Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25

Սամուելի մահը

1 Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու սուգ արեց նրա համար, և նրան թաղեցին իր տանը՝ Ռամայում։ Եվ Դավիթը վեր կացավ ու իջավ Փառանի անապատը։

Դավիթն ու Աբիգեան

2 Մաոնում մի մարդ կար, և նրա գործը Կարմեղոսում էր։ Նա շատ հարուստ էր. երեք հազար ոչխար և հազար այծ ուներ։ Իր ոչխարները խուզելու համար Կարմեղոսում էր լինում։

3 Այդ մարդու անունը Նաբաղ էր, նրա կնոջ անունը՝ Աբիգեա։ Այդ կինը խոհեմամիտ էր ու գեղեցկադեմ, իսկ մարդը խստաբարո էր և չարագործ. նա Քաղեբի սերնդից էր։

4 Դավիթն անապատում լսեց, որ Նաբաղը խուզում է իր ոչխարները։

5 Եվ Դավիթը տասը երիտասարդ ուղարկեց և Դավիթն այդ երիտասարդներին ասաց. «Բարձրացե՛ք Կարմեղոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից հարցրե՛ք նրա ողջությունը։

6 Եվ այսպե՛ս ասեք. “Ողջ լինես, խաղաղություն քեզ ու քո տանը և քո ամբողջ ունեցվածքին։

7 Հիմա լսել եմ, որ խուզում ես ոչխարներդ. քո հովիվները մեզ հետ էին, նրանց վնաս չենք տվել, և որքան ժամանակ մնացել են Կարմեղոսում, նրանցից ոչ մի բան չի պակասել։

8 Հարցրո՛ւ քո պատանիներին, թող նրանք քեզ ասեն. այս երիտասարդներն էլ թող շնորհ գտնեն քո առջև, որովհետև բարի օր եկանք. շնո՛րհ արա քո ծառաներին ու քո որդի Դավթին և քո ձեռքից եկածը տո՛ւր”»։

9 Եվ Դավթի երիտասարդները գնացին, Դավթի անունից այս բոլոր խոսքերն ասացին Նաբաղին ևլուռկանգնեցին։

10 Եվ Նաբաղը Դավթի ծառաներին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է Դավիթը, և ո՞վ է Հեսսեի որդին. այս օրերին շատացել են իրենց տերերից փախչող ծառաները։

11 Ես իմ հացը, իմ ջուրը, խուզողների համար մորթած անասուններս վերցնեմ ու տամ մարդկա՞նց, երբ չգիտեմ, թե որտեղից են»։

12 Եվ Դավթի երիտասարդները վերադարձան իրենց ճանապարհով, գնացին ու այս բոլոր խոսքերը պատմեցին նրան։

13 Եվ Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մարդ իր սուրը թող կապի մեջքին». և ամեն մարդ իր սուրը կապեց մեջքին. Դավիթն էլ իր սուրը կապեց մեջքին, և մոտ չորս հարյուր մարդ դուրս եկավ Դավթի ետևից, իսկ երկու հարյուր մարդ մնաց կահ-կարասու մոտ։

14 Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, հաղորդեց՝ ասելով. «Ահա Դավիթն անապատից մարդիկ է ուղարկել մեր տիրոջը ողջունելու համար, բայց նա խիստ վարվեց նրանց հետ։

15 Բայց այդ մարդիկ մեզ հետ շատ լավ էին և մեզ վնաս չտվեցին, և որքան ժամանակ դաշտում նրանց հետ շրջեցինք, մեզանից մի բան չկորավ։

16 Եվ որքան ժամանակ որ նրանց մոտ արածեցնում էինք ոչխարները, նրանք գիշերն էլ, ցերեկն էլ պարիսպ են եղել մեզ համար։

17 Եվ հիմա իմացի՛ր և տե՛ս, թե ինչ ես անելու, որովհետև չարիք է հասել մեր տիրոջ վրա և նրա ամբողջ տան վրա, քանզի նա մի այնպիսի չար մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։

18 Եվ Աբիգեան շտապ վերցրեց երկու հարյուր հաց, երկու տիկ գինի և հինգ ոչխարի պատրաստած միս, հինգ գրիվ ցորենի աղանձ, հարյուր ողկույզ չամիչ և երկու հարյուր շարան թուզ և դրանք դրեց էշերի վրա։

19 Եվ իր ծառաներին ասաց. «Առա՛ջս անցեք, ահա ես գալիս եմ ձեր ետևից». բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, չասաց։

20 Եվ երբ այդ կինը, էշին հեծած, իջնում էր սարի ծածուկ տեղերով, ահա Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ էին իջնում նրան, և նա հանդիպեց նրանց։

21 Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։

22 Աստված Դավթի թշնամիներին այսպես և սրանից ավելին անի, եթե մինչև վաղն առավոտ մի արու մարդ ողջ թողնեմ նրա մարդկանցից»։

23 Աբիգեան հենց որ տեսավ Դավթին, արագ իջավ էշի վրայից, երեսնիվայր ընկավ Դավթի առջև և մինչև գետին խոնարհվեց։

24 Եվ ընկավ նրա ոտքն ու ասաց. «Տե՛ր իմ, թող հանցանքն ինձ վրա լինի, բայց թո՛ւյլ տուր, որ աղախինդ խոսի քո առաջ, լսի՛ր քո աղախնի խոսքը։

25 Աղաչում եմ, որ իմ տերը իր սրտի մեջ այդ չար մարդու՝ Նաբաղի նկատմամբ միբանչդնի, որովհետև ինչպես որ իր անունն է, այնպես էլ ինքն է. նրա անունը Նաբաղէ, և անզգամությունն իր հետ է. բայց ես՝ քո աղախինը, չեմ տեսել իմ տիրոջ ուղարկած երիտասարդներին։

26 Եվ հիմա, տե՛ր իմ, կենդանի է Տերը, և քո անձն էլ կենդանի է, որ Տերը չթողեց քեզ, որ արյուն թափես և քո վրեժը քո ձեռքով լուծես. և հիմա քո թշնամիները և իմ տիրոջը վատություն ուզողները Նաբաղի պես թող լինեն։

27 Եվ հիմա այս ընծան, որ քո աղախինը բերեց իմ տիրոջը, թող տրվի իմ տիրոջ հետևից եկող երիտասարդներին։

28 Աղաչում եմ, ների՛ր քո աղախնի հանցանքը, քանզի Տերն անպայման իմ տիրոջ համար հաստատուն տուն պիտի շինի, որովհետև իմ տերն է վարում Տիրոջ պատերազմները, և քո կյանքում մի չարություն չգտնվեց քո մեջ։

29 Ու թեև հիմա մի մարդ է վեր կացել քեզ հալածելու և քո անձը փնտրելու համար, իմ տիրոջ հոգին քո Տեր Աստծու առաջ կյանքի ծրարի մեջ ծրարված կլինի, իսկ քո թշնամիների հոգիները նա կշպրտի պարսատիկիցնետած քարերիպես։

30 Եվ երբ Տերն իմ տիրոջ համար անի այն բոլոր բարությունները, որ ասել է քեզ, և քեզ թագավոր նշանակի Իսրայելի վրա,

31 այս քեզ համար գայթակղություն և իմ տիրոջ սրտի համար խղճի խայթ չլինի, թե առանց պատճառի արյուն թափեցիր, և կամ իմ տերն իր վրեժը լուծեց. և երբ Տերը բարություն անի իմ տիրոջը, այն ժամանակ կհիշես քո աղախնին»։

32 Եվ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու,

33 օրհնյալ է քո խոհեմությունը, և օրհնյալ ես դու, որ այսօր արգելեցիր ինձ արյուն թափել և իմ ձեռքով վրեժը լուծել։

34 Բայց կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որ ինձ արգելեց քեզ չարիք գործել, որովհետև եթե դու շուտով չգայիր և չելնեիր իմ առջև, մինչև վաղն առավոտ Նաբաղի ոչ մի արու մարդ չէր մնալու»։

35 Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբգնա՛ քոտուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։

36 Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։

37 Եվ երբ առավոտյան Նաբաղը սթափվեց գինուց, նրա կինը նրան պատմեց այս բաները, և նրա սիրտը մեռավ իր ներսում ու քար դարձավ։

38 Եվ մոտ տասն օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։

39 Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղիցկրածնախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։

40 Եվ Դավթի ծառաները գնացին Կարմեղոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ և ասացին. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կին առնի»։

41 Եվ նա վեր կացավ ու մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեց ու ասաց. «Ահա քո աղախինը թող սպասավոր լինի՝ իմ տիրոջ ծառաների ոտքերը լվանալու համար»։

42 Եվ Աբիգեան իսկույն կանգնեց, հեծնեց էշը ինքը և իրեն հետևող հինգ աղջիկներն էլ, և Դավթի պատգամավորների ետևից գնաց ու դարձավ նրա կինը։

43 Դավիթը Հեզրայելից Աքինոամին էլ առավ, և այս երկուսն էլ եղան նրա կանայք։

44 Իսկ Սավուղն իր Մեղքող աղջկան, որ Դավթի կինն էր, գաղղիմացի Լայիսի որդի Փաղտիելին տվեց։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 26

Դավիթը կրկին խնայում է Սավուղի կյանքը

1 Զիփացիները գնացին Գաբաա՝ Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա»։

2 Եվ Սավուղը վեր կացավ և Իսրայելից ընտրած երեք հազար մարդկանց հետ իջավ Զիփի անապատը՝ Զիփի անապատում Դավթին փնտրելու։

3 Եվ Սավուղը բանակատեղի դրեց Եսեմոնի դիմաց՝ Եքեղայի բլրի վրա, ճանապարհին։ Դավիթն էլ անապատում էր մնում. և երբ տեսավ, որ Սավուղն իր ետևից գալիս է անապատ,

4 Դավիթը լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղն իսկապես եկել է։

5 Դավիթը վեր կացավ եկավ Սավուղի բանակատեղին. և Դավիթը տեսավ այն տեղը, ուր պառկել էին Սավուղը և նրա զորապետ Ների որդի Աբենները. սակայն Սավուղը պառկել էր կառքերի մեջտեղը, իսկ ժողովուրդը բանակել էր նրա շուրջը։

6 Եվ Դավիթը պատասխանեց քետացի Աքիմելեքի և Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսային և ասաց. «Ո՞վ ինձ հետ կիջնի բանակատեղի՝ Սավուղի մոտ»։ Եվ Աբեսսան ասաց. «Ես կիջնեմ քեզ հետ»։

7 Եվ Դավիթը Աբեսսայի հետ գիշերը մտավ բանակի մեջ. և ահա Սավուղը պառկած քնած էր կառքերի մեջտեղը, նրա նիզակը գլխի մոտ ցցված էր գետնի մեջ, և Աբեններն ու զինվորները պառկած էին նրա շուրջը։

8 Եվ Աբեսսան Դավթին ասաց. «Աստված այսօր քո թշնամուն քո ձեռքը մատնեց, և հիմա թող նիզակով մեկ անգամից նրան զարկեմ գետնին ևհարվածսչկրկնեմ»։

9 Բայց Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, որովհետև ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և անպարտ մնալ»։

10 Եվ Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը և Տերը կզարկի նրան. կամ նրա օրը կգա, կմեռնի, կամ պատերազմի մեջ կմտնի և կսպանվի։

11 Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա, միայն թե հիմա վերցրո՛ւ նրա գլխի մոտ դրված նիզակն ու ջրի կուժը, և գնանք»։

12 Եվ Դավիթը Սավուղի գլխի մոտից վերցրեց նիզակն ու ջրի կուժը, և գնացին. և ոչ ոք չտեսավ, ոչ ոք չիմացավ և ոչ ոք չզարթնեց, որովհետև բոլորն էլ քնած էին, և այդ խոր քունը նրանց վրա իջել էր Տիրոջ կողմից։

13 Եվ Դավիթն անցավ այն կողմը, բարձրացավ սարի գլուխը և կանգնեց հեռվում, և մեծ արանք կար նրանց միջև։

14 Դավիթը կանչեց զինվորներին և Ների որդի Աբեններին ու ասաց. «Ո՛վ Աբեններ, պատասխան չե՞ս տալիս». և Աբենները պատասխանեց՝ ասելով. «Ո՞վ ես դու, որ կանչում ես թագավորին»։

15 Եվ Դավիթն Աբեններին ասաց. «Դու տղամարդ չե՞ս, քեզ պես ո՞վ կա Իսրայելի մեջ, ինչո՞ւ քո տեր թագավորին չպահպանեցիր, որովհետև ժողովրդից մեկը եկել էր քո տեր թագավորին սպանելու։

16 Լավ բան չէ, որ դու արեցիր. կենդանի է Տերը, որ դուք մահապարտ եք, որովհետև չպահպանեցիք Տիրոջ օծյալին՝ ձեր տիրոջը. և հիմա նայի՛ր, թե ուր են թագավորի նիզակը և նրա գլխի մոտի ջրի կուժը»։

17 Այդ ժամանակ Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Դա քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Դավիթն ասաց. «Իմ ձայնն է, տե՛ր իմ թագավոր»։

18 Եվ նա ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը այդպես իր ծառայի ետևից ընկել. ի՞նչ եմ արել, ի՞նչ չարիք է գործել իմ ձեռքը քո դեմ։

19 Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն ենդրդել,թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։

20 Եվ հիմա թող իմ արյունը Տիրոջ առջև գետին չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը դուրս է եկել մի լու փնտրելու, ինչպես մարդ կաքավ է հալածում սարերում»։

21 Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ, այլևս չարիք չեմ գործի քո դեմ, որովհետև այսօր իմ հոգին պատվական թվաց քո աչքին. ահա ես հիմարություն եմ արել և խիստ սխալվել»։

22 Դավիթը պատասխանեց և ասաց. «Ահա թագավորի նիզակը. թող երիտասարդներից մեկը գա և վերցնի այն։

23 Թող Տերն ամեն մարդու հատուցի ըստ իր արդարության և ըստ իր հավատարմության, որովհետև Տերը քեզ այսօր մատնեց իմ ձեռքը, բայց ես չուզեցի իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։

24 Եվ ահա ինչպես քո հոգին այսօր պատվական թվաց իմ աչքին, իմ հոգին էլ թող այդպես պատվական թվա Տիրոջ առջև, և նա ինձ ազատի ամեն նեղությունից»։

25 Սավուղը Դավթին ասաց. «Օրհնյա՜լ լինես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու շատ գործ ես անելու և հաջողություն ես ունենալու»։ Եվ Դավիթը գնաց իր ճանապարհով, Սավուղն էլ վերադարձավ իր տեղը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27

Դավիթը փղշտացիների մեջ

1 Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։

2 Եվ Դավիթը վեր կացավ և իր հետ եղած վեց հարյուր մարդկանց հետ անցավ գնաց Գեթի թագավոր, Մաովքի որդի Անքուսի մոտ։

3 Եվ ինքը Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, և Դավիթն էլ իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի ու կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ բնակվեց Գեթում՝ Անքուսի մոտ։

4 Երբ Սավուղին հաղորդեցին, որ Դավիթը փախել է Գեթ, այլևս չորոնեց նրան։

5 Դավիթն Անքուսին ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, թող ինձ գյուղաքաղաքներից մեկում տեղ տան, որ մնամ այնտեղ, թե չէ ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։

6 Եվ այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը, այդ պատճառով էլ Սիկելակը մինչև օրս Հուդայի թագավորներինը եղավ։

7 Ժամանակը, երբ Դավիթը փղշտացիների երկրում բնակվեց, մեկ տարի և չորս ամիս էր։

8 Դավիթն ու իր մարդիկ վեր կացան և հարձակվեցին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա, քանի որ նրանք վաղուց ի վեր բնակվում էին այդ երկրում՝ Սուրից մինչև Եգիպտոսի երկիրը։

9 Եվ Դավիթը հարվածեց այդ երկրին, ողջ չթողեց տղամարդ թե կին, վերցրեց ոչխարներ և արջառներ, էշեր և ուղտեր, հանդերձներ ու վերադարձավ Անքուսի մոտ։

10 Անքուսն ասաց. «Դեպի ո՞ւր եք հարձակվել այսօր»։ Դավիթը պատասխանեց. «Դեպի Հուդայի հարավային կողմը, հերամելացիների հարավային կողմը և կենեցիների հարավային կողմը»։

11 Դավիթը ողջ չթողեց տղամարդ կամ կին, որ լուր բերեր Գեթ, որովհետև մտածեց, թե՝ «Միգուցե մեր մասին պատմեն և ասեն, թե Դավիթն այսպես է անում։ Եվ թե նրա սովորությունն այսպես է լինելու, քանի դեռ բնակվում է փղշտացիների երկրում»։

12 Անքուսը, Դավթին հավատալով, ասաց. «Այս մարդը իր ժողովրդի՝ Իսրայելի մեջ ատելի է դարձրել իրեն. թող ինձ մոտ հավիտյան ծառա լինի»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28

1 Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։

2 Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ուրեմն դու կիմանաս, թե քո ծառան ինչ կանի». և Անքուսը Դավթին ասաց. «Դրա համար էլ քեզ դարձնելու եմ իմ մշտական թիկնապահը»։

Սավուղը խորհրդակցում է վհուկի հետ

3 Սամուելն արդեն մեռած էր, և ամբողջ Իսրայելը սուգ էր արել նրա համար, և նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում, իսկ Սավուղն էլ երկրից վերացրել էր վհուկներին և գուշակներին։

4 Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։

5 Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։

6 Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։

7 Այդ ժամանակ Սավուղն իր ծառաներին ասաց. «Ինձ համար մի վհուկ կի՛ն փնտրեք, որ գնամ նրան հարցնեմ»։ Եվ ծառաները նրան ասացին. «Ահա մի վհուկ կին կա Ենդովրում»։

8 Սավուղը փոխեց իր հագուստները, ուրիշ հագուստներ հագավ և իր հետ եղած երկու մարդու հետ գնաց, և գիշերը նրանք եկան այդ կնոջ մոտ։ ԵվՍավուղնասաց. «Շնո՛րհ արա, վհուկի ոգով դյութությո՛ւն արա ինձ և ինձ համար կանչի՛ր նրան, ում մասին քեզ կասեմ»։

9 Կինը նրան ասաց. «Ահա դու գիտես, թե ինչ է արել Սավուղը, ինչպես է երկրից բնաջնջել վհուկներին ու նշանագետներին. ուրեմն՝ ինչո՞ւ ես ինձ սպանելու համար որոգայթ պատրաստում իմ անձի դեմ»։

10 Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։

11 Այն ժամանակ կինն ասաց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Սամուելի՛ն կանչիր ինձ համար»։

12 Կինը, տեսնելով Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց. և կինը խոսեց Սավուղի հետ ու ասաց. «Ինչո՞ւ խաբեցիր ինձ. դու Սավուղն ես»։

13 Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։

14 Սավուղընրան ասաց. «Ինչպիսի՞ն է նրա կերպարանքը»։ Եվ կինն ասաց. «Ահա մի ծեր մարդ է դուրս գալիս և վերարկու է հագել»։ Եվ Սավուղը հասկացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր խոնարհվեց գետին ու երկրպագեց նրան։

15 Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։

16 Եվ Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, հիմա, երբ Տերը հեռացել է քեզանից և թշնամի դարձել։

17 Տերն արեց այնպես, ինչպես ասել էր իմ միջոցով. Տերը քո ձեռքից թագավորությունը խլեց և այն տվեց քո ընկեր Դավթին։

18 Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը և գործով չկատարեցիր նրա սաստիկ բարկությունը Ամաղեկի վրա, դրա համար էլ Տերն այսօր այդպես արեց քեզ հետ։

19 Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։

20 Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։

21 Եվ կինը եկավ Սավուղի մոտ, տեսավ նրա չափազանց սոսկումը և նրան ասաց. «Ահա քո աղախինը լսեց քո խոսքը, և հոգիս բռիս մեջ դրած՝ հնազանդվեցի ինձ ասած խոսքերիդ։

22 Եվ հիմա աղաչում եմ, դու էլ լսի՛ր քո աղախնի խոսքը. ե՛կ, քո առաջ մի պատառ հաց դնեմ, կե՛ր, որ ուժ առնես, որովհետև ճանապարհ ես գնալու»։

23 Բայց նա չուզեց և ասաց. «Չեմ ուտում». սակայն նրա ծառաները և կինն էլ ստիպեցին նրան, և լսեց նրանց խոսքը, վեր կացավ գետնից և նստեց անկողնու վրա։

24 Այդ կինը տանը սնած մի հորթ ուներ. շտապ մորթեց այն, ալյուր վերցրեց, հունցեց և բաղարջ թխեց նրանով.

25 և դրեց Սավուղի առջև ու նրա ծառաների առջև. նրանք կերան և վեր կացան ու նույն գիշեր էլ գնացին։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 29

Դավիթը մերժվում է փղշտացիների կողմից

1 Փղշտացիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ իսրայելացիները բանակ դրեցին Հեզրայելում՝ աղբյուրի մոտ։

2 Փղշտացիների նախարարներն անց էին կենում հարյուրավորներով և հազարավորներով, իսկ Դավիթն ու իր մարդիկ Անքուսի հետ գնում էին նրանց ետևից։

3 Եվ փղշտացիների իշխաններն ասացին. «Այս ի՞նչ եբրայեցիներ են»։ Եվ Անքուսը փղշտացիների իշխաններին ասաց. «Սա Իսրայելի թագավոր Սավուղի ծառա Դավիթը չէ՞։ Այն օրից, ինչ ինձ մոտ է, մանավանդ այն տարիներից ի վեր, որ նա անցել էմեր կողմը,այդ օրից մինչև այսօր ոչ մի հանցանք չգտա նրա մեջ»։

4 Եվ փղշտացիների իշխանները բարկացան նրա վրա. և փղշտացիների իշխանները նրան ասացին. «Այդ մարդուն ե՛տ ուղարկիր, թող գնա՛ իր տեղը, ուր նշանակել ես նրան. թող պատերազմի չգա մեզ հետ, միգուցե պատերազմում թշնամություն անի մեզ, որովհետև ինչո՞վ պիտի նա հաշտվի իր տիրոջ հետ, եթե ոչ այս մարդկանց գլուխներով։

5 Սա այն Դավիթը չէ՞, որի համար կանայք, պար բռնելով և իրար պատասխանելով, ասում էին.

“Սավուղը զարկեց իր հազարավորներին,

Եվ Դավիթը՝ իր բյուրավորներին”»։

6 Եվ Անքուսը կանչեց Դավթին ու նրան ասաց. «Կենդանի է Տերը, որ դու ուղիղ մարդ ես, և ինձ հաճելի է ինձ հետ բանակ մտնելդ և դուրս գալդ, որովհետև այն օրից մինչև այսօր քո մեջ մի չարություն չգտա. բայց նախարարների աչքին դու լավ չես երևում։

7 Եվ հիմա ե՛տ դարձիր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ վատ է թվում փղշտացիների նախարարների աչքին»։

8 Եվ Դավիթն Անքուսին ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ վատ բան գտար առաջդ կանգնած քո ծառայի մեջ, որ ես չգնամ և իմ տեր թագավորի թշնամիների դեմ չպատերազմեմ»։

9 Եվ Անքուսը պատասխանեց ու Դավթին ասաց. «Գիտեմ, որ դու իմ աչքին Աստծու հրեշտակի պես, լավ ես երևում, բայց փղշտացիների իշխաններն ասում են. “Թող նա մեզ հետ պատերազմի չգա”։

10 Ուստի առավոտ կանուխ վե՛ր կաց, և՛ դու, և՛ քո տիրոջ ծառաները, որոնք եկել են քեզ հետ, վե՛ր կացեք և առավոտ կանուխ՝ լուսածագին, գնացե՛ք»։

11 Դավիթը և իր մարդիկ առավոտ կանուխ վեր կացան, որ գնան և փղշտացիների երկիրը վերադառնան, իսկ փղշտացիները գնացին Հեզրայել։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30

Պատերազմ ամաղեկացիների դեմ

1 Երբ Դավիթն ու իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիները հարձակվել էին հարավային երկրի և Սիկելակի վրա, Սիկելակը գրավելով՝ այրել այն։

2 Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։

3 Երբ Դավիթն ու իր մարդիկ քաղաք հասան, այն կրակով այրված էր, և իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։

4 Ուստի Դավիթն ու իր հետ եղած բանակը բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան, մինչև որ նրանց վրա լալու ուժ չմնաց։

5 Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և կարմելացի Նաբաղի կինը՝ Աբիգեան էլ էին գերի տարվել։

6 Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակն ուզում էր նրան քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների և աղջիկների համար. սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։

7 Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։

8 Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. «Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհասնե՞մ նրանց»։ Եվ Տերը նրան ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին»։

9 Եվ ինքը Դավիթն ու իր հետ եղած վեց հարյուր մարդիկ գնացին, եկան մինչև Բոսորի հեղեղատը, և ետ մնացողները կանգ առան։

10 Եվ Դավիթը չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն. (սակայն երկու հարյուր մարդ էլ, որ շատ հոգնած էին, չէին անցել Բոսորի հեղեղատը, մնացել էին այս կողմը)։

11 Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան և նրան բերին Դավթի մոտ, նրան հաց տվին, ու նա կերավ, և ջուր խմեցրին նրան։

12 Նրան մի քիչ չոր թուզ և երկու ողկույզ չամիչ տվեցին, որ կերավ, և ուժը տեղը եկավ, որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել և ո՛չ էլ ջուր խմել։

13 Եվ Դավիթը նրան ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Եվ նա ասաց. «Ես մի եգիպտացի պատանի եմ, ամաղեկացի մարդու ծառա. իմ տերը լքեց ինձ, որովհետև երեք օր է, որ հիվանդ եմ։

14 Մենք հարձակվեցինք Քերեթի հարավային կողմի՝ Հուդայի կողմերի և Քաղեբի հարավային կողմերի վրա և Սիկելակը կրակով այրեցինք»։

15 Եվ Դավիթը նրան ասաց. «Ինձ կտանե՞ս այդ գնդի մոտ»։ Եվ նա ասաց. «Դու ինձ երդվի՛ր Աստծու անունով, որ ինձ չես սպանի և ինձ չես տա իմ տիրոջ ձեռքը, ես էլ քեզ կտանեմ այդ գնդի մոտ»։

16 Պատանին նրան տարավ, և ահա նրանք ամբողջ գետնի վրա ցրված էին. ուտում ու խմում էին և խրախճանք էին անում փղշտացիների երկրից և Հուդայի երկրից իրենց վերցրած այն մեծ ավարի համար։

17 Եվ Դավիթը արշալույսից մինչև հաջորդ օրվա իրիկուն ջարդեց նրանց, և նրանցից ոչ ոք չազատվեց, բացի միայն չորս հարյուր երիտասարդներից, որոնք հեծնեցին ուղտերին ու փախան։

18 Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։

19 Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։

20 Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։

21 Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։

22 Դավթի հետ պատերազմ գնացող մարդկանցից բոլոր չար ու անպետք մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չգնացին, մենք էլ մեր ազատած ավարից չենք տա իրենց, միայն ամեն մարդ թող իր կնոջն ու որդիներին վերցնի ու գնա»։

23 Բայց Դավիթն ասաց. «Իմ եղբայրնե՛ր, այդպես մի՛ արեք, քանզի Տերը մեզ այս տվեց, և ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։

24 Եվ այս հարցում ո՞վ կլսի ձեզ։ Կահ-կարասիների մոտ նստողների բաժինը պետք է հավասար լինի պատերազմ գնացածների բաժնին. հավասարապես պիտի բաժանեն»։

25 Եվ այդ օրվանից ի վեր այսպես է Իսրայելում. նա կանոն և օրենք դրեց այս մինչև այսօր։

26 Դավիթը եկավ Սիկելակ և այդ ավարից ուղարկեց Հուդայի ծերերին՝ իր բարեկամներին՝ ասելով. «Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների ավարից մեկ ընծա»։

27 Այսինքն՝նրանց, ովքերԲեթելում էին և հարավային Ռամովթում էին, Հաթիրում էին

28 և Արոերում էին, Սեփամովթում էին և Եսթեմովում էին,

29 Րաքալում էին և երամելացիների քաղաքներում էին, կենեցիների քաղաքներում էին

30 և Հորմայում էին, Քովրասանում էին և Աթաքում էին,

31 Քեբրոնում էին և բոլոր այն վայրերում էին, ուր Դավիթը եղել էր իր մարդկանց հետ։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 31

Սավուղի և իր որդիների մահը

1 Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։

2 Փղշտացիները հասան Սավուղին ու նրա որդիներին. և փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։

3 Եվ պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ, և աղեղնավորները գտան նրան, և աղեղնավորներից ծանր վիրավորվեց։

4 Եվ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ հանի՛ր և ինձ խոցի՛ր նրանով, միգուցե այդ անթլփատները գան, խոցեն ինձ և ինձ ծաղրեն»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ վախեցավ։ Եվ Սավուղը վերցրեց սուրն ու ընկավ նրա վրա։

5 Եվ երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ ընկավ իր սրի վրա և մեռավ նրա հետ։

6 Եվ նույն օրըայսպեսմեռան Սավուղն ու նրա երեք որդիները, նրա կապարճակիրը և նրա բոլոր մարդիկ միասին։

7 Եվ Իսրայելի մարդիկ, որ հովտի այն կողմում էին և Հորդանանի այն կողմում էին, երբ տեսան, թե իսրայելացիները փախան, և թե Սավուղն ու նրա որդիները մեռան, այն ժամանակ թողեցին քաղաքներն ու փախան, և փղշտացիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։

8 Եվ հետևյալ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածներին կողոպտելու, գտան Սավուղին և նրա երեք որդիներին՝ ընկած Գեղբուե սարի վրա։

9 Նրա գլուխը կտրեցին, զենքերը հանեցին. և մարդիկ ուղարկեցին փղշտացիների երկրի չորս կողմը, որ ավետիս տան իրենց կռատներին ու ժողովրդին։

10 Նրա զենքերը դրեցին Աստարովթի տանը և նրա մարմինը կախեցին Բեթսանի պարսպից։

11 Եվ երբ Գաղաադի Հաբիսի բնակիչները լսեցին, թե ինչ էին արել փղշտացիները Սավուղին,

12 բոլոր քաջ մարդիկ վեր կացան և ամբողջ գիշեր գնացին և Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի մարմինն ու նրա որդիների մարմինները, եկան Հաբիս և դրանք այրեցին այնտեղ։

13 Եվ վերցրին նրանց ոսկորներն ու դրանք թաղեցին Հաբիսում՝ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

Դավիթը լսում է Սավուղի մահվան մասին

1 Սավուղի մեռնելուց հետո, երբ Դավիթը վերադարձավ ամաղեկացիներին ջարդելուց, երկու օր մնաց Սիկելակում։

2 Երրորդ օրը ահա Սավուղի բանակից մեկը եկավ՝ հագուստները պատառոտած ու գլխին հող, և երբ նա եկավ Դավթի մոտ, ընկավ գետին և երկրպագեց։

3 Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Եվ նա ասաց նրան. «Ես փախել եմ Իսրայելի բանակից»։

4 Եվ Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Եվ նա ասաց. «Զորքը փախավ պատերազմի դաշտից, և զորքից շատ մարդիկ ընկան ու մեռան. նաև Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։

5 Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն հարցրեց. «Ինչպե՞ս իմացար, թե Սավուղն ու նրա որդի Հովնաթանը մեռան»։

6 Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։

7 Այդ ժամանակ նա ետ նայեց, տեսավ ինձ և ինձ կանչեց, ես էլ ասացի. “Ահա ես”։

8 Եվ նա ինձ ասաց. “Ո՞վ ես դու”։ Ես էլ նրան ասացի. “Ամաղեկացի եմ”։

9 Եվ նա ինձ ասաց. “Աղաչում եմ, կանգնի՛ր ինձ վրա և մեռցրո՛ւ ինձ, որովհետև մահվան տագնապը պատել է ինձ, բայց հոգիս դեռ վրաս է”։

10 Ես կանգնեցի նրա վրա ու մեռցրի նրան, քանի որ հասկացա, որ նա իր ընկնելուց հետո չէր ապրելու։ Նրա գլխից վերցրի թագը և նրա բազկից՝ ապարանջանն ու դրանք բերի այստեղ՝ իմ տիրոջ համար»։

11 Այդ ժամանակ Դավիթը բռնեց իր հագուստները և պատառոտեց դրանք, նույնպես էլ արեցին նրա հետ եղած բոլոր մարդիկ։

12 Եվ նրանք սգացին ու լաց եղան և մինչև իրիկուն ծոմ պահեցին Սավուղի համար և նրա որդի Հովնաթանի համար, Տիրոջ ժողովրդի համար և Իսրայելի տան համար, որ նրանք ընկել էին սրով։

13 Եվ Դավիթն իրեն լուր բերող պատանուն ասաց. «Որտեղացի՞ ես դու»։ Եվ նա ասաց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»։

14 Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպե՞ս չվախեցար, որ ձեռքդ բարձրացրիր ու սպանեցիր Տիրոջ օծյալին»։

15 Եվ Դավիթը կանչեց երիտասարդներից մեկին ու ասաց. «Մոտեցի՛ր և սպանի՛ր նրան»։ Երիտասարդը հարվածեց նրան, և նա մեռավ։

16 Եվ Դավիթը նրան ասաց. «Քո արյունը՝ քո գլուխը, որովհետև քո բերանը վկայություն տվեց քո դեմ՝ ասելով. “Ես մեռցրի Տիրոջ օծյալին”»։

Դավթի ողբը Սավուղի և Հովնաթանի համար

17 Եվ Դավիթը ողբաց Սավուղի վրա ու նրա որդի Հովնաթանի վրա և ասաց «Աղեղը» ողբը.

18 Հուդայի որդիներին սովորեցնեն (ահա այն գրված է Ուղիղի գրքում).

19 Քո փառքը, ո՜վ Իսրայել,

Քո բարձր տեղերի վրա խոցվեց.

Ինչպե՞ս ընկան քաջերը։

20 Մի՛ պատմեք Գեթում,

Ավետիս մի՛ տվեք Ասկաղոնի ճանապարհներին.

Չլինի թե փղշտացիների աղջիկներն ուրախանան,

Չլինի թե հրճվեն անթլփատների աղջիկները։

21 Ո՜վ Գեղբուեի սարեր,

Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի,

Ո՛չ էլերախայրիքիընծաների անդաստաններ,

Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը,

Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։

22 Խոցվածների արյունից, քաջերի ճարպից

Հովնաթանի աղեղը ետ չքաշվեց,

Եվ Սավուղի սուրը ետ չդարձավ դատարկ։

23 Սավուղն ու Հովնաթանը՝

Շատ սիրելի և հաճելի իրենց կենդանության ժամանակ,

Իրենց մահվան ժամանակ էլ չբաժանվեցին իրարից.

Արծիվներից ավելի թեթևաշարժ

Եվ առյուծներից ավելի հզորէին։

24 Իսրայելի՛ աղջիկներ, լացե՛ք Սավուղի համար,

Որ ձեզ վայելուչ կարմիր էր հագցնում

Եվ ոսկե զարդեր դնում ձեր հանդերձների վրա։

25 Ինչպե՞ս ընկան քաջերը պատերազմում,

Հովնաթանը խոցվեց քո բարձր տեղերի վրա։

26 Ցավում եմ քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան,

Դու ինձ շատ սիրելի էիր,

Կանանց սիրուց բարձր էր քո սերն ինձ համար։

27 Ինչպե՞ս ընկան քաջերը,

Եվ պատերազմի զենքերը կորան։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

Դավիթը դառնում է Հուդայի թագավոր

1 Սրանից հետո Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Գնա՞մ արդյոք Հուդայի քաղաքներից մեկը»։ Տերը նրան ասաց. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։Տերնասաց. «Քեբրոն»։

2 Դավիթն իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի և կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ գնաց։

3 Եվ Դավիթն իր հետ եղած մարդկանց էլ՝ ամեն մեկին իր ընտանիքով տարավ, և բնակվեցին Քեբրոնի քաղաքներում։

4 Եվ Հուդայի մարդիկ եկան և այնտեղ Դավթին թագավոր օծեցին Հուդայի տան վրա։ Դավթին պատմեցին ու ասացին, որ Գաղաադի Հաբիսի բնակիչները թաղեցին Սավուղին։

5 Եվ Դավիթը Գաղաադի Հաբիսի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեց և նրանց ասաց. «Դուք Տիրոջից օրհնյալ լինեք, որ ձեր տիրոջը՝ Սավուղին, այս ողորմածությունն արեցիք և թաղեցիք նրան։

6 Թող Տերը իր ողորմածությամբ և ճշմարտությամբ հատուցի ձեզ, և ես էլ եմ հատուցելու ձեզ՝ ձեր արած այս լավության համար։

7 Հիմա թող զորանան ձեր ձեռքերը, և քաջե՛ր եղեք, քանզի ձեր տերը՝ Սավուղը, մեռավ, և Հուդայի տունը ինձ թագավոր օծեց իր վրա»։

Հեբուսթեն դառնում է Իսրայելի թագավոր

8 Իսկ Սավուղի զորավար Ների որդի Աբենները վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին,նրան տարավ Մանայիմ,

9 նրան թագավոր դարձրեց Գաղաադի վրա, Ասուրիի վրա, Հեզրայելի վրա, Եփրեմի վրա, Բենիամինի վրա և ամբողջ Իսրայելի վրա։

10 Երբ Սավուղի որդի Հեբուսթեն թագավոր դարձավ Իսրայելի վրա, քառասուն տարեկան էր. և թագավորեց երկու տարի։ Միայն Հուդայի տունն էր հետևում Դավթին։

11 Եվ Հուդայի տան վրա՝ Քեբրոնում, Դավիթը թագավորեց յոթ տարի և վեց ամիս։

Պատերազմ Հուդայի և Իսրայելի միջև

12 Եվ Աբենները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի ծառաները վեր կացան ու Մանայիմից եկան Գաբավոն։

13 Եվ Շարուհեայի որդի Հովաբն ու Դավթի ծառաները դուրս եկան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի ավազանի մոտ։ Սրանք նստեցին ավազանի մի կողմում, իսկ նրանք՝ մյուս կողմում։

14 Եվ Աբեններն ասաց Հովաբին. «Թող երիտասարդները վեր կենան և մրցեն մեր առջև»։ Եվ Հովաբն ասաց. «Թող վեր կենան»։

15 Եվ Բենիամինի ու Սավուղի որդի Հեբուսթեի կողմից վեր կացան թվով տասներկու երիտասարդ, և տասներկու երիտասարդ՝ Դավթի ծառաներից։

16 Ամեն մեկը բռնեց իր հակառակորդի գլխից և իր սուրը խրեց իր հակառակորդի կողը, և ընկան միասին. և այդ տեղի անունը դրեցին Քեղկաթ-Ասուրիմ, որը գտնվում է Գաբավոնում։

17 Եվ այդ օրը պատերազմը սաստիկ եղավ, և Աբենները Իսրայելի մարդկանց հետ պարտվեց Դավթի ծառաներից։

18 Այնտեղ էին Շարուհեայի երեք որդիները՝ Հովաբը, Աբեսսան և Ասայելը։ Եվ Ասայելը դաշտի այծյամի նման թեթև ոտք ուներ։

19 Ասայելը հետապնդեց Աբեններին և Աբենների հետևից աջ կամ ձախ չխոտորվեց։

20 Եվ Աբենները ետ նայեց ու ասաց. «Ասայե՛լ, դո՞ւ ես»։ Եվ նա ասաց. «Ես եմ»։

21 Եվ Աբենները նրան ասաց. «Դեպի աջ կամ ձախ կո՛ղմդ թեքվիր, բռնի՛ր պատանիներից մեկին և նրա զենքերը վերցրո՛ւ քեզ համար»։ Բայց Ասայելը չուզեց հեռանալ նրանից։

22 Եվ Աբենները կրկնեց ու Ասայելին ասաց. «Ե՛տ դարձիր ինձանից. քեզ ինչո՞ւ զարկեմ գետնին. այն ժամանակ ես երեսս ինչպե՞ս պիտի բարձրացնեմ՝նայելուքո եղբայր Հովաբին»։

23 Բայց նա չուզեց ետ դառնալ։ Եվ Աբենները նիզակի ետևի ծայրով զարկեց նրա փորին, և նիզակը դուրս եկավ նրա մեջքից։ Նա ընկավ այնտեղ և այնտեղ էլ մեռավ։ Եվ ով գալիս էր այն տեղը, ուր ընկել ու մեռել էր Ասայելը, կանգ էր առնում։

24 Եվ Հովաբն ու Աբեսան, Աբենների ետևից ընկած, հետապնդում էին, և երբ նրանք հասան Ամմայի բլուրը, որ Գիայի դիմաց է՝ Գաբավոնի անապատի ճանապարհի վրա, արեգակը մայր մտավ։

25 Եվ Բենիամինի որդիները հավաքվեցին Աբենների շուրջը, դարձան մի գունդ և կանգնեցին մի բլրի գագաթին։

26 Աբենները կանչեց Հովաբին՝ ասելով. «Մի՞թե սուրը մշտապես պիտի ուտի. չգիտե՞ս, որ սրա վերջը դառն է լինելու։ Ժողովրդին մինչև ե՞րբ չես ասելու, որ ետ դառնան իրենց եղբայրներին հալածելուց»։

27 Եվ Հովաբն ասաց. «Կենդանի է Աստված. եթե դու խոսած լինեիր, ժողովրդից ամեն մեկը առավոտվանից ետ կանգնած կլիներ իր եղբայրներին հալածելուց»։

28 Այդ ժամանակ Հովաբը փող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը կանգ առավ և այլևս չհետապնդեց Իսրայելի որդիներին, ու այլևս չպատերազմեցին։

29 Եվ Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշեր գնացին դաշտով, անցան Հորդանանգետըև ամբողջ Բեթրոնն անցնելով՝ եկան Մանայիմ։

30 Եվ Հովաբը ետ դարձավ Աբեններին հետապնդելուց, հավաքեց ամբողջ ժողովրդին. Դավթի ծառաներից պակասում էին տասնինը մարդ և Ասայելը,

31 իսկ Դավթի ծառաները Բենիամինի և Աբենների մարդկանցից զարկել ու սպանել էին երեք հարյուր վաթսուն մարդ։

32 Եվ Ասայելին վերցրին ու նրան թաղեցին Բեթլեհեմում՝ իր հոր գերեզմանում։ Եվ Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր գնացին և արշալույսին հասան Քեբրոն։

Categories
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

1 Երկարատև պատերազմ եղավ Սավուղի տան և Դավթի տան միջև. Դավիթը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով ավելի էր տկարանում։

Դավթի որդիները

2 Եվ Քեբրոնում Դավթին որդիներ ծնվեցին. նրա անդրանիկը Ամնոնն էր՝ծնվածհեզրայելացի Աքինոամից,

3 նրա երկրորդը Քիլաբն էր՝ կարմելացի Նաբաղի կին Աբիգեայից, երրորդը Աբիսողոմն էր՝ Գեսուրի թագավորի՝ Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին,

4 չորրորդը Ադոնիան էր՝ Ագգիթի որդին, հինգերորդը Սափատիան էր՝ Աբիտալի որդին,

5 և վեցերորդը Դավթի կին Էդղայից ծնված Հեթրամն էր։ Քեբրոնում Դավթին սրանք ծնվեցին։

6 Եվ քանի դեռ պատերազմ կար Սավուղի տան և Դավթի տան միջև, Աբենները թիկունք էր Սավուղի տան համար։

7 Սավուղը մի հարճ ուներ՝ անունը Ռեսփա՝ Այիայի աղջիկը։ ԵվՀեբուսթենԱբեններին ասաց. «Ինչո՞ւ ես մոտեցել իմ հոր հարճին»։

Աբենները միանում է Դավթին

8 Եվ Աբենները շատ բարկացավ Հեբուսթեի խոսքերի համար և ասաց. «Մի՞թե ես Հուդային պատկանող շան գլուխ եմ, որ այսօր շարունակում եմ հավատարմություն ցույց տալ քո հոր՝ Սավուղի տանը, նրա եղբայրներին ու բարեկամներին, իսկ քեզ չմատնեցի Դավթի ձեռքը, իսկ դու այսօր այդ կնոջ համար մեղադրո՞ւմ ես ինձ։

9 Աստված Աբեններին թող այսպես ու սրանից ավելին անի, եթե Դավթի համար չանեմայն,ինչ Տերը երդվեց նրան,

10 այսինքն՝ թագավորությունը վերցնեմ Սավուղի տանից և Դավթի աթոռը հաստատեմ Իսրայելի վրա և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»։

11 Հեբուսթեն, Աբեններից վախենալով, այլևս չկարողացավ պատասխան տալ նրան։

12 Եվ Աբեններն իր կողմից պատգամավորներ ուղարկեց Դավթի մոտ՝ ասելով. «Ո՞ւմն է այս երկիրը»։ Եվ ասաց. «Ինձ հետ դաշի՛նք կնքիր, և իմ ձեռքը կլինի քեզ հետ՝ ամբողջ Իսրայելը դեպի քեզ դարձնելու համար»։

13 Դավիթն ասաց. «Լավ, ես քեզ հետ դաշինք կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ պահանջում. եթե ուզում ես գալ ինձ տեսնելու, մինչև Սավուղի աղջկան՝ Մեղքողին, չբերես քեզ հետ, իմ երեսը տեսնելու չգաս»։

14 Եվ Դավիթը Սավուղի որդի Հեբուսթեի մոտ դեսպաններ ուղարկեց՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կին Մեղքողին, որին առել եմ փղշտացիների հարյուր անթլփատության դիմաց»։

15 Եվ Հեբուսթեն մարդ ուղարկեց ու Մեղքողին վերցրեց նրա ամուսնուց՝ Լայիսի որդի Փաղտիելից։

16 Եվ նրա ամուսինը, նրա ետևից լալով, գնաց մինչև Բավուրիմ։ Եվ Աբենները նրան ասաց. «Ե՛տ դարձիր, գնա՛»։ Եվ նա ետ դարձավ։

17 Եվ Աբենները խորհրդակցեց Իսրայելի ծերերի հետ ու ասաց. «Սկզբից ևեթ ուզում էիք, որ Դավիթը թագավոր լինի ձեզ վրա։

18 Դե, հիմա արե՛ք. որովհետև Տերը խոսել և ասել է Դավթի համար. “Իմ ծառա Դավթի ձեռքով պիտի ազատեմ Իսրայելի իմ ժողովրդին փղշտացիների ձեռքից և նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։

19 Աբենները խոսեց նաև Բենիամինիցեղիհետ։ Աբենները նույնպես գնաց Քեբրոն, որ Դավթին էլ ասի այն, ինչ հաճելի էր թվացել Իսրայելին և Բենիամինի ամբողջ տանը։

20 Եվ Աբենները քսան մարդու հետ եկավ Քեբրոն՝ Դավթի մոտ։ Եվ Դավիթը Աբեններին ու նրա հետ եկած մարդկանց համար խնջույք արեց։

21 Եվ Աբենները Դավթին ասաց. «Ես վեր կենամ գնամ և ամբողջ Իսրայելի ժողովրդին հավաքեմ իմ տեր թագավորի մոտ, որ նրանք դաշինք կնքեն քեզ հետ, և դու սրտիդ ամբողջ ուզածի պես թագավորես»։ Եվ Դավիթն ուղարկեց Աբեններին, ու նա գնաց խաղաղությամբ։

Աբենները սպանվում է

22 Եվ ահա Դավթի զինվորներն ու Հովաբը վերադարձան ասպատակությունից և իրենց հետ շատ ավար բերին, իսկ Աբենները Դավթի մոտ՝ Քեբրոնում չէր, քանի որԴավիթընրան ուղարկել էր, և նա գնացել էր խաղաղությամբ։

23 Եվ երբ Հովաբն ու նրա հետ եղած ամբողջ զորքը եկան, Հովաբին պատմեցին և ասացին. «Ների որդի Աբենները եկավ թագավորի մոտ, նա էլ ուղարկեց նրան, և նա գնաց խաղաղությամբ»։

24 Այդ ժամանակ Հովաբը թագավորի մոտ գնաց և ասաց. «Ի՞նչ ես արել. Աբենները ահա եկել է քեզ մոտ, ինչո՞ւ ես նրան թույլ տվել, և նա գնացել է։

25 Դու չգիտե՞ս, որ Ների որդի Աբենները եկել է քեզ խաբելու և քո անցուդարձը հասկանալու և իմանալու քո բոլոր գործերը»։

26 Երբ Հովաբը դուրս եկավ Դավթի մոտից և պատգամավորներ ուղարկեց Աբենների ետևից, նրան ետ բերեցին Սիրայի ջրհորի մոտից, բայց Դավիթը չգիտեր։

27 Եվ երբ Աբենները վերադարձավ Քեբրոն, Հովաբը նրան քաշեց դռնից ներս՝ նրա հետ ծածուկ խոսակցություն ունենալու համար, և այնտեղ խոցեց նրա փորը՝ իր եղբայր Ասայելի արյան համար. և նա մեռավ։

28 Դրանից հետո, երբ Դավիթը լսեց, ասաց. «Ես ու իմ թագավորությունը Ների որդի Աբենների արյունից հավիտյան անպարտ ենք Տիրոջ առաջ։

29 Հովաբի գլխին և նրա հոր ամբողջ տան վրա թող հասնիհանցանքը,և Հովաբի տանից անպակաս լինի սերմնակաթը, բորոտը, ցուպին կռթնողը, սրից ընկնողն ու հացի կարոտը»։

30 Այսպես Հովաբն ու իր եղբայր Աբեսսան սպանեցին Աբեններին, որովհետև նա Գաբավոնի մեջ պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբայր Ասայելին։

Աբենները թաղվում է

31 Եվ Դավիթը Հովաբին ու նրա հետ եղող ամբողջ զորքին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստը և քրձե՛ր հագեք ու լա՛ց եղեք Աբենների առջև»։ Դավիթ թագավորը գնաց նրա դագաղի ետևից։

32 Աբեններին թաղեցին Քեբրոնում, և թագավորը ձայնը բարձրացրեց ու լաց եղավ Աբենների գերեզմանի վրա, և ամբողջ ժողովուրդն էլ լաց եղավ։

33 Թագավորը ողբաց Աբենների համար և ասաց.

«Մի՞թե Աբենները այդպես պիտի մեռներ՝

անզգամի մեռնելու նման.

34 Քո ձեռքերը կապված չէին,

Եվ քո ոտքերը դրված չէին կապանքի մեջ.

Անօրենների առջև ընկնողի նման ընկար»։

Եվ ամբողջ զորքը դարձյալ լաց եղավ նրա վրա։

35 Եվ ամբողջ զորքը եկավ, որ Դավթին հաց կերցնի, քանի դեռ ցերեկ էր, բայց Դավիթը երդվեց և ասաց. «Աստված ինձ այսպես ու սրանից ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ ուրիշ բան ճաշակեմ»։

36 Եվ ամբողջ զորքը ուշադրություն դարձրեց, ևայդ բաննիրեն հաճելի թվաց, ինչպես ամբողջ ժողովրդի աչքին հաճելի է թագավորի ամեն արածը։

37 Եվ այդ օրը ամբողջ զորքը և ամբողջ Իսրայելը հասկացան, որ Ների որդի Աբենների սպանությունը թագավորիկամքովչէր։

38 Եվ թագավորն ասաց իր զինվորներին. «Գիտե՞ք արդյոք, որ այսօր Իսրայելում ընկավ մի իշխան և մի մեծ մարդ։

39 Ես այսօր տկար եմ, թեև թագավոր եմ օծված, իսկ այս մարդիկ՝ Շարուհեայի որդիները, ինձ համար կատաղի են։ Չարիք գործողին թող Տերը հատուցի նրա չարության համեմատ»։