Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21

Սավուղի սերունդը դատապարտվում է մահվան

1 Դավթի օրոք երեք տարի իրար ետևից սով եղավ. Դավիթը դիմեց Տիրոջը, և Տերն ասաց. «Այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց գաբավոնացիներին»։

2 Թագավորը կանչեց գաբավոնացիներին և խոսեց նրանց հետ (սակայն այս գաբավոնացիները Իսրայելի որդիներից չէին, այլ ամորհացիների մնացորդից էին, և Իսրայելի որդիները երդվել էին նրանց, մինչդեռ Սավուղն ուզում էր կոտորել նրանց՝ Իսրայելի և Հուդայի որդիների նկատմամբ նախանձախնդիր լինելով)։

3 Դավիթն ասաց գաբավոնացիներին. «Ես ի՞նչ անեմ ձեզ, ինչպե՞ս քավություն անեմ, որ դուք օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։

4 Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք Սավուղից և նրա տանից արծաթ կամ ոսկի չենք ուզում և ոչ էլ ուզում ենք, որ մի մարդ սպանվի Իսրայելում»։ Եվ նա ասաց. «Հապա ի՞նչ եք ասում, որ անեմ ձեզ համար»։

5 Նրանք ասացին թագավորին. «Այն մարդը, որը ջարդեց մեզ և որը մտածում էր, որ մենք բնաջնջվենք, և մեզանից ոչ մեկը չմնա Իսրայելի սահմաններում,

6 նրա որդիներից մեզ յոթ մարդ թող տրվի, որ նրանց կախենք Տիրոջ համար Տիրոջ ընտրյալ Սավուղի Գաբաայում»։ Եվ թագավորն ասաց. «Ես կտամ»։

7 Բայց թագավորը խնայեց Մեմփիբոսթեին՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, Տիրոջ երդումի համար, որ կար Դավթի և Սավուղի որդի Հովնաթանի միջև։

8 Թագավորը վերցրեց Այիայի աղջիկ Ռեսփայի երկու որդիներին՝ Արմոնիին և Մեմփիբոսթեին, որոնց ծնել էր Սավուղի համար, և Սավուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր մաուլացի Բերզելիի որդի Եդրիելի համար,

9 նրանց տվեց գաբավոնացիների ձեռքը, և նրանք կախեցին նրանց սարի վրա, Տիրոջ առաջ, և յոթն էլ միասին կորսվեցին այդ օրը։ Նրանք մահվան մատնվեցին հնձի առաջինօրերին՝գարու հնձի սկզբին։

10 Այիայի աղջիկ Ռեսփան վերցրեց քուրձը և իր համար այն փռեց ապառաժի վրա՝ հնձի սկզբից մինչև նրանց վրա երկնքից անձրև գալը, և չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, և ոչ էլ դաշտի գազանները՝ գիշերը։

11 Դավթին ասացին, թե ինչ է արել Սավուղի հարճ Այիայի աղջիկ Ռեսփան։

12 Դավիթը գնաց և վերցրեց Սավուղի ոսկորներն ու նրա որդի Հովնաթանի ոսկորները Գաղաադի Հաբիսի բնակիչներից, որոնք դրանք գողացել էին Բեթսանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին նրանց, երբ Գեղբուեի վրա փղշտացիները սպանել էին Սավուղին։

13 Նա այնտեղից վերցրեց Սավուղի ոսկորները և նրա որդի Հովնաթանի ոսկորները, հավաքեցին նաև կախվածների ոսկորները։

14 Սավուղի և նրա որդի Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում, իրենց հոր՝ Կիսի գերեզմանում, և արեցին ամեն ինչ, որ պատվիրել էր թագավորը, և Աստված դրանից հետո ընդունեց երկրի համար արած աղոթքը։

Պատերազմ փղշտացի հսկաների դեմ

15 Դարձյալ պատերազմ ծագեց փղշտացիների և Իսրայելի միջև, և Դավիթն իր ծառաների հետ գնաց, և պատերազմեցին փղշտացիների դեմ, և Դավիթը ուժասպառ եղավ։

16 Եվ Եսբիբենոբը, որ Ռափայի որդիներից էր (նրա նիզակը պղնձի երեք հարյուր սիկղ քաշ ուներ) և ինքն էլ նորսուրէր կապել մեջքին, ուզում էր սպանել Դավթին։

17 Բայց Շարուհեայի որդի Աբեսսան օգնեց Դավթին, և նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան։ Այդ ժամանակ Դավթի մարդիկ նրան երդվեցին և ասացին. «Մեզ հետ այլևս չպետք է դուրս գաս պատերազմի, որ չհանգցնես Իսրայելի ճրագը»։

18 Դրանից հետո փղշտացիների դեմ պատերազմ եղավ Գովբում. այդ ժամանակ ովսացի Սոբաքը սպանեց Սափին, որը Ռափայի որդիներից էր։

19 Եվ դարձյալ Գովբում պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և բեթլեհեմցի Արիեորգիմի որդի Էլեանան սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի։

20 Եվ դարձյալ պատերազմ եղավ Գեթում. բարձրահասակ մի մարդ կար, որի ձեռքերի և ոտքերի մատները վեց-վեց հատ էին. քսանչորս մատ ուներ։ Նա էլ Ռափայի որդիներից էր։

21 Նա նախատեց Իսրայելին, բայց Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնաթանը սպանեց նրան։

22 Այդ չորսն էլ ծնվել էին Գեթում Ռափայից և սպանվեցին Դավթի ձեռքով ու Դավթի ծառաների ձեռքով։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22

Դավթի հաղթանակի երգը

1 Այդ օրը Դավիթն ասաց Տիրոջը այս երգի խոսքերը, երբ Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։

2 Նա ասաց.

«Տերն իմ վեմը, իմ բերդն ու իմ ազատարարն է։

3 Աստված իմ ժայռն է, և ես նրա մեջ եմ ապաստան գտնում,

Իմ վահանը և իմ փրկության եղջյուրը, իմ բարձր աշտարակն է ու իմ ապաստանը,

Իմ ազատիչը. դու ես անիրավությունից ազատում ինձ։

4 Ես կանչում եմ Տիրոջը, որ փառաբանության է արժանի,

Եվ պիտի ազատվեմ իմ թշնամիներից։

5 Քանզի մահվան ալիքներն ինձ պաշարեցին,

Կորստյան վտակներն ինձ տագնապեցրին։

6 Դժոխքի լարերը պատեցին ինձ,

Մահվան որոգայթներն իմ առաջն առան։

7 Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը

Եվ աղաղակեցի իմ Աստծուն,

Եվ նա իր տաճարից լսեց իմ ձայնը,

Եվ աղաղակն իմհասավնրա ականջին։

8 Այդ ժամանակ երկիրը սասանվեց ու դողաց,

Երկնքի հիմքերը շարժվեցին և սասանվեցին,

Քանզի նա բարկացավ։

9 Ծուխ ելավ նրա քթից,

Եվ նրա բերանից՝ ամենակուլ կրակ.

Կայծակներ փայլատակեցին նրանից։

10 Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ,

Եվ մեգկարնրա ոտքերի տակ։

11 Նա հեծավ քերովբեին ու թռավ

Եվ երևաց հողմի թևերի վրա։

12 Խավարն իր շուրջը ծածկոց դրեց՝

Ջրերի զանգվածը և երկնքի թանձր ամպերը։

13 Նրա առջևի ճաճանչից

Բորբոքվեցին կրակի կայծեր։

14 Տերը որոտաց երկնքից,

Եվ Բարձրյալը տվեց իր ձայնը։

15 Նետեր ուղարկեց և դրանք ցրեց,

Կայծակներ, և նրանց խուճապի մատնեց։

16 Տիրոջ հանդիմանությամբ,

Նրա բարկության հողմի փչելուց

Երևացին ծովի հատակները,

Հայտնվեցին երկրի հիմքերը։

17 Բարձրից ուղարկեց և ինձ բռնեց,

Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։

18 Ինձ ազատեց իմ զորեղ թշնամուց,

Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից։

19 Նրանք ոտքի ելան իմ դեմ իմ նեղության օրը,

Բայց Տերը նեցուկ եղավ ինձ համար։

20 Նա ինձ դուրս բերեց լայնարձակմիտեղ,

Ազատեց ինձ, քանզի հավանեց ինձ։

21 Տերն ինձ վարձատրեց իմ արդարության համեմատ,

Ըստ իմ ձեռքի մաքրության հատուցեց ինձ։

22 Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները

Եվ ամբարշտություն չարեցի իմ Աստծու դեմ։

23 Որովհետև իմ առաջն են նրա բոլոր դատավճիռները,

Եվ ես նրա կանոններից չհեռացա։

24 Նրա առաջ կատարյալ եղա

Եվ զգուշացա իմ անօրենությունից։

25 Տերն ինձ հատուցեց իմ արդարության համեմատ,

Ըստ իմ մաքրության՝ նրա աչքի առաջ։

26 Ողորմած մարդու հետ ողորմած ես,

Կատարյալ մարդու հետ կատարյալ ես,

27 Մաքուրի հետ մաքուր ես,

Խոտորի հետ հնարագետ ես։

28 Եվ դու փրկում ես վշտացած ժողովրդին,

Աչքերդ պահում ես ամբարտավանների վրա, որ նվաստացնես։

29 Քանզի դու ես իմ ճրագը, ո՜վ Տեր,

Եվ Տերը լուսավորելու է իմ խավարը։

30 Քանզի քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել

Եվ իմ Աստծով կանցնեմ պարսպից։

31 Աստծու ճանապարհը կատարյալ է,

Տիրոջ խոսքը վստահելի է.

Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։

32 Քանզի ո՞վ է Աստված՝ բացի Տիրոջից,

Եվ ո՞վ է Վեմ՝ բացի մեր Աստծուց։

33 Աստված է իմ հզոր բերդը,

Որ իմ ճամփան ապահով է դարձնում։

34 Նա հաստատուն դարձրեց իմ ոտքերը, ինչպես եղջերուինը,

Եվ ինձ բարձունքների վրաապահովկանգնեցրեց։

35 Նա իմ ձեռքերը պատերազմի է վարժեցնում,

Եվ իմ բազուկները պղնձե աղեղներ են լարում։

36 Եվ դու ինձ տվեցիր քո փրկության վահանը,

Ու քո բարեհաճությունը բարձրացրեց ինձ։

37 Դու լայնացրիր ընթացքն իմ ոտքերի տակ,

Եվ իմ սրունքները չդողդողացին։

38 Հալածեցի իմ թշնամիներին և ոչնչացրի նրանց,

Ու ես ետ չդարձա, մինչև որ չկործանեցի նրանց։

39 Ես ջնջեցի նրանց ու տապալեցի, որ էլ ոտքի չկանգնեն.

Նրանք իմ ոտքերի տակ ընկան։

40 Դու ինձ զորությամբ գոտեպնդեցիր պատերազմելու

Եվ իմ դեմ ելնողներին ինձ հնազանդեցրիր։

41 Իմ թշնամիների թիկունքը դեպի ինձ դարձրիր,

Որ ինձ ատողներին ջարդեմ։

42 Նայեցին, բայց փրկող չկար.

Տիրոջըկանչեցին,բայց չպատասխանեց նրանց։

43 Իսկ ես նրանց փշրեցի երկրի փոշու պես,

Ճանապարհի ցեխի պես մանրեցի և տրորեցի նրանց։

44 Դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի կռվից,

Ինձ պահեցիր, որ ազգերի գլուխ լինեմ.

Այն ազգը, որին չէի ճանաչում, ծառայում է ինձ։

45 Օտարների որդիները խոնարհվեցին ինձ

Եվ հնազանդվեցին ինձ՝իրենցականջով լսելով։

46 Օտարների որդիները թուլացան

Եվ դողալովդուրս եկանիրենց ապաստաններից։

47 Կենդանի է Տերը, և Օրհնյալ է իմ Վեմը,

Թող բարձրյալ լինի Աստված՝ իմ փրկության Վեմը,

48 Այն Աստվածը, որ վրեժխնդիր է լինում ինձ համար

Եվ ժողովուրդներին ինձ ենթարկում։

49 Եվ որ ազատելով ինձ իմ թշնամիներից՝

Ինձ իմ հակառակորդներից բարձր դրեցիր

Եվ ազատեցիր ինձ բռնակալ մարդուց։

50 Սրա համար, Տե՜ր, քեզ պիտի գովեմ ազգերի մեջ

Եվ քո անվանը սաղմոսներ երգեմ,

51 Որ իր թագավորին մեծ հաղթանակներ տվեց

Եվ հավիտենապես ողորմություն ցույց տվեց

Իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին հավիտյան»։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23

Դավթի վերջին խոսքերը

1 Ահա սրանք են Դավթի վերջին խոսքերը. Հեսսեի որդի Դավթի ասածը, այն մարդու խոսքը, որ բարձրացավ վեր, որը Հակոբի Աստծու օծյալն էր, Իսրայելի վայելուչ երգերի շարադրողը.

2 «Տիրոջ Հոգին խոսեց իմ միջոցով,

Եվ նրա պատգամն իմ լեզվի վրա էր։

3 Իսրայելի Աստվածն ասաց,

Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ.

“Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի

Եվ Աստծու երկյուղով իշխի։

4 Նա նման է առավոտյան լույսին,

Երբ ծագում է արեգակը,

Մի առավոտ, երբ ամպեր չկան,

Եվ ճառագայթից՝ անձրևից հետո,

Դալար էբուսնումգետնից”։

5 Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ,

Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ,

Պահված և հաստատված ամեն բանի մեջ։

Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձնայնէ,

Բայց նա չպիտի ծաղկեցնի։

6 Իսկ բոլոր անօրենները դուրս գցված փշի նման են,

Որը ձեռքով հնարավոր չէ բռնել։

7 Բայց նրանց դիպչող մարդը

Թող երկաթով զինվի ու նիզակի փայտով.

Նրանք վառած կրակով պիտի այրվեն նույն տեղում»։

Դավթի հռչակավոր զորավարները

8 Սրանք են Դավթի քաջ մարդկանց անունները. Հոսեբ-Բասեբեթ Թահքեմոնացին՝ զորավորների գլխավորը, նա է ասոնացի Ադինոն, որը միանգամից ութ հարյուր մարդ էր սպանել։

9 Նրանից հետո Եղիազարն էր՝ Աքուքի որդի Դովդայի որդին, որը Դավթի հետ եղած երեք զորավարներից էր, որոնք երբ այնտեղ պատերազմի համար հավաքված փղշտացիներին նախատեցին, Իսրայելի զինվորները փախուստի դիմեցին,

10 նա վեր կացավ և ջարդեց փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց և ձեռքը կպավ իր սրին. և Տերը մեծ փրկություն պարգևեց այդ օրը, և զորքը նրա հետևից գնաց, բայց միայնդիակներինկողոպտելու համար։

11 Նրանից հետո Սամման էր՝ արարացի Ագեի որդին։ Երբ փղշտացիները մի խումբ էին կազմել և հավաքվել մի ագարակում, որտեղ խիտ ոսպ էր ցանված, և զորքը փախավ փղշտացիների առաջից,

12 այդ ժամանակ նա կանգնեց ագարակի մեջ, պաշտպանեց այն և հարվածեց փղշտացիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։

13 Այս երեսուն զորավարներից երեքը հնձի ժամանակ գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, երբ փղշտացիների մի գունդ բանակատեղի էր դրել Ռափայինների հովտում։

14 Դավիթն այդ ժամանակ ամուր բերդում էր, իսկ փղշտացիների կայազորը գտնվում էր Բեթլեհեմում։

15 Դավիթը փափագեցջուր խմելև ասաց. «Ո՞վ ինձ համար Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից ջուր կբերի, որ խմեմ»։

16 Եվ այդ երեք քաջ մարդիկ ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի դռան մոտի ջրհորից, բերին և տվին Դավթին, բայց նա չուզեց խմել այն և Տիրոջ համար հեղեց ցած.

17 և ասաց. «Քա՛վ լիցի ինձ, Տե՛ր, որ ես այդ բանն անեմ. մի՞թե եսպիտի խմեմայն մարդկանց արյունը, որ իրենց կյանքը վտանգի ենթարկեցին»։ Եվ նա չկամեցավ խմել այն։ Այս բանն արին այդ երեք քաջ մարդիկ։

18 Այս երեքի գլխավորն էր Աբեսսան՝ Շարուհեայի որդի Հովաբի եղբայրը։ Նա իր նիզակով երեք հարյուր մարդ էր սպանել. նա անվանի էր այդ երեքի մեջ։

19 Թեև այդ երեքից ավելի պատվավոր էր և նրանց գլխավորն էր, բայց նա չէր հասնում այն առաջին երեքին։

20 Բանեան, որը կաբեսելացի մի եռանդուն ու գործունյա մարդու՝ Հովիադայի որդին էր, սպանեց Մովաբի երկու կտրիճ մարդկանց։ Նա նաև ձյան ժամանակ իջավ մի գուբի մեջ և սպանեց առյուծին։

21 Նա սպանեց մի եգիպտացի վայելչատես մարդու։ Այդ եգիպտացու ձեռքին մի նիզակ կար, իսկ նա մեկ ցուպով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և իր իսկ նիզակով սպանեց նրան։

22 Այս բաներն արեց Բանեան՝ Հովիադայի որդին, և նա անվանի էր այդ երեք քաջ մարդկանց մեջ։

23 Երեսունի մեջ նա ավելի բարձր պատիվ ուներ, բայց չէր հասնում այն առաջին երեքին, և Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների գլխավորը։

24 Երեսունից էին Ասայելը՝ Հովաբի եղբայրը, բեթլեհեմցի Ելեանանը՝ Դովդայի որդին,

25 հարոդացի Սամման, հարոդացի Եղիկան,

26 փելլատացի Քեղղեսը, թեկուացի Իրասը՝ Եկգեսի որդին,

27 անաթովթացի Աբիեզերը, ովսացի Մեբունան,

28 աքուքացի Սելմոնը, նետոփաթացի Մաարան,

29 Ալաբը՝ նետոփաթացի Բաանայի որդին, Բենիամինի որդիներից Ռիփայի որդի Եթթին՝ Գաբայից,

30 փարաթոնացի Բանեան, Գաասի ձորից՝ Ադդային,

31 արաբաթացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը,

32 Սաղաբինացի Եղիաբան, Հասենի որդիներից՝ Հովնաթանը,

33 հարարացի Սամման, արարացի Սարարի որդի Աքիամը,

34 Մաաքաթիի որդի Ահասբայի որդին՝ Եղիփաղետը, գեղոնացի Աքիտոփելի որդին՝ Եղիամը,

35 կարմելացի Ասարեն, արբացի Փաարան,

36 սուբացի Նաթանի որդին՝ Իգալը, գադացի Բանին,

37 ամմոնացի Սելեկը, բերովթացի Նաարան՝ Շարուհեայի որդու՝ Հովաբի կապարճակիրը,

38 հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը,

39 քետացի Ուրիան. ընդամենը՝ երեսունյոթհոգի։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24

Դավիթը մարդահամար է անցկացնում

1 Տիրոջ բարկությունը դարձյալ բորբոքվեց Իսրայելի վրա, և Դավթին գրգռեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա Իսրայելի ու Հուդայի մարդահամա՛ր արա»։

2 Եվ թագավորը զորքի գլխավոր Հովաբին, որ իր հետ էր, ասաց. «Շրջի՛ր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե, և հաշվե՛ք ժողովրդին, որ ժողովրդի թիվը գիտենամ»։

3 Եվ Հովաբն ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը ժողովրդին, ինչքան կա, այսքան և այսքան հարյուրապատիկ էլ ավելացնի, և իմ տեր թագավորի աչքերը տեսնեն, բայց ինչո՞ւ է իմ տեր թագավորը փափագում այդ բանը»։

4 Սակայն թագավորի խոսքը պարտադրվեց Հովաբին ու զորավարներին, և Հովաբն ու զորավարները դուրս ելան թագավորի մոտից, որ Իսրայելի ժողովրդի մարդահամար անեն։

5 Նրանք անցան Հորդանանը և բանակատեղի դրին Արոեր քաղաքի աջ կողմը, որը գտնվում է Գադ ձորում՝ դեպի Հազեր։

6 Եկան Գաղաադ և Թահթիմադասեի երկիրը, հետո եկան Դանաեաան և Սիդոնի շրջակայքը։

7 Հետո եկան Տյուրոսի ամրոցը և անցան խևացիների ու քանանացիների բոլոր քաղաքները. հետո դուրս ելան դեպի Հուդայի հարավ՝ Բերսաբեե։

8 Շրջեցին ամբողջ երկիրը և ինն ամիս քսան օր անց եկան Երուսաղեմ։

9 Հովաբը ժողովրդի մարդահամարի թիվը տվեց թագավորին. Իսրայելն ուներ պատերազմի համար սուր վերցնելու ութ հարյուր հազար մարդ, իսկ Հուդան՝ հինգ հարյուր հազար մարդ։

10 Դավթի խիղճը տանջեց իրեն ժողովրդի մարդահամարն անելուց հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Ես խիստ մեղանչեցի, որ արեցի այս բանը. հիմա, ո՜վ Տեր, աղաչում եմ, ների՛ր քո ծառայի մեղքը, որովհետև մեծ հիմարություն գործեցի»։

11 Երբ Դավիթը առավոտյան վեր էր կացել, Տերը խոսեց Գադ մարգարեի՝ Դավթի տեսանողի հետ՝ ասելով.

12 «Գնա՛ և ասա՛ Դավթին. “Այսպես է ասում Տերը. “Երեք բան եմ դնում քո առաջ. ընտրի՛ր նրանցից մեկը, որ անեմ քեզ համար””»։

13 Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց նրան և նրան ասաց. «Արդյոք ո՞րը կուզես՝ յոթ տարի սո՞վ լինի քո երկրի մեջ, թե՞ երեք ամիս դու փախչես քո թշնամիներից, և նրանք քեզ հալածե՞ն, կամ թե երեք օր ժանտա՞խտ լինի քո երկրում։ Հիմա մտածի՛ր և որոշի՛ր, թե ես ի՛նչ խոսք տանեմ ինձ ուղարկողին»։

14 Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող Տիրոջ ձեռքն ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռք չընկնեմ»։

15 Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելի վրա՝ առավոտից մինչև որոշված ժամանակը, և Դանից մինչև Բերսաբեե ժողովրդից յոթանասուն հազար մարդ մեռավ։

16 Հրեշտակն իր ձեռքը մեկնեց դեպի Երուսաղեմ, որ ոչնչացնի այն, բայց Տերը հրաժարվեց այդ չարիքից և ժողովրդին ոչնչացնող հրեշտակին ասաց. «Բավական է. հիմա ձեռքդ ե՛տ քաշիր»։ Տիրոջ հրեշտակը հեբուսացի Ոռնայի կալի մոտ էր։

17 Երբ Դավիթը տեսավ, որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, ասաց Տիրոջը. «Ահա ես եմ մեղանչել, ես եմ հանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. աղաչում եմ, թող քո ձեռքը ինձ վրա և իմ հոր տան վրա լինի»։

18 Նույն օրը Գադը գնաց Դավթի մոտ և ասաց նրան. «Վեր կաց գնա՛ և հեբուսացի Ոռնայի կալում զոհասեղա՛ն շինիր Տիրոջ համար»։

19 Դավիթը գնաց Գադի խոսքի համաձայն, ինչպես հրամայել էր Տերը։

20 Ոռնան նայեց ու տեսավ թագավորին և նրա ծառաներին, որոնք գալիս էին իր մոտ, և Ոռնան դուրս ելավ ու երկրպագեց թագավորին՝ երեսնիվայր խոնարհվելով մինչև գետին։

21 Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տեր թագավորը իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Եկել եմ, որ կալը քեզանից ծախու առնեմ, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի աղետը դադարի ժողովրդից»։

22 Ոռնան ասաց Դավթին. «Թող թագավորը վերցնի, ինչ հաճելի է իր աչքին, և զոհ մատուցի. ահա եզները՝ ողջակեզի համար, և կամնասայլերի ու եզների լծասարքը՝ փայտի համար»։

23 Այս բոլորը, ո՛վ թագավոր, Ոռնան թագավորին տվեց. Ոռնան նաև ասաց թագավորին. «Քո Տեր Աստվածը քեզ ընդունի»։

24 Բայց թագավորը Ոռնային ասաց. «Ո՛չ, քեզնից ծախու պիտի առնեմ և ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն»։ Եվ Դավիթը հիսուն սիկղ արծաթով գնեց Ոռնայի կալն ու եզները։

25 Դավիթն այնտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, ողջակեզ ու խաղաղության զոհեր մատուցեց, և Տերը լսեց երկրի համար արված աղոթքը, և հարվածը դադարեց Իսրայելից։