Categories
ԵԼՔ

ԵԼՔ 31

Ժողովի վրանի պաշտոնյաները

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։

3 Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ,

4 որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար,

5 ակնաքարեր գամել, փայտեր փորագրել և ի գործ դնել ամեն տեսակ արհեստներ։

6 Եվ ես ահա նրա հետ տվեցի Աքիսամայի որդի Ողիաբին՝ Դանի ցեղից։ Եվ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մեջ իմաստություն դրեցի, որպեսզի անեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ.

7 ժողովի վրանը, վկայության տապանակն ու նրա վրայի քավությունը, վրանի ամբողջ սպասքը,

8 զոհասեղանն ու նրա անոթները, մաքուր ոսկուց աշտանակն ու նրա բոլոր գործիքները, խնկարկության սեղանը,

9 ողջակեզների սեղանն ու նրա բոլոր գործիքները, ավազանն ու նրա պատվանդանը,

10 պաշտամունքի զգեստները, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների քահանայություն անելու զգեստները,

11 օծության յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը. բոլորը կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։

Շաբաթը՝ հանգստյան օր

12 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

13 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։

14 Ուրեմն պահե՛ք շաբաթը, որովհետև դա ձեզ համար սուրբ է։ Ով որ այն պղծի, անպատճառ պիտի մեռցվի։ Ամեն ոք, ով այդօրըգործ կանի, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։

15 Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը՝ հանգստյան շաբաթը, սուրբ պետք է լինի Տիրոջ համար։ Ով որ հանգստյան օրը գործ անի, անպատճառ պիտի մեռցվի։

16 Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։

17 Դա հավիտենական նշան է իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեց և հանգստացավ”»։

18 Երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները. քարե տախտակներ՝ Աստծու մատով գրված։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 32

Ոսկե հորթը

1 Ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսն ուշացավ լեռից իջնելու, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան. որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ի՛նչ եղավ»։

2 Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե օղերը և բերե՛ք ինձ մոտ»։

3 Ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերը և բերեց Ահարոնի մոտ։

4 Նա դրանք վերցրեց նրանց ձեռքից և քանդակագործի գործիքով ձև տալով դրան՝ կերտեց մի ձուլածո հորթ։ Եվ ասացին. «Սա է քո աստվածը, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։

5 Ահարոնը, տեսնելովայդ,զոհասեղան շինեց դրա առաջ։ Նա հայտարարեց՝ ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։

6 Հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով՝ ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր բերեցին։ Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու։ Ու վեր կացան պարելու։

7 Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից։

8 Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց։ Ձուլածո հորթ շինեցին իրենց համար, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին նրան և ասացին. “Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից”»։

9 Տերն ասաց Մովսեսին. «Տեսա այս ժողովրդին. ահավասիկ խստապարանոց ժողովուրդ է նա։

10 Այժմ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ բարկությունը բորբոքվի նրանց դեմ, և կոտորեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ դարձնեմ»։

11 Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի քո բարկությունը քո ժողովրդի վրա, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից քո մեծ զորությամբ և հզոր բազկով։

12 Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։

13 Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց դու երդվեցիր քո անձով և ասացիր նրանց. “Երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ ձեր սերունդը և այս ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, և հավիտյան պիտի ժառանգեն”»։

14 Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ ասել էր, թե պիտի աներ իր ժողովրդին։

15 Մովսեսը դարձավ և իջավ լեռից։ Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները։ Տախտակների երկու երեսին էլ գրված էր. թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից նրանք գրված էին։

16 Տախտակներն Աստծու գործն էին, և գրվածքն Աստծու գրվածքն էր՝ տախտակների վրա փորագրված։

17 Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, ասաց Մովսեսին. «Բանակատեղիում պատերազմի ձայն կա»։

18 Մովսեսն ասաց. «Դա ո՛չ հաղթության աղաղակ է և ո՛չ էլ պարտության աղաղակ. այլ երգի ձայն եմ լսում ես»։

19 Երբ մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, Մովսեսի բարկությունը բորբոքվեց, տախտակները շպրտեց իր ձեռքից և դրանք կոտրատեց լեռան ստորոտին։

20 Վերցրեց նրանց կերտած հորթը և կրակով այրեց ու մանրեց, մինչև որ փոշու վերածեց. ցանեց ջրի վրա և խմեցրեց Իսրայելի որդիներին։

21 Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ժողովուրդն ի՞նչ արեց քեզ, որ դու նրանց վրա այս մեծ մեղքը բերեցիր»։

22 Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի. դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին։

23 Նրանքինձ ասացին. “Մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան, որովհետև այդ մարդը՝ Մովսեսը՝ Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանողը, չգիտենք, թե ի՛նչ եղավ”։

24 Ես նրանց ասացի. “Ով որ ոսկի ունի, թող հանի, և բերեն ինձ մոտ”։ Ես այն նետեցի կրակը, և դուրս եկավ այս հորթը»։

25 Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անզուսպ է (որովհետև Ահարոնը անզուսպ էր դարձրել նրանց՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար)։

26 Մովսեսը, կանգնելով բանակատեղիի դռան մոտ, ասաց. «Ով որ Տիրոջն է պատկանում, ինձ մոտթող գա»։ Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ։

27 Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։

28 Ղևիի որդիները Մովսեսի խոսքի պես արեցին, և այդ օրը ժողովրդի միջից մոտ երեք հազար մարդ ընկավ։

29 Ապա Մովսեսն ասաց. «Այսօր դուք նվիրվեցիք Տիրոջը. ձեզնից ամեն մեկն իր որդու և իր եղբոր դեմ ելավ. Տերը ձեզ օրհնեց այսօր»։

30 Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք. հիմա ես կբարձրանամ Տիրոջ մոտ, գուցե քավություն անեմ ձեր մեղքերի համար»։

31 Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ա՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց. նրանք իրենց համար ոսկե աստվածներ կերտեցին։

32 Բայց հիմա եթե ներելու ես նրանց մեղքերը,ների՛ր,ապա թե ոչ, աղաչում եմ, ջնջի՛ր ինձ քո գրած գրքից»։

33 Տերն ասաց Մովսեսին. «Ով մեղանչել է իմ դեմ, ես նրա՛ն կջնջեմ իմ մատյանից։

34 Իսկ հիմա գնա՛ և ժողովրդին տա՛րայնտեղ,ուր քեզ ասացի։ Ահա իմ հրեշտակը կգնա քո առջևից. բայց իմ այցելության օրը նրանց մեղքը իրենց վրա պիտի բերեմ»։

35 Եվ Տերը հարվածեց ժողովրդին պատրաստված այն հորթի համար, որ շինել էր Ահարոնը։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 33

Աստված հրամայում է Իսրայելին հեռանալ Սինա լեռից

1 Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից, և գնա՛ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու այն”։

2 Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից և դուրս կանեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։

3 Նա ձեզ կմտցնիայն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք. միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»։

4 Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը և սուգ արեց, ու ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց,

5 որովհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե մի րոպե ձեզ հետ վեր գնամ, բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։

6 Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը։

Ժողովի վրանը

7 Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էրգտնվում։

8 Երբ Մովսեսը դեպի վրանն էր գնում, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը, իր վրանի մուտքին կանգնած, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա մտնում էր վրանը։

9 Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, ևՏերըխոսում էր Մովսեսի հետ։

10 Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը վրանի դռան մոտ կանգնած. և ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։

11 Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ։ ԱպաՄովսեսըվերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս։

Տերը խոստանում է իր ժողովրդի հետ լինել

12 Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Հանի՛ր այս ժողովրդին”, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ո՛ւմ ես ինձ հետ ուղարկելու։ Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և իմ առջև շնորհ գտար”։

13 Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։

14 Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամքո առաջիցև հանգստացնեմ քեզ»։

15 Մովսեսնասաց նրան. «Եթե դու ինքդմեզ հետչգնաս, մեզ այստեղից մի՛ հանիր։

16 Եվ ինչի՞ց պիտի իմացվի, թե ես և ժողովուրդը շնորհ գտանք քո առջև։ Չէ՞ որ երբ դու մեզ հետ գնաս, ես և քո ժողովուրդը կտարբերվենքաշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից»։

17 Տերն ասաց Մովսեսին. «Այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհ գտար, և ես քեզ ճանաչում եմ քո անունով»։

18 Մովսեսն ասաց. «Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։

19 Տերնասաց. «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջանունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ»։

20 Եվ ասաց. «Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող ինձ տեսնել ու կենդանի մնալ»։

21 Տերն ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա։

22 Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ և իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչև որ ես անցնեմ։

23 Հետո իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, և դու կտեսնես ինձ հետևից, բայց իմ երեսը չի երևա»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 34

Քարե նոր տախտակները

1 Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։

2 Առավոտվա համար պատրա՛ստ եղիր և առավոտյան բարձրացի՛ր Սինա լեռը և այնտեղ լեռան գլխին կանգնի՛ր իմ առաջ։

3 Ոչ ոք չբարձրանա քեզ հետ, և ոչ ոք չերևա ամբողջ լեռան վրա. ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածի այդ լեռան ստորոտին»։

4 Մովսեսը երկու քարե տախտակներ կոփեց նախկինների նման։ Նա վաղ առավոտյան վեր կացավ, բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, և իր ձեռքն առավ երկու քարե տախտակները։

5 Տերն ամպով իջավ, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և կանչեց իր անունը։

6 Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ,

7 որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնումհանցավորինև հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը»։

8 Մովսեսն շտապելով մինչև գետին խոնարհվեց և երկրպագություն արեց։

9 Եվ ասաց. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ, թող իմ Տերը մեզ հետ գնա, որովհետև սա խստապարանոց մի ազգ է, և ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ քո ժառանգությունը դարձրու»։

Ուխտի նորոգումը

10 Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։

11 Մի՛տքդ պահիր, ինչ որ պատվիրում եմ քեզ այսօր։ Ահա պիտի քշեմ քո առաջից ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։

12 Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես, որպեսզի նրանք ձեր մեջ որոգայթ չդառնան։

13 Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց կուռքերը և կոտրատե՛ք նրանց աստարովթները։

14 Որովհետև ուրիշ աստծու երկրպագություն չպիտի անեք, քանի որ Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։

15 Չլինի թե այդ երկրի բնակիչների հետ ուխտ կապես, և նրանք, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս և նրանց զոհեր մատուցելիս կանչեն քեզ, և դու ուտես նրանց զոհաբերածից.

16 և քո որդիներինկինառնես նրանց աղջիկներից, ու նրանց աղջիկներն էլ, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս պոռնկություն անել տան նաև քո որդիներին՝ իրենց աստվածների հետևից գնալ տալով։

17 Ձուլածո աստվածներ չկերտես քեզ համար։

18 Կպահես Բաղարջակերաց տոնը. ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես Աբիբ ամսվա որոշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս ելար Եգիպտոսից։

19 Ամեն առաջնածինինձ է պատկանում,նաևքո անասունների մեջ ամեն արու առաջնեկ, արջառ լինի, թե ոչխար։

20 Բայց էշի առաջնածինը կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես, այն ժամանակ նրա վիզը կկտրես։ Քո որդիների բոլոր առաջնեկներին կփրկագնես, և ոչ մեկն իմ առաջ ձեռնունայն չերևա։

21 Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը հանգստանաս։ Պիտի հանգստանաս նաև ցանքի և հնձի ժամանակ։

22 Կկատարես շաբաթների, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, ևբերքահավաքիտոնը՝ տարվա վերջին։

23 Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Իսրայելի Ամենակալ Տեր Աստծու առաջ,

24 որովհետև քո առաջից պիտի քշեմ ազգերին և պիտի ընդարձակեմ քո սահմանները. ոչ ոք չպիտի ցանկանա քո երկիրը, երբ դու տարին երեք անգամ վեր բարձրանաս՝ ներկայանալու քո Տեր Աստծուն։

25 Իմ զոհի արյունը թթխմորով հացի վրա չթափես, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։

26 Քո երկրի առաջին բերքը կբերես քո Տեր Աստծու տունը։

Ուլն իր մոր կաթի մեջ չեփես»։

27 Տերն ասաց Մովսեսին. «Այս խոսքերը գրի՛ր քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։

28 Մովսեսն այնտեղ մնաց Տիրոջ հետ քառասուն օր և քառասուն գիշեր. հաց չկերավ և ջուր չխմեց ու տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը, այսինքն՝ տասը պատվիրանները։

Մովսեսն իջնում է Սինա լեռից

29 Երբ Մովսեսն իջնում էր Սինա լեռից, վկայության երկու տախտակներն իր ձեռքին էին լեռից իջնելիս։ Մովսեսը չգիտեր, որՏիրոջ հետխոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր։

30 Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլում էր. վախեցան մոտենալ նրան։

31 Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանավորները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։

32 Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան։ Եվ Մովսեսը պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։

33 Եվ Մովսեսը վերջացրեց նրանց հետ խոսելը և իր երեսին քող էր դրել։

34 Երբ Մովսեսը ներկայանում էր Տիրոջը՝ նրա հետ խոսելու համար, հանում էր քողը մինչև դուրս գալը. և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին ասում էր, ինչ որ պատվիրվել էր իրեն։

35 Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը լուսափայլում էր. Մովսեսն իր երեսը քողով ծածկում էր մինչ նրա հետ խոսելու մտնելը։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 35

Կարգադրություններ շաբաթ օրվա համար

1 Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը և ասաց նրանց. «Սրանք են այն բաները, որ Տերը պատվիրեց, որ անեք.

2 վեց օր պիտի աշխատեք, բայց յոթերորդ օրը սուրբ պիտի լինի ձեզ համար, այսինքն՝ հանգստյան շաբաթ Տիրոջ համար։ Ով որ գործ անի այդ օրը, պիտի մեռցվի։

3 Շաբաթ օրը ձեր բոլորի բնակարաններում կրակ չվառեք»։

Ընծաներ սուրբ խորանին

4 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ՝ ասելով. «Այս է այն պատվերը, որ Տերը տվեց՝ ասելով.

5 “Ձեր միջից Տիրոջ համար ընծա՛ վերցրեք։ Ում սիրտը որ հոժար է, թող ընծա բերի Տիրոջ համար. ոսկի, արծաթ, պղինձ,

6 կապույտ, ծիրանի, կարմիր գույնի նուրբ կտավ, այծի մազ,

7 խոյի կարմիր ներկված մորթիներ, թեհաշի մորթիներ, սատիմի փայտեր,

8 լույսի համար ձեթ, համեմունքներ օծության յուղի համար և անուշահոտ խնկի համար,

9 եղնգաքարեր և ամրացնելու քարեր եփուդի համար և լանջապանակի համար”։

Ժողովի վրանի առարկաները

10 Ձեր միջից սրտով բոլոր իմաստունները թող գան և շինեն այն ամենը, ինչ պատվիրել է Տերը.

11 տաաղավարը, նրա վրանը, նրա ծածկը, նրա ճարմանդները, նրա շրջանակները, նրա նիգերը, նրա սյուները, նրա խարիսխները,

12 տապանակն ու նրա ձողերը, քավությունը ևայնծածկող վարագույրը,

13 զոհասեղանն ու նրա ձողերը, նրա բոլոր անոթները, առաջավորության հացը,

14 լույսի աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, նրա կանթեղներն ու լույսի ձեթը,

15 խնկարկության սեղանն ու նրա ձողերը, օծության յուղը, անուշահոտ խունկը, վրանի մուտքի վարագույրը,

16 ողջակեզի սեղանն ու նրա պղնձեցանցակերպկասկարան, նրա ձողերն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը,

17 գավթի վարագույրները, նրա սյուներն ու խարիսխները, գավթի մուտքի վարագույրը,

18 վրանի ցցերն ու սրահի ցցերը, դրանց պարանները,

19 ծառայության զգեստները սրբարանում ծառայության համար, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ քահանայություն անելու համար»։

Ժողովուրդը բերում է իր ընծաները

20 Իսրայելի ամբողջ ժողովուրդը գնաց Մովսեսի մոտից։

21 Բոլորը, ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին ժողովի վրանի գործի համար, նրա ամբողջ ծառայության համար և սուրբ զգեստների համար։

22 Եկան տղամարդիկ և կանայք։ Բոլոր նրանք, ովքեր սրտով կամեցող էին, բերեցին գինդեր, օղեր, մատանիներ, ապարանջաններ և ամեն տեսակ ոսկե զարդեր. ամեն ոք ոսկե ընծա նվիրաբերեց Տիրոջը։

23 Բոլոր նրանք, ովքեր ունեին կապույտ, ծիրանագույն և կարմիր, նուրբ կտավներ, այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ և թեհաշի մորթիներ, բերեցին։

24 Բոլոր արծաթե և պղնձե ընծա տվողներն ընծան բերեցին Տիրոջը. բոլոր նրանք, ում մոտ կար ծառայության ամեն գործի համար սատիմի փայտեր, բերեցին։

25 Եվ իմաստուն սրտով բոլոր կանայք իրենց ձեռքերով մանեցին և իրենց մանած կապույտ, ծիրանագույն, կարմիր ու նուրբ կտավը բերեցին։

26 Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։

27 Իշխանավորները բերեցին եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի համար ամրացնելու քարեր,

28 նաև լույսի համար, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ և յուղբերեցին։

29 Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամենտեսակգործերի համար, որՏերըՄովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։

Ժողովի վրանի սպասավորները

30 Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Տերն անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։

31 Նա նրան լցրեց Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամեն ճարտարությամբ,

32 որպեսզի նա ոսկու, արծաթի և պղնձի վրա հնարամիտ վարպետի գործեր կատարի,

33 քարեր տաշի ամրացնելու համար, փայտեր փորագրի և կատարի ամեն տեսակ վարպետի գործեր։

34 Տերը նրա սրտի մեջ դրեց, որ սովորեցնի էլ թե՛ նրան և թե՛ Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբին։

35 Նրանց լցրեց սրտի իմաստությամբ, որպեսզի քանդակագործի գործը, նաև ամեն տեսակ գործ անող և հնարքներ հնարող արհեստավորի, կապույտի, ծիրանագույնի և կարմիրի ու նուրբ կտավի վրա նկարազարդողի և ասեղնագործողիգործնանեն»։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 36

1 Բեսելիելը, Ողիաբը և սրտով բոլոր իմաստունները, որոնց Տերը օժտել էր իմաստությամբ և խելամտությամբ՝ գիտենալու և գործադրելու սրբարանի ծառայության համար ամեն տեսակ գործերը, կատարեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը։

Ժողովուրդը շատ ընծաներ է բերում

2 Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ողիաբին և սրտով բոլոր իմաստուններին, որոնց Տերն իմաստության ոգի էր պարգևել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր սրտով հոժար էին գործի անցնելու և ավարտելու գործը։

3 Նրանք Մովսեսից առան բոլոր ընծաները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի ծառայություն անելու համար։ Նրանք տակավին ամեն առավոտ կամավոր ընծաներ էին բերում նրա մոտ։

4 Սրբարանի ամբողջ գործը կատարող բոլոր իմաստուն մարդիկ, յուրաքանչյուրը, թողնելով իր գործը, եկավ.

5 խոսեցին Մովսեսի հետ՝ ասելով. «Ժողովուրդն ավելին է բերում, քան անհրաժեշտ է այն գործի համար, որ Տերը պատվիրել է անել»։

6 Մովսեսը պատվիրեց բանակատեղիում հայտարարություն անել և ասել. «Թող այլևս ոչ ոք, տղամարդ լինի, թե կին, սրբարանի համար ընծաներ չբերի»։ Եվ ժողովուրդը դադարեց նվերներ բերելուց։

7 Նյութը բավական էր այդ բոլոր գործերը պատրաստելու համար. դեռ ավելացավ։

Ժողովի վրանի շինությունը

8 Վրանի գործն անող բոլոր սրտով իմաստունները պատրաստեցին տասը վարագույրները՝ մանած նուրբ կտավից և կապույտից, ծիրանագույնից և կարմիրից, և այն պատրաստեցին ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

9 Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսը նույնն էր։

10 Հինգ վարագույրներն իրար էին կցված, մյուս հինգ վարագույրները նույնպես կցված էին իրար։

11 Կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզերքին նա կապույտ օղակներ դրեց. մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզերքին էլ նույնն արեց։

12 Մեկ վարագույրի վրա դրեց հիսուն օղակ, իսկ մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին նույնպես դրեց հիսուն օղակ։ Այդ օղակները դեմ դիմաց էին։

13 Ապա հիսուն ոսկե ճարմանդներ դրեց և վարագույրները ճարմանդներով միացրեց իրար։ Վրանը մեկամբողջությունդարձավ։

14 Վրանի համար այծի մազից վարագույրներ պատրաստեց որպես ծածկ. տասնմեկ այդպիսի վարագույրներ պատրաստեց։

15 Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ վարագույրների չափսը նույնն էր։

16 Հինգ վարագույրներն իրար միացրեց առանձին և վեց վարագույրներն էլ՝ առանձին։

17 Հիսուն օղակ դրեց մեկ վարագույրի եզերքին՝ կցվածքի մոտ, և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։

18 Պատրաստեց հիսուն պղնձե ճարմանդներ՝ վրանը կոճկելու համար, որպեսզի մեկամբողջությունլինի։

19 Վրանի համար մի ծածկոց պատրաստեց խոյի կարմիր ներկված մորթիներից և մի ծածկոց էլ թեհաշի մորթիներից՝ դրա վրա։

20 Վրանի համար սատիմի փայտից ուղղահայաց դիրքով շրջանակներ պատրաստեց։

21 Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, և մեկ շրջանակի լայնությունը՝ մեկուկես կանգուն։

22 Ամեն մեկ շրջանակն ուներ իրար ագուցված երկու ցցվածք։ Այդպես արեց նաև վրանի բոլոր շրջանակների համար։

23 Վրանի շրջանակները պատրաստեց. քսան շրջանակ դրեց դեպի հարավ՝ հարավային կողմում։

24 Քսան շրջանակների տակ դրեց քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար։

25 Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար պատրաստեց քսան շրջանակ

26 և քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ։

27 Վրանի ետևի՝ արևմտյան կողմի համար պատրաստեց վեց շրջանակ

28 և երկու շրջանակ էլ՝ վրանի մյուս անկյունների համար՝ ետևի կողմից։

29 Ներքևի կողմից դրանք զույգ էին, իսկ վերևից իրար միացած էին մեկ օղակով։ Երկուսն էլ պատրաստեց երկու անկյուններում։

30 Այսպիսով՝վրանները ութն էին իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. ամեն մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ։

31 Սատիմի փայտից նիգեր պատրաստեց. հինգը՝ վրանի մի կողմի շրջանակների համար,

32 հինգ նիգ՝ վրանի մյուս կողմի շրջանակների համար և հինգ նիգ՝ վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար։

33 Պատրաստեց նաև մեջտեղի նիգը, որպեսզի շրջանակների միջով այն անցկացվի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը։

34 Շրջանակները պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց դրանց օղակները, որոնց միջով պիտի անցկացվեին նիգերը. նիգերը պատեց ոսկով։

35 Վարագույրը պատրաստեց կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից. պատրաստեց ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

36 Սատիմի փայտից չորս սյուն շինեց նրա համար և դրանք պատեց ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց էին։ Դրանց համար ձուլեց չորս արծաթե խարիսխներ։

37 Վրանի մուտքի համար պատրաստեց նկարազարդ մի վարագույր՝ կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։

38 Եվ նրա հինգ սյուներն ու դրանց կեռիկները, դրանց խոյակներն ու դրանց կապերը պատեց ոսկով. դրանց հինգ խարիսխները պղնձից էին։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 37

Ուխտի տապանակի պատրաստումը

1 Բեսելիելը տապանակը շինեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

2 Ներսից և դրսից այն պատեց մաքուր ոսկով։ Դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։

3 Դրա չորս անկյունների համար ձուլեց չորս ոսկե օղակներ, այսինքն՝ երկու օղակ՝ մի կողմից և երկու օղակ՝ մյուս կողմից։

4 Սատիմի փայտից ձողեր շինեց և դրանք պատեց ոսկով։

5 Ձողերն անցկացրեց տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վեր բարձրացվի տապանակը։

6 Քավությունը շինեց մաքուր ոսկուց։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, և դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։

7 Երկու ոսկե քերովբեներ շինեց. դրանք կռածո շինեց քավության երկու ծայրերին.

8 մի քերովբեն՝ այս կողմի ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ մյուս կողմի ծայրին. քավությունից շինեց քերովբեները՝ նրա երկու ծայրերին։

9 Քերովբեներն իրենց թևերը տարածում էին վերևից՝ իրենց թևերով ծածկելով քավությունը, և նրանց երեսները դեմ դիմաց էին, և քերովբեների երեսները քավության վրա էին։

Աստծուն մատուցված հացի սեղանի պատրաստումը

10 Սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

11 Այն պատեց մաքուր ոսկով և դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։

12 Դրա շուրջբոլորը դրեց մեկ թզաչափ բարձրությամբ մի եզրագոտի և այդ եզրագոտու շուրջը՝ ոսկե մի եզրագոտի։

13 Զոհասեղանի համար ձուլեց չորս ոսկե օղակներ և օղակները դրեց չորս անկյուններին, որոնք զոհասեղանի չորս ոտքերի մոտ էին։

14 Օղակները կցված էին պսակին իբրև ձողերի տեղեր՝ զոհասեղանը բարձրացնելու համար։

15 Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով՝ զոհասեղանը բարձրացնելու համար։

16 Պատրաստեց սեղանի վրա դրվելիք անոթները՝ դրա սկուտեղներն ու խնկամանները, սկիհներն ու բաժակները, որոնցովհեղելունվեր է մատուցվում։Դրանք պատրաստեցմաքուր ոսկուց։

Աշտանակի պատրաստումը

17 Աշտանակը պատրաստեց մաքուր ոսկուց. կոփածո պատրաստեց աշտանակը. դրա բունը և ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից էինելնում։

18 Դրա կողքերից դուրս էին գալիս վեց ճյուղեր. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։

19 Մեկ ճյուղի վրա կար երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Մյուս ճյուղի վրա էլ՝ երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Այսպես էին աշտանակից դուրս ելած վեց ճյուղերը։

20 Աշտանակիբնիվրա կային նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։

21 Երկու ճյուղերի տակ կար իրենիցելնողմեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենիցելնողմեկ գնդիկ։ Այսպես էին այն վեց ճյուղերը, որոնք դուրս էին գալիս նրանից։

22 Նրանց գնդիկներն ու ճյուղերն իրենից էին՝ ամբողջությամբ կոփածո մեկ կտոր մաքուր ոսկուց։

23 Դրա յոթ կանթեղները, ունելիներն ու մոխրակալները պատրաստեց մաքուր ոսկուց։

24 Մի տաղանդ մաքուր ոսկի օգտագործեց պատրաստելու համար աշտանակն ու նրա ամբողջ սպասքը։

Խնկարկության սեղանի պատրաստումը

25 Սատիմի փայտից պատրաստեց խունկ ծխելու սեղանը։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրներն իրենից էին։

26 Մաքուր ոսկով պատեց դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը պատրաստեց ոսկե մի եզրագոտի։

27 Եզրագոտու ներքևի մասում, երկու կողմերին նրա համար ոսկուց երկու օղակներ պատրաստեց. երկու անկյունների վրա՝ դրանց մեջ ձողեր անցկացնելու և սեղանը բարձրացնելու համար։

28 Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով։

Օծության յուղի և խնկի պատրաստությունը

29 Պատրաստեց օծության սուրբ յուղը և մաքուր, անուշահոտ խունկը՝ յուղագործի արհեստով։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 38

Ողջակեզի սեղանի պատրաստումը

1 Ողջակեզի սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն։

2 Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ արեց. նրա եղջյուրներն իրենից էինելնում.և այն պատեց պղնձով։

3 Զոհասեղանի ամբողջ սպասքը, այսինքն՝ մոխրակալները, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղներն ու կրակարանները պատրաստեց. նրա ամբողջ սպասքը պղնձից պատրաստեց։

4 Զոհասեղանի համար պատրաստեց պղնձե ցանցակերպ մի կասկարա, որը դրեց նրա շրջանակի տակ ներքևից, մինչև նրա կեսը։

5 Ձուլեց չորս օղակներ պղնձե կասկարայի չորս անկյուններին՝ ձողեր անցկացնելու համար։

6 Ձողերը շինեց սատիմի փայտից և դրանք պատեց պղնձով։

7 Ձողերն անցկացրեց զոհասեղանի կողքերին գտնվող օղակների մեջ՝ զոհասեղանը դրանցով բարձրացնելու համար։ Այն պատրաստեց տախտակներից՝ մեջը դատարկ։

Պղնձե ավազանի պատրաստումը

8 Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ժողովի վրանի մուտքին խմբերով հավաքվող կանանց հայելիներից։

Ժողովի վրանի վարագույրը

9 Կառուցեց գավիթը. հարավային կողմի համար՝ վարագույրները դեպի հարավ, մանած նուրբ կտավից, հարյուր կանգուն։

10 Դրանց սյուները՝ քսան, դրանց խարիսխները՝ քսան։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։

11 Հյուսիսային կողմի համար՝ հարյուր կանգունվարագույր.սյուները՝ քսան հատ, և դրանց խարիսխները՝ քսան, պղնձից։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։

12 Արևմտյան կողմի համար վարագույրները՝ հիսուն կանգուն. դրանց սյուները՝ տասը, խարիսխները՝ տասը։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։

13 Արևելյան կողմի համար, դեպի արևելք,վարագույրըհիսուն կանգուն էր։

14 Մուտքիմեկ կողմի վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, ու դրանց խարիսխները՝ երեք։

15 Մյուս կողմի համար էլ, այսինքն՝ գավթի դռան այս կողմից և մյուս կողմից վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, և դրանց խարիսխները՝ երեք։

16 Գավթի չորս կողմերի բոլոր վարագույրները մանած նուրբ կտավից էին։

17 Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների կեռիկներն ու դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ։ Գավթի բոլոր սյուներն էլ արծաթե ճանկերովիրար կցվածէին։

18 Գավթի մուտքի վարագույրը նկարազարդ էր, կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։ Դրա երկարությունը քսան կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների չափ։

19 Դրանց սյուները չորսհատ էին,դրանց պղնձե խարիսխները՝ չորս. դրանց կեռիկներն արծաթից էին, դրանց խոյակները՝ արծաթապատ, և ճանկերը՝ արծաթից։

20 Խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։

Ժողովի վրանի մեջ գործածված մետաղներ

21 Այս է խորանի, այսինքն՝ վկայության խորանիկառուցմանհաշիվը, որը հաշվարկվեց Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողությամբ, ինչպես պատվիրել էր Մովսեսը ղևտացիների միջոցով։

22 Հուդայի ցեղից Բեսելիելը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։

23 Նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբը, որը վարպետ փորագրիչ և ձեռագործող էր և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավների վրա նկարազարդող։

24 Այն ամբողջ ոսկին, որ գործածվեց այս շինության համար, այսինքն՝ սրբարանի ամբողջ կառուցման համար նվիրված ոսկին քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։

25 Մարդահամարով ժողովրդիցհավաքվածարծաթը հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի.

26 մարդագլուխ՝ կես սիկղ, այսինքն՝ սրբարանի սիկղի հետ համեմատած՝ սիկղի կեսը քսան տարեկան և ավելի ամեն մարդու համար, որ անցնում էր մարդահամարից,այսինքն՝վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդուց։

27 Հարյուր տաղանդ արծաթ օգտագործվեց սրբարանի խարիսխները և վարագույրի խարիսխները ձուլելու համար. հարյուր տաղանդ՝ հարյուր խարիսխի համար. մեկ տաղանդ՝ յուրաքանչյուր խարիսխի համար։

28 Այն հազար յոթ հարյուր յոթանասունհինգսիկղ արծաթովպատրաստեց սյուների կեռիկները և դրանց խոյակները պատեց ու կապեց նրանց։

29 Նվիրված պղինձը յոթանասուն տաղանդ և երկու հազար չորս հարյուր սիկղ էր։

30 Դրանով պատրաստեց ժողովի վրանի մուտքի խարիսխները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան և զոհասեղանի բոլոր գործիքները,

31 գավթի չորս կողմերի խարիսխները, գավթի դռան խարիսխները, վրանի բոլոր ցցերը և գավթի չորս կողմերի բոլոր ցցերը։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 39

Քահանաների զգեստների պատրաստությունը

1 Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

2 Եփուդը պատրաստեցին ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։

3 Ոսկու թիթեղները ծեծեցին և թել-թել կտրեցին, որպեսզի դրանք գործվեն կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավի հետ՝ վարպետորեն հյուսելով։

4 Ագուցիկ ուսադիրներ պատրաստեցին նրան. այն կոճկվում էր երկու ծայրերից։

5 Եփուդի վրայի գոտին հենց իրենից էր, ուներ նույն գործվածքը, ոսկուց և կապույտ, ծիրանի ու կարմիր և մանած նուրբ կտավից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

6 Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։

7 Դրանք դրեցին եփուդի ուսերի վրա՝ իբրև հիշատակի քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Լանջապանակի պատրաստությունը

8 Եփուդի գործվածքի նման գեղարվեստական հյուսվածքով պատրաստեցին լանջապանակը՝ ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։

9 Քառակուսի և կրկնածալ արեցին լանջապանակը. մի թզաչափ երկարությամբ ու մի թզաչափ լայնությամբ և երկծալ էր։

10 Դրա վրա ամրացվեցին չորս շարք ակնաքարեր։ Առաջին շարքի վրա՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։

11 Երկրորդ շարքը կարկեհան, շափյուղա և ադամանդ էր։

12 Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։

13 Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։Դրանքամրացված էին ոսկե խորշերի մեջ։

14 Քարերը տասներկու հատ էին՝ ըստ Իսրայելի որդիների անունների։ Դրանք փորագրված էին կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։

15 Լանջապանակի վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսված շղթաներ։

16 Պատրաստեցին երկու ոսկե խորշիկներ և երկու ոսկե օղակներ. երկու օղակներն ամրացրին լանջապանակի երկու ծայրերին։

17 Երկու հյուսված ոսկե շղթաներն անցկացրին լանջապանակի ծայրերին եղած երկու օղակների մեջ։

18 Հյուսված շղթաներիմյուսերկու ծայրերն էլ մտցրին այդ երկու խորշիկների մեջ և դրանք դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից։

19 Ոսկե երկու օղակներէլշինեցին և լանջապանակի ներսի կողմից դրեցին եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։

20 Նաևուրիշերկու ոսկե օղակներ շինեցին և դրանք դրեցին եփուդի երկու ուսերի ներքևի մասում՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ, եփուդի գոտու վրայից։

21 Լանջապանակի օղակները կապույտ մի ժապավենով կապեցին եփուդի օղակներին, որպեսզի եփուդի գոտու վրա լինի, և լանջապանակը չբաժանվի եփուդից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Քահանայական այլ զգեստների պատրաստությունը

22 Եփուդի պատմուճանը պատրաստեցին ամբողջությամբ հյուսված կապույտբրդից։

23 Պատմուճանը մեջտեղի մասում մի բացվածք ուներ, որ նման էր զրահի բացվածքի. բացվածքի շուրջը մի եզերք կար, որպեսզի պատմուճանը չպատռվի։

24 Պատմուճանի քղանցքներին գործեցին կապույտից, ծիրանագույնից և կարմիրից հյուսված նռնածաղիկներ։

25 Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները դրեցին պատմուճանի քղանցքների շուրջբոլորը, նռնածաղիկների միջև.

26 մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ, մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ պատմուճանի քղանցքներին՝ շուրջանակի. դա ծառայություն անելու համար, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

27 Նրանք նուրբ կտավից հյուսված շապիկներ պատրաստեցին Ահարոնի և նրա որդիների համար։

28 Խույրը՝ նուրբ կտավից և գլխարկի ապարոշները՝ նուրբ կտավից և անդրավարտիքները՝ մանած նուրբ կտավից։

29 Գոտին նույնպես՝ կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից, նկարազարդ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

30 Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին, ինչպես փորագրում են կնիքը. «ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ»։

31 Այն կապեցին կապույտ մի ժապավենով, որպեսզի վերևից դրվի խույրի վրա, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

Գործի ավարտը

32 Այսպիսով ավարտվեց խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին։

33 Մովսեսի մոտ բերեցին վրանը, ծածկոցը և դրա ամբողջ սպասքը, դրա ճարմանդները, շրջանակները, նիգերը, դրա սյուներն ու խարիսխները,

34 խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոցը, թեհաշի մորթիներից պատրաստված ծածկոցը, ծածկող վարագույրը,

35 վկայության տապանակը, դրա ձողերը և քավությունը,

36 զոհասեղանը և դրա բոլոր անոթները, առաջավորության հացը,

37 մաքուրոսկուցաշտանակն իր ճրագամաններով, այսինքն՝ շարքով դրված ճրագամաններով և իր ամբողջ սպասքով, լույսի ձեթը,

38 ոսկե սեղանը, օծության յուղը, անուշահոտ խունկը, մուտքի վարագույրը,

39 պղնձե զոհասեղանը և դրա պղնձե կասկարան, դրա ձողերն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը,

40 գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, խորանի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը և խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ սպասքը ծառայություն անելու համար,

41 սրբարանում ծառայության համար օգտագործվող ծիսական հանդերձները և Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները, որ քահանայություն անեն։

42 Իսրայելի որդիներն այս բոլոր գործերը կատարեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

43 Մովսեսը նայեց ամբողջ կատարվածին։ Եվ ահա այն արել էին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր. այդպես էին արել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։

Categories
ԵԼՔ

ԵԼՔ 40

Ժողովի վրանի կանգնեցումն ու օծումը

1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2 «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես խորանը,այսինքն՝ժողովի վրանը։

3 Նրա մեջ կդնես վկայության տապանակը և տապանակը կծածկես վարագույրով։

4 Սեղանը ներս կբերես և դրա վրա կշարեսհացերը։Ներս կբերես աշտանակը և կվառես դրա ճրագները։

5 Վկայության տապանակի առաջ կտեղավորես խնկարկության ոսկե սեղանը և խորանի մուտքին կկախես վարագույրը։

6 Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի առաջ կդնես ողջակեզների սեղանը։

7 Ավազանը կդնես ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։

8 Գավիթը կկանգնեցնես շուրջանակի և գավթի մուտքին կկախես վարագույրը։

9 Կառնես օծության յուղը և կօծես վրանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է։ Կսրբագործես այն և նրա բոլոր անոթները, որպեսզի դրանք սուրբ լինեն։

10 Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։

11 Կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես այն։

12 Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։

13 Ահարոնին կհագցնես սուրբ զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որպեսզի ինձ համար քահանայություն անի։

14 Կմոտեցնես նաև նրա որդիներին, շապիկներ կհագցնես նրանց

15 և նրանց էլ կօծես, ինչպես օծեցիր նրանց հորը, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Նրանց օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական քահանայության համար կլինի»։

16 Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։

17 Երկրորդ տարվա առաջին ամսի առաջին օրը կանգնեցվեց վրանը։

18 Մովսեսը կանգնեցրեց վրանը, դրեց դրա խարիսխները, կանգնեցրեց դրա շրջանակները, անցկացրեց նիգերը և կանգնեցրեց սյուները։

19 Տաղավարի վրա տարածեց վրանը և վրանի ծածկոցը դրեց դրա վրա վերևից, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

20 Առավ վկայությունն ու դրեց տապանակի մեջ. ձողերն անցկացրեց տապանակին և քավությունը դրեց տապանակի վրա վերևից։

21 Տապանակը բերեց վրանի ներսը, ծածկող վարագույրը վրան քաշեց և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

22 Սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, վարագույրից դուրս։

23 Դրա վրա շարեց հացերը Տիրոջ առաջ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

24 Աշտանակը դրեց ժողովի վրանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմից,

25 և ճրագները վառեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

26 Ոսկե սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ վարագույրի դիմաց,

27 և դրա վրա խնկարկեց անուշահոտ խունկը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

28 Վարագույրը կախեց խորանի մուտքին։

29 Խորանի,այսինքն՝ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

30 Ավազանը դրեց ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար։

31 Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։

Ամպը՝ ժողովի վրանի վրա

32 Երբ նրանք մտնում էին ժողովի վրանը և մոտենում զոհասեղանին, լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

33 Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեցամբողջգործը։

34 Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։

35 Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։

36 Երբ ամպը վերանում էր վրանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց բոլոր ճամփորդությունների ընթացքում։

37 Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում մինչև նրա վերանալու օրը։

38 Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճամփորդությունների ընթացքում։