Categories
Մարկոս

Մարկոս 4

Սերմնացանի առակը

1 Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի մոտ։ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց, դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ողջ բազմությունը մնաց ցամաքում՝ լճի մոտ։

2 Նրանց շատ բաներ էր ուսուցանում առակներով և ասում.

3 «Լսե՛ք. ահա սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու։

4 Եվ սերմանելիս մի քանիսը ճանապարհի եզրին ընկան. երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։

5 Մյուսները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար. հողի խոր չլինելու պատճառով արագ բուսնեցին։

6 Բայց երբ արեգակը ծագեց, տաքացավ, արմատ չունենալու պատճառով չորացան։

7 Մեկ այլ մասը փշերի մեջ ընկավ. փշերը բարձրացան ու խեղդեցին դրանց, և պտուղ չտվեցին։

8 Մյուսները պարարտ հողի մեջ ընկան, բուսնելով ու աճելով՝ պտուղ տվեցին. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկն էլ՝ հարյուր»։

9 Եվ ասում էր. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը

10 Երբ Հիսուսը մենակ մնաց, ովքեր նրա հետ էին, ինչպես նաև տասներկու աշակերտները, նրան հարցրին այդ առակի մասին։

11 Եվ նա ասաց նրանց. «Ձեզ տրված է, որ Աստծու արքայության խորհուրդն իմանաք, սակայն նրանց, որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում,

12 որպեսզի

ինչքան էլ նայեն, չտեսնեն,

ինչքան էլ լսեն, չիմանան.

չլինի թե դարձի գան,

ու նրանց մեղքերը ներվեն(Ես. 6.9-10)»։

13 Եվ նրանց ասաց. «Եթե այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս եք հասկանալու մյուս բոլոր առակները։

14 Սերմնացանը Աստծու խոսքն է սերմանում։

15 Ճանապարհի եզրին ընկածները նրանք են, որոնց մեջ սերմանվում է խոսքը, բայց երբ լսում են, սատանան իսկույն գալիս է և վերցնում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։

16 Այդպես էլ քարքարոտ տեղում սերմանվածները նրանք են, որոնք երբ խոսքը լսում են, ուրախությամբ իսկույն ընդունում են այն։

17 Բայց իրենց մեջ արմատ չունեն և ժամանակավոր են։ Հետո երբ այդ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն հրաժարվում են։

18 Փշերի մեջ սերմանվածները նրանք են, որոնք խոսքը լսում են,

19 բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը և ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում և անպտուղ են դարձնում։

20 Բայց պարարտ հողի մեջ սերմանվածները նրանք են, որոնք լսում են խոսքը, ընդունում և պտուղ են տալիս. մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն, մեկը՝ հարյուր»։

Ճրագի օրինակը

21 Եվ նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ գրվանի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ ճրագակալի վրա պիտի դրվի։

22 Այդպես էլ չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և չի եղել մի գաղտնիք, որ հայտնի չի դարձել։

23 Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

24 Եվ նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք, թե ի՛նչ եք լսում. ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, և ձեզ՝ լսողներիդ, կավելանա։

25 Որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև այն, ինչ ունի»։

Աճող սերմի առակը

26 Եվ Հիսուսն ասում էր. «Աստծու արքայությունն այսպես է. ասես մի մարդ հողի մեջ սերմ ցանի։

27 Գիշերը քնի ու ցերեկը վեր կենա, իսկ սերմը բուսնի ու աճի, այնպես որ ինքը չիմանա։

28 Հողն ինքնիրեն պտուղ է տալիս. նախ՝ ծիլ, հետո՝ հասկ, դրանից հետո՝ հասկի մեջ լցված ցորեն։

29 Բայց երբ պտուղը հասունանա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հնձիժամանակըհասած կլինի»։

Մանանեխի հատիկի օրինակը

30 Եվ ասում էր. «Աստծու արքայությունն ինչի՞ նմանեցնենք կամ ի՞նչ օրինակով այն ներկայացնենք։

31 Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։

32 Բայց երբ սերմանվում է, բուսնում է, բոլոր թփերից ավելի մեծ է լինում և այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարողանում են բույն դնել»։

33 Եվ այդպես նրանց հետ շատ առակներով էր խոսում, որ նրանք կարողանային լսել։

34 Նրանց հետ առանց առակի չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

35 Այդ օրը՝ իրիկնադեմին, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկեքմյուս կողմն անցնենք»։

36 Եվ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր, վերցնելով՝ հեռացան։ Նրանց ուրիշ նավակներ էլ էին հետևում։

37 Ուժեղ փոթորիկ եղավ, և ալիքները նավի մեջ էին թափվում. նավը գրեթե ջրով էր լցվել։

38 Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։

39 Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։

40 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։

41 Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան»։

Categories
Մարկոս

Մարկոս 5

Գերգեսացի դիվահարի բժշկումը

1 Եկան լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։

2 Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։

3 Նա բնակվում էր գերեզմանոցում. նրան ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարողանում կապել։

4 Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը՝ փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։

5 Եվ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում։

6 Սակայն երբ հեռվից Հիսուսին տեսավ, վազեց և երկրպագեց նրան

7 և բարձրաձայն աղաղակելով՝ ասաց. «Ինձ հետ ի՞նչ ունես, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Աստծով եմ քեզ երդվեցնում, ինձ մի՛ տանջիր».

8 որովհետև Հիսուսն ասում էր նրան. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս արի այդ մարդու միջից»։

9 Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց ու ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև մենք շատ ենք»։

10 Եվ դևերը շատ էին աղաչում նրան, որ իրենց այդ տարածքից դուրս չուղարկեր։

11 Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։

12 Դևերը նրան աղաչեցին ու ասացին. «Մեզ այն խոզերի մե՛ջ ուղարկիր, որ նրանց մեջ մտնենք»։

13 Հիսուսն անմիջապես հրամայեց նրանց, և պիղծ ոգիները դուրս եկան, խոզերի մեջ մտան։ Երամակն էլ այն գահավեժ տեղից դեպի լիճը խուժեց։ Եվ խոզերը, որ երկու հազարի չափ էին, լճում խեղդվեցին։

14 Խոզարածները փախան և այդ մասին քաղաքում ու գյուղերում պատմեցին։Մարդիկդուրս եկան տեսնելու, թե ի՛նչ էր պատահել։

15 Եկան Հիսուսի մոտ և դիվահարին, որ լեգեոն ուներ, նստած, հագնված ու խելքը գլուխը եկած տեսան ու վախեցան։

16 Տեսնողները նրանց պատմեցին, թե ի՛նչ եղավ այն դիվահարի և խոզերի հետ։

17 Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ իրենց սահմաններից դուրս գնա։

18 Եվ երբ նա նավ էր մտնում, դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։

19 Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ նրան ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ ու նրանց պատմի՛ր, թե Տերը քեզ ինչե՛ր արեց ու քեզ ինչպե՛ս ողորմեց»։

20 Նա գնաց ու սկսեց Դեկապոլիսում քարոզել, ինչ որ Հիսուսն արել էր իրեն։ Եվ բոլորը զարմանում էին։

Հայրոսի աղջկա հարությունը և արյունահոսությունից տառապող կնոջ բժշկումը

21 Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։

22 Եվ ահա եկավ ժողովրդապետներից մեկը, անունը՝ Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ.

23 նրան շատ էր աղաչում և ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի՛, ձեռքդ վրա՛ն դիր, որպեսզի բժշկվի ու ապրի»։

24 Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրան մեծ բազմություն էր հետևում, որը և նեղում էր նրան։

25 Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։

26 Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել ու ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը, ավելի էր վատացել։

27 Երբ Հիսուսի մասին լսեց, ամբոխի միջով նրա հետևի կողմը եկավ և նրա հագուստին դիպավ,

28 որովհետև ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։

29 Նրա արյունահոսությունն անմիջապես դադարեց, և իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։

30 Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենից զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ո՞վ դիպավ»։

31 Նրա աշակերտներն ասացին նրան. «Տեսնում ես, որ բազմությունը քեզ նեղում է, և հարցնում ես՝ “Իմ հագուստին ո՞վ դիպավ”»։

32 Բայց նա շուրջն էր նայում, որ այդ բանն անողին տեսնի։

33 Այդժամ կինը, իմանալով այն, ինչ իրեն պատահեց, վախեցած ու դողալով եկավ, նրա առաջ ընկավ և ամբողջ ճշմարտությունն ասաց նրան։

34 Հիսուսն ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ ու քո հիվանդությունից բժշկվա՛ծ եղիր»։

35 Նա դեռ խոսում էր,երբժողովրդապետի տնից եկան ու ասացին. «Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս»։

36 Հիսուսը հենց այս խոսքերը լսեց, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։

37 Եվ ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ գնա, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հակոբոսի եղբորից՝ Հովհաննեսից։

38 Երբ ժողովրդապետի տուն եկավ, այնտեղ իրարանցում և լացուկոծ տեսավ։

39 Ներս մտավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում։ Երեխան մեռած չէ, այլ քնած է»։

40 Իսկ նրանք ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս արեց և վերցնելով երեխայի հորն ու մորը և իր հետ եկածներին՝ մտավ այնտեղ, որտեղ երեխան էր պառկած։

41 Հիսուսը, երեխայի ձեռքը բռնելով, նրան ասաց. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է՝ «Աղջի՛կ, ասո՛ւմ եմ քեզ, վե՛ր կաց»։

42 Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։Բոլորըշատ զարմացան։

43 Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք դրա մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելու բան տան։

Categories
Մարկոս

Մարկոս 6

Հիսուսի այցելությունը Նազարեթ

1 Հիսուսն այնտեղից դուրս եկավ և գնաց իր հայրենի քաղաքը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից։

2 Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։

3 Սա այն հյուսնը չէ՞, Մարիամի որդին, Հակոբոսի ու Հովսեսի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ դա խանգարում էր նրանց հավատալ Հիսուսին։

4 Հիսուսը նրանց ասաց. «Չկա մի մարգարե, որ չանարգվի իր հայրենիքում, իր ազգականների ու իր տան մեջ»։

5 Եվ չէր կարողանում այնտեղ ոչ մի հրաշք գործել, բացի մի քանի հիվանդների վրա ձեռքերը դնելուց ու բժշկելուց։

6 Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։

Տասներկու աշակերտների առաքելությունը

Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերում և ուսուցանում։

7 Եվ իր մոտ կանչեց տասներկուսին ու սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա։

8 Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար ոչինչ չվերցնեն, բացի գավազանից. ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտու մեջ,

9 այլ հողաթափեր հագնեն և երկուական հագուստ չվերցնեն։

10 Նրանց նաև ասաց. «Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք այնքան ժամանակ, մինչև այնտեղից մեկնեք։

11 Եվ ովքեր ձեզ չընդունեն ու ձեզ ականջ չդնեն, այնտեղից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք՝ որպես վկայություն նրանց դեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Սոդոմի ու Գոմորի դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այն քաղաքինը»։

12 Աշակերտները դուրս ելան և քարոզում էին, որմարդիկապաշխարեն։

13 Շատ դևեր էին հանում, շատ հիվանդների յուղով օծում էին և բժշկում նրանց։

Հովհաննես Մկրտչի բանտարկությունն ու գլխատումը

14 Եվ Հերովդես թագավորը լսեց Հիսուսի մասին, որովհետև նրա անունը հայտնի էր դարձել։ Ոմանք ասում էին, թե Հովհաննես Մկրտիչը մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա կողմից հրաշքներ են գործվում։

15 Ոմանք ասում էին, թե Եղիան է, ոմանք էլ, թե մարգարե է կամ մարգարեների նման մեկը։

16 Եվ երբ Հերովդեսը լսեց, ասաց. «Սա Հովհաննեսն է, որին ես գլխատեցի. նա մեռելներից հարություն է առել»։

17 Որովհետև Հերովդեսն ինքն էր ուղարկել Հովհաննեսին բռնելու և նրան բանտարկելու իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, որին կնության էր առել։

18 Իսկ Հովհաննեսը Հերովդեսին ասել էր. «Չի թույլատրվում, որ եղբորդ կնոջն առնես»։

19 Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում և ուզում էր սպանել նրան, բայց չէր կարողանում,

20 որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր։ Նա գիտեր, որ Հովհաննեսը արդար ու սուրբ մարդ է, և խնայում էր նրան՝ նրա ասածներից շատ բաներ անելով, և հաճույքով լսում էր նրան։

21 Մի հարմար օր պատահեց, երբ Հերովդեսն իր ծննդյան օրն ընթրիքի էր հրավիրել նախարարներին, զորապետներին ու Գալիլեայի մեծամեծներին։

22 Երբ Հերովդիայի աղջիկը ներս մտավ և պարեց, Հերովդեսին ու հրավիրվածներին դուր եկավ։ Թագավորն աղջկան ասաց. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և ես կտամ քեզ»։

23 Եվ նրան երդվեց. «Ի՛նչ էլ ինձանից խնդրես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։

24 Նա դուրս գնաց, իր մորը հարցրեց. «Ի՞նչ խնդրեմ»։ Իսկ նա պատասխանեց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։

25 Աղջիկըշտապ թագավորի մոտ մտավ ու ասաց. «Ուզում եմ, որ հիմա Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղի վրա ինձ տաս»։

26 Թագավորը շատ տրտմեց, բայց հրավիրվածների ներկայությամբ տված երդման պատճառով չցանկացավ նրան մերժել։

27 Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց Հովհաննեսի գլուխը բերել։ Եվ նա գնաց ու բանտում գլխատեց նրան։

28 Նա գլուխն սկուտեղի վրա բերեց և տվեց աղջկան, իսկ աղջիկը մորը տվեց այն։

29 Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինն ու գերեզման դրեցին։

Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը

30 Առաքյալները Հիսուսի մոտ վերադարձան և նրան պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ որ ուսուցանել էին։

31 Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք»։ Որովհետև եկող-գնացողները շատ էին, և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին։

32 Եվ նավով մի ամայի տեղում առանձնացան։

33 Շատերը նրանց գնալիս տեսան և ճանաչեցին։ Բոլոր քաղաքներից ոտքով այնտեղ էին վազում։ Նրանք նրանցից շուտ այնտեղ հասան ու հավաքվեցին Հիսուսի շուրջը։

34 Երբ Հիսուսը ցամաք ելավ, մեծ բազմություն տեսավ. գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման։ Եվ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։

35 Երբ արդեն շատ ժամանակ էր անցել, աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այս վայրն ամայի է, և ուշ ժամ է։

36 Ժողովրդին արձակի՛ր, որ շրջակա ագարակներն ու գյուղերը գնան հաց առնելու, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։

37 Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Այդժամ նրան ասացին. «Գնանք երկու հարյուր դինարի հաց առնենք ու նրանց տանք, որ ուտե՞ն»։

38 Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի՞ հատ հաց ունեք։ Գնացե՛ք ու տեսե՛ք»։ Երբ իմացան, նրան ասացին. «Հինգհացև երկու ձուկ»։

39 Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։

40 Եվ նրանք դաս-դաս նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն։

41 Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։

42 Բոլորն էլ կերան ու կշտացան։

43 Հացի ու ձկան կտորներից հավաքեցին նաև տասներկու լիքը կողով։

44 Նրանք, որ հաց կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին։

Հիսուսը քայլում է ջրի վրայով

45 Ապա անմիջապես իր աշակերտներին ստիպեց, որ նավ մտնեն, գնան դիմացի ափը՝ Բեթսայիդա, և այնտեղ իրեն սպասեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։

46 Եվ նրանց հրաժեշտ տալով՝ բարձրացավ լեռը՝ աղոթելու։

47 Երբ երեկո եղավ, նավը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսը՝ ցամաքին, մենակ։

48 Եվ տեսավ, որ թիավարելիս նրանք չարչարվում էին, որովհետև քամին նրանց հակառակ էրփչում։ Գիշերվա չորրորդ ժամին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ և ուզում էր նրանցից առաջ անցնել։

49 Երբ աշակերտները տեսան նրան լճի վրա քայլելիս, կարծեցին, թե ուրվական է, և աղաղակեցին։

50 Որովհետև բոլորը նրան տեսան ու վախեցան։ Եվ Հիսուսն իսկույն նրանց հետ խոսեց ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։

51 Ապա նրանց մոտ՝ նավ բարձրացավ, ու քամին դադարեց։ Եվ աշակերտները չափազանց ապշած ու զարմացած էին։

52 Որովհետև չէին հասկացել նաև այն հացիհրաշքը, քանի որ նրանց սիրտն ընդարմացած էր։

Բժշկումներ Գեննեսարեթում

53 Եվ լճի մյուս կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ ու ցամաք ելան։

54 Երբ նրանք դուրս եկան նավից,մարդիկիսկույն ճանաչեցին Հիսուսին։

55 Այդժամ գավառի ամբողջ շրջակայքից վազեցին և սկսեցին մահիճներով հիվանդների բերել, որտեղ լսում էին, թե Հիսուսն այնտեղ է։

56 Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին հրապարակներում էին դնում ու նրան խնդրում էին, որ գոնե հագուստի քղանցքին դիպչեին։ Եվ ովքեր որ նրան դիպան, բժշկվեցին։

Categories
Մարկոս

Մարկոս 7

Վեճ նախնիների ավանդույթի շուրջ

1 Փարիսեցիներն ու դպիրներից ոմանք, որ Երուսաղեմից էին եկել, նրա շուրջը հավաքվեցին։

2 Եվ երբ տեսան, որ նրա աշակերտներից մի քանիսը անմաքուր ձեռքերով, այսինքն՝ առանց լվացվելու, հաց են ուտում, հանդիմանեցին նրանց։

3 Որովհետև փարիսեցիներն ու բոլոր հրեաները, եթե նախօրոք ձեռքերը չեն լվանում, չեն ուտում՝ այդ կերպ պահպանելով նախնիների ավանդույթը։

4 Ինչպես նաև շուկայից վերադառնալուց հետո չեն ուտում, մինչև նախ չլվացվեն։ Շատ այլ ավանդույթներ էլ են պահպանել, ինչպես բաժակների, անոթների, պղնձե ամանների ու անկողինների լվացումը։

5 Արդ, փարիսեցիներն ու դպիրները հարցրին Հիսուսին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթով չեն առաջնորդվում, այլ անլվա ձեռքերով են հաց ուտում»։

6 Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով.

“Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում,

իսկ նրա սիրտն ինձանից շատ հեռու է։

7 Զուր են պաշտում ինձ,

քանի որ ուսուցանում են պատվիրաններ,

որոնքմարդիկ են հորինել”(Ես. 29.13)։

8 Աստծու պատվիրանները թողած՝ մարդկանց ավանդույթներն եք պահում։ Անոթներիու ամանների լվանալը և սրա նման ուրիշ շատ այլ բաներ եք անում»։

9 Եվ նրանց ասաց. «Շա՜տ լավ. ուրեմն Աստծու պատվիրանը անարգում եք, որ ձեր ավանդույթը պահպանեք։

10 Որովհետև Մովսեսն ասել է՝”Պատվի՛ր հորդ ու մորդ”(Ելք 20.12,Բ Օր. 5.16)և”Ով իր հորը և մորը չարախոսի, թող մահով պատժվի”(Ելք 21.17,Ղևտ. 20.9)։

11 Բայց դուք ասում եք. “Եթե մեկը հորը կամ մորն ասի՝ Կորբան, (որ նշանակում է “Այն օգնությունը, որ ինձանից ստանալու էիր, Աստծուն է տրված”),

12 և նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելու պարտականությունից ազատում եք”։

13 Եվ Աստծու խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք։ Ու սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում»։

Մաքուրը և անմաքուրը

14 Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ ի՛նձ լսեք ու հասկացե՛ք.

15 դրսից մարդու մեջ մտնող ոչ մի բան չի կարող նրան պղծել, այլ նրանից դուրս եկողբաներնեն, որ պղծում են մարդուն։

16 Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

17 Երբ Հիսուսը ժողովրդից հեռացավ ու տուն մտավ, նրա աշակերտներն այն առակի մասին հարցրին նրան։

18 Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել,

19 որովհետև նրա սրտի մեջ չի մտնում, այլ որովայնի, և դուրս է գնում արտաքնոց՝ ամբողջ կերածը մաքրելով»։

20 Նա նաև ասաց. «Այն, ինչ դուրս է գալիս մարդու միջից, դա է պղծում մարդուն։

21 Որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ,

22 շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։

23 Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն»։

Հեթանոս կնոջ հավատը

24 Հիսուսն այնտեղից ելավ ու գնաց Տյուրոսի և Սիդովնի սահմանները։ Նա մի տուն մտավ և չէր ուզում, որ որևէ մեկն այդ մասին իմանար, բայց չկարողացավ թաքնված մնալ։

25 Նրա մասին անմիջապես լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգով էր բռնված։ Նա եկավ և Հիսուսի ոտքերն ընկավ։

26 Այդ կինը հեթանոսէր, ազգությամբ Փյունիկեի ասորի։ Աղաչում էր նրան, որ իր աղջկա միջից դևին դուրս հանի։

27 Սակայն Հիսուսը նրան ասաց. «Նախ թող երեխաները կշտանան, որովհետև լավ չէ երեխաների հացն առնել ու շներին գցել»։

28 Իսկ կինը պատասխանեց ու ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ երեխաների՝ սեղանից թափած փշրանքներով են կերակրվում»։

29 Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո աղջկա միջից դուրս ելավ»։

30 Եվ երբ իր տուն վերադարձավ, աղջկան գտավ մահճակալի վրա պառկած և դևին՝ դուրս ելած։

Խուլ ու համր մարդու բժշկումը

31 Եվ դարձյալ Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից դուրս ելավ և Դեկապոլիսի սահմանների միջով Գալիլեայի լիճ գնաց։

32 Նրա մոտ մի խուլ ու համր մարդու բերեցին և աղաչում էին, որ ձեռքը նրա վրա դնի։

33 Հիսուսը նրան ժողովրդից հեռու՝ մի առանձին տեղ տարավ, իր մատները նրա ականջների մեջ դրեց և, թքելով, դիպավ նրա լեզվին։

34 Հիսուսը դեպի երկինք նայեց, հառաչեց ու նրան ասաց. «Եփփա՛թա», որ նշանակում է «Բացվի՛ր»։

35 Եվ նրա ականջներն իսկույն բացվեցին, լեզվի կապն արձակվեց, և վարժ խոսում էր։

36 Հիսուսը նրանց պատվիրեց, որ ոչ ոքի չասեն.սակայնինչքան էլ նա պատվիրում էր նրանց, այնքան նրանք ավելի էին տարածում։

37 Չափազանց զարմանում էին ու ասում. «Սա ամեն բան լավ է անում. խուլերին լսել է տալիս, համրերին՝ խոսել»։

Categories
Մարկոս

Մարկոս 8

Հացի երկրորդ բազմացումը

1 Այն օրերին, երբ դարձյալ շատ ժողովուրդ էր հավաքվել, և ուտելու բան չունեին, Հիսուսն իր աշակերտներին կանչեց ու նրանց ասաց.

2 «Այս ժողովրդին խղճում եմ, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։

3 Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին կնվաղեն, քանի որ ոմանք հեռվից են եկել»։

4 Աշակերտները պատասխանեցին նրան. «Ինչպե՞ս կարելի է այս ամայի վայրում նրանց հացով կշտացնել»։

5 Հիսուսը հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք պատասխանեցին՝ յոթ։

6 Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ գետնին նստեն։ Եվ վերցրեց այն յոթ հացը, գոհություն հայտնեց, մասերի բաժանեց և իր աշակերտներին տվեց, որ բաժանեն. նրանք էլ բաժանեցին ժողովրդին։

7 Ունեին նաև մի քանի փոքր ձկներ. նա օրհնեց ու ասաց, որ դրանք էլ բաժանեն։

8 Կերան ու կշտացան. և յոթ զամբյուղ էլ ավելացած կտորներ հավաքեցին։

9 Մոտ չորս հազար մարդ կար։ Ապա Հիսուսը նրանց արձակեց

10 և աշակերտների հետ իսկույն նավ մտավ ու Դաղմանութայի կողմերը եկավ։

Երկնային նշանի հայցում Հիսուսից

11 Փարիսեցիները եկան ու սկսեցին նրա հետ վիճել. նրան փորձելու համար նրանից նշան էին ուզում երկնքից։

12 Եվ նա հոգով տրտմեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս ազգը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս ազգին այդպիսի նշան չի տրվելու»։

13 Նրանց թողեց, դարձյալ նավ մտավ ու մյուս կողմը գնաց։

Փարիսեցիների և հերովդեսականների խմորը

14 Աշակերտները մոռացել էին հաց վերցնել։ Նավում իրենց հետ մեկ հացից բացի ուրիշ ոչինչ չունեին։

15 Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների ու հերովդեսականների խմորից»։

16 Աշակերտները մտածում էին և իրար մեջ ասում. «Քանի որ հաց չունենք, դրա համար է այդ ասում»։

17 Հիսուսը հասկացավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք մտածում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում. ձեր սիրտն այդքան ընդարմացա՞ծ է։

18 Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու չե՞ք հիշում։

19 Երբ այն հինգ հացը հինգ հազար մարդու համար կտրեցի, դրանց կտորներից քանի՞ կողով լիքը վերցրիք»։ Նրան ասացին. «Տասներկու»։

20 «Իսկ երբ յոթ հացը չորս հազար մարդու համարկտրեցի, դրանց կտորների՞ց քանի զամբյուղ լիքը վերցրիք»։ Նրանք ասացին. «Յոթ»։

21 Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս չեք հասկանում»։

Կույրի բժշկումը

22 Եկան Բեթսայիդա. նրա առաջ բերեցին մի կույրի ու խնդրում էին, որ դիպչի նրան։

23 Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ։ Նրա աչքերին թքելով ու ձեռքով դրանց դիպչելով՝ նրան հարցրեց, թե որևէ բան տեսնո՞ւմ է։

24 Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։

25 Հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց և նրան հստակ տեսնել տվեց։ Նրա տեսողությունը վերականգնվեց, և բոլորին պարզ տեսնում էր։

26 Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Ո՛չ գյուղ կմտնես, ո՛չ էլ գյուղում մեկին կասես»։

Ո՞վ է Հիսուսը

27 Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը գնաց։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ եմ ես»։

28 Նրանք պատասխանեցին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք՝ Եղիան, ոմանք էլ՝ մարգարեներից մեկը»։

29 Իսկ նա հարցրեց նրանց. «Հապա դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց ու նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։

30 Այդժամ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ այդ մասին ոչ ոքի չասեն։

Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին

31 Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է մահանա և երեք օր հետո հարություն առնի։

32 Եվ նա բացահայտ խոսում էր նրանց հետ այդ մասին։ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց հանդիմանել։

Հիսուսին հետևելու պայմաններ

33 Սակայն Հիսուսը դարձավ դեպի իր աշակերտները, նայեց նրանց և Պետրոսին հանդիմանեց ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես մտածում, ինչպես Աստված է կամենում, այլ ինչպես մարդիկ»։

34 Ապա Հիսուսը ժողովրդին աշակերտների հետ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։

35 Որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը ինձ համար ու Ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։

36 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի.

37 որովհետև մարդն իր կյանքի համար ի՞նչ հատուցում կտա։

38 Ով, ապրելով այս շնացող և մեղավոր ազգի մեջ, ինձ ու իմ խոսքերը ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրա՛ն կամաչեցնի, երբ գա իր Հոր փառքով ու սուրբ հրեշտակներով»։

Categories
Մարկոս

Մարկոս 9

Հիսուսի այլակերպությունը

1 Եվ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։

2 Վեց օր հետո Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց ու նրանց առաջ այլակերպվեց։

3 Նրա հագուստները դարձան փայլուն, ձյան պես խիստ սպիտակ, այնպես, որ երկրի վրա ոչ մի ներկարար այդպես չէր կարող սպիտակեցնել։

4 Ապա նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, և խոսում էին Հիսուսի հետ։

5 Եվ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռա՛բբի, լավ է, որ մենք այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։

6 Որովհետև չգիտեր, թե ի՛նչ խոսեր, քանի որ սարսափած էին։

7 Եվ մի ամպ նրանց վրա հովանի եղավ. այդ ամպից ձայն հնչեց և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։

8 Եվ հանկարծ իրենց շուրջը նայեցին, իրենց հետ ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից։

9 Լեռից իջնելիս նրանց պատվիրեց, որ իրենց տեսածի մասին ոչ մեկի չպատմեն մինչև այն ժամանակը, երբ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի։

10 Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ էնշանակում՝մեռելներից հարություն կառնի։

11 Ապա նրան հարցրին. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե՝ “Նախ Եղիան պետք է գա”»։

12 Հիսուսը պատասխանեց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կարգի կդնի։ Սակայն ինչո՞ւ է Մարդու Որդու մասին գրված, թե շատ կչարչարվի և կանարգվի։

13 Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան եկավ, և նրանք ինչ որ ուզեցին, արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված է»։

Պիղծ ոգով բռնված տղայի բժշկումը

14 Եվ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջը հավաքված մեծ բազմություն և դպիրներին, որ վիճում էին նրանց հետ։

15 Իսկույն ամբողջ ժողովուրդը, նրան տեսնելով, անակնկալի եկավ ու ընդառաջ վազեց նրան ողջունելու։

16 Հիսուսը դպիրներին հարցրեց. «Ինչի՞մասինեք վիճում նրանց հետ»։

17 Ժողովրդի միջից մեկը պատասխանեց ու ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել իմ որդուն, որն իր մեջ պիղծ ոգի ունի և համրացել է։

18 Որտեղ այն նրան բռնում է, գետնով է տալիս, և նրա բերանից փրփուր է դուրս գալիս, ատամներն է կրճտացնում և փայտանում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն դրան, բայց չկարողացան»։

19 Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ եմ ձեզ հետ լինելու, մինչև ե՞րբ եմ ձեզ հանդուրժելու։ Նրան ինձ մո՛տ բերեք»։

20 Եվ նրան իր մոտ բերեցին։ Հենց որ ոգին Հիսուսին տեսավ, անմիջապես ցնցեց տղային, և նա ընկավ գետնին, թավալվում էր, ու բերանից փրփուր էր դուրս գալիս։

21 Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից.

22 շատ անգամ նրան նաև կրակի ու ջրի մեջ է գցել, որ կորստյան մատնի։ Բայց եթե կարող ես մի բան անել, գթա՛ մեզ և օգնի՛ր»։

23 Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։

24 Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»։

25 Երբ Հիսուսը տեսավ, որ բազմություն է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն ու նրան ասաց. «Համր ու խո՛ւլ ոգի, ես քեզ հրամայում եմ, դո՛ւրս արի նրա միջից ու այլևս չմտնե՛ս նրա մեջ»։

26 Եվ ոգին, աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով, դուրս ելավ։ Եվ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում էին, թե մեռավ։

27 Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։

28 Եվ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։

29 Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով»։

Հիսուսը կրկին խոսում է մահվան և հարության մասին

30 Նրանք այնտեղից դուրս եկան և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա,

31 որովհետև աշակերտներին ուսուցանում էր ու ասում, թե Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու, և նրանք պիտի սպանեն նրան, բայց երբ սպանվի, երրորդ օրը հարություն է առնելու։

32 Իսկ նրանք այդ խոսքը չէին հասկանում ու վախենում էին նրան հարցնել։

Ո՞վ է մեծ

33 Հիսուսը Կափառնաում եկավ և երբ տուն մտավ, նրանց հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։

34 Սակայն նրանք լռում էին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը։

35 Հիսուսը նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է լինել առաջինը, թող լինի բոլորից վերջինը ու բոլորի սպասավորը»։

36 Ապա վերցրեց մի երեխայի, նրանց մեջտեղում կանգնեցրեց և նրան գրկելով՝ ասաց նրանց.

37 «Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ»։

Ով մեզ դեմ չէ, մեր կողմն է

38 Հովհաննեսը նրան ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց նրան արգելեցինք, որովհետև մեզ չի հետևում»։

39 Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով մի հրաշք գործի ու հետո անմիջապես կարողանա ինձ չարախոսել.

40 որովհետև ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։

41 Ով հանուն ինձ ձեզ մի բաժակ ջուր տա, քանի որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։

Գայթակղության մասին

42 Իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի։

43 Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք խեղանդամ մտնես, քան երկու ձեռք ունենաս, բայց գեհեն գնաս՝ այն անշեջ կրակի մեջ.

44 “Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում”։

45 Եվ եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք կաղ մտնես, քան երկու ոտք ունենաս և գեհեն ընկնես՝ այն անշեջ կրակի մեջ.

46 “Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում”։

47 Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծու արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհենն ընկնես.

48 “Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում”։

49 Որովհետև ամեն ոք կրակով է աղվելու, ինչպես ամեն զոհ աղով է աղվում։

50 Աղը լավ բան է, իսկ եթե աղն իր աղիությունը կորցնի, ինչպե՞ս այն կվերագտնեք։ Ձեր անձի մեջ ա՛ղ ունեցեք ու իրար հետ խաղաղության մե՛ջ եղեք»։

Categories
Մարկոս

Մարկոս 10

Ամուսնալուծության մասին

1 Հիսուսն այնտեղից ելավ, եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա շուրջը դարձյալ ժողովուրդ էր հավաքվում, և նա իր սովորության համաձայն նորից ուսուցանում էր նրանց։

2 Նրան մոտեցան նաև փարիսեցիները և փորձելու համար նրան հարցրին. «Թույլատրվո՞ւմ է մարդուն իր կնոջն արձակել»։

3 Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ է պատվիրել»։

4 Նրանք ասացին. «Մովսեսը թույլ է տվել բաժանման թուղթ գրել ու արձակել»։

5 Բայց Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Նա ձեր խստասրտության պատճառով է այդ պատվիրանը ձեզ գրել։

6 Բայց արարչագործության սկզբից Աստված նրանց արու և էգ ստեղծեց ու ասաց.

7 “Դրա համար տղամարդն իր հորն ու մորը կթողնի և իր կնոջը կմիանա։

8 Եվ երկուսը մեկ մարմին կլինեն”. հետևաբար այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։

9 Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի»։

10 Տանը աշակերտները այդ թեմայի շուրջ դարձյալ հարցրին նրան։

11 Եվ նա ասաց նրանց. «Ով իր կնոջն արձակի ու մի ուրիշի հետ ամուսնանա, առաջին կնոջ դեմ շնություն է անում։

12 Իսկ եթե մի կին իր ամուսնուն արձակի և ուրիշ տղամարդու հետ ամուսնանա, շնություն է անում»։

Հիսուսն օրհնում է մանուկներին

13 Հիսուսի մոտ երեխաների էին բերում, որ օրհնի նրանց, բայց աշակերտները սաստում էին բերողներին։

14 Բայց երբ Հիսուսը տեսավ, բարկացավ ու նրանց ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։

15 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։

16 Եվ նրանց գիրկն առավ, ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։

Մեծահարուստ մարդը

17 Հիսուսը պատրաստվում էր ճանապարհ ընկնել, երբ մեկը վազելով մոտեցավ, ծնկի գալով՝ նրան հարցրեց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։

18 Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ “բարի” անվանում. ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկից՝ Աստծուց։

19 Պատվիրանները գիտես.”Մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցածը մի՛ խլիր, քո հորն ու մորը պատվի՛ր”(Ելք 20.14,13, 15-17,12,Բ Օր. 5.18,17, 19-21,16)»։

20 Իսկ նա պատասխանեց. «Վարդապե՛տ, այդ բոլորն իմ մանկությունից ի վեր պահել եմ»։

21 Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչըև արի՛ իմ հետևից»։

22 Բայց նա, այդ խոսքից մռայլվելով, տրտմած գնաց, որովհետև մեծ ունեցվածքի տեր էր։

23 Եվ Հիսուսը, շուրջը նայելով, իր աշակերտներին ասաց. «Որքա՜ն դժվար է հարստություն ունեցողների համար Աստծու արքայությունը մտնել»։

24 Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա։ Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայությունը մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել։

25 Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու արքայությունը մտնի»։

26 Աշակերտներն ավելի էին զարմանում և միմյանց ասում. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։

27 Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր»։

28 Այդժամ Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու քո հետևից եկանք»։

29 Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողնի տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը,

30 և հիմա՝ այս ժամանակ, չստանա հարյուրապատիկը՝ տներ ու եղբայրներ, քույրեր ու մայրեր, զավակներ ու արտեր՝ կրելով նաև հալածանքներ, իսկ հանդերձյալ աշխարհում էլ հավիտենական կյանք կունենա։

31 Բայց շատերը, որ առաջինն են, վերջինը կլինեն, իսկ վերջինները՝ առաջինը»։

Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին

32 Նրանք Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին։ Հիսուսը նրանցից առաջ ընկած գնում էր. աշակերտները զարմացած ու վախեցած նրան էին հետևում։ Հիսուսը տասներկուսին դարձյալ առանձնացրեց և սկսեց նրանց ասել, թե իրեն ինչե՛ր են պատահելու։

33 «Ահա Երուսաղեմ ենք ելնում, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետների և դպիրների ձեռքը. նրան մահվան կդատապարտեն, նրան հեթանոսներին կհանձնեն։

34 Նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն նրան, և երրորդ օրը հարություն կառնի»։

Զեբեդեոսի որդիների խնդրանքը

35 Եվ Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան նրան ու ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ այն, ինչ քեզանից խնդրելու ենք, անես մեզ համար»։

36 Հիսուսը հարցրեց նրանց. «Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ համար անեմ»։

37 Նրանք ասացին նրան. «Մեզ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմում նստի, մյուսս՝ քո ձախ կողմում»։

38 Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք այն բաժակը խմել, որ ես եմ խմելու, կամ այն մկրտությամբ մկրտվել, որով ես եմ մկրտվելու»։

39 Նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես եմ խմելու, կխմեք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, կմկրտվեք,

40 բայց իմ աջ ու ձախ կողմերում նստելը ե՛ս չեմ տալիս, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։

41 Երբ մնացած տասը աշակերտները լսեցին այս, սկսեցին Հակոբոսի ու Հովհաննեսի վրա բարկանալ։

42 Հիսուսը նրանց իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ ովքեր իշխան են համարվում, տիրում են նրանց, և նրանց մեծամեծները իշխում են նրանց վրա։

43 Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի։

44 Եվ ձեզանից ով ուզում է առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի։

45 Որովհետև Մարդու Որդին նույնպես չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի ու շատերի համար իր կյանքը որպես փրկագին տա»։

Երիքովցի կույրի բժշկումը

46 Եկան Երիքով։ Երբ Հիսուսն իր աշակերտների ու մեծ բազմության հետ Երիքովից դուրս էր գալիս, Տիմեի որդին՝ կույր Բարտիմեոսը, ճանապարհին նստած, մուրում էր։

47 Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։

48 Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա է՛լ ավելի էր աղաղակում. «Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ»։

49 Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, քեզ կանչում է»։

50 Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։

51 Հիսուսը նրան հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։

52 Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին։

Categories
Մարկոս

Մարկոս 11

Հիսուսի մուտքը Երուսաղեմ

1 Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց

2 և նրանց ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը և հենց այնտեղ մտնեք, մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։

3 Ու եթե որևէ մեկը ձեզ ասի՝ “Ինչո՞ւ եք դա անում”, ասե՛ք, որ այն պետք է Տիրոջը, և նա այն իսկույն այստեղ կուղարկի»։

4 Նրանք գնացին ու ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված և արձակեցին այն։

5 Այնտեղ կանգնածներից ոմանք նրանց ասացին. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդ ավանակն արձակում»։

6 Իսկ նրանք պատասխանեցին, ինչպես Հիսուսն էր կարգադրել, և թույլ տվեցին նրանց։

7 Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։

8 Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։

9 Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում.

«Օվսաննա՜,

օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը(Սաղ. 118.26).

10 օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։

Օվսաննա՜ Բարձրյալին(հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։

11 Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։

Անպտուղ թզենին

12 Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։

13 Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։

14 Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։

Տաճարում առևտուր անողների վտարումը

15 Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։

16 Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։

17 Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝”Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի”(Ես. 56.7)։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։

18 Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։

19 Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։

Թզենու դասը. հավատ և աղոթք

20 Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին՝ արմատից չորացած։

21 Եվ Պետրոսը հիշեց ու ասաց նրան. «Ռա՛բբի, տե՛ս այն թզենին, որին անիծեցիր, չորացել է»։

22 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավա՛տ ունեցեք։

23 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. “Ե՛լ ու ծո՛վն ընկիր”, ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։

24 Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։

25 Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։

26 Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների ձեզ»։

Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին

27 Նրանք դարձյալ Երուսաղեմ եկան։ Մինչ Հիսուսը տաճարում քայլում էր, քահանայապետները, դպիրներն ու ծերերը մոտեցան նրան

28 և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվել, որ այդ բաներն անես»։

29 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխա՛ն տվեք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։

30 Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից. պատասխա՛ն տվեք ինձ»։

31 Նրանք իրար մեջ քննարկում էին ու ասում. «Եթե ասենք՝ երկնքից, կասի. “Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան”։

32 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում», որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե էին համարում։

33 Պատասխանեցին ու Հիսուսին ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։

Categories
Մարկոս

Մարկոս 12

Չար մշակների առակը

1 Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց. այն տվեց մշակներին և ուրիշ երկիր գնաց։

2 Երբ ժամանակը եկավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ մշակներից այգու բերքից վերցնի։

3 Իսկ նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն ուղարկեցին։

4 Դարձյալ մի ուրիշ ծառայի ուղարկեց նրանց մոտ, և քարկոծելով ջարդեցին նրա գլուխն ու անարգելով վռնդեցին։

5 Եվ նորից ուրիշի ուղարկեց. սրան էլ սպանեցին։ Եվայդպեսշատ ուրիշների էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։

6 Նա մի սիրելի որդի ուներ, որին վերջում ուղարկեց նրանց մոտ ու ասաց. “Գուցե որդուցս ամաչեն”։

7 Բայց երբ մշակները տեսան, որ նա գալիս է, միմյանց ասացին. “Սա է ժառանգը. եկեք նրան սպանենք, և ժառանգությունը մերը կլինի”։

8 Եվ նրան բռնեցին, սպանեցին ու այգուց դուրս նետեցին։

9 Արդ այգու տերն ի՞նչ կանի. կգա ու մշակներին կորստյան կմատնի և այգին կտա ուրիշներին։

10 Եվ դուք այն գրվածը չե՞ք կարդացել.

“Այն քարը, որ շինարարները որպես անպիտան մերժեցին,

անկյունաքար եղավ”։

11 Տերը դա արեց,

և մեր աչքերին սքանչելի է»։

Կայսրին տրվելիք հարկը

12 Եվ ուզում էին Հիսուսին բռնել, որովհետև հասկացան, որ այդ առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։

13 Եվ փարիսեցիներից ու հերովդեսականներից մի քանի հոգու նրա մոտ ուղարկեցին, որ խոսքով ծուղակը գցեն նրան։

14 Նրանք եկան ու նրան ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես, և ոչ ոք քեզ հոգ չէ, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ Արդ ասա՛ մեզ, կայսրին հարկ տալն օրինավո՞ր է, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։

15 Իսկ նա, նրանց կեղծավորությունը հասկանալով, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում. ինձ մի դահեկա՛ն բերեք, որ տեսնեմ»։

16 Եվ նրանք բերեցին։ Եվ նրանց հարցրեց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։

17 Այդժամ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ զարմացան նրա վրա։

Հարության մասին

18 Նրա մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա։ Նրան հարցրին ու ասացին.

19 «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է, որեթե մեկի եղբայրը մեռնի ու կին թողնի, բայց զավակներ չթողնի, նրա եղբայրը թող կնության առնի նրա կնոջն ու իր եղբոր համար զավակ ապահովի(Բ Օր. 25.5)։

20 Ահա յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու մեռնելուց հետո զավակ չթողեց։

21 Երկրորդը նրան կնության առավ ու մեռավ, նա էլ զավակ չթողեց, նույն կերպ էլ երրորդը…

22 Եվ այն յոթն էլ նրան կնության առան ու զավակ չթողեցին։ Իսկ բոլորից հետո կինը մեռավ։

23 Արդ, հարության ժամանակ, երբ հարություն առնեն, կինը նրանցից որի՞նը կլինի. որովհետև յոթն էլ նրան կնության էին առել»։

24 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորության մեջ եք ընկել, որովհետև ո՛չ Սուրբ Գիրքը գիտեք, ո՛չ Աստծու զորությունը։

25 Որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։

26 Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենուդրվագիմեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց.”Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը”(Ելք 3.6)։

27 Նա մեռածների Աստվածը չէ, այլ ողջերի. ուրեմն դուք մեծ մոլորության մեջ եք գտնվում»։

Գլխավոր պատվիրանը

28 Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»։

29 Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանըսա է՝”Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տերը՝ Աստված, միակ Տերն է։

30 Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ”(Բ Օր. 6.4-5)։ Սա է առաջին պատվիրանը։

31 Իսկ երկրորդը սրան նմանէ՝”Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես”(Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։

32 Եվ դպիրը նրան ասաց. «Լա՛վ, Վարդապե՛տ, ճշմարիտ ասացիր, որ Աստված մեկ է, նրանից բացի ուրիշը չկա։

33 Եվ որ նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ ու ամբողջ զորությամբ սիրելը և ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։

34 Եվ Հիսուսը, տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխանեց, նրան ասաց. «Դու Աստծու արքայությունից հեռու չես»։ Ու ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։

Հիսուսը՝ Որդի և Տեր Դավթի

35 Երբ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, ասաց. «Դպիրներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է։

36 Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է.

“Տերն իմ Տիրոջն ասաց.

“Իմ աջ կողմո՛ւմ նստիր,

մինչև որ քո թշնամիներին

ոտքերիդ պատվանդան դնեմ”(Սաղ. 110.1)։

37 Արդ, եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, հապա ինչպե՞ս կարող է նրա որդին լինել»։ Եվ մեծ բազմությունը հաճույքով նրան էր լսում։

Հիսուսը դատապարտում է դպիրներին

38 Հիսուսն իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններընդունել,

39 ժողովարաններում առաջին աթոռները զբաղեցնել, ընթրիքներին՝ առաջին տեղերը։

40 Նրանք այրիների ունեցածն են ուտում ու ցուցադրաբար երկար աղոթք են անում։ Նրանք ավելի խիստ են պատժվելու»։

Այրի կնոջ լուման

41 Հիսուսը, գանձանակի դիմաց նստած, նայում էր, թե ժողովուրդն ինչպե՛ս էր գանձանակի մեջ փող գցում։ Շատ հարուստներ մեծգումարէին գցում։

42 Մի աղքատ այրի կին եկավ, երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ։

43 Այդժամ Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները,

44 որովհետև բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ նա, չքավոր լինելով, գցեց այն, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»։

Categories
Մարկոս

Մարկոս 13

Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին

1 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տես ինչպիսի՜ քարեր ու ինչպիսի՜ շինություններ են»։

2 Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինությունները. այստեղ քարը քարի վրա չի թողնվելու, ամեն ինչ պիտի քանդվի»։

Խռովություններ, հալածանքներ և ավերումներ

3 Մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը նրան առանձին հարցրին.

4 «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու այն նշանը, որ կազդարարի այդ բոլոր բաների կատարումը»։

5 Այդժամ Հիսուսը սկսեց նրանց ասել. «Զգուշացե՛ք, որ ոչ ոք ձեզ չխաբի։

6 Շատերը իմ անունով կգան ու կասեն. “Ես եմՔրիստոսը”,և շատերին կմոլորեցնեն։

7 Երբ լսեք, որ պատերազմներ են լինում կամ պատերազմներ են նախապատրաստվում, մի՛ խռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն։Բայցդեռ վերջը չէ։

8 Որովհետև ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ, տեղ առ տեղ երկրաշարժեր կլինեն, սով ու խռովություններկլինեն։ Սակայն սրանք նեղությունների սկիզբն են։

9 Բայց դուք զգուշացե՛ք ձեր կյանքի համար. ձեզ դատարաններ կհանձնեն, ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կուսակալների ու թագավորների առաջ կտարվեք՝ իմ մասին նրանց վկայություն տալու։

10 Նախ Ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին։

11 Երբ ձեզ տանենդատարանհանձնելու, կանխավ մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք խոսելու, այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։

12 Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։

13 Եվ իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։

Մեծ սրբապղծությունը

14 Ու երբ տեսնեք ավերածության պղծությունը,- որի մասին ասել է Դանիել մարգարեն(ով կարդում է, թող հասկանա),- որ կանգնել է ա՛յն տեղում, ուր չպետք է լիներ, այն ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող սարերը փախչեն,

15 ով տանիքի վրա լինի, թող չիջնի և մի բան վերցնելու համար տուն չմտնի,

16 ով արտում լինի, թող իր վերարկուն վերցնելու համար հետ չդառնա։

17 Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։

18 Աղոթե՛ք, որ ձեր փախուստըձմեռ ժամանակ չլինի։

19 Որովհետև այդ օրերին կլինեն այնպիսի նեղություններ, ինչպիսիք արարչագործության սկզբից մինչև հիմա չեն եղել և ոչ էլ կլինեն։

20 Եվ եթե Տերն այդ օրերը չպակասեցներ, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։

21 Եվ այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ “Ահա այստեղ է Քրիստոսը” կամ “Ահա այնտեղ է”, չհավատաք։

22 Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներցույցկտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։

23 Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի։

Մարդու Որդու գալուստը

24 Բայց այդ օրերին՝ այդ նեղություններից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա։

25 Աստղերը երկնքից կընկնեն, ու երկնային զորությունները կսասանվեն։

26 Այն ժամանակ կտեսնենՄարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով(Դան. 7.13)մեծ զորությամբ ու փառքով։

27 Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը։

Թզենու դասը

28 Բայց դաս առեք թզենո՛ւ օրինակից. երբ նրա ճյուղերն արդեն փափկում են ու տերևներ են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։

29 Այդպես էլ դուք. երբ տեսնեք, որ այս ամենը տեղի է ունենում, իմացե՛ք, որ վերջը մոտեցել է։

30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մինչ այս սերունդը ապրում է, այս ամենը տեղի կունենա։

31 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։

Ոչ ոք չգիտի օրը և ժամը

32 Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։

33 Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։

34 Ինչպես այն մարդը, որ հեռու աշխարհ գնալիս իր տունը կթողնի, իր ծառաներին իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին կհրամայի, որ արթուն մնա։

35 Արդ, արթո՛ւն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։

36 Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։

37 Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն կացեք»։