Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու կանչված, և Սոսթենես եղբայրը՝

2 Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Հիսուսով սրբագործվածներիդ՝ կոչված սրբեր լինելու, բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է և մերը.

3 շնորհ և խաղաղություն ձեզ մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։

Գոհություն Աստծուն

4 Ամեն ժամ իմ Աստծուն ձեզ համար գոհություն եմ հայտնում այն շնորհի համար, որ Աստված ձեզ տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով,

5 որովհետև նրանով հարստացաք ամեն բանի մեջ՝ թե՛ խոսքով, թե՛ գիտությամբ։

6 Քրիստոսի մասին վկայությունն այնպես հաստատվեց ձեր մեջ,

7 որ ոչ մի շնորհ ձեզ չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանն սպասելով։

8 Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։

9 Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու։

Բաժանումներ Կորնթոսի եկեղեցու մեջ

10 Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի ու նույն կարծիքի մեջ հաստատուն լինեք։

11 Որովհետև, եղբայրնե՛ր, Խլոյեի ընտանիքից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, թե ձեր մեջ հակառակություններ կան։

12 Նկատի ունեմ այն, որ ձեզանից ամեն մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», կամ՝ «Ես՝ կեփասյան», կամ էլ՝ «Ես՝ քրիստոսյան»։

13 Մի՞թե Քրիստոսը բաժանված է. մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի՞ անունով մկրտվեցիք։

14 Գոհություն եմ հայտնում Աստծուն, որ ես ձեզանից ոչ մեկին չեմ մկրտել, բացի Կրիսպոսից ու Գայիոսից,

15 որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։

16 Ստեփանասի ընտանիքին ևս մկրտեցի. չգիտեմ, թե ուրիշի էլ մկրտած լինեմ։

17 Որովհետև Քրիստոսն ինձ չի ուղարկել մկրտելու, այլ Ավետարանը քարոզելու՝ ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։

Քրիստոսը՝ Աստծու զորությունը և իմաստությունը

18 Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար Աստծու զորություն է։

19 Որովհետև գրված է.

«Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ

և խելացիների խելքը անտեսելու եմ»(Ես. 29.14)։

20 Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։

21 Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։

22 Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում.

23 մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար՝ հիմարություն։

24 Սակայն կանչված հրեաների և հույների համար Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է։

25 Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, և Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։

26 Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։

27 Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։

28 Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ-որ բան համարվողներին,

29 որպեսզի Աստծու առաջ ոչ մի էակ չպարծենա։

30 Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։

31 Ինչպես որ գրված է.«Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա»(Երմ. 9.24)։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 2

Պողոսի քարոզչությունը Կորնթոսում

1 Ես էլ, եղբայրնե՛ր, երբ ձեզ մոտ եկա, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա Աստծու վկայությունը ձեզ պատմելու։

2 Որովհետև մտադիր չէի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից՝ խաչվածից։

3 Ես տկարությամբ, վախով ու մեծ դողով եղա ձեզ մոտ։

4 Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացույցով,

5 որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։

Աստծու իմաստությունը

6 Իմաստության մասին խոսում ենք կատարյալների հետ. իմաստություն, որը ո՛չ այս աշխարհինն է, ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը, որոնք անհետանալու են։

7 Այլ խոսում ենք Աստծու խորհրդավոր և ծածուկ իմաստության մասին, որն Աստված հավիտենությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր,

8 և որն այս աշխարհի իշխաններից ոչ ոք չճանաչեց, քանի որ եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին հանի,

9 այլ ինչպես գրված է.

«Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց,

և մարդու սիրտը չընկավ,

այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»(Ես. 64.4)։

10 Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։

11 Քանզի մարդկանցից ո՞վ գիտի մարդկայիններքնաշխարհը,եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին։ Այդպես էլ Աստծու ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծու Հոգին։

12 Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։

13 Ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք մեկնում։

14 Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։

15 Իսկ հոգևոր մարդն ամեն բան քննում է, և ինքը ոչ ոքի կողմից չի քննվում։

16 Քանզի

«Տիրոջ միտքն ո՞վ է իմացել, որ նրան խրատի»(Ես. 40.13)։

Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 3

Աստծու սպասավորները

1 Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևոր մարդկանց, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների։

2 Ձեզ կաթ խմեցրի և ոչ թե կերակուրտվեցի,որովհետև դեռևս չէիք կարող այնընդունել։Հիմա էլ դեռ չեք կարող,

3 որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։

4 Երբ մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», իսկ մյուսը՝ «Ես ապողոսական», մարմնավոր մարդիկ չե՞ք։

5 Արդ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սոսկ սպասավորներ, որոնց միջոցով հավատացիք, և նրանցից ամեն մեկը արեց այնպես, ինչպես որ Տերը տվեց նրան։

6 Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։

7 Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։

8 Տնկողն ու ջրողը մի են, բայց ամեն մեկն իր աշխատանքի համաձայն իր վարձը կստանա։

9 Որովհետև մենք Աստծու գործակիցներ ենք, դուք՝ Աստծու մշակության դաշտը, Աստծու շինությունը։

10 Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա։ Բայց թող ամեն ոք զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։

11 Որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։

12 Եթե որևէ մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով,

13 ամեն մեկի գործը հայտնի է դառնալու.դատաստանիօրը, որ կրակով է հայտնվելու, երևան է հանվելու, և ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։

14 Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա,

15 իսկեթե մեկի գործն այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջովէ անցել։

16 Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։

17 Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։

18 Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի. եթե ձեզանից մեկը կարծում է, թե այս աշխարհում իմաստուն է, նա թող հիմար լինի, որ իմաստուն դառնա։

19 Որովհետև այս աշխարհի իմաստությունն Աստծու առաջ հիմարություն է, քանի որ գրված է.

«Նա իմաստուններին իրենց խորամանկության մեջ է բռնում»(Հոբ 5.13)։

20 Եվ դարձյալ.

«Տերը ճանաչում է իմաստունների մտքերը, որոնք ունայն են»(Սաղ. 94.11)։

21 Ուրեմն ոչ ոք թող մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է՝

22 թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան, թե՛ գալիքը. ամեն բան ձերն է։

23 Դուք Քրիստոսիննեք,և Քրիստոսը՝ Աստծունը։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 4

Քրիստոսի սպասավորներն ենք

1 Այսպիսով, թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ համարի։

2 Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի։

3 Բայց ինձ համար նշանակություն չունի, որ դատվեմ ձեզանից կամ մարդկային դատաստանից. ես ինքս էլ ինձ չեմ դատում։

4 Որովհետև ինքս իմ մասին ես ոչինչ չգիտեմ. բայց դրանով չեմ արդարանում, որովհետև ինձ դատողը Տերն է։

5 Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. այդժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։

6 Եղբայրնե՛ր, սրանք ձեզ համար ինքս իմ և Ապողոսի մասին որպես օրինակ գործածեցի, որպեսզի մեզանից սովորեք գրվածից ավելին չխորհել, որպեսզի չլինի թե մեկն ընկերոջ պատճառով մյուսի նկատմամբ գոռոզանա։

7 Որովհետև ո՞վ է քեզ տարբերումուրիշից.ի՞նչ ունես դու, որ չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես չստացողի պես պարծենում։

8 Արդեն կշտացել եք. արդեն հարստացաք ու առանց մեզ թագավորեցիք։ Երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք։

9 Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։

10 Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսով. մենք՝ տկար, իսկ դուք՝ զորավոր, դուք՝ փառավորված, իսկ մենք՝ անարգված։

11 Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում։

12 Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով։ Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք։

13 Վարկաբեկում են, մենք մխիթարում ենք. աշխարհի համար աղբ ենք դարձել՝ մինչև այժմ բոլորից անարգված լինելով։

14 Ոչ թե ձեզ ամաչեցնելու համար եմ այս բաները գրում, այլ որպես իմ սիրելի որդիների՝ խրատում եմ։

15 Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։

16 Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանվեք։

17 Դրա՛ համար ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ Տիրոջով իմ սիրելի ու հավատարիմ որդին է։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որ Քրիստոս Հիսուսով են, ինչպես որ ամենուրեք բոլոր եկեղեցիներում ուսուցանում եմ։

18 Կարծելով, թե ձեզ մոտ չեմ գալու, ոմանք գոռոզացել են։

19 Բայց շուտով գալու եմ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, և ծանոթանալու եմ ոչ թե գոռոզացողների խոսքերին, այլ նրանց զորությանը։

20 Որովհետև Աստծու արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։

21 Ինչպե՞ս եք ուզում. գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով ու հեզության հոգով։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 5

Բարոյական անկարգություններ Կորնթոսում

1 Առհասարակ լսելի է ձեր մեջեղածպոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։

2 Եվ դուք պարծենում եք՝ փոխանակ սգալու, որպեսզի ձեր միջից վերացվի նա, ով այդ արարքը կատարել է։

3 Թեև ես մարմնով հեռու եմ, բայց հոգով ներկա եմ։ Որպես ներկա՝ արդեն վճռել եմ նրա համար, ով նման բան է կատարել.

4 մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ մեկտեղ հավաքվեք, ես ևս հոգով ձեզ հետ կլինեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ.

5 այդպիսի մեկին մատնել սատանային, որպեսզի մարմինը կորչի, և հոգին փրկվի մեր Տեր Հիսուսիդատաստանիօրը։

6 Ձեր պարծենալը լավ չէ. չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածն է խմորում։

7 Հին խմորը մաքրե՛ք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք. որովհետև մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։

8 Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով։

9 Նամակում ձեզ գրեցի պոռնիկների հետ չխառնակվել։

10 Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։

11 Հիմա ձեզ գրեցի չխառնակվել, որ եթե մեկը, որ եղբայր է կոչված, պոռնիկ կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ հարբեցող, կամ հափշտակող լինի, այդպիսի մեկի հետ անգամ հաց չուտեք։

12 Քանզի ինձ ի՞նչ պետք է, որեկեղեցուցդուրս գտնվողներին էլ դատեմ. չէ՞ որ դուքեկեղեցուներսում գտնվողներին եք դատում։

13 Իսկ դրսիններին Աստված է դատելու։Չարը ձեր միջից վերացրե՛ք(հմմտ. Բ Օր. 22.21)։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 6

Դատաստան եղբայրների դեմ

1 Եթե ձեզանից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի անիրավների՞ առաջ դատվել և ոչ թե սրբերի։

2 Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չե՞ք։

3 Չգիտե՞ք, որ մենք հրեշտակներին ենք դատելու. որքա՜ն առավել՝ կենցաղային բաները։

4 Եթե կենցաղային բաների համար դատաստան եք անում, ինչո՞ւ եք եկեղեցու համար անարժեք մարդկանց ձեզ դատավոր նստեցրել։

5 Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել։

6 Բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։

7 Ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Ինչո՞ւ դուք ինքներդ չեք անիրավվում և ինչո՞ւ ինքներդ անիրավություն չեք կրում,

8 այլ դուք եք զրկում և անիրավություն անում, այն էլ եղբայրներին։

9 Կամ չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները,

10 ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ զրպարտողները և ո՛չ էլ հափշտակողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։

11 Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։

Ձեր մարմինները թող ծառայեն Աստծու փառքին

12 Ինձ համար ամեն բան թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ։

13 Ուտելիքները որովայնի համար են, և որովայնը՝ ուտելիքների, բայց Աստված այդ էլ, դրանք էլ կխափանի։ Սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։

14 Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց, իր զորությամբ ձեզ էլ հարություն կտա։

15 Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ուրեմն Քրիստոսի անդամները վերցնեմ պոռնիկի՞ անդամ անեմ։ Քա՛վ լիցի։

16 Կամ չգիտե՞ք, որ ով պոռնիկին է միանում,նրա հետմեկ մարմին է դառնում, որովհետև«Երկուսը,- ասում է,-մեկ մարմին կլինեն»(Ծնն. 2.24)։

17 Իսկ ով Տիրոջն է միանում,նրա հետմեկ հոգի է դառնում։

18 Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։

19 Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, ևդուքձերը չեք։

20 Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 7

Ամուսնությանը վերաբերող հարցեր

1 Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ։ Մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա։

2 Սակայն պոռնկությունիցխուսափելու համարթող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։

3 Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։

4 Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։

5 Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։

6 Բայց սա թույլ տալով եմ ասում և ոչ թե հրամայելով։

7 Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի։ Սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի. մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։

8 Բայց ամուրիներին ու այրիներին ասում եմ. նրանց համար լավ է, որ ինձ պես մնան։

9 Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։

10 Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։

11 Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։

12 Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։

13 Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։

14 Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։

15 Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի. նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ. Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։

16 Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։

17 Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։

Ապրի՛ր, ինչպես Աստված քեզ կոչել է

18 Մեկը թլփատվա՞ծ է կանչվել, թող անթլփատ չձևանա. մեկն անթլփա՞տ է կանչվել, թող չթլփատվի։

19 Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։

20 Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։

21 Ծառա՞ էիր, երբ կանչվեցիր, հոգ մի՛ արա, բայց եթե կարող ես նաև ազատ լինել, առավել ևս դրանի՛ց օգտվիր։

22 Որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։

23 Մեծգնով եք գնվել. մարդկանց ծառաներ մի՛ դարձեք։

24 Եղբայրնե՛ր, յուրաքանչյուր ոք ինչ կոչմամբ կանչվեց, Աստծու առաջ թող դրա մեջ մնա։

Ամուրիների և այրիների մասին

25 Կույսերի վերաբերյալ Տիրոջից հրաման չունեմ, սակայն որպես Տիրոջից ողորմություն գտած և վստահելի մեկը՝ խրատ եմ տալիս։

26 Արդ կարծում եմ, որ ներկայիս նեղության պատճառով լավ է մարդն այդպես լինի։

27 Կնոջ հետ կապվա՞ծ ես, մի՛ փորձիր բաժանվել, բաժանվա՞ծ ես կնոջից,այլկին մի՛ փնտրիր։

28 Բայց եթե ամուսնանաս, մեղանչած չես լինի, և եթե մի կույս ամուսնանա, մեղանչած չի լինի. բայց այդպիսիները մարմնական նեղություն կունենան, իսկ ես կցանկանայի ձեզ խնայել։

29 Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ այսուհետև ժամանակը կարճ է, այնպես որ կին ունեցողները չունեցողների պես թող լինեն,

30 լաց լինողները՝ չլացողների պես, ուրախացողները՝ չուրախացողների, իսկ գնորդները թող լինեն այնպես, իբր գնածի տերը չեն,

31 այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։

32 Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի,

33 սակայն ամուսնացածն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս կնոջը հաճելի լինի։

34 Իրարից տարբերվում են նաև ամուսնացած կինն ու կույսը. կույսը Տիրոջ գործերի մասին է հոգում, որ մարմնով ու հոգով սուրբ լինի, իսկ ամուսնացածկիննաշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս իր ամուսնուն հաճելի լինի։

35 Սա ես ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա բեռ եմ դնում, այլ որպեսզի պարկեշտությամբ և անարգել Տիրոջը ծառայեք։

36 Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։

37 Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։

38 Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։

39 Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը կենդանի է։ Իսկ եթե նրա ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։

40 Սակայն է՛լ ավելի երանելի է, թե որ ըստ իմ խրատի այնպես մնա։ Կարծում եմ, որ ես էլ Աստծու Հոգին ունեմ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 8

Կուռքերին արված զոհերի մասին

1 Կուռքերին զոհաբերված մսի վերաբերյալ գիտենք, բոլորս ենք այդ մասին տեղյակ. գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ ամրացնում։

2 Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, նա դեռ չգիտի, թե ինչպե՛ս պետք է գիտենալ։

3 Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։

4 Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։

5 Թեպետ կան այսպես կոչված «աստվածներ» թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր,

6 բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։

7 Սակայն բոլորնայսգիտությունը չունեն, որովհետև ոմանք մինչև հիմա էլ կուռքերին զոհաբերված միսը խղճմտանքով ուտում են, և նրանց խղճմտանքը, տկար լինելով, պղծվում է։

8 Բայց ուտելիքը չէ մեզ Աստծու առաջ կանգնեցնելու. եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա, և եթե չուտենք, ոչնչով չենք պակասի։

9 Միայն թե զգո՛ւյշ եղեք, որ ձեր այդ ազատությունը տկարների համար գայթակղություն չդառնա։

10 Որովհետև եթե մեկը քեզ, որ այդ գիտությունն ունես, մեհյանում սեղան նստած տեսնի, չէ՞ որ նրա խղճմտանքը, որ տկար է, զոհաբերված միսն ուտելու համարձակություն կստանա։

11 Եվ քո գիտության պատճառով կկորչի այն տկար եղբայրը, որի համար Քրիստոսը մեռավ։

12 Եվ այսպես, եղբայրների դեմ մեղանչելով ու այն տկարների խղճմտանքին հարվածելով՝ Քրիստոսի դեմ մեղք եք գործում։

13 Ուստի եթե կերակուրն իմ եղբորը գայթակղեցնում է, ես հավիտյան միս չեմ ուտի, որ իմ եղբորը չգայթակղեցնեմ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 9

Առաքյալի ազատությունն ու պարտավորությունները

1 Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։

2 Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համարառաքյալեմ. իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։

3 Ինձ հարցաքննողների դեմ իմ պատասխանը սա է։

4 Մի՞թե մենք ուտելու և խմելու իրավունք չունենք։

5 Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։

6 Կամ մի՞թե միայն ես և Բառնաբասը չաշխատելու իրավունք չունենք։

7 Ո՞վ է, որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում։ Ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։

8 Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում,

9 որովհետև Մովսեսի օրենքում գրված է.«Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր»(Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։

10 Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսովկալսի։

11 Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։

12 Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։

13 Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։

14 Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։

15 Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։

16 Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որդաինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։

17 Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձՏիրոջիցվստահված տնտեսություն է։

18 Հապա իմ վարձն ի՞նչ է.այն,որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։

19 Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։

20 Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։

21 Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։

22 Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։

23 Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։

24 Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք։

25 Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանքմրցում են,որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական։

26 Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով,

27 այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։

Categories
Ա Կորնթացիներին

Ա Կորնթացիներին 10

Չփորձել Աստծուն, ինչպես փորձեց Իսրայելը

1 Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։

2 Բոլորը, Մովսեսինհետևելով,ամպի մեջ և ծովում մկրտվեցին։

3 Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։

4 Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։

5 Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, ուստի անապատում ընկան մեռան։

6 Եվ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացող չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։

7 Եվ կռապաշտ մի՛ եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես որ գրված է.«Ժողովուրդն ուտելու և խմելու նստեց, ապա ելան զվարճանալու»(Ելք 32.6)։

8 Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։

9 Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։

10 Եվ չտրտնջաք, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կործանիչի ձեռքով կորսվեցին։

11 Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։

12 Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։

13 Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկայինփորձությունից։Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։

14 Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախե՛ք։

15 Ձեզ հետորպես ողջամիտների հետ եմ խոսում. դուք ինքնե՛րդ դատեք, ինչ ասում եմ։

16 Օրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյանը։ Այն հացը, որ կտրում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնին։

17 Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք հաղորդվում։

18 Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. մատուցված զոհից ուտողները հաղորդակից չե՞ն սեղանին։

19 Արդ ի՞նչ ասեմ. մի՞թե կուռքը կամ կուռքերին զոհաբերվածը արժեք ունեն։

20 Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։

21 Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։

22 Կամ թե ուզում ես Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե նրանից ավելի զորավոր ենք։

Քրիստոնեական ազատություն

23 Ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան չի ամրացնում։

24 Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։

25 Այն ամենը, ինչ մսի շուկայում վաճառվում է, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու,

26 որովհետևերկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են(Սաղ. 24.1)։

27 Եթե անհավատներից մեկը ձեզ կանչի, դուք էլ ցանկանաք գնալ, ամեն բան, ինչ որ ձեր առաջ դրվի, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու։

28 Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։

29 Բայց խղճմտանք ասելով նկատի ունեմ ոչ թե ձերը, այլ ընկերոջինը, որովհետև իմ ազատությունն ինչո՞ւ պետք է դատապարտվի ուրիշի խղճմտանքից։

30 Եթե ես գոհությամբ եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն բանի համար, ինչի համար ես գոհանում եմ։

31 Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք։

32 Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։

33 Ինչպես որ ես էլ ամեն բանով բոլորին հաճելի եմ լինում՝ իմ օգուտը չփնտրելով, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։