Categories
Մատթեոս

Մատթեոս 22

Հարսանիքի հրավիրվածների առակը

1 Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց և ասաց.

2 «Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։

3 Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայցնրանքչկամեցան գալ։

4 Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. “Հրավիրյալներին ասե՛ք. “Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի””։

5 Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին։

6 Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։

7 Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։

8 Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. “Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։

9 Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք”։

10 Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։

11 Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։

12 Նրան ասաց. “Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար”։ Նա պապանձվեց։

13 Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. “Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։

14 Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ”»։

Կայսրին տրվելիք հարկը

15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։

16 Եվ հերովդեսականների հետ նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում։

17 Արդ ասա՛ մեզ, դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։

18 Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։

19 Ցո՛ւյց տվեք ինձ հարկի դինարը»։ Նրանք Հիսուսին մի դինար բերեցին։

20 Եվ նրանց ասաց. «Ո՞ւմն են այս պատկերը և գիրը»։ Նրան ասացին՝ կայսրինը։

21 Այդ ժամանակ ասաց. «Ուրեմն կայսրինը տվե՛ք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։

22 Երբ լսեցին, զարմացան, թողեցին նրան ու գնացին։

Հարության մասին

23 Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան

24 ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց.”Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի”(Բ Օր. 25.5)։

25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։

26 Նույն կերպ էլ երկրորդեղբայրը, երրորդը…, մինչև յոթերորդը։

27 Բոլորից հետո նաև կինը մեռավ։

28 Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։

29 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։

30 Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում։

31 Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը.

32 “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը”(Ելք 3.6)։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ ողջերի»։

33 Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։

Ամենամեծ պատվիրանը

34 Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։

35 Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց.

36 «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։

37 Հիսուսը նրան ասաց.«”Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով”(Բ Օր. 6.5)։

38 Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։

39 Երկրորդը նման է սրան.”Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ”(Ղևտ. 19.18,Մտթ. 5.43)։

40 Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։

Ո՞ւմ որդին է Քրիստոսը

41 Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց.

42 «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։

43 Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան “Տեր” է կոչում՝ ասելով.

44 “Տերն իմ Տիրոջն ասաց.

Նստի՛ր իմ աջ կողմում,

մինչև քո թշնամիներին

իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ”(Սաղ. 110.1)։

45 Արդ, եթե Դավիթը նրան “Տեր” է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։

46 Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։

Categories
Մատթեոս

Մատթեոս 23

Հիսուսն զգուշացնում է դպիրներից և փարիսեցիներից

1 Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ և ասաց.

2 «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։

3 Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։

4 Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։

5 Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներնեն լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։

6 Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում՝ առաջին աթոռները,

7 հրապարակներում՝ բարևները և մարդկանց կողմից “Ռա՛բբի, Ռա՛բբի” կոչվելը։

8 Բայց դուքթույլ մի՛ տվեք,որ ձեզ “Ռաբբի” կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։

9 Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ “Հայր” մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։

10 Ոչ էլ “ուսուցիչներ” կոչվեք, որովհետև ձեր Ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը։

11 Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։

12 Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։

13 Բայց վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։

14 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ որբևայրիների ունեցածն եք ուտում և ցուցադրաբար երկար աղոթում. դրա համար խստորեն եք պատժվելու։

15 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։

16 Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։

17 Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։

18 Նաև ասում եք՝ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։

19 Կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։

20 Արդ, ով երդվում է զոհասեղանով, երդվում է նրանով և այն բոլոր բաներով, որ նրա վրա են։

21 Տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ բնակվողով։

22 Երկնքով երդվողը երդվում է Աստծու աթոռով և նրա վրա նստողով։

23 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։

24 Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։

25 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ։

26 Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։

27 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։

28 Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։

29 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում։

30 Եվ ասում եք. “Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի”։

31 Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների։

32 Արդ դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը։

33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք գեհենի դատաստանից փախչելու։

34 Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։

35 Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի ու զոհասեղանի միջև սպանեցիք։

36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա։

Հիսուսի սերը Երուսաղեմի նկատմամբ

37 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։

38 Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։

39 Որովհետև ասում եմ ձեզ,որայսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք.

“Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը”(Սաղ. 118.26,Մտթ. 21.9)»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 24

Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին

1 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։

2 Հիսուսը նրանց ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»։

3 Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։

Տառապանքներ և հալածանքներ

4 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի,

5 որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. “Ես եմ Քրիստոսը”, և շատերին կմոլորեցնեն։

6 Լսելու եք պատերազմներիձայներու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։

7 Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։

8 Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։

9 Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։

10 Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։

11 Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։

12 Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։

13 Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։

14 Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։

Մեծ սրբապղծությունը

15 Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),

16 այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն,

17 ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու,

18 ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։

19 Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։

20 Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։

21 Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։

22 Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն։

23 Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ “Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ”, չհավատաք։

24 Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավորլինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։

25 Ահա նախապես ձեզ ասացի։

26 Արդ, եթե ձեզ ասեն՝ “Ահա անապատում է”, չելնեք, “Ահա մառանում է”, չհավատաք։

27 Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու.

28 որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։

Մարդու Որդու գալուստը

29 Նեղության այդ օրերից հետո

արեգակն իսկույն կխավարի,

լուսինն էլ իր լույսը չի տա.

աստղերը երկնքից կընկնեն,

ու երկնքի զորությունները կշարժվեն։

30 Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնենՄարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով(Դան. 7.13,Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։

31 Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։

Թզենու դասը

32 Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։

33 Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որվերջըդռների մոտ է։

34 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։

35 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։

Օրը և ժամը ոչ ոք չգիտի

36 Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։

37 Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։

38 Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ,

39 և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու։

40 Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն. նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։

41 Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։

42 Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա։

43 Բայց սա իմացե՛ք, որ եթե տան տերն իմանար, թե գողը ո՛ր պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։

44 Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։

Հավատարիմ և չար ծառաները

45 Ո՞վ է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։

46 Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։

47 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։

48 Բայց եթե այդ ծառան չար լինի և իր մտքում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”,

49 և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու հարբեցողների հետ ուտել և խմել,

50 այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում, այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի։

51 Եվ նրան մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 25

Տասը կույսերի առակը

1 «Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։

2 Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։

3 Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։

4 Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։

5 Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրհեցին ու քնեցին։

6 Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. “Ահա փեսան գալիս է, դո՛ւրս ելեք նրան դիմավորելու”։

7 Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերները կարգի բերեցին։

8 Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են”։

9 Իմաստունները պատասխանեցին ու ասացին. “Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի։ Ավելի լավ է՝ վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք”։

10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ. ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան, և դուռը փակվեց։

11 Հետո եկան նաև մյուս կույսերը և ասացին. “Տե՛ր, Տե՛ր, բա՛ց արա մեզ համար”։

12 Իսկ նա պատասխանեց ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում”։

13 Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը։

Երեք ծառաների առակը

14 Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց.

15 մեկին հինգ քանքարտվեց, մեկին՝ երկու, մյուսին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։

16 Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։

17 Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։

18 Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։

19 Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։

20 Նրա մոտ եկավ հինգ քանքար ստացողը, բերեց ևս հինգ քանքար ու ասաց. “Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. ահա դրանցով ես հինգ քանքար ևս շահեցի”։

21 Եվ նրա տերը նրան ասաց. “Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ”։

22 Նրա մոտ եկավ նաև երկու քանքար ստացողը և ասաց. “Տե՛ր, ինձ երկու քանքար տվեցիր. տե՛ս, ես դրանցով երկու քանքար ևս շահեցի”։

23 Նրա տերն ասաց նրան. “Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ”։

24 Նրա մոտ եկավ մեկ քանքար ստացողը ևս ու ասաց. “Տե՛ր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես. հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։

25 Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը”։

26 Նրա տերը պատասխանեց և ասաց. “Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։

27 Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։

28 Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք։

29 Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։

30 Իսկ այդ անպիտան ծառային գցե՛ք խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց”։

Վերջին դատաստանը

31 Եվ երբ Մարդու Որդին իր փառքով գա, և նրա հետ էլ՝ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։

32 Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից։

33 Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախ կողմում։

34 Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. “Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։

35 Որովհետև քաղցած էի, և դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և ինձ ձեզ մոտ ընդունեցիք,

36 մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք”։

37 Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. “Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք։

38 Ե՞րբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։

39 Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք”։

40 Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք”։

41 Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. “Անիծյալնե՛ր, ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։

42 Որովհետև քաղցած էի, և ինձ չկերակրեցիք, ծարավ էի, և ինձ խմելու բան չտվեցիք,

43 օտար էի, և ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի, և ինձ չայցելեցիք”։

44 Այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. “Տե՛ր, ե՞րբ քեզ քաղցած կամ ծարավ, կամ օտար, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում տեսանք և քեզ չծառայեցինք”։

45 Այդժամ նրանց կպատասխանի ու կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք”։

46 Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։

Categories
Մատթեոս

Մատթեոս 26

Դավ Հիսուսի դեմ

1 Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց.

2 «Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։

3 Այդ ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում

4 և խորհուրդ արեցին, որ նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն։

5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։

Հիսուսի օծումը Բեթանիայում

6 Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ Սիմոն բորոտի տանը,

7 նրա մոտ եկավ մի կին, որն իր հետ ուներ ալաբաստրե մի շիշ թանկագին յուղ։ Երբ Հիսուսը սեղան էր նստել, նա այն նրա գլխին թափեց։

8 Աշակերտները, այդ տեսնելով, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար էր յուղի այդ վատնումը։

9 Որովհետև կարելի էր այդ յուղը բարձր գնով վաճառել և աղքատներին տալ»։

10 Հիսուսը, այդ իմանալով, նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդ կնոջն անհանգստացնում. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։

11 Աղքատներն ամեն ժամ ձեզ հետ են, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։

12 Նա, այդ յուղն իմ մարմնի վրա լցնելով, ինձ թաղման նախապատրաստեց։

13 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ այս Ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար պիտի պատմվի նաև այն, ինչ նա արեց»։

Մատնության գինը

14 Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, քահանայապետների մոտ գնաց

15 ու ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ կշռեցին,տվեցիննրան։

16 Դրանից հետո նա հարմար առիթ էր փնտրում նրան մատնելու։

Վերջին ընթրիքը

17 Բաղարջակերացտոնիառաջինօրըաշակերտները մոտեցան Հիսուսին և նրան հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք»։

18 Նա ասաց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, ու նրան ասե՛ք. “Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մոտ է. իմ աշակերտների հետ Զատիկը քեզ մոտ եմ տոնելու”»։

19 Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց կարգադրել, և պատրաստեցին զատկական ընթրիքը։

20 Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ սեղան նստեց։

21 Եվ մինչ նրանք ուտում էին, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։

22 Աշակերտները շատ տխրեցին և սկսեցին մեկառմեկ նրան հարցնել. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։

23 Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ ափսեի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։

24 Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»։

25 Հուդան՝ նրան մատնողը, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»։

Հաղորդության խորհրդի հաստատումը

26 Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։

27 Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Բոլորդ խմե՛ք դրանից,

28 որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։

29 Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի այս բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։

30 Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։

Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը

31 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է.

“Հովվին կհարվածեմ,

և հոտի ոչխարները կցրվեն”(Զաք. 13.7բ)։

32 Բայց հարություն առնելուց հետո ձեզանից առաջ պիտի Գալիլեա գնամ»։

33 Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ քեզանով գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»։

34 Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։

35 Պետրոսը նրան ասաց. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։

Աղոթք Գեթսեմանիում

36 Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»։

37 Եվ իր հետ վերցնելով Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել ու տագնապել։

38 Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։

39 Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։

40 Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։

41 Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։

42 Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի»։

43 Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։

44 Թողեց նրանց, նորից գնաց, երրորդ անգամ աղոթեց և նույն խոսքն ասաց։

45 Այդ ժամանակ աշակերտների մոտ եկավ ու նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք ու հանգստացե՛ք. ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։

46 Վե՛ր կացեք գնանք. ահա հասավ ինձ մատնողը»։

Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը

47 Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։

48 Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, նրա՛ն բռնեք»։

49 Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։

50 Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր, հանձնարարությո՛ւնդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին։

51 Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ ականջը կտրեց։

52 Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։

53 Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդուղարկի։

54 Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե՝ այսպես պետք է լինի»։

55 Այդ ժամանակ Հիսուսն ամբոխին ասաց. «Սրերով ու մահակներով դուրս եք ելել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի՞։ Ամեն օր ձեզ մոտ՝ տաճարում, նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք։

56 Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։

Հիսուսը ատյանի առջև

57 Իսկ նրանք բռնեցին Հիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ դպիրներն ու ծերերն էին հավաքվել։

58 Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։

59 Քահանայապետները և ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։

60 Եվ չէին գտնում, չնայած որ բազում սուտ վկաներ էին եկել։ Վերջապես երկու հոգի մոտեցան

61 և ասացին. «Սա ասում էր. “Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում կառուցել”»։

62 Քահանայապետը վեր կացավ և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո դեմ ի՞նչ են վկայում»։

63 Հիսուսը լռում էր։ Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։

64 Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ասացիր. սակայն ասում եմ ձեզ.

Այսուհետ կտեսնեքՄարդու Որդուն՝

նստած Զորության աջ կողմում

և երկնքի ամպերի վրայով գալիս(Դան. 7.13,Մտթ. 24.30բ)»։

65 Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստները և ասաց. «Հայհոյեց. մեզ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։

66 Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Մահապարտ է»։

67 Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան. ոմանք էլ նրան ապտակեցին՝ ասելով.

68 «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։

Պետրոսն ուրանում է Հիսուսին

69 Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին նրան մոտեցավ և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։

70 Նա բոլորի առաջ ուրացավ և ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։

71 Երբ նա դեպի դարպասն էր գնում, նրան մի ուրիշ աղախին տեսավ ու այնտեղ գտնվողներին ասաց. «Սա նույնպես Հիսուս Նազովրեցու հետ էր»։

72 Եվ նա երդմամբ դարձյալ ուրացավ. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։

73 Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, քանի որ խոսվածքդ էլ է քեզ մատնում»։

74 Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։

75 Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։

Categories
Մատթեոս

Մատթեոս 27

Հիսուսը տարվում է Պիղատոսի մոտ

1 Երբ առավոտ եղավ, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ գումարեցին, որպեսզի նրան սպանեն։

2 Նրան կապեցին և տարան ու Պոնտացի Պիղատոս կուսակալին հանձնեցին։

Հուդայի մահը

3 Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և երեսուն արծաթը քահանայապետներին ու ծերերին վերադարձրեց՝

4 ասելով. «Մեղանչեցի, որովհետև անմեղ արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։

5 Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։

6 Քահանայապետները, վերցնելով արծաթը, ասացին. «Օրինավոր չէ դրանք գանձանակի մեջ գցել, որովհետև արյան գին են»։

7 Եվ խորհրդակցելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպես օտարականների գերեզմանատեղի։

8 Դրա համար այդ ագարակը մինչ օրս կոչվում է «Արյան ագարակ»։

9 Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. «Վերցրին երեսուն արծաթը՝ այն գինը, որ գնահատել էին Իսրայելի որդիները,

10 և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։

Պիղատոսը հարցաքննում է Հիսուսին

11 Հիսուսը կանգնեց կառավարչի առաջ։ Կառավարիչը նրան հարցրեց ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ես ասում»։

12 Եվ երբ քահանայապետների ու ծերերի կողմից ամբաստանվում էր, ոչինչ չպատասխանեց։

13 Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե քո դեմ որքա՛ն բաներ են վկայում»։

14 Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։

Բարաբբան

15 Սովորույթի համաձայն՝ Զատկի տոնին կառավարիչը թույլ էր տալիս ժողովրդի համար մի բանտարկյալ արձակել, ում նրանք ուզեին։

16 Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, անունը՝ Բարաբբա։

17 Արդ, երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ՝ Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։

18 Որովհետև գիտեր, որ նրան նախանձից էին մատնել։

19 Մինչ նա ատյան էր նստել, կինը նրա մոտմարդուղարկեց ու ասաց. «Ոչինչ չանե՛ս այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազիս մեջ նրա պատճառով շատ չարչարվեցի»։

20 Սակայն քահանայապետներն ու ծերերը ժողովրդին համոզեցին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին սպանեն։

21 Իսկ կառավարիչը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին՝ Բարաբբային։

22 Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ Բոլորն ասացին. «Թող խաչվի՛»։

23 Եվ կառավարիչն ասաց. «Իսկ ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում. «Թող խաչվի՛»։

24 Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ է՛լ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց ու ասաց. «Ես այդ արդարի արյան համար մեղք չունեմ, դո՛ւք եք տեսնում»։

25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Նրա արյունը մեզ ու մեր զավակների վրա է»։

26 Այդ ժամանակ նրանց համար Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ձաղկելուց հետո հանձնեց, որ խաչվի։

27 Այդ ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան ատյան, և ամբողջ զորագունդը նրա շուրջը հավաքվեց։

28 Նրան մերկացնելով՝ վրան մի կարմիր պատմուճան գցեցին։

29 Փշերից մի պսակ հյուսեցին և նրա գլխին դրեցին, մի եղեգ էլ աջ ձեռքը տվեցին։ Ապա նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։

30 Եվ նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին ու նրա գլխին խփում։

31 Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին կարմիր պատմուճանը, իր զգեստները հագցրին։ Եվ նրան տարան խաչելու։

Հիսուսի խաչելությունը

32 Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով։ Նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչը կրի։

33 Երբ հասան Գողգոթա կոչված տեղը, որ «Գագաթ» է նշանակում,

34 Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և համտեսելով՝ չուզեց խմել։

35 Ապա նրան խաչը հանեցին և բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Իմ զգեստներն իրար մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։

36 Եվ նստել էին այնտեղ՝ Հիսուսին հսկելու։

37 Նրա գլխավերևում դրեցին նրա հանցանքի գրությունը. «ՍԱ Է ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։

38 Այդ ժամանակ Հիսուսի հետ խաչվեցին նաև երկու ավազակներ. մեկը՝ նրա աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ։

39 Եվ անցորդները հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները

40 և ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում վերաշինող, փրկի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից»։

41 Նույն կերպ էլ քահանայապետներն էին դպիրների ու ծերերի հետ ծաղրում նրան ու ասում.

42 «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։

43 Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ “Աստծու Որդին եմ”»։

44 Նույն կերպ էլ նրա հետ խաչված ավազակներն էին նախատում նրան։

Հիսուսի մահը

45 Վեցերորդ ժամիցամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը։

46 Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց.«Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ»(Սաղ. 22.1)։

47 Այնտեղ կանգնածներից ոմանք երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։

48 Եվ նրանցից մեկն իսկույն վազեց, մի սպունգ վերցրեց, քացախի մեջ թաթախեց, անցկացրեց եղեգի վրա ու նրան տվեց, որ խմի։

49 Իսկ մյուսներն ասում էին. «Հիմա տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»։

50 Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։

51 Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկումասիպատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին։

52 Գերեզմանները բացվեցին, և ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։

53 Ու գերեզմաններից դուրս ելնելով՝ Հիսուսի հարությունից հետո մտան սուրբ քաղաքը և շատերին հայտնվեցին։

54 Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ հսկում էին Հիսուսին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Իսկապես որ սա Աստծու Որդին էր»։

55 Այնտեղ բազում կանայք կային, որ հեռվից նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։

56 Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեփի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։

Հիսուսի թաղումը

57 Երբ երեկո եղավ, Արիմաթեայից Հովսեփ անունով մի հարուստ մարդ եկավ։ Նա ևս աշակերտել էր Հիսուսին։

58 Սա Պիղատոսի մոտ գնաց ու Հիսուսի մարմինը խնդրեց։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։

59 Հովսեփը, մարմինը վերցնելով, մաքուր կտավով պատանեց

60 ու դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր ժայռի մեջ։ Նա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց և գնաց։

61 Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը՝ գերեզմանի դիմաց նստած։

Գերեզմանի պահպանումը

62 Եվ ուրբաթին հաջորդող օրը քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ

63 և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը երբ դեռ կենդանի էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։

64 Արդ հրամայի՛ր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությամբ պահպանվի. գուցե նրա աշակերտները գիշերով գան, նրան գողանան ու ժողովրդին ասեն. “Մեռելներից հարություն առավ”։ Այդ վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։

65 Պիղատոսը նրանց ասաց. «Պահապան զինվորներ ունեք. գնացե՛ք, զգո՛ւյշ հսկեք, ինչպես որ գիտեք»։

66 Նրանք գնացին, գերեզմանին հսկողություն սահմանեցին՝ քարը կնքելով և պահակազոր կարգելով։

Categories
Մատթեոս

Մատթեոս 28

Հիսուսի հարությունը

1 Շաբաթ երեկոյան՝ կիրակի լուսադեմին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։

2 Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։

3 Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։

4 Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։

5 Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։

6 Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։

7 Իսկույն գնացե՛ք և նրա աշակերտներին ասե՛ք. “Մեռելներից հարություն է առել և ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում. այնտեղ նրան կտեսնեք”։ Ահա ասացի ձեզ»։

8 Եվ նրանք փութով գերեզմանից դուրս եկան, վախով ու մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու։

Հիսուսը երևում է յուղաբեր կանանց

9 Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտեցան, փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։

10 Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա գնան և այնտեղ ինձ կտեսնեն»։

11 Երբ նրանք գնացին, ահա պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին ամբողջ պատահածը։

12 Իսկնրանք, ծերերի հետ հավաքվելով, խորհրդակցեցին, զինվորներին բավական արծաթ տվեցին

13 և ասացին. «Ասե՛ք. “Երբ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան և նրան գողացան”։

14 Իսկ եթե այս լուրը կառավարչին հասնի, մենք նրան կհամոզենք և ձեզ հոգսից կազատենք»։

15 Զինվորները վերցրին արծաթը և արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ սրա համբավը մինչև այսօր տարածված է հրեաների մեջ։

Հիսուսի վերջին պատգամը

16 Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց։

17 Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։

18 Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։

19 Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով,

20 սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։

Categories
Մարկոս

Մարկոս 1

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը

1 Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։

2 Ինչպես գրել են մարգարեները.

«Ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից,

որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ»(Մղք. 3.1)։

3 «Անապատում կանչողի ձայնն է.

“Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք

ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք”»(Ես. 40.3)։

4 Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։

5 Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները և երուսաղեմցիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին՝ իրենց մեղքերը խոստովանելով։

6 Հովհաննեսն ուղտի մազից հագուստ էր հագել, կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխ ու վայրի մեղր էր ուտում։

7 Եվ քարոզելով ասում էր. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու։

8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ»։

Հիսուսի մկրտությունը

9 Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ և Հորդանանում Հովհաննեսի ձեռքով մկրտվեց։

10 Եվ անմիջապես, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ուԱստծուՀոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում։

11 Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։

Հիսուսի փորձությունն անապատում

12 Եվ իսկույն Հոգին նրան անապատ տարավ։

13 Նա այնտեղ մնաց քառասուն օր և սատանայից փորձության ենթարկվեց. ապրում էր գազանների հետ, ու հրեշտակները ծառայում էին նրան։

Քարոզչություն Գալիլեայում

14 Հովհաննեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա. քարոզում էր Աստծու թագավորության Ավետարանն

15 ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։

Հիսուսը կանչում է չորս ձկնորսներին

16 Գալիլեայի լճափով անցնելիս տեսավ Սիմոնին ու նրա եղբայր Անդրեասին, որոնք լճի մեջ ուռկան էին գցում, որովհետև ձկնորս էին։

17 Հիսուսը նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, ու ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։

18 Նրանք անմիջապես իրենց ուռկանները թողեցին ու նրան հետևեցին։

19 Փոքր-ինչ առաջանալով՝ տեսավ ԶեբեդեոսիորդիՀակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք ևս նավի վրա ուռկաններ էին կարգի բերում.

20 նրանց էլ իսկույն կանչեց։ Նրանք, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավի վրա թողնելով, նրան հետևեցին։

Դիվահարի բժշկումը

21 Եվ մտան Կափառնաում։ Հենց շաբաթ օրը նա ժողովարան մտավ և ուսուցանում էր։

22 Եվ նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իբրև իշխանություն ունեցող էր ուսուցանում նրանց, այլ ոչ թե դպիրների պես։

23 Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար. նա աղաղակեց

24 ու ասաց. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս Նազովրեցի։ Մեզ կորստյան մատնելո՞ւ եկար։ Գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբը»։

25 Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր և դրա միջից դո՛ւրս արի»։

26 Պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով՝ նրա միջից դուրս եկավ։

27 Բոլորը զարմացան. իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ի՞նչ է, ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, ու հնազանդվում են նրան»։

28 Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։

Հիսուսը շատերին է բժշկում

29 Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Սիմոնի ու Անդրեասի տուն եկան։

30 Սիմոնի զոքանչը տենդի մեջ պառկած էր։ Իսկույն նրա մասին ասացին Հիսուսին։

31 Նա մոտեցավ, ձեռքից բռնելով նրան ոտքի կանգնեցրեց, և տենդն իսկույն թողեց նրան։ Եվ ծառայում էր նրանց։

32 Երբ երեկո եղավ, արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներին և դիվահարներին նրա մոտ բերեցին։

33 Քաղաքի բոլոր բնակիչները դռան առաջ էին հավաքվել։

34 Տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց։ Եվ դևերին թույլ չէր տալիս, որ խոսեին, որովհետև նրան գիտեին։

35 Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։

36 Սիմոնն ու նրա հետ եղողները նրա հետևից գնացին։

37 Եվ երբ նրան գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։

38 Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։

39 Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։

Բորոտի բժշկումը

40 Հիսուսի մոտ մի բորոտ եկավ. ծնկի իջած աղաչում էր և ասում. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։

41 Հիսուսը գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ ու ասաց. «Ուզում եմ, մաքրվի՛ր»։

42 Երբ ասաց նրան, բորոտությունն իսկույն վերացավ նրա վրայից, և նա մաքրվեց։

43 Եվ նրան անմիջապես դուրս հանելով՝ հորդորեց ու

44 ասաց. «Զգո՛ւյշ կաց, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային ու քո մաքրվելու համար մատուցի՛ր այն, ինչ Մովսեսն է հրամայել՝ որպես դրա վկայություն»։

45 Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։

Categories
Մարկոս

Մարկոս 2

Անդամալույծի բժշկումը

1 Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որմեկիտանն է։

2 Անմիջապես այնքան շատ մարդիկ հավաքվեցին, որ դռան մոտ նույնիսկ տեղ չկար։ Եվ նաԱստծուխոսքն էր քարոզում նրանց։

3 Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին բռնել էին չորսհոգով։

4 Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այնտանտանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։

5 Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։

6 Դպիրներից ոմանք նստած էին այնտեղ և իրենց մեջ մտածում էին.

7 «Ինչպե՞ս է սա այդպես խոսում. հայհոյում է։ Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»։

8 Եվ Հիսուսն իսկույն իր հոգում իմացավ, որ իրենց մտքում այդպես են մտածում, և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ձեր մտքում նման բաներ մտածում։

9 Ո՞րն է հեշտ. անդամալույծին ասել՝ “Քո մեղքերը ներված են քեզ”, թե՞ ասել՝ “Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քայլի՛ր”։

10 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա մեղքերին թողություն տալու իշխանություն ունի (անդամալույծին ասաց),

11 ասում եմ քեզ՝ վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ, քո տո՛ւն գնա»։

12 Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։

Հիսուսը կանչում է Ղևիին

13 Եվ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։

14 Անցնելիս տեսավ ԱլփեոսիորդիՂևիին՝ մաքսատանը նստած, ու նրան ասաց. «Իմ հետևի՛ց արի»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Հիսուսի հետևից։

15 Եվ երբ նրա տանը սեղան էր նստել, շատ մաքսավորներ ու մեղավորներ էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ ճաշի նստել, որովհետև շատ մարդիկ էին նրա հետևից գնում։

16 Բայց դպիրներն ու փարիսեցիները, տեսնելով, որ ուտում է մաքսավորների ու մեղավորների հետ, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում և խմում»։

17 Երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»։

Հարց ծոմապահության մասին

18 Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ոմանք նրա մոտ եկան ու ասացին. «Ինչո՞ւ են Հովհաննեսի ու փարիսեցիների աշակերտները ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։

19 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։

20 Բայց օրեր կգան, և փեսան նրանց միջից կվերցվի. այդ օրերին էլ ծոմ կպահեն։

21 Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, այլապես նոր կարկատանը հին կտորը կքաշի, և պատռվածքն ավելի վատ կլինի։

22 Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես նոր գինին տիկերը կպայթեցնի, գինին կթափվի, տիկերն էլ կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի»։

Շաբաթ օրը հարգելու մասին

23 Եվ այնպես եղավ, որ նա շաբաթ օրն անցնում էր արտերով, ու նրա աշակերտներն սկսեցին հասկ պոկելով գնալ։

24 Փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, շաբաթ օրով ի՛նչ են անում. օրինավոր չէ»։

25 Եվ նա ասաց նրանց. «Դուք երբևէ չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ կարիքի մեջ էր, երբ սոված էին և՛ ինքը, և՛ իր հետ եղողները.

26 ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։

27 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Շաբաթը մարդու համար է, և ոչ թե մարդը՝ շաբաթի համար։

28 Հետևաբար Մարդու Որդին շաբաթի՛ էլ տերն է»։

Categories
Մարկոս

Մարկոս 3

Չորացած ձեռքի բժշկումը

1 Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։

2 Եվ սպասում էին Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞ նրան, որպեսզի ամբաստանեին։

3 Նա ձեռքը չորացած մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։

4 Իսկ նրանց հարցրեց. «Օրենքը որևէ մեկին թույլ է տալիս շաբաթ օրը բարի՞ գործ անել, թե՞ չար, մի կյանք փրկե՞լ, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լռեցին։

5 Նա, իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացավ։

6 Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին. հերովդեսականների հետ նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպե՛ս կորցնեն։

Բազմություններ Հիսուսի հետևից

7 Եվ Հիսուսն իր աշակերտների հետ լճի մոտ գնաց։ Եվ Գալիլեայից ու Հուդայից մեծ բազմություններ էին նրա հետևից գնում։

8 Բազում ժողովուրդ Երուսաղեմից, Եդովմից, Հորդանանից դուրս գտնվող շրջանից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին, երբ լսում էին, թե ինչե՛ր է անում, նրա մոտ էին գալիս։

9 Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ բազմության պատճառով իր համար մի փոքր նավ պատրաստ պահեն, որպեսզի մարդիկ իրեն չսեղմեն։

10 Քանի որ շատերին էր բժշկել, արդ ովքեր տառապում էին հիվանդություններից, նրա վրա էին թափվում նրան դիպչելու համար։

11 Եվ երբ պիղծ ոգիները նրան տեսնում էին, նրա առաջն էին ընկնում, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդին ես»։

12 Եվ նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։

Տասներկուսի ընտրությունը

13 Հիսուսը լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, ում որ կամեցավ։ Եվ նրանք նրա մոտ գնացին։

14 Նա ընտրեց տասներկու հոգու, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու,

15 և որ նրանք ցավերը բուժելու, դևեր հանելու իշխանություն ունենան։

16 Նա ընտրեց Սիմոնին, որի անունը Պետրոս դրեց,

17 ԶեբեդեոսիորդիՀակոբոսին ու Հակոբոսի եղբորը՝ Հովհաննեսին, որոնց անվանեց Բաներեգես, որ է «Որոտման որդիներ»,

18 Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, ԱլփեոսիորդիՀակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն

19 և Հուդա Իսկարիովտացուն, որն էլ մատնեց նրան։

20 Եվ տուն եկան. դարձյալ բազմություն հավաքվեց, նույնիսկ չկարողացան հաց ուտել։

21 Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։

Հիսուսը և Բեեղզեբուղը

22 Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին եկել, ասում էին, թե Բեեղզեբուղ ունի և դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում։

23 Այդ ժամանակ Հիսուսը, նրանց իր մոտ կանչելով, առակներով ասում էր նրանց. «Սատանան ինչպե՞ս կարող է սատանային դուրս հանել։

24 Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող հարատևել։

25 Եվ եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունըկանգունմնալ չի կարող։

26 Եթե սատանան ինքն իր դեմ դուրս գա և բաժանվի, չի կարողկանգունմնալ. նրա վախճանը հասել է։

27 Ոչ ոք, զորեղ մարդու տունը մտնելով, չի կարող նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ այդ զորեղ մարդուն չկապի. հետո նրա տունը կկողոպտի։

28 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մարդկանց որդիների բոլոր մեղքերն ու հայհոյանքները կներվեն,

29 բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի»։

30 Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին, թե նրա մեջ պիղծ ոգի կա։

Հիսուսի մայրն ու եղբայրները

31 Հետո եկան նրա մայրն ու եղբայրները և դրսում կանգնած՝ նրա մոտմարդուղարկեցին, որ նրան կանչի։

32 Նրա շուրջը նստել էր բազմությունը։ Նրան ասացին. «Ահա մայրդ ու եղբայրներդ դրսում քեզ են ուզում»։

33 Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։

34 Ապա իր շուրջը նստածներին նայեց ու ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։

35 Որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։