Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 11

Պողոսը և սուտ առաքյալները

1 Եթե կարողանայիք իմ անմտությունը մի քիչ հանդուրժել. բայց անշուշտ հանդուրժում եք։

2 Քանզի ձեզ սիրում եմ Աստծու հանդեպ ունեցած նախանձախնդրությամբ, քանի որ ձեզ մի փեսայի հետ նշանեցի, որպեսզի մի սուրբ կույսի կանգնեցնեմ Քրիստոսի առաջ։

3 Բայց վախենում եմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից։

4 Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք։

5 Կարծում եմ, որ մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեմ։

6 Թեկուզ խոսքով անգետ լինեմ, բայց ոչ գիտության մեջ։ Մենք ամեն կերպ ձեզ ամբողջովին ցույց տվեցինք։

7 Մի՞թե մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, որպեսզի դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։

8 Ուրիշ եկեղեցիների կողոպտեցի և ապրուստ վերցրի ձեզ ծառայելու համար։

9 Եվ երբ ձեզ մոտ էի, նույնիսկ կարիքի մեջ լինելով՝ ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։

10 Իմ մեջ եղած Քրիստոսի ճշմարտությամբասում եմ, որ իմ այս պարծանքն Աքայիայի կողմերում ինձանից չեն խլի։

11 Ինչո՞ւ, որովհետև ձեզ չե՞մ սիրում։ Աստված գիտի դա։

12 Այն, ինչ անում եմ, անելու եմ, որպեսզի պատճառ որոնողներին պատճառ չտամ պարծենալու, թե իրենք էլ են մեզ նման։

13 Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։

14 Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։

15 Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու։

Առաքելական պաշտոնի տառապանքը

16 Դարձյալ ասում եմ. չլինի թե մեկն ինձ հիմար համարի, իսկ եթե ոչ, գոնե հիմարի պե՛ս ինձ ընդունեք, որպեսզի ես էլ մի քիչ պարծենամ։

17 Ինչ որ խոսում եմ, ոչ թե ըստ Տիրոջկամքիեմ խոսում, այլ որպես անմիտ, որ պարծենալու նյութ ունի։

18 Եվ քանի որ շատերն ըստ մարդկայինմղումներիեն պարծենում, ես էլ պիտի պարծենամ։

19 Իմաստուն լինելով՝ հոժարությամբ համբերում եք անմիտներին։

20 Որովհետև համբերում եք, երբ մեկը ձեզ ստրկացնում է, երբ մեկը ուտում է ձեր ունեցվածքը, երբ մեկը կողոպտում է, երբ մեկը գոռոզանում է, երբ մեկը ապտակում է ձեզ։

21 Ամաչում եմ ասել՝ որպես թե մենք տկար ենք եղել։ Անմտությամբ եմ ասում. եթե որևէ մեկը համարձակվում էպարծենալինչ-որ բանում, ես էլ եմ համարձակվում։

22 Եբրայեցի՞ են, ես էլ, իսրայելացի՞ են, ես էլ, Աբրահամի սերո՞ւնդն են, ես էլ։

23 Քրիստոսի սպասավորնե՞ր են, խենթությամբ եմ ասում՝ ես՝ առավել ևս. վաստակով՝ առավել ևս, գանահարությամբ՝ առավել ևս, բանտարկությամբ՝ առավել ևս, մահվան վտանգով՝ բազում անգամ։

24 Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։

25 Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։

26 Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։

27 Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։

28 Մյուսնեղություններիցզատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։

29 Ո՞վ է տկարանում, և ես նրա հետ չեմ տկարանում, ո՞վ է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։

30 Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։

31 Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում.

32 Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչը ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում։

33 Բայց ինձ պատուհանից զամբյուղով պարսպից իջեցրին, ու ես նրա ձեռքից փախա։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 12

Պողոսի երկնային տեսիլքը

1 Պետք է պարծենամ, թեև անօգուտ է։ Կխոսեմ Տիրոջ տեսիլքների ու հայտնությունների մասին։

2 Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ տասնչորս տարի առաջ, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց։

3 Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի,

4 որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։

5 Այդպիսի մեկի համար պիտի պարծենամ, բայց ինքս ինձ համար չեմ պարծենա, եթե ոչ իմ տկարություններով միայն։

6 Եթե կամենամ էլ պարծենալ, անմիտ չեմ լինի, քանի որ ճշմարիտն եմ ասում։ Բայց խուսափում եմ, որ գուցե որևէ մեկը իմ մասին ավելի բարձր համարում ունենա, քան այն, ինչ իմ մեջ տեսնում է կամ ինձանից լսում։

7 Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։

8 Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։

9 Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։

10 Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։

11 Պարծենալով անմտացա. դո՛ւք ինձ ստիպեցիք, քանզի ձեզանից պետք է վկայություն ստանայի, որովհետև այն մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեղա, թեև ես ոչինչ եմ։

12 Բայց առաքյալ լինելու նշանները կատարվեցին ձեր մեջ ամենայն համբերությամբ, նշաններով և հրաշքներով ու զորություններով։

13 Որովհետև ինչո՞վ մյուս եկեղեցիներից պակաս եղաք, եթե ոչ նրանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներե՛ք ինձ այդ հանցանքը։

Առաքելական այցելություն

14 Ահա երրորդ անգամ է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու և ձեզ վրա բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ որոնում, այլ ձեզ. որովհետև ոչ թե որդիները պետք է հայրերի համար գանձ կուտակեն, այլ հայրերը՝ որդիների համար։

15 Բայց ես հոժարակամ ձեզ համար կծախսեմ ու ծախսի տակ կընկնեմ, թեկուզ ձեզ առավել սիրելով՝ ձեզնից քիչ սիրվեմ։

16 Բայց թեկուզ ես ձեզ վրա բեռ չեղա, սակայն խորամանկ լինելով՝ ձեզ նենգաբար բռնեցի։

17 Մի՞թե նրանց ձեռքով, ում ձեզ մոտ ուղարկեցի, ձեզ շահագործեցի։

18 Տիտոսին աղաչեցի ձեզ մոտ գալ, նրա հետ այն եղբորն էլ ուղարկեցի։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Չէ՞ որ մենք նույն հոգով վարվեցինք, չէ՞ որ նույն հետքերով ընթացանք։

19 Դարձյա՞լ կարծում եք, թե մենք խոսքով ենք մեզ պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խոսում. ամեն բան, սիրելինե՛ր, ձեզ ամրացնելու համար է։

20 Վախենում եմ, որ իմ գալու ժամանակ միգուցե ձեզ այնպիսին չգտնեմ, ինչպիսին կամենում եմ, և ես ձեզ համար այնպիսին չլինեմ, ինչպիսին որ դուք էլ չեք կամենում. որպեսզիչլինենվեճ, նախանձ, զայրույթ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։

21 Միգուցե իմ հաջորդ գալստյան ժամանակ իմ Աստվածը ինձ նվաստացնի ձեզ մոտ, և սուգ անեմ շատերի համար, որ նախապես մեղանչել են և չեն ապաշխարել այն պղծության, պոռնկության ու գիջության համար, որ կատարել են։

Categories
Բ Կորնթացիներին

Բ Կորնթացիներին 13

Հորդոր ինքնաճանաչման և կատարելութան

1 Այս երրորդ անգամ է, որ ձեզ մոտ եմ գալիս.«Երկու-երեք վկաների բերանով ամեն ինչ կհաստատվի»(Բ Օր. 17.6,19.15)։

2 Առաջ ասել եմ և հիմա էլ նախապես ասում եմ որպես երկրորդ անգամ ձեզ մոտ եղող. հիմա հեռվից գրում եմ նախկինում այն մեղանչածներին և բոլոր մյուսներին, որ եթե դարձյալ գամ, չեմ խնայելու։

3 Քանի որ դուք ապացույց եք որոնում, թե Քրիստոսն է ինձանով խոսում, ապա կտեսնեք, որ նա տկար չէ ձեզ համար, այլ զորավոր է ձեր մեջ։

4 Թեպետ նա որպես տկար խաչվեց, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ թեև տկարանում ենք նրա համար, բայց նրա հետ կենդանի կլինենք ձեր մեջ Աստծու զորությամբ։

5 Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։

6 Բայց հույս ունեմ, որ գիտեք, թե մենք չձախողվեցինք։

7 Աղոթում ենք Աստծուն, որ չարիք չգործեք։ Ոչ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որպեսզի դուք բարին գործեք, թող որ մենք ձախողված լինենք։

8 Որովհետև մենք անզոր ենք ճշմարտության դեմ,զորությունըմիայն ճշմարտության համար ունենք։

9 Ուրախանում ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Մենք էլ աղոթում ենք ձեր կատարելության համար։

10 Այն բանի համար եմ հեռվից այս գրում, որ չլինի թե իմ գալու ժամանակ խստությամբ վարվեմ իմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց կառուցելու և ոչ քանդելու համար։

11 Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։

12 Սուրբ համբույրով միմյանց ողջո՛ւյն տվեք։ Ձեզ ողջունում են բոլոր սրբերը։

13 Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։