Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 16

Աստծու կամքը Երեմիայի կյանքի համար

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ասելով.

2 «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։

3 Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին.

4 «Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։

5 Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։

6 Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելունրանց համար։

7 Ոչ էլ սգի համար նրանց հետ հաց կկիսեն մեռյալի համար նրանց մխիթարելու, նրա հորը և նրա մորը, չեն խմեցնի մխիթարության բաժակը։

8 Եվ խնջույքի տուն մի՛ մտիր նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար։

9 Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այստեղից ձեր աչքի առաջ և ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը։

10 Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. “Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռելմեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ”,

11 այդ ժամանակ դու նրանց ասա՛. “Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։

12 Դուք ձեր հայրերից ավելի չարություն գործեցիք, և ահա ձեզնից ամեն մեկը գնում է իր չար սրտի կամակորության հետևից և ինձ չի հնազանդվում։

13 Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու”»։

Վերադարձ աքսորից

14 «Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,-

15 այլ՝ “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր աքսորել էր նրանց”։ Եվ ես նրանց պիտի վերադարձնեմ իրենց երկիրը, որ տվել էի իրենց հայրերին»։

Գալիք պատուհասը

16 «Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։

17 Որովհետև իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա են, նրանք իմ երեսի առաջ թաքուն չեն, և իմ աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները։

18 Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։

19 Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։

20 «Մի՞թե մարդ իր համար աստվածներ կշինի. նրանք աստվածներ չեն։

21 Ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը և իմ զորությունը, և պիտի իմանան, որ իմ անունը Տեր է»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 17

Հուդայի մեղքը և պատիժը

1 Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։

2 Որ իրենց որդիները հիշեն իրենց զոհասեղանները և իրենց աստարովթները կանաչ ծառերի մոտ, բարձր բլուրների վրա.

3 քո հարստությունը, քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ քո տարածքում՝ Բարձր տեղերում, մեղքերի պատճառով։

4 Եվ դու ինքդ պիտի թողնես քո ժառանգությունը, որ քեզ տվեցի, և քեզ մի այնպիսի երկրում եմ ծառա դարձնելու քո թշնամիներին, որ չես ճանաչում, որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել, որ հավիտյան պիտի բորբոքվի։

Զանազան ասացվածքներ

5 Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։

6 Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։

7 Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, ևՏերնէ նրա վստահությունը։

8 Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։

9 Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։

10 Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։

11 Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավիպեսէ. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։

12 Փառքի գահ, բարձրացված սկզբից, մեր Սրբարանի վայրն է։

13 Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։

Երեմիան խնդրում է Տիրոջ օգնությունը

14 Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։

15 Ահա նրանք ինձ ասում են. «Որտե՞ղ է Տիրոջ խոսքը, թող գա»։

16 Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։

17 Ինձ համար արհավիրք մի՛ եղիր, չարիքի օրը իմ ապավենը դու ես։

18 Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ինձ մի՛ ամաչեցրու. թող նրանք զարհուրեն, բայց ինձ մի՛ զարհուրեցրու. նրանց վրա չար օ՛ր բեր և կրկնապատիկ կործանումով կործանի՛ր նրանց։

Պահել շաբաթը

19 Տերն այսպես է ասում ինձ. «Գնա՛ և կանգնի՛ր ժողովրդի որդիների դարպասին, որով մտնում և դուրս են գալիս Հուդայի թագավորները, նաև Երուսաղեմի բոլոր դարպասներին։

20 Եվ ասա՛ նրանց. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և համայն Հուդա և ո՛վ Երուսաղեմի բոլոր բնակիչներ, որ այս դարպասներով մտնում եք։

21 Այսպես է ասում Տերը. “Զգուշացե՛ք ձեր անձերի համար և շաբաթ օրը բեռ մի՛ վերցրեք և Երուսաղեմի դարպասներից ներս մի՛ բերեք։

22 Շաբաթ օրը ձեր տներից դուրս բեռ մի՛ բերեք և ոչ մի գործ մի՛ արեք, այլ սրբացրե՛ք շաբաթ օրը, ինչպես որ հրամայել եմ ձեր հայրերին։

23 Բայց նրանք չլսեցին և իրենց ականջները չխոնարհեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին, որպեսզի չլսեն և խրատ չառնեն։

24 Եվ եթե ինձ ուշադրությամբ ականջ դնեք,- ասում է Տերը,- որ շաբաթ օրն այս քաղաքի դարպասներից բեռ ներս չբերեք և շաբաթ օրը սրբացնեք, որ այդ օրը ոչ մի գործ չանեք,

25 այն ժամանակ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն կառքերի և ձիերի հեծած թագավորներ և իշխաններ, որոնք կնստեն Դավթի գահի վրա, թե՛ իրենք և թե՛ իրենց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները, և այս քաղաքը հավիտյան բնակեցված կլինի։

26 Եվ կգան Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի շրջակայքից ու Բենիամինի երկրից, դաշտավայրից ու լեռից և հարավից, կբերեն ողջակեզ և զոհ, հացի ընծա և կնդրուկ և գոհության ընծաներ կբերեն Տիրոջ տուն։

27 Բայց եթե ինձ չհնազանդվեք, որ շաբաթ օրը սուրբ պահեք, որ բեռ չվերցնեք ու Երուսաղեմի դարպասներից ներս բերեք շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ նրա դարպասների մեջ կրակ կվառեմ, և այն կլափի Երուսաղեմի ամրոցները և չի հանգչի””»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 18

Երեմիան բրուտի տանը

1 Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով.

2 «Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքերը»։

3 Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակիվրա։

4 Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։

5 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

6 «Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։

7 Մի պահ ես կխոսեմ մի ազգի կամ մի թագավորության դեմ՝ արմատախիլ անելու, քանդելու և կործանելու համար,

8 և եթե այդ ազգը, որի դեմ ես խոսել եմ, իր չարությունից դարձի գա, ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որ խորհել էի նրան անել։

9 Եվ մի պահ ես կխոսեմ ազգի կամ մի թագավորության մասին՝ կառուցելու և տնկելու համար,

10 և եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ և չի լսում իմ խոսքը, ես էլ կհրաժարվեմ այն բարիքից, որ անելու եմ նրան»։

11 Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա՛. «Տերն այսպես է ասում. “Ահա ձեզ համար ես չարիք եմ պատրաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում. ամեն մեկդ դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները”։

12 Բայց նրանք ասում են. “Անհո՛ւյս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն է անելու”»։

Ժողովուրդը մերժում է Տիրոջը

13 Ուստի այսպես է ասում Տերը. «Հարցրե՛ք ազգերի մեջ, այսպիսի բան ո՞վ է լսել. խիստ սոսկալի բան է արել կույս Իսրայելը։

14 Մի՞թե դաշտի ժայռից կպակասի Լիբանանի ձյունը, կամ կցամաքեն հոսող, հեռվից եկող սառը ջրերը։

15 Սակայն իմ ժողովուրդը մոռացել է ինձ, խունկ է ծխում ունայնություններին, որոնք նրանց գայթեցրին իրենց ճանապարհներում, հին ճամփաներում, որպեսզի ընթանան կածաններով, որոնք հարթված չեն։

16 Որպեսզի նրանք իրենց երկիրն ամայի դարձնեն, երկարատև սուլելու առարկա, որպեսզի նրա մոտով անցնողը զարմանա և գլուխը շարժի։

17 Նրանց պիտի ցրեմ թշնամու առաջ, ինչպես արևելյան քամին,նրանց աղետի օրը թիկունք և ոչ թե երես պիտի ցույց տամ»։

Դավադրություն Երեմիայի դեմ

18 Ապա նրանք ասացին. «Եկեք Երեմիայի դեմ դավեր սարքենք, որովհետև ուսուցումը քահանայից չի կորչի, խորհուրդը՝ իմաստունից, և խոսքը՝ մարգարեից։ Եկեք նրան լեզվով վնասենք և նրա բոլոր խոսքերին ուշադրություն չդարձնենք»։

19 Ո՛ւշ դիր ինձ, Տե՛ր, և լսի՛ր իմ հակառակորդների ձայնը։

20 Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։

21 Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի ձե՛ռքը հանձնիր, որպեսզի նրանց կանայք որդեկորույս ու այրի դառնան, և նրանց ամուսինները մահվան մատնվեն, նրանց երիտասարդները՝ պատերազմում սրով խոցվածներ։

22 Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։

23 Բայց դու, ո՛վ Տեր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ինձմեռցնելու համար։ Նրանց անօրենությունը մի՛ քավիր և նրանց մեղքերը քո առաջից մի՛ ջնջիր, այլ թող նրանք տապալվեն քո առաջ, նրանց հետայդպե՛սվարվիր քո բարկության ժամանակ։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 19

Կոտրված կուժը

1 Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներիցվերցրո՛ւ,

2 դո՛ւրս եկ Ենովմի որդու ձորը, որ Հարսիթի դարպասիմուտքի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որ կասեմ քեզ։

3 Եվ ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վրա, որ ամեն լսողի ականջները զնգան։

4 Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրինինձնիցու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։

5 Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։

6 Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։

7 Եվ ես այս տեղում կխափանեմՀուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։

8 Եվ այս քաղաքը ամայի և երկարատև սուլելու առարկակդարձնեմ. նրա մոտով ամեն անցնող կզարմանա և կսուլինրա բոլոր պատուհասների պատճառով։

9 Եվ նրանց իրենց որդիների միսը և իրենց դուստրերի միսը ուտել պիտի տամ. ամեն մարդ իր ընկերոջ միսն է ուտելու այն պաշարման և նեղության մեջ, որով նրա թշնամիները և նրանց կյանքը պահանջողները պիտի նեղեն նրանց””։

10 Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։

11 Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը. “Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որմեկըկոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն””։

12 Այսպես պիտի անեմ այս տեղին,- ասում է Տերը,- և նրա բնակիչներին, և այս քաղաքը Տոփեթի պես պիտի անեմ։

13 Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես անմաքուր կլինեն. այն բոլոր տների պատճառով, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար և թափելու նվերներ են մատուցել օտար աստվածներին»։

14 Երեմիան եկավ Տոփեթից, ուր Տերն ուղարկել էր նրան մարգարեություն անելու, կանգնեց Տիրոջ տան գավթում և ասաց ամբողջ ժողովրդին.

15 «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այս քաղաքի վրա և նրա բոլոր քաղաքների վրա այն ամբողջ չարիքը պիտի բերեմ, որ վճռել եմ նրա դեմ. որովհետև նրանք պնդացրել են իրենց պարանոցը, որպեսզի իմ խոսքերը չլսեն”»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 20

Երեմիայի բախումը Փասուր քահանայի հետ

1 Եմմերի որդի Փասուր քահանան, որ գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային, որ մարգարեանում էր այս խոսքերը։

2 Եվ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում, որ Բենիամինի Վերին դարպասում Տիրոջ տանն էր։

3 Հետևյալ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը ոչ թե Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։

4 Որովհետև այսպես ասաց Տերը. “Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջպիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։

5 Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա ամբողջ ունեցվածքը, նրա բոլոր պատվական բաները, Հուդայի թագավորների բոլոր գանձերն իրենց թշնամիների ձեռքը պիտի տամ, և նրանք պիտի կողոպտեն նրանց, առնեն ու տանեն Բաբելոն։

6 Իսկ դու, ո՛վ Փասուր, և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք։ Բաբելոն պիտի գնաս ու այնտեղ մեռնես, և այնտեղ պիտի թաղվեք դու և քո բոլոր բարեկամները, որոնց դու ստությամբ մարգարեություն էիր անում”»։

Երեմիայի գանգատը Տիրոջը

7 Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր, և ես հրապուրվեցի, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։

8 Որովհետև երբ որ խոսեմ, աղաղակում եմ, գոռում եմ «բռնություն և ավերում». Տիրոջ խոսքն ամեն օր ինձ համար նախատինք ու կշտամբանք է դարձել։

9 Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելուևայլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։

10 Որովհետև ես շատերի զրպարտանքըլսեցի. սարսափ է շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, մենք էլ հայտարարենք այն»։ Իմ բոլոր բարեկամները իմ սայթաքելուն էին նայում. «Գուցե խաբվի, այն ժամանակ մենք կհաղթենք նրան և մեր վրեժը կառնենք նրանից»։

11 Բայց զորավոր ախոյանի պես Տերն ինձ հետ է։ Դրա համար ինձ հալածողները պիտի սայթաքեն և չպիտի հաղթեն, որովհետև նրանք խորապես պիտի ամաչեն և չպիտի հաջողեն. նրանց նվաստացումը երբևէ չպիտի մոռացվի։

12 Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։

13 Տիրո՛ջը երգեք, Տիրո՛ջը գովաբանեք որովհետև նա չքավորի կյանքը փրկեց չարագործների ձեռքից։

14 Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։

15 Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։

16 Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ։

17 Որովհետև ինձ չմեռցրեց արգանդում, որպեսզի ինձ համար իմ մայրը իմ գերեզմանը լիներ, և նրա արգանդը՝ հավիտյան հղի։

18 Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 21

Երուսաղեմի պարտության կանխատեսումը

1 Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը նրա մոտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.

2 «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։

3 Եվ Երեմիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք Սեդեկիային։

4 Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի շրջեմ պատերազմական այն գործիքները, որ ձեր ձեռքին են, և որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որ ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ։

5 Ես էլ երկարացրած ձեռքով, զորավոր բազկով և բարկությամբ ու զայրույթով և մեծ սրտմտությամբ պիտի պատերազմեմ ձեր դեմ։

6 Եվ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին՝ մարդ թե անասուն. նրանք մեծ ժանտախտով պիտի մեռնեն։

7 Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի”։

8 Եվ դու այս ժողովրդին ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Ահա ես ձեր առաջ եմ դնում կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։

9 Այս քաղաքում մնացողը սրից ու սովից և ժանտախտից պիտի մեռնի, բայց դուրս եկողը և ձեզ պաշարող քաղդեացիներին հանձնվողը պիտի ապրի, և նրա կյանքն իր համար ավարի պես պիտի լինի։

10 Որովհետև ես իմ դեմքը այս քաղաքի դեմ եմ դարձրել չարիքի համար և ոչ թե բարիքի համար,- ասում է Տերը.- այն պիտի Բաբելոնի թագավորի ձեռքը տրվի, և նա էլ կրակով պիտի այրի այն””։

Հուդայի արքայական տան դատաստանը

11 Եվ Հուդայի թագավորի տանն ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը,

12 ո՛վ Դավթի տուն,- այսպես է ասում Տերը,- առավոտյան արդար դատե՛ք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի ձեր չար գործերի պատճառով կրակի պես դուրս չգա իմ զայրույթն ու այրի, և հանգցնող չլինի”։

13 Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ,- ասում է Տերը,- որ ասում եք. “Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները”։

14 Բայց ես ձեզ պիտի պատժեմ ձեր գործերի պտուղի համեմատ,- ասում է Տերը,- և կրակ պիտի վառեմ նրա անտառում, որ պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 22

Երեմիայի պատգամը Հուդայի արքայական տանը

1 Այսպես է ասում Տերը. «Իջի՛ր Հուդայի թագավորի տունը և այնտեղ ասա՛ այս խոսքը.

2 և ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր, որ նստել ես Դավթի գահի վրա, դու և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որ մտնում եք այս դարպասներից։

3 Այսպես է ասում Տերը. “Իրավունք և արդարությո՛ւն արեք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, մի՛ կեղեքեք և մի՛ բռնացեք օտարականին, որբին և այրուն և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք։

4 Որովհետև եթե իսկապես անեք այս բանը, այն ժամանակ այս տան դարպասներով կմտնեն Դավթի գահի վրա բազմող թագավորներ՝ կառքով և ձիերի վրա հեծած. իրենք, իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։

5 Իսկ եթե չհնազանդվեք այս խոսքերին, ինձնով եմ երդվում,- ասում է Տերը,- որ այս տունը ամայության պիտի վերածվի””։

6 Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի թագավորի տան մասին. “Դու ինձ համար Գաղաադի նման ես, Լիբանանի գագաթի նման, բայց քեզ անշուշտ անապատ պիտի դարձնեմ, անբնակ քաղաքներ։

7 Ես քո դեմ կործանողներ կպատրաստեմ՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո ընտիր եղևնիները և կրակի մեջ գցեն”։

8 Եվ այս քաղաքով շատ ազգեր պիտի անցնեն և մեկմեկու պիտի ասեն. “Տերն ինչո՞ւ այսպես արեց այս մեծ քաղաքին”։

9 Եվ նրանք պիտի ասեն. “Որովհետև թողեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ուխտը և երկրպագություն արեցին ուրիշ աստվածների ու նրանց պաշտեցին”։

10 Մեռնողի համար լաց մի՛ եղեք և նրա համար մի՛ ողբացեք, այլ դառնորեն լա՛ց եղեք գնացողի համար, որովհետև այլևս հետ չպիտի դառնա, որ տեսնի իր ծննդյան երկիրը։

11 Որովհետև Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագավորեց իր հոր՝ Հովսիայի փոխարեն, որ այստեղից դուրս եկավ, Տերն այսպես է ասում. “Այլևս հետ չպիտի դառնա։

12 Որովհետև այնտեղ պիտի մեռնի, ուր գերի էին տարել նրան, և այլևս չպիտի տեսնի այս երկիրը”։

13 Վա՜յ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում և իր վերնատները՝ անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում և նրա վարձը չի տալիս նրան.

14 որ ասում է. “Ես ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ”, և իր համար պատուհաններ է բաց անում, այն պատում եղևնափայտով ու կարմիր ներկում։

15 Մի՞թե դու կթագավորես, քանի որ ավելի եղևնափայտ ունես. չէ՞ որ քո հայրը կերավ և խմեց, նաև իրավունք ու արդարություն արեց. այն ժամանակ նրա համար լավ եղավ։

16 Նա աղքատի և չքավորի դատն արեց, և լավ էր։ “Մի՞թե սա չէ ինձ ճանաչելը”,- ասում է Տերը։

17 Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վրա չեն, այլ միայն քո շահի վրա և անմեղ արյուն թափելու և հարստահարելու ու բռնության վրա։

Երեմիայի պատգամը Հովակիմի մասին

18 Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան. “Ավա՜ղ, եղբա՛յր, ավա՜ղ, քո՛ւյր””. նրա վրա չպիտի սգան՝ասելով.“Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ նրա փառքին”։

19 Նա էշի թաղումով պիտի թաղվի՝ քարշ տալով և Երուսաղեմի դարպասներից դուրս նետելով։

Երեմիայի պատգամը Երուսաղեմի ճակատագրի մասին

20 Լիբանա՛ն բարձրացիր և աղաղակի՛ր. Բասանի մեջ ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից աղաղակի՛ր, որովհետև քո բոլոր հոմանիները կործանվեցին։

21 Քո հաջողության ժամանակ ես քեզ խոսեցի, դու ասացիր. “Չպիտի լսեմ”։ Սա է քո ճանապարհը քո երիտասարդությունից. որ իմ խոսքին չանսաս։

22 Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո հոմանիները պիտի գերեվարվեն. այն ժամանակ իսկապես պիտի ամաչես և նախատվես քո բոլոր չարությունների համար։

23 Ո՛վ Լիբանանի բնակիչ, եղևնիների մեջ բույնը դրած. ի՜նչ ողորմելի ես լինելու դու, երբ քեզ վրա կգան ծննդյան ցավերը, ինչպես մի ծննդկանի։

Աստծու դատաստանը Հեքոնիային

24 “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։

25 Ես քեզ պիտի մատնեմ քո կյանքը փնտրողների ձեռքը և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես, և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն ու քաղդեացիների ձեռքը։

26 Ես քեզ և քեզ ծնող մորը պիտի շպրտեմ օտար երկիր, որտեղ չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք։

27 Եվ չեն վերադառնալու այն երկիրը, ուր նրանց հոգին բաղձում է դառնալ”։

28 Մի՞թե անարգված, փշրված մի կճուճ է այս Հեքոնիա մարդը կամ մի այնպիսի անոթ է, որը չեն հավանում։ Ինչո՞ւ ինքը և իր սերունդը դուրս շպրտվեցին և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում։

29 Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Տիրոջ խոսքը։

30 Տերն այսպես է ասում. “Այս մարդուն անզավա՛կ գրեք, մի մարդ, որն իր օրերում հաջողություն չպիտի տեսնի, որովհետև նրա սերնդից ոչ ոքի չպիտի հաջողվի Դավթի գահին նստել և կրկին իշխել Հուդայի վրա”»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 23

Հույս ապագայի համար

1 «Վա՜յ այն հովիվներին, որոնք կորցնում և ցրում են իմ արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։

2 Սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այն հովիվների մասին, որ հովվում են իմ ժողովրդին. «Դուք իմ ոչխարներին ցրիվ տվեցիք ու քշեցիք և նրանց չխնամեցիք. ահա ձեր չար գործերի համար ես պիտի պատժեմ ձեզ»,- ասում է Տերը։

3 «Եվ ես այն բոլոր երկրներից, ուր աքսորել եմ նրանց, պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճենու բազմանան։

4 Եվ նրանց վրա հովիվներ պիտի դնեմ, որ նրանց հովվեն, և նրանք այլևս չպիտի վախենան ու զարհուրեն և չպիտի պակասեն»,- ասում է Տերը։

5 «Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ.որպեսթագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։

6 Նրա օրերին Հուդան կազատվի, և Իսրայելն ապահով կապրի։ Եվ սա է նրա անունը, որով նա պիտի կոչվի՝ Տերը՝ մեր Արդարությունը։

7 Սրա համար ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասելու. “Կենդանի է Տերը, որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,

8 այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի տան սերնդին հանեց ու առաջնորդեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր ես աքսորել էի նրանց”, և նրանք իրենց հողի վրա պիտի բնակվեն»։

Երեմիայի պատգամը մարգարեների մասին

9 Մարգարեների համար սիրտս ներսումս կոտրվում է, բոլոր ոսկորներս դողում են Տիրոջ պատճառով և նրա սուրբ խոսքերի պատճառով. ես մի հարբած մարդու պես և մի գինեհար մարդու նման եմ դարձել։

10 Որովհետև երկիրը լցվել է շնացողներով, և անեծքի պատճառով երկիրը սգում է, չորացել են անապատի արոտները. նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունըարդար չէ։

11 «Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան ապականված են, իմ տանն անգամ ես գտա նրանց չարությունը,- ասում է Տերը։-

12 Սրա համար նրանց ճանապարհն իրենց համար խավարի մեջ սայթաքուն տեղերի պես պիտի լինի. նրանք պետք է հրվեն և վայր ընկնեն այնտեղ, որովհետև ես նրանց վրա չարիք եմ բերելու նրանց պատուհասելու տարում,- ասում է Տերը։-

13 Սամարիայի մարգարեների մեջ անզգամություն տեսա. Բահաղով մարգարեացան և մոլորեցրին իմ Իսրայել ժողովրդին։

14 Իսկ Երուսաղեմի մարգարեների մեջ քստմնելի բան տեսա. շնանում են և ստությամբ են ընթանում. չարագործների ձեռքերն են զորացնում, որ ոչ ոք իր չարությունից հետ չդառնա. նրանք բոլորն ինձ համար Սոդոմի պես են, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի պես»։

15 Սրա համար Զորությունների Տերը մարգարեների մասին այսպես է ասում. «Ահա ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից ամբողջ երկրի մեջ անաստվածությունտարածվեց»։

16 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։

17 Նրանք ասում ու ասում են ինձ անարգողներին. “Տերը խոսեց. ձեզ համար խաղաղություն է լինելու”, և իրենց սրտի կամակորությամբ բոլոր ընթացողներին ասում են. “Ձեզ վրա չարիք չի գալու”»։

18 Որովհետևիրենցիցո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել նրա խոսքը, ո՞վ է ուշ դրել նրա խոսքին ու լսել։

19 Տիրոջ մրրիկն ահա զայրույթով դուրս եկավ, այո՛, սաստիկ պտտահողմը ամբարիշտների գլխին է պտտվելու։

20 Տիրոջ բարկությունը հետ չի դառնալու, մինչև չանի և չկատարի իր մտքի խորհուրդները. դա վերջին օրերին պարզ կհասկանաք։

21 «Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց իրենք վազեցին, ես նրանց հետ չեմ խոսել, բայց իրենք մարգարեացան։

22 Եվ եթե կանգնած լինեին իմ խորհրդում, այն ժամանակ ժողովրդին լսել կտային իմ խոսքերը և նրանց հետ կդարձնեին իրենց չար ճանապարհից և իրենց չար գործերից»։

23 «Մի՞թե ես մոտիկից եմ Աստված,- ասում է Տերը,- իսկ հեռվից Աստված չե՞մ։

24 Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը.- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ,- ասում է Տերը։-

25 Ես լսել եմ, ինչ որ ստություն մարգարեացող մարգարեներն ասում են իմ անունով՝ ասելով. “Երազ եմ տեսել, երազ եմ տեսել”։

26 Մինչև ե՞րբ այս բանը պիտի պատահի ստություն մարգարեացող մարգարեների սրտի մեջ. նրանք իրենց մտքի խաբեությունն են մարգարեանում։

27 Մտածում են, թե այն երազներով, որ միմյանց պատմում են, իմ ժողովրդին մոռանալ տան իմ անունը, ինչպես որ իրենց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։

28 Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. “Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ”,- ասում է Տերը։-

29 Ահա իմ խոսքը կրակի նման է,- ասում է Տերը,- և մուրճի պես, որ փշրում է ապառաժը։

30 Ուստի ես ահա մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իմ խոսքերն են գողանում իրարից։

31 Ահա ես այն մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզուն են գործածում և մարգարեություն խոսում։

32 Ահա ես այն սուտ երազներ մարգարեացողների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք պատմում են դրանք և իրենց ստություններով ու իրենց սնապարծությամբ մոլորեցնում իմ ժողովրդին։ Ես չեմ նրանց ուղարկել և նրանց չեմ հրամայել. նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին,- ասում է Տերը։-

Տիրոջ բեռը

33 Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. “Ի՞նչ է Տիրոջ բեռը”,այն ժամանակ դու նրանց ասա՛. “Ի՞նչ բեռ”։ “Եվ ես ձեզ պիտի թոթափեմ”,- ասում է Տերը։-

34 Իսկ “Տիրոջ բեռ” ասող մարգարեին ու քահանային և ժողովրդին՝ այդպիսի մարդուն ու նրա տանը, ես պիտի պատժեմ։

35 Այսպե՛ս ասացեք, ամեն մարդ՝ իր ընկերոջը և ամեն մարդ՝ իր եղբորը. “Տերն ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։

36 Եվ այլևս մի՛ հիշատակեք Տիրոջ բեռը, որովհետև ամեն մարդու համար իր խոսքն է բեռ դառնալու։ Եվ այլափոխում եք կենդանի Աստծու խոսքը, որ Զորությունների Տերն է՝ մեր Աստվածը։

37 Այսպե՛ս ասա մարգարեին. “Տերը քեզ ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։

38 Բայց եթե “Տիրոջ բեռը” ասեք, ապա Տերն այսպես է ասում. “Որովհետև դուք ասում եք “Տիրոջ բեռը” խոսքը, թեևլուրուղարկեցի ձեզ՝ ասելով. “Մի՛ ասեք “Տիրոջ բեռը”,

39 դրա համար ահա ես բոլորովին պիտի մոռանամ ձեզ և իմ աչքի առաջից պիտի հեռացնեմ ձեզ ու այն քաղաքը, որ տվել եմ ձեզ ու ձեր հայրերին։

40 Ես ձեզ վրա հավիտենական անարգանք և հավիտենական նախատինք պիտի դնեմ, որ չպիտի մոռացվի””»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 24

Երկու կողով թուզ

1 Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեցայս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։

2 Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։

3 Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատ, որ վատությունից չեն ուտվի»։

4 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես այս լավ թզերին, նույնպես պիտի համարեմ Հուդայի տարագիրներին, որոնց ես այստեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը ի բարին։

6 Եվ իմ աչքը նրանց վրա պիտի ուղղեմ ի բարին և նրանց այս երկիրը պիտի վերադարձնեմ. նրանց պիտի շենացնեմ և ոչ թե քանդեմ, նրանց պիտի տնկեմ և ոչ թե արմատախիլ անեմ։

7 Նրանց մի սիրտ պիտի տամ, որ ճանաչեն, որ ես եմ Տերը. նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան”։

8 Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. “Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։

9 Եվ նրանց սարսափ կդարձնեմ վատ բանի համար, երկրի բոլոր թագավորությունների համար, նախատինք ու առակ, խայտառակություն ու անեծք այն բոլոր տեղերում, ուր ես պիտի քշեմ նրանց։

10 Եվ նրանց վրա սուր, սով և ժանտախտ կուղարկեմ, մինչև որ նրանց ոչնչացնեմ այն երկրի երեսից, որ տվել եմ նրանց ու նրանց հայրերին”»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 25

Թշնամին հյուսիսից

1 Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր,

2 որը Երեմիա մարգարեն ասաց ամբողջ Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին.

3 «Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։

4 Եվ Տերը կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեց իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չանսացիք և ականջ չդրեցիք։

5 Նրանք ասում էին. “Ամեն մեկդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից, և դուք կբնակվեք այն երկրում, որ Տերը հավիտյանս տվեց ձեզ և ձեր հայրերին։

6 Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և ձեր ձեռքի գործերով մի՛գրգռեք իմ բարկությունը, և ես չարիք չեմ անի”։

7 Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- որպեսզի գրգռեք իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։

8 Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Որովհետև դուք չլսեցիք իմ խոսքերը,

9 ահա ես կկանչեմ և կբերեմհյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։

10 Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքիաղալուձայնը և ճրագի լույսը։

11 Եվ այս ամբողջ երկիրն ավերակ ու ամայի կդառնա, և այս ազգերը յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։

12 Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։

13 «Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։

14 Որովհետև շատ ազգեր և մեծ թագավորներ պիտի ստրկացնեն նրանց, և ես նրանց պիտի հատուցեմ իրենց արարքի համեմատ և իրենց ձեռքի գործերի համեմատ»։

Աստծու դատաստանը ազգերին

15 Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում ինձ. «Վերցրո՛ւ իմ ձեռքից զայրույթի գինու բաժակը և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ ես ուղարկում եմ քեզ։

16 Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ»։

17 Եվ ես բաժակն առա Տիրոջ ձեռքից և խմեցրի բոլոր ազգերին, որոնց մոտ Տերն ուղարկեց ինձ՝

18 Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներինունրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր,

19 Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին, և նրա ծառաներին, նրա իշխաններին ու նրա ամբողջ ժողովրդին

20 և բոլոր խառնածիններիժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին,

21 Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին,

22 Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են,

23 Դեդեանին և Թեմային և Բուզին,մորուքներիծայրը կտրող բոլորին,

24 Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։

25 Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին

26 և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։

27 Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում”»։

28 Իսկ եթե մերժեն քո ձեռքից բաժակը վերցնել խմելու համար, այն ժամանակ դու նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Անպատճառ պիտի խմեք։

29 Որովհետև ահա այն քաղաքի վրա, որ կոչված է իմ անունով, ես սկսել եմ չարիք բերել. մի՞թե դուք անպատիժ կմնաք. դուք անպատիժ չեք մնա, որովհետև ես սուր եմ կանչելու երկրիս բոլոր բնակիչների վրա”,- ասում է Զորությունների Տերը»։

30 Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։

31 Աղմուկը մինչև երկրի ծայրն է հասնելու, որովհետև Տերը վեճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա սրի է մատնելու ամբարիշտներին»,- ասում է Տերը։

32 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա չարիք պիտի տարածվիմի ազգից մյուս ազգ, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից։

33 Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն. նրանց համար սուգ չպիտի լինի։ Նրանք չեն հավաքվելու և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին աղբի պես պիտի լինեն։

34 Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք,մոխրի մեջթավալվե՛ք, ո՛վ հոտի մեծավորներ, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման։

35 Եվ հովիվները ապաստանելու տեղ չպիտի ունենան, և հոտի մեծավորները՝ ազատելու։

36 Լսե՛ք հովիվների աղաղակի ձայնը և հոտի մեծավորների ողբալը, որովհետև Տերը կործանում է դարձրել նրանց արոտները.

37 Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։

38 Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։