Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

Եղկանան և իր ընտանիքը Սելովում

1 Արիմաթեմ-Սոփիմից՝ Եփրեմի լեռնային շրջանից, մի մարդ կար՝ անունը Եղկանա։ Նա եփրաթացի Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր։

2 Նա երկու կին ուներ. մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Եվ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։

3 Այդ մարդն ամեն տարի իր քաղաքից ելնում էր Սելով՝ երկրպագելու և զոհ մատուցելու Զորությունների Տիրոջը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, այնտեղ Տիրոջ քահանաներն էին։

4 Եղկանան իր զոհ մատուցած օրը բաժիններ տվեց իր կին Փենանային և նրա որդիներին ու աղջիկներին,

5 իսկ Աննային երևելիբաժին տվեց, որովհետև սիրում էր Աննային, սակայն Տերը փակել էր նրա արգանդը։

6 Բայց նրա նախանձորդը՝Փենանան,վրդովում էր նրան և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա արգանդը։

7 Եղկանանայդպես էր անում ամեն տարի Տիրոջ տունը գնալիս.Փենանաննույնպես վշտացնում էրնրան,ևԱննանլաց էր լինում ու ոչինչ չէր ուտում։

8 Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։

Աննա և Հեղի

9 Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ).

10 և նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և շատ լաց եղավ։

11 Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։

12 Եվ մինչ նա երկար աղոթում էր Տիրոջ առաջ, Հեղին նայում էր նրա բերանին։

13 Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։

14 Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած մնաս. սթափվի՛ր գինովությունից»։

15 Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել և կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։

16 Քո աղախնին չար կին մի՛ համարիր, որովհետև իմ բազում վշտերից և նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։

17 Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։

18 Եվ նա ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով և կերավ, և երեսն այլևս տրտում չէր։

Սամուելի ծնունդը և ընծայումը

19 Նրանք առավոտ կանուխ վեր կացան, երկրպագեցին Տիրոջ առաջ և վերադարձան Ռամա ու գնացին իրենց տուն։ Եղկանան մերձեցավ իր Աննա կնոջը, և Տերը հիշեց նրան։

20 Աննան հղիացավ, և երբ օրը հասավ, մի տղա ծնեց և նրա անունը դրեց Սամուել՝ասելով. «Տիրոջից խնդրեցի նրան»։

21 Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքով ելավ Սելով՝ տարեկան զոհը մատուցելու և իր ուխտը կատարելու Տիրոջ առաջ։

22 Բայց Աննան չգնաց՝ իր ամուսնուն ասելով. «Կնստեմ, մինչև երեխան կտրվի կաթից, հետո կտանեմ նրան, որ երևա Տիրոջ առջև և միշտ մնա այնտեղ»։

23 Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։

24 Եվ հենց որ կաթից կտրեց նրան, իր հետ վերցրեց նրան և երեք զվարակ, մի արդու ալյուր և մի տիկ գինի ու նրան տարավ Սելով՝ Տիրոջ տունը, թեև տղան փոքր էր։

25 Եվ զվարակը մորթեցին, և տղային տարան Հեղիի մոտ։

26 Եվ Աննան ասաց. «Օ՜հ, տե՛ր իմ, ահա կենդանի է քո անձը. ես այն կինն եմ, որ այստեղ կանգնել էի քեզ մոտ՝ Տիրոջն աղոթելու համար։

27 Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։

28 Հիմա էլ ես Տիրոջն եմ տալիս նրան, և թող իր ողջ կյանքում նա փոխ տրված լինի Տիրոջը»։ Եվ նա այնտեղ երկրպագեց Տիրոջը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

Աննայի աղոթքը

1 Աննան աղոթեց և ասաց.

«Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով,

Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը,

Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ,

Քանզի քո փրկությամբ ուրախացա։

2 Տիրոջ նման սուրբ չկա,

Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա,

Եվ վեմ չկա մեր Աստծու նման։

3 Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք,

Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից,

Քանզի Տերն է գիտությունների Աստվածը,

Եվ նա է կշռում գործերը։

4 Կոտրվեցին զորավորների աղեղները,

Իսկ տկարները ուժ առան։

5 Կուշտերը վարձկան դարձան հացի համար,

Իսկ սովածները դադարեցին սովելուց,

Քանզի ամուլը յոթզավակծնեց,

Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։

6 Տերն է մեռցնողը և կենդանացնողը,

Գերեզման իջեցնողը և վեր հանողը։

7 Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը,

Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։

8 Նա է աղքատին կանգնեցնում փոշուց

Եվ կարոտյալին բարձրացնում աղբից,

Որ իշխանների հետ նստեցնի

Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց,

Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը,

Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։

9 Նա է պահում իր սրբերի ոտքերը,

Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ,

Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։

10 Տիրոջ հակառակորդները կկործանվեն,

Նա երկնքից կորոտա նրանց,

Տերը կդատի երկրիս ծագերը,

Եվ ուժ կտա իր թագավորին,

Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։

11 Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։

Հեղիի որդիները

12 Հեղիի որդիները չար մարդիկ էին և չէին ճանաչում Տիրոջը։

13 Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին,

14 և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։

15 Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։

16 Եվ եթե այդ մարդն ասեր, թե՝ «Թող հիմա ճարպն այրեն, ևհետոսրտիդ ուզածի չափ վերցրո՛ւ», այն ժամանակ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի կվերցնեմ»։

17 Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։

Սամուելը Սելովում

18 Եվ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Տիրոջ առաջ։

19 Եվ նրա մայրը ամեն տարի փոքր պատմուճան էր պատրաստում նրա համար ու բերում նրա համար, երբ իր ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու։

20 Եվ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Թող Տերը քեզ զավակներ տա այս կնոջից՝ Տիրոջը փոխ տվածի դիմաց»։ Եվ նրանք վերադարձան իրենց տեղը։

21 Եվ Տերն այցելեց Աննային. նա հղիացավ և երեք տղա ու երկու աղջիկ ծնեց. մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։

Հեղին և իր որդիները

22 Այն ժամանակ Հեղին շատ էր ծերացել. և լսում էր այն ամենը, ինչ անում էին իր որդիները ամբողջ Իսրայելին, և թե ինչպես նրանք պառկում էին վկայության խորանի մուտքի առաջ ծառայող կանանց հետ։

23 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում, որ ես ամբողջ ժողովրդից չար խոսքեր եմ լսում ձեր մասին։

24 Չէ՛, որդինե՛րս, ես բարի լուր չեմ լսում ձեր մասին, դուք մոլորեցնում եք Տիրոջ ժողովրդին։

25 Եթե մարդ մարդու դեմ մեղք է գործում, Աստված կանի նրա դատաստանը, բայց եթե մարդ մեղք գործի Տիրոջ դեմ, ո՞վ աղաչանք կանի նրա համար»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքը, որովհետև Տերն ուզում էր նրանց մահվան մատնել։

26 Եվ Սամուել մանուկը մեծանում էր օրեցօր և հաճելի էր թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց։

27 Եվ Աստծու մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես հայտնապես երևացի քո հոր տանը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի տանըծառաէին,

28 և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։

29 Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։

30 Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն իմ առաջ”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև ես կփառավորեմ ինձ փառավորողներին, և ինձ արհամարհողները կանարգվեն։

31 Ահա օրեր կգան, երբ ես կկտրեմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի ծեր չլինի քո տան մեջ։

32 Եվ դու դժբախտություն կտեսնես տան մեջ, մինչդեռ Իսրայելը կվայելի ամեն տեսակ բարություն, և քո տան մեջ բնավ ծեր չի լինի։

33 Բայց քոսերնդիամեն մարդու չեմ կտրի իմ սեղանից. քո աչքերը նվաղեցնելու և քո սիրտը վշտացնելու համարպիտի մնա,իսկ քո տան բոլոր երիտասարդները չափահաս պիտի մեռնեն։

34 Եվ թող սա քեզ նշան լինի, որ պիտի գա քո երկու որդիների՝ Ոփնիի և Փենեհեսի վրա. երկուսն էլ պիտի մեռնեն մեկ օրում։

35 Եվ ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ կհանեմ, որ կատարի իմ սրտում ու հոգում եղածը, և նրա համար հաստատուն մի տուն կշինեմ, և նա միշտ կծառայի իմ օծյալի առաջ։

36 Եվ քո տանից ով որ մնա, մի կտոր արծաթի համար և մի նկանակ հացի համար կգա նրան երկրպագելու և կասի. “Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտոնի՛ դիր, որ մի պատառ հաց ուտեմ””»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

Աստծու խոսքը Սամուելին

1 Եվ մանուկ Սամուելը Տիրոջը ծառայություն էր անում Հեղիի առջև։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, և հայտնի տեսիլք չկար։

2 Եվ եղավ, որ Հեղին այդ ժամանակ պառկած էր իր տեղը. նրա աչքերը սկսել էին տկարանալ, և նա չէր կարողանում տեսնել։

3 Եվ Աստծու կանթեղը տակավին չէր հանգել, ու Սամուելը քնել էր Տիրոջ տաճարում, որտեղ Աստծու տապանակն էր։

4 Եվ Տերը կանչեց Սամուելին, և նա ասաց. «Ահա ես»։

5 Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։

6 Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։

7 Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում, և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան։

8 Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։

9 Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։

10 Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր,Տե՛ր,որովհետև քո ծառան լսում է»։

11 Այդ ժամանակ Տերը Սամուելին ասաց. «Ահա ես Իսրայելի մեջ մի այնպիսի բան պիտի անեմ, որ նրան բոլոր լսողների ականջները պիտի զնգան։

12 Այդ օրը Հեղիի նկատմամբ կկատարեմ այն ամենը, ինչ նրա տան մասին ասել եմ. կսկսեմ և կվերջացնեմ։

13 Եվ հայտնել եմ իրեն, որ նրա տունը հավիտյան պիտի դատեմ. գիտեր այն անօրենությունը, որ նրա որդիներն իրենց վրա անեծք են բերում, և ինքը չհանդիմանեց նրանց։

14 Դրա համար էլ ես երդվեցի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրենությանը զոհերով և ընծաներով քավություն չլինի հավիտյան»։

15 Եվ Սամուելը քնեց մինչև առավոտ և հետո բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ այդ տեսիլքը Հեղիին պատմելուց։

16 Բայց Հեղին կանչեց Սամուելին և ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կս»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։

17 Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ խոսք էր, որ նա քեզ ասաց. մի՛ ծածկիր ինձանից։ Թող Աստված քեզ այսպես և սրանից ավելին անի, եթե ինձանից մի խոսք ծածկես այն բոլոր խոսքերից, որ նա խոսել է քեզ հետ»։

18 Եվ Սամուելն ամեն ինչ պատմեց նրան. նրանից չթաքցրեց։ ԵվՀեղինասաց. «Նա Տերն է, թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

19 Սամուելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, ու նրա բոլոր խոսքերից ոչ մեկը գետին չգցեց։

20 Եվ Դանից մինչև Բերսաբեե ամբողջ Իսրայելն իմացավ, որ Սամուելը Տիրոջ համար հաստատվել է որպես մարգարե։

21 Տերը դարձյալ երևաց Սելովում, որովհետև Տերը Սամուելին Սելովում հայտնվում էր Տիրոջ խոսքով։ Եվ ամբողջ Իսրայելի մեջ տարածվում էր Սամուելի խոսքը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

Ուխտի տապանակի գերեվարումը

1 Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։

2 Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։

3 Զորքը եկավ բանակատեղի, և Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերը մեզ այսօր ջարդեց փղշտացիների առաջ. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մոտ բերենք, և թող նա մեր մեջ գա և մեզ ազատի մեր թշնամիների ձեռքից»։

4 Զորքը մարդ ուղարկեց Սելով, և այնտեղից վերցրին քերովբեների վրա նստած Զորությունների Տիրոջ ուխտի տապանակը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, այնտեղ էին Աստծու ուխտի տապանակի հետ։

5 Եվ երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և գետինը դղրդաց։

6 Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի,

7 փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։

8 Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։

9 Ո՛ւժ առեք և քա՛ջ եղեք, ո՜վ փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քա՛ջ եղեք և պատերազմե՛ք»։

10 Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։

11 Վերցվեց նաև Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, սպանվեցին։

Հեղիի մահը

12 Եվ Բենիամինի ցեղից մի մարդ նույն օրը բանակից վազելով հասավ Սելով. նրա հանդերձները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։

13 Եվ երբ նաայնտեղ հասավ,Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։

14 Հեղին, լսելով այդ աղաղակի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկի ձայն է»։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու Հեղիին պատմեց։

15 Հեղին իննսունութ տարեկան էր. աչքերը մթնել էին, և չէր կարողանում տեսնել։

16 Եվ այն մարդը Հեղիին ասաց. «Ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարտի դաշտից»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ»։

17 Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. «Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, և քո երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսն էլ սպանվեցին, և Աստծու տապանակն էլ գերի վերցվեց»։

18 Եվ երբ նա հիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից մեջքի վրա ցած ընկավ դռան մոտ, և նրա վզի ոսկորը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր. նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։

Փենեհեսի կնոջ մահը

19 Եվ նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, ծնելու մոտ, և երբ լսեց Աստծու տապանակի գերի վերցվելու և իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։

20 Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի՛ վախեցիր, որովհետև տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց։

21 Եվ այդ տղայի անունը Իքաբոդդրեց՝ ասելով. «Իսրայելից փառքը վերացավ», որովհետև Աստծու տապանակը վերցվեց, և նրա սկեսրայրն ու ամուսինը չկան։

22 Դրա համար էլ ասաց. «Քանի որ Աստծու տապանակը վերցվեց, Իսրայելից փառքը վերացավ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5

Ուխտի տապանակը փղշտացիների մոտ

1 Եվ փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և այն Աբենեզերից տարան Ազովտոս։

2 Փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և տարան Դագոնի տուն ու դրեցին Դագոնի մոտ։

3 Հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, ազովտացիները վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա ընկել է գետնին. և նրանք բարձրացրին Դագոնն ու դրեցին իր տեղը։

4 Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնիմարմիննէր մնացել։

5 [Այդ պատճառով էլ Դագոնի քրմերը և Դագոնի տուն բոլոր մտնողները մինչև այսօր Ազովտոսում չեն կոխում Դագոնի տան շեմը]։

6 Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ ազովտացիների վրա, և կործանեց նրանց և Ազովտոսում ու նրա սահմաններում նրանց հարվածեց թանչքի ուռուցքներով։

7 Եվ երբ Ազովտոսի բնակիչները տեսան, որ այդպես է, ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը չմնա մեզ մոտ, որովհետև նրա ձեռքը ծանրացավ մեզ վրա և մեր աստված Դագոնի վրա»։

8 Մարդուղարկեցին և փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին իրենց մոտ ու ասացին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը». և ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեն Գեթ». և Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեցինԳեթ։

9 Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։

10 Այն ժամանակ Աստծու տապանակը Ակկարոն ուղարկեցին. և հենց որ Աստծու տապանակը Ակկարոն մտավ, ակկարոնացիներն աղաղակելով ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը մեզ մոտ բերին, որ մեզ և մեր ժողովրդին մեռցնեն»։

11 Մարդուղարկեցին, ժողովեցին փղշտացիների բոլոր նախարարներին և ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը ե՛տ ուղարկեք, թող վերադառնա իր տեղը, որ մեզ և մեր ժողովրդին չմեռցնի». քանզի մահառիթ մի սոսկում կար քաղաքում, և Աստծու ձեռքը խիստ ծանրացել էր այնտեղ։

12 Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6

Տապանակի վերադարձը

1 Եվ Տիրոջ տապանակը յոթ ամիս մնաց փղշտացիների երկրում։

2 Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։

3 Նրանք էլ ասացին. «Եթե Իսրայելի Աստծու տապանակը պիտի ուղարկեք, դատարկ չուղարկեք այն, այլ անպատճառ հանցանքի ընծա՛ մատուցեք նրան և այն ժամանակ կբժշկվեք, և ձեզ հայտնի կլինի, թե ինչո՛ւ նրա ձեռքը չի հեռանում ձեզանից»։

4 Նրանք ասացին. «Ո՞րն է հանցանքի այդ ընծան, որ մատուցենք նրան»։ Եվ նրանք ասացին. «Ըստ փղշտացիների նախարարների թվի՝ հինգ ոսկե թանչքի ուռուցքներ և հինգ ոսկե մկներ են. քանզի միևնույն հարվածն էր իջել ձեզ բոլորիդ վրա և ձեր նախարարների վրա։

5 Ուրեմն շինե՛ք ձեր թանչքի ուռուցքների պատկերները և ձեր երկիրն ավերող մկների պատկերները և փա՛ռք տվեք Իսրայելի Աստծուն. գուցե կարելի է, որ նա իր ձեռքը թեթևացնի ձեր վրայից, ձեր աստվածների վրայից և ձեր երկրի վրայից։

6 Եվ ինչի՞ համար եք ձեր սրտերը խստացնում, ինչպես իրենց սրտերը խստացրին եգիպտացիներն ու փարավոնը. չէ՞ որԱստծու՝նրանց մեջ հրաշագործություններ անելուց հետո միայն նրանք թույլ տվին նրանց, որ գնան։

7 Ուրեմն մի նոր սա՛յլ շինեք և կաթնատու երկու երի՛նջ առեք, որոնց վրա բնավ լուծ դրված չլինի, և երինջները լծե՛ք սայլին ու իրենց հորթերն էլ նրանց հետևից ե՛տ տարեք տուն։

8 Վերցրե՛ք Տիրոջ տապանակն ու այն դրե՛ք սայլի վրա և այն ոսկե անոթները, որ դուք ձեր հանցանքի համար նրան ընծա պիտի տաք, փոքրիկ մի արկղով դրե՛ք նրա մի կողքին և ճանապարհե՛ք, որ գնա։

9 Եվ նայե՛ք. եթե իր սահմանի ճանապարհով նա Բեթսամյուս է գնում, ապա նա է մեզ այս մեծ չարիք անողը, իսկ եթե ոչ, ապա իմացե՛ք, որ նրա ձեռքը չէ մեզ դիպել, այլ այս բանը դիպվածով է պատահել մեզ»։

10 Եվ այդ մարդիկ այդպես էլ արին. կաթնատու երկու երինջ վերցրին, նրանց լծեցին սայլին և նրանց հորթերին փակեցին տանը։

11 Եվ Տիրոջ տապանակն ու ոսկե մկների և իրենց թանչքի ուռուցքների պատկերների փոքրիկ արկղը դրեցին այդ սայլի վրա։

12 Եվ երինջները ճանապարհ ընկան ուղիղ Բեթսամյուսի ճամփան և չխոտորվեցին դեպի աջ կամ ձախ կողմը, այլ ուղիղ էին գնում ու բառաչում։ Եվ փղշտացիների նախարարները մինչև Բեթսամյուսի սահմանը գնում էին նրանց ետևից։

13 Բեթսամյուսացիները հովտում ցորենի արտ էին հնձում. իրենց աչքերը բարձրացրին ու տապանակը տեսան. ուրախացան, որ տեսան։

14 Եվ սայլը մտավ բեթսամյուսացի Հեսուի արտն ու կանգնեց այնտեղ. և այնտեղ մի մեծ քար կար, և սայլի փայտերը ջարդեցին ու այն երինջները ողջակեզ մատուցեցին Տիրոջը։

15 Եվ ղևտացիներն իջեցրին Տիրոջ տապանակն ու նրա հետ եղած ոսկե անոթների փոքրիկ արկղը և դրեցին այն մեծ քարի վրա, և այդ նույն օրը Բեթսամյուսի մարդիկ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։

16 Եվ փղշտացիների հինգ նախարարները տեսան այդ և նույն օրն էլ վերադարձան Ակկարոն։

17 Եվ թանչքի այն ոսկե ուռուցքները, որ փղշտացիներն իրենց հանցանքի ընծա էին տվել Տիրոջը, սրանք էին. մեկը Ազովտոսի համար էր, մեկը՝ Գազայի համար, մեկը՝ Ասկաղոնի համար, մեկը՝ Գեթի համար, մեկն էլ՝ Ակկարոնի համար։

18 Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, ևորըմինչև այսօրկաբեթսամյուսացի Հեսուի արտում։

Տապանակը Կարիաթարիմում

19 ԵվՏերըհարվածեց Բեթսամյուսի մարդկանց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի ներսը. ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ սպանեց, և ժողովուրդը սգի մեջ էր, քանի որ Տերը մեծ կոտորած արեց ժողովրդի մեջ։

20 Եվ Բեթսամյուսի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Աստծու՝ Տիրոջ առաջ, և ո՞ւմ մոտ պիտի գնա մեր մոտից»։

21 Ապա Կարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. «Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել, իջե՛ք և այն տարե՛ք, վե՛ր բարձրացրեք ձեզ մոտ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7

1 Եվ Կարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տապանակը վեր բարձրացրին և բերեցին Աբինադաբի տուն, որը բլրի վրա էր. և նրա որդուն՝ Եղիազարին, սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ տապանակը։

2 Եվ տապանակը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ամբողջ տունը հառաչեց Տիրոջ հետևից։

Սամուելը կառավարում է Իսրայելը

3 Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։

4 Եվ Իսրայելի որդիները հեռացրին Բահաղիմին ու Աստարովթին և միայն Տիրոջը ծառայեցին։

5 Եվ Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելը հավաքե՛ք Մասփայում, որպեսզի ձեզ համար աղոթեմ Տիրոջը»։

6 Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։

7 Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։

8 Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։

9 Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։

10 Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։

11 Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։

12 Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։

13 Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։

14 Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։

15 Եվ Սամուելը Իսրայելի դատավորն էր իր կյանքի բոլոր օրերին։

16 Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղգաղա և Մասփա, շրջագայում էր բոլոր այդ տեղերում և դատում էր Իսրայելին։

17 Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

Ժողովուրդը թագավոր է ուզում

1 Եվ երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին դատավորներ դրեց Իսրայելի վրա։

2 Նրա անդրանիկ որդու անունը Հովել էր, իսկ երկրորդի անունը՝ Աբիա, և նրանք դատավորություն էին անում Բերսաբեեում։

3 Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։

4 Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին ու գնացին Ռամա՝ Սամուելի մոտ։

5 Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհով։ Արդ մեզ վրա մի թագավո՛ր դիր, որ դատի մեզ, ինչպես ունեն բոլոր ազգերը»։

6 Եվ Սամուելին այս բանը վատ թվաց, որ ասացին. «Մեզ մի թագավո՛ր տուր, որ դատի մեզ». և Սամուելը աղոթեց Տիրոջը։

7 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդի խոսքը և այն ամենը, ինչ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ չթագավորեմ իրենց վրա։

8 Ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ՝ Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ և ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։

9 Եվ հիմա դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի՛ դարձրու և հասկացրո՛ւ այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա»։

10 Եվ Սամուելը Տիրոջ բոլոր խոսքերն ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից։

11 Եվ ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորի իրավունքը այս է լինելու. վերցնելու է ձեր տղաներին, տանելու է իր համար,դնելու էիր կառքերի ու ձիերի վրա, որ վազեն իր կառքերի առջևից։

12 Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։

13 Եվ վերցնելու է ձեր աղջիկներին, լինեն յուղագործ, խոհարար ու հացթուխ։

14 Եվ վերցնելու է ձեր ընտիր արտերը, այգիներն ու ձիթենիները և տալու է իր ծառաներին։

15 Եվ ձեր ցանքերից ու այգիներից տասանորդ է վերցնելու և տալու է իր ներքինիներին ու ծառաներին։

16 Եվ վերցնելու է ձեր ծառաներին ու աղախիններին, ձեր լավագույն երիտասարդներին, ձեր էշերը և իր գործի համար ծառայեցնի։

17 Ձեր հոտերից տասանորդ է վերցնելու, և դուք լինելու եք նրա ծառաները։

18 Եվ այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով, բայց այդ օրը Տերը պատասխան չի տա ձեզ»։

19 Սակայն ժողովուրդը չուզեց լսել Սամուելի խոսքը և ասաց. «Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի։

20 Եվ մենք էլ լինենք բոլոր ազգերի պես, ու մեր թագավորը կառավարի մեզ. նա դուրս գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում»։

21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը և ասաց Տիրոջ ականջին։

22 Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր նրանց ձայնը և նրանց վրա թագավո՛ր դիր»։ Եվ Սամուելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց. «Թող ամեն մարդ իր քաղաքը գնա»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

Սավուղը հանդիպում է Սամուելին

1 Բենիամինի ցեղից մի ուժեղ մարդ կար, անունը՝ Կիս. նա Բենիամինի որդի Աբիայի որդու՝ Բեքովրաթի որդու՝ Սերորի որդու՝ Աբիելի որդին էր։

2 Կիսը մի որդի ուներ, անունը՝ Սավուղ, որը երիտասարդ ու գեղեցիկ տղամարդ էր, և Իսրայելի որդիների մեջ նրանից գեղեցիկ մարդ չկար. ուսերից վեր նա բարձր էր ամբողջ ժողովրդից։

3 Սավուղի հոր՝ Կիսի էշերը կորան, և Կիսն իր որդի Սավուղին ասաց. «Ծառաներից մեկին հե՛տդ վերցրու, վե՛ր կաց, գնա էշերը փնտրի՛ր»։

4 Նա էլ անցավ Եփրեմի սարից, Սաղիսա երկրից էլ անցավ, բայց չգտան, և Սաղիմի երկրից էլ անցան, բայցայնտեղ էլչկային, Բենիամինյանների երկրից էլ անցան, բայց չգտան։

5 Երբ եկան Սուփի երկիրը, Սավուղն իր հետ եկած ծառային ասաց. «Եկ վերադառնանք, գուցե իմ հայրը, էշերին թողնելով, մեզ համար մտահոգվի»։

6 Բայցծառաննրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծու մարդ կա. նա մի պատվավոր մարդ է, և ամեն բան, ինչ որ ասում է, անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք, գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։

7 Սավուղն իր ծառային ասաց. «Բայց եթե գնանք, ի՞նչ տանենք այդ մարդու համար. ահա հացը պակասել է մեր ամաններից, և մի ընծա էլ չունենք Աստծու մարդուն տանելու. ի՞նչ ունենք մեզ մոտ»։

8 Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։

9 (Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։

10 Եվ Սավուղն իր ծառային ասաց. «Լավ ասացիր, եկ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ բնակվում էր Աստծու մարդը։

11 Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։

12 Եվ աղջիկները նրանց պատասխանեցին ու ասացին. «Այո՛, ահա քո առջև է. հիմա շուտ գնացե՛ք, քանի որ նա այսօր է քաղաք եկել նրա համար, որ ժողովուրդն այսօր այն բարձր տեղում զոհ է մատուցելու։

13 Հենց որ քաղաք մտնեք, նրան իսկույն կգտնեք այնտեղ, քանի որ նա դեռ չի գնացել այն բարձր տեղը՝ կերակուր ուտելու, որովհետև մինչև նա չգնա այնտեղ, ժողովուրդը կերակուր չի ուտելու, քանի որ նա է օրհնում զոհը, և դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Այժմ վե՛ր կացեք, և դուք հիմա նրան կգտնեք»։

14 Եվ նրանք դեպի վեր՝ քաղաք գնացին. և երբ քաղաք էին մտնում, նրանց դեմ ահա դուրս եկավ Սամուելը, որ բարձր տեղը գնար։

15 Եվ Տերը Սամուելին հայտնել էր դա Սավուղի գալուց մեկ օր առաջ

16 և ասել. «Վաղն այս նույն ժամին Բենիամինի երկրից քեզ մոտ մի մարդ եմ ուղարկելու, որ դու նրան իշխան օծես Իսրայելի իմ ժողովրդի վրա, որպեսզի նա իմ ժողովրդին ազատի փղշտացիների ձեռքից, որովհետև ես նայեցի ժողովրդին նրա համար, որ աղաղակը հասավ ինձ»։

17 Եվ երբ Սամուելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասաց. «Ահա այն մարդը, որի մասին ասացի քեզ. “Նա պիտի իշխի իմ ժողովրդի վրա”»։

18 Եվ Սավուղը դռան մեջ մոտեցավ Սամուելին ու ասաց. «Աղաչում եմ, ինձ ցո՛ւյց տուր, թե որտե՛ղ է տեսանողի տունը»։

19 Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին ու ասաց. «Ես եմ տեսանողը. ե՛կ, իմ առջևիցգնա՛բարձր տեղը՝ այսօր ինձ հետ կերակուր ուտելու. վաղը քեզ ճանապարհ կդնեմ և քեզ կասեմ այն ամենը, ինչ կա քո սրտում։

20 Իսկ երեք օր առաջ կորած էշերի համար մի՛ մտահոգվիր, քանի որ նրանք գտնվել են։ Բայց ամբողջ փափագնո՞ւմ է վերաբերում. չէ՞ որ քեզ և քո հոր ամբողջ տան համար է»։

21 Եվ Սավուղը պատասխանեց ու ասաց. «Բայց մի՞թե ես Իսրայելի ցեղերից ամենափոքր ցեղից՝ Բենիամինից չեմ, և իմ ազգատոհմը ամենափոքրը չէ՞ Բենիամինի ցեղի բոլոր ազգատոհմերից. ինչո՞ւ ես ինձ այդպիսի խոսք ասում»։

22 Եվ Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա ծառային, նրանց տարավ սրահը և նրանց տեղ տվեց հրավիրյալների վերևում, որոնք մոտ երեսուն մարդ էին։

23 Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։

24 Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայիմսով,ու դրեց Սավուղի առջև։ ԵվՍամուելնասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։

25 Եվ նրանք բարձր տեղից իջան քաղաք, ևՍամուելըկտուրի վրա խոսեց Սավուղի հետ։

26 Առավոտը կանուխ վեր կացան, և հենց որ լույսը ծագեց, Սամուելը Սավուղին կանչեց կտուր ու ասաց. «Ե՛կ վերև, որ քեզ ուղարկեմ»։ Սավուղը վերև գնաց, և ինքն ու Սամուելը՝ երկուսը միասին, դուրս գնացին։

27 Երբ նրանք քաղաքի ծայրն էին իջել, Սամուելն ասաց Սավուղին. «Ծառային ասա՛, որ մեզանից առաջ անցնի (և նաառաջանցավ), իսկ դու հիմա կանգնի՛ր, որ Աստծու պատգամը հայտնեմ քեզ»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

Սամուելը Սավուղին իշխան է օծում

1 Եվ Սամուելը վերցրեց յուղի շիշը և լցրեց նրա գլխին, համբուրեց նրան ու ասաց. «Ահա Տերը քեզ իշխան օծեց իր ժառանգության վրա։

2 Այսօր՝ իմ մոտից գնալուց հետո, Բենիամինիերկրիսահմանի վրա՝ Սելսահի մեջ, Ռաքելի գերեզմանի մոտ, կհանդիպես երկու մարդու, և նրանք քեզ կասեն. “Գտնվել են այն էշերը, որոնց փնտրելու էիր գնացել, և ահա հայրդ, էշերիհոգսըթողած, մտածում է ձեր մասին ու ասում. “Ի՞նչ անեմ տղայիս համար””։

3 Եվ երբ այնտեղից գնաս ու հասնես Թաբորի կաղնուն, այնտեղ քեզ կհանդիպեն երեք մարդ, որոնք գնում են Բեթել՝ Աստծու մոտ։Նրանցիցմեկը երեք ուլ է տանում, մեկը՝ հացի երեք նկանակ, մեկն էլ՝ մի տիկ գինի։

4 Նրանք կհարցնեն քո ողջությունը և քեզ երկու հաց կտան, դու էլ կվերցնես նրանց ձեռքից։

5 Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։

6 Եվ Տիրոջ Հոգին կիջնի քեզ վրա, ու նրանց հետ մարգարեություն կանես, և դու կփոխվես և ուրիշ մարդկդառնաս։

7 Եվ երբ այս նշանները գան քեզ վրա, ձեռքիցդ եկածը կանես, որովհետև Աստված քեզ հետ է։

8 Եվ ինձանից առաջ կիջնես Գաղգաղա, և ահա ես քեզ մոտ պիտի իջնեմ՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար. յոթ օր կսպասես, որ ես գամ քեզ մոտ և քեզ հաղորդեմ քո անելու գործը»։

9 Եվ երբ նա մեջքը դարձրեց Սամուելի մոտից գնալու համար, Աստված փոխեց նրան, ուրիշ միսիրտտվեց. և նույն օրը այս բոլոր նշանները կատարվեցին։

10 Եվ երբ եկան այն բլուրը, ահա մարգարեների մի խումբ ընդառաջ եկավ նրան, և Աստծու Հոգին իջավ նրա վրա, և նրանց մեջ մարգարեություն արեց։

11 Եվ բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան, երբ տեսան, որ նա մարգարեների հետ մարգարեություն է անում, այդ մարդիկ իրար ասացին. «Այս ի՞նչ է եղել Կիսի որդու հետ. մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։

12 Եվ այնտեղի մարդկանցից մեկը պատասխանեց ու ասաց. «Հապա ո՞վ է նրանց հայրը»։ Եվ սա մի առած դարձավ նրա մասին. «Մի՞թե Սավուղն էլ է մարգարեների մեջ»։

13 Եվ երբ դադարեց մարգարեություն անելուց, եկավ բարձր տեղը։

14 Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։

15 Եվ Սավուղի հորեղբայրն ասաց. «Պատմի՛ր ինձ, Սամուելը ձեզ ի՞նչ ասաց»։

16 Եվ Սավուղն իր հորեղբորն ասաց. «Նա մեզ հստակ ասաց, որ էշերը գտնվել են»։ Բայց թագավորության մասին Սամուելի ասած խոսքը չհայտնեց նրան։

Սավուղը թագավոր է հռչակվում

17 Եվ Սամուելը ժողովրդին հավաքեց Մասփայում, Տիրոջ առաջ

18 և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”,

19 բայց դուք այսօր մերժեցիք ձեր Աստծուն, որը ձեզ ազատում է ձեր կրած բոլոր չարիքներից ու նեղություններից, և նրան ասացիք. “Անպատճառ մեզ վրա մի թագավո՛ր դիր”։ Եվ հիմա կանգնե՛ք Տիրոջ առաջ՝ ըստ ձեր ցեղերի և հազարավորների»։

20 Եվ Սամուելը ներկայացրեց Իսրայելի բոլոր ցեղերին, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։

21 Եվ Բենիամինի ցեղը ներկայացրեց իր ազգատոհմերով, և վիճակն ընկավ Մատրիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդուն՝ Սավուղին, և նրան փնտրեցին, բայց չգտնվեց։

22 Եվ դարձյալ հարցրին Տիրոջը, թե՝ «Արդյոք այդ մարդը կգա՞ այստեղ», և Տերն ասաց. «Ահա նա թաքնվել է կարասիների մեջ»։

23 Եվ վազեցին ու այնտեղից վերցրին նրան. երբ նա կանգնեց ժողովրդի մեջտեղը, իր ուսերից վեր բարձր էր ամբողջ ժողովրդից։

24 Եվ Սամուելն ամբողջ ժողովրդին ասաց. «Տեսա՞ք, Տերն ում է ընտրել. ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»։ Եվ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ասաց. «Կեցցե՜ թագավորը»։

25 Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։

26 Սավուղն էլ գնաց իր տուն՝ Գաբաա, և նրա հետ գնացին մի խումբ մարդիկ, որոնց սիրտը շարժել էր Աստված։

27 Բայց չար մարդիկ էլ ասացին. «Ի՞նչ է, սա՞ պիտի մեզ ազատի». և նրան անարգեցին ու նրա համար ընծա չտարան, բայց նա լռեց։