Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 8

Գերությունից վերադարձող ժողովուրդը

1 Սրանք են նրանց տոհմապետները և նրանց ազգաբանությունը, որ Բաբելոնի Արտաշես թագավորի թագավորության ժամանակ ինձ հետ վերադարձան։

2 Փենեհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիելը, Դավթի որդիներից՝ Քետտուսը.

3 Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան, և նրա հետ հարյուր հիսուն մարդ հաշվառվեց.

4 Փաաթ-Մովաբի որդիներից՝ Զարիայի որդի Եղիովենային և նրա հետ երկու հարյուր մարդ.

5 Սեքենիայի որդիներից՝ Հազիելի որդին և նրա հետ երեք հարյուր մարդ.

6 Ադինի որդիներից՝ Հովնաթանի որդի Աբեդը և նրա հետ հիսուն մարդ.

7 Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան և նրա հետ յոթանասուն մարդ.

8 Սափատիայի որդիներից՝ Միքայելի որդի Զաբադիան և նրա հետ ութսուն մարդ.

9 Հովաբի որդիներից՝ Հեքիելի որդի Աբդիան և նրա հետ երկու հարյուր տասնութ մարդ.

10 Սաղոմիթի որդիներից՝ Հոսեփիայի որդին և նրա հետ հարյուր վաթսուն մարդ.

11 Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան և նրա հետ քսանութ մարդ.

12 Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Հոհանանը և նրա հետ հարյուր տասը մարդ.

13 Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անուններն են՝ Եղիփաղետ, Հեիել ու Սեմայիա, և նրանց հետ վաթսուն մարդ.

14 Բագուեի որդիներից՝ Ութային և Զաբուդը և նրանց հետ յոթանասուն մարդ։

Եզրասը տաճարի համար հավաքագրում է ղևտացիների

15 Եվ սրանց ես հավաքեցի Ահավա գնացող գետի եզերքին, և այնտեղ մնացինք երեք օր. նայեցի ժողովրդին ու քահանաներին, սակայն Ղևիի որդիներիցմարդչգտա։

16 Եվ կանչեցի Եղիազար, Արիել, Սեմայիա, Եղնաթան, Հարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա և Մեսուղամ իշխաններին և Հովարիբ ու Եղնաթան իմաստուններին։

17 Նրանց պատվիրեցի, որգնանԱդդով իշխանի մոտ՝ Քասիփիակոչվածտեղը, և նրանց բերանը խոսք դրեցի, որ ասեն Ադդովին ու նրա եղբայր նաթանայիմներին Քասիփիա վայրում, որ մեզ համար պաշտոնյաներ բերեն մեր Աստծու տան համար։

18 Եվ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա լինելու համար մեզ մոտ բերեցին Իսրայելի որդի Ղևիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդու, այսինքն՝ Սարաբիային և նրա որդիներին ու նրա եղբայրներին՝ տասնութմարդ.

19 Ասաբիային և նրա հետ Մերարիի որդիներից Եսայիային ու նրա եղբայրներին ու նրանց որդիներին՝ թվով քսանմարդ.

20 և նաթանայիմներից, որոնց Դավիթը և իշխանները տվել էին ղևտացիների ծառայության համար՝ երկու հարյուր քսան նաթանայիմ՝ բոլորը անունով հիշված։

Եզրասը ժողովրդին առաջնորդում է ծոմապահության և աղոթքի

21 Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։

22 Որովհետև ամաչում էի թագավորից, որ ճանապարհին մեզ թշնամուց պաշտպանելու համար զորք և ձիավորներ ուզեմ, քանզի թագավորին ասել էինք, թե մեր Աստծու ձեռքը բոլոր նրան խնդրողների վրա է բարության համար, իսկ նրա զորությունն ու բարկությունը՝ բոլորի վրա, ովքեր թողնում են նրան։

23 Մենք ծոմ պահեցինք և այս մասին խնդրեցինք մեր Աստծուն, և նա ընդունեց մեր խնդրանքը։

Նվերներ տաճարի համար

24 Եվ քահանաների իշխաններից տասներկու մարդ ընտրեցի՝ Սարաբիային, Ասաբիային և նրանց հետ՝ իրենց եղբայրներից տասը մարդ։

25 Կշռեցի ու տվեցի նրանց այն արծաթն ու ոսկին և անոթները՝ որպես ընծա մեր Աստծու տան համար, որ ընծայել էին թագավորը և նրա խորհրդականներն ու իշխանները և այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները։

26 Կշռեցի և նրանց ձեռքը տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ և հարյուր տաղանդ արծաթե անոթներ, հարյուր տաղանդ ոսկի.

27 քսան ոսկե տաշտ՝ յուրաքանչյուրը հազար դրամ, և երկու հատ մաքուր ու փայլուն պղնձե անոթ՝ ոսկու պես պատվական։

28 Եվ նրանց ասացի. «Դուք նվիրված եք Տիրոջը, այս անոթներն էլ են նվիրված, և արծաթն ու ոսկին կամավոր ընծա է ձեր հայրերի Տեր Աստծու համար։

29 Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք ևտաքքահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։

30 Քահանաներն ու ղևտացիները կշիռով ընդունեցին արծաթն ու ոսկին և անոթները, որ տանեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տունը։

Վերադարձ Երուսաղեմ

31 Ահավայի գետից մենք ճանապարհվեցինք առաջին ամսի տասներկուսին, որ գնանք Երուսաղեմ, և մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և նա մեզ ճանապարհին ազատեց թշնամու և դարանակալի ձեռքից։

32 Եկանք Երուսաղեմ և այնտեղ նստեցինք երեք օր։

33 Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները ևտվեցինքՈւրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։

34 Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։

35 Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։

36 Եվ թագավորի հրամանագրերը տվեցին թագավորի կուսակալներին և Գետի այն կողմի իշխաններին, իսկ նրանք էլ օգնում էին ժողովրդին և Աստծու տանը։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 9

Եզրասը մերժում է խառն ամուսնությունը

1 Եվ երբ այս ամենը կատարվեց, իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը և քահանաները և ղևտացիները չեն զատվել այս երկրների ազգերից, այլ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների և ամորհացիների պղծությունների պես են անում.

2 որովհետև նրանց աղջիկներից առել են իրենց և իրենց որդիների համար, և սուրբ սերունդը խառնվել է այս երկրների ժողովուրդների հետ. իշխաններն ու զորականներն էլ այս անօրենության մեջ առաջինն էին»։

3 Հենց որ լսեցի այս բանը, պատառոտեցի իմ հանդերձանքը և վերարկուն, փետեցի գլխիս և մորուքիս մազերը և ապշած նստեցի։

4 Ինձ մոտ հավաքվեցին Իսրայելի Աստծու խոսքից բոլոր վախեցողները, իսկ ես ապշած նստած էի մինչև երեկոյան զոհաբերությունը։

5 Երեկոյան զոհաբերությանը վեր կացա իմ տառապանքի տեղից և իմ պատառոտված հագուստով ու վերարկուով ծունկի իջա և ձեռքերս տարածեցի դեպի իմ Տեր Աստվածը

6 և ասացի. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՛վ իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք։

7 Մեր հայրերի օրերից ի վեր մինչև այսօր մենք մեծ մեղքի մեջ ենք, և մեր անօրենությունների համար մենք, մեր թագավորները, մեր քահանաները սրի, գերության, հափշտակության և սևերեսության ձեռքը մատնվեցինք, ինչպես որ այսօր է։

8 Արդ մի փոքր ժամանակ ողորմություն եղավ մեր Տեր Աստծուց, որ մեզ համար փրկվածներ են մնացել, և մեզ հաստատվել տվեց իր սրբության տեղում. մեր աչքերը լուսավորել է մեր Աստվածը և մեզ մի փոքր կենդանություն է տվել մեր ծառայության մեջ։

9 Քանի որ մենք ծառաներ ենք, սակայն մեր ծառայության մեջ էլ չլքեց մեզ մեր Աստվածը և պարսից թագավորների գթությունը մեզ վրա դարձրեց, որպեսզի մեզ հանգստություն տան՝ մեր Աստծու տունը կանգնեցնելու և նրա ավերակները վերականգնելու և Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։

10 Եվ արդ, ի՞նչ ասենք, ո՛վ մեր Աստված, այս բաներից հետո, որ մենք թողել ենք քո պատվիրանները,

11 որ քո ծառա մարգարեների միջոցով պատվիրեցիր՝ ասելով. “Այն երկիրը, ուր գնում եք այն ժառանգելու համար, գարշելի երկիր է՝տարբերերկրների ազգերի գարշություններով և նրանց պղծություններով, որոնցով ծայրեծայր լցրել են այն։

12 Ուրեմն ձեր աղջիկներին չտաք նրանց որդիներին և նրանց աղջիկներին չառնեք ձեր որդիների համար և նրանց խաղաղությունն ու բարությունը հավիտյան մի՛ ուզեք, որպեսզի զորանաք և երկրի բարիքը ուտեք և այն ձեր որդիների համար հավիտենական ժառանգություն թողնեք”։

13 Եվ այս բոլորը մեր չար գործերի և մեր մեծ հանցանքի պատճառով մեզ վրա գալուց հետո (թեպետ և դու, ո՛վ Աստված, մեզ շատ ես խնայել մեր անօրինությունից և մեզ այսպես փրկվածներ ես տվել).

14 Արդյոք կրկին քո պատվիրանները շրջանցենք և այս գարշելի ազգերի հետ խնամությո՞ւն անենք. մի՞թե չես բարկանա մեզ վրա և մեզ սպառես, մինչև որ մնացորդ և փրկված չլինի։

15 Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, դու արդար ես, որովհետև մենք մինչև այսօր փրկված մնացինք. ահա մենք քո առջև ենք մեր հանցանքով, թեև այս պատճառով քո առաջ կանգնել չի լինի»։

Categories
ԵԶՐԱՍ

ԵԶՐԱՍ 10

Խառն ամուսնություններին վերջ դնելու ծրագիր

1 Երբ Եզրասը լացով և Աստծու տան առաջ ընկած աղոթք էր անում ու խոստովանում, նրա մոտ Իսրայելից հավաքվեց մի շատ մեծ բազմություն՝ տղամարդիկ և կանայք, երեխաներ. ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։

2 Եվ Եղամի որդիներից Հեքիելի որդին՝ Սեքենիան, պատասխանեց Եզրասին և ասաց. «Մենք մեղք գործեցինք մեր Աստծու դեմ՝ երկրի ժողովուրդներից օտար կանայք առնելով, բայց և այնպես հույս կա Իսրայելի համար այս բանի մեջ։

3 Արդ ուխտ անենք մեր Աստծու առաջ, որ դուրս անենք բոլոր կանանց ու նրանցից ծնվածներին՝ իմ տիրոջ և մեր Աստծու պատվիրաններից վախեցողների խորհրդով, և թող օրենքի պես կատարվի։

4 Վե՛ր կաց, որովհետև այս գործը քեզ վրա է, և մենք էլ քեզ հետ ենք. զորացի՛ր և արա՛»։

5 Եվ Եզրասը վեր կացավ և երդում տվեց քահանաների ու ղևտացիների գլխավորներին և բոլոր իսրայելացիներին, թե այս բանի պես կանեն, և նրանք երդվեցին։

6 Եզրասը վեր կացավ Աստծու տան առաջից և գնաց Եղիասիբի որդի Հոհանանի սենյակը և այնտեղ գնալով՝ հաց չկերավ ու ջուր չխմեց, որովհետև տրտմել էր գերությունից վերադարձածների անօրինության համար։

7 Եվ մունետիկ կանչել տվեցին, որ Հուդայի և Երուսաղեմի մեջ գտնվող բոլոր գերեդարձները հավաքվեն Երուսաղեմում.

8 «Յուրաքանչյուր ոք, ով իշխանների և ավագների խորհրդի համաձայն երեք օրում չգա, նրա ամբողջ ունեցվածքը պիտի նզովվի, և նա պետք է զատվի գերեդարձների ժողովքից»։

9 Եվ Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկ երեք օրում հավաքվեցին Երուսաղեմում իններորդ ամսվա քսանին, և ամբողջ ժողովուրդը նստեց Աստծու տան հրապարակում՝ դողալով այն բանի համար և անձրևներից։

10 Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։

11 Բայց հիմա խոստովանե՛ք ձեր հայրերի Տեր Աստծու առաջ և նրան հաճելի՛ն արեք և զատվե՛ք երկրի ազգերից ու օտար կանանցից»։

12 Եվ բոլոր ժողովվածները պատասխանեցին ու բարձրաձայն ասացին. «Այդպես, մեր պարտքն է քո խոսքի համաձայն անել։

13 Միայն թե ժողովուրդը շատ է, և ժամանակն էլ՝ անձրևային, և հնարավոր չէ դրսում կանգնել. այս գործը մեկ կամ երկու օրվա բան չէ, որովհետև շատերս հանցավոր ենք այդ գործի մեջ։

14 Հիմա թող մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովվածների փոխարեն, իսկ նրանք, ովքեր մեր քաղաքներում օտար կին են առել, թող որոշված ժամանակին գան, և նրանց հետ՝ յուրաքանչյուր քաղաքի ավագներն ու նրա դատավորները, մինչև որ մեր Աստծու բարկության բորբոքումը վանեն մեզանից այս գործի համար»։

15 Միայն Ասայելի որդի Հովնաթանը և Թեկվայի որդի Հազիան կանգնեցին սրա վրա, և Մեսուղամն ու ղևտացի Սաբեթան նրանց օգնեցին։

16 Եվ գերությունից վերադարձածներն էլ այդպես արեցին, և ընտրվեցին Եզրաս քահանան ու տոհմապետ մարդիկ՝ իրենց տոհմերի համեմատ (և ամենքն էլ անվանի էին), և տասներորդ ամսվա առաջին օրն այս բանը քննելու համար նիստ գումարեցին։

17 Եվ մինչև առաջին ամսվա առաջին օրը վերջացրին բոլոր տղամարդկանցգործերը,որոնք օտար կին էին առել։

Այլազգի կին ունեցողները

18 Քահանաների որդիներից սրանք գտնվեցին, որոնք օտար կին էին առել՝ Հովսեդեկի որդի Հեսուի որդիներից և եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Հարիբը և Գոդողիան։

19 Իրենց թողեցին, որ իրենց կանանց արձակեն և իրենց հանցանքի համար մեկ խոյ զոհաբերեցին։

20 Եվ Եմմերի որդիներից՝ Անանին և Զաբադիան.

21 Հարիմի որդիներից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Հեքիելը և Ոզիան.

22 Փասուրի որդիներից՝ Եղիովենային, Մաասիան, Իսմայելը, Նաթանայելը, Հովզաբադը և Եղեասան.

23 ղևտացիներից՝ Հովզաբադը, Սեմեին, Կովղիան, այսինքն՝ Կովղիտան, Փեթայիան, Հուդան և Եղիազարը.

24 երգիչներից՝ Եղիասիբը, դռնապաններից՝ Սեղղումը, Տելեմը և Ուրին.

25 իսրայելացիներից՝ Փարոսի որդիներից՝ Ռամիան, Հեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան և Բանեան.

26 Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Հեքիելը, Աբդին, Հերիմովթը և Եղիան.

27 Զաթուի որդիներից՝ Եղիովենային, Եղիասիբը, Մաթանիան, Հերիմովթը, Զաբադը և Ազիզան.

28 Բեբայիի որդիներից՝ Հոհանանը, Անանիան, Զաբբան, Աթաղին.

29 Բանիի որդիներից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Հասուբը, Սաաղը և Ռամովթը.

30 Փաաթ-Մովաբի որդիներից՝ Եդնանը, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիելը, Բանուին և Մանասեն.

31 Հարիմի որդիներից՝ Եղիազարը, Հեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմավոնը,

32 Բենիամինը, Մալուքը, Սամարիան.

33 Հասումի որդիներից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղետը, Հերեմին, Մանասեն և Սեմեին.

34 Բանիի որդիներից՝ Մաադան, Ամրամը, Ուելը,

35 Բանեան, Բադայիան, Քեղուհան,

36 Ուանիան, Մերամոթը, Եղիասիբը,

37 Մաթանիան, Մաթանան, Հաասուն,

38 Բանին, Բաբուին, Սեմեին,

39 Սեղեմիան, Նաթանը, Ադայիան,

40 Մաքնադբան, Սասան, Սարան,

41 Ազարիելը, Սեղեմիան, Սամարիան,

42 Սեղղումը, Ամարիան և Հովսեփը.

43 Նաբավի որդիներից՝ Հեիելը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Հադային, Հովելը և Բանեան։

44 Սրանք ամենքն օտար կին էին առել, և նրանց մեջ կային այնպիսի կանայք, որ զավակներ էին բերել։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 1

Նեեմիայի մտահոգությունը Երուսաղեմի համար

1 Աքազիայի որդի Նեեմիայի խոսքերը։

Արտաշես թագավորիքսաներորդ տարվա Քասղև ամսին եղավ, երբ ես Շուշան մայրաքաղաքում էի։

2 Եվ եկան իմ եղբայրներից մեկը՝ Անանին, և մի քանի մարդիկ Հուդայից. և ես հարցրի նրանց ազատված այն հրեաների մասին, որ մնացել էին գերությունից, և Երուսաղեմի մասին։

3 Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։

4 Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև։

5 Եվ ասում էի. «Ո՛վ Տեր՝ երկնքի Աստված, մեծ և ահե՛ղ Աստված, որ ուխտ և ողորմություն ես պահում քեզ սիրողներին և քո պատվիրանները պահողներին։

6 Աղաչում եմ, ակա՛նջ դիր, և աչքերդ թող բաց լինեն քո ծառայի աղոթքը լսելու համար, որ ես հիմա գիշեր և ցերեկ աղոթում եմ քո առջև Իսրայելի որդի քո ծառաների համար և խոստովանում եմ Իսրայելի որդիների մեղքերը, որ քո դեմ մեղանչեցինք. ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք։

7 Իրավ հանցավոր ենք քո առջև և չենք պահել այն պատվիրանները և կանոններն ու իրավունքները, որ դու պատվիրեցիր քո Մովսես ծառային։

8 Սակայն հիշի՛ր այն խոսքը, որ պատվիրեցիր Մովսես ծառայիդ՝ ասելով. “Եթեդուք հանցանք գործեք, ես ձեզ կցրեմ ազգերի մեջ։

9 Եվեթեհետ դառնաք դեպի ինձ և պահեք իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։

10 Եվ ահա նրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժով և քո զորավոր բազկով։

11 Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 2

Նեեմիան գնում է Երուսաղեմ

1 Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։

2 Եվ թագավորն ասաց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում, քանի որ դու հիվանդ չես. դա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ». ես խիստ վախեցա

3 և ասացի թագավորին. «Արքա՛, հավիտյան ապրի՛ր. ինչո՞ւ չտրտմի իմ երեսը, երբ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, և նրա դռները կրակից այրվել են»։

4 Թագավորն ինձ ասաց. «Ի՞նչ է քո ուզածը»։ Եվ ես աղոթեցի երկնքի Աստծուն։

5 Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։

6 Եվ ինձ ասաց թագավորը (իսկ թագուհին նստել էր նրա կողքին). «Մինչև ե՞րբ կտևի քո գնալը, և ե՞րբ կվերադառնաս»։ Եվ հաճելի եղավ թագավորին, որ ինձ ուղարկի, և ես նրան հայտնեցի ժամանակը։

7 Եվ ասացի թագավորին. «Եթե հաճելի է թագավորին, թող ինձ Գետի այն կողմի իշխաններին ուղղված նամակներ տրվեն, որպեսզի ինձ անցկացնեն, մինչև որ հասնեմ Հրեաստան։

8 Մի նամակ էլ թագավորական պարտեզի վերակացու Ասափին, որ ինձ փայտ տաԱստծուտան աշտարակի դռները և քաղաքի պարիսպների դռները ծածկելու համար և այն տան համար, ուր որ ես պիտի գնամ». և թագավորը տվեց ինձ, որովհետև Աստծու բարի ձեռքն ինձ վրա էր։

9 Եվ ես եկա Գետի այս կողմի իշխանների մոտ և թագավորի նամակները նրանց տվեցի. թագավորն էլ ինձ հետ զորապետներ և ձիավորներ ուղարկեց։

10 Եվ երբ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան լսեցին, խիստ նեղացան, որ մի մարդ է եկել Իսրայելի որդիների բարօրությունը հոգալու։

11 Ես եկա Երուսաղեմ և երեք օր այնտեղ մնացի։

12 Եվ ես վեր կացա գիշերը, և փոքրաթիվ մարդիկ՝ ինձ հետ, և ոչ մեկի չպատմեցի, թե իմ Աստվածն ինչ է դրել իմ սրտում, որ Երուսաղեմի համար անեմ. և ոչ մի անասուն չկար ինձ հետ, բացի նրանից, որին հեծել էի։

13 Եվ ես Ձորի դռնով դուրս եկա գիշերով և գնացի դեպի Վիշապի աղբյուրը և Աղբի դուռը և զննեցի Երուսաղեմի քանդված պարիսպները և կրակից այրված նրա դռները։

14 Եվ անցա Աղբյուրի դուռը և Թագավորի ավազանը, և տակիս անասունի համար տեղ չկար անցնելու։

15 Գիշերը վեր գնացի հեղեղատով և զննեցի պարիսպը, հետ դարձա ու մտա Ձորի դռնով և վերադարձա։

16 Զորականները չիմացան, թե ուր գնացի և թե ինչ եմ անում. հրեաներին ու քահանաներին և ազնվականներին ու զորականներին և գործը կատարող մյուսներին մինչև այն ժամանակ ոչինչ չէի ասել։

17 Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։

18 Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարիգործիհամար։

19 Եվ որոնացի Սանաբաղատը և ամմոնացի ծառա Տուբիան և արաբացի Գեսամը, այս լսելով, մեզ ծաղրեցին ու արհամարհեցին և ասացին. «Սա ի՞նչ բան է, որ անում եք, մի՞թե ապստամբում եք թագավորի դեմ»։

20 Բայց ես նրանց պատասխան տվեցի և ասացի. «Երկնքի Աստվածն ինքը մեզ հաջողություն է տալու, և մենք՝ նրա ծառաներս, վեր ենք կենալու, որ շինենք, իսկ դուք բաժին, իրավունք և հիշատակ չունեք Երուսաղեմում»։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 3

Երուսաղեմի պարիսպների նորոգումը

1 Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։

2 Եվ նրա մոտ շինեցին Երիքովի մարդիկ, իսկ նրա մոտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։

3 Ձկների դուռը շինեցին Սենաայի որդիները. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։

4 Նրանց մոտ նորոգեց Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը. նրանց մոտ նորոգեց Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուղամը. նրանց մոտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։

5 Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։

6 Հին դուռը նորոգեցին Փասեի որդի Հովիադան և Բոսոդիայի որդի Մեսուղամը. նրանք ծածկեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը։

7 Նրանց մոտ նորոգեցին գաբավոնացի Մելատիան և մերոնաթացի ՀադոնըևԳաբավոնի ու Մասփայի մարդիկ մինչև Գետի այս կողմի իշխանի աթոռը։

8 Նրա մոտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիելը, իսկ նրա մոտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, և Երուսաղեմըբացթողեցին մինչև լայն պարիսպը։

9 Եվ նրանց մոտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը։

10 Նրանց մոտ նորոգեց Հարումափի որդի Հեդայիան, նաև իր տան դիմացը, իսկ նրա մոտ նորոգեց Ասուբանիայի որդի Քետտուսը։

11 Մյուս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան և Փաաթ-Մովաբի որդի Ասուբը, նաև Փուռերի աշտարակը։

12 Նրա մոտ նորոգեցին Ալոեսի որդի Սեղղումը՝ Երուսաղեմի կես բաժնի իշխանը, ինքը և իր դուստրերը։

13 Ձորի դուռը նորոգեցին Անոնը և Զանովի բնակիչները. նրանք շինեցին այն և դրեցին նրա դռները, փականքները և նիգերը, նաև պարսպից հազար կանգուն մինչև Աղբի դուռը։

14 Իսկ Աղբի դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. նա շինեց այն և դրեց նրա դռները, փականքները և նիգերը։

15 Աղբյուրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Քոլոզեի որդի Սեղղունը. նա շինեց այն և ծածկեց ու դրեց նրա դռները, փականքները և նիգերը, նաև Սիլովայի ավազանի պարիսպը թագավորի պարտեզի մոտից մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները։

16 Նրանից հետո նորոգեց Աղբուքի որդի Նեեմիան՝ Բեթսուրի կես բաժնի իշխանը, մինչև Դավթի գերեզմանների դիմացը և մինչև շինված ջրմուղը և մինչև Հսկաների տունը։

Ղևտացիներ, որոնք մասնակցեցին պարիսպների նորոգմանը

17 Նրանից հետո նորոգեցին ղևտացիները՝ Բանիի որդի Հռեումը, նրա մոտ նորոգեց Կեիլայի կես բաժնի իշխանը՝ Ասափիան՝ իր բաժնի չափ։

18 Նրանից հետո նորոգեցին նրա եղբայրները՝ Ենադադի որդի Բավային՝ Կեիլայի կես բաժնի իշխանը։

19 Նրա մոտ Հեսուի Եզերը՝ Մասփայի իշխանը, նորոգեց մյուս մասը՝ զինարան գնալուճանապարհիդիմացը, անկյունում։

20 Նրանից հետո Զաբբայի որդի Բարուքը փութով նորոգեց մյուս մասը՝ անկյունից մինչև մեծ քահանա Եղիասիբի տան մուտքը։

21 Նրանից հետո Ակկուսի որդի Ուրիայի որդի Մերամոթը նորոգեց մյուս մասը՝ Եղիասիբի տան մուտքից մինչև Եղիասիբի տան վերջը։

Քահանաներ, որոնք մասնակցեցին պարիսպների նորոգմանը

22 Նրանից հետո նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։

23 Նրանից հետո իրենց տների առաջը նորոգեցին Բենիամինը և Ասուբը. նրանից հետո Անանիայի որդի Մաասիայի որդի Ազարիան նորոգեց իր տան մոտերքը։

24 Մյուս մասը՝ Ազարիայի տնից մինչև անկյունը և շրջադարձը, նորոգեց Ենադադի որդի Բանուին։

25 Ոզայի որդի Փաղաղը՝ անկյունի և աշտարակի դիմացը, որ թագավորի վերին տանից դուրս է գալիս բանտի գավթի մոտ. նրանից հետո՝ Փարոսի որդի Փադայիան։

26 Եվ նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում,նորոգեցինմինչև Ջրի դռան դիմացը դեպի արևելք և դուրս եկած աշտարակը։

Այլ աշխատողներ

27 Նրանից հետո թեկուացիները նորոգեցին մյուս մասը՝ դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը՝ մինչև Ոփաղի պարիսպը։

28 Ձիերի դռնից վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։

29 Նրանից հետո իր տան դիմացը նորոգեց Եմմերի որդի Սադովկը, իսկ նրանից հետո նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արևելյան դռան պահապանը։

30 Նրանից հետո մյուս մասը նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան և Սեղեփի վեցերորդ որդի Անոնը. նրանից հետո իր սենյակի դիմացը նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը։

31 Նրանից հետո ոսկերչի որդի Մեղքիան նորոգեց մինչև նաթանայիմների և վաճառականների տունը, մինչև Մափկաթի դռան դիմացը և մինչև անկյունի վերնատունը։

32 Իսկ անկյունի վերնատան ու Ոչխարաց դռան մեջտեղը նորոգեցին ոսկերիչները և վաճառականները։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 4

Նեեմիան հաղթում է թշնամիներին

1 Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։

2 Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առջև և ասաց. «Ի՞նչ են շինում այս թշվառ հրեաները. մի՞թե թույլ կտան նրանց, մի՞թե զոհ են մատուցելու, մի՞թե այսօր վերջացնելու են, մի՞թե կենդանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։

3 Ամմոնացի Տուբիան նրա մոտ էր և ասաց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե պարիսպը կքանդի»։

4 Լսի՛ր, ո՛վ մեր Աստված, որ նախատվեցինք, և նրանց նախատինքը դարձրո՛ւ իրենց գլխին և նրանց մատնի՛ր ավար լինելու գերության երկրում։

5 Եվ մի՛ ծածկիր նրանց անօրինությունը, և թող նրանց մեղքը չջնջվի քո առջևից, որովհետևքեզբարկացրին շինողների առջև։

6 Եվ պարիսպը շինեցինք, և ամբողջ պարիսպը շրջափակվեց կիսով չափ, և ժողովուրդը սրտապնդվեց գործելու։

7 Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։

8 Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։

9 Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։

10 Եվ հրեաներն ասացին. «Բեռնակիրների ուժը թուլացել է, իսկ հողը շատ է, և մենք չենք կարողանում պարիսպը շինել»։

11 Բայց մեր թշնամիներն ասում էին. «Չիմանան և չտեսնեն, մինչև որ մտնենք նրանց մեջ և սպանենք նրանց և գործը խափանենք»։

12 Եվ երբ նրանց մոտակայքում բնակվող հրեաները եկան և տասն անգամ ամեն տեղերից մեզ ասացին, թե հետ դարձեք մեզ մոտ,

13 այն ժամանակ պարսպի հետևի ցած և չոր տեղերում կանգնեցրի ժողովրդին ըստ տոհմերի՝ իրենց սրերով, նիզակներով և աղեղներով։

14 Նայեցի ու վեր կացա և ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու ձեր դուստրերի, ձեր կանանց և ձեր տների համար»։

15 Եվ երբ մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք, և թե Աստված ցրել է նրանց մտադրությունը, մենք ամենքս հետ դարձանք դեպի պարիսպը՝ ամեն մարդ իր գործին։

16 Եվ այն օրից ի վեր իմ մարդկանց կեսը գործ էր անում, իսկ մյուս կեսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները և զրահներն էր բռնում, և իշխաններըկանգնել էինՀուդայի ամբողջ տան հետևում։

17 Պարիսպը շինողները և բեռնակիրները, որ բեռն իրենց վրա էին բեռնում, մի ձեռքով գործ էին անում, իսկ մյուս ձեռքով զենքն էին բռնած։

18 Եվ կառուցողներից ամեն մեկը, սուրը մեջքին կապած, գործ էր անում, իսկ փողհարն իմ կողքին էր։

19 Եվ ես ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Այս գործը մեծ և ընդարձակ է, իսկ մենք ցրված ենք պարսպի վրա միմյանցից հեռու։

20 Որտեղ որ լսեք փողի ձայնը, այնտեղ մեզ մո՛տ ժողովվեք. մեր Աստվածը պատերազմելու է մեզ համար»։

21 Եվայսպեսմենք գործ էինք անում, և կեսը նիզակներն էր բռնած արշալույսը ծագելուց մինչև աստղերի երևալը։

22 Այն ժամանակայսէլ ասացի ժողովրդին, որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղեմում մնա, որ գիշերները մեզ համար պահպանություն անեն և ցերեկը գործեն։

23 Եվ ես ու իմ եղբայրները, իմ ծառաները և իմ հետևից եկող պահապան մարդիկ՝ ամենքս, մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդու ջուրն ուղարկելուց։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 5

Աղքատների հարստահարությունը

1 Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրեա եղբայրների դեմ։

2 Եվ կային ասողներ, թե՝ «Մենք մեր որդիներով և դուստրերով շատ ենք. ուտելիք կառնենք, կուտենք և կապրենք»։

3 Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մեր արտերը, այգիները և տները գրավ ենք դնում, որ սովի ժամանակ ուտելիք առնենք»։

4 Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։

5 Արդ մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես, և ահա մենք մեր որդիներին և դուստրերին հպատակության ենք տալիս. մեր դուստրերից ոմանք արդեն հպատակության մեջ են, իսկ մեր ձեռքին կարողություն չկա, որովհետև մեր արտերն ու այգիները ուրիշների ձեռքին են»։

6 Եվ ես շատ նեղացա, երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի։

7 Իմ սիրտը նեղվեց, և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. «Դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից», և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի։

8 Եվ նրանց ասացի. «Մենք, որքան որ կարող էինք, փրկանքով հետ գնեցինք մեր հրեա եղբայրներին, որ ծախված էին հեթանոսներին, իսկ դուք ծախում եք ձեր եղբայրներին. նրանք մեզ վրա՞ ծախվեն»։ Իսկ նրանք լռեցին և պատասխան չգտան։

9 Եվ ես ասացի. «Լավ չէ այս բանը, որ դուք եք անում. մի՞թե պիտի մեր Աստծու երկյուղով չընթանաք, որ մեր թշնամի ազգերի առջև խայտառակ չլինենք։

10 Ե՛վ ես, և՛ եղբայրներս ու ծառաներս նրանց փող և ցորեն ենք փոխ տվել. եկեք այս պարտքը նրանց շնորհենք։

11 Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։

12 Եվ նրանք ասացին. «Վերադարձնում ենք, նրանցիցոչինչչենք ուզի. այնպես կանենք, ինչպես որ դու ես ասում»։ Եվ ես կանչեցի քահանաներին և նրանց երդվել տվեցի, որ այսպես անեն։

13 Եվ ես թափ տվեցի իմ հագուստըև ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։

Նեեմիայի անշահախնդրությունը

14 Եվ այն օրից, երբթագավորնինձ հրամայեց, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում, Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք։

15 Իսկ նախորդ իշխանները, որ ինձանից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին տվել. նրանից հաց և գինի էին վերցնում, բացի քառասուն սիկղ արծաթից, նույնիսկ նրանց ծառաներն էին տիրում ժողովրդի վրա. բայց ես, Աստծուց վախենալով, այդպես չարեցի։

16 Նաև այս պարսպի գործում ես ջանացի, և արտ չգնեցինք, և իմ ծառաները հավաքված էին այնտեղ՝ այն գործի վրա։

17 Եվ հարյուր հիսուն հրեա ու զորական և մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մոտ՝ իմ սեղանի շուրջ, եկողներ էին լինում։

18 Եվ ահա թե ինձ համար ինչ էր պատրաստվում մեկ օրում՝ մեկ արջառ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, և տասն օրվա մեջ ամեն տեսակ գինին առատ էր լինում, և այսուամենայնիվ իշխանական հացը չուզեցի, որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի համար։

19 Ինձ բարությա՛մբ հիշիր, ո՛վ իմ Աստված, և ամենը, ինչ որ արեցի այս ժողովրդի համար։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 6

Դավեր Նեեմիայի դեմ

1 Եվ երբ Սանաբաղատը, Տուբիան և արաբացի Գեսամը և մեր մյուս թշնամիները լսեցին, որ ես շինեցի պարիսպը, և նրանում քանդված տեղ չի մնացել (թեև մինչ այն ժամանակը դռների փեղկերը չէի դրել),

2 այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամըմարդուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։

3 Եվ ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ գործը դադարի, երբ ես թողնեմ այն և իջնեմ ձեզ մոտ»։

4 Բայց նրանք այս հրավերով չորս անգամ ինձ մոտ ուղարկեցին, և ես նրանց նույն խոսքով պատասխանեցի։

5 Եվ Սանաբաղատն այս հրավերով հինգերորդ անգամ իր ծառային ինձ մոտ ուղարկեց՝ մի բաց նամակ նրա ձեռքին։

6 Նրա մեջ գրված էր. «Ազգերի մեջ լուր է տարածվել, և Գեսամն ասում է, որ դու և հրեաները խորհում եք ապստամբել, դու դրա համար ես պարիսպը շինում. դու նաև ուզում ես, որ նրանց թագավորը լինես, ըստ այդ խոսքերի։

7 Նաև մարգարեներ ես դրել, որ քո մասին քարոզեն Երուսաղեմում՝ ասելով. “Թագավո՜ր Հրեաստանի”. և արդ այսպիսի խոսքեր պիտի հասնեն թագավորին. ուրեմն եկ հանդիպենք»։

8 Եվ եսմարդուղարկեցի նրա մոտ և ասացի. «Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, այլ դու քեզանից ես հնարել դա»։

9 Որովհետև նրանք ամենքն էլ մեզ վախեցնում էին՝ ասելով. «Նրանց ձեռքերը կթուլանան այդ գործից, և չի կատարվի»։ Բայց դու,ո՛վ Աստված,զորացրո՛ւ իմ ձեռքերը։

10 Եվ ես եկա Մետաբելի որդու՝ Դաղայիայի որդի Սեմայիայի տունը. նա մտել-փակվել էր և ասաց. «Գնանք միասին Աստծու տունը՝ տաճարը, և տաճարի դռները փակենք, որովհետև գալիս են, որ քեզ սպանեն, և գիշերով են գալու, որ քեզ սպանեն»։

11 Իսկ ես ասացի. «Մի՞թե ինձ նման մարդը կփախչի, և ինձ նման ո՞րը կգնա տաճարը, որ ողջ մնա. ես չեմ գնա»։

12 Ես գիտեի, որ Աստված չէր նրան ուղարկել, այլ մարգարեությունն ասաց ինձ նրա համար, որ Տուբիան և Սանաբաղատն էին վարձել նրան։

13 Նրա համար էր նա վարձվել, որպեսզի ես վախենամ և այնպես անեմ ու հանցավոր լինեմ, և դա նրանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու, որ ինձ նախատեն։

14 Հիշի՛ր, ո՛վ իմ Աստված, Տուբիային և Սանաբաղատին իրենց այս գործերի համեմատ, նաև Նովադիա մարգարեուհուն և մյուս մարգարեներին, որ վախեցնում էին ինձ։

Աշխատանքի ավարտը

15 Պարիսպն ամբողջացվեց իլուլ ամսի քսանհինգին՝ հիսուներկու օրվա մեջ։

16 Եվ երբ որ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը վախեցան և շատ իջան իրենց աչքում և իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը։

17 Այն օրերին Հուդայի ազնվականները նաև շատ նամակներ էին գրում, որ ուղարկվում էին Տուբիային. Տուբիայից էլ նրանց էին գալիս։

18 Որովհետև Հուդայում շատերը նրա հետ երդումով կապված էին, որովհետև նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հոհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջկան։

19 Նաև նրա լավություններն էին ասում ինձ մոտ, և իմ խոսքերը նրան էին տանում. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու համար։

Categories
ՆԵԵՄԻԱ

ՆԵԵՄԻԱ 7

1 Եվ երբ պարիսպը կառուցվեց, և ես դռները կանգնեցրի, և դռնապաններ ու երգիչներ և ղևտացիներ դրվեցին,

2 իմ եղբայր Անանիին և աշտարակի իշխան Անանիային, որ հավատարիմ մարդ է և շատերից ավելի Աստծուց երկյուղած, պատվիրեցի Երուսաղեմի մասին

3 և ասացի նրանց. «Երուսաղեմի դռները թող չբացվեն մինչև արևի տաքացնելը, և դեռ իրենքայնտեղկանգնած՝ դռները փակեն և կողպեն, և Երուսաղեմի բնակիչներին պահապաններ դնեն՝ ամեն մարդ իր պահպանությամբ և ամեն մարդ իր տան դիմացը»։

4 Սակայն քաղաքն ընդարձակ և մեծ էր, իսկ միջի ժողովուրդը քիչ էր, և տներ չէին շինված։

5 Եվ Աստված իմ սրտի մեջ դրեց, որ ժողովեմ իշխաններին, զորականներին և ժողովրդին, որ արձանագրվեն, և ազգաբանության մի գիրք գտա առաջին անգամգերությունիցեկողների մասին, և նրանում գրված էր.

Գերությունից վերադարձածների ցանկը

6 «Սրանք են գավառի բնակիչները, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գերեվարությունից եկել և վերադարձել են Երուսաղեմ և Հրեաստան՝ ամեն մարդ իր քաղաքը,

7 և եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուեի, Նավումի և Բաանայի հետ։ Այս է Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը.

8 Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու.

9 Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու.

10 Արահի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու.

11 Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասնութ.

12 Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.

13 Զաթուի որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ.

14 Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն.

15 Բանուիի որդիները՝ վեց հարյուր քառասունութ.

16 Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսանութ.

17 Ազգադի որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու.

18 Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ.

19 Բագուեի որդիները՝ երկու հազար վաթսունյոթ.

20 Ադինի որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ.

21 Ատերի որդիները՝ Եզեկիայից՝ իննսունութ.

22 Հասումի որդիները՝ երեք հարյուր քսանութ.

23 Բեսէէի որդիները՝ երեք հարյուր քսանչորս.

24 Արիփի որդիները՝ հարյուր տասներկու.

25 Գաբավոնի որդիները՝ իննսունհինգ.

26 Բեթլեհեմի ու Նատոփայի մարդիկ՝ հարյուր ութսունութ.

27 Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ.

28 Ազամոթի տան մարդիկ՝ քառասուներկու.

29 Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի մարդիկ՝ յոթ հարյուր քառասուներեք.

30 Ռամայի և Գաբայի մարդիկ՝ վեց հարյուր քսանմեկ.

31 Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու.

32 Բեթելի և Գայիի մարդիկ՝ հարյուր քսաներեք.

33 մյուս Նաբավի մարդիկ՝ հիսուներկու.

34 մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.

35 Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան.

36 Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ.

37 Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանմեկ.

38 Սենաայի որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։

39 Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք.

40 Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու.

41 Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ.

42 Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։

43 Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։

44 Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քառասունութ։

45 Դռնապանները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները՝ հարյուր երեսունութ։

46 Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները.

47 Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները.

48 Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Սաղամեի որդիները.

49 Անանի որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները.

50 Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները.

51 Գազամի որդիները, Ոզայի որդիները, Փասեի որդիները,

52 Բասիի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները.

53 Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները.

54 Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները.

55 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները.

56 Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները.

57 Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները.

58 Հեզայի որդիները, Դերկոնի որդիները.

59 Գեդդելի որդիները, Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասերայիմի որդիները, Ամոնի որդիները։

60 Բոլոր նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու»։

61 Եվ սրանք են Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդոնից և Եմմերից դուրս եկողները, բայց նրանք չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը և իրենց սերունդը, թե Իսրայելից են իրենք՝

62 Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու հոգի։

63 Եվ քահանաներից՝ Աբայիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի դուստրերից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։

64 Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, այդ պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։

65 Եվ Աթարսաթան ասաց նրանց, որ ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ մի քահանա վեր չկենա Ուրիմով և Թումիմով։

66 Ամբողջ ժողովուրդը մեկտեղ քառասուներկու հազար երեք հարյուր վաթսունհոգիէր։

67 Բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթհոգիէին, և նրանց հետ երկու հարյուր քառասունհինգ երգիչներ ու երգչուհիներ կային։

68 Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ.

69 նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը վեց հազար յոթ հարյուր քսան էին։

70 Եվ բոլոր տոհմապետներիցոմանքգործի համար տվեցին. Աթարսաթանգանձարանին տվեց հազար ոսկի դրամ, հիսուն սկավառակ, հինգ հարյուր երեսուն քահանայական պատմուճան։

71 Եվ տոհմապետներիցոմանքգործի գանձանակին տվեցին քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարյուր մնաս արծաթ։

72 Եվ մնացած ժողովրդի տվածը՝ քսան հազար ոսկի դրամ և երկու հազար մնաս արծաթ և վաթսունյոթ քահանայական պատմուճան։

73 Եվ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները և ոմանք ժողովրդից ու նաթանայիմները և ամբողջ Իսրայելը բնակվում էին իրենց քաղաքներում, և երբ որ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին։