Ջուր ապառաժից
1 Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։
2 Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։
3 Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։
4 Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։
5 Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։
6 Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։
7 Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբադրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։
Պատերազմ Ամաղեկի դեմ
8 Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։
9 Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։
10 Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։
11 Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։
12 Մովսեսի ձեռքերըհոգնությունիցծանրացան.նրանքմի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։
13 Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։
14 Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։
15 Մովսեսը զոհասեղան շինեց և դրա անունը դրեց Եհովանիսի։
16 Եվ ասաց. «Որովհետև Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։