվեցի ղևտացուն, օտարականին, որբին ու որբևայրուն։ Քո պատվիրանները զանց չարեցի և չմոռացա։

14 Իմ սգոօրերինդրանից չկերա և անմաքուր բանի չգործածեցի, դրանից չտվեցի մեռելի համար. իմ Տեր Աստծու խոսքը լսեցի և արեցի բոլորը, որ պատվիրել էիր ինձ։

15 Նայի՛ր երկնքից՝ քո սուրբ բնակարանից, և օրհնի՛ր քո Իսրայել ժողովրդին ու այն երկիրը, որ տվեցիր մեզ, ինչպես որ երդվել էիր մեր հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում”։

Տիրոջ սեփական ժողովուրդը

16 Այսօր քո Տեր Աստվածը պատվիրում է քեզ, որ կատարես այս բոլոր կանոններն ու օրենքները. դրանք կպահես և կգործադրես քո ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։

17 Դու այսօր խոսք ես տալիս Տիրոջը, որ նա կլինի քո Աստվածը, որ դու կգնաս նրա ճանապարհներով, կպահես նրա կանոնները, պատվիրաններն ու հրամանները և կհնազանդվես նրա ձայնին։

18 Տերն էլ այսօր քեզ խոսք է տալիս, որ դու կլինես նրա սեփական ժողովուրդը, ինչպես ասել է քեզ, եթե պահես նրա բոլոր պատվիրանները։

19 Նա իր ստեղծած բոլոր ազգերից գերիվեր կդարձնի քեզ մեծավայելչությամբ, համբավով ու փառքով, որպեսզի սուրբ ժողովուրդ լինես քո Տեր Աստծու համար, ինչպես որ ասել է»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 27

Աստծու օրենքները՝ գրված քարերի վրա

1 Մովսեսը Իսրայելի ծերերի հետ պատվիրեց ժողովրդին՝ ասելով. «Պահե՛ք բոլոր այն պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ։

2 Այն օրը, երբ անցնես Հորդանան գետը և մտնես քո Տեր Աստծու՝ քեզ տված երկիրը, քեզ համար մեծամեծ քարեր կկանգնեցնես և դրանք կծեփես կրով։

3 Դրանց վրա կգրես այս օրենքի բոլոր խոսքերը, երբ անցնես Հորդանան գետն ու մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես քեզ ասել է քո հայրերի Տեր Աստվածը։

4 Ուրեմն երբ Հորդանան գետն անցնես, ինչպես այսօր պատվիրեցի քեզ, այն քարերը կկանգնեցնես Գեբաղ լեռան վրա և դրանք կծեփես կրով։

5 Այնտեղ քո Տեր Աստծու համար քարե մի զոհասեղան կշինես. նրանց վրա երկաթ չբարձրացնես։

6 Չհղկված քարերով կշինես քո Տեր Աստծու զոհասեղանը և դրա վրա ողջակեզներ կմատուցես քո Տեր Աստծուն։

7 Խաղաղության զոհեր կմատուցես և այնտեղ կուտես ու կուրախանաս քո Տեր Աստծու առաջ։

8 Այդ քարերի վրա դու կգրես այս օրենքի բոլոր խոսքերը՝ լավ փորագրված»։

9 Մովսեսն ու ղևտացի քահանաները խոսեցին ամբողջ Իսրայելի հետ՝ ասելով. «Լո՛ւռ մնա և լսի՛ր, ո՛վ Իսրայել։ Դու այսօր քո Տեր Աստծու ժողովուրդը եղար։

10 Ուրեմն հնազանդվի՛ր քո Տեր Աստծու ձայնին և կատարի՛ր նրա պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ»։

Անհնազանդության անեծքներ

11 Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով.

12 «Երբ Հորդանան գետն անցնեք, սրանք՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Հովսեփն ու Բենիամինը, կկանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։

13 Իսկ սրանք՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանը և Նեփթաղիմը, կկանգնեն Գեբաղ լեռան վրա՝ անիծելու համար։

14 Ղևտացիները կխոսեն և բարձր ձայնով կասեն Իսրայելի բոլոր մարդկանց.

15 “Անիծյալ լինի այն մարդը, որ կոփածո կամ ձուլածո կուռք կշինի Տիրոջ առաջ, պիղծ արհեստավորի ձեռքի գործ, և այն կդնի մի ծածուկ տեղ”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող պատասխանի ու ասի՝ ամեն։

16 “Անիծյալ լինի իր հորը կամ մորը անարգողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

17 “Անիծյալ լինի իր հարևանի սահմանը փոխողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

18 “Անիծյալ լինի կույրին ճանապարհից մոլորեցնողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

19 “Անիծյալ լինի պանդուխտի, որբի ու որբևայրու իրավունքը ոտնահարողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

20 “Անիծյալ լինի իր հոր կնոջ հետ պառկողը, որովհետև նա բաց է անում իր հոր քղանցքը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

21 “Անիծյալ լինի որևէ անասունի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

22 “Անիծյալ լինի իր հոր կամ իր մոր աղջիկը եղող իր քրոջ հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

23 “Անիծյալ լինի իր զոքանչի հետ պառկողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

24 “Անիծյալ լինի իր հարևանին գաղտնաբար սպանողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

25 “Անիծյալ լինի նա, ով կաշառք է վերցնում անմեղ մարդ սպանելու համար”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

26 “Անիծյալ լինի նա, ով չի պահում այս օրենքի բոլոր խոսքերը, որպեսզի կատարի դրանք”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 28

Հնազանդության օրհնությունները

1 «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։

2 Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։

3 Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։

4 Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։

5 Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։

6 Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։

7 Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։

8 Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։

9 Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։

10 Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, ու կվախենան քեզանից։

11 Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝բազմացնելովքո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։

12 Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։

13 Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես

14 և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։

Անհնազանդության հետևանքները

15 Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։

16 Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ՝ դաշտում։

17 Անիծյալ կլինեն քո կողովն ու քո խմորի տաշտը,

18 անիծյալ՝ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտերը։

19 Անիծյալ կլինես դու մտնելիս և անիծյալ՝ դուրս ելնելիս։

20 Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քո դեմ քո ձեռնարկած և արած բոլոր գործերում, մինչև որ բնաջինջ լինես և իսկույն կորչես քո չար գործերի համար, որ լքեցիր ինձ։

21 Տերը ժանտախտ կկպցնի քեզ, մինչև որ քեզ վերացնի այն երկրից, ուր որ դու մտնելու ես այն ժառանգելու։

22 Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։

23 Քո գլխի վրայի երկինքը պղնձի կվերածվի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթի։

24 Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։

25 Տերը կոտորել կտա քեզ քո թշնամիների առաջ. դու նրանց դեմ կելնես մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից և երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես։

26 Քո մարմինը կերակուր կլինի երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին, և դրանց քշող չի լինի։

27 Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։

28 Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։

29 Օրը ցերեկով դու կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և հաջողություն չես ունենա քո ճանապարհներին։ Միշտ զրկված ու կողոպտված կլինես, և ազատող չի լինի։

30 Դու մի կնոջ հետ կնշանվես, բայց ուրիշը կպառկի նրա հետ, տուն կշինես, բայց նրա մեջ չես բնակվի, այգի կտնկես, բայց նրա խաղողը չես հավաքի։

31 Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։

32 Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։

33 Մի ժողովուրդ, որին դու չես ճանաչում, կուտի քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը, և դու ամեն օր միայն զրկված ու ճնշված կլինես։

34 Եվ կխելագարվես քո աչքերի տեսածից։

35 Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։

36 Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։

37 Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։

38 Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։

39 Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի ևխաղողըչես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտեն այն։

40 Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։

41 Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։

42 Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։

43 Քո մեջ բնակվող օտարականը քեզանից գերազանց կլինի և քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ցած կիջնես։

44 Նա քեզ փոխ կտա, բայց դու նրան փոխ չես տա. նա գլուխ կլինի, իսկ դու պոչ կլինես։

45 Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։

46 Դրանք քեզ վրա և քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու հրաշքներ կլինեն։

47 Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար,

48 դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։

49 Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա,

50 մի խստադեմ ազգ, որ ծերերին չի հարգի և երեխաներին չի խղճա։

51 Նա կուտի քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Նա քեզ չի թողնի ո՛չ ցորեն, ո՛չ գինի, ո՛չ յուղ, կխլի քո կովերի ծնունդներն ու քո ոչխարների հոտերը, մինչև որ բնաջինջ անի քեզ։

52 Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։

53 Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։

54 Քո մեջ գտնվող քնքուշ և շատ փափկասուն տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին,

55 որպեսզի նրանցից ոչ մեկին չտա իր կերած որդիների մսից, որովհետև պաշարման ժամանակ և քո բոլոր քաղաքներում քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակուտելուոչ մի բան չի մնալու նրան։

56 Քո մեջ գտնվող քնքուշ և փափկասուն կինը, որն իր քնքշության ու փափկության պատճառով սովոր չէր ոտքը գետնի վրա դնելու, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցում պառկող ամուսնուն, իր տղային, իր աղջկան,

57 իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքին ու իր ծնած զավակներին, որովհետև պաշարման ժամանակ և քո քաղաքներում քո թշնամիների քեզ պատճառած նեղության ժամանակ ամեն ինչի պակասության պատճառով ծածկաբար պիտի ուտի նրանց։

58 Եթե զգուշությամբ չկատարես այս օրենքի բոլոր խոսքերը, որոնք գրված են այս գրքում, որ վախենաս այն պատվական և ահավոր անունից՝ ՏԻՐՈՋԻՑ՝ ՔՈ ԱՍՏԾՈՒՑ,

59 ապա Տերն էլ անսովոր հարվածներով, մեծ և երկարատև հարվածներով, չարաղետ և տևական հիվանդություններով կպատուհասի քեզ և քո սերնդին։

60 Նա քեզ վրա կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և դրանք կկպչեն քեզ։

61 Տերը քեզ վրա կբերի նաև ամեն տեսակ հիվանդություն ու հարված, որ գրված չեն օրենքների այս գրքում, մինչև որ դու բնաջինջ լինես։

62 Դուք, որ երկնքի աստղերի չափ շատ էիք, սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք ձեր Տեր Աստծու խոսքը։

63 Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։

64 Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։

65 Այդ ազգերի մեջ հանգստություն չես գտնի և քո ոտքի թաթերը հանգչեցնելու տեղ չես ունենա. այնտեղ Տերը քեզ կտա տագնապող սիրտ, աչքերի նվաղում և հոգու տրտմություն։

66 Կյանքդ քո առաջ կախված կլինի, գիշեր-ցերեկ ահուդողի կմատնվես և կյանքումդ ապահով չես լինի։

67 Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։

68 Տերը նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին քեզ ասացի, թե՝ “Այլևս այն չես տեսնի”։ Այնտեղ դուք իբրև ստրուկներ և աղախիններ կծախվեք ձեր թշնամիներին, բայց ձեզ գնող չի լինի»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 29

Տիրոջ ուխտը Իսրայելի հետ

1 Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։

2 Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր աչքերի առաջ արեց Տերը Եգիպտոսի երկրում փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու նրա ամբողջ երկրին,

3 այսինքն՝ այն մեծ փորձությունները, որ քո աչքերը տեսան, այն նշաններն ու մեծ հրաշքները։

4 Տերը մինչև այսօր ձեզ չտվեց միայնպիսիմիտք, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։

5 Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին.

6 հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։

7 Երբ այստեղ եկաք, Եսեբոնի Սեհոն թագավորը և Բասանի Օգ թագավորը դուրս եկան մեր առաջ՝ պատերազմելու մեր դեմ, և մենք հարվածեցինք նրանց.

8 գրավեցինք նրանց երկիրը և այն որպես ժառանգություն տվեցինք Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղին։

9 Ուրեմն պահե՛ք այս ուխտի խոսքերը և կատարե՛ք դրանք, որպեսզի հաջողություն ունենաք ձեր բոլոր գործերի մեջ։

10 Այսօր ձեր Տեր Աստծու առջև կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր իշխանները, ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր հրամանատարները, Իսրայելի բոլոր տղամարդիկ,

11 ձեր զավակներն ու ձեր կանայք, ձեր բանակատեղիում գտնվող օտարականը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը,

12 որպեսզի մտնեք ձեր Տեր Աստծու ուխտի և նրա երդումի մեջ, որ այսօր ձեր Տեր Աստվածը կնքում է ձեզ հետ,

13 որպեսզի քեզ այսօր դարձնի իր ժողովուրդը և հենց ինքը քեզ համար լինի Աստված, ինչպես քեզ ասաց և ինչպես երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։

14 Ես ոչ միայն ձեզ հետ եմ անում այս ուխտն ու այս երդումը,

15 այլև այսօր այստեղ մեզ հետ մեր Տեր Աստծու առջև կանգնողների հետ, նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ չեն։

16 Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։

17 Դուք տեսաք նրանց գարշելի գործերը և նրանց փայտե, քարե, արծաթե և ոսկե կուռքերը, որ նրանց մոտ էին։

18 Ձեր մեջ թող չգտնվի մի տղամարդ, մի կին, մի ազգատոհմ կամ մի ցեղ, որ իր սիրտն այսօր շեղի մեր Տեր Աստծուց՝ գնալ ծառայելու համար այդ ազգերի աստվածներին։ Ձեր մեջ թող չգտնվի մի արմատ, որ թույն ու դառնություն բերի։

19 Եվ երբմեկըայս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի,

20 Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։

21 Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։

22 Հետագա սերունդները, այսինքն՝ ձեզանից հետո ծնվող ձեր զավակները, և հեռավոր երկրից եկող օտարականը, կտեսնեն այն հարվածներն ու նեղությունները, որոնցով Տերը պիտի նեղի այդ երկիրը.

23 ծծումբ, աղ և այրվածքկլինինրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։

24 Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։

25 Եվ կասեն. “Որովհետև նրանք դրժեցին իրենց հայրերի Տեր Աստծու ուխտը, որ նա արել էր Եգիպտոսի երկրից նրանց դուրս հանելու ժամանակ.

26 նրանք գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և երկրպագեցին դրանց, աստվածներ, որոնց բնավ չէին ճանաչել, ևՏերըդրանք չէր սահմանել նրանց համար։

27 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։

28 Տերը բարկությամբ, սրտմտությամբ և մեծ զայրույթով նրանց արմատից պոկեց իրենց երկրից և նետեց մի ուրիշ երկիր, ինչպեստեսնում ենքայսօր”։

29 Ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են, իսկ հայտնի բաները՝ մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 30

Վերահաստատության և օրհնության պայմաններ

1 «Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները՝ թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը, որ դնում եմ քո առաջ, և դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Տեր Աստվածը քշել է քեզ,

2 և եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը, դու և քո որդիները, ու հնազանդվես նրա խոսքին քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, ինչպես որ ես պատվիրեցի քեզ այսօր,

3 ապա քո Տեր Աստվածն էլ քեզ կվերադարձնի գերությունից, քեզ կողորմի և դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ազգերի միջից, ուր քո Տեր Աստվածը ցրել էր քեզ։

4 Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ։

5 Քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը, և դու կժառանգես այն. նա քեզ բարություն կանի և քո հայրերից ավելի կբազմացնի քեզ։

6 Քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդիների սիրտը, որպեսզի քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով սիրես քո Տեր Աստծուն, որպեսզի ապրես։

7 Քո Տեր Աստվածը այս բոլոր անեծքները կթափի քո թշնամիների, քեզ ատողների և հալածողների վրա։

8 Իսկ դու դարձյալ կվերադառնաս դեպի Տերն ու կհնազանդվես նրա խոսքին, կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։

9 Քո Տեր Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, որովհետև Տերը դարձյալ կուրախանա՝ քեզ բարգավաճ անելով, ինչպես որ ուրախացավ քո հայրերի վրա,

10 եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և պահես այս օրենքի գրքում գրված նրա պատվիրաններն ու կանոնները և քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով դառնաս դեպի քո Տեր Աստվածը։

11 Որովհետև այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ։

12 Նա երկնքում չէ, որ ասես, թե՝ “Ո՞վ երկինք կելնի մեզ համար և այն կբերի մեզ, որպեսզի լսենք ու կատարենք այն”։

13 Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ “Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք”։

14 Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես։

15 Տե՛ս, ես այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարին, մահն ու չարը.

16 ես այսօր քեզ պատվիրում եմ, որ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես ու բազմանաս, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, ուր դու գնում ես այն ժառանգելու համար։

17 Բայց եթե քո սիրտը հետ դառնա, և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու պաշտես դրանց,

18 ապա ես այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրում, ուր դուք, Հորդանան գետն անցնելով, գնում եք այն ժառանգելու համար։

19 Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը,

20 որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որ կտա նրանց»։