Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

Դավիթը լսում է Սավուղի մահվան մասին

1 Սավուղի մեռնելուց հետո, երբ Դավիթը վերադարձավ ամաղեկացիներին ջարդելուց, երկու օր մնաց Սիկելակում։

2 Երրորդ օրը ահա Սավուղի բանակից մեկը եկավ՝ հագուստները պատառոտած ու գլխին հող, և երբ նա եկավ Դավթի մոտ, ընկավ գետին և երկրպագեց։

3 Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա ասաց նրան. «Ես փախել եմ Իսրայելի բանակից»։

4 Եվ Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Եվ նա ասաց. «Զորքը փախավ պատերազմի դաշտից, և զորքից շատ մարդիկ ընկան ու մեռան. նաև Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։

5 Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն հարցրեց. «Ինչպե՞ս իմացար, թե Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։

6 Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։

7 Այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ և ինձ կանչեց, ես էլ ասացի. “Ահա ես”։

8 Եվ նա ինձ ասաց. “Ո՞վ ես դու”։ Ես էլ նրան ասացի. “Ամաղեկացի եմ”։

9 Եվ նա ինձ ասաց. “Աղաչում եմ, կանգնի՛ր ինձ վրա և մեռցրո՛ւ ինձ, որովհետև մահվան տագնապը պատել է ինձ, բայց հոգիս դեռ վրաս է”։

10 Ես կանգնեցի նրա վրա ու մեռցրի նրան, քանի որ հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չէր ապրելու։ Նրա գլխից վերցրի թագը և նրա բազկից՝ ապարանջանն ու դրանք բերի այստեղ՝ իմ տիրոջ համար»։

11 Այդ ժամանակ Դավիթը բռնեց իր հագուստները և պատառոտեց դրանք, նույնպես էլ արեցին նրա հետ եղած բոլոր մարդիկ։

12 Եվ նրանք սգացին ու լաց եղան և մինչև իրիկուն ծոմ պահեցին Սավուղի համար և նրա որդի Հովնաթանի համար, Տիրոջ ժողովրդի համար և Իսրայելի տան համար, որ նրանք ընկել էին սրով։

13 Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն ասաց. «Որտեղացի՞ ես դու»։ Եվ նա ասաց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»։

14 Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպե՞ս չվախեցար, որ ձեռքդ բարձրացրիր ու սպանեցիր Տիրոջ օծյալին»։

15 Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։

16 Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը՝ քո գլուխը, որովհետև քո բերանը վկայություն տվեց քո դեմ՝ ասելով. “Ես մեռցրի Տիրոջ օծյալին”»։

Դավթի ողբը Սավուղի և Հովնաթանի համար

17 Եվ Դավիթը ողբաց Սավուղի վրա ու նրա որդի Հովնաթանի վրա և ասաց «Աղեղը» ողբը.

18 Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում).

19 Քո փառքը, ո՜վ Իսրայել,

Քո բարձր տեղերի վրա խոցվեց.

Ինչպե՞ս ընկան քաջերը։

20 Մի՛ պատմեք Գեթում,

Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին.

Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան,

Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։

21 Ո՜վ Գեղբուեի սարեր,

Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի,

Ո՛չ էլերախայրիքիընծաների անդաստաններ,

Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը,

Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։

22 Խոցվածների արյունից, քաջերի ճարպից

Հովնաթանի աղեղը ետ չքաշվեց,

Եվ Սավուղի սուրը ետ չդարձավ դատարկ։

23 Սավուղն ու Հովնաթանը՝

Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ,

Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից.

Արծիվներից ավելի թեթևաշարժ

Եվ առյուծներից ավելի հզորէին։

24 Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար,

Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնում

Եվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։

25 Ինչպե՞ս ընկան քաջերը պատերազմում,

Հովնաթանը խոցվեց քո բարձր տեղերի վրա։

26 Ցավում եմ քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան,

Դու ինձ շատ սիրելի էիր,

Կանանց սիրուց բարձր էր քո սերն ինձ համար։

27 Ինչպե՞ս ընկան քաջերը,

Եվ պատերազմի զենքերը կորան։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

Դավիթը դառնում է Հուդայի թագավոր

1 Սրանից հետո Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Գնա՞մ արդյոք Հուդայի քաղաքներից մեկը»։ Տերը նրան ասաց. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։Տերնասաց. «Քեբրոն»։

2 Դավիթն իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի և կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ գնաց։

3 Եվ Դավիթն իր հետ եղած մարդկանց էլ՝ ամեն մեկին իր ընտանիքով տարավ, և բնակվեցին Քեբրոնի քաղաքներում։

4 Եվ Հուդայի մարդիկ եկան և այնտեղ Դավթին թագավոր օծեցին Հուդայի տան վրա։ Դավթին պատմեցին ու ասացին, որ Գաղաադի Հաբիսի բնակիչները թաղեցին Սավուղին։

5 Եվ Դավիթը Գաղաադի Հաբիսի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեց և նրանց ասաց. «Դուք Տիրոջից օրհնյալ լինեք, որ ձեր տիրոջը՝ Սավուղին, այս ողորմածությունն արեցիք և թաղեցիք նրան։

6 Թող Տերը իր ողորմածությամբ և ճշմարտությամբ հատուցի ձեզ, և ես էլ եմ հատուցելու ձեզ՝ ձեր արած այս լավության համար։

7 Հիմա թող զորանան ձեր ձեռքերը, և քաջե՛ր եղեք, քանզի ձեր տերը՝ Սավուղը, մեռավ, և Հուդայի տունը ինձ թագավոր օծեց իր վրա»։

Հեբուսթեն դառնում է Իսրայելի թագավոր

8 Իսկ Սավուղի զորավար Ների որդի Աբենները վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին,նրան տարավ Մանայիմ,

9 նրան թագավոր դարձրեց Գաղաադի վրա, Ասուրիի վրա, Հեզրայելի վրա, Եփրեմի վրա, Բենիամինի վրա և ամբողջ Իսրայելի վրա։

10 Երբ Սավուղի որդի Հեբուսթեն թագավոր դարձավ Իսրայելի վրա, քառասուն տարեկան էր. և թագավորեց երկու տարի։ Միայն Հուդայի տունն էր հետևում Դավթին։

11 Եվ Հուդայի տան վրա՝ Քեբրոնում, Դավիթը թագավորեց յոթ տարի և վեց ամիս։

Պատերազմ Հուդայի և Իսրայելի միջև

12 Եվ Աբենները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները վեր կացան ու Մանայիմից եկան Գաբավոն։

13 Եվ Շարուհեայի որդի Հովաբն ու Դավթի ծառաները դուրս եկան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի ավազանի մոտ։ Սրանք նստեցին ավազանի մի կողմում, իսկ նրանք՝ մյուս կողմում։

14 Եվ Աբեններն ասաց Հովաբին. «Թող երիտասարդները վեր կենան և մրցեն մեր առջև»։ Եվ Հովաբն ասաց. «Թող վեր կենան»։

15 Եվ Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից վեր կացան թվով տասներկու երիտասարդ, և տասներկու երիտասարդ՝ Դավթի ծառաներից։

16 Ամեն մեկը բռնեց իր հակառակորդի գլխից և իր սուրը խրեց իր հակառակորդի կողը, և ընկան միասին. և այդ տեղի անունը դրեցին Քեղկաթ-Ասուրիմ, որը գտնվում է Գաբավոնում։

17 Եվ այդ օրը պատերազմը սաստիկ եղավ, և Աբենները Իսրայելի մարդկանց հետ պարտվեց Դավթի ծառաներից։

18 Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Եվ Ասայելը դաշտի այծյամի նման թեթև ոտք ուներ։

19 Ասայելը հետապնդեց Աբեններին և Աբենների հետևից աջ կամ ձախ չխոտորվեց։

20 Եվ Աբենները ետ նայեց ու ասաց. «Ասայե՛լ, դո՞ւ ես»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։

21 Եվ Աբենները նրան ասաց. «Դեպի աջ կամ ձախ կո՛ղմդ թեքվիր, բռնի՛ր պատանիներից մեկին և նրա զենքերը վերցրո՛ւ քեզ համար»։ Բայց Ասայելը չուզեց հեռանալ նրանից։

22 Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝նայելուքո եղբայր Հովաբին»։

23 Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։

24 Եվ Հովաբն ու Աբեսան, Աբենների ետևից ընկած, հետապնդում էին, և երբ նրանք հասան Ամմայի բլուրը, որ Գիայի դիմաց է՝ Գաբավոնի անապատի ճանապարհի վրա, արեգակը մայր մտավ։

25 Եվ Բենիամինի որդիները հավաքվեցին Աբենների շուրջը, դարձան մի գունդ և կանգնեցին մի բլրի գագաթին։

26 Աբենները կանչեց Հովաբին՝ ասելով. «Մի՞թե սուրը մշտապես պիտի ուտի. չգիտե՞ս, որ սրա վերջը դառն է լինելու։ Ժողովրդին մինչև ե՞րբ չես ասելու, որ ետ դառնան իրենց եղբայրներին հալածելուց»։

27 Եվ Հովաբն ասաց. «Կենդանի է Աստված. եթե դու խոսած լինեիր, ժողովրդից ամեն մեկը առավոտվանից ետ կանգնած կլիներ իր եղբայրներին հալածելուց»։

28 Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։

29 Եվ Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշեր գնացին դաշտով, անցան Հորդանանգետըև ամբողջ Բեթրոնն անցնելով՝ եկան Մանայիմ։

30 Եվ Հովաբը ետ դարձավ Աբեններին հետապնդելուց, հավաքեց ամբողջ ժողովրդին. Դավթի ծառաներից պակասում էին տասնինը մարդ և Ասայելը,

31 իսկ Դավթի ծառաները Բենիամինի և Աբենների մարդկանցից զարկել ու սպանել էին երեք հարյուր վաթսուն մարդ։

32 Եվ Ասայելին վերցրին ու նրան թաղեցին Բեթլեհեմում՝ իր հոր գերեզմանում։ Եվ Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր գնացին և արշալույսին հասան Քեբրոն։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

1 Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։

Դավթի որդիները

2 Եվ Քեբրոնում Դավթին որդիներ ծնվեցին. նրա անդրանիկը Ամնոնն էր՝ծնվածհեզրայելացի Աքինոամից,

3 նրա երկրորդը Քիլաբն էր՝ կարմելացի Նաբաղի կին Աբիգեայից, երրորդը Աբիսողոմն էր՝ Գեսուրի թագավորի՝ Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին,

4 չորրորդը Ադոնիան էր՝ Ագգիթի որդին, հինգերորդը Սափատիան էր՝ Աբիտալի որդին,

5 և վեցերորդը Դավթի կին Էդղայից ծնված Հեթրամն էր։ Քեբրոնում Դավթին սրանք ծնվեցին։

6 Եվ քանի դեռ պատերազմ կար Սավուղի տան և Դավթի տան միջև, Աբենները թիկունք էր Սավուղի տան համար։

7 Սավուղը մի հարճ ուներ՝ անունը Ռեսփա՝ Այիայի աղջիկը։ ԵվՀեբուսթենԱբեններին ասաց. «Ինչո՞ւ ես մոտեցել իմ հոր հարճին»։

Աբենները միանում է Դավթին

8 Եվ Աբենները շատ բարկացավ Հեբուսթեի խոսքերի համար և ասաց. «Մի՞թե ես Հուդային պատկանող շան գլուխ եմ, որ այսօր շարունակում եմ հավատարմություն ցույց տալ քո հոր՝ Սավուղի տանը, նրա եղբայրներին ու բարեկամներին, իսկ քեզ չմատնեցի Դավթի ձեռքը, իսկ դու այսօր այդ կնոջ համար մեղադրո՞ւմ ես ինձ։

9 Աստված Աբեններին թող այսպես ու սրանից ավելին անի, եթե Դավթի համար չանեմայն,ինչ Տերը երդվեց նրան,

10 այսինքն՝ թագավորությունը վերցնեմ Սավուղի տանից և Դավթի աթոռը հաստատեմ Իսրայելի վրա և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»։

11 Հեբուսթեն, Աբեններից վախենալով, այլևս չկարողացավ պատասխան տալ նրան։

12 Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։

13 Դավիթն ասաց. «Լավ, ես քեզ հետ դաշինք կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ պահանջում. եթե ուզում ես գալ ինձ տեսնելու, մինչև Սավուղի աղջկան՝ Մեղքողին, չբերես քեզ հետ, իմ երեսը տեսնելու չգաս»։

14 Եվ Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին առել եմ փղշտացիների հարյուր անթլփատության դիմաց»։

15 Եվ Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին վերցրեց նրա ամուսնուց՝ Լայիսի որդի Փաղտիելից։

16 Եվ նրա ամուսինը, նրա ետևից լալով, գնաց մինչև Բավուրիմ։ Եվ Աբենները նրան ասաց. «Ե՛տ դարձիր, գնա՛»։ Եվ նա ետ դարձավ։

17 Եվ Աբենները խորհրդակցեց Իսրայելի ծերերի հետ ու ասաց. «Սկզբից ևեթ ուզում էիք, որ Դավիթը թագավոր լինի ձեզ վրա։

18 Դե, հիմա արե՛ք. որովհետև Տերը խոսել և ասել է Դավթի համար. “Իմ ծառա Դավթի ձեռքով պիտի ազատեմ Իսրայելի իմ ժողովրդին փղշտացիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։

19 Աբենները խոսեց նաև Բենիամինիցեղիհետ։ Աբենները նույնպես գնաց Քեբրոն, որ Դավթին էլ ասի այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։

20 Եվ Աբենները քսան մարդու հետ եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ։ Եվ Դավիթը Աբեններին ու նրա հետ եկած մարդկանց համար խնջույք արեց։

21 Եվ Աբենները Դավթին ասաց. «Ես վեր կենամ գնամ և ամբողջ Իսրայելի ժողովրդին հավաքեմ իմ տեր թագավորի մոտ, որ նրանք դաշինք կնքեն քեզ հետ, և դու սրտիդ ամբողջ ուզածի պես թագավորես»։ Եվ Դավիթն ուղարկեց Աբեններին, ու նա գնաց խաղաղությամբ։

Աբենները սպանվում է

22 Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որԴավիթընրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։

23 Եվ երբ Հովաբն ու նրա հետ եղած ամբողջ զորքը եկան, Հովաբին պատմեցին և ասացին. «Ների որդի Աբենները եկավ թագավորի մոտ, նա էլ ուղարկեց նրան, և նա գնաց խաղաղությամբ»։

24 Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։

25 Դու չգիտե՞ս, որ Ների որդի Աբենները եկել է քեզ խաբելու և քո անցուդարձը հասկանալու և իմանալու քո բոլոր գործերը»։

26 Երբ Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից և պատգամավորներ ուղարկեց Աբենների ետևից, նրան ետ բերեցին Սիրայի ջրհորի մոտից, բայց Դավիթը չգիտեր։

27 Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։

28 Դրանից հետո, երբ Դավիթը լսեց, ասաց. «Ես ու իմ թագավորությունը Ների որդի Աբենների արյունից հավիտյան անպարտ ենք Տիրոջ առաջ։

29 Հովաբի գլխին և նրա հոր ամբողջ տան վրա թող հասնիհանցանքը,և Հովաբի տանից անպակաս լինի սերմնակաթը, բորոտը, ցուպին կռթնողը, սրից ընկնողն ու հացի կարոտը»։

30 Այսպես Հովաբն ու իր եղբայր Աբեսսան սպանեցին Աբեններին, որովհետև նա Գաբավոնի մեջ պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբայր Ասայելին։

Աբենները թաղվում է

31 Եվ Դավիթը Հովաբին ու նրա հետ եղող ամբողջ զորքին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստը և քրձե՛ր հագեք ու լա՛ց եղեք Աբենների առջև»։ Դավիթ թագավորը գնաց նրա դագաղի ետևից։

32 Աբեններին թաղեցին Քեբրոնում, և թագավորը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ Աբենների գերեզմանի վրա, և ամբողջ ժողովուրդն էլ լաց եղավ։

33 Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց.

«Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝

անզգամի մեռնելու նման.

34 Քո ձեռքերը կապված չէին,

Եվ քո ոտքերը դրված չէին կապանքի մեջ.

Անօրենների առջև ընկնողի նման ընկար»։

Եվ ամբողջ զորքը դարձյալ լաց եղավ նրա վրա։

35 Եվ ամբողջ զորքը եկավ, որ Դավթին հաց կերցնի, քանի դեռ ցերեկ էր, բայց Դավիթը երդվեց և ասաց. «Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ»։

36 Եվ ամբողջ զորքը ուշադրություն դարձրեց, ևայդ բաննիրեն հաճելի թվաց, ինչպես ամբողջ ժողովրդի աչքին հաճելի է թագավորի ամեն արածը։

37 Եվ այդ օրը ամբողջ զորքը և ամբողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբենների սպանությունը թագավորիկամքովչէր։

38 Եվ թագավորն ասաց իր զինվորներին. «Գիտե՞ք արդյոք, որ այսօր Իսրայելում ընկավ մի իշխան և մի մեծ մարդ։

39 Ես այսօր տկար եմ, թեև թագավոր եմ օծված, իսկ այս մարդիկ՝ Շարուհեայի որդիները, ինձ համար կատաղի են։ Չարիք գործողին թող Տերը հատուցի նրա չարության համեմատ»։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

Հեբուսթեն սպանվում է

1 Եվ երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մեռել է Քեբրոնում, ձեռքերը թուլացան, իսկ ամբողջ Իսրայելը տագնապեց։

2 Սավուղի որդին երկու գնդապետ ուներ. մեկի անունը Բաանա էր, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, որոնք Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիներն էին. (որովհետև Բերովթը համարվում էր Բենիամինի երկրի մի մասը։

3 Բերովթացիները փախան Գեթթայիմ և որպես պանդուխտ՝ մինչև այսօր բնակվում են այնտեղ)։

4 Եվ Սավուղի որդի Հովնաթանը երկու ոտքերից հաշմված մի տղա ուներ։ Երբ տղան հինգ տարեկան էր, Սավուղի և Հովնաթանի մահվան լուրը եկավ Հեզրայելից, և նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, և երբ շտապում էր փախչելու,տղանվայր ընկավ ու հաշմվեց։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։

5 Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, եկան և ցերեկվա շոգի ժամանակ մտան Հեբուսթեի տուն, մինչ նա կեսօրին քնած էր անկողնում։

6 Եվ նրանք մտան տուն, իբրև թե ցորեն առնողներ էին, գնացին մինչև տան մեջտեղը և նրան զարկեցին փորից. և Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանան, փախան։

7 Երբ նրանք այսպես մտան տուն, Հեբուսթեն ներսի սենյակում քնած էր իր անկողնում, նրան զարկեցին, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և գլուխը վերցրին ու ամբողջ գիշեր գնացին դաշտի ճանապարհով։

8 Եվ Հեբուսթեի գլուխը տարան Քեբրոն՝ Դավթի մոտ, և թագավորին ասացին. «Ահա քո թշնամու՝ քո հոգին փնտրող Սավուղի որդու՝ Հեբուսթեի գլուխը. Տերն այսօր վրեժխնդիր եղավ Սավուղից և նրա սերնդից մեր տեր թագավորի համար»։

9 Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։

10 Երբ մեկն ինձ պատմեց և ասաց, թե՝ “Ահա Սավուղը մեռավ”, և իրեն թվում էր, թե ավետիս էր բերել, բայց ես փոխանակ ավետիսի վարձ տայի, բռնեցի և սպանեցի նրան Սիկելակում։

11 Որչափ ավելի այն չար մարդկանցպիտի տրվի նույն վարձը,որոնք իր տանը՝ իր անկողնու մեջ, սպանեցին արդար մարդուն. նրա արյունը պիտի պահանջեմ ձեզանից և ձեզ պիտի վերացնեմ երկրից»։

12 Այդ ժամանակ Դավիթը հրամայեց երիտասարդներին, և նրանք սպանեցին, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և կախեցին Քեբրոնի ջրավազանի վրա։ Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին և թաղեցին Քեբրոնում՝ Աբենների գերեզմանում։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

Դավիթը՝ Իսրայելի և Հուդայի թագավոր

1 Եվ Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին. «Ահա, մենք քո ոսկորն ենք ու քո մարմինը։

2 Սրանից շատ առաջ, երբ Սավուղը թագավոր էր մեզ վրա, պատերազմի ժամանակ դու էիր Իսրայելին առաջնորդողը, և Տերը քեզ ասաց. “Դու ես հովվելու Իսրայելի իմ ժողովրդին և դու ես իշխան լինելու Իսրայելի վրա”»։

3 Եվ Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը Քեբրոնում Տիրոջ առաջ դաշինք կնքեց նրանց հետ, և նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա։

4 Երեսուն տարեկան էր Դավիթը, երբ դարձավ թագավոր, և թագավորեց քառասուն տարի։

5 Յոթ տարի և վեց ամիս Քեբրոնում թագավորեց Հուդայի վրա և երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա։

6 Եվ թագավորն իր մարդկանցով գնաց Երուսաղեմ՝ այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ. և խոսեցին Դավթի հետ ու ասացին. «Չես մտնի այստեղ. քեզ հենց կույրերն ու կաղերը կհեռացնեն»՝ մտածելով, թե Դավիթը չի կարողանա մտնել այնտեղ։

7 Բայց Դավիթը վերցրեց Սիոնի բերդը (սա Դավթի քաղաքն է)։

8 Եվ Դավիթն այդ օրն ասաց. «Ով կոտորի հեբուսացիներին և հասնի ջրանցքին, թող նա կույրերին ու կաղերին էլ կոտորի, որոնք ատելի են Դավթի համար։ Դրա համար էլ ասում են՝ “Կույրն ու կաղը չպետք է մտնենՏիրոջտունը”»։

9 Եվ Դավիթը բնակվեց այդ բերդում և այն անվանեց Դավթի քաղաք. և Դավիթը նրա շուրջըկառույցներշինեց՝ Մելոնից դեպի ներս։

10 Դավիթը գնալով հզորանում էր, որովհետև Զորությունների Տեր Աստվածը նրա հետ էր։

11 Տյուրոսի թագավոր Քիրամը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, հյուսներ և որմնադիրներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։

12 Այդ ժամանակ Դավիթն իմացավ, որ Տերն իրեն թագավոր է հաստատել Իսրայելի վրա և բարձրացրել է իր թագավորությունը՝ Իսրայելի իր ժողովրդի համար։

13 Եվ Դավիթը Քեբրոնից գալուց հետո Երուսաղեմից ուրիշ հարճեր ու կանայք էլ առավ, և Դավթին ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնվեցին։

14 Սրանք են Երուսաղեմում ծնված նրա տղաների անունները՝ Սամաա, Սովբաբ, Նաթան,

15 Սողոմոն, Հեբաար, Եղիսուա, Նափեկ,

16 Հափիե, Եղիսամա, Եղիադա և Եղիփաղետ։

Հաղթանակ փղշտացիների դեմ

17 Փղշտացիները լսեցին, որ Դավթին թագավոր են օծել Իսրայելի վրա, և բոլոր փղշտացիները վեր կացան, որ Դավթին փնտրեն։ Սակայն Դավիթն իմացավ այդ և իջավ բերդը։

18 Փղշտացիները եկան և տարածվեցին Ռափայինների հովտում։

19 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ փղշտացիների դեմ. նրանց կմատնե՞ս իմ ձեռքը»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, որովհետև փղշտացիներին անպայման պիտի մատնեմ քո ձեռքը»։

20 Այդ ժամանակ Դավիթը գնաց Բաաղփարասին. Դավիթը զարկեց նրանց այն տեղում և ասաց. «Տերը իմ ձեռքով կոտորեց իմ թշնամիներին, ինչպես ջրերն ենթումբըքանդում»։ Դրա համար էլ այդ տեղի անունը կոչվեց Բաաղփարասին։

21 Փղշտացիները թողեցին իրենց կուռքերը, իսկ Դավիթն ու իր մարդիկ վերցրին դրանք։

22 Եվ փղշտացիները դարձյալ վեր կացան և եկան ու տարածվեցին Ռափայինների հովտում։

23 Երբ Դավիթը Տիրոջը հարցրեց, Տերն ասաց. «Վեր մի՛ գնա, այլ անցի՛ր նրանց թիկունքը և թթենիներիկողմից հարձակվի՛ր նրանց վրա։

24 Եվ երբ թթենիների կատարներից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ շարժվի՛ր առաջ, որովհետև այդ ժամանակ Տերը պիտի դուրս գա քո առջև, որ ջարդի փղշտացիների բանակը»։

25 Եվ Դավիթն արեց այնպես, ինչպես Տերը հրամայեց իրեն, և փղշտացիներին ջարդեց Գաբայից մինչև Գազեր։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

Ուխտի տապանակը բերվում է Երուսաղեմ

1 Դավիթը դարձյալ հավաքեց Իսրայելի բոլոր ընտիրմարդկանց՝երեսուն հազար հոգի։

2 Դավիթն իր հետ եղած ամբողջ զորքի հետ վեր կացավ ու գնաց, որ Հուդայի Բաաղից բերի Աստծու տապանակը, որի վրա կոչված է քերովբեների վրա նստող Զորությունների Տիրոջ անունը։

3 Եվ Աստծու տապանակը դրին մի նոր սայլի վրա, վերցրին այն Աբինադաբի տանից, որը գտնվում էր բլրի վրա։ Եվ այդ նոր սայլը քշում էին Աբինադաբի որդիները՝ Ոզան և Աքիովը։

4 Այն Աստծու տապանակի հետ վերցրին Աբինադաբի տանից, որը բլրի վրա էր. Աքիովը գնում էր տապանակի առջևից։

5 Դավիթը և Իսրայելի ամբողջ տունը նվագում էինՏիրոջ առաջ մայրու փայտից պատրաստված ամեն տեսակնվագարաններով՝քնարներով, տավիղներով, թմբուկներով, դափերով ու ծնծղաներով։

6 Երբ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծու տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն։

7 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծու տապանակի մոտ։

8 Դավիթը տագնապեց, որ Տերը հարվածելով հարվածեց Ոզային, և այդ տեղը մինչև այսօր կոչվում է Փարեզ-Ոզա։

9 Դավիթն այդ օրը վախեցավ Տիրոջից և ասաց. «Տիրոջ տապանակն ինչպե՞ս մտնի ինձ մոտ»։

10 Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը. և Դավիթը շեղեց ու այն տարավ գեթացի Աբդեդոմի տուն։

11 Եվ Տիրոջ տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը, և Տերը օրհնեց Աբդեդոմին ու նրա ամբողջ տունը։

12 Երբ Դավիթ թագավորին պատմեցին և ասացին. «Տերը օրհնեց Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցվածքը Աստծու տապանակի համար», Դավիթը գնաց և Աստծու տապանակը վերցրեց Աբդեդոմի տանից և ուրախությամբտարավԴավթի քաղաքը։

13 Եվ երբ Տիրոջ տապանակը վեր տանողները վեց քայլ առաջ գնացին, նա արջառ ու պարարտ զվարակ զոհեց։

14 Դավիթն ամբողջ ուժով պարում էր Տիրոջ առաջ. և Դավիթը հագել էր քաթանե եփուդ։

15 Եվ Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը տանում էին ուրախության աղաղակով ու փողերի ձայնով։

16 Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։

17 Եվ Տիրոջ տապանակը բերին ու դրին իր տեղը այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր նրա համար։ Եվ Դավիթը ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց Տիրոջ առջև։

18 Եվ երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, ժողովրդին օրհնեց Զորությունների Տիրոջ անունով։

19 Եվ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդու և թե՛ կնոջ, ժողովրդից ամեն մեկին մի նկանակ հաց, մի կտոր միս և մի կարկանդակ բաշխեց, և ամբողջ ժողովուրդը գնաց, ամեն մեկը՝ իր տուն։

20 Դավիթը ետ դարձավ իր տունն օրհնելու։ Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, դուրս եկավ Դավթին դիմավորելու և ասաց. «Ինչպե՜ս պատվեց իրեն Իսրայելի թագավորն այսօր, որ այսօր ինքն իրեն մերկացրեց իր ծառաների և աղախինների առաջ, ինչպես մերկացնում է իրեն դատարկմարդկանցիցմեկը»։

21 Եվ Դավիթը Մեղքողին ասաց. «Տիրոջ առաջ, որը քո հորից և նրա ամբողջ տանից ավելի ինձ ընտրեց և ինձ իշխան դրեց Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա, այդ Տիրոջ առաջ ես պիտի պարեմ։

22 Եվ դեռ սրանից ավելի ես անարգ պիտի երևամ և իմ աչքին ավելի նվաստ պիտի լինեմ, իսկ քո ասած այն աղախինների առաջ պիտի փառավորվեմ»։

23 Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

Նաթանի պատգամը Դավթին

1 Եվ երբ թագավորը բնակվեց իր տանը, և Տերը նրան հանգստացրեց իր շրջակայքի բոլոր թշնամիներից,

2 թագավորը Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Աստծու տապանակը գտնվում է վրանում»։

3 Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն ինչ, որ կա սրտիդ մեջ, գնա՛ և արա՛, որովհետև Տերը քեզ հետ է»։

4 Եվ նույն գիշերը Տիրոջ խոսքը եղավ Նաթանին՝ ասելով.

5 «Գնա՛ և իմ ծառա Դավթին ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Դո՞ւ պիտի ինձ համար բնակվելու տուն շինես։

6 Որովհետև այն օրից, ինչ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այսօր չեմ բնակվել տան մեջ, այլ ման եմ եկել վրաններով և տաղավարներով։

7 Եվ ամեն տեղ, ուր եղել եմ Իսրայելի որդիների հետ, մի՞թե մի բան խոսեցի Իսրայելի ցեղերից մեկի հետ, որոնց հրաման եմ տվել հովվելու Իսրայելի իմ ժողովրդին, ասե՞լ եմ արդյոք, թե ինչո՛ւ եղևնափայտե տուն չշինեցիք ինձ համար””։

8 Եվ հիմա իմ ծառա Դավթին այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես քեզ վերցրի արոտավայրից՝ ոչխարների հետևից, որ իշխան լինես իմ ժողովրդին՝ Իսրայելին։

9 Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր, և քո առջևից կոտորեցի բոլոր թշնամիներիդ և քո անունը պիտի բարձրացնեմ այս երկրի վրա եղող մեծերի անվան պես։

10 Եվ Իսրայելի իմ ժողովրդի համար էլ տեղ պիտի որոշեմ և նրան տնկեմ, որ այնտեղ բնակվեն, և այլևս չպիտի շարժվի, և անիրավության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրան,

11 ինչպես եղավ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր. և քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից. և Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։

12 Երբ քոկյանքիօրերը լրանան, և դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ և նրա թագավորությունը հաստատեմ։

13 Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։

14 Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։

15 Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։

16 Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան””»։

17 Եվ Նաթանը այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը մեկ առ մեկ ասաց Դավթին։

Դավթի շնորհակալության աղոթքը

18 Ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՜վ Ամենակալ Տեր, ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։

19 Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ո՜վ Ամենակալ Տեր, և քո ծառայի տան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, և թող սա լինի մարդկանց կանոնը, ո՜վ Տեր։

20 Եվ Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, որովհետև դու, ո՜վ Ամենակալ Տեր, ճանաչում ես քո ծառային։

21 Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար և ըստ քո սրտի արեցիր, որպեսզի իմացնես քո ծառային։

22 Դրա համար որչա՜փ մեծ ես, ո՜վ Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։

23 Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստվածինքըեկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևիցքշելովազգերին ու նրանց աստվածներին։

24 Եվ Իսրայելին՝ քո ժողովրդին, հավիտյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, և դու, ո՜վ Տեր, եղար նրանց Աստվածը։

25 Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես։

26 Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։

27 Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։

28 Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։

29 Ուստի հիմա բարեհաճի՛ր քո ծառայի տունը օրհնելու, որ հավիտյան լինի քո առջև, որովհետև, ո՜վ Ամենակալ Տեր, դու ասացիր, և քո օրհնությամբ ծառայիդ տունը հավիտյան թող օրհնյալ լինի»։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

Դավթի ռազմական հաղթանակները

1 Դրանից հետո Դավիթը կոտորեց փղշտացիներին և նվաճեց նրանց. և Դավիթը փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման։

2 Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկմեկամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։

3 Եվ երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա, կոտորեց Սուբայի թագավոր Ռուբի որդի Ադրաազարին։

4 Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։

5 Դամասկոսի ասորիները եկան Սուբայի թագավոր Ադրաազարին օգնության, և Դավիթը քսաներկու հազար մարդ կոտորեց ասորիներից։

6 Դավիթը բերդապահ զորքեր դրեց Դամասկոսի ասորիների մեջ, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Եվ Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։

7 Դավիթը վերցրեց Ադրաազարի ծառաների ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։

8 Եվ Դավիթ թագավորը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց Ադրաազարի քաղաքներից՝ Բեթահից և Բերոթայից։

9 Եվ երբ Եմաթի թագավորը՝ Թովուն, լսեց, որ Դավիթը ջարդել է Ադրաազարի բոլոր զորքերին,

10 Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։

11 Դավիթ թագավորը դրանք էլ Տիրոջը նվիրեց իր նվիրած այն արծաթի ու ոսկու հետ, որ նա վերցրել էր իր հաղթած բոլոր ազգերից՝

12 ասորիներից, Մովաբից, Ամմոնի որդիներից, փղշտացիներից, Ամաղեկից և Սուբայի թագավորի՝ Ռուբի որդու՝ Ադրաազարի ավարից։

13 Դավիթըմեծանուն հանեց, երբ Աղի ձորում տասնութ հազար ասորիներ կոտորեց և վերադարձավ։

14 Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։

15 Եվ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. և Դավիթը իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։

16 Եվ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի վրա էրնշանակված,և Աքիղուդի որդի Հոսափատը դիվանադպիր էր,

17 և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,

18 և Հովիադայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների վրա էրնշանակված,և Դավթի որդիները նախարարներ էին։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

Դավիթը և Մեմփիբոսթեն

1 Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանից մնացած մարդ կա՞, որ նրան հանուն Հովնաթանի սիրո բարերարություն անեմ»։

2 Եվ Սավուղի տանից Սիբա անունով մի ծառա կար. նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը նրան ասաց. «Դո՞ւ ես Սիբան». և նա ասաց. «Ծառադ եմ»։

3 Եվ թագավորն ասաց. «Սավուղի տանից մնացած մարդ չկա՞, որ Աստծու ողորմածություն անեմ նրան»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Հովնաթանից ոտքերը կաղ մի որդի կա դեռ»։

4 Եվ թագավորը նրան ասաց. «Ո՞ւր է նա»։ Եվ Սիբան ասաց թագավորին. «Նա Լադաբարում՝ Ամիելի որդի Մաքիրի տանն է»։

5 Եվ Դավիթ թագավորըմարդուղարկեց, և նրան վերցրեց Լադաբարից՝ Ամիելի որդի Մաքիրի տանից։

6 Երբ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեն եկավ Դավթի մոտ, ընկավ երեսնիվայր և երկրպագեց նրան։ Եվ Դավիթն ասաց. «Ո՜վ Մեմփիբոսթե». և նա ասաց. «Ահա ծառադ»։

7 Եվ Դավիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հայր Հովնաթանի սիրո ես քեզ անպայման բարերարություն պիտի անեմ և քո հոր՝ Սավուղի բոլոր արտերը պիտի վերադարձնեմ քեզ, և դու պիտի միշտ հաց ուտես իմ սեղանից»։

8 ԵվՄեմփիբոսթենխոնարհվեց ու ասաց. «Ծառադ ո՞վ է, որ ինձ պես մի սատկած շան վրա նայեցիր»։

9 Իսկ թագավորը կանչեց Սավուղի ծառա Սիբային և նրան ասաց. «Սավուղի և նրա տան ամբողջ ունեցվածքը տվի քո տիրոջ որդուն։

10 Դու, քո որդիները և քո ծառաները նրա համար հողը մշակե՛ք.բերքըկբերես իր մոտ, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենա. և քո տիրոջ որդի Մեմփիբոսթեն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ Սիբան տասնհինգ որդի և քսան ծառա ուներ։

11 Եվ Սիբան ասաց թագավորին. «Իմ տեր թագավորը ինչ որ հրամայեց իր ծառային, այնպես էլ կանի քո ծառան»։ «Մեմփիբոսթեն հաց պիտի ուտի իմ սեղանից թագավորի որդիներից մեկի պես»,-ասաց Դավիթը։

12 Մեմփիբոսթեն մի փոքրիկ տղա ուներ՝ անունը Միքա. և Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթեի ծառաներն էին։

13 Եվ Մեմփիբոսթեն բնակվում էր Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում. և նա երկու ոտքից էլ կաղ էր։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

Դավիթը հաղթում է ամմոնացիներին և ասորիներին

1 Դրանից հետո Ամմոնի որդիների թագավորը մեռավ, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Անոնը։

2 Եվ Դավիթն ասաց. «Մարդասիրություն անեմ Նաասի որդի Անոնին, ինչպես որ նրա հայրը մարդասիրություն արեց ինձ»։ Եվ Դավիթն իր ծառաներին ուղարկեց նրա մոտ, որ նրան մխիթարեն իր հոր համար, և Դավթի ծառաները գնացին Ամմոնի որդիների երկիրը։

3 Եվ Ամմոնի որդիների իշխաններն ասացին իրենց տեր Անոնին. «Մի՞թե Դավիթը քո առաջ քո հորը մեծարելու համար է մխիթարողներ ուղարկել քեզ մոտ։ Չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել՝ քաղաքն իրենց աչքով տեսնելու, լրտեսելու և այն կործանելու համար»։

4 Եվ Անոնը Դավթի ծառաներին վերցրեց, ածիլել տվեց նրանց մորուքների կեսը, նրանց հանդերձների կեսն էլ կտրել տվեց մինչև իրենց նստելատեղը և ետ ուղարկեց նրանց։

5 Այս բանըպատմեցին Դավթին, և նամարդուղարկեց նրանց դիմավորելու, որովհետև այդ մարդիկ խիստ արհամարհվել էին, և թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, և հետո վերադարձե՛ք»։

6 Եվ երբ Ամմոնի որդիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթի համար, Ամմոնի որդիներըմարդուղարկեցին և քսան հազար հետևակ վարձեցին Բեթրոբի ասորիներից ու Սուբայի ասորիներից, հազար մարդ՝ Մաաքայի թագավորից և տասներկու հազար մարդ՝ Իստովբից։

7 Երբ Դավիթը լսեց այդ, Հովաբին և բոլոր քաջ մարդկանց ուղարկեց։

8 Եվ Ամմոնի որդիները դուրս եկան ևքաղաքիդռան առաջ կարգով շարվեցին պատերազմելու, իսկ Սուբայի և Րոոբի ասորիները և Իստովբն ու Մաաքան առանձին կանգնել էին դաշտում։

9 Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմն իր վրա է հասնում առջևից ու ետևից, Իսրայելի բոլոր ընտիր մարդկանցից ընտրեց և ասորիների դեմ պատերազմի շարեց։

10 Եվ մնացած զորքը հանձնեց իր եղբայր Աբեսսային, որ Ամմոնի որդիների դեմ շարի։

11 Հովաբն ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթելու լինեն, օգնության կհասնես ինձ, իսկ եթե Ամմոնի որդիները քեզ հաղթելու լինեն, ես քեզ օգնության կհասնեմ։

12 Քաջասի՛րտ եղիր, արիանանք մեր ժողովրդի համար և մեր Աստծու քաղաքների համար, և թող Տերը անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

13 Եվ Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին, որպեսզի պատերազմի նրանց դեմ, և նրանք փախան նրա առաջից։

14 Երբ Ամմոնի որդիները տեսան, որ ասորիները փախչում են, իրենք էլ փախան Աբեսսայի առաջից և մտան քաղաք։ Եվ Հովաբը Ամմոնի որդիների մոտից վերադարձավ և եկավ Երուսաղեմ։

15 Երբ ասորիները տեսան, որ իրենք ջախջախվեցին Իսրայելի առաջ, հավաքվեցին մեկտեղ։

16 Եվ Ադրաազարըմարդ ուղարկեցև ոտքի հանեց գետի այն կողմը եղած ասորիներին, ու եկան Էլամ, և Ադրաազարի զորապետ Սովբակը առաջնորդեց նրանց։

17 Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։

18 Եվ ասորիները փախան Իսրայելի առաջից. և Դավիթը յոթ հարյուր կառք վարող ու քառասուն հազար ձիավոր կոտորեց ասորիներից և զարկեց նրանց զորապետ Սովբակին, որը այնտեղ էլ մեռավ։

19 Եվ Ադրաազարին հպատակ բոլոր թագավորները, երբ տեսան, որ հաղթվեցին Իսրայելի առաջ, հաշտություն կնքեցին Իսրայելի հետ և դարձան նրա ծառաները, իսկ ասորիները դրանից հետո վախենում էին օգնել Ամմոնի որդիներին։