Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 9

Երուսաղեմը պատժվում է

1 Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Մոտեցե՛ք, ո՛վ քաղաքի դահիճներ, և ամեն մարդ՝ իր կործանման գործիքն իր ձեռքին»։

2 Եվ ահա վեց մարդ էր գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և ամեն մարդ՝ իր քանդող գործիքն իր ձեռքին. նրանց մեջ մի մարդ կար՝ քաթանով զգեստավորված ու գրագրի մի թանաքաման իր մեջքին. եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ։

3 Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։

4 Եվ Տերը նրան ասաց. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ կատարվող բոլոր պիղծ բաների համար»։

5 Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։

6 Սպանե՛ք ու ոչնչացրե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց, բայց ամեն մեկին, ում վրա նշանը կա, մի՛ մոտեցեք. ու սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին։

7 Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։

8 Երբ նրանք հարվածում էին, և ես առանձին մնացի, վայր ընկա երեսիս վրա, գոչեցի ու ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե դու ոչնչացնելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Երուսաղեմի վրա քո զայրույթը թափելով»։

9 Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։

10 Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպնիրենց գլխով եմ տալու»։

11 Եվ ահա քաթանով զգեստավորված մարդը, որի մեջքին էր թանաքամանը, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ հրամայել էիր ինձ»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 10

Տիրոջ փառքը հեռանում է տաճարից

1 Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքովմի բաներևաց նրանց վրա։

2 Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։

3 Այն մարդու մտնելու ժամանակ քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցրեց ներքնագավիթը։

4 Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ։

5 Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։

6 Երբ հրամայեց քաթանով զգեստավորված մարդուն. «Անիվների միջից, քերովբեների մեջտեղից կրա՛կ վերցրու», նա գնաց ու կանգնեց անիվի կողքին։

7 Եվ քերովբեների միջից քերովբեն իր ձեռքը մեկնեց դեպի քերովբեների մեջտեղում գտնվող կրակը, վերցնելով դրեց քաթանով զգեստավորվածի ափի մեջ, և նա առավ ու դուրս եկավ։

8 Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։

9 Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։

10 Եվ նրանց չորսի տեսքը մի նմանություն ուներ. կարծես թե անիվն անիվի մեջ լիներ։

11 Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։

12 Եվ նրանց բոլոր մարմինները, նրանց մեջքերն ու ձեռքերը, նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց չորսի անիվները։

13 Ինչ վերաբերում է անիվներին, ականջներում նրանք կոչվեցին «Մրրիկ»։

14 Եվամեն մի քերովբեչորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։

15 Եվ քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց տեսա Քեբար գետի մոտ։

16 Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։

17 Երբքերովբեներըկանգնում էին,անիվներնէլ կանգնում էին, և նրանց բարձրանալու ժամանակ վերանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակի հոգին կար նրանց մեջ։

18 Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։

19 Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։

20 Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։

21 Ամեն մեկը չորսական երես ուներ և ամեն մեկը՝ չորս թև, և մարդու ձեռքերի նման բան կար նրանց թևերի տակ։

22 Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 11

Երուսաղեմը դատապարտվելու է

1 Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։

2 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են անօրենություն նյութող մարդիկ, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքում։

3 Եվ ասում են. “Ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք. այս քաղաքը կաթսան է, մենք էլ՝ միսը”։

4 Ուստի մարգարեացի՛ր նրանց դեմ, մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի»։

5 Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց ինձ. «Ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Դուք այսպես եք մտածում, ո՛վ Իսրայելի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում եղածը։

6 Դուք այս քաղաքում շատացրիք ձեր սպանվածներին և նրա փողոցները լցրիք սպանվածներով”։

7 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Ձեր սպանվածները, որ դուք դրանում դրեցիք, դրանք են միսը, իսկ այսքաղաքը՝կաթսան. իսկ դուք պիտի հանվեք նրա միջից։

8 Դուք սրից վախեցաք, բայց ես սուր եմ բերելու ձեզ վրա””»,- ասում է Տեր Աստված։

9 «Եվ ձեզ պիտի դուրս բերեմ նրա միջից և ձեզ օտարների ձեռքը պիտի մատնեմ ու ձեզ վրա դատավճիռներ պիտի գործադրեմ։

10 Սրից պիտի ընկնեք, Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ, և պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։

11 Այսքաղաքըձեզ համար կաթսա չպիտի դառնա, ոչ էլ դուք նրա մեջ միս պիտի լինեք. Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ,

12 և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ձեզ շրջապատող ազգերի սովորությունների պես արեցիք»։

13 Եվ իմ մարգարեանալու ժամանակ Բանեայի որդի Փաղատիան մեռավ. ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակելով՝ ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե պիտի բոլորովին ոչնչացնես Իսրայելի մնացորդին»։

Աստված պիտի հավաքի ցրված ժողովրդին

14 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

15 «Քո եղբայրները, մարդո՛ւ որդի, քո եղբայրները, քո ազգականները և ողջ Իսրայելի ամբողջ տունը նրանք են, որոնց մասին Երուսաղեմի բնակիչներն ասում են. “Նրանք Տիրոջից հեռացած են. երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված”։

16 Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Թեև նրանց հեռացրել եմ ազգերի մեջ և թեև նրանց ցրել եմ երկրներում, բայց ես նրանց համար մի փոքրսրբարան պիտի դառնամ այն երկրներում, ուր գնացել են նրանք””։

17 Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ես ձեզ պիտի հավաքեմ ազգերի միջից ու ժողովեմ ձեզ այն երկրներից, ուր ցրված եք, և Իսրայելի երկիրը ձեզ պիտի տամ։

18 Նրանք այնտեղ պիտի մտնեն և նրանից պիտի հեռացնեն նրա բոլոր գարշելի կուռքերն ու նրա բոլոր պիղծ պատկերները։

19 Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ,

20 որպեսզի իմ կանոններով ընթանան և իմ պատվիրանները պահեն և դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը։

21 Իսկ որոնց սրտերը իրենց գարշելի քանդակների և պիղծ կուռքերի հետևից են գնում, նրանց արարքներն իրենց գլխով պիտի տամ”,- ասում է Տեր Աստված”»։

Աստծու փառքը հեռանում է Երուսաղեմից

22 Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը, անիվներն էլ նրանց կողքին, և Իսրայելի Աստծու փառքը նրանց վրա էր՝ վերևում։

23 Եվ Տիրոջ փառքը քաղաքի միջից վերև բարձրացավ ու կանգնեց այն սարի վրա, որ քաղաքի արևելքում էր։

24 Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։Այս բանըտեսիլքովեղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։

25 Եվ ես տարագերիներին ասացի այն ամենը, որ Տերն ինձ ցույց էր տվել։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 12

Մարգարեն՝ տարագիր

1 Եվ ես տարագիրներին ասացի ամենը, ինչ որ Տերը ցույց էր տվել ինձ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։

3 Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր և ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր. գուցե հասկանան, թեև ապստամբների տուն են նրանք։

4 Եվ քո գույքը ցերեկով նրանց աչքի առաջ դո՛ւրս բեր իբրև տարագրության գույք, բայց ինքդ իրիկունը նրանց աչքի առաջ դո՛ւրս եկ տարագրության գնացողների նման։

5 Նրանց աչքի առաջ պատը փորի՛ր և այնտեղո՛վ դուրս արի։

6 Նրանց աչքի առաջ ուսիդ պիտի բարձես և դուրս բերես մթնած ժամանակ. երեսդ պիտի ծածկես, որ երկիրը չտեսնես, որովհետև քեզ նշան կարգեցի Իսրայելի տան համար»։

7 Եվ ես այնպես արեցի, ինչպես որ հրամայվել էր ինձ. իրերս դուրս հանեցի ցերեկով՝ որպես տարագրի գույք, և իրիկունը ձեռքով ինձ համար պատը փորեցի, մթնած ժամանակ դուրս եկա՝ ուսի վրա կրելով նրանց աչքի առաջ։

8 Առավոտյան Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

9 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը՝ ապստամբների տունը, քեզ չասա՞ց. “Այդ ի՞նչ ես անում”։

10 Նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Այս պատգամը իշխանին մասին է՝ Երուսաղեմում և Իսրայելի ամբողջ տանը, որ այնտեղ է””։

11 Ասա՛. “Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպես որ արեցի, նույնպես է լինելու նրանց, նրանք պիտի տարագրվեն, գերեվարվեն։

12 Եվ այն իշխանը, որ նրանց մեջ է, մթնած ժամանակ ուսի վրա է բարձելու և դուրս գալու. պատը պիտի փորեն, որ այնտեղից դուրս բերեն նրան, նա իր դեմքը պիտի ծածկի, որպեսզի երկիրն աչքով չտեսնի։

13 Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։

14 Եվ նրա շուրջը եղողներին, նրա օգնականներին ու նրա բոլոր զորագնդերին ես կցրեմ բոլոր հողմերին և սուր կմերկացնեմ նրանց հետևից։

15 Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ որ նրանց տարածեմ ազգերի մեջ ու նրանց ցրեմ երկրներով։

16 Նրանցից սակավաթիվ մարդկանց պիտի թողնեմ,որ ազատվենսրից, սովից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր պիղծ բաները պատմեն այն ազգերի մեջ, ուր պիտի գնան և պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։

Դողացող մարգարեի նշանը

17 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18 «Մարդո՛ւ որդի, հացդ դողալո՛վ կեր և ջուրդ տագնապով ու անձկությա՛մբ խմիր։

19 Եվ ասա՛ երկրի ժողովրդին. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմի բնակիչների մասին, որ Իսրայելի երկրում են. “Նրանք իրենց հացն անձկությամբ պիտի ուտեն և իրենց ջուրը սարսափով պիտի խմեն, որովհետև նրանց երկիրը պիտի ամայանա իր լիությունից՝ նրա մեջ բոլոր բնակվողների անօրենությանպատճառով։

20 Շեն քաղաքները պիտի կործանվեն, և երկիրն ամայանա. պիտի իմանաք, որ ես եմ Տերը””»։

Տիրոջ խոսքը իրականանալու է

21 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

22 «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած է, որ ունեք Իսրայելի երկրում, որ ասում եք. “Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է”։

23 Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Ես կվերացնեմ այդ առածը, և այն Իսրայելի մեջ մյուս անգամ իբրև առած չեն ասի””. բայց նրանց ասա՛. “Օրերը մոտեցել են, և ամեն տեսիլք կկատարվի։

24 Որովհետև այլևս Իսրայելի տան մեջ ոչ մի ունայն տեսիլք և շողոքորթող գուշակություն չպիտի լինի։

25 Որովհետև ես եմ Տերը. պիտի խոսեմ, ինչ խոսք որ պիտի խոսեմ, և պիտի կատարվի անհապաղ, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, պիտի խոսեմ իմ խոսքը և կատարեմ”»,- ասում է Տեր Աստված։

26 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

27 «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ասում է. “Այն տեսիլքը, որ նա տեսնում է, հեռավոր օրերի համար է, և նա հեռու ժամանակների համար է մարգարեանում”։

28 Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Այլևս հապաղում չպիտի լինի. ամեն մի խոսքը, որ ես խոսեմ, պիտի կատարվի””»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 13

Ընդդեմ կեղծ մարգարեների

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքիցմարգարեացողներին. “Լսե՛ք Տիրոջ խոսքը.

3 այսպես է ասում Տեր Աստված. “Վա՜յ հիմար մարգարեներին, որ իրենց հոգու հետևից են գնում և ոչինչ չեն տեսնում””։

4 Քո մարգարեներն ավերակներում եղող աղվեսների պես են, ո՛վ Իսրայել։

5 Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։

6 Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. “Տերն է ասում”, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։

7 Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. “Տերն է ասում”, երբ ես չէի խոսել»։

8 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև ձեր խոսքերը ունայն են, և ձեր գուշակությունները՝ սուտ, ուստի ես ձեզ դեմ եմ»,- ասում է Տեր Աստված։

9 «Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն տեսիլք են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն իմ ժողովրդի խորհրդի մեջ, չպիտի գրանցվեն Իսրայելի տան գրքում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տեր Աստված։

10 Որովհետև նրանք մոլորեցնում են իմ ժողովրդին՝ ասելով. “Խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ ժողովուրդը պատ է կառուցում, նրանք կրածեփում են։

11 Ծեփողներին ասա՛. “Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։

12 Եվ ահա երբ պատը տապալվի, մի՞թե ձեզ չեն ասելու. “Ո՞ւր է այն կրածեփը, որով ծեփեցիք””։

13 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։

14 Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

15 Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. “Չկա պատը, և չկան այն ծեփողները՝

16 Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա””»,- ասում է Տեր Աստված։

Ընդդեմ սուտ մարգարեուհիների

17 «Եվ դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք մարգարեանում են իրենց մտքից, և մարգարեացի՛ր նրանց դեմ

18 ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Վա՜յ այն կանանց, որոնքմոգականբարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակիմարդկանցգլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։

19 Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում””»։

20 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։

21 Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

22 Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։

23 Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 14

Աստված դատապարտում է կռապաշտությունը

1 Իսրայելի երեցներից ինձ մոտ մարդիկ եկան ու նստեցին առաջս։

2 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

3 «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում և իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։

4 Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. “Իսրայելի տնից ամեն մի մարդու, որ իր կուռքերն իր սրտում բարձրացրել է և իր անօրենության գայթակղությունն իր դեմքի առաջ է դրել և մարգարեի մոտ է գալիս, ես՝ Տերը, նրան, որ գալիս է, պատասխան պիտի տամ ըստ նրա կուռքերի շատության,

5 որպեսզի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձնից օտարացել են իրենց բոլոր կուռքերով””։

6 Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը,

7 որովհետև Իսրայելի տնից և այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից և իր կուռքերը բարձրացնի իր սրտում և իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձնից, ես՝ Տերը, ինքս եմ նրան պատասխան տալու։

8 Ես իմ դեմքը այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և նրան նշան ու առակ պիտի դարձնեմ և նրան պիտի կտրեմ իմ ժողովրդի միջից։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

9 Եվ եթե մի մարգարե հրապուրվի և մի խոսք արտասանի, Տերը՝ ես եմ մոլորեցրել այդ մարգարեին և իմ ձեռքը նրա դեմ պիտի մեկնեմ ու նրան բնաջնջեմ իմ Իսրայել ժողովրդի միջից։

10 Եվ այսպես իրենց անօրինության պատիժը պիտի կրեն. ինչպես մարգարեի պատիժն է, հարցնողի պատիժը նույնը պիտի լինի,

11 որպեսզի Իսրայելի տունն այլևս չմոլորվի ինձնից, և այլևս իրենց չպղծեն իրենց բոլոր հանցանքներով, և նրանք իմ ժողովուրդը լինեն, իսկ ես նրանց Աստվածը լինեմ””»,- ասում է Տեր Աստված։

Նոյ, Դանիել, Հոբ

12 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

13 «Մարդո՛ւ որդի, երբ մի երկիր մեղանչի իմ դեմ՝ անհավատարմություն գործելով, և ես իմ ձեռքը նրա դեմ մեկնեմ և կոտրեմ նրա հացի գավազանն ու նրա մեջ սով գցեմ և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը,

14 նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն՝ Նոյը, Դանիելը և Հոբը, սրանք իրենց արդարությամբ իրենց անձերը կազատեն»,- ասում է Տեր Աստված։

15 «Եթե ես չար գազաններ ուղարկեմ մի երկրով, նրան անզավակ դարձնեն, և նա ամայի դառնա, որ անցնող չլինի գազանների պատճառով,

16 նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,-իրենցորդիներին ու դուստրերին չենկարողանալուազատել. միայն իրենք կազատվեն, ու երկիրն ամայի կդառնա։

17 Կամ եթե սուր բերեմ այն երկրի վրա և ասեմ. “Թող սուրն անցնի այդ երկրով”, և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը,

18 թեև այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված.- նույնիսկիրենցորդիներին ու դուստրերին չենկարողանալուազատել, այլ միայն իրենք կազատվեն։

19 Կամ եթե ժանտախտ ուղարկեմ այն երկիրը և իմ զայրույթը թափեմ նրա վրա արյունով՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար,

20 և Նոյը, Դանիելը և Հոբը նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- ո՛չ որդի, ո՛չ դուստր չեն ազատելու. նրանք իրենց արդարությամբ միայն իրենց անձը կազատեն»։

21 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Որչափ ավելի, երբ իմ չորս վատ պատիժները՝ սուրը, սովը, չար գազաններն ու ժանտախտը, բերեմ Երուսաղեմի վրա՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար։

22 Եվ ահա նրա մեջ մնացորդ պիտի մնա՝ ազատվածներ, որոնք որդիներ ու դուստրեր դուրս պիտի բերենայնտեղից. ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ, և դուք պիտի տեսնեք նրանց վարքնու նրանց գործերը և պիտի մխիթարվեք այն պատուհասի վերաբերյալ, որ բերեցի Երուսաղեմի վրա, այն ամենի վերաբերյալ, որ բերեցի նրա վրա։

23 Եվ նրանք պիտի մխիթարեն ձեզ, երբ տեսնեք նրանց վարքն ու նրանց բոլոր արարքները։ Եվ դուք կիմանաք, որ առանց պատճառի չէ, որ արել եմ այն ամենը, ինչ արել եմ նրա մեջ»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 15

Առակ որթատունկի մասին

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, որթատունկի փայտն ի՞նչ առավելություն ունի մյուս փայտերից, որ գտնվում են անտառի ծառերի ճյուղերի մեջ։

3 Մի՞թե նրանից փայտ կվերցվի որևէ բանի գործածելու համար. կամ թե նրանից մի սեպ կվերցվի՞ դրանից որևէ առարկա կախելու համար։

4 Ահա տրվում է կրակի մեջ իբրև վառելիք. նրա երկու ծայրերը կրակը լափի, և միջուկը այրվի. մի՞թե նա մի բանի պիտանի կլինի։

5 Եթե նա ամբողջ եղած ժամանակ ոչնչի օգտակար չէ, ուր մնաց թե կրակը լափի նրան, և նա այրված լինի. մի՞թե նա դեռ մի բանի պիտանի կլինի»։

6 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։

7 Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։

8 Եվ այս երկիրն ամայի պիտի դարձնեմ նրանց արած անհավատարմության համար»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 16

Անհավատարիմ Երուսաղեմը

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտարարի՛ր նրա պիղծ բաները

3 և ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին. “Ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։

4 Իսկ քո ծնունդիդ՝ քո ծնված օրը, պորտդ չկտրվեց, և մաքրվելու համար ջրով չլվացվեցիր և աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր։

5 Ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։

6 Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասացի. “Քո արյան մեջ ապրի՛ր”։ Այո՛, քեզ ասացի. “Քո արյան մեջ ապրի՛ր”։

7 Դաշտի բույսի պես քեզ բազմացրի, և դու շատացար ու մեծացար և դարձար զարդերի զարդը. ստինքներդ կազմավորվեցին, ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։

8 Եսդարձյալանցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։

9 Եվ ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ։

10 Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։

11 Ես քեզ զարդերով պճնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքերիդ վրա և մանյակ՝ պարանոցիդ։

12 Օղակ դրեցի քո քթին և գինդեր՝ քո ականջներին ու փառավոր պսակ՝ քո գլխին։

13 Եվ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները ընտիր կտավից, մետաքսյա ու ասեղնագործ դարձան. ընտիր նաշիհ, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։

14 Քո գեղեցկության շնորհիվ քո համբավն ազգերի մեջ տարածվեց, որովհետև իմ վայելչությամբ, որ քեզ վրա դրել էի, այն կատարյալ եղավ””»,- ասում է Տեր Աստված։

15 «Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր և քո համբավի պատճառով պոռնկացար ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա, և այն նրանը դարձավ։

16 Դու վերցրիր քո հանդերձներից և քեզ համար գույնզգույն բարձրադիր վայրեր շինեցիր ու նրանց վրա պոռնկացար. նմանը չի եղել և չի լինելու։

17 Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։

18 Վերցրիր քո ասեղնագործ հագուստներն ու դրանք ծածկեցիր և իմ յուղն ու իմ խունկը դրանց առաջ դրեցիր։

19 Եվ քեզ տվածս հացը՝ քեզ կերցրած նաշիհը, յուղն ու մեղրը, դու նրանց առաջ դրեցիր անուշ հոտի համար։ Եվ այսպես եղավ»,- ասում է Տեր Աստված։

20 «Եվ որդիներիդ ու դուստրերիդ վերցրիր, որոնց ինձ համար էիր ծնել, ու նրանց զոհեցիր լափվելու համար. մի՞թե քիչ է քո պոռնկությունը,

21 որ դու մորթեցիր իմ զավակներին և նրանց իբրև զոհ մատուցեցիր։

22 Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։

Երուսաղեմի կյանքը՝ որպես պոռնկություն

23 «Վա՜յ, վա՜յ քեզ,- ասում է Տեր Աստված.- քո բոլոր չարություններից հետո

24 դու քեզ համար բարձրահարթակ կառուցեցիր և ամեն հրապարակում բարձրավայրպատրաստեցիր քեզ համար։

25 Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։

26 Եվ պոռնկացար եգիպտացիների՝ քո մեծանդամ դրացիների հետ և շատացրիր քո պոռնկությունները՝ ինձ բարկության գրգռելու համար։

27 Ուստի ահա ես իմ ձեռքը քո դեմ դրեցի և կրճատեցի քո ռոճիկը, քեզ հանձնեցի քո թշնամիների կամքին, քեզ ատող փղշտացիների դուստրերին, որոնք ամաչում են քո լիրբ ընթացքից։

28 Չհագենալով՝ Ասորեստանի որդիների հետ ևս շնություն արեցիր ու չհագեցար։

29 Եվ շատացրիր քո շնությունները Քանանի երկրում, մինչև առևտրականների երկիրը՝ Քաղդեաստան, բայց սրանով ևս չհագեցար։

30 Ի՜նչ տկար է քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը՝

31 բարձրահարթակներդ ամեն ճանապարհի գլխին շինելով և բարձր տեղերդ ամեն հրապարակում սարքելով, սակայն պոռնիկի պես չեղար, որովհետև վճարն անարգեցիր։

32 Պոռնկացող կինն իր մարդու փոխարեն օտարներին է ընդունում։

33 Ամեն պոռնիկի վճար են տալիս, իսկ դու քո վճարը տալիս ես քո բոլոր սիրեկաններին. այո՛, դու ես նրանց կաշառում, որ շրջակայքից քեզ մոտ գան քո պոռնկությունների համար։

34 Եվ քո պոռնկությունների մեջ այլ կանանց հակառակն է լինում քեզ հետ. քեզ համար քեզ հետապնդող չկա։ Դու ես վճար տալիս և քեզ վճար չի տրվում, այո՛, դու հակառակը եղար»։

Աստծու դատաստանը Երուսաղեմին

35 «Ուրեմն, ո՛վ պոռնիկ, լսի՛ր Տիրոջ խոսքը.

36 այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց,

37 ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։

38 Եվ քեզ պիտի դատեմ շնացող և արյուն թափող կանանց դատաստանով և զայրույթի ու նախանձախնդրության արյունը պիտի բերեմ քեզ վրա։

39 Եվ ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո բարձրահարթակները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, քեզնից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո ընտիր զարդերը և քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն։

40 Եվ քեզ վրա մի ամբոխ պիտի հարուցեն ու քարկոծեն քեզ, իրենց սրերով խոցոտեն քեզ։

41 Կրակով պիտի այրեն տներդ և շատ կանանց աչքի առաջ քո դեմ դատավճիռներ պիտի կիրառեն։ Ես կդադարեցնեմ քո պոռնկությունը, և այլևս վճար չես տալու։

42 Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։

43 Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքներըքոգլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել”»։

Ինչպես մայրը, նույնպես աղջիկը

44 «Ահա ամեն առակախոս քո մասին այս առակը պիտի ասի. “Ինչպես մայրը,նույնպես էլաղջիկը”։

45 Դու քո մոր դուստրն ես, որ ատեց իր ամուսնուն ու իր որդիներին, և դու քույրերի քույրն ես, որոնք ատեցին իրենց ամուսիններին և իրենց որդիներին. ձեր մայրը քետացի է, իսկ ձեր հայրը՝ ամորհացի։

46 Քո մեծ քույրը Սամարիան է, ինքն ու իր դուստրերը, որոնք բնակվում են քո հյուսիսային կողմում, իսկ քո փոքր քույրը, որ բնակվում է քո հարավում, Սոդոմը և նրա դուստրերը։

47 Բայց դու նրանց ճանապարհներով չգնացի՞ր և նրանց պիղծ բաները չկատարեցի՞ր. շուտով քո բոլոր ճանապարհներում դու նրանցից ավելի ապականություն գործեցիր»։

48 «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- քո քույրը՝ Սոդոմը, ինքն ու իր դուստրերը չեն արել, ինչ դու ես արել և քո դուստրերը։

49 Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում։

50 Եվ նրանք հպարտացան ու պիղծ բաներ կատարեցին իմ առաջ, ուստի երբ տեսա, նրանց վերացրի.

51 Սամարիան քո մեղքերի կեսի չափ չի մեղանչել. դու նրանցից ավելի շատացրիր քո գարշելի արարքները և քո արած բոլոր պիղծ բաներով արդարացրիր քո քույրերին։

52 Ուրեմն կրի՛ր քո անարգանքը, դու, որ արդարացրել ես քո քույրերին, քո մեղքերի պատճառով, որ դու նրանցից ավելի պղծություն գործեցիր. նրանք քեզնից արդար են։ Ուրեմն ամաչի՛ր ու քո անարգա՛նքը կրիր, որ արդարացրիր քո քույրերին։

Սոդոմն ու Սամարիան կվերականգվեն

53 Պիտի վերադարձնեմ նրանց գերիներին, Սոդոմի և նրա դուստրերի գերությունը, Սամարիայի և նրա դուստրերի գերությունը և քո գերիների գերությունը նրանց մեջ,

54 որպեսզի կրես քո անարգանքը և ամաչես այն ամենով, որ արել ես՝ նրանց մխիթարություն դառնալով։

55 Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։

56 Քո հպարտության օրը քո քույր Սոդոմի մասինխոսքչկար քո բերանում

57 քո չարության հայտնվելուց առաջ. իսկ հիմա դու ծաղրանքի առարկա եղար Արամի դուստրերի և նրա շուրջը եղողների՝ փղշտացիների դուստրերի առաջ, որոնք նախատում են քեզ ամեն կողմից։

58 Քո լրբության և քո պիղծ արարքներիպատիժըպիտի կրես»,- ասում է Տերը։

Հավիտենական ուխտ

59 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քեզ հետ պիտի վարվեմ, ինչպես դու ես վարվել. անարգեցիր երդումը՝ ուխտը խզելով։

60 Իսկ ես պիտի հիշեմ քո մանկության օրերին քեզ հետ իմ կապած ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ։

61 Ու պիտի հիշես քո ճանապարհները և ամաչես, երբ մեծ քույրերիդ և փոքրերին ընդունես, ես նրանց քեզ պիտի տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս։

62 Եվ ես իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը։

63 Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ ես քեզ քավություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 17

Արծվի և որթատունկի առակը

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Մարդո՛ւ որդի, մի հանելո՛ւկ առաջարկիր և առա՛կ ասա Իսրայելի տանը։

3 Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Մի մեծ արծիվ՝ երկու մեծ թևերով, երկար փետուրներով, լի գույնզգույն, բարակ փետուրներով, եկավ Լիբանան և վերցրեց եղևնու կատարը,

4 նրա ընձյուղների գագաթը կտրեց ու այն տարավ վաճառականիերկիրը և այն դրեց վաճառականների քաղաքում։

5 Վերցրեց այն երկրի սերմից ու այն ցանեց մի պարարտ արտում. դրեց հորդառատ ջրերի մոտ, տնկեց ուռենունման։

6 Նա աճեց ու տարածված, ցածր մի որթատունկ դարձավ, դրա ճյուղերը դեպի նա ուղղվեցին, արմատները նրա տակ էին. նա մի որթատունկ դարձավ, ոստեր հանեց և ընձյուղներ արձակեց։

7 Մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փետրալից։ Եվ ահա այս որթատունկն իր ցանված ածուից իր արմատները թեքեց նրա կողմը, ոստերը դեպի նա արձակեց, որ նա իրեն ոռոգի։

8 Նա տնկվեց բարեբեր հողում՝ հորդառատ ջրերի մոտ, որ ոստեր տա, պտուղ բերի և ազնիվ որթ լինի””։

9 Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. “Մի՞թե նա կուռճանա. նա դրան արմատախիլ կանի. նրա պտուղը կթափվի ու կչորանա, ու նրա բուսած բոլոր տերևները կչորանան. առանց ուժեղ բազկի և մեծաթիվ մարդկանց այն արմատախիլ կլինի։

10 Եվ ահա, թեև տեղափոխելով տնկվի, մի՞թե ուռճանալու է. չէ՞ որ արևելյան քամին հենց դիպչի նրան, իսկույն պիտի չորանա. իր աճած ածուների մեջ պիտի չորանա””»։

Առակի բացատրությունը

11 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

12 «Ապստամբների տանն ասա՛. “Մի՞թե չգիտեք, թե սրանք ի՛նչ են նշանակում”։ Ասա՛. “Ահա Երուսաղեմ եկավ Բաբելոնի թագավորը, վերցրեց նրա թագավորին ու նրա իշխանավորներին և նրանց տարավ իր մոտ՝ Բաբելոն։

13 Թագավորի սերնդից վերցրեցմեկինև նրա հետ ուխտ կապեց ու նրան երդում անել տվեց. նաև երկրի մեծամեծներին վերցրեց,

14 որպեսզի թագավորությունը նվաստ լինի և չկարողանա իրեն բարձրացնել, որ իր ուխտը պահելով միայն գոյատևի։

15 Բայց նա ապստամբեց նրա դեմ՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որ իրեն ձիեր և շատ զորք տան. մի՞թե հաջողելու է. այս բաներն անողը մի՞թե ազատվելու է. ուխտը կդրժի և կազատվի՞”»։

16 «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այն տեղում, որտեղ ապրում է այն թագավորը, որ նրան թագավոր դարձրեց, որի երդումը նա անարգեց և որի ուխտը նա դրժեց, նա Բաբելոնում պիտի մեռնի։

17 Եվ պատերազմում փարավոնն իր մեծաթիվ զորքով և շատ բազմությամբ ոչինչ չի անելու, երբ պատվար կառուցվի, և պաշարման հողապատնեշ կազմվի շատ մարդկանց ոչնչացնելու համար։

18 Քանի որ նա անարգեց երդումը և դրժեց ուխտը և ահա նա իր ձեռքը տվեցև արեց այս ամենը, նա չի ազատվելու»։

19 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ ես. իմ երդումը, որ նա անարգեց, և իմ ուխտը, որ նա դրժեց, նրա գլխով պիտի տամ։

20 Նրա վրա իմ ցանցը պիտի տարածեմ, և նա պիտի բռնվի իմ որոգայթում, ու ես նրան Բաբելոն պիտի տանեմ և նրա դեմ այնտեղ դատ պիտի վարեմ այն անհավատարմության համար, որ գործեց իմ դեմ։

21 Եվ նրա զորագնդերի բոլոր փախստականներըսրից պիտի ընկնեն, իսկնրամնացորդները պիտի ցրվեն ամեն ուղղությամբ։ Եվ դուք կիմանաք, որ Տերը՝ ես եմ խոսել»։

Աստծու խոստումը

22 Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ինքսմի ոստպիտի վերցնեմ եղևինի բարձր գագաթից և տնկեմ. նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշը պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վեհ լեռան վրա։

23 Իսրայելի լեռնային բարձունքներում պիտի տնկեմ այն, և նա ոստեր պիտի արձակի ու պտուղ տա. նա ազնիվ եղևին պիտի դառնա. նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թևավոր թռչուններ, նրա ոստերի հովանու ներքո կբնակվեն նրանք։

24 Եվ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան, որ ես՝ Տերը, ցածրացրել եմ բարձր ծառերը և ցածր ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել ու դալարացրել չոր ծառը։ Ես՝ Տերը, ասել եմ և պիտի անեմ»։

Categories
ԵԶԵԿԻԵԼ

ԵԶԵԿԻԵԼ 18

Անհատական պատասխանատվություն

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Ի՞նչ նշանակություն ունի այն առածը, որ դուք ասում եք Իսրայելի երկրի վերաբերյալ. “Հայրերն ազոխ կերան, բայց որդիների ատամներն առան”»։

3 «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այս առածն այլևս չպիտի ասեք Իսրայելում։

4 Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։

5 Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն գործի,

6 սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենա

7 և մարդու չկեղեքի, պարտքի գրավը վերադարձնի, չհափշտակի, իր հացը սովածին տա, մերկին շոր հագցնի,

8 վաշխովփողչտա և տոկոս չառնի, իր ձեռքն անիրավությունից հետ պահի, ճշմարիտ դատաստան անի մարդու և մարդու միջև,

9 իմ կանոններով ընթանա և իմ պատվիրանները պահի, որ ճշմարտությամբ վարվի, նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված։

10 «Եթենա մի որդի ծնի, որ ավազակ ու արյունահեղ է, կամ նման արարքներ գործի,

11 և նա այս ամենը չանի, բայց սարերի վրա ուտի և իր ընկերոջ կնոջը պղծի,

12 աղքատին և չքավորին կեղեքի, կողոպտի, գրավը չվերադարձնի և իր աչքերը դեպի կուռքերը բարձրացնի, պիղծ բաներ գործի,

13 վաշխովփողտա և տոկոս առնի, մի՞թե նա կապրի. նա չի ապրի։ Ով անում է այս բոլոր պիղծ բաները, նա անշուշտ պետք է մեռնի. նրա արյունն իր վրա է լինելու։

14 Եվ ահա նա մի որդի ծնի, որը տեսնի իր հոր արած բոլոր մեղքերը, ուշադրություն դարձնի, նույնպես չանի.

15 սարերի վրա չուտի և իր աչքերը վեր չբարձրացնի դեպի Իսրայելի տան կուռքերը, իր ընկերոջ կնոջը չպղծի,

16 մարդու չկեղեքի, գրավ չառնի և ոչինչ չհափշտակի, իր հացը սովածին տա և մերկին շոր հագցնի,

17 աղքատից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, իմ պատվիրանները գործադրի, իմ կանոններով ընթանա, նա իր հոր անօրենության համար չի մեռնի, նա անշուշտ պիտի ապրի։

18 Իսկ նրա հայրը, քանի որ մեծապես հարստահարեց ևիրեղբորից բռնությամբ բան հափշտակեց և իր ժողովրդի մեջ արեց այն, ինչ որ լավ չէր, ահա նա պիտի մեռնի իր անօրենության համար։

19 Բայց դուք ասում եք. “Որդին ինչո՞ւ չկրի հոր անօրենությունը”։ Քանի որ որդին իրավունք և արդարություն գործեց, իմ բոլոր կանոնները պահեց և դրանք կատարեց, նա անշուշտ պիտի ապրի։

20 Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, որդին հոր անօրենությունը չպիտի կրի, և հայրը չպիտի կրի որդու անօրենությունը. արդարի արդարությունն իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարշտությունն էլ իր վրա պիտի լինի։

21 Բայց ամբարիշտը, երբ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ գործել էր, պահի իմ բոլոր կանոնները, իրավունք և արդարություն գործի, անշուշտ պիտի ապրի, նա չպիտի մեռնի։

22 Նրա արած բոլոր հանցանքները նրա դեմ չպիտի հիշվեն, նա պիտի ապրի իր գործած արդարությամբ։

23 Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճանապարհից նրա դարձի գալն ու ապրելը։

24 Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։

25 Դուք ասում եք. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. արդ լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն. մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։

26 Ձեր ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի, դրա համար պիտի մեռնի. նա իր արած անիրավության համար պիտի մեռնի։

27 Իսկ երբ ամբարիշտը հետ դառնա իր արած ամբարշտությունից և իրավունք ու արդարություն անի, նա իր անձը պիտի ապրեցնի.

28 որովհետև նա տեսավ, դարձի եկավ իր արած բոլոր հանցանքներից. նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։

29 Բայց Իսրայելի տունն ասում է. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. մի՞թե իմ ճանապարհներն ուղիղ չեն, ո՛վ Իսրայելի տուն. չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։

30 Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տեր Աստված,- դարձի՛ եկեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից. թող այն ձեզ համար անօրենության գայթակղություն չդառնա։

31 Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։

32 Որովհետև ինձ հաճելի չէ մեռնողի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- ուրեմն հե՛տ դարձեք ու ապրե՛ք»։