Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 11

Աստծու մեծությունը

1 «Ուրեմն սիրի՛ր քո Տեր Աստծուն և միշտ պահի՛ր նրա պատվիրածները, կանոնները, հրամաններն ու պատվիրանները։

2 Այսօր իմացե՛ք, որ իմ խոսքը ձեր որդիների հետ չէ, որոնք չգիտեն և չեն տեսել ձեր Տեր Աստծու խրատը, նրա մեծությունը, նրա հզոր ձեռքն ու բարձր բազուկը,

3 նրա նշաններն ու նրա գործերը, որ նա կատարեց Եգիպտոսում եգիպտացիների արքա փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։

4 Եվ ինչ որ արեց եգիպտացիների զորքերին, նրանց ձիերին և կառքերին. Կարմիր ծովի ջրերը թափեց նրանց վրա, երբ նրանք հալածում էին ձեզ, և Տերը նրանց կորցրեց մինչև այսօր։

5 Եվ ինչ որ արեց ձեզ համար անապատում՝ մինչև ձեր այստեղ գալը,

6 և ինչ որ արեց Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին, որ երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց ընտանիքներին, նրանց վրաններն ու այն ամենը, ինչ որ կար իրենց մոտ ամբողջ Իսրայելում։

7 Սակայն ձեր աչքերը տեսել են Տիրոջ արած բոլոր մեծամեծ գործերը։

Խոստացված երկրի օրհնությունները

8 Ուրեմն պահե՛ք այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որպեսզի զորանաք և մտնեք ու տիրանաք այն երկրին, ուր գնում եք այն նվաճելու համար,

9 և որպեսզի ձերկյանքիօրերը երկար լինեն այն երկրում, որ Տերը երդվեց տալ ձեր հայրերին և նրանց սերնդին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։

10 Որովհետև այն երկիրը, ուր դու գնում ես տիրանալու համար, նման չէ Եգիպտոսի երկրին, որտեղից դուք դուրս եկաք, և որտեղ դու սերմ էիր ցանում և ապա քո ոտքերով ջրում բանջարանոցի նման.

11 այլ այն երկիրը, ուր դուք գնում եք ժառանգելու համար, լեռների և հովիտների երկիր է. այն ոռոգվում է երկնային անձրևի ջրով։

12 Այնպիսի երկիր, որը քո Տեր Աստվածն է խնամում, քո Տեր Աստծու աչքը միշտ նրա վրա է տարվա սկզբից մինչև տարվա վերջը։

13 Եթե ուշադրությամբ լսեք իմ պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, սիրեք ձեր Տեր Աստծուն և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով,

14 ապա ես ձեր երկրին անձրև կտամ իր ժամանակին, առաջին ու վերջին անձրևը, և դու կհավաքես քո ցորենը, քո գինին և քո յուղը։

15 Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս։

16 Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։

17 Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։

18 Իմ այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում և ձեր հոգում. դրանք որպես նշան կապե՛ք ձեր ձեռքերին, և ճակատանոց լինեն դրանք ձեր աչքերի միջև։

19 Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք ձեր տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։

20 Դրանք գրի՛ր քո տան դրանդիների և քո դռների վրա,

21 որպեսզի քո և քո որդիների օրերն այն երկրի վրա, որ Տերը ձեր հայրերին երդվեց նրանց տալու համար, լինեն այնքան շատ, որքան շատ կլինեն երկնքի օրերը երկրի վրա։

22 Որովհետև եթե զգուշությամբ պահեք ու կատարեք այս բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որ կատարեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա բոլոր ճանապարհներով և հարեք նրան,

23 ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։

24 Ուր որ ձեր ոտքերը կկոխեն, ձերը կլինի. ձեր սահմանը կտարածվի անապատից և Լիբանանից, գետից, այսինքն՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը։

25 Ոչ ոք չի կանգնի ձեր դեմ. ձեր Տեր Աստվածը ձեր ահն ու սարսափը կտարածի ձեր կոխած ամբողջ երկրի վրա, ինչպես որ ասել է ձեզ։

Օրհնություններ ու անեծքներ

26 Ահա ես այսօր ձեր առջև դնում եմ օրհնություն և անեծք.

27 օրհնություն, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ ձեզ,

28 և անեծք, եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, շեղվեք այն ճանապարհից, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, և գնաք օտար աստվածների ետևից, որոնց չեք ճանաչում։

29 Ուստի երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր գնում ես այն ժառանգելու համար, ապա օրհնություն կտաս Գարիզին լեռան վրա և անեծք՝ Գեբաղ լեռան վրա։

30 Չէ՞ որ դրանք գտնվում են Հորդանան գետի այն կողմում՝ արևմտյան ճանապարհի վրա, քանանացիների երկրում, որոնք բնակվում են հովտում, Գաղգաղայի դիմաց, Մորեի կաղնիների մոտ։

31 Որովհետև դուք անցնելու եք Հորդանան գետով՝ մտնելու և ժառանգելու համար այն երկիրը, որը ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։ Դուք կժառանգեք այն և կբնակվեք այնտեղ։

32 Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն բոլոր կանոններն ու հրամանները, որոնք ես այսօր դնում եմ ձեր առաջ»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 12

Պաշտամունքի համար ընտրված տեղը

1 «Սրանք են այն կանոններն ու հրամանները, որոնք դուք պիտի պահեք ու կատարեք այն երկրում, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տալու է ձեզ, որ ժառանգեք այն այնքան ժամանակ, ինչքան որ կապրեք այդ երկրում։

2 Ամբողջովին կործանե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ այն ազգերը, որոնց դուք նվաճելու եք, պաշտել են իրենց աստվածներին բարձր լեռների, բլուրների և սաղարթախիտ ծառերի տակ։

3 Քանդե՛ք նաև նրանց զոհասեղանները, ջարդե՛ք նրանց արձանները, կրակով այրե՛ք նրանց աստարովթները, փշրե՛ք նրանց աստվածների կուռքերը և դրանց անունները վերացրե՛ք այդ վայրերից։

4 Իսկ ձեր Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվեք,

5 այլ կփնտրեք այն տեղը, որ կընտրի ձեր Տեր Աստվածը ձեր ցեղերի միջից՝ իր անունը այնտեղ դնելու և բնակվելու. այդտեղ կգնաք։

6 Այդտեղ կտանեք ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, բարձրացնելու ձեր ընծաները, ձեր ուխտերը, կամավոր ընծաները և ձեր արջառների ու ոչխարների առաջնածինները։

7 Այդտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուտեք, և դուք ու ձեր ընտանիքների անդամները կուրախանաք այն ամենի համար, ինչ արել եք ձեր ձեռքերով, որ քո Տեր Աստվածն օրհնել է քեզ։

8 Մի՛ արեք այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ, որ հաճելի էմարդու աչքին,

9 որովհետև դուք դեռ չեք հասել հանգստի և ժառանգության այն վայրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։

10 Բայց երբ դուք անցնեք Հորդանանգետըև բնակվեք այն երկրում, որ ձեր Տեր Աստվածը ժառանգել կտա ձեզ, նա ձեզ հանգստություն կտա ձեր շուրջը գտնվող բոլոր թշնամիներից, և դուք կապրեք ապահով։

11 Եվ կլինի այն տեղը, որ ձեր Տեր Աստվածը կընտրի՝ իր անունը բնակեցնելու համար, այնտեղ կտանեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու ընծաներն ու ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կուխտեք Տիրոջը։

12 Այնտեղ՝ ձեր Տեր Աստծու առջև, կուրախանաք դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ձեր բնակավայրերումգտնվող ղևտացին, որովհետև նա ձեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։

13 Զգո՛ւյշ եղիր, որ քո ողջակեզները չմատուցես, ուր որ պատահի,

14 այլ քո ողջակեզները կմատուցես այնտեղ, ուր Տերը կընտրի քո ցեղերից մեկի մեջ. այնտե՛ղ կկատարես ամեն ինչ, որ ես պատվիրում եմ քեզ։

15 Իսկ երբ սիրտդ ցանկանա, կարող եսանասուններմորթել և միս ուտել քո բոլոր դռներին ըստ այն օրհնության, որ տալիս է քեզ քո Տեր Աստվածը։ Դրանից կարող են ուտել մաքուր և անմաքուր մարդիկ, ինչպես ուտում են այծյամ և եղջերու։

16 Սակայն արյունը չպետք է ուտեք. այն ջրի նման գետին կթափեք։

17 Բնավ չպետք է ուտես քո դռներին քո ցորենի, քո գինու և քո յուղի տասանորդները, քո արջառների և քո հոտերի առաջնածինները, քո ուխտած բոլոր ընծաները, կամավոր ու բարձրացնելու քո ընծաները,

18 այլ դու, քո տղան և քո աղջիկը, քո ծառան և քո աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին պետք է ուտեք քո Տեր Աստծու առջև այն տեղում, որ կընտրի քո Տեր Աստվածը։ Եվ քո Տեր Աստծու առջև կուրախանաս այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։

19 Զգո՛ւյշ եղիր, որ ղևտացուն չանտեսես քո երկրի վրա քո կյանքի բոլոր օրերին։

20 Երբ քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես որ խոստացել է քեզ, և ասես՝ “Միս ուտեմ”, որովհետև քո սիրտն ուզում էր միս ուտել, կարող ես միս ուտել, որքան որ սիրտդ ցանկանում է։

21 Եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, այն ժամանակ կմորթես Տիրոջ քեզ տված արջառներից և ոչխարներից, ինչպես պատվիրել եմ քեզ, և կուտես քաղաքներում, որքան որ սիրտդ ցանկանում է։

22 Ինչպես այծյամն ու եղջերուն են ուտվում, այդպես էլ դու կուտես դրանք։ Անմաքուր և մաքուրմարդիկնույն կերպ կարող են ուտել։

23 Բայց զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունը կյանքն է, և կյանքը մսի հետ չուտես։

24 Այն չուտես, այլ ջրի նման գետին կթափես։

25 Այն չուտես, որպեսզի քեզ համար և քեզանից հետո քո որդիների համար լավ լինի Տիրոջ առջև ուղիղ վարվելովդ։

26 Բայց քո սուրբ բաները և ուխտիընծաներըկվերցնես և կգնաս այն վայրը, որ կընտրի Տերը։

27 Եվ կմատուցես քո ողջակեզները՝ միսը և արյունը, քո Տեր Աստծու զոհասեղանի վրա, իսկ քո զոհերի արյունը կթափես քո Տեր Աստծու զոհասեղանի վրա և միսը կուտես։

28 Զգո՛ւյշ եղիր և լսի՛ր այս բոլոր խոսքերը, որոնք ես պատվիրում եմ քեզ, որպեսզի հավիտենապես լավ լինի քեզ համար և քեզանից հետո՝ քո որդիների համար. քո Տեր Աստծու առաջ բարի և հաճելի եղածն արած լինես։

Զգուշացում կռապաշտությունից

29 Երբ քո Տեր Աստվածը կոտորի քո առջևից այն ազգերին, որոնց մոտ դու գնում ես նրանց տիրելու համար, և երբ տիրես նրանց ու բնակվես նրանց երկրում,

30 զգո՛ւյշ եղիր, չլինի թե նրանց հետևելով՝ որոգայթի մեջ ընկնես նրանց բնաջնջելուց հետո։ Չլինի թե նրանց աստվածների մասին հարցուփորձ անես՝ ասելով. “Այս ազգերն ինչպե՞ս էին պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ”։

31 Դու քո Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը. նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին ու աղջիկներին։

32 Զգո՛ւյշ եղիր, որ անես այն ամենը, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Դրա վրա ոչ մի բան չավելացնես և դրանից ոչ մի բան չպակասեցնես»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 13

Պատիժ՝ կռապաշտություն հորդորողներին

1 «Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա և քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք,

2 և կատարվի քեզ ասած այդ նշանը կամ հրաշքը, և քեզ ասի. “Գնանք օտար աստվածների պաշտենք, որոնց դու չես ճանաչում”,

3 այդ մարգարեի կամ երազահանի խոսքերը մի՛ լսիր, որովհետև Տեր Աստվածը փորձում է ձեզ՝ իմանալու համար, թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն սիրո՞ւմ եք ձեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով։

4 Գնացե՛ք ձեր Տեր Աստծու ետևից, վախեցե՛ք նրանից, պահե՛ք նրա պատվիրանները, հնազանդվե՛ք նրա ձայնին, ծառայե՛ք նրան և հարե՛ք նրան։

5 Այդ մարգարեն կամ երազատեսը մահվամբ պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծու դեմ (որը ձեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, ազատեց ձեզ ստրկության տնից), որպեսզի խոտորեցնի ձեզ այն ճանապարհից, որով ձեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ, որ նրա մեջ ընթանաք և այսպես չարությունը վերացնեք ձեր միջից։

6 Եթե քո մոր տղան՝ քո եղբայրը, կամ քո տղան կամ քո աղջիկը, կամ քո ծոցում եղող կինդ, կամ քո բարեկամը, որինսիրում եսքո անձի պես, ուզենալով քեզ մոլորեցնել, գաղտնաբար ասի՝ “Գնանք օտար աստվածներին պաշտենք”, որոնց չես ճանաչել ո՛չ դու և ո՛չ էլ քո հայրերը,

7 ձեր շուրջը՝ քեզ մոտիկ կամ քեզանից հեռու գտնվող ազգերի աստվածներից են երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը,

8 հավանություն չտաս նրան, ոչ էլ կլսես նրան, և քո աչքը չխնայի նրան, և ոչ էլ գութ ունենաս նրա հանդեպ և չպահես նրան,

9 այլ անպատճառ կսպանես նրան. նրան սպանելու համար նախ քո ձեռքը թող բարձրանա նրա վրա, հետո՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։

10 Քարերով քարկոծի՛ր նրան, և նա թող մեռնի, որովհետև նա ուզում էր քեզ հեռացնել քո Տեր Աստծուց, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։

11 Ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա, և ձեր միջից այլևս ոչ ոք նման չարություն չի անի։

12 Եթե քո Տեր Աստծու՝ բնակության համար քեզ տված քաղաքներից մեկում լսես, որ ասեն, թե՝

13 “Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ են դուրս եկել և իրենց քաղաքի բնակիչներին մոլորեցնում են՝ ասելով. “Գնանք պաշտենք ձեզ անծանոթ ուրիշ աստվածներին””,

14 այն ժամանակ կքննես, լավ հարցուփորձ կանես և եթե տեսնես, թե այդ բանն իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ,

15 այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի կքաշես՝ նզովելովայդ քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ. սրի կքաշես նաև անասուններին։

16 Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա և այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծու համար ամբողջովին կայրես կրակով, և այն ավերակների կույտ թող լինի հավիտյան և այլևս թող բնավ չվերաշինվի։

17 Այդ նզովվածիցոչ մի բան չկպչի քո ձեռքերին, որպեսզի Տերը դառնա իր սաստիկ բարկությունից, ողորմածություն ու գթություն ցուցաբերի քո նկատմամբ և բազմացնի քեզ, ինչպես երդվել էր քո հայրերին,

18 եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, պահես նրա այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, և անես այն, ինչ ուղիղ է քո Տեր Աստծու առաջ»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 14

Զգուշացում ցուցադրական սգից

1 «Դուք ձեր Տեր Աստծու որդիներն եք։ Մեռելի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք և ձեր աչքերի մեջտեղի մազերը չպոկեք.

2 որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Տերը քե՛զ ընտրեց երկրի վրա եղած բոլոր ժողովուրդների միջից, որպեսզի իր համար սեփական ժողովուրդ լինես։

Մաքուր և անմաքուր կենդանիներ

3 Ոչ մի պիղծ բան չուտեք։

4 Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել. արջառը, ոչխարը և այծը,

5 եղջերուն, այծյամը, վիթը, իշայծյամը, այծքաղը, վայրի այծը և ընձուղտը։

6 Կուտեք այն բոլոր անասունները, որոնք կճղակաբաշխ են, այսինքն՝ կճղակը երկու մասի ճեղքված, և որոճացող։

7 Իսկ որոճացող կամ կճղակը ճեղքված անասուններից մի՛ կերեք հետևյալները՝ ուղտը, նապաստակը և ճագարը, որովհետև դրանք թեև որոճում են, բայց դրանց կճղակը ճեղքված չէ. դրանք ձեզ համար անմաքուր են։

8 Խոզը, որ թեև ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, նա ձեզ համար անմաքուր է. դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք։

9 Ջրերում գտնվող բոլոր կենդանիներից կարող եք ուտել հետևյալները. կուտեք բոլոր լողակ ու թեփուկ ունեցողները։

10 Բայց մի՛ կերեք բոլոր լողակ ու թեփուկ չունեցողները. դրանք ձեզ համար անմաքուր են։

11 Ամեն մաքուր թռչուն կերե՛ք։

12 Սրանք են այնթռչունները,որ չպետք է ուտեք. արծիվը, պասկուճը և գետարծիվը,

13 անգղը, ցինը, ուրուրը և ինչ որ դրան ցեղակից է,

14 ագռավը և ինչ որ դրան ցեղակից է,

15 ջայլամը, բուն, որորը, բազեն և ինչ որ դրան ցեղակից է,

16 հավպատիրը, քաջահավը, կարապը,

17 հավալուսնը, սև անգղը, հողամաղը,

18 արագիլը, քարադրը և ինչ որ դրան ցեղակից է, հոպոպը և չղջիկը։

19 Թռչող բոլոր զեռունները ձեզ համար պիղծ լինեն. դրանք չպետք է ուտել։

20 Կուտեք բոլոր մաքուր թռչունները։

21 Սատկած ոչինչ չուտեք։ Այն կտաս քո քաղաքում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառես օտարազգուն, որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։

Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։

Տասանորդի օրենքը

22 Ամեն տարի քո ցանած արտից դուրս ելած արմտիքներից անպատճառ տասանորդ կտաս։

23 Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։

24 Իսկ եթե ճանապարհը հեռու լինի քեզ համար, և չկարողանասայնտեղտանելտասանորդներըայն պատճառով, որ քեզանից հեռու է այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, երբ քո Տեր Աստվածը կօրհնի քեզ,

25 այն ժամանակ դրանք կփոխանակես փողով և այդ փողը վերցնելով ձեռքդ՝ կգնաս այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը։

26 Եվ այդ փողով կգնես այն ամենը, ինչ սիրտդ կկամենա՝ արջառներ կամ ոչխարներ, գինի կամ ոգելից խմիչք, ամեն ինչ, որ սիրտդ կուզի. այնտեղ՝ քո Տեր Աստծու առջև, կուտես և կուրախանաս դու և քո ընտանիքը։

27 Աչքաթող չանես քո քաղաքում գտնվող ղևտացուն, որովհետև նա քեզ հետ բաժին ու ժառանգություն չունի։

28 Ամեներեք տարվա վերջում դուրս կհանես նույն տարվա քո բերքի ամբողջ տասանորդը և կդնես քո քաղաքում։

29 Կգան քեզ հետ բաժին ու ժառանգություն չունեցող ղևտացին, քո քաղաքում գտնվող օտարականը, որբն ու որբևայրին, կուտեն ու կկշտանան, որպեսզի քո Տեր Աստվածը օրհնի քեզ քո ձեռքի բոլոր գործերում»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 15

Յոթերորդ տարին

1 «Յոթերորդ տարվա վերջում պարտքերը կներես։

2 Պարտքերը ներելու կանոնն այս է. ամեն պարտատեր ինչ որ փոխ է տվել իր մերձավորին, թող դա չպահանջի իր մերձավորից կամ եղբորից, որովհետև ներում է հայտարարված հանուն Տիրոջ։

3 Օտարազգի մարդուց պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբոր մոտ, պիտի շնորհես նրան,

4 եթե միայն քեզ մոտ կարիքավոր մեկը չգտնվի. որովհետև Տերն անպատճառ քեզ պիտի օրհնի այն երկրում, որ քո Տեր Աստվածը քեզ տալու է իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան,

5 միայն թե ամեն կերպ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և զգուշությամբ կատարես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ։

6 Որովհետև քո Տեր Աստվածը քեզ պիտի օրհնի, ինչպես որ ասել է քեզ։ Շատ ազգերի դու փոխ կտաս, բայց ինքդ փոխ չես առնի, և դու բազում ազգերի կտիրես, բայց նրանք քեզ չեն տիրի։

7 Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկն աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև,

8 այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան։

9 Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի, և դու ասես՝ “Մոտ է յոթերորդ տարին՝ թողության տարին”, և չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա ու փոխ չտաս նրան։ Եվ նա էլ քո դեմ աղաղակի Տիրոջը, և դու հանցավոր լինես։

10 Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի, որովհետև քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում և քո բոլոր ձեռնարկումներում։

11 Քանի որ երկրի վրա աղքատ մարդ չի պակասի, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում. “Ձեռքդ բա՛ց քո երկրում գտնվող աղքատ և կարիքավոր եղբորդ”։

Գերիների հետ վարվելը

12 Եթե եբրայեցի քո եղբայրներից մեկը՝ տղամարդ թե կին, վաճառվի քեզ, նա վեց տարի թող ծառայի քեզ, իսկ յոթերորդ տարում նրան քո մոտից ազատ կարձակես։

13 Երբ քո մոտից ազատ արձակես նրան, դատարկ չարձակես։

14 Նրան պարգևներ կտաս քո ոչխարներից, քո կալից և քո հնձանից։ Քո Տեր Աստվածն ինչով որ քեզ օրհնել է, կտաս նրան։

15 Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը փրկեց քեզ։ Դրա համար էլ այս բանն եմ պատվիրում քեզ այսօր։

16 Իսկ եթե քեզ ասի՝ “Դուրս չեմ գա քո մոտից”, որովհետև սիրում է քեզ ու քո տունը, քանի որ լավ է քեզ մոտ,

17 այն ժամանակ հերյունը կվերցնես ու դռան շեմին կծակես նրա ականջը, և նա հավիտյան ծառա կլինի քեզ։ Այդպես կանես նաև աղախնիդ։

18 Նրան քո մոտից ազատ արձակելը քո աչքին դժվար չերևա, որովհետև վեց տարի ծառայել է քեզ, որ մի վարձկանի վարձի կրկնապատիկն է, և քո Տեր Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր գործերում։

Արջառի և ոչխարի առաջնածինները

19 Քո արջառներից և հոտերից ծնված բոլոր արու առաջնածինները կնվիրաբերես քո Տեր Աստծուն։ Քո արջառների առաջնածինները գործի չլծես և քո առաջնածին ոչխարների բուրդը չխուզես։

20 Տարեցտարի դու և քո ընտանիքը կուտեք դրանք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ Տերը կընտրի։

21 Բայց եթե դրանց մեջ արատ լինի, կաղ կամ կույր լինեն, և կամ որևէ այլ վատ արատ, դրանք քո Տեր Աստծուն չզոհես։

22 Դրանք կուտես քո դռներում։ Անմաքուրն ու մաքուրը հավասարապեսկուտեն,ինչպեսուտում ենայծյամին ու եղջերուին։

23 Միայն թե դրա արյունը չուտես, այլ ջրի նման գետին կթափես այն»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 16

Զատիկը

1 «Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և զատիկը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։

2 Զատկի համար ոչխարներ ու արջառներ կմորթես քո Տեր Աստծուն այն վայրում, որ կընտրի Տերն իր անվան բնակության համար։

3 Դրա հետ թթխմորով հաց չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ նեղության հաց կուտես, որովհետև Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար, որպեսզի քո կյանքի բոլոր օրերին հիշես Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրը։

4 Քո երկրի բոլոր սահմաններում յոթ օր քեզ մոտ բնավ թթխմոր չերևա, և նախորդ օրվա երեկոյան քո մորթած մսից մինչև հաջորդ առավոտ բան թող չմնա։

5 Դու չես կարող զատիկը մորթել այն քաղաքներից մեկում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ իբրև բնակավայր,

6 այլ միայն այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հաստատվի այնտեղ։ Կմորթես զատիկը երեկոյան դեմ՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։

7 Կեփես, կուտես քո Տեր Աստծու ընտրած վայրում և առավոտյան կվերադառնաս քո վրանը։

8 Վեց օր բաղարջ հաց կուտես, իսկ յոթերորդ օրը քո Տեր Աստծու համար տոնախմբության օր կլինի. ոչ մի գործ չանես։

Հունձքի կամ Շաբաթների տոնը

9 Դու քեզ համար կհաշվես յոթ շաբաթ. մանգաղը գործի դնելու օրվանից կսկսես հաշվել յոթ շաբաթ։

10 Եվ քո Տեր Աստծու համար կկատարես Շաբաթների տոնը և քո կարողության չափով կտաս քո կամավոր նվերն ըստ այն օրհնության, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։

11 Դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին և ձեր մեջ բնակվող օտարականը, որբն ու որբևայրին կուրախանաք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածն իր անվան բնակության համար։

12 Հիշի՛ր, որ դու ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և զգուշությա՛մբ պահիր ու կատարի՛ր այդ կանոնները։

Տաղավարահարաց տոնը

13 Յոթ օր կկատարես Տաղավարահարաց տոնը, երբ հավաքես քո կալից և հնձանից։

14 Այդ տոնի ժամանակ կուրախանաք դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին, օտարականը, որբն ու որբևայրին։

15 Քո Տեր Աստծու համար յոթ օր տոն կատարելով՝ ուրախություն կանես այն վայրում, որ կընտրի Տերը. որովհետև քո Տեր Աստվածը կօրհնի քեզ և քո բոլոր բերքերն ու քո ձեռնարկած բոլոր գործերը։

16 Տարին երեք անգամ, այսինքն՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին արական սեռի քո բոլոր մարդիկ թող ներկայանան քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ նա կընտրի։Ոչ մեկըՏիրոջ առջև դատարկաձեռն չերևա։

17 Ամեն մարդ իր կարողության չափով թող տա՝ քո Տեր Աստծու՝ քեզ տված օրհնության համեմատ։

Արդարադատության օրենքներ

18 Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։

19 Չիրավազրկես, աչառություն չանես և կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և խեղաթյուրում արդարների խոսքերը։

20 Կհետևես միայն ու միայն արդարության, որպեսզի ողջ մնաս և ժառանգես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

21 Ոչ մի ծառից Աստարովթ չտնկես քո Տեր Աստծու սեղանի մոտ, որ շինելու ես քեզ համար։

22 Արձան էլ չկանգնեցնես քեզ համար, մի բան, որից զզվում է քո Տեր Աստվածը»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 17

1 «Քո Տեր Աստծու համար չզոհես ոչ մի արջառ կամ ոչխար, որի վրա լինի մի արատ կամ որևէ թերություն, որովհետև դա պիղծ է քո Տեր Աստծու համար։

2 Եթե քո Տեր Աստծու քեզ տված քաղաքներից մեկում ձեր մեջ գտնվի մի տղամարդ կամ կին, որ քո Տեր Աստծու առջև չար գործ կատարի, չպահի նրա ուխտը,

3 գնա պաշտի ուրիշ աստվածների, երկրպագի նրանց, այսինքն՝ արեգակին կամ լուսնին և կամ աստղերից որևէ մեկին, որ ես չեմ հրամայել,

4 և այդ բանը պատմվի քեզ, ու դու լսես, ապա խիստ քննություն կկատարես, և եթե տեսնես, որ դա ստույգ և ճշմարիտ է, որ Իսրայելում այդ պղծությունը կատարվել է,

5 այն ժամանակ այդ չար գործը կատարած տղամարդուն կամ կնոջը բերել կտաս քո քաղաքի դռներից դուրս, քարերով քարկոծել կտաս այդ տղամարդուն կամ կնոջը, որ նա մեռնի։

6 Մահապարտը պետք է մեռնի երկու կամ երեք հոգու վկայությամբ. մեկ վկայի վկայությամբ մահվան չպետք է դատապարտվի։

7 Առաջինը վկաների ձեռքը պետք է բարձրանա նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովրդի ձեռքը։Այդպիսովչարությունը ձեր միջից կվերացնես։

8 Եթե քաղաքներում արյունահեղության, դատական վճռի, պատճառված ծանր վերքի վերաբերյալ մի գործ դատելու համար շատ դժվար երևա քեզ, այսինքն՝ առիթ տա վեճերի, ապա վեր կկենաս և կգնաս քո Տեր Աստծու ընտրած վայրը։

9 Կգնաս ղևտացի քահանաների և այդ ժամանակի դատավորի մոտ ու կհարցնես, և նրանք քեզ կասեն դատարանի վճիռը։

10 Եվ կանես այդ վճռի համաձայն, որ նրանք ասացին քեզ Տիրոջ ընտրած վայրում։ Եվ զգուշությամբ կկատարես այն ձեզ տված նրանց ցուցումների համաձայն։

11 Կշարժվես ըստ այն օրենքի, որ նրանք կուսուցանեն քեզ, և ըստ այն դատաստանի, որ կծանուցեն քեզ. քեզ հայտնած նրանց խոսքից աջ և ձախ չշեղվես։

12 Բայց այն մարդը, որ հանդգնություն ցուցաբերելով չի լսի քո Տեր Աստծուն ծառայելու համար այնտեղ կանգնած այդ քահանային կամ դատավորին, այդ մարդը մահվամբ կպատժվի։Այդպիսովչարությունը կվերացնես Իսրայելից,

13 և ամբողջ ժողովուրդը լսելով կվախենա, և այլևս հանդգնություն չեն անի։

Օրենքներ թագավորի վերաբերյալ

14 Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, տիրես նրան և բնակվես նրա մեջ ու ասես՝ “Ինձ վրա թագավոր դնեմ իմ շուրջը գտնվող բոլոր ազգերի նման”,

15 անպատճառ քեզ վրա թագավոր կդնես նրան, որին կընտրի քո Տեր Աստվածը։ Քո եղբայրների՛ց քեզ վրա թագավոր կդնես. դու չես կարող քեզ վրա թագավոր դնել մի օտարականի, որ քո եղբայրը չէ։

16 Սակայն նա շատ ձիեր չունենա և ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս՝ ձիերը շատացնելու համար, որովհետև Տերը ձեզ ասել է. “Այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք”։

17 Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։

18 Բայց հենց որ նստի իր թագավորական գահին, թող գրի իր համար այս օրենքների պատճենն այն գրքից, որ ղևտացի քահանաների մոտ է։

19 Դա իր մոտ թող մնա, և այն կարդա իր կյանքի բոլոր օրերին, որպեսզի սովորի վախենալ իր Տեր Աստծուց, պահել այս օրենքի բոլոր խոսքերը և զգուշությամբ գործադրել այս կանոնները,

20 որ իր սիրտը չմեծամտանա իր եղբայրների վրա, և այս պատվիրաններից աջ ու ձախ չշեղվի, որպեսզի իր և իր որդիների թագավորությունը երկար տևի Իսրայելի մեջ»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 18

Քահանաների բաժինը

1 «Ղևտացի քահանաները՝ Ղևիի ամբողջ ցեղը, Իսրայելի հետ բաժին ու ժառանգություն չեն ունենա։ Նրանք պիտի ուտեն Տիրոջն արված զոհաբերություններն ու նրա ժառանգությունը։

2 Նրանք իրենց եղբայրների մեջ ժառանգություն չեն ունենա. նրանց ժառանգությունը Տերն ինքն է, ինչպես որ ասել է նրանց։

3 Այս կլինի քահանաների իրավունքը ժողովրդի կողմից և մատուցված զոհերի կողմից, դրանք լինեն արջառ, թե ոչխար։ Քահանային պետք է տրվի թիակը, ծնոտները և փորը։

4 Դու նրան պետք է տաս նաև քո ցորենի, գինու, յուղի երախայրիքը և քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը,

5 որովհետև քո Տեր Աստվածը բոլոր ցեղերի միջից նրան է ընտրել, որպեսզի նա և նրա որդիները մշտապես կանգնեն ծառայություն անելու Տիրոջ անունով։

6 Երբ մի ղևտացի դուրս գա քո քաղաքներից մեկից, այսինքն՝ այն վայրից, ուր նա պանդխտել է Իսրայելում, և ըստ իր սրտի մեծ փափագի գա Տիրոջ ընտրած վայրը,

7 ապա Տիրոջ առջև այնտեղ կանգնած իր բոլոր ղևտացի եղբայրների նման կծառայի իր Տեր Աստծու անունով։

8 Նա թող ստանա նրանց սննդաբաժնին հավասար սննդաբաժին, բացի իր հայրենական ունեցվածքի վաճառքից ստացած եկամուտներից։

Զգուշացում կռապաշտության փորձերի դեմ

9 Երբ մտնես քո Տեր Աստծու քեզ տված երկիրը, չհետևես այդ ազգերի գարշելի սովորույթներին։

10 Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա,

11 նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ,

12 որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։

13 Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես,

14 որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին և կախարդներին. բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս։

15 Քո Տեր Աստվածը քո եղբայրների միջից ինձ նման մի մարգարե մեջտեղ պիտի հանի քեզ համար. նրա՛ն լսեք.

16 ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։

17 Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Լավ է, ինչ որ նրանք ասում են.

18 ես քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանեմ նրանց համար իրենց եղբայրների միջից և իմ խոսքերը կդնեմ նրա բերանը. նա նրանց կասի այն, ինչ որ կպատվիրեմ նրան։

19 Եվ այն մարդը, որ չլսի իմ խոսքերը, որ նա կասի իմ անունից, ես այդ մարդուցհաշիվկպահանջեմ։

20 Իսկ այն մարգարեն, որ կհանդգնի իմ անունից խոսք ասել, որ ես չեմ պատվիրել նրան ասել, կամ օտար աստվածների անունից մի բան խոսի, այդ մարգարեն պետք է մեռնի”։

21 Եթե քո սրտի մեջ ասես՝ “Ինչպե՞ս իմանանք այն խոսքը, որ Տերը չի ասել”,

22 եթե այդ մարգարեն Տիրոջ անունից մի բան ասի, և այդ բանը չկատարվի, ուրեմն դա Տիրոջ ասած խոսքը չէ. մարգարեն հանդգնությամբ է ասել դա։ Նրանից չվախենաս»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 19

Ապաստանի քաղաքներ

1 «Երբ քո Տեր Աստվածը բնաջնջի այն ազգերին, որոնց երկիրը քո Տեր Աստվածը տալու է քեզ, երբ դու քշես նրանց և բնակվես նրանց քաղաքներում ու տներում,

2 քեզ համար երեք քաղաք կառանձնացնես քո երկրում, որը քո Տեր Աստվածը կտա քեզ իբրև ժառանգություն։

3 Քեզ համար ճանապարհ կպատրաստես և երեքի կբաժանես քո Տեր Աստծու քեզ տված ժառանգության երկիրը, որտեղ մեկական քաղաք լինի, որպեսզի ամեն մարդասպան այնտեղ փախչի։

4 Այս է ողջ մնալու համար այնտեղ փախչող մարդասպանիմասինօրենքը. նա, ով զարկի և ակամա սպանի իր մերձավորին՝ առանց նախապես թշնամություն ունենալու նրա նկատմամբ.

5 մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի,

6 որպեսզի արյան վրեժխնդիր եղողը, որի սիրտը այրվել է, մարդասպանի ետևից չընկնի և ճանապարհի հեռու լինելու պատճառով նրան հասնի և սպանի նրան, թեպետ նա արժանի չլինի մահվան, քանի որ նախապես թշնամություն չուներ նրա նկատմամբ։

7 Դրա համար էլ ես քեզ պատվիրում և ասում եմ, որ երեք քաղաք առանձնացնես քեզ համար։

8 Եթե քո Տեր Աստվածն ընդարձակի քո սահմանները, ինչպես երդվել էր քո հայրերին, և քեզ տա այդ ամբողջ երկիրը, որ խոստացել էր տալ քո հայրերին,

9 և եթե դու պահես այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որ սիրես քո Տեր Աստծուն և միշտ ընթանաս նրա ճանապարհներով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ուրիշ երեք քաղաքներ ևս,

10 որպեսզի անմեղ արյուն չթափվի քո Տեր Աստծու քեզ ժառանգություն տված երկրում, և որ դու արյունապարտ չլինես։

11 Բայց եթե մի մարդ ոխ ունենա իր մերձավորի հանդեպ, դարանամուտ լինի և վեր կենա նրա դեմ և հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը,

12 ապա նրա քաղաքի ծերերըթող մարդուղարկեն, և սրանք վերցնեն նրան այնտեղից ու հանձնեն արյան վրեժխնդիր եղողի ձեռքը, որ նա մեռնի։

13 Դու նրան չպետք է խնայես. Իսրայելի միջից պիտի վերացնես անմեղ արյան թափվելը, որպեսզի լավ լինի քեզ համար։

Հին կալվածքի սահմաններ

14 Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։

Վկաների մասին

15 Որևէ անօրենության և մեղքի համար միայն մեկ վկա չպետք է կանգնի մի մարդու դեմ, ինչպիսին էլ լինի նրա գործած մեղքը.այլերկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվիայդբանը։

16 Եթե մի սուտ վկա վեր կենա մի մարդու դեմ և նրա մասին վկայություն տա նրա անօրենության համար,

17 ապա այդ երկու մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների և դատավորների առաջ,

18 և դատավորները պետք է լավ քննեն. եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է և սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ,

19 այն ժամանակ նրա հետ կվարվեք այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։Այդպիսովչարությունը կվերացնես քո միջից։

20 Մյուսները կլսեն ու կվախենան, և այլևս այդպիսի չար բան չի կատարվի ձեր մեջ։

21 Չխնայես նրան. անձի դիմաց՝ անձ, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք»։

Categories
Բ ՕՐԵՆՔ

Բ ՕՐԵՆՔ 20

Պատերազմի մասին

1 «Եթե քո թշնամիների դեմ պատերազմի ելնես և տեսնես ձիեր ու կառքեր և քեզանից շատ մի ժողովուրդ, չվախենաս նրանցից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից։

2 Երբ մոտենաք պատերազմելու, թող քահանան մոտենա և խոսի ժողովրդի հետ

3 ու ասի նրանց. “Լսի՛ր, Իսրայե՛լ, դուք այսօր մոտեցել եք պատերազմելու ձեր թշնամիների դեմ. ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք, մի՛ դողացեք նրանց դիմաց,

4 որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի ձեր թշնամիների դեմ և օգնի ձեզ”։

5 Զինվորական պաշտոնյաները թող խոսեն ժողովրդի հետ և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ նոր տուն է կառուցել և դրա նավակատիքը չի արել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ կատարի նավակատիքը։

6 Ո՞վ է այն մարդը, որ այգի է տնկել և այն չի վայելել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ վայելի այն։

7 Ո՞վ է այն մարդը, որ նշանվել է կնոջ հետ և նրան չի առել. թող ետ դառնա, գնա իր տունը. միգուցե պատերազմում սպանվի, և մի ուրիշ մարդ առնի նրան”։

8 Զինվորական պաշտոնյաները թող շարունակեն իրենց խոսքը և ասեն. “Ո՞վ է այն մարդը, որ վախկոտ ու թուլասիրտ է. թող ետ դառնա, գնա իր տունը, որպեսզի չթուլացնի իր եղբայրների սիրտը իր սրտի նման”։

9 Երբ զինվորական պաշտոնյաները վերջացնեն իրենց խոսքը ժողովրդի առաջ, այն ժամանակ թող զորապետներ նշանակեն ժողովրդի վրա։

10 Երբ մոտենաս մի քաղաքի՝ պատերազմելու նրա դեմ, նրան խաղաղության կոչիր։

11 Եթե խաղաղությա՛ն պատասխան տա քեզ ևիր դռներըբաց անի քո առջև, ապա այդ քաղաքում գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու կլինի քեզ և քեզ կծառայի։

12 Իսկ եթե չընդունի քո խաղաղության հրավերը և պատերազմի քո դեմ, ապա կպաշարես այն,

13 և քո Տեր Աստվածն այն քո ձեռքը կմատնի, և դու սրի կքաշես նրա բոլոր տղամարդկանց։

14 Բայց կանանց, երեխաներին ու անասուններին և ինչ որ կա այդ քաղաքում, դրա ամբողջ ավարը կվերցնես քեզ համար. և կուտես քո Տեր Աստծու՝ քո ձեռքը մատնած թշնամիներիդ ամբողջ ավարը։

15 Այդպես կվարվես այն բոլոր քաղաքների հետ, որոնք քեզանից շատ հեռու են, և որոնք այս ազգերի քաղաքներից չեն։

16 Սակայն քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված այս ազգերի քաղաքներում ոչ մի շունչ ունեցողի ողջ չթողնես,

17 այլ բնաջինջ կանես քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին, ինչպես որ քո Տեր Աստվածը պատվիրել է քեզ,

18 որպեսզի ձեզ չսովորեցնեն ընդօրինակել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, և որպեսզի դուք մեղք չգործեք ձեր Տեր Աստծու առաջ։

19 Երբ մի քաղաք երկար ժամանակ պաշարես՝ նրա դեմ պատերազմելու, այն գրավելու համար, դրա ծառերը կացնահարելով չփչացնես, որովհետև դրանցից պիտի ուտես. ուրեմն չկտրես դրանք. որովհետև դաշտում գտնվող ծառը մի՞թե մարդ է, որ քո կողմից պաշարման մեջ լինի։

20 Բայց այն ծառերը, որոնք գիտես, թե ուտելու պիտանի պտուղ չեն տալիս, կարող ես փչացնել և կտրել.դրանցովպատնեշ կկառուցես քո դեմ պատերազմող քաղաքի դիմաց, մինչև որ այն նվաճվի»։