Categories
Կողոսացիներին

Կողոսացիներին 4

1 Տերե՛ր, հավասարությամբ և արդարությա՛մբ վարվեք ծառաների հետ՝ գիտենալով, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։

Հորդոր աղոթքի և խոհեմության

2 Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։

3 Մեզ համա՛ր էլ աղոթք արեք, որպեսզի Աստված բացի մեզ խոսքի դուռը՝ Քրիստոսի խորհուրդը հայտնելու, որի համար էլ կապված եմ,

4 որպեսզի հայտնեմ այն՝ խոսելով, ինչպես արժան է։

5 Ոչ քրիստոնյաների հետ իմաստությա՛մբ վարվեք՝ առիթն օգտագործելով։

6 Ձեր խոսքը միշտ թող շնորհով՝ ինչպես աղով համեմվածլինի,որպեսզի գիտենաք, թե ինչպե՛ս է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։

7 Իմ մասին ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։

8 Նրան հենց դրա համար ձեզ մոտ ուղարկեցի, որ մեր մասին իմանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։

9 Նա Օնեսիմոս հավատարիմ ու սիրելի եղբոր հետ է, որ ձերհամաքաղաքացինէ։ Նրանք ամեն բանի մասին, ինչ որ այստեղլինում է,ձեզ կտեղեկացնեն։

Վերջին ողջույններ

10 Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք,

11 և Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլփատվածներից են։ Միայն նրանք են իմ գործակիցներն Աստծու արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։

12 Ձեզ ողջունում է Եպափրասը՝ Քրիստոսի ծառան, որ ձեր համաքաղաքացին է. նա ամեն ժամ ձեզ համար տքնում է աղոթքներով, որ մնաք կատարյալ և լցված լինեք Աստծու ամբողջ կամքով։

13 Վկայում եմ նրա համար, որ խիստ նախանձախնդիր է ձեր և նրանց նկատմամբ, ովքեր Լաոդիկիայում և Հերապոլիսում են։

14 Ողջունում են ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, և Դեմասը։

15 Ողջունե՛ք Լաոդիկիայում եղող եղբայրներին, Նիմֆային ու նրա տանըհավաքվողեկեղեցուն։

16 Երբ այս նամակը ձեզ մոտ կարդացվի, լաոդիկեցիների եկեղեցում էլ կարդալ տվեք, իսկ Լաոդիկիայիցեկածնամակն էլ դո՛ւք կարդացեք։

17 Արքիպպոսին ասե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության մեջ, որ Տիրոջով ստացար, որպեսզի այն կատարես»։

18 Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհըձեզ հետլինի։ Ամեն։

Categories
Ա Թեսաղոնիկեցիներին

Ա Թեսաղոնիկեցիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը, Սիղվանոսն ու Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով. շնորհ ձեզ և խաղաղություն։

Թեսաղոնիկեցիների կյանքը և հավատը

2 Ամեն ժամ ձեզ բոլորիդ համար գոհություն ենք հայտնում Աստծուն՝ ձեզ հիշելով մեր աղոթքներում,

3 և անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հաստատուն հույսը Աստծու և մեր Հոր առաջ՝

4 իմանալով, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին,

5 որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլև զորությամբ, Սուրբ Հոգով ու կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ձեր մեջ ինչպես եղանք ձեզ համար։

6 Դուք էլ, մեզ և Տիրոջը նմանվելով, մեծ նեղության մեջ խոսքը Սուրբ Հոգու ուրախությամբ ընդունեցիք,

7 որովհետև դուք Մակեդոնիայում և Աքայիայում բոլոր հավատացյալներին օրինակ եղաք։

8 Քանզի Տիրոջ խոսքը ձեր կողմից հռչակվեց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև ամենուրեք սփռվեց ձեր հավատն առ Աստված, այնպես որ այդ մասին ասելը հարկ չենք համարում։

9 Որովհետև հենցմարդիկիրենք են մեր մասին պատմում, թե ձեզ մոտ ինչպիսի՛ մուտք ունեցանք, և դուք ինչպե՛ս կուռքերից դեպի Աստված դարձաք՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն

10 և երկնքից սպասելու նրա Որդուն, որին մեռելներից հարություն տվեց, Հիսուսին, որ փրկում է մեզ գալիք բարկությունից։

Categories
Ա Թեսաղոնիկեցիներին

Ա Թեսաղոնիկեցիներին 2

Պողոսի գործունեությունը Թեսաղոնիկեում

1 Եղբայրնե՛ր, ինքներդ գիտեք, որ ձեզ մոտ մեր մուտքը զուր չեղավ,

2 այլ, ինչպես գիտեք, նախ չարչարվելով ու անարգվելով Փիլիպպեում, մեր Աստծով համարձակվեցինք քարոզել ձեզ Աստծու Ավետարանը՝ հակառակ մեծ դժվարությանը։

3 Որովհետև մեր քարոզը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգության,

4 այլ ինչպես մենք Աստծուց ընտրվեցինք, որ Ավետարանը մեզ վստահվի, այնպես էլ քարոզում ենք ոչ թե մարդկանց հաճելի լինելու, այլ Աստծուն, որ մեր սրտերը քննում է։

5 Երբեք շողոքորթ խոսքերով հանդես չեկանք, ինչպես գիտեք, և ոչ էլ ագահության պատրվակով. Աստված վկա է։

6 Ո՛չ մարդկանցից փառք փնտրեցինք, ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից։

7 Թեև կարող էինք որպես Քրիստոսի առաքյալներ ծանրություն դառնալ, բայց ձեր մեջ հեզահոգի եղանք։ Ինչպես ստնտուն է կերակրում իր երեխաներին,

8 այդպեսէլմենք ձեզ վերաբերվեցինք. հաճեցինք ոչ միայն Աստծու Ավետարանը ձեզ տալ, այլև մեր իսկ կյանքը, որովհետև մեր սիրելիները եղաք։

9 Եղբայրնե՛ր, հիշում եք մեր վաստակն ու ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք, որպեսզի ձեզանից ոչ մեկի վրա ծանրություն չլինեինք, և Աստծու Ավետարանը քարոզում էինք ձեզ։

10 Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի սրբությամբ, արդարությամբ ու անարատությամբ եղանք ձեր՝ հավատացյալներիդ հանդեպ։

11 Ինչպես գիտեք, ձեզանից ամեն մեկին, ինչպես հայրը՝ իր զավակներին,

12 հորդորում և մխիթարում էինք ու աղաչում, որ ընթանաք, ինչպես որ վայել է Աստծուն, որ ձեզ կանչեց իր արքայությանն ու փառքին։

Թեսաղոնիկեցիների հավատի վկայությունը

13 Դրա համար էլ մենք Աստծուն անդադար գոհություն ենք հայտնում, որ դուք, Աստծու քարոզության խոսքը մեզանից ստանալով, ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ, ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։

14 Եղբայրնե՛ր, դուք նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք էլ ձեր հայրենակիցներից նույնը կրեցիք, ինչպես որ նրանք էլ՝ հրեաներից,

15 որոնք Տեր Հիսուսին ու մարգարեներին սպանեցին, նաև մեզ հալածեցին ու Աստծուն անհաճո եղան և բոլոր մարդկանց թշնամի դարձան։

16 Մեզ արգելում են հեթանոսներին քարոզել, որպեսզիիրենքփրկվեն, և շարունակ իրենց մեղքերի չափն են լրացնում։ Բայց նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։

Պողոսի փափագը՝ վերադառնալու Թեսաղոնիկե

17 Իսկ մենք, եղբայրնե՛ր, թեև առժամանակ ձեզանից բաժանված մնացինք՝ հեռու աչքից և ոչ սրտից, սակայն առավել ևս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափագով։

18 Դրա համար ես՝ Պողոսս, մի երկու անգամ կամեցա ձեզ մոտ գալ, բայց սատանան մեզ խոչընդոտեց։

19 Արդարև ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք Տիրոջով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստյան ժամանակ։

20 Դուք եք մեր փառքը և ուրախությունը։

Categories
Ա Թեսաղոնիկեցիներին

Ա Թեսաղոնիկեցիներին 3

Տիմոթեոսի առաքումը Թեսաղոնիկե

1 Դրա համար, այլևս չհամբերելով, լավ համարեցինք Աթենքում առանձին մնալ։

2 Եվ մեր Տիմոթեոս եղբորը՝ Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ, ուղարկեցինք, որ ձեզ մխիթարի ու հաստատի ձեր հավատի մեջ,

3 որպեսզի այս նեղությունների մեջ չսասանվեք, քանի որ դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար ենք սահմանված։

4 Երբ ձեզ մոտ էինք, նախօրոք ասում էինք ձեզ, թե նեղություններ ենք կրելու, ինչպես որ եղավ էլ, ու իմացաք էլ։

5 Դրա համար ես էլ, այլևս չհամբերելով,մարդուղարկեցի, որ ձեր հավատի մասին իմանամ, որ միգուցե փորձիչը ձեզ փորձի, ու մեր աշխատանքը զուր լինի։

6 Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից եկավ մեզ մոտ և ձեր հավատի ու սիրո ավետիսը տվեց մեզ, որ մեր բարի հիշատակն ամեն ժամձեր մտքումունեք՝ փափագելով մեզ տեսնել, ինչպես մենք էլ՝ ձեզ,

7 դրա համար, եղբայրնե՛ր, հանուն ձեր հավատի ձեզանով մխիթարվեցինք մեր բոլոր վշտերում և նեղություններում.

8 որովհետև հիմա մենք կապրենք, եթե դուք Տիրոջով հաստատուն մնաք։

9 Ձեզ համար Աստծուն ինչպիսի՛ գոհություն կարող ենք մատուցել այն ամբողջ ուրախության համար, որով մեր Աստծու առաջ ուրախանում ենք ձեզ համար։

10 Գիշեր ու ցերեկ առավել ևս աղաչում ենք, որ ձեր երեսը տեսնենք ու ձեր հավատի պակասությունը լրացնենք։

11 Բայց ինքն Աստված ու մեր Հայրը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող դեպի ձեզ ուղղի մեր ճանապարհը։

12 Իսկ Տերը թող ձեզ աճեցնի ու առատացնի սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,

13 որպեսզի ձեր սրտերն Աստծու ու մեր Հոր առաջ հաստատվեն անարատ սրբության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ իր բոլոր սրբերի հետ գալու ժամանակ։

Categories
Ա Թեսաղոնիկեցիներին

Ա Թեսաղոնիկեցիներին 4

Աստծուն հաճելի կյանք

1 Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։

2 Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։

3 Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։

4 Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով,

5 ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։

6 Չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ գործում եղբորը վնաս պատճառի, որովհետև Տերն այդ ամենի համար վրեժխնդիր է, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և վկայեցինք։

7 Հիրավի Աստված մեզ պղծության չի կանչել, այլ սրբության։

8 Ուրեմն նա, ով անարգում է, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ և տվեց մեզ Սուրբ Հոգին։

9 Բայց եղբայրասիրության մասին կարիք չկա մի բան գրելու ձեզ, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել

10 և հենց դա էլ անում եք այն բոլոր եղբայրների հանդեպ, որ ողջ Մակեդոնիայում են։ Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելին անեք

11 և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք,

12 որ դրսի մարդկանց հետ պարկեշտությամբ վարվեք ու ոչ մի բանի կարոտ չլինեք։

Ննջեցյալների հարությունը և Տիրոջ գալուստը

13 Չենք կամենում, եղբայրնե՛ր, որ ննջեցյալների մասին անտեղյակ լինեք ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։

14 Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ։

15 Ահա Տիրոջ խոսքի հիման վրա սա ենք ասում ձեզ, թե մենք՝ ողջերս, որ կմնանք մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չենք անցնի,

16 քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն,

17 և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։

18 Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։

Categories
Ա Թեսաղոնիկեցիներին

Ա Թեսաղոնիկեցիներին 5

Պատրաստ լինել Տիրոջ գալստյանը

1 Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ձեզ գրելու կարիք չկա,

2 որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։

3 Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։

4 Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։

5 Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։

6 Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք։

7 Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։

8 Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։

9 Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով,

10 որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։

11 Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։

Հորդորներ, մաղթանքներ և ողջույններ

12 Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։

13 Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։

14 Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։

15 Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։

16 Միշտ ուրա՛խ եղեք։

17 Անդադար աղոթե՛ք։

18 Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։

19 Հոգին մի՛ մարեք։

20 Մարգարեությունները մի՛ անարգեք։

21 Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։

22 Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։

23 Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։

24 Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։

25 Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։

26 Բոլոր եղբայրներին սուրբ համբույրո՛վ ողջունեք։

27 Տիրոջով երդվեցնում եմ ձեզ, որ այս նամակը բոլոր սուրբ եղբայրներին կարդացվի։

28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետլինի։Ամեն։

Categories
Բ Թեսաղոնիկեցիներին

Բ Թեսաղոնիկեցիներին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուն՝ մեր Հայր Աստծով ու Տեր Հիսուս Քրիստոսով.

2 շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։

Դատաստան Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ

3 Եղբայրնե՛ր, պարտավոր ենք ամեն ժամ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։

4 Այնպես որ մենք Աստծու եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների և նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։

5 ԴաԱստծու արդար դատաստանի նշանն է, որպեսզի դուք Աստծու արքայությանն արժանի լինեք, որի համար էլ չարչարվում եք։

6 Քանի որ արդար է Աստծու առաջ ձեզ նեղություն պատճառողներին հատուցել նեղությամբ,

7 իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ

8 բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի Ավետարանին չեն հնազանդվում.

9 նրանք պատիժ կկրեն՝ հավիտենական կործանումով զրկվելով Տիրոջ երեսըտեսնելուցու նրա փառավոր զորությունից

10 այն օրը, երբ գա փառավորվելու իր սրբերի և հիացմունքի արժանանալու բոլոր հավատացյալների մեջ, որովհետև մեր վկայությունը կհաստատվի ձեր մեջ այդ օրը։

11 Ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք, որ մեր Աստվածը ձեզ արժանի դարձնիձերկոչմանը և իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկություններն ու այն գործը, ործնում էհավատը,

12 որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզանով փառավորվի, դուք էլ՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։

Categories
Բ Թեսաղոնիկեցիներին

Բ Թեսաղոնիկեցիներին 2

Չարը

1 Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ու մեր՝ նրա մոտ հավաքվելու համար խնդրում ենք ձեզ,

2 որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ որպես մեր կողմիցգրվածնամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել հասել է։

3 Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետևՏիրոջ օրը չի գա,եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին,

4 այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։

5 Չե՞ք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի։

6 Եվ հիմա գիտեք, թե ինչն է նրան արգելում, որ իր ժամանակին հայտնվի։

7 Որովհետև անօրենության խորհուրդն արդեն զորանում է, բայցչպիտի կատարվիմինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։

8 Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։

9 Նրա գալուստը սատանայի ներգործությունից է՝ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով

10 և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։

11 Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան,

12 որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։

Աստված ընտրեց, որ փրկվենք

13 Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով,

14 որի համար կանչեց ձեզ մեր Ավետարանով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար։

15 Արդ, եղբայրնե՛ր, հաստատո՛ւն մնացեք և պի՛նդ պահեք այն ավանդությունները, որ սովորել եք թե՛ խոսքով, թե՛ մեր նամակով։

16 Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և մեր Աստվածն ու Հայրը, որ մեզ սիրեց ու հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ շնորհով,

17 թող նա մխիթարի ձեր սրտերը և հաստատի ձեզ ամեն բարի գործի ու խոսքի մեջ։

Categories
Բ Թեսաղոնիկեցիներին

Բ Թեսաղոնիկեցիներին 3

Աղոթե՛ք մեզ համար

1 Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ,

2 և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։

3 Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։

4 Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։

5 Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը։

Գործելու անհրաժեշտություն

6 Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում ենք ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ անկարգ են ապրում և ոչ թե համաձայն այն պատվիրանի, որ մեզանից ստացան։

7 Որովհետև դուք գիտեք, թե ինչպե՛ս պետք է նմանվեք մեզ, քանի որ ձեր մեջ անկարգությամբ չվարվեցինք,

8 ոչ էլ որևէ մեկի մոտ ձրի հաց կերանք, այլ ջանքով ու վաստակով գիշեր ու ցերեկ աշխատելով, որպեսզի ձեզանից որևէ մեկի վրա ծանրություն չլինենք։

9 Ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպեսզի ինքներս մեզ օրինակ դարձնեինք ձեզ՝ մեզ նմանվելու համար։

10 Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։

11 Որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։

12 Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։

13 Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք։

14 Եվ եթե մեկը այս նամակով չհնազանդվի մեր խոսքին, դուք նրան նկատողությո՛ւն արեք և նրա հետ մի՛ շփվեք, որ ամաչի։

15 Բայց թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք նրան որպես եղբոր։

Օրհնություն և ողջույն

16 Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ։

17 Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է, որ նշան է բոլոր նամակներում. այսպես եմ գրում.

18 «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ»։ Ամեն։

Categories
Ա Տիմոթեոսին

Ա Տիմոթեոսին 1

Ուղերձ և ողջույն

1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ, մեր Փրկիչ Աստծու և Հիսուս Քրիստոսի՝ մեր հույսի հրամանով

2 Տիմոթեոսին՝ հավատով հարազատ որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու մեր Տեր Քրիստոս Հիսուսից։

Զգուշացում սուտ վարդապետություններից

3 Մակեդոնիա գնալիս խնդրեցի քեզ Եփեսոսում մնալ, որպեսզի ոմանց պատվիրես, որ օտար վարդապետություններ չուսուցանեն

4 և չզբաղվեն առասպելներով ու անվերջանալի ազգաբանություններով, որոնք ավելի շատ վեճեր են հարուցում, քան նպաստում հավատով իրականացվող Աստծու ծրագրին։

5 Պատվիրանի նպատակը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատից,

6 որոնցից խոտորվելով՝ ոմանք դատարկաբանության մեջ մոլորվեցին։

7 Կամենում են օրենուսույցներ լինել, մինչդեռ չեն իմանում ո՛չ այն, ինչ խոսում են, ո՛չ էլ այն, ինչ պնդում են։

8 Բայց գիտենք, որ օրենքը բարի է, եթե մեկն այն օրինավոր կերպով գործադրի։

9 Գիտենք նաև այն, որ օրենքը արդարի համար չէ, այլ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայրասպանների և մայրասպանների, մարդասպանների,

10 պոռնիկների և արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների և սուտ երդում անողների և այլ բաների, որոնք հակառակ են ողջամիտ վարդապետությանը,

11 որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որն ինձ է վստահվել։

Երախտագիտություն Աստծու բարության համար

12 Երախտապարտ եմ նրան, ով ինձ զորացրեց մեր Տեր Քրիստոս Հիսուսով, որովհետև ինձ հավատարիմ համարեց նրա սպասավորությանը կարգելու,

13 ինձ,որ նախկինում հայհոյիչ, հալածող ու անարգող էի, բայց ողորմություն գտա, որովհետև գործում էի անգիտությամբ, անհավատության մեջ լինելով։

14 Իսկ մեր Տիրոջ շնորհն է՛լ ավելի մեծ եղավ հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է։

15 Վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։

16 Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսն ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար՝ օրինակ լինելու նրանց, ովքեր հավատալու են նրան հավիտենական կյանքի համար։

17 Հավիտենական Թագավորին՝ անեղծ ու աներևույթ, միակ Աստծուն պատիվ ու փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։

18 Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, այս պատվերը ավանդում եմ քեզ՝ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը՝

19 ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։

20 Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։