Categories
ՆԱՈՒՄ

ՆԱՈՒՄ 1

1 Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։

Աստծու բարկությունը Նինվեի դեմ

2 Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։

3 Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնիհանցավորին.Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։

4 Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։

5 Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։

6 Նրա ցասման առաջ ո՞վ կկանգնի և ո՞վ կդիմանա, երբ բորբոքվում է նրա բարկությունը, նրա զայրույթը թափվում է կրակի պես, և ապառաժները խորտակվում են նրա առաջ։

7 Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին,

8 նույնիսկ հորդահոս հեղեղի ժամանակ։ Բայց պիտի կործանի այն քաղաքը, որ կապստամբի իր դեմ, և խավարի մեջ պիտի նետի իր թշնամիներին։

9 Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։

10 Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։

11 Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։

12 Այսպես է ասում Տերը. «Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։

13 Եվ հիմա նրա լուծը պիտի հանեմ քո վրայից և կապերդ պիտի կտրեմ»։

14 Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։

15 Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։

Categories
ՆԱՈՒՄ

ՆԱՈՒՄ 2

Նինվեի անկումը

1 Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։

2 Որովհետև Տերը վերադարձրել է Հակոբի վայելչությունը Իսրայելի վայելչության պես, թեև ավարառուները դատարկել են նրանց և ոչնչացրել նրանց որթատունկի ճյուղերը։

3 Նրա զորավորների վահանը կարմրած է, քաջազունները որդան կարմիրովեն զգեստավորված,նրա պատրաստության օրում փայլատակող պողպատ են մարտակառքերը, և ճոճվում են նոճուց նիզակները։

4 Կառքերը փողոցում մոլեգնում են, սուրում են հրապարակներով, նրանց տեսքը ջահերի պես է, կայծակների պես փայլատակում են։

5 Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։

6 Գետերի դարպասները բացվում են, և պալատը պիտի հալվի։

7 Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։

8 Նինվեն ջրերի ավազանի պես էր իր վաղեմի օրերից ի վեր. նրանք փախչում են. «Կանգնեցե՛ք, կանգնեցե՛ք» են ասում, բայց նրանց ուշադրություն դարձնող չկա։

9 Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։

10 Դատարկված ու դատարկ ու թալանված է. սիրտը հալվում, ծնկները դողում են, բոլորի գոտկատեղերն անձկության մեջ են, և բոլորի դեմքը սփրթնում է։

11 Ո՞ւր են առյուծների որջը և կորյունների սննդավայրը, որտեղ արու առյուծն ու մատակ առյուծը պտտում էին, և առյուծի կորյունը, ու վախեցնող չկար։

12 Առյուծն իր կորյուններին բավարարելու չափ պատառոտում էր և խեղդում իր մատակ առյուծների համար. և որսով էր լցնում իր որջերը և իր ապաստարանները՝ բզկտված մսով։

13 «Ահա ես քո դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- և պիտի ծխով այրեմ նրա մարտակառքերը. սուրը պիտի ուտի քո կորյուններին, և երկրից պիտի բնաջնջեմ քո որսին, և քո պատգամաբերների ձայնն այլևս չպիտի լսվի»։

Categories
ՆԱՈՒՄ

ՆԱՈՒՄ 3

1 Վա՜յ արյունալի քաղաքին՝ ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ. որսը չի պակասում։

2 Ահախարազանի շաչյունը և անիվի շռինդը, սրընթաց ձին և ցնցվող կառքը,

3 հեծյալ ձիավորը, թրի պսպղոցն ու նիզակի շողշողոցը, անթիվ վիրավորներն ու դիակների բազմությունը և անվերջ դիակները. նրանք գլորվում են դիակների վրա։

4 Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։

5 «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Զորքերի Տերը,- ես քո փեշը քո դեմքի վրա պիտի բացեմ և ցույց տամ ազգերին քո մերկությունը և թագավորություններին՝ քո անարգանքը։

6 Ես քեզ վրա պղծություններ պիտի շպրտեմ և խայտառակեմ քեզ և քեզ ցուցանք պիտի դարձնեմ։

7 Եվ ամեն քեզ տեսնողը պիտի փախչի քեզանից և ասի. “Ավերակ եղավ Նինվեն, ո՞վ պիտի ողբա նրա վրա, քեզ մխիթարողներ որտե՞ղ փնտրեմ”։

8 Մի՞թե դու Նով-Ամոնից լավ ես, որ գտնվում էր Նեղոսի վրա ու շրջապատված էր ջրերով, որի խրամը ծովն էր, ծովը՝ նրա պարիսպը։

9 Եթովպիան ու Եգիպտոսը նրա անծայր զորություններն էին, փութացիներն ու լիբեացիներն էին նրան օժանդակողները։

10 Սակայն նա և՛ աքսորի գնաց, և՛ գերության, նրա մանուկներն էլ, ամեն ճանապարհի գլխին գետնով տրվելով, կոտորվեցին, և նրա պատվավորների վրա վիճակ գցեցին, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին։

11 Դու ևս պիտի հարբես, անհայտանաս, դու ևս պիտի ապաստարան փնտրես թշնամուց։

12 Քո բոլոր ամրոցները կանխահասպտղովթզենիներ են. հենց որ թափահարվեն, իսկույն կընկնեն ուտողի բերանը։

13 Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։

14 Պաշարման համար ջո՛ւր քաշիր քեզ համար, պնդացրո՛ւ ամրոցներդ, ցե՛խը մտիր ու տրորի՛ր կավը, նորոգի՛ր աղյուսի փուռը։

15 Այնտեղ կրակը պիտի լափի քեզ, սուրը պիտի կոտորի քեզ, ջորյակի պես սպառի քեզ. բազմացրո՛ւ քեզ ջորյակի պես, շատացրո՛ւ քեզ մորեխի պես։

16 Դու քո վաճառականներին շատացրիր երկնքի աստղերից ավելի, որոնք, սակայն, անհետացան, ինչպես մորեխները բացեցին իրենց թևերը և թռան։

17 Քո պալատականները ջորյակի պես են, իսկ քո զորավարները՝ անթիվ մորեխների պես, որոնք ցուրտ օրը հանգչում են ցանկապատերի վրա. չվում են, երբ ծագում է արեգակը։ Եվ չի իմացվում նրանց տեղը, թե որտե՛ղ են։

18 Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։

19 Ամոքում չկա քո ցավի համար, անբուժելի է քո վերքը, քո մասին բոլոր լսողները քեզ համար ծափ են տալիս, որովհետև քո չարությունն ո՞ւմ վրա անընդհատ չի եղել»։

Categories
ԱՄԲԱԿՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ 1

1 Այն պատգամը, որ տեսավ Ամբակում մարգարեն։

Ամբակումի գանգատն անարդարության դեմ

2 Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։

3 Ինչո՞ւ ես ինձ անօրենություն տեսնել տալիս, տառապանքին նայում. հափշտակություն ու բռնություն կա իմ առաջ, կա պայքար ու վիճարկում։

4 Ուստի օրենքն անզոր է, և իրավունքը չի առաջանում, որովհետև ամբարիշտները շրջապատել են արդարին, դրա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս։

Աստծու պատասխանը

5 Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։

6 Որովհետև ես ահա ոտքի եմ հանում քաղդեացիներին՝ այն դառն ու արագընթաց ազգին, որ սլանում է դեպի երկրի լայնությունները, որպեսզի տիրի իրեն չպատկանող բնակավայրերին։

7 Նա սոսկալի և ահարկու է, նրա դատաստանն ու մեծափառությունն իրենից են դուրս գալիս։

8 Նրա ձիերն ինձերից ավելի արագաշարժ են և ավելի կատաղի, քան երեկոյան գայլերը։ Նրա ձիավորներն արշավում են և նրա ձիավորները գալիս են հեռվից. նրանք թռչում են ինչպես արծիվը, որ սուրում են ուտելու։

9 Ամենքը բռնության համար են գալիս, առաջանում են ինչպես քամին, ավազի չափ գերիներ են հավաքում։

10 Եվ նա պիտի ծաղրի թագավորներին, իսկ իշխանավորները նրան ծանակ պիտի լինեն. նա ծիծաղում է ամեն ամրոցի վրա, որովհետև նա հող է դիզում և վերցնում է այն։

11 Ապա կսուրա քամու նման ու կանցնի. հանցավորդառնա, իբրթե իր այս զորությունն իր աստծունն է։

Ամբակումը նորից է գանգատվում

12 Ահա դու հավիտենականությունից ես, ո՛վ Տեր իմ Աստված, ի՛մ Սուրբ. մենք չենք մեռնելու, ո՛վ Տեր, դու նրանց կարգել ես իբրև դատաստան. և դու, ո՛վ Վեմ, նրանց հաստատել ես իբրև հանդիմանություն։

13 Դու, որի աչքերը չարություն տեսնելու համար մաքրամաքուր են և չարության նայել չեն կարող, ինչո՞ւ ես նայում անհավատարիմներին, լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին։

14 Եվ մարդուն ծովի ձկների պես, սողունների պես ես դարձրել, որոնց վրա տիրող չկա։

15 Նրանց բոլորին կարթով հանում է, նրանց քաշում է իր ուռկանով և նրանց իր ցանցով է հավաքում, դրա համար ուրախանում է և ցնծում։

16 Ուստի զոհ է մատուցում իր ուռկանին և խունկ ծխում իր ցանցին, որովհետև նրանցով է պարարտանում իր բաժինը, և նրա կերակուրը՝ առատ։

17 Արդյոք ուրեմն նամիշտդատարկելո՞ւ է իր ուռկանը և ազգերին խեղդելո՞ւ է առանց խղճալու։

Categories
ԱՄԲԱԿՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ 2

Աստծու պատասխանն Ամբակումին

1 Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։

2 Տերն ինձ պատասխան տվեց և ասաց. «Գրի՛ր տեսիլքը և որոշակի նշանակի՛ր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահունկարդա»։

3 Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթենույնիսկհապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։

4 Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։

Արդարության վճիռ

5 Տակավին գինին խաբեբա է, ամբարտավան մարդը հաստատ չի մնա. նա մեռելների աշխարհի պես լայնացրել է իր հոգին և նա մահվան պես չի կշտանում. իր մոտ ժողովեց բոլոր ազգերին և իր մոտ հավաքեց բոլոր ժողովուրդներին։

6 Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։

7 Մի՞թե հանկարծ վեր չեն կենալու քո վաշխառուները և չեն զարթնելու քեզ դողացնողները. դու ավար ես դառնալու նրանց համար։

8 Որովհետև դու շատ ազգերի ես կողոպտել, ժողովուրդների բոլոր մնացորդները քեզ պիտի կողոպտեն մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։

9 Վա՜յ իր տան համար չար վաստակ վաստակողին, որպեսզի իր բույնը բարձր տեղ դնի չար ձեռքից ազատվելու համար։

10 Շատ ազգերի կործանելով՝ անարգանք նյութեցիր քո տան համար և մեղանչեցիր քո կյանքով։

11 Որովհետև քարը պիտի աղաղակի պատից, և գերանը պատասխան պիտի տա փայտերի միջից։

12 Վա՜յ ավանը արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։

13 Ահա Զորքերի Տիրոջից չէ՞, որ ժողովուրդները կրակի համար են հոգնում և ժողովուրդները դատարկ տեղն են տանջվում։

14 Որովհետև երկիրը պիտի լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը։

15 Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը։

16 Դու փառքից ավելի ամոթո՛վ կշտացար, դու ևս խմի՛ր ու մերկացի՛ր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը, և անարգանք պիտի գա քո փառքի վրա։

17 Որովհետև Լիբանանի հանդեպ բռնությունը պիտի ծածկի քեզ, և գազանների բնաջնջումը պիտի վախեցնի քեզ մարդկանց արյան հանդեպ բռնության պատճառով, նաև՝ երկրի, քաղաքի և նրա մեջ բոլոր բնակվողների։

18 Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։

19 Վա՜յ նրան, որ փայտին ասում է՝ «Զարթնի՛ր», մունջ քարին՝ «Վեր կաց»։ Մի՞թե կարող է ուսուցանել. ահա նա պատված է ոսկով և արծաթով, բայց բնավ հոգի չկա նրա մեջ։

20 Սակայն Տերն իր սուրբ տաճարում է, լռի՛ր նրա առաջ, ո՛վ համայն երկիր։

Categories
ԱՄԲԱԿՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ 3

Ամբակումի աղոթքը

1 Ամբակում մարգարեի աղոթքը մեղեդիներով։

2 Ո՛վ Տեր, լսեցի այն, ինչ հայտնեցիր, և վախեցա։ Այս տարիներում վերանորոգի՛ր այն, ո՛վ Տեր. տարիների մեջ գիտենա՛լ տուր և բարկության մեջ գթությո՛ւն հիշիր։

3 Աստված Թեմանից եկավ, Սուրբը՝ Փարան սարից (Սելա). նրա փառքը ծածկեց երկինքը, և նրա գովաբանությամբ լցվեց երկիրը։

4 Նրա պայծառությունը լույսի պես էր, ճառագայթներ ուներ, և այնտեղ էր ծածկված նրա զորությունը։

5 Նրա առաջից ժանտախտն էր գնում, նրա ոտքերի հետևից հրատագնապ տենդ էր դուրս գալիս։

6 Նա կանգնեց և չափեց երկիրը, նայեց և դողացրեց ազգերին, և փշրվեցին վաղեմի լեռները, խոնարհվեցին դարավոր բլուրները. հավիտենական է նրա ընթացքը։

7 Տագնապի մեջ տեսա Քուշանի վրանները, սարսվեցին Մադիամի երկրի վարագույրները։

8 Մի՞թե գետերի վրա ես բարկացել, ո՛վ Տեր, կամ գետերի վրա՞ ես զայրացել, քո ցասումը ծովի՞ դեմ է, որ հեծնեցիր ձիերիդ՝ փրկության կառքերիդ։

9 Բոլորովին մերկացավ քո աղեղը՝ ցեղերինտված քոերդումներիևխոսքիհամեմատ(Սելա). գետերով ճեղքեցիր երկիրը։

10 Լեռները քեզ տեսան և դողացին, ջրհեղեղները հոսեցին. անդունդը տվեց իր ձայնը և դեպի վեր բարձրացրեց ձեռքերը։

11 Արեգակը, լուսինըիրենցկայանում կանգնեցին, քո նետերի լույսից, երբ սուրում էին, քո նիզակի փայլուն պայծառությունից։

12 Զայրացած առաջացար երկրի վրա, բարկությամբ ոտնակոխեցիր ազգերին։

13 Դու դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո ընտրյալի փրկության համար, անօրենի տան ծածկը ջարդեցիր՝ այն հիմնահատակ կործանելով (Սելա)։

14 Դու նրա գավազանով ծակեցիր նրա իշխանավորների գլուխը, որոնք մրրիկի պես եկան, որ ինձ ցրիվ տան. նրանց հրճվանքը տնանկին ծածկաբար լափելու պես է։

15 Դու քո ձիերով ծովը կոխոտեցիր հորդառատ ջրերի հորձանուտում։

16 Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։

17 Թեկուզ թզենին չծաղկի, և որթատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջառ չլինի գոմերում,

18 սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։

19 Տեր Աստված իմ զորությունն է. իմ ոտքերը եղնիկների նման է անում և ինձ իմ բարձր տեղերի վրա է քայլեցնում։

Գլխավոր երաժշտին՝ իր լարային նվագարաններով։

Categories
ՍՈՓՈՆԻԱ

ՍՈՓՈՆԻԱ 1

1 Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավորի՝ Ամոնի որդու՝ Հովսիայի օրերին։

Տիրոջ դատաստանի օրը

2 «Ամեն բան բոլորովին պիտի բնաջնջեմ երկրի երեսից,- ասում է Տերը։-

3 Պիտի բնաջնջեմ մարդուն և անասունին, պիտի բնաջնջեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները ամբարիշտների հետ. մարդուն պիտի վերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։

4 «Իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ.

5 և կտուրների վրա երկնքի զորքերին երկրպագողներին և այն երկրպագողներին, որոնք երդվում են նրան, և Մեղքումով երդում անողներին

6 և Տիրոջը հետևելուց ընկրկածներին, Տիրոջը չփնտրողներին և չխնդրողներին։

7 Լռի՛ր Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրյալներին։

8 Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։

9 Եվ այդ օրը պիտի պատժեմ շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ»։

10 «Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։

11 Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի բնակիչներ, որովհետև կործանվեց վաճառական ամբողջ ժողովուրդը, բնաջինջ են եղել բոլոր արծաթ կշռողները։

12 Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. “Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք”։

13 Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։

14 Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում.ահաՏիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։

15 Բարկության օր է այդ օրը, նեղության և տագնապի օր, կործանման և ավերումի օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր.

16 շեփորի ու մարտակոչի օր պարսպապատ քաղաքների դեմ և անկյունային աշտարակների դեմ։

17 Եվ ես պիտի դժբախտացնեմ մարդկանց. կույրերի պես պիտի քայլեն, որովհետև մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի թափվի, և նրանց միսը՝ կղկղանքի պես։

18 Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։

Categories
ՍՈՓՈՆԻԱ

ՍՈՓՈՆԻԱ 2

Ապաշխարության հորդոր

1 Հավաքվե՛ք ու ժողովվե՛ք, ո՛վ անամոթ ազգ.

2 դեռ վճիռը չծնած՝ օրը մղեղի պես չանցած, Տիրոջ բորբոքված բարկությունը ձեզ վրա դեռ չեկած, Տիրոջ բարկության օրը ձեզ վրա դեռ չեկած։

3 Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա կանոնը, արդարությո՛ւն որոնեք, խոնարհությո՛ւն որոնեք, գուցե թաքնվեք Տիրոջ բարկության օրը։

Իսրայելի հարևան ազգերի դատավճիռը

4 Որովհետև Գազան պիտի լքվի, Ասկաղոնը՝ ավերակ, Ազովտոսին կեսօրին աքսորելու են, և Ակկարոնը արմատախիլ պիտի արվի։

5 Վա՜յ ծովեզերքի բնակիչներին՝ քերեթիների ազգին. Տիրոջ խոսքը ձեր դեմ է, ո՛վ փղշտացիների երկիր՝ ո՛վ Քանան, ես քեզ կործանել եմ, որ բնակիչ չունենաս։

6 Եվ ծովեզերքը հովիվների գետնափոր արոտավայր կլինի և հոտերի մակաղատեղիներ։

7 Եվ այն Հուդայի տան մնացորդինը պիտի լինի, և նրանք պիտի արածեն, երեկոյան Ասկաղոնի տներում պիտի մակաղեն, որովհետև Տերը՝ նրանց Աստվածը, նրանց պիտի հիշի և նրանց գերությունը ետ դարձնի։

8 Լսեցի Մովաբի նախատինքը և Ամմոնի որդիների զազրախոսությունները, որով հոխորտացին իմ ժողովրդի դեմ և գոռոզացան նրանց սահմանի դեմ։

9 Դրա համար Զորքերի Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Երդվում եմ ինձանով. Մովաբը Սոդոմի պես պիտի դառնա, և Ամմոնի որդիները՝ Գոմորի պես. եղինջների կալվածք ու աղի հանք և հավիտյան ամայություն. իմ ժողովրդի մնացորդը պիտի հափշտակի դրանք և իմ ազգի մնացորդը պիտի ժառանգի դրանք։

10 Սա նրանց կլինի իրենց ամբարտավանության դիմաց, որովհետև նրանք Զորքերի Տիրոջ ժողովրդին նախատեցին ու մեծամտացան։

11 Տերն ահարկու պիտի լինի նրանց հանդեպ. նա ոչնչացնելու է երկրի բոլոր աստվածներին, և ազգերի բոլոր կղզիները՝ յուրաքանչյուրն իր տեղում, երկրպագություն պիտի անեն նրան։

12 Դուք ևս, ո՛վ եթովպացիներ, իմ սրով պիտի սպանվեք»։

13 Եվ նա իր ձեռքը մեկնելու է հյուսիսի դեմ և կորցնելու է Ասորեստանին, Նինվեն ամայություն է դարձնելու, չոր երկիր, ինչպես անապատը։

14 Եվ նրա մեջ հոտերով պիտի մակաղեն ազգերի բոլոր գազանները, նրա խոյակների միջև պիտի օթևանեն հավալուսնը և ոզնին, ձայն պիտի հնչի պատուհաններում, ավերումը շեմում պիտի լինի, որովհետև նրա եղևնազարդը նա մերկացրեց։

15 Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։

Categories
ՍՈՓՈՆԻԱ

ՍՈՓՈՆԻԱ 3

Երուսաղեմի մեղքը և փրկությունը

1 Վա՜յ ապստամբին և պիղծին, կեղեքող քաղաքին։

2 Ձայնին ականջ չդրեց, խրատ չընդունեց, Տիրոջը չապավինեց, իր Աստծուն չմոտեցավ։

3 Նրա իշխանները նրա մեջ մռնչացող առյուծներ են, նրա դատավորները երեկոյան գայլեր են, որոնք առավոտվա համար մի բան չեն թողնում։

4 Նրա մարգարեները սնապարծ, խարդախ մարդիկ են, նրա քահանաները եղծում են ինչը որ սուրբ է, բռնացել են օրենքի վրա։

5 Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։

6 Ես բնաջնջել եմ ազգերին, ամայացրել եմ նրա աշտարակները, ավերել եմ նրանց փողոցները, որ անցնող չլինի, ավերակ են դարձել նրանց քաղաքները՝ անմարդ, որ բնակիչ չլինի։

7 Ասացի. «Վախենա ինձանից, խրա՛տ կընդունի», և նրա բնակավայրը չի բնաջնջվի, որքան էլ նրան պատժելու լինեմ։ Սակայն նրանք կրկին ու կրկին ապականեցին իրենց բոլոր արարքները։

8 «Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։

9 Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.

10 Եթովպիայի գետերի այն կողմից ինձ թախանձողները՝ իմ ցրվածների դուստրը, ինձ ընծա պիտի բերեն։

11 Այդ օրը չպիտի ամաչես քո բոլոր արարքների համար, որոնցով իմ դեմ հանցանք գործեցիր, որովհետև այն ժամանակ քո միջից կհեռացնեմ քո հպարտությամբ զվարճացողներին, և մյուս անգամ այլևս չես գոռոզանա իմ սուրբ լեռան վրա։

12 Եվ քո մեջ մնացորդ պիտի թողնեմ մի խոնարհ և աղքատ ժողովրդի, և նրանք պիտի ապավինեն Տիրոջ անվանը.

13 Իսրայելի մնացորդներն անօրենություն չեն անելու և սուտ չեն խոսելու, և նրանց բերանում խաբեության լեզու չի գտնվելու, որովհետև նրանք պիտի արածեն և մակաղեն, և վախեցնող չի լինի»։

Ցնծության երգ

14 Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։

15 Տերը վերացրեց քո դատավճիռները. նա վռնդել է քո թշնամուն, Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, այլևս չարիք չես տեսնելու։

16 Այդ օրը Երուսաղեմին պիտի ասվի. «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոն, ձեռքերդ թող չթուլանան։

17 Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։

18 «Հանդիսավոր օրերից հեռու՝ տրտմածներին պիտի ժողովեմ, նրանք քեզանից են, ում վրա բեռ է նախատինքը։

19 Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։

20 Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ և այն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ որ ձեր գերությունը վերադարձնեմ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։

Categories
ԱՆԳԵ

ԱՆԳԵ 1

Տիրոջ խոսքը տաճարի վերակառուցման մասին

1 Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի

2 Հեսուին՝ ասելով. «Զորքերի Տերն այսպես է ասում, թե՝ “Այս ժողովուրդն ասում է. “Դեռ չի եկել Տիրոջ Տունը շինելու ժամանակը””»։

3 Եվ Տիրոջ խոսքը հասավ Անգե մարգարեի միջոցով՝ ասելով.

4 «Ձեզ համար ժամանա՞կն է արդյոք, որ ձեղունածածկ տներում բնակվեք, իսկ այս Տունն ավերակ մնա»։

5 Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։

6 Շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ, և վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում»։

7 Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։

8 Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։

9 «Շատ ակնկալեցիք, բայց ահա քիչստացաք,բերեցիք տուն, բայց ես ցրիվ տվեցի։ Ինչո՞ւ,- ասում է Տերը,- իմ Տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված։

10 Ուստի երկինքը ձեզ վրա դադարեցրել է ցողը, իսկ երկիրն իր բերքն է դադարեցրել։

11 Եվ ես երաշտ բերեցի երկրի վրա և բլուրների վրա, ցորենի վրա, գինու և յուղի վրա և երկրի ամբողջ բերքի վրա, մարդկանց վրա և անասունների վրա և ձեռքերի ամբողջ վաստակի վրա»։

Ժողովուրդը հնազանդվում է Տիրոջ ձայնին

12 Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։

13 Եվ Տիրոջ պատգամաբեր Անգեն Տիրոջ պատգամները հաղորդեց ժողովրդին՝ ասելով. «Տերն ասում է. “Ես ձեզ հետ եմ”»։

14 Եվ Տերն արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի հոգին և ժողովրդի ամբողջ մնացորդի հոգին, ու գնացին ու աշխատեցին իրենց Աստծու՝ Զորքերի Տիրոջ Տան վրա

15 վեցերորդ ամսի քսանչորսին՝ Դարեհ թագավորի երկրորդ տարում։