Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 36

Բարուքը տաճարում կարդում է մատյանը

1 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տիրոջից այս խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

2 «Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին և բոլոր ազգերի մասին այն օրից, երբ խոսեցի քեզ հետ, Հովսիայի օրերից մինչև այսօր։

3 Գուցե Հուդայի տունը լսի այն ամբողջ չարիքի մասին, որ ես մտադիր եմ նրանց անել, որ ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, և ես ներեմ նրանց անօրինությունն ու նրանց մեղքը»։

4 Եվ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից գրելիք մագաղաթի վրա գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ խոսել էր նրան։

5 Եվ Երեմիան հրամայեց Բարուքին՝ ասելով. «Ես արգելափակված եմ, չեմ կարող Տիրոջ տունը գնալ։

6 Բայց դու գնա՛ և ծոմապահության օրը Տիրոջ տանը այն մագաղաթից, որ դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, կարդա՛ ժողովրդի ականջին, կկարդաս նաև ամբողջ Հուդայիմարդկանցականջին, որ գալիս են իրենց քաղաքներից։

7 Կարող է նրանց աղաչանքն ընկնի Տիրոջ առաջ, և ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, որովհետև մեծ է այն բարկությունն ու զայրույթը, որ Տերը խոսել է այս ժողովրդի դեմ»։

8 Եվ Ներիայի որդի Բարուքն արեց այն ամենի համաձայն, որ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որ Տիրոջ տանը կարդա Տիրոջ խոսքերի մագաղաթից։

9 Եվ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարվա իններորդ ամսին Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը և այն ամբողջ ժողովուրդը, որ Երուսաղեմ էր եկել Հուդայի քաղաքներից, Տիրոջ առաջ ծոմապահություն հայտարարեցին։

10 Ապա Տիրոջ տանը՝ Սափան դպրի որդի Գամարիայի սենյակում, վերին գավթում, Տիրոջ տան նոր դարպասի մուտքում, ժողովրդի ականջի առաջ Բարուքը մագաղաթից կարդաց Երեմիայի խոսքերը։

Մատյանն ընթերցվում է պաշտոնյաների համար

11 Երբ Սափանի որդու՝ Գամարիայի որդի Միքիան այդ մագաղաթից լսեց Տիրոջ բոլոր խոսքերը,

12 իջավ թագավորի տունը՝ դպրի սենյակը, և ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը, Սեմայիայի որդի Դաղայիան, Աքբորի որդի Եղնաթանը, Սափանի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։

13 Եվ Միքիան նրանց պատմեց այն բոլոր խոսքերը, որ լսել էր, երբ Բարուքը ժողովրդի ականջին կարդում էր մագաղաթից։

14 Եվ բոլոր իշխանները Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ՝ ասելով. «Վերցրո՛ւ այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, և ե՛կ»։ Ներիայի որդի Բարուքն իր ձեռքն առավ այն մագաղաթը և գնաց նրանց մոտ։

15 Եվ նրանք ասացին նրան. «Խնդրում ենք, նստի՛ր և դա կարդա՛ մեզ համար»։ Բարուքը կարդաց նրանց համար։

16 Եվ երբ նրանք լսեցին այն բոլոր խոսքերը, սարսափով իրար նայեցին և Բարուքին ասացին. «Այդ բոլոր խոսքերն անպատճառ պատմելու ենք թագավորին»։

17 Բարուքին հարցրին և ասացին. «Խնդրում ենք, ասա՛ մեզ՝ այս բոլոր խոսքերը նրա բերանից ինչպե՞ս գրեցիր»։

18 Եվ Բարուքն ասաց նրանց. «Իր բերանով նա ինձ ասում էր այս բոլոր խոսքերը, և ես թանաքով գրում էի այս մագաղաթում»։

19 Եվ իշխաններն ասացին Բարուքին. «Գնա՛, թաքնվի՛ր, դու ու Երեմիան, և թող ոչ ոք չիմանա, թե դուք որտե՛ղ եք»։

Թագավորն այրում է մատյանը

20 Եվ նրանք եկան սրահը՝ թագավորի մոտ, սակայն մագաղաթը պահ տվեցին դպիր Եղիսամայի սենյակում։ Եվ բոլոր խոսքերը պատմեցին թագավորին։

21 Թագավորը Հուդիին ուղարկեց, որպեսզի վերցնի մագաղաթը, և նա այն վերցրեց դպիր Եղիսամայի սենյակից։ Եվ Հուդին այն կարդաց թագավորի ականջին և բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնել էին թագավորի մոտ։

22 Իններորդ ամսին էր. թագավորը նստում էր ձմեռատանը, և նրա առջև վառված էր կրակարանը։

23 Եվ երբ Հուդին երեք թե չորս սյունակ կարդում էր,թագավորըայն կտրում էր դպրի դանակով և նետում կրակի մեջ, որ կրակարանում էր, մինչև որ կրակարանում եղող կրակի վրա ամբողջ մագաղաթը սպառվեց։

24 Բայց ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խոսքերը, չսարսափեցին և իրենց հանդերձները չպատռեցին։

25 Թեպետ և Եղնաթանը, Դաղայիան և Գամարիան թագավորին պաղատեցին, որ մագաղաթը չայրի, բայց նա չլսեց նրանց։

26 Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, և Եզրիելի որդի Սարայիային և Աբդիելի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուքին և Երեմիա մարգարեին, բայց Տերը նրանց թաքցրեց։

Երեմիան ուրիշ մատյան է գրում

27 Երբ թագավորն այրեց այն մագաղաթը և այն խոսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

28 «Քեզ համար մի ուրի՛շ մագաղաթ վերցրու կրկին և նրա վրա գրի՛ր նախկին այն խոսքերը, որոնք կային առաջին մագաղաթի վրա, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրեց։

29 Եվ Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա՛. “Տերն այսպես է ասում. “Դու այրեցիր այս մագաղաթը՝ ասելով. “Ինչո՞ւ ես նրա վրա գրել, թե անպատճառ պիտի գա Բաբելոնի թագավորը և ավերի այս երկիրը և նրանից վերացնի մարդ ու անասուն””»։

30 Դրա համար Տերը Հուդայի Հովակիմ թագավորի մասին այսպես է ասում. «Դավթի գահի վրա բազմող չպիտի ունենա, և նրա դիակը ցերեկը տաքի մեջ, իսկ գիշերը սառնամանիքի մեջ պիտի գցվի։

31 Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։

32 Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 37

Սեդեկիայի խնդրանքը Երեմիային

1 Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց։

2 Բայց նա և նրա ծառաները և երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքին, որ ասվեց Երեմիա մարգարեի միջոցով։

3 Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում ենք, մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։

4 Եվ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մեջ, որովհետև նրանդեռչէին արգելափակել բանտում։

5 Եվ փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսեցին այդ լուրը և հեռացան Երուսաղեմից։

6 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ ասելով.

7 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այսպե՛ս ասացեք Հուդայի թագավորին, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել իմ մասին հարցնելու. “Ահա փարավոնի զորքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, պիտի վերադառնա իր երկիրը՝ Եգիպտոս։

8 Քաղդեացիներն էլ պիտի վերադառնան ու պատերազմեն այս քաղաքի դեմ և գրավեն այն ու կրակով այրեն””։

9 Տերն այսպես է ասում. “Ձեզ մի՛ խաբեք՝ ասելով. “Քաղդեացիներն անշուշտ հեռանալու են մեզնից”. որովհետև նրանք չեն հեռանալու։

10 Որովհետև եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքն էլ ջարդեք, և նրանցից վիրավորված մարդիկ մնան, դարձյալ յուրաքանչյուրն իր վրանում կանգնելով՝ այս քաղաքը կրակով պիտի այրեն”»։

Երեմիան ձերբակալվում է և բանտարկվում

11 Եվ երբ փարավոնի զորքի պատճառով քաղդեացիների զորքը հետ քաշվեց Երուսաղեմից,

12 այն ժամանակ Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիրը, այնտեղից ժողովրդի մեջիր կալվածիբաժինն առնի։

13 Եվ երբ որ նա Բենիամինի դարպասում էր, այնտեղ էր մի ոստիկան՝ Անանիայի որդու՝ Սեղեմիայի որդին՝ Հերիա անունով։ Եվ նա բռնեց Երեմիա մարգարեին՝ ասելով. «Դու քաղդեացիների կողմն ես անցնում»։

14 Իսկ Երեմիան ասաց. «Սուտ է, ես քաղդեացիների կողմը չեմ անցնում»։ Բայց նա չլսեց նրան։ Եվ Հերիան բռնեց Երեմիային ու նրան տարավ իշխանների մոտ։

15 Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։

16 Երբ Երեմիան մտավ բանտի խցերը և այնտեղ Երեմիան շատ օրեր մնաց,

17 Սեդեկիա թագավորըմարդուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա՞»։ Երեմիան ասաց՝ կա։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։

18 Երեմիան ասաց Սեդեկիա թագավորին. «Ես ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ և քո ծառաների դեմ և այս ժողովրդի դեմ, որ ինձ բանտ եք գցել։

19 Եվ ո՞ւր են ձեր մարգարեները, որ մարգարեանում էին ձեզ՝ ասելով. “Բաբելոնի թագավորը չպիտի գա ձեր դեմ և այս երկրի դեմ”։

20 Իսկ հիմա խնդրեմ լսի՛ր, ո՛վ իմ տեր թագավոր, թող իմ աղաչանքը քո առջև ընկնի. ինձ հետ մի՛ ուղարկիր դպիր Հովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ»։

21 Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում. նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց։ Եվ Երեմիան մնում էր բանտի գավթում։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 38

Երեմիան գբի մեջ

1 Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յուքաղն ու Մեղքիայի որդի Փասուրը լսեցին այս խոսքերը, որ խոսում էր Երեմիան ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով.

2 «Տերն այսպես է ասում. “Այս քաղաքում մնացողը սրից, սովից և ժանտախտից պիտի մեռնի, իսկ նա, որ դուրս է գալիս քաղդեացիների մոտ, պիտի ապրի, և իր հոգին իր համար ավարի պես պիտի լինի, և նա պիտի ապրի”։

3 Տերն այսպես է ասում. “Այս քաղաքն անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա պիտի գրավի այն”»։

4 Եվ իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, թող այս մարդը սպանվի, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը՝ նրանց այսպիսի խոսքեր ասելով, որովհետև այս մարդը այս ժողովրդի բարօրությունը չի ուզում, այլ նրա չարիքը»։

5 Եվ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է, որովհետև թագավորը ձեզ հակառակ բան չի կարող անել»։

6 Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։

7 Եթովպացի Աբդիմելեքներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։

8 Աբդիմելեքը դուրս եկավ թագավորի տնից և խոսեց թագավորի հետ՝ ասելով.

9 «Ո՛վ տեր իմ թագավոր, այս մարդիկ չարիք գործեցին, ինչ որ արեցին Երեմիա մարգարեին՝ նրան գուբը գցելով։ Եվ նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև քաղաքում այլևս հաց չկա»։

10 Թագավորը հրամայեց եթովպացի Աբդիմելեքին՝ ասելով. «Այստեղից քեզ հետ երեսուն մա՛րդ վերցրու և այն գբից հանի՛ր Երեմիա մարգարեին, քանի դեռ չի մեռել»։

11 Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։

12 Եվ եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այդ մաշված և հին շորերը դի՛ր թևերիդ տակ՝ պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց։

13 Երեմիային պարաններով վեր քաշեցին և նրան հանեցին գբից, և Երեմիան մնաց բանտի գավթում։

Սեդեկիան դիմում է Երեմիայի խորհրդին

14 Սեդեկիա թագավորըմարդուղարկեց և Երեմիա մարգարեին ընդունեց իր մոտ՝ Տիրոջ տան երրորդ մուտքում։ Թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու, ինձնից ոչինչ չթաքցնես»։

15 Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե պատմեմ քեզ, մի՞թե ինձ սպանել չես տալու, և եթե խորհուրդ տամ քեզ, ինձ չես լսելու»։

16 Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին. քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։

17 Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. “Եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և՛ դու, և՛ քո տունը կապրեք։

18 Իսկ եթե անձնատուր չլինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ այս քաղաքը քաղդեացիների ձեռքը պիտի մատնվի. նրանք այն կրակով պիտի այրեն, դու էլ նրանց ձեռքից չպիտի ազատվես”»։

19 Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք քաղդեացիների կողմն են անցել. միգուցե ինձ նրանց ձեռքը մատնեն, և նրանք նախատեն ինձ»։

20 Երեմիան ասաց. «Չեն մատնի. լսի՛ր Տիրոջ ձայնը, որ քեզ ասում եմ, և այն ժամանակ լավ կլինի քեզ համար, և դու ողջ կմնաս։

21 Իսկ եթե մերժես անձնատուր լինել, ահա այն բանը, որ Տերը ցույց տվեց ինձ։

22 Ահա այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. “Քո մտերիմները քեզ հրապուրեցին և հաղթեցին քեզ. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հետ քաշվեցին”։

23 Եվ քո բոլոր կանանց ու քո որդիներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից, այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այս քաղաքը պիտի այրվի կրակով»։

24 Եվ Սեդեկիան ասաց Երեմիային. «Թող ոչ մի մարդ չիմանա այս խոսքերը, և դու չես մեռնի։

25 Եթե իշխանավորները լսեն, որ ես խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու քեզ ասեն. “Մեզ ասա՛, ի՞նչ ես ասել թագավորին, և ի՞նչ ասաց թագավորը, մեզնից մի՛ ծածկիր, և մենք քեզ չենք սպանի”,

26 այն ժամանակ նրանց կասես. “Ես աղաչանքս մատուցեցի թագավորին, որ ինձ չուղարկի Հովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»։

27 Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին։ Եվ նա պատմեց ըստ բոլոր խոսքերի, որ իրեն հրամայել էր թագավորը։ Եվ դադարեցին նրա հետ խոսելուց, որովհետև խոսակցությունը հայտնի չդարձավ։

28 Եվ Երեմիան մնաց բանտի գավթում մինչև այն օրը, երբ գրավվեց Երուսաղեմը։ Եվ այնտեղ էր, երբ գրավվեց Երուսաղեմը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 39

Երուսաղեմի անկումը

1 Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարվա տասներորդ ամսում Երուսաղեմի դեմ իր ամբողջ զորքով շարժվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և պաշարեց այն։

2 Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա չորրորդ ամսում՝ ամսի իննին, քաղաքի պարիսպը ճեղքվեց։

3 Եվ Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները, այսինքն՝ Ներգեղսարասարը, Սամերգարնաբավը, Սարսեքիմ Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագըև Բաբելոնի մնացած բոլոր իշխանավորները եկան, նստեցին միջին դռանը։

4 Եվ երբ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր պատերազմիկները տեսան նրանց, փախան և թագավորի պարտեզի ճանապարհով՝ երկու պարսպի միջի դարպասով, գիշերը դուրս եկան քաղաքից Արաբայի ճանապարհով։

5 Եվ քաղդեացիների զորքերը նրանց հետապնդեցին և Երիքովի դաշտերում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու տարան Եմաթի երկիր՝ Ռեբղա, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ, որը նրա դեմ վճիռն արձակեց։

6 Բաբելոնի թագավորը Ռեբղայում Սեդեկիայի աչքերի առաջ մորթեց նրա որդիներին։ Բաբելոնի թագավորը Հուդայի բոլոր ազնվականներին ևս մորթեց

7 և կուրացրեց Սեդեկիայի աչքերն ու նրան կապանքներով կապեց նրան Բաբելոն տանելու համար։

8 Քաղդեացիները կրակով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և Երուսաղեմի պարիսպները քանդեցին։

9 Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ Բաբելոն։

10 Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովուրդ թողեց Հուդայի երկրում, միևնույն ժամանակ նրանց տվեց այգիներ ու արտեր։

Երեմիան ազատության մեջ

11 Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը թիկնապահապետ Նաբուզարադանին հրամայեց Երեմիայի մասին՝ ասելով.

12 «Վերցրո՛ւ նրան, և աչքդ թող նրա վրա լինի, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա քեզ կասի»։

13 Եվ Նաբուզարադան թիկնապահապետը, Նաբուսազաբան Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր բարձր պաշտոնատարները

14 մարդուղարկեցին և Երեմիային վերցրին բանտի գավթից ու նրան հանձնեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որ նրան դուրս բերի տուն։ Եվ նա ապրում էր ժողովրդի մեջ։

Մարգարեություն Աբդիմելեքի մասին

15 Երբ նա արգելափակված էր բանտի գավթում, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

16 «Գնա՛ և եթովպացի Աբդիմելեքին ասա՛. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես իմ խոսքերը պիտի կատարեմ այս քաղաքի վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և կիրականանան այն օրը քո առաջ։

17 Բայց քեզ կազատեմ այն օրը,- ասում է Տերը,- և դու չես մատնվի այն մարդկանց ձեռքը, որոնցից դու վախենում ես։

18 Որովհետև ես քեզ անպատճառ պիտի ազատեմ, և դու սրով չես ընկնի, և քո կյանքը քեզ համար ավարի պես կլինի, որովհետև դու ինձ վստահեցիր””»,- ասում է Տերը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 40

Երեմիան մնում է Գոդողիայի մոտ

1 Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով, երբ որ Նաբուզարադան թիկնապահապետը նրան արձակեց Ռամայից և հետո նրան շղթայակապ բերել տվեց Երուսաղեմի և Հուդայի բոլոր այն տարագիրների մեջ, որ տարագրվում էին Բաբելոն։

2 Թիկնապահապետը կանչեց Երեմիային և նրան ասաց. «Տերը՝ քո Աստվածը, այս վայրի մասին այս չարիքը վճռել էր։

3 Տերը բերել ու կատարել է, ինչպես որ վճռել էր, որովհետև դուք մեղանչեցիք Տիրոջ դեմ և չանսացիք նրա ձայնին, և ձեզ այս բանը եղավ։

4 Հիմա ահա այսօր ես քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վրա են։ Եթե քեզ հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, ե՛կ, և ես իմ աչքը քեզ վրա կպահեմ, իսկ եթե ինձ հետ Բաբելոն գնալը քո աչքին վատ է, մնա՛։ Տե՛ս, ամբողջ երկիրը քո առաջ է. ուր որ լավ և ճիշտ է թվում քեզ գնալու, գնա՛»։

5 Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։

6 Եվ Երեմիան եկավ Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրա հետ բնակվեց այն ժողովրդի մեջ, որ մնացել էր երկրում։

Գոդողիան՝ Հուդայի կառավարիչ

7 Եվ դաշտում եղող բոլոր զորապետները՝ և՛ իրենք, և՛ իրենց մարդիկ, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը երկրի վրա է կարգել Աքիկամի որդի Գոդողիային և նրան է հանձնել այն մարդկանց, կանանց ու երեխաներին և երկրի չքավորներին, որոնք գերի չէին տարվել Բաբելոն,

8 Մասփա՝ Գոդողիայի մոտ եկան Նաթանիայի որդի Իսմայելը և Կարեի որդիները՝ Հոհանանը և Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոփաթացի Եփայի որդիները և Մաքաթիի որդի Հեզոնիան, իրենք և իրենց մարդիկ։

9 Եվ Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց. բնակվե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի։

10 Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։

11 Եվ այն բոլոր հրեաները, որ Մովաբում ու Ամմոնի որդիների մեջ, Եդովմում և այլ երկրներում էին, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը մնացորդ է թողել Հրեաստանում և նրանց վրա կարգել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,

12 այն ժամանակ բոլոր հրեաները հետ դարձան այն բոլոր երկրներից, ուր աքսորված էին, և եկան Հուդայի երկիրը՝ Մասփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի և ամառային պտուղ ամբարեցին։

Գոդողիան սպանվում է

13 Կարեի որդի Հոհանանը և դաշտում եղող բոլոր զորապետները եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ։

14 Եվ նրան ասացին. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների թագավորը՝ Բաալիսը, Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան նրանց չհավատաց։

15 Եվ Կարեի որդի Հոհանանը Մասփայում ծածուկ ասաց Գոդողիային. «Թող գնամ և սպանեմ Նաթանիայի որդի Իսմայելին, և ոչ ոք չի իմանա. ինչո՞ւ նա քեզ սպանի, և ցրվեն բոլոր հրեաները, որոնք հավաքվել են քեզ մոտ, և Հուդայի մնացորդը կորչի»։

16 Աքիկամի որդի Գոդողիան ասաց Կարեի որդի Հոհանանին. «Մի՛ արա այդ բանը, որովհետև դու սուտ ես ասում Իսմայելի մասին»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 41

1 Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։

2 Եվ վեր կացան Նաթանիայի որդի Իսմայելը, նաև այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով զարկեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կարգել էր երկրի վրա, և սպանեցին նրան։

3 Նաև կոտորեց այն բոլոր հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և նաև քաղդեացիների այն պատերազմիկներին, որոնք գտնվում էին այնտեղ։

4 Գոդողիայի սպանվելու հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր,

5 Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։

6 Եվ Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու. գնում ու լաց էր լինում և երբ հասավ նրանց, այն ժամանակ ասաց նրանց. «Եկե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։

7 Եվ հենց որ նրանք քաղաքամեջ հասան, Նաթանիայի որդի Իսմայելը նրանց կոտորեցև գցեցգբի մեջ, ինքը և իր հետ եղող մարդիկ։

8 Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։

9 Եվ այն մեծ գուբը, ուր Իսմայելը լցրեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի հետ (այն, որ Ասա թագավորը շինել էր Իսրայելի Բաասա թագավորի դեմ), Նաթանիայի որդի Իսմայելը այդ սպանվածներով լցրեց։

10 Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա թիկնապահապետ Նաբուզարադանը կարգել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերեվարեց ու գնաց, որ անցնի Ամմոնի որդիների մոտ։

11 Երբ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն ամբողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը,

12 վերցրինիրենցբոլոր մարդկանց և գնացին Նաթանիայի որդի Իսմայելի դեմ պատերազմելու։ Նրան գտան Գաբավոնի առատ ջրերի մոտ։

13 Եվ երբ Իսմայելի հետ եղող ամբողջ ժողովուրդը տեսավ Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին, ուրախացավ։

14 Եվ ամբողջ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել Մասփայից, շրջվեց և հետ դարձավ ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ։

15 Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդով փախավ Հոհանանի առջևից և գնաց Ամմոնի որդիների մոտ։

16 Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։

17 Եվ գնացին ու մնացին Բեթլեհեմի մոտ գտնվող Քամաամում, որպեսզի գնան մտնեն Եգիպտոս քաղդեացիների պատճառով։

18 Որովհետև վախենում էին նրանցից, քանի որ Նաթանիայի որդի Իսմայլեը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորըկառավարիչէր կարգել երկրի վրա։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 42

Ժողովուրդը Երեմիային խնդրում է աղոթել իր համար

1 Բոլոր զորապետները, Կարեի որդի Հոհանանը և Ովսեիայի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան

2 և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։

3 Եվ քո Տերը՝ Աստվածը, թող մեզ իմացնի մեր գնալու ճանապարհը և մեր անելիքը»։

4 Եվ Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի, ահա ձեր խոսքերի համեմատ ես աղոթք կանեմ Տիրոջը՝ ձեր Աստծուն, և Տերը ձեզ համար ինչ պատասխան որ տալու լինի, ես ձեզ կիմացնեմ, ձեզնից ոչինչ չեմ թաքցնի»։

5 Եվ նրանք ասացին Երեմիային. «Տերը մեր դեմ ճշմարիտ և հավատարիմ վկա թող լինի, եթե չանենք այն բոլոր խոսքերի համեմատ, որոնք Տերը՝ քո Աստվածը, մեր մասին կուղարկի քեզ. այնպե՛ս կանենք.

6 թե՛ բարի, թե՛ չար, մենք պիտի անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեզ համար լավ լինի, երբ անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին»։

Աստծու պատասխանը Երեմիայի աղոթքին

7 Եվ տասը օրից հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային։

8 Նա կանչեց Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին ու ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը,

9 և նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որի մոտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղաչանքը մատուցեմ նրան.

10 “Եթե շարունակեք այս երկրում բնակվել, ես այսուհետ պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, ես պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև վշտացա այն չարիքի համար, որ արեցի ձեզ։

11 Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. նրանից մի՛ վախեցեք,- ասում է Տերը,- որովհետև ես ձեզ հետ եմ, որպեսզի ձեզ ազատեմ և ձեզ փրկեմ նրա ձեռքից։

12 Եվ ձեզ գթությունգտնելպիտի տամ, և նա ձեզ պիտի գթա ու ձեզ վերադարձնի ձեր երկիրը”։

13 Եվ եթե ասեք. “Մենք չենք մնա այս երկրում”, Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսալով՝

14 ասեք. “Ո՛չ, այլ պետք է գնանք Եգիպտոսի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի և փողի ձայնը չենք լսի, հացի համար չենք սովի և այնտեղ կբնակվենք”,

15 ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու,

16 այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ Եգիպտոսի երկրում, պիտի հասնի ձեզ, և այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ՝ Եգիպտոսում, պիտի հետևի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։

17 Եվ այն բոլոր մարդիկ, որոնք իրենց դեմքն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ բնակվեն, սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեն, և նրանցից վերապրող կամ ազատվող չպիտի լինի այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրանց վրա”։

18 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես որ իմ բարկությունն ու իմ զայրույթը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես և ձեզ վրա պիտի թափվի իմ զայրույթը, երբ որ դուք Եգիպտոս գնաք, և դուք անեծք, ամայություն, նզովք և նախատինք պիտի լինեք և այս վայրն այլևս չպիտի տեսնեք”։

19 Տերը ձեզ է ասում, ո՛վ Հուդայի մնացորդ, Եգիպտոս մի՛ գնացեք, հաստատ իմացա՛ծ եղեք, որ այսօր ձեզ նախազգուշացրի,

20 որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։

21 Ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չանսացիք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին և այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել։

22 Ուստի հիմա հաստա՛տ իմացեք, որ սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեք այնտեղ, ուր որ ուզում եք գնալ բնակվելու»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 43

Երեմիան տարվում է Եգիպտոս

1 Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր խոսքերն ասելը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը,

2 այն ժամանակ Ովսեիայի որդի Ազարիան և Կարեի որդի Հոհանանը և բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, Տերը՝ մեր Աստվածը, չի ուղարկել քեզ՝ ասելով. “Եգիպտոս մի՛ գնացեք՝ այնտեղ բնակվելու համար”,

3 այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ դրդում մեր դեմ, որ մեզ քաղդեացիների ձեռքը մատնի, որպեսզի մեզ սպանեն կամ մեզ տարագրեն Բաբելոն»։

4 Եվ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որ Հուդայի երկրում մնային։

5 Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որ վերադարձել էին այն բոլոր ազգերից, ուր աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում,

6 այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։

7 Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։

8 Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

9 «Ձեռքդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաղի՛ր շաղախի մեջ, որ փարավոնի տան մուտքին է՝ Տափնասում, Հուդայի մարդկանց աչքի առաջ։

10 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես կուղարկեմ և կվերցնեմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք ես թաղեցի, և նա պիտի տարածի իր արքայական խորանը նրանց վրա։

11 Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրիմատնելով։

12 Եվ Եգիպտոսի աստվածների տաճարներում կրակ պիտի վառեմ, և նա պիտի այրի նրանց և նրանց գերի տանի. նա իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և խաղաղությամբ պիտի դուրս գա։

13 Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսիսյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի””»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 44

Աստծու պատգամը Եգիպտոսի իսրայելացիներին

1 Խոսքը, որ հասավ Երեմիային այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրում, որոնք բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրեսի երկրում.

2 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերեցի Երուսաղեմի (և Հուդայի բոլոր քաղաքների) վրա, և նրանք այսօր ահա ամայի են, և նրանցում բնակվող չկա

3 այն չարության պատճառով, որ արեցին ինձ զայրացնելով, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենք, ո՛չ դուք, ո՛չ ձեր հայրերը։

4 Սակայն ես կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. “Մի՛ արեք այդ պիղծ բանը, որը ես ատում եմ”։

5 Բայց նրանք չանսացին և ականջ չդրեցին, որ հետ դառնային իրենց չարությունից, որ ուրիշ աստվածների խունկ չծխեին։

6 Ուստի իմ զայրույթն ու իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես որ այսօր է”»։

7 Եվ հիմա այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Դուք ինչո՞ւ եք մեծ չարիք անում ձեր իսկ հոգիների դեմ, որ Հուդայի միջից բնաջնջեք մարդուն ու կնոջը, երեխային ու ծծկերին, որ ձեզ համար մնացորդ չմնա։

8 Ինչո՞ւ եք ինձ բարկության գրգռում ձեր ձեռքի գործերով՝ ուրիշ աստվածների խունկ ծխելով Եգիպտոսի երկրում, ուր եկել եք պանդխտանալու, որ ձեզ բնաջինջ անեք և նզովքի առարկա ու նախատինք դառնաք երկրի բոլոր ազգերի մեջ։

9 Մի՞թե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, Հուդայի թագավորների չարությունները և նրանց կանանց չարությունները. ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։

10 Մինչև այսօր նրանք չզղջացին և չվախեցան ու չընթացան իմ օրենքով ու կանոններով, որոնք ես դրել եմ ձեր առաջ և ձեր հայրերի առաջ»։

11 Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջնջելու համար։

12 Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից և սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։

13 Եվ պիտի պատժեմ Եգիպտոսի երկրում բնակվողներին, ինչպես որ Երուսաղեմին եմ պատժել՝ սրով, սովով և ժանտախտով։

14 Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն։ Որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից»։

15 Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, և բոլոր ներկա եղող կանայք՝ մի մեծ բազմություն, և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում՝ Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային՝ ասելով.

16 «Այն խոսքը, որ դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում։

17 Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։

18 Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։

19 Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, մի՞թե առանց մեր ամուսիններիիմացությանէինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում»։

20 Երեմիան պատասխանեց ամբողջ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց և ամբողջ ժողովրդին, որ իրեն պատասխան էր տվել, և ասաց.

21 «Չէ՞ որ այն խունկը, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում ծխում էիք դուք և ձեր հայրերը, ձեր թագավորներն ու իշխանները և երկրի ժողովուրդը, Տերը հիշել է, և նրա միտքը բարձրացավ։

22 Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք, ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ և նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։

23 Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է»։

24 Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա,

25 այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք՝ ասելով. “Անպատճառ պետք է կատարենք մեր ուխտերը, որ ուխտել ենք՝ երկնքի թագուհուն խունկ ծխելու և նրան թափելու նվերներ մատուցելու համար”։ Ուրեմն հաստատե՛ք ձեր ուխտերը և կատարե՛ք ձեր ուխտերը։

26 Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա. “Ահա ես երդվում եմ իմ մեծ անունով,- ասում է Տերը,- որ իմ անունը ամբողջ Եգիպտոսի երկրում չպիտի կանչվի ոչ մի հուդայեցու բերանից՝ ասելով. “Տեր Աստված կենդանի է”։

27 Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։

28 Իսկ սրից ազատվածները, որ Եգիպտոսի երկրից կվերադառնան Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ Հուդայի մնացորդները, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը՝ այնտեղ պանդխտանալու, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքը պիտի հաստատվի՝ ի՞մը, թե՞ իրենցը։

29 Եվ սա թող ձեզ համար նշան լինի,- ասում է Տերը,- որ ես ձեզ պիտի պատժեմ այս վայրում, որպեսզի իմանաք, որ իմ խոսքերն անպատճառ պիտի հաստատվեն ձեզ վրա ի չարիք””։

30 Այսպես է ասում Տերը. “Ահա ես Եգիպտոսի Վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը”»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 45

Աստծու խոստումը Բարուքին

1 Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով.

2 «Քեզ համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք։

3 Դու ասացիր. “Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում”։

4 Նրան այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Տերը. “Ահա իմ կառուցածը ես քանդում եմ և իմ տնկածն արմատախիլ եմ անում, այսինքն՝ ամբողջ երկիրը։

5 Եվ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի՛ որոնիր, որովհետև ահա ես չարիք եմ բերելու ամեն մարմնի վրա,- ասում է Տերը,- և քո կյանքը քեզ իբրև ավար պիտի տամ այն բոլոր վայրերում, ուր գնալու լինես””»։