Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1

1 Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ. նրա Տեր Աստվածը նրա հետ էր և նրան շատ բարձրացրեց։

Սողոմոն թագավորը իմաստություն է խնդրում

2 Սողոմոնը խոսեց բոլոր իսրայելացիների՝ հազարապետների, հարյուրապետների, դատավորների և ամբողջ Իսրայելի բոլոր տոհմապետների հետ։

3 Սողոմոնը և նրա հետ հավաքված ամբողջ ժողովուրդը գնացին Գաբավոնի բարձր տեղը, որովհետև այնտեղ էր Աստծու ժողովի վրանը, որ Տիրոջ ծառա Մովսեսը շինել էր անապատում։

4 Միայն թե Դավիթն Աստծու տապանակը Կարիաթարիմից վեր էր տարել դրա համար իր պատրաստած տեղը, որովհետև Երուսաղեմում Դավիթը մի վրան էր կանգնեցրել դրա համար։

5 Իսկ պղնձե զոհասեղանը, որ շինել էր Ովրի որդու Ուրիի որդի Բեսելիելը, գտնվում էր այնտեղ՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու հավաքված ամբողջ ժողովուրդը այցելեցին նրան։

6 Սողոմոնը բարձրացավ այնտեղ՝ Տիրոջ առաջ, և ժողովի վրանում գտնվող պղնձե զոհասեղանի վրա հազար ողջակեզ մատուցեց։

7 Այդ գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»։

8 Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հորը՝ Դավթին, և ինձ թագավոր դարձրիր նրա տեղը։

9 Արդ, ո՛վ Տեր Աստված, թող հաստատ մնա իմ հորըտվածքո խոստումը, որովհետև դու ինձ թագավոր արեցիր երկրի փոշու չափ շատ մի ժողովրդի վրա։

10 Ուրեմն ինձ իմաստություն և գիտությո՛ւն տուր, որ այս ժողովրդին առաջնորդեմ, որովհետև ո՞վ կկարողանա կառավարել քո այս մեծ ժողովրդին»։

11 Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում եղածը, և դու չխնդրեցիր հարստություն, ստացվածք, փառք, ո՛չ քո թշնամիների կյանքը և ո՛չ էլ երկար օրեր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստություն և գիտություն, որպեսզի կառավարես իմ ժողովրդին, որի վրա ես քեզ թագավոր արեցի,

12 քեզ տրվում է իմաստություն և գիտություն. բայց քեզ պիտի տամ նաև հարստություն, ստացվածք և պատիվ, որպիսին քեզանից առաջ եղած թագավորները չեն ունեցել, և քեզանից հետո եկողներն էլ չեն ունենա»։

13 Սողոմոնը Գաբավոնի բարձր տեղից՝ ժողովի վրանի առջևից, վերադարձավ Երուսաղեմ և թագավորեց Իսրայելի վրա։

Սողոմոնի զորությունն ու հարստությունը

14 Սողոմոնը հավաքեց մարտակառքեր ու ձիավորներ։ Նա ունեցավ հազար չորս հարյուր մարտակառք և տասներկու հազար ձիավոր։ Նա դրանք դրեց մարտակառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։

15 Թագավորը արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարերի պես դարձրեց, իսկ եղևնափայտն այնքան առատ, որքան դաշտում աճող մոլաթզենիները։

16 Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից, և թագավորի վաճառականների քարավանը գնում և դրանք բերում էր երամակով՝ ծախուառած։

17 Եգիպտոսից մեկ մարտակառքը դուրս էին հանում վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսունարծաթով։Այսպես նրանց միջոցով դրանք դուրս էին բերվում նաև քետացիների բոլոր թագավորների և ասորիների բոլոր թագավորների համար։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2

Տաճարի շինարարության պատրաստությունը

1 Սողոմոնը հրամայեց, որ մի տուն կառուցեն Տիրոջ անվան համար և մի թագավորական տուն՝ իր համար։

2 Սողոմոնը հավաքեց յոթանասուն հազար բեռնակիր, լեռներում քար կտրող ութսուն հազար մարդ և նրանց վրա վերակացուներ՝ երեք հազար վեց հարյուր հոգի։

3 Սողոմոնըմարդուղարկեց Տյուրոսի թագավոր Քիրամի մոտ՝ ասելով. «Արա՛ ինձ համար, ինչպես որ արեցիր իմ հայր Դավթի համար, որին եղևնափայտ ուղարկեցիր, որպեսզի իր համար մի տուն կառուցի բնակության համար։

4 Ահա ես իմ Տեր Աստծու անվան համար մի տուն եմ կառուցում, որ նվիրաբերեմ նրան, նրա առաջ անուշահոտ խունկ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար և առավոտ ու երեկո, շաբաթ օրերին, ամսագլուխներին և մեր Տեր Աստծու տոներին ողջակեզներմատուցելունրան. սա Իսրայելի վրա դրված հավիտենական պարտավորություն է։

5 Այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ էլինելու,որովհետև մեծ է մեր Աստվածը բոլոր աստվածներից։

6 Եվ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրան։ Ո՞վ եմ ես, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն խունկ ծխելումի տեղ կշինեմնրա առաջ։

7 Արդ, ինձ համար մի ճարտար մա՛րդ ուղարկիր, որ կարողանա գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով և ծիրանագույն, կարմիր, կապուտակ գործվածքներով, որ իմանա քանդակներ անել այն վարպետների հետ, որոնք ինձ մոտ են՝ Հուդայիերկրումև Երուսաղեմում, որոնց իմ հայրը՝ Դավիթն է պատրաստել։

8 Ինձ համար Լիբանանից ուղարկի՛ր նաև եղևնափայտ, մայրու փայտ և ալմուգ փայտեր, որովհետև ես գիտեմ, որ քո ծառաները լավ գիտեն Լիբանանի փայտերը կտրել։ Ահա իմ ծառաները թող քո ծառաների հետ աշխատեն։

9 Ինձ համար թող շատ փայտ պատրաստեն, որովհետև այն տունը, որ ես կառուցելու եմ, մեծ և շքեղ պիտի լինի։

10 Փայտ կտրող քո այդ գործավորներին, քո ծառաներին կտամ քսան հազար քոռ ծեծած ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար մար գինի և քսան հազար մար ձեթ»։

11 Տյուրոսի թագավոր Քիրամը պատասխանեց նամակով ևայնուղարկեց Սողոմոնին. «Տերն իր ժողովրդին սիրելով քեզ թագավոր է կարգել նրանց վրա»։

12 Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։

13 Արդ, քեզ մոտ եմ ուղարկում ճարտար և խելացի մի մարդու՝ Քիրամ-Աբիին։

14 Նա Դանի դուստրերից մի կնոջ որդին է, և նրա հայրը մի տյուրացի է, որ գիտեր գործեր անել ոսկով, արծաթով, պղնձով, երկաթով, քարերով, փայտերով և ծիրանագույն, կապուտակ, կարմիր գործվածքներով ու բեհեզով, ամենտեսակքանդակներ անել, քո վարպետների և քո հայր Դավթի՝ իմ տիրոջ վարպետների հետ մշակել ամեն ծրագիր, որ կհանձնարարվի իրեն։

15 Եվ հիմա այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որոնց մասին խոսել է իմ տերը, թող ուղարկի իր ծառաներին։

16 Իսկ մենք Լիբանանից կկտրենք քեզ պետք եղած բոլոր փայտերը և ծովի վրայով դրանք լաստերով կբերենք Հոպպե՝ քեզ մոտ, իսկ դու դրանք կբարձրացնես Երուսաղեմ»։

Տաճարի շինարարությունը սկսվում է

17 Սողոմոնը հաշվեց Իսրայելի երկրում գտնվող բոլոր օտարազգի մարդկանց իր հայր Դավթի հաշվելուց հետո, և նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։

18 Նրանցից յոթանասուն հազարին նշանակեց որպես բեռնակիրներ, ութսուն հազարին՝ լեռներումքարկտրողներ և երեք հազար վեց հարյուրին՝ որպես վերակացուներ, որպեսզի աշխատեցնեն ժողովրդին։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 3

1 Հետո Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, ուրՏերըերևացել էր նրա հորը՝ Դավթին, այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր հեբուսացի Ոռնայի կալում։

2 Նա սկսեց այն կառուցել իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսի երկուսին։

3 Ահա Սողոմոնիդրածհիմքը Աստծու տունը կառուցելու համար. դրա երկարությունը նախկին չափով վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։

4 Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։

5 Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։

6 Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով. իսկ ոսկին Փարուիմի ոսկի էր։

7 Տան գերանները, դռան սյուները, դրա պատերն ու դռները պատեց ոսկով և պատերին քերովբեներ քանդակեց։

8 Նա շինեց նաև սրբությունների սրբության սրահը. դրա երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, դրա լայնությունն էլ՝ քսան կանգուն։ Նա այն պատեց վեց հարյուր տաղանդ մաքուր ոսկով։

9 Մեխերի կշիռը մինչև հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատները նույնպես պատեց ոսկով։

10 Սրբությունների սրբության մեջ երկու քանդակազարդ քերովբեներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով։

11 Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և դիպչում էր մյուս քերովբեի թևին։

12 Մյուսքերովբեի մեկ թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևն էլ՝ հինգ կանգուն և կցված էր մյուս քերովբեի թևին։

13 Այս քերովբեների տարածված թևերը քսան կանգուն էին. դրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, և դրանց դեմքերը դարձած էին դեպի տունը։

14 Նավարագույրը պատրաստեց կապուտակ, ծիրանագույն, կարմիր գործվածքներից ու բեհեզից և դրա վրա հյուսեց քերովբեներ։

Պղնձե երկու սյուները

15 Տան առջև երկու սյուներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն երկարությամբ, որոնց ամեն մեկի գլխի խոյակը հինգ կանգուն էր։

16 Նա սրբությունների սրբության մեջ եղածի նման շղթաներ պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին և հարյուր նուռ սարքեց ու անցկացրեց շղթաներին։

17 Սյուները կանգնեցրեց տաճարի առաջ՝ մեկը աջ կողմում, մյուսը ձախ կողմում. աջ կողմինը կոչեց Հաքին, իսկ ձախ կողմինը՝ Բոոզ։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4

Տաճարի համար պատրաստություն

1 Պղնձե զոհասեղան պատրաստեց, որի երկարությունը քսան կանգուն, լայնությունը քսան կանգուն և բարձրությունը տասը կանգուն էր։

2 Նա շինեց ձուլածո ավազանը, որի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը տասը կանգուն էր։ Այն բոլորաձև էր, ուներ հինգ կանգուն բարձրություն. նրա շրջագիծը երեսուն կանգուն էր։

3 Նրա տակ շուրջանակի կային եզների նմանություններ, մեկ կանգունի վրա՝ տասը եզ, որոնք շրջապատում էին ավազանը։ Եզները երկու շարք էին. նրանք ձուլված էին ավազանի ձուլվելու ժամանակ։

4 Այն կանգնած էր տասներկու եզների վրա, որոնցից երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք։ Ավազանը վերևից դրանց վրա էր, և դրանց բոլորի հետևի կողմերը ուղղված էին դեպի ներս։

5 Նրա հաստությունը մեկ թիզ էր, և նրա եզրը, որ նման էր բաժակի եզրին, ձևավորված էր շուշան ծաղկի նմանությամբ։ Պարունակությունը երեք հազար մար էր։

6 Նա պատրաստեց տասը լվացվելու տաշտ. հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ կողմում՝ դրանց մեջ լվացումներ կատարելու համար։ Ողջակեզի տարբեր մասերը դրանց մեջ էին լվանում, իսկ ավազանը քահանաներիհամար էր,որ լվացվեն մեջը։

7 Նա պատրաստեց տասը ոսկե աշտանակներ՝ ըստ սահմանված օրինակի, և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ։

8 Նա պատրաստեց տասը սեղան և դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ. նաև պատրաստեց հարյուր ոսկե կոնքեր։

9 Նա պատրաստեց քահանաների գավիթը, մեծ սրահն ու սրահի դռները և դրանց փեղկերը պատեց պղնձով։

10 Նա ավազանը տեղադրեց աջ կողմում՝ դեպի հարավ-արևելյան կողմը։

11 (Քիրամը) պատրաստեց կաթսաները, թիակներն ու կոնքերը։ Քիրամն ավարտեց այն ամբողջ գործը, որ կատարեց Սողոմոն թագավորի համար Աստծու տան համար.

12 այն է՝երկու սյուներն ու գնդաձև խոյակներն այդ երկու սյուների գլուխներին, երկու ցանցերը՝ ծածկելու համար այն երկու գնդաձև խոյակները, որոնք սյուների գլխին էին,

13 չորս հարյուր նռները այդ երկու ցանցերի համար՝ ամեն մի ցանցի համար նռների երկու շարք, որպեսզի ծածկեն սյուների գլխին եղող երկու գնդաձև խոյակները,

14 տասը խարիսխներն ու խարիսխների վրա դրված ավազանները,

15 մեկ ծովն ու դրա տակ գտնվող տասներկու եզները,

16 կաթսաները, թիակները, մսահան պատառաքաղներն ու այն բոլոր անոթները, որ Քիրամ-Աբին պատրաստեց փայլուն պղնձից Սողոմոն թագավորի հրամանով Տիրոջ տան համար։

17 Թագավորը դրանք ձուլել տվեց Հորդանան գետի հովտում, թանձր հողի մեջ, Սոկքովթի և Սարեդայի միջև։

18 Սողոմոնն այս բոլոր անոթները պատրաստեց խիստ մեծ քանակությամբ, այնպես որ հնարավոր չեղավ որոշել պղնձի կշիռը։

19 Սողոմոնը պատրաստեց Աստծու տան բոլոր պիտույքները, ոսկե զոհասեղանը և այն սեղանները, որոնց վրադրվում էրառաջավորության հացը,

20 մաքուր ոսկե աշտանակներն ու դրանց ճրագները, որոնք ըստ սահմանված օրինակի պետք է վառվեին սրբարանի դիմաց,

21 նաև ծաղիկները, ճրագները, ունելիները, որոնք ոսկուց, շատ մաքուր ոսկուց էին,

22 պատրույգի կտրիչները, տաշտերը, տուփերը և բուրվառները՝ մաքուր ոսկուց, նաև տան դռները՝ սրբությունների սրբության ներսի դռան փեղկերն ու տաճարի տան դռները, բոլորը ոսկուց էին։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5

1 Երբ ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար, Սողոմոնը բերեց իր հայր Դավթի նվերները՝ արծաթը, ոսկին ու բոլոր անոթներտ, դրեց Աստծու տան գանձարանում։

Ուխտի տապանակը բերվում է տաճար

2 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի ծերերին, ցեղերի բոլոր իշխաններին ու իսրայելացիների տոհմապետներին, որ Տիրոջ ուխտի տապանակը տանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։

3 Իսրայելի բոլոր տղամարդիկ հավաքվեցին թագավորի մոտ՝ յոթերորդ ամսի տոնը կատարելու համար։

4 Երբ Իսրայելի բոլոր ծերերը եկան, ղևտացիները վերցրին տապանակը։

5 Նրանք տարան տապանակը, ժողովի վրանն ու վրանում եղած բոլոր սուրբ անոթները։ Քահանաներն ու ղևտացիները տարան դրանք։

6 Սողոմոն թագավորն ու Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը, որոնք հավաքվել էին նրա մոտ, անթիվ-անհամար ոչխարներ ու եզներ էին զոհում տապանակի առջև։

7 Քահանաները Տիրոջ ուխտի տապանակը բերեցին դրեցին իր տեղը՝ տան սրբարանում, սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։

8 Քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա և վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։

9 Ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սուրբ տեղից՝ սրբությունների սրբության առջևից, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մինչև այսօր։

10 Տապանակի մեջ ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որ Մովսեսը տվեց Քորեբում, երբ Տերը ուխտ արեց Իսրայելի որդիների հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ։

Տիրոջ փառքը

11 Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (որովհետև այնտեղ գտնվող բոլոր քահանաները սրբագործվել էին առանցիրենցդասը պահպանելու),

12 և բոլոր ղևտացի երգիչները՝ Ասափը, Եմանը, Իդիթունը և նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզներ հագած, ծնծղաներով, տավիղներով և քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում. նրանց հետ նաև հարյուր քսան քահանաներ, որոնք փողեր էին հնչեցնում։

13 Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով,

14 և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6

Սողոմոնը խոսում է ժողովրդի հետ

1 Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասաց, որ ինքը մառախուղի մեջ է բնակվում.

2 բայց ես քեզ համար բնակվելու վեհաշուք տուն կառուցեցի, մի տեղ, որ դու հավիտյան բնակվես»։

3 Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդին։ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը կանգնած էր։

4 Նա ասաց. «Օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որն ինչ որ ասաց իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով՝ ասելով.

5 “Այն օրվանից, երբ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից որևէ քաղաք չընտրեցի տուն կառուցելու համար, որպեսզի իմ անունն այնտեղ լինի, և որևէ մարդու չընտրեցի, որպեսզի առաջնորդ լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա,

6 այլ Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի իշխան լինի”։

7 Իմ հայր Դավիթը մտադրվել էր, որ Իսրայելի Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցի։

8 Բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ դու մտադրվել էիր, որ իմ անվան համար տուն կառուցես, լավ ես արել, որ այդ բանը դրել ես քո սրտում։

9 Միայն թե դու չէ, որ պիտի կառուցես տունը, այլ՝ քեզնից ծնված քո որդին. նա՛ պիտի կառուցի իմ անվան համար տունը”։

10 Տերը կատարեց իր ասած խոսքը, և ես բարձրացա իմ հայր Դավթի տեղն ու նստեցի Իսրայելի գահին, ինչպես որ ասել էր Տերը, և ես կառուցեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար տունը։

11 Ես տապանակը դրեցի այնտեղ, որի մեջ է գտնվում Տիրոջ ուխտը, որ նա կնքեց Իսրայելի որդիների հետ»։

Սողոմոնի աղոթքը

12 Ապա Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առջև, Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի դիմաց և տարածեց իր ձեռքերը։

13 (Որովհետև Սողոմոնը պղնձե մի ամբիոն էր պատրաստել և այն դրել գավթի մեջտեղում. դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, բարձրությունը՝ երեք կանգուն)։ Նա կանգնեց դրա վրա, ծնկի եկավ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի առաջ և իր ձեռքերը մեկնեց դեպի երկինք։

14 Նա ասաց. «Ո՛վ տեր Աստված Իսրայելի, քեզ նման Աստված չկա երկնքում և երկրի վրա. ուխտ ու ողորմություն ես դու պահում քո առաջ ամբողջ սրտով ընթացող ծառաներիդ համար։

15 Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված քո այն խոսքը, որ նրան ասացիր. ինչ որ ասել էիր քո բերանով, այսօր կատարեցիր քո ձեռքով։

16 Եվ հիմա, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր այն, ինչ որ խոստացար քո ծառա Դավթին՝ իմ հորը՝ ասելով. “Իմ առաջ Իսրայելի գահի վրա նստող մարդ չի պակասի քեզանից, միայն թե քո որդիները պահեն իրենց ճանապարհը, որ ընթանան իմ օրենքի համաձայն, ինչպես որ դու ընթացար իմ առաջ”։

17 Արդ, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, թող հաստատվի քո խոսքը, որ ասացիր քո ծառա՝ իմ հայր Դավթին։

18 Բայց իրոք Աստված կբնակվի՞ մարդկանց հետ երկրի վրա։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել քեզ, էլ ո՜ւր մնաց իմ կառուցած այս տունը։

19 Սակայն, ո՛վ իմ Տեր Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին ու նրա աղերսանքին, լսի՛ր այն պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան աղոթում է քո առաջ,

20 որպեսզի քո աչքերը գիշեր ու ցերեկ բաց լինեն այս տան վրա, այն տեղի վրա, որի համար ասացիր, թե այնտե՛ղ պիտի լինի քո անունը, որպեսզի լսես այն աղոթքը, որ ծառադ աղոթում է այստեղ։

21 Լսի՛ր քո ծառայի ու Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ նրանք մատուցում են այս տեղում։ Լսի՛ր դու քո բնակության տեղից՝ երկնքից, և երբ լսես, ների՛ր։

22 Եթե մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի երդում անել, որպեսզի երդվեցնի նրան, և գա ու երդում անի քո սեղանի առաջ այս տանը,

23 այն ժամանակ դու լսի՛ր նրան երկնքից, կատարի՛ր քո ծառաների դատը, որպեսզի հանցավորին իր հատուցումը տաս և նրա արարքը իր գլխին թափես, իսկ արդարին արդարացնես և հատուցես իր արդարության համեմատ։

24 Եթե Իսրայելի քո ժողովուրդը քո դեմ մեղանչելու պատճառով պարտվիիրթշնամու առաջ և ապա դառնա դեպի քեզ, փառք տա քո անվանը և աղոթի ու աղերսի քո առջև այս տանը,

25 այն ժամանակ դու լսի՛ր երկնքից ու ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց ու նրանց հայրերին։

26 Երբ երկինքը փակվի, ու անձրև չգա քո դեմ նրանց գործած մեղքերի պատճառով, և նրանք աղոթք անեն՝ դեպի այս տեղը դարձած, և փառք տան քո անվանն ու դառնան իրենց մեղքերից, քանի որ դու նեղել ես նրանց,

27 այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, սովորեցրո՛ւ նրանց բարի ճանապարհը, որով պետք է գնան, և անձրև՛ պարգևիր քո երկրին, որ տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։

28 Երբ սով լինի երկրի վրա, ժանտախտ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, կամ երբ նրանց թշնամիները նեղեն իրենց բնակած քաղաքներում, կամ որևէ հարված լինի կամ հիվանդություն,

29 երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մեկը որևիցե աղոթք և աղերսանքմատուցի,և ամեն մարդ, իմանալով իր ցավն ու իր հիվանդությունը, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը,

30 այն ժամանակ դու երկնքից՝ քո բնակության տեղից, լսի՛ր ու ների՛ր և տո՛ւր այդ մարդուն իր բոլոր ճանապարհների համեմատ, որ ճանաչել ես նրա սիրտը (որովհետև դո՛ւ միայն գիտես մարդկանց որդիների սիրտը),

31 որպեսզի վախենան քեզանից և գնան քո ճանապարհներով բոլոր այն օրերին, որ կապրեն այս երկրում, որ դու տվել ես մեր հայրերին։

32 Նաև այն օտարականն էլ, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, հեռու երկրից գա քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի և քո մեկնած բազկի պատճառով, երբ գա և աղոթք անի այս տանը,

33 այն ժամանակ դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, և արա՛ այն օտարականին այն ամենը, ինչ նա կխնդրի քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, վախենան քեզանից, ինչպես Իսրայելի քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչված իմ կառուցած այս տունը։

34 Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու նրանց կուղարկես, և երբ նրանք աղոթք անեն քեզ՝ դառնալով դեպի քո այս ընտրած քաղաքն ու այս տունը, որ ես կառուցել եմ քո անվան համար,

35 այն ժամանակ լսի՛ր երկնքից նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։

36 Երբ նրանք մեղանչեն քո դեմ (որովհետև չկա մարդ, որ չմեղանչի), և դու բարկանաս նրանց վրա ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և նրանց գերեվարողները նրանց գերի տանեն հեռավոր կամ մոտիկ երկիր,

37 և սրտանց զղջան այն երկրում, ուր գերի են տարվել, դարձի գան ու քեզ աղերսեն իրենց գերության երկրում՝ ասելով՝ “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”,

38 և իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում, ուր նրանց գերի են տարել, և նրանք աղոթեն՝ նայելով դեպի այն երկիրը, որ դու տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որ դու ընտրեցիր, և դեպի այս տունը, որ ես կառուցեցի քո անվան համար,

39 այն ժամանակ լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո ժողովրդին, որ մեղանչել է քո դեմ։

40 Այժմ, ո՛վ իմ Աստված, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները լսեն այստեղ արված աղոթքը։

41 Արդ, Տե՛ր Աստված, վե՛ր գնա քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը ելե՛ք և եկե՛ք ձեր հանգստյան տեղը։ Քո քահանաները, ո՛վ Տեր Աստված, փրկություն թող հագնեն, և քո սրբերն ուրախանան քո բարությամբ։

42 Ո՛վ Տեր Աստված, մի՛ մերժիր քո օծյալին, հիշի՛ր քո ծառա Դավթինխոստացածքո ողորմությունները»։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7

Տաճարին արված ընծայաբերումները

1 Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։

2 Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։

3 Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ասելով,թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։

4 Ապա թագավորն ու ամբողջ ժողովուրդը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։

5 Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։

6 Քահանաները կանգնած էին իրենց համար որոշված տեղում, և ղևտացիները նրանց դիմաց նվագում էին Տիրոջ նվագարաններով, որ Դավիթ թագավորը շինել էր Տիրոջը գովաբանելու համար, թե՝ «Հավիտյան է նրա ողորմությունը». Դավիթը նրանց միջոցով օրհներգում էր Տիրոջը։ Քահանաները նրանց դիմաց հնչեցնում էին փողերը, և ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։

7 Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը, որովհետև այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե զոհասեղանը, որ Սողոմոնը շինել էր, չէր կարող պարունակել ողջակեզները, հացի ընծաներն ու ճարպը։

8 Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը շատ մեծ բազմությամբ յոթ օր տոն կատարեցին Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը։

9 Ութերորդ օրը մեծ ժողով արեցին, որովհետև յոթ օր զոհասեղանի նավակատիքն արեցին և յոթ օր էլ՝ տոնը։

10 Յոթերորդ ամսի քսաներեքերորդ օրըՍողոմոննարձակեց ժողովրդին իրենց վրանները՝ ուրախացած և զվարթ սրտով այն բարիքների համար, որ Տերն արել էր Դավթին, Սողոմոնին և Իսրայելի իր ժողովրդին։

Աստված կրկին երևում է Սողոմոնին

11 Այսպես Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և թագավորի տան կառուցումը, և ամեն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր անել Տիրոջ տանն ու թագավորի տանը, հաջողությամբ կատարվեցին։

12 Տերը գիշերը երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այս տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերության տուն։

13 Եթե ես փակեմ երկինքը, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի երկիրը, եթե ժանտախտ ուղարկեմ իմ ժողովրդին,

14 և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

15 Արդ իմ աչքերը բաց և իմ ականջները լսող կլինեն այստեղի աղոթքին։

16 Արդ, ես ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունն այստեղ լինի հավիտյան, և իմ աչքերն ու իմ սիրտն այստեղ լինեն ամեն ժամանակ։

17 Եվ դու էլ, եթե իմ առջևից գնաս, ինչպես գնաց քո հայր Դավիթը, և անես այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, ու պահես իմ կանոններն ու հրահանգները,

18 այն ժամանակ քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես որ ուխտեցի քո հայր Դավթին՝ ասելով. “Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասի քեզանից”։

19 Բայց եթե դուք ետ դառնաք և թողնեք իմ կանոններն ու պատվիրանները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք պաշտեք ուրիշ աստվածների ու երկրպագեք նրանց,

20 ապա ես նրանց (իսրայելացիներին) կպոկեմ այն երկրից, որ տվեցի ձեզ,և այս տունը, որ ես սրբագործել եմ իմ անվան համար, դեն կգցեմ և այն առակ ու խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։

21 Եվ ով որ անցնի այս վեհաշուք տան մոտով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այսպես արեց այս երկիրն ու այս տունը”։

22 Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, կապվեցին ուրիշ աստվածների և նրա՛նց երկրպագեցին ու նրա՛նց ծառայեցին. դրա համար էլ նա այս բոլոր չարիքները բերեց նրանց վրա”»։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8

Սողոմոնի շինությունները

1 Սողոմոնը քսան տարվա ընթացքում կառուցեց Տիրոջ տունն ու իր տունը.

2 Սողոմոնը վերակառուցեց նաև այն քաղաքները, որ Քիրամն իրեն էր տվել էր, և այնտեղ բնակեցրեց Իսրայելի որդիներին։

3 Սողոմոնը գնաց Սուբայի Եմաթ և գրավեց այն։

4 Նա անապատում կառուցեց Թադմորը և Եմաթում՝ բոլոր շտեմարանների քաղաքները։

5 Նա կառուցեց նաև Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով և նիգերով ամրացված քաղաքները,

6 Բաաղեթն ու Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, մարտակառքերի բոլոր քաղաքները, ձիավորների քաղաքներն ու այն ամենը, ինչ կամեցավ կառուցել Սողոմոնը Երուսաղեմում, Լիբանանում և իր տերության ամբողջ երկրում։

7 Այն բոլոր ժողովուրդներին, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից, հեբուսացիներից, որոնք իսրայելացի չէին,

8 այսինքն՝ նրանց որդիներին, որոնք մնացել էին նրանցից հետո այդ երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կոտորել, Սողոմոնը նրանց հարկատու դարձրեց մինչև այսօր։

9 Բայց նրանք, որոնք Իսրայելի որդիներից էին, Սողոմոնը նրանց ստրուկներ չդարձրեց իր աշխատանքների համար, որովհետև նրանք պատերազմող մարդիկ էին և իր զորավարների իշխանները, իր մարտակառքերի և իր հեծյալների իշխաններն էին։

10 Սրանք Սողոմոնի գլխավոր իշխաններն էին՝ երկու հարյուր հիսուն հոգի, որոնք իշխում էին ժողովրդի վրա։

11 Սողոմոնը Դավթի քաղաքից հանեց փարավոնի աղջկան և բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, որովհետև ասում էր. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի թագավոր Դավթի տանը, քանի որ սուրբ են այն տեղերը, ուր որ մտել է Տիրոջ տապանակը»։

12 Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց սրահի դիմաց իր կառուցած զոհասեղանի վրա,

13 որպեսզի, Մովսեսի պատվիրածի համաձայն, յուրաքանչյուր օրվա համար ողջակեզ մատուցվի շաբաթ օրերին, ամսագլուխներին և հանդիսավոր տոներին տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։

14 Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։

15 Եվ չշեղվեցին թագավորի հրամանից, որտվել էրքահանաների, ղևտացիների վերաբերյալ, ոչ էլ որևէ բանի մասին, ոչ էլ գանձարանների մասին։

16 Այսպեսիրագործվեց Սողոմոնի ամբողջ գործը՝ Տիրոջ տան հիմը դնելու օրվանից մինչև նրա ավարտը. Տիրոջ տան կառուցումն ավարտվեց։

17 Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոն-Գաբեր և Ելաթ, որ ծովեզերքին էր՝ Եդովմի երկրում։

18 Քիրամը նրա համար իր ծառաների միջոցով նավեր և ծովագետ ծառաներ ուղարկեց։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Օփիր և այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի առան ու բերեցին Սողոմոն թագավորի համար։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9

Սաբայի թագուհու այցելությունը

1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, նրան խրթին հարցերով փորձելու համար եկավ Երուսաղեմ շատ մեծ հանդիսությամբ, խնկերով, բազում ոսկով և թանկարժեք քարերով ծանրաբեռնված ուղտերով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց իր մտքում եղած բոլոր բաների մասին։

2 Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին, և որևէ գաղտնի բան չմնաց, որ նա չմեկնաբաներ նրա համար։

3 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը, նրա կառուցած տունը,

4 նրա սեղանի ուտելիքը, նրա իշխանավորների նստելու կարգը, նրա պաշտոնյաների վեր կենալը, նրանց հագուստները, նրա մատռվակներին ու նրանց հագուստները, այն աստիճանները, որոնցով նա բարձրանում էր Տիրոջ տունը, խելքը գլխից գնաց։

5 Եվ ասաց թագավորին. «Ճշմարիտ է ուրեմն այն, ինչ լսել եմ իմ երկրում քո խոսքերի և իմաստության մասին։

6 Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ եկա և իմ աչքերով տեսա. և ահա ինձ չի պատմվել քո մեծ իմաստության կեսի մասինանգամ։Դու գերազանց ես այն համբավից, որ ես լսել եմ։

7 Երանի քո այս մարդկանց և երանի քո այս ծառաներին, որոնք մշտապես կանգնած են քո առաջ և լսում են քո իմաստությունը։

8 Օրհնյալ լինի քո Տեր Աստվածը, որ հավանեց քեզ, որպեսզի քեզ թագավոր դնի իր աթոռի վրա քո Տեր Աստծու համար։ Որովհետև քո Աստվածը սիրեց Իսրայելին և նրան հավիտյան հաստատելու է, քեզ թագավոր դրեց նրա վրա, որ իրավունք և արդարություն գործադրես»։

9 Եվ նա թագավորին հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց. այնպիսի խունկ, ինչպիսին Սաբայի թագուհին տվեց Սողոմոն թագավորին, չի եղել։

10 Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները ևս, որոնք Օփիրից ոսկի էին բերում, բերեցին նաև ալմուգ փայտ և թանկարժեք քարեր։

11 Թագավորն այդ ալմուգ փայտից Տիրոջ տան և թագավորի տան համար աստիճաններ սարքեց և երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։

Սողոմոն թագավորի հարստությունը

12 Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն ամենը, ինչ նա ցանկացավ և ուզեց, բացի այն, որ նա բերել էր թագավորի համար։ Ապա նա վերադարձավ և գնաց իր երկիրը իր ծառաների հետ միասին։

13 Միայն մեկ տարում Սողոմոնի համար բերված ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր,

14 բացիայն, որբերում էին առևտրականներն ու վաճառականները, և բացի այն ոսկուց ու արծաթից, որ բերում էին Արաբիայի թագավորներն ու երկրի նախարարները Սողոմոնի համար։

15 Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան պատրաստեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գործածվեց վեց հարյուր սիկղ կռածո ոսկի։

16 Նաև երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց՝ յուրաքանչյուր ասպարի համար գործածելով երեք հարյուր սիկղ ոսկի։ Թագավորը դրանք դրեց Լիբանանի անտառի տան մեջ։

17 Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։

18 Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կայինքանդակվածերկու առյուծներ։

19 Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։

20 Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։

21 Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։

22 Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։

23 Երկրի բոլոր թագավորները ցանկանում էին հանդիպել Սողոմոնին, որպեսզի լսեն նրա իմաստությունը, որն Աստված դրել էր նրա սրտում։

24 Նրանցից ամեն մեկը ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, հագուստներ, զենք, խնկեր, ձիեր և ջորիներ։

25 Սողոմոնն ուներ չորս հազար ախոռ ձիերի և մարտակառքերի համար և տասներկու հազար ձիավոր, որոնց նա տեղավորեց մարտակառքերի քաղաքներում և Երուսաղեմում՝ թագավորի մոտ։

26 Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝Եփրատգետից մինչև փղշտացիների երկիրը և մինչև Եգիպտոսի սահմանը։

27 Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նմանհասարակ բանդարձրեց և եղևնափայտը դաշտիմոլաթզենու չափ շատացրեց։

28 Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից և բոլոր երկրներից։

Սողոմոնի թագավորության ամփոփումը

29 Սողոմոնի առաջին և վերջին գործերի մնացած մասը գրի է առնված Նաթան մարգարեի պատմության մեջ, սիլոնացի Աքիայի մարգարեության մեջ և Նաբատի որդի Հերոբովամի մասին Ադդով տեսանողի գրած տեսիլքների մեջ։

30 Սողոմոնը քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի վրա։

31 Ապա Սողոմոնը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ռոբովամը։

Categories
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10

Հյուսիսային ցեղերի ապստամբությունը

1 Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր այնտեղ՝ նրան թագավոր դարձնելու համար։

2 Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն թագավորից փախել և Եգիպտոսում էր գտնվում, երբ լսեց այդ, վերադարձավ Եգիպտոսից։

3 Մարդուղարկեցին և կանչեցին նրան։ Հերոբովամն ու ամբողջ Իսրայելը եկան և խոսեցին Ռոբովամի հետ՝ ասելով.

4 «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը, բայց դու հիմա թեթևացրո՛ւ քո հոր դաժան ծառայությունն ու մեզ վրա դրած ծանր լուծը, և մենք կծառայենք քեզ»։

5 Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։ Եվ ժողովուրդը գնաց։

6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության ժամանակ կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։

7 Նրանք խոսեցին նրա հետ՝ ասելով. «Եթե դու այս ժողովրդի հանդեպ քաղցր լինես, հաճոյանաս նրանց և բարի խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ քո ծառաները կլինեն»։

8 Բայց նա մերժեց այն խրատը, որ ծերերը տվեցին իրեն, և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնել էին իր առջև։

9 Նա ասաց նրանց. «Դո՞ւք ինչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին, որն ինձ ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։

10 Նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ՝ ասելով. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խոսել և ասել է, թե՝ “Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”. նրանց հետ կխոսես այսպես. “Իմ ճկույթն իմ հոր մեջքից ավելի հաստ է։

11 Արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելի կծանրացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով”»։

12 Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը խոսել էր՝ ասելով. «Երեք օրից դարձյալ եկե՛ք ինձ մոտ»։

13 Թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին՝ մերժելով ծերերի խորհուրդը։

14 Եվ նրանց հետ խոսեց ըստ այդ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, իսկ ես ավելի կծանրացնեմ այն. իմ հայրը ձեզ խրատում էր մտրակներով, իսկ ես կխրատեմ կարիճներով»։

15 Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Աստծու կողմից այդպես էր դարձված, որպեսզի Տերը հաստատի իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին։

16 Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին՝ ասելով. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, մենք Հեսսեի որդու հետ ժառանգություն չունենք։ Ամեն մարդթող գնաիր տունը, ո՛վ իսրայելացիներ։ Հիմա դու քո տան մասի՛ն հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները։

17 Ռոբովամը թագավոր եղավ միայն այն իսրայելացիների վրա, որոնք բնակվում էին Հուդայի քաղաքներում։

18 Ռոբովամ թագավորը պարտադիր աշխատանքի տեսուչ Ադորամին ուղարկեց, բայց Իսրայելի որդիները քարկոծեցին նրան, և նա մեռավ։ Ռոբովամ թագավորը շտապեց, որ իր կառքը բարձրանա ու փախչի Երուսաղեմ։

19 Այսպես Իսրայելը ապստամբեց Դավթի տան դեմ, ու այդպես է մինչև այսօր։