Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 26

Երեմիայի դատը

1 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում Տիրոջ կողմից այս խոսքը հասավ՝ ասելով.

2 «Այսպես է ասում Տերը. “Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Հուդայի բոլոր քաղաքներին ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չպակասեցնես։

3 Գուցե լսեն, և ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից, և ես կհրաժարվեմ այն չարիքից, որ մտածել եմ անելու նրանց իրենց չար արարքների պատճառով։

4 Եվ ասա՛ նրանց. “Տերն այսպես է ասում. “Եթե ինձ չհնազանդվեք, չընթանաք իմ օրենքով, որը ձեր առաջ եմ դրել,

5 և չլսեք խոսքերն իմ ծառաների՝ մարգարեների, որոնց ես ձեզ մոտ եմ ուղարկում, որոնց կրկին ու կրկին էի ուղարկում, բայց դուք չանսացիք,

6 այն ժամանակ այս տունը Սելովի պես պիտի անեմ և այս քաղաքը նզովքի առարկա պիտի դարձնեմ երկրի բոլոր ազգերի համար””»։

7 Եվ քահանաներն ու մարգարեները և ամբողջ ժողովուրդը լսում էին, երբ Երեմիան Տիրոջ տանն ասում էր այս խոսքերը։

8 Եվ երբ Երեմիան ասաց վերջացրեց բոլորը, ինչ որ Տերը հրամայել էր ասելու ամբողջ ժողովրդին, այն ժամանակ քահանաները, մարգարեներն ու ամբողջ ժողովուրդը բռնեցին նրան՝ ասելով.

9 «Դու անպատճառ պիտի մեռնես։ Ինչի՞ համար մարգարեացար Տիրոջ անունով՝ ասելով. “Այս տունը Սելովի պես պիտի դառնա, և այս քաղաքն ավերակ ու անբնակ պիտի դառնա”»։ Եվ ամբողջ ժողովուրդը հավաքվեց Տիրոջ տանը՝ Երեմիայի շուրջը։

10 Երբ Հուդայի իշխանավորները լսեցին այս բաները և թագավորի տնից գնացին Տիրոջ տունն ու նստեցին Տիրոջտաննոր դարպասի մուտքին,

11 քահանաներն ու մարգարեները իշխանավորներին և ամբողջ ժողովրդին ասացին. «Այս մարդն արժանի է մահվան, որովհետև այս քաղաքի դեմ է մարգարեացել, ինչպես որ լսեցիք ձեր ականջներով»։

12 Ապա Երեմիան ասաց բոլոր իշխանավորներին և ամբողջ ժողովրդին. «Տերն ինձ ուղարկեց, որ այս տան դեմ և այս քաղաքի դեմ մարգարեանամ այն բոլոր խոսքերը, որ լսել եք։

13 Ուստի հիմա բարեփոխե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր արարքները և լսե՛ք ձեր Տեր Աստծու ձայնը։ Եվ Տերը կհրաժարվի այն չարիքի համար, որ վճռելէ ձեր դեմ։

14 Իսկ ես ահա ձեր ձեռքին եմ. ինչ որ լավ և ճիշտ է թվում ձեր աչքին, արե՛ք ինձ։

15 Միայն թե լա՛վ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ արյուն եք դնում ձեզ վրա, այս քաղաքի վրա ու նրա բնակիչների վրա, որովհետև ճշմարտապես Տե՛րն է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ ձեր ականջներին խոսեմ այս խոսքերը»։

16 Եվ իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդն ասացին քահանաներին ու մարգարեներին. «Այս մարդը մահվան արժանի չէ, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու անունով է խոսել մեզ հետ»։

17 Եվ երկրի երեցներից մարդիկ վեր կացան և հավաքված ամբողջ ժողովրդին ասացին.

18 «Հուդայի Եզեկիա թագավորի օրերին մորաստացի Միքիան մարգարեանում էր և Հուդայի ամբողջ ժողովրդին ասաց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Սիոնը պիտի հերկվի իբրև արտ, և Երուսաղեմն ավերակների կույտեր պիտի լինի, և տաճարի բարձունքը՝ բարձրադիր մացառուտ””։

19 Մի՞թե Հուդայի թագավոր Եզեկիան և ամբողջ Հուդան նրան իսկույն մեռցրին. չէ՞ որ նա Տիրոջից վախեցավ և չպաղատե՞ց Տիրոջը, և Տերը զղջաց այն չարիքի համար, որ վճռել էր նրանց դեմ. այսպիսով մենք մեծ չարիք կբերենք մեր անձերին»։

20 Եվ մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Տիրոջ անունով՝ կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան։ Նա էլ Երեմիայի բոլոր խոսքերի պես մարգարեացավ այս քաղաքի և այս երկրի դեմ։

21 Երբ որ Հովակիմ թագավորը և նրա բոլոր զորավորներն ու բոլոր իշխանավորները լսեցին այն խոսքերը, թագավորն ուզեց սպանել նրան, բայց երբ Ուրիան իմացավ, վախեցավ և փախավ գնաց Եգիպտոս։

22 Եվ Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս. Աքոբորի որդի Եղնաթանին և նրա հետ մի քանի մարդուուղարկեցԵգիպտոս։

23 Եվ նրանք Ուրիային հանեցին Եգիպտոսից և նրան բերեցին Հովակիմ թագավորի մոտ, և նա սրով սպանեց նրան ու նրա մարմինը գցեց ժողովրդի որդիների գերեզմանոցը։

24 Բայց Սափանի որդու՝ Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որպեսզի նրան ժողովրդի ձեռքը չմատնեն սպանելու համար։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 27

Երեմիան եզան լուծ է կրում

1 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեդեկիայի թագավորության սկզբում Տիրոջ կողմից Երեմիային այս խոսքը հասավ՝ ասելով.

2 «Այսպես է ասում ինձ Տերը. “Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին։

3 Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամմոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ՝ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ։

4 Եվ նրանց հրամայի՛ր, որ իրենց տերերին ասեն. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այսպե՛ս ասացեք ձեր տերերին.

5 “Ես եմ իմ մեծ զորությամբ և մեկնած բազկով արարել երկիրը, մարդուն և անասունին, որ երկրի երեսին են, և այն տալիս եմ նրան, ով հաճելիէ իմ աչքին։

6 Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան։

7 Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։

8 Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին,- ասում է Տերը,- մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով””։

9 Մի՛ լսեք ձեր մարգարեներին, ձեր գուշակներին, ձեր երազատեսներին, ձեր դյութողներին և ձեր հմայողներին, որոնք ձեզ ասում են, թե Բաբելոնի թագավորին չեք ծառայելու։

10 Որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում, որպեսզի ձեզ հեռացնեն ձեր երկրից, որ ես ձեզ վտարեմ, և դուք ոչնչանաք։

11 Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ,- ասում է Տերը,- և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի»։

12 Ես Հուդայի թագավոր Սեդեկիայի հետ այս բոլոր խոսքերի համաձայն խոսեցի՝ ասելով. «Դուք ձեր պարանոցները դրե՛ք Բաբելոնի թագավորի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ժողովրդին և կապրեք։

13 Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը մեռնեք սրից, սովից և ժանտախտից, ինչպես որ ասել է Տերն այն ազգի մասին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին։

14 Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին”, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։

15 “Որովհետև ես չեմ նրանց ուղարկել,- ասում է Տերը,- և նրանք իմ անունով սուտ մարգարեություն են անում, որպեսզի ես ձեզ վտարեմ, և ոչնչանաք դուք ու ձեզ համար մարգարեացող մարգարեները”»։

16 Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով. “Ահա Տիրոջ տան անոթները շուտով հետ են բերվելու Բաբելոնից”, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։

17 Նրանց մի՛ լսեք, ծառայե՛ք Բաբելոնի թագավորին և ապրե՛ք. ինչո՞ւ այս քաղաքն ավերակ դառնա։

18 Իսկ եթե նրանք մարգարեներ են, և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, թող մի աղոթք անեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չգնան”»։

19 Որովհետև Զորությունների Տերն այսպես է ասում սյուների, ծովի և շարժական կանգնակների և մնացած անոթների մասին, որոնք մնացել են այս քաղաքում,

20 որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը չվերցրեց, երբ Երուսաղեմից Բաբելոն գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Երուսաղեմի ու Հուդայի բոլոր ազնվականներին։

21 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այն անոթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում.

22 «Նրանք Բաբելոն պիտի տարվեն և այնտեղ մնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,- ասում է Տերը,- և հետո դրանք պիտի բերեմ ու այստեղ վերադարձնեմ»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 28

Երեմիան և Անանիա մարգարեն

1 Եվ այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազուրի որդի Անանիա մարգարեն, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ինձ ասաց.

2 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես կոտրեցի Բաբելոնի թագավորի լուծը։

3 Երկու տարի հետո ես այստեղ հետ եմ բերելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը վերցրել էր այստեղից և տարել Բաբելոն։

4 Այստեղ եմ վերադարձնելու Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի բոլոր տարագիրներին, որ գնացել էին Բաբելոն,- ասում է Տերը,- որովհետև ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի լուծը”»։

5 Ապա քահանաների առաջ և ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին

6 և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։

7 Բայց լսի՛ր այս խոսքը, որ ես ասում եմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ։

8 Ինձ նախորդող ու քեզ նախորդող մարգարեները շատ երկրների և մեծ թագավորությունների դեմ վաղուց պատերազմ, չարիք և ժանտախտ են մարգարեացել։

9 Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է»։

10 Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից վերցրեց լուծը և կոտրեց այն։

11 Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես երկու տարի հետո բոլոր ազգերի պարանոցի վրայից սրա նման կոտրելու եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի լուծը”»։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։

12 Անանիա մարգարեի կողմից Երեմիա մարգարեի պարանոցի վրայից լուծը կոտրելուց հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

13 «Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. “Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես”։

14 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան”»։

15 Եվ Երեմիա մարգարեն Անանիա մարգարեին ասաց. «Լսի՛ր, Անա՛նիա, քեզ Տերը չի ուղարկել, և դու ստի հուսալու մղեցիր այս ժողովրդին։

16 Ուստի Տերն այսպես է ասում. “Ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր”»։

17 Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա յոթերորդ ամսին։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 29

Երեմիայի նամակը Բաբելոնի հրեաներին

1 Սրանք են այն նամակիխոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։

2 [Հեքոնիա թագավորի և մայր թագուհու, պալատականներիև Հուդայի ու Երուսաղեմի իշխանավորների, հյուսների ու դարբինների՝ Երուսաղեմից դուրս գալուց հետո]

3 նամակն ուղարկվեցՍափանի որդի Եղեասայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Հուդայի թագավոր Սեդեկիան Բաբելոն էր ուղարկել՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ՝ ասելով.

4 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, բոլոր տարագիրներիդ, որոնց ես Երուսաղեմից տարագրեցի Բաբելոն.

5 “Տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։

6 Կանա՛յք առեք և որդիներ ու դուստրե՛ր ծնեք։ Եվ ձեր որդիների համար կանա՛յք առեք և ձեր դուստրերին ամուսինների՛ տվեք, որպեսզի նրանք որդիներ և դուստրեր ծնեն, և բազմացե՛ք այդտեղ և մի՛ քչացեք։

7 Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնըցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի”։

8 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Թող ձեզ չխաբեն ձեր մարգարեները և ձեր գուշակները, որոնք ձեր մեջ են, և մի՛ լսեք ձեր երազատեսներին, որոնց ձեզ համար երազել եք տալիս։

9 Որովհետև նրանք իմ անունով ձեզ համար սուտ են մարգարեանում. ես չեմ ուղարկել նրանց”»,- ասում է Տերը։

10 Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։

11 Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։

12 Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։

13 Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։

14 Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի։

15 Որովհետև դուք ասել եք. “Տերը մեզ համար Բաբելոնում մարգարեներ է հանել”»։

16 Որովհետև Տերն այսպես է ասում այն թագավորին, որ բազմում է Դավթի գահի վրա, և ամբողջ այն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն տարագրվել։

17 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես նրանց վրա եմ ուղարկում սուրը, սովն ու ժանտախտը և նրանց փչացած թզերի պես պիտի անեմ, որոնք վատությունից չեն ուտվի։

18 Նրանց կհալածեմ սրով, սովով ու ժանտախտով և նրանց սարսափ կդարձնեմ երկրի բոլոր թագավորությունների համար՝ անեծք ու ամայություն և երկարատև սուլելու առարկա և նախատինք բոլոր այն ազգերի մեջ, ուր աքսորել եմ նրանց։

19 Որովհետև նրանք չլսեցին իմ խոսքերը,- ասում է Տերը,- երբ ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, կրկին ու կրկին ուղարկեցի, բայց դուք չլսեցիք»,- ասում է Տերը։

20 Իսկ դուք լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ բոլոր տարագիրներ, որոնց ես Երուսաղեմից Բաբելոն եմ ուղարկել։

21 Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում Կովղիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ իմ անունով սուտ են մարգարեանում ձեզ. «Ահա ես նրանց պիտի մատնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, և նա ձեր աչքի առաջ պիտի սպանի նրանց։

22 Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որ Բաբելոնում են, նզովքի առարկա պիտի առնվի՝ ասելով. “Տերը քեզ թող Սեդեկիայի և Աքաաբի պես անի, որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակով”,

23 որովհետև Իսրայելի մեջ անզգամություն արեցին և իրենց ընկերների կանանց հետ շնություն արեցին և իմ անունով սուտ խոսք ասացին, որ ես չէի հրամայել իրենց, բայց ես գիտեմ և վկա եմ»,- ասում է Տերը։

Սեմայիայի նամակը

24 Նեհելամացի Սեմայիայի հետ խոսի՛ր և ասա՛.

25 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Որովհետև դու քո անունով նամակներ ես ուղարկել ամբողջ ժողովրդին, որ Երուսաղեմում է, նաև Մաասիայի որդի Սոփոնիա քահանային և բոլոր քահանաներին՝ ասելով.

26 “Տերը քեզ քահանա է կարգել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի վերակացու լինես Տիրոջ տանը խելացնոր ու մարգարեացող բոլոր մարդկանց համար, որ նրանց կոճղի ու վզօղակի մեջ դնես։

27 Եվ հիմա ինչո՞ւ չհանդիմանեցիր անաթովթացի Երեմիային, որ մարգարեանում է ձեզ համար,

28 որովհետև նա մեզնամակէ ուղարկել Բաբելոն՝ ասելով. “Երկարատև է լինելու. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը””»։

29 Սոփոնիա քահանան Երեմիա մարգարեի ականջներին կարդաց այս նամակը։

30 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

31 «Լո՛ւրուղարկիր բոլոր տարագիրներին՝ ասելով. “Տերն այսպես է ասում նեհելամացի Սեմայիայի մասին. “Որովհետև Սեմայիան ձեզ համար մարգարեացավ, երբ ես նրան չէի ուղարկել, և ձեզ մղեց, որ ստի հուսաք,

32 դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես պիտի պատժեմ նեհելամացի Սեմայիային և նրա սերնդին. նրանից այս ժողովրդի մեջ բնակվող մարդ չպիտի լինի, և նա չպիտի տեսնի այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին,- ասում է Տերը,- որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն է խոսել””»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 30

Տիրոջ խոստումը իր ժողովրդին

1 Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.

2 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ համար մի գրքի մեջ գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ։

3 Որովհետև ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- որ ես Իսրայելի և Հուդայի իմ ժողովրդին պիտի վերադարձնեմ գերությունից,- ասում է Տերը,- և նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ տվել եմ իրենց հայրերին, որպեսզի տիրանան նրան”»։

4 Սրանք են այն խոսքերը, որ Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին։

5 Տերն այսպես է ասում. «Վախի ձայն լսեցինք. սարսափի և ոչ խաղաղության։

6 Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե տղամարդը կծննդաբերի՞. ապա ինչո՞ւ եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլորի դեմքերը դալկացած։

7 Ավա՜ղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա, և նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից»։

8 «Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։

9 Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և իրենց Դավիթ թագավորին, որին ես կվերականգնեմ նրանց համար։

10 Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։

11 Որովհետև ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- քեզ ազատելու համար պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ես քեզ ցրիվ եմ տվել, բայց քեզ չպիտի բնաջնջեմ, այլ պիտի խրատեմ ըստ կանոնիև քեզ բոլորովին անպատիժ չպիտի թողնեմ»։

12 Որովհետև Տերն այսպես է ասում. «Անդարմանելի է քո վերքը, անբժշկելի՝ քո վնասվածքը։

13 Քո դատը դատող չկա դարմանելու համար, բուժում չկա, սպեղանի չկա քեզ համար։

14 Քո բոլոր սիրելիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում, քեզ վիրավորեցի թշնամու հարվածով և անգութի պատժով քո անօրինության շատության պատճառով. շատացել էին քո մեղքերը։

15 Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի համար, քո ցավն անբուժելի է։ Այս բաները ես քեզ արեցի քո անօրինության շատության պատճառով, քո մեղքերի շատության պատճառով։

16 Ուստի բոլոր քեզ լափողները պիտի լափվեն, և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, քեզ թալանողները պիտի թալանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին կողոպուտի պիտի տամ։

17 Որովհետև ես քեզ պիտի ապաքինեմ և քո վերքերը պիտի բժշկեմ,- ասում է Տերը,- որովհետև քեզ Վտարանդի կոչեցին. Սիոնը, որին փնտրող չկա»։

18 Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իրավերակներիբլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։

19 Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։

20 Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի հաստատվի իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին։

21 Եվ նրա մեծավորն իրենցից պիտի լինի, և նրա իշխանավորն իր միջից պիտի դուրս գա։ Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա ինձ պիտի մոտենա, որովհետև ո՞վ է նա, որ կհամարձակվի իր սրտով ինձ մոտենալ»,- ասում է Տերը։

22 «Եվ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար Աստված կլինեմ»։

23 Ահա Տիրոջ մրրիկը զայրույթով դուրս է գալիս. շառաչող պտտահողմը պտտվելու է ամբարիշտների գլխին։

24 Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ չիրագործի և չկատարի իր մտքի խորհուրդները։ Սա օրերի վերջում պիտի հասկանաք։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 31

Իսրայելը տուն է վերադառնում

1 «Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի համար, և նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն»։

2 Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։

3 Տերը վաղուց երևաց ինձև ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։

4 Եվ քեզ կրկին պիտի կառուցեմ, և դու պիտի կառուցվես, ո՛վ Իսրայելի կույս, կրկին քո թմբուկներով պիտի զարդարվես և ուրախացողների պարին պիտի միանաս։

5 Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։

6 Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. “Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը”»։

7 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի առաջնորդի համար, բարձրաձայն գովաբանե՛ք և ասացե՛ք. “Փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին”։

8 Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից, նրանց հետ միասին կույրին ու կաղին, հղիին ու երկունքի մեջ եղողին միասին, մի մեծ բազմություն. բոլորը պիտի վերադառնան այստեղ։

9 Լացով են գալու, և աղաչանքներով եմ բերելու նրանց. նրանց քայլել եմ տալու դեպի ջրերի վտակները, հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու, որովհետև ես Իսրայելին հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։

10 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ազգեր, պատմե՛ք հեռավոր ծովեզրերում և ասացե՛ք. “Իսրայելին ցրիվ տվողը պիտի ժողովի նրան և նրան պիտի պահպանի, ինչպես հովիվը՝ իր հոտը”։

11 Որովհետև Տերը փրկագնել է Հակոբին ու նրան ազատել իրենից ավելի զորավորի ձեռքից։

12 Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։

13 Այն ժամանակ կույսը պիտի ուրախանա պարելով, նաև երիտասարդներն ու ծերերը միասին։ Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, նրանց տրտմության փոխարեն նրանց կուրախացնեմ։

14 Եվ քահանաների հոգիները պիտի հագեցնեմ պարարտությամբ, և իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքով»,- ասում է Տերը։

Աստծու գութը Իսրայելի հանդեպ

15 Տերն այսպես է ասում. «Ռամայում մի ձայն լսվեց, դառնագին ողբ, լաց. Ռաքելն իր տղաների համար է լալիս, մերժում է մխիթարվել իր որդիների համար, որոնք չկան»։

16 Տերն այսպես է ասում. «Ձայնդ դադարեցրո՛ւ լալուց և աչքերդ՝ արտասուքից, որովհետև քո աշխատանքի համար վարձ կա,- ասում է Տերը։- Նրանք կվերադառնան թշնամու երկրից»։

17 «Եվ հույս կա քո ապագայի համար,- ասում է Տերը,- և որդիներդ իրենց երկիրը պիտի վերադառնան»։

18 Հիրավի, Եփրեմին ես լսել եմ ողբալիս. «Դու ինձ պատժեցիր, և ես պատժվեցի. անվարժ հորթի նման ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև դու ես Տերը՝ իմ Աստվածը։

19 Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։

20 «Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որովհետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան, և անշուշտ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։

21 «Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, ցուցաձողե՛ր բարձրացրու քեզ համար, ուշադի՛ր եղիրպողոտային՝ քո անցած ճանապարհին. վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները։

22 Մինչև ե՞րբ պիտի տատանվես, ո՛վ ապստամբ դուստր, որովհետև Տերը նոր բան է ստեղծել այս երկրի վրա. կինը պիտի շրջապատի տղամարդուն»։

Աստծու ժողովրդի գալիք բարգավաճումը

23 Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երբ նրանց կվերադարձնեմ գերությունից, այս խոսքը կրկին պիտի ասեն Հուդայի երկրում և նրա քաղաքներում. “Տերը թող օրհնի քեզ, ո՛վ արդարության բնակարան, սուրբ լեռ”։

24 Եվ այնտեղ միասին պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները, երկրագործները և հոտերի հետ չվողները։

25 Որովհետև ես պիտի հագեցնեմ հոգնաբեկ հոգին և պիտի գոհացնեմ յուրաքանչյուր նվաղած հոգին»։

26 Ապա զարթնեցի ու նայեցի, և իմ քունը քաղցր էր ինձ համար։

27 «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տանը և Հուդայի տանը մարդու սերունդ և անասունի սերունդ եմ սերմանելու։

28 Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։-

29 Այն օրերին այլևս չեն ասի. “Հայրերն ազոխ կերան, որդիների ատամները թմրեցին”։

30 Այլ ամեն մարդ իր անօրենության համար պիտի մեռնի, ամեն մարդ, որ ազոխ ուտի, նրա ատամները պիտի թմրեն»։

31 «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կապելու։

32 Ոչ թե այն ուխտի պես, որ ես նրանց հայրերի հետ կապեցի այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ Եգիպտոսի երկրից նրանց հանելու համար։ Իմ այն ուխտը նրանք խզեցին, թեպետ ես նրանց Տերն էի»,- ասում է Տերը։

33 «Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ»,- ասում է Տերը։ «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։

34 Եվ այլևս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը և յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով. “Ճանաչե՛ք Տիրոջը”, որովհետև նրանք ամենքը՝ նրանց փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ,- ասում է Տերը,- որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։

35 Այսպես է ասում Տերը, որն արեգակը հաստատել է ցերեկվա լույսի համար, իսկ լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, որը գրգռում է ծովին, ու գոչում են նրա ալիքները։ Նրա անունը Զորությունների Տեր է։

36 «Եթե այս կանոնները վերանան իմ առաջից,- ասում է Տերը,- Իսրայելի սերունդն էլ իմ առաջ ընդմիշտ կդադարի ազգ լինելուց»։

37 Տերն այսպես է ասում. «Եթե վերևում երկինքըհնարավոր լինիչափել, իսկ ցածում երկրի հիմքերը՝ հետազոտել, ես էլ Իսրայելի ամբողջ սերնդին իրենց բոլոր արածների համար կմերժեմ»,- ասում է Տերը։

38 «Ահա գալիս են օրերը,- ասում է Տերը,- երբ քաղաքը Անանայելի աշտարակից մինչև Անկյան դարպասը պիտի կառուցվի Տիրոջ համար։

39 Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարեբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ։

40 Դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հովիտը, մինչև Ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, սուրբ պիտի լինեն Տիրոջ համար։ Այն հավիտյան այլևս չի քանդվելու և չի կործանվելու»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 32

Երեմիան մի արտ է գնում

1 Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Սեդեկիայի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում։

2 Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում,

3 որտեղ նրան բանտարկել էր Հուդայի թագավոր Սեդեկիան՝ ասելով. «Դու ինչո՞ւ մարգարեություն արեցիր և ասացիր, թե Տերն այսպես է ասում. “Ահա այս քաղաքը ես պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։

4 Եվ Հուդայի Սեդեկիա թագավորը չի պրծնի քաղդեացիների ձեռքից, այլ անպատճառ Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի տրվի, նրա հետ բերան առ բերան պիտի խոսի և աչք աչքի պիտի տեսնվի։

5 Եվ նա Բաբելոն պիտի տանի Սեդեկիային. նա այնտեղ պիտի մնա, մինչև որ ես այցելեմ նրան,- ասում է Տերը.- թեև պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չեք ունենալու”»։

6 Երեմիան ասաց. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

7 “Ահա քո հորեղբոր՝ Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա և ասի. “Գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է, որովհետև փրկագնման իրավունքը քոնն է, որպեսզի գնե””»։

8 Եվ իմ հորեղբորորդի Անամայելն ինձ մոտ՝ բանտի գավիթը եկավ Տիրոջ խոսքի համաձայն և ասաց ինձ. «Խնդրեմ գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև ժառանգության և փրկագնման իրավունքը քեզ է պատկանում, և քոնն է ազգականությունը. գնի՛ր քեզ համար»։ Եվ ես իմացա, որ սա Տիրոջ խոսքն էր։

9 Եվ ես իմ հորեղբորորդի Անամայելից գնեցի այդ արտը, որ Անաթովթում է, և կշռեցիտվեցինրան դրամը՝ տասնյոթ սիկղ արծաթ։

10 Ես ստորագրեցի փաստաթղթում, կնքեցի և վկաներով հաստատեցի և արծաթը կշեռքով կշռեցի։

11 Ես վերցրի գնման փաստաթուղթը՝ հրամանի և կանոնների համաձայն կնքվածը և բացը։

12 Եվ գնման փաստաթուղթըիմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, և այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին բանտի գավթում, տվեցի Մաասիայի որդի Ներիայի որդուն՝ Բարուքին։

13 Եվ նրանց աչքի առաջ հրամայեցի Բարուքին՝ ասելով.

14 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ գնման կնքված փաստաթուղթը, այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի շատ օրեր մնան”։

15 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրում կրկին տներ և այգիներ ու խաղողի այգիներ պիտի գնվեն”»։

Երեմիայի աղոթքը

16 Եվ գնման փաստաթուղթը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո աղոթք արեցի Տիրոջը՝ ասելով.

17 «Օ՜, Տե՛ր Աստված, քո մեծ զորությամբ ու քո մեկնած բազուկով դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը. քեզ համար ոչ մի բան դժվար չէ։

18 Դու, որ ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո իրենց որդիներին ես հատուցում, ո՛վ դու մեծ և հզոր Աստված, որի անունը Զորությունների Տեր է։

19 Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես.

20 դու, որ Եգիպտոսի երկրում և մինչև այսօր Իսրայելում և մարդկության մեջ նշաններ ու հրաշքներ արեցիր և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր։

21 Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։

22 Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որ իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց տալու ես մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։

23 Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։

24 Ահա պաշարման հողաթմբերը հասել են քաղաքին, որպեսզի այն գրավեն, և քաղաքը սրի, սովի և ժանտախտի պատճառով քաղդեացիների ձեռքը տրվեց, որոնք պատերազմում էին նրա դեմ։ Եվ ինչ որ ասել էիր, եղավ, և դու ահա տեսնում ես։

25 Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. “Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն”, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։

26 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

27 «Ահա ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը. մի՞թե ինձ համար որևէ դժվար բան կա»։

28 Սրա համար Տերն այսպես է ասում. «Ահա այս քաղաքը ես պիտի տամ քաղդեացիների ձեռքը և Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։

29 Եվ այս քաղաքի դեմ պատերազմող քաղդեացիները պիտի գան և կրակով այրեն այս քաղաքը, վառեն այն, նաև այն տները, որոնց կտուրների վրա Բահաղին խունկ են ծխում և թափելու նվերներ մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն իմ բարկությունը։

30 Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր միայն չարություն են արել իմ առաջ, որովհետև Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով միայն գրգռում էին իմ բարկությունը,- ասում է Տերը։-

31 Որովհետև այս քաղաքն իմ բարկության և իմ զայրույթի համար եղավ այն կառուցելու օրից մինչև այսօր։ Ուստի ես այն պիտի վերացնեմ իմ առաջից

32 Իսրայելի որդիների և Հուդայի որդիների ամբողջ չարության պատճառով, որ նրանք գործեցին իմ բարկությունը գրգռելու համար, նրանք, նրանց թագավորներն ու նրանց իշխանավորները, նրանց քահանաներն ու մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։

33 Եվ ինձ թիկունք ցույց տվեցին և ոչ թե երես, թեպետ ես սովորեցնում էի նրանց կրկին ու կրկին, բայց նրանք չէին լսում, որպեսզի խրատ ընդունեին։

34 Իրենց այս գարշելի քանդակները դրեցին այն տան մեջ, որ իմ անունն է կրում, որպեսզի այն պղծեին։

35 Եվ Ենովմի որդու ձորում շինեցին Բահաղի Բարձր տեղերը, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերինզոհաբերենՄողոքին, որը ես նրանց չէի հրամայել, և մտքովս էլ չէր անցել, որ այդ պիղծ բանն անեն՝ Հուդային մեղանչել տալու համար»։

Հույսի խոստում

36 Եվ հիմա սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Այս քաղաքի մասին, որ դուք ասում եք, թե “սրով, սովով ու ժանտախտով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվում”,

37 ահա ես պիտի հավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր նրանց աքսորել եմ մեծ բարկությամբ, զայրույթով և մեծ սրտմտությամբ. նրանց պիտի վերադարձնեմ այստեղ և բնակեցնեմ ապահովությամբ։

38 Եվ նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ։

39 Եվ ես նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ կտամ, որ ինձնից ընդմիշտ վախենան՝ ի բարօրություն իրենց և իրենցից հետո՝ իրենց որդիների։

40 Եվ ես նրանց հետ հավիտենական ուխտ եմ կապում, որ չշրջվեմ իրենց բարիք անելուց, և իմ վախը նրանց սրտերում կդնեմ, որ ինձնից չդառնան։

41 Եվ ես նրանց բարություն անելով պիտի հրճվեմ և իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց ճշմարտապես պիտի տնկեմ այս երկրում»։

42 Որովհետև Տերն այսպես է ասում. «Ինչպես որ այս ժողովրդի վրա այս ամբողջ մեծ չարիքը բերեցի, այնպես էլ նրանց վրա պիտի բերեմ այն ամբողջ բարիքը, որ ես խոստացել եմ նրանց։

43 Եվ արտերը պիտի գնվեն այս երկրում, որի մասին դուք ասում եք. “Ամայի է, առանց մարդու և անասունի, քաղդեացիների ձեռքն է տրվել”։

44 Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 33

Հույսի մեկ այլ խոստում

1 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր բանտի գավթում, և ասաց.

2 «Այսպես է ասում Տերը՝տիեզերքըարարողը, Տերը, որն այն կազմեց, որ հաստատի այն. նրա անունը Տեր է։

3 “Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել”։

4 Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմպաշտպանությանպատճառով.

5 “Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։

6 Ահա ես նրա վրա առողջություն և բժշկություն եմ բերելու և պիտի բուժեմ նրանց, խաղաղության և ճշմարտությանառատությունը պիտի հայտնեմ նրանց։

7 Ես պիտի վերադարձնեմ Հուդայի գերյալներին և Իսրայելի գերյալներին և նրանց պիտի վերակառուցեմ առաջվա նման։

8 Եվ նրանց պիտի մաքրեմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղանչեցին և ապստամբեցին իմ դեմ։

9 Եվ նա ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որ ես անելու եմ նրանց, և նրանք պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարիքների համար և այն ամբողջ բարօրության համար, որ ես տալու եմ նրան”»։

10 Տերն այսպես է ասում. «Այստեղ, որի համար դուք ասում եք՝ “Ավերակ է, առանց մարդու և անասունի”, Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի փողոցներում, որոնք ամայի են դարձել, առանց բնակչի՝ առանց մարդու և առանց անասունի,

11 դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհությանընծաբերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։

12 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այստեղ, որ ավերակ է, առանց մարդու և անասունի, նրա բոլոր քաղաքներում կրկին հոտեր մակաղեցնող հովիվների կացարաններ պիտի լինեն։

13 Լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու նրանք համրողի ձեռքի տակով»,- ասում է Տերը։

14 «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։

15 Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։

16 Այն օրերին Հուդան պիտի ազատվի, և Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, և այսպես պիտի կոչվի նա՝ Տերը՝ մեր արդարությունը»։

17 Որովհետև Տերն այսպես է ասում. «Դավթից Իսրայելի տան գահի վրա նստող մարդ չպիտի պակասի։

18 Եվ ղևտացի քահանաներից իմ առաջ մշտապես ողջակեզ մատուցող, հացի ընծա նվիրող և զոհ անող մարդ չպիտի պակասի»։

19 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

20 «Այսպես է ասում Տերը. “Եթե կարողանաք խափանել իմ ուխտը ցերեկվա հետ և իմ ուխտը գիշերվա հետ, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա

21 կխափանվի նաև իմ ուխտը իմ ծառա Դավթի հետ, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ինձ ծառայություն անող ղևտացի քահանաների հետ։

22 Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին”»։

23 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

24 «Չե՞ս տեսնում, թե ի՛նչ է խոսում այս ժողովուրդը՝ ասելով. “Տերը մերժել է այն երկու ազգատոհմերին, որոնց ընտրել էր”։ Նրանք անարգում են իմ ժողովրդին, կարծես այլևս ազգ չլինի նրանց առաջ»։

25 Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտչեմ կնքել,երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել,

26 ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 34

Պատգամ Սեդեկիային

1 Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրա բոլոր զորքերը, իր իշխանության տակ գտնվող երկրի բոլոր թագավորությունները և բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի դեմ և նրա բոլոր քաղաքների դեմ.

2 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և խոսի՛ր Հուդայի թագավոր Սեդեկիային և նրան ասա՛. “Տերն այսպես է ասում. “Ահա այս քաղաքը տալիս եմ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա կրակով պիտի այրի այն։

3 Եվ դու չես ազատվի նրա ձեռքից, այլ անպայման պիտի բռնվես ու նրա ձեռքը մատնվես։ Եվ քո աչքերը պիտի տեսնեն Բաբելոնի թագավորի աչքերը, և նրա բերանը պիտի խոսի քո բերանի հետ, և Բաբելոն պիտի գնաս”։

4 Սակայն լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Սեդեկիա, Հուդայի թագավո՛ր, Տերը քո մասին այսպես է ասում. “Դու սրով չես մեռնելու։

5 Դու խաղաղությամբ ես մեռնելու, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և “Վա՜յ, Տե՛ր” ասելով սուգ են անելու քեզ վրա, որովհետև այս խոսքը ես ասացի”,- ասում է Տերը”»։

6 Եվ Երեմիա մարգարեն Երուսաղեմում այս բոլոր խոսքերն ասաց Հուդայի Սեդեկիա թագավորին,

7 մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։

Վատ վերաբերմունք գերիների հանդեպ

8 Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովրդի հետ ուխտ էր կապել՝ նրանցստրուկներինազատություն հռչակելով,

9 որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին՝ եբրայեցուն և եբրայեցուհուն, որ ոչ մեկը չստրկացնի իր հրեա եղբորը։

10 Եվ բոլոր իշխանավորները և ամբողջ ժողովուրդը հնազանդվեցին և ուխտ արեցին, որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որպեսզի նրանց այլևս չստրկացնեն։ Հնազանդվեցին ու արձակեցին։

11 Բայց հետո դարձան և իրենց ազատ արձակած ծառաներին և աղախիններին հետ դարձրին և նրանց բռնի կերպով որպես ծառաներ ու աղախիններ ստրկացրին։

12 Եվ Տիրոջ խոսքը Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.

13 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես ձեր հայրերի հետ ուխտ կնքեցի այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից՝ ասելով.

14 “Յոթերորդ տարում ձեզնից ամեն մեկը թող արձակի իր եբրայեցի եղբորը, որ ծախվել է ձեզ և վեց տարի ծառայել. դուք նրան ձեր մոտից ազա՛տ արձակեք”. բայց ձեր հայրերն ինձ չհնազանդվեցին և ականջ չդրեցին։

15 Դուք վերջերս դարձի եկաք, և ամեն մարդ, իր ընկերոջը ազատություն հռչակելով, արեց այն, ինչ որ ուղիղ է իմ աչքին, և իմ առաջ ուխտ կապեցիք այն տանը, որ իմ անունով է կոչվում։

16 Բայցնորիցդարձաք ու պղծեցիք իմ անունը և վերադարձրիք՝ ամեն մարդ իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որոնց ազատ էիք արձակել իրենց կամքով, և նրանց ստրկացրիք, որ ձեզ համար ծառաներ և աղախիններ լինեն”»։

17 Ուստի Տերը այսպես է ասում. «Դուք ինձ չհնազանդվեցիք ազատություն հռչակելու, յուրաքանչյուրը՝ իր եղբորը և իր ընկերոջը. ահա ես հռչակում եմ սրի, ժանտախտի, սովի ազատագրություն,- ասում է Տերը,- ես ձեզ երկրի բոլոր թագավորությունների սարսափը կդարձնեմ։

18 Եվ այն մարդիկ, որոնք զանցում են իմ ուխտը և չեն կատարում իմ առաջ իրենց կնքած ուխտի խոսքերը, կլինեն ինչպես զվարակը, որին երկուսի բաժանեցին ու նրա մասերի միջով անցան.

19 Հուդայի իշխանավորներն ու Երուսաղեմի իշխանավորները, պալատականները, քահանաները և երկրի ամբողջ ժողովուրդը, որոնք զվարակի կտորների միջով անցան։

20 Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց կյանքը փնտրողների ձեռքը։ Նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կեր պիտի դառնան։

21 Հուդայի Սեդեկիա թագավորին ու նրա իշխանավորներին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքն ու նրանց կյանքը փնտրողների ձեռքը, Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը, որը ձեզանից դարձավ։

22 Ահա ես պիտի հրամայեմ,- ասում է Տերը,- և նրանց այս քաղաք պիտի վերադարձնեմ. նրա դեմ պիտի պատերազմեն և այն գրավեն ու կրակով այրեն։ Ես Հուդայի քաղաքները ամայություն պիտի դարձնեմ, առանց բնակչի»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 35

Երեմիան և Ռեքաբյանները

1 Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերին՝ ասելով.

2 «Գնա՛ Ռեքաբյանների տունը և խոսի՛ր նրանց և նրանց բե՛ր Տիրոջ տունը՝ սենյակներից մեկը, և նրանց գինի՛ տուր, որ խմեն»։

3 Եվ ես վերցրի Քաբասինիայի որդու՝ Երեմիայի որդի Հեզոնիային և նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև Ռեքաբյանների ամբողջ տունը։

4 Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդուն՝ Հեգդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենյակից վերև եղող իշխանական սենյակի կողքին էր։

5 Եվ Ռեքաբյանների տան որդիների առաջ գինիով լիքը անոթներ և բաժակներ դրեցի և նրանց ասացի. «Գինի՛ խմեք»։

6 Բայց նրանք ասացին. «Մենք գինի չենք խմում, որովհետև մեր հայրը՝ Ռեքաբի որդի Հովնադաբը, մեզ հրամայել է՝ ասելով. “Գինի չխմեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր որդիները հավիտյան։

7 Նաև տուն չկառուցեք, սերմ չցանեք և խաղողի այգի չտնկեք ևսրանքմի՛ ունեցեք։ Այլ ձեր բոլոր օրերը վրաններո՛ւմ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք”։

8 Եվ մենք ամեն բանում հնազանդվելենք մեր հայր Ռեքաբի որդի Հովնադաբի ձայնին, որը հրամայել է մեզ, որ մեր բոլոր օրերում գինի չխմենք թե՛ մենք, թե՛ մեր կանայք, թե՛ մեր որդիները, թե՛ մեր դուստրերը,

9 բնակվելու համար տներ չկառուցենք և խաղողի այգի, արտ, ագարակ և ցանք չունենանք,

10 այլ վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք ու անում այն ամենի համաձայն, ինչպես մեզ հրամայել է մեր հայրը՝ Հովնադաբը։

11 Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ այս երկրի դեմ, այն ժամանակ ասացինք. “Եկեք Երուսաղեմ գնանք քաղդեացիների զորքերի պատճառով և արամեացիների զորքերի պատճառով”, և բնակվում ենք Երուսաղեմում»։

12 Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

13 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա՛. “Մի՞թե խրատ չեք առնում և հնազանդվում իմ խոսքերին”,- ասում է Տերը։-

14 Ռեքաբի որդի Հովնադաբի խոսքերը, որ իր որդիներին հրամայել է գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև այսօր չեն խմում, այլ հնազանդվում են իրենց հոր հրամանին։ Ես կրկին ու կրկին խոսեցի ձեզ հետ, բայց դուք ինձ չանսացիք։

15 Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով. “Ամեն մարդ թող հետ դառնա իր չար ճանապարհից։ Բարեփոխե՛ք ձեր արարքները և մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու համար։ Այն ժամանակ դուք կբնակվեք այն երկրում, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին”։ Բայց դուք ականջ չդրեցիք և չհնազանդվեցիք ինձ։

16 Ռեքաբի որդի Հովնադաբի որդիները կատարեցին իրենց հոր հրամանը, որ հրամայել էր իրենց, բայց այս ժողովուրդն ինձ չի լսում”»։

17 Սրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Ահա այն ամեն չարիքը, որ խոսել եմ նրանց մասին, ես բերելու եմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա, որովհետև ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին, կանչեցի նրանց, բայց նրանք չպատասխանեցին»։

18 Եվ Երեմիան Ռեքաբյանների տանն ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դուք հնազանդվել եք ձեր հոր՝ Հովնադաբի հրամանին և պահում եք նրա բոլոր հրամանները և անում եք այն ամենի համաձայն, որ նա է ձեզ հրամայել,

19 դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ռեքաբի որդի Հովնադաբից իմ առաջ կանգնող մարդ չպիտի պակասի ընդմիշտ””»։