Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 62

1 Հանուն Սիոնի ես չեմ լռելու, հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև նրա արդարությունը պայծառորեն փայլատակի, և նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես։

2 Ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, և բոլոր թագավորները՝ քո փառքը. նոր անունով պիտի կոչվես, որ Տիրոջ բերանն է տալու։

3 Դու շքեղության պսակ պիտի լինես Տիրոջ ձեռքում և արքայական թագ՝ քո Աստծու ափի մեջ։

4 Այլևս քեզ «Լքյալ» չեն ասի և քո երկիրն այլևս չեն կոչի «Ամայի», այլ քեզ պիտի կոչեն «Իմ հավանածը»և քո երկիրը պիտի կոչեն «Ամուսնացյալ», որովհետև Տերը հավանելու է քեզ, և քո երկիրը կամուսնանա։

5 Արդարև, ինչպես երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները կամուսնանան քեզ հետ, և ինչպես փեսան է ուրախանում հարսով, այնպես էլ քո Աստվածը կուրախանա քեզնով։

6 Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք

7 և դադար մի՛ տվեք նրան, մինչև հաստատի Երուսաղեմն ու այն գովաբանություն դարձնի երկրի վրա։

8 Տերը երդում է արել իր աջ ձեռքով և իր զորավոր բազկով. «Քո ցորենն այլևս երբեք չեմ տալու քո թշնամիներին իբրև կերակուր, և օտարների որդիները չեն խմելու նոր գինին, որի համար դու հոգնեցիր,

9 այլ հնձողները պիտի ուտեն այն ու օրհնաբանեն Տիրոջը, և ովքեր հավաքել ենխաղողները, նրա՛նք պիտի խմեն այն իմ սրբարանի գավիթներում»։

10 Անցե՛ք, անցե՛ք դռներով, պատրաստե՛ք ժողովրդի ճանապարհը, շտկե՛ք, շտկե՛ք ուղին, մաքրե՛ք քարերից, դրոշա՛կ բարձրացրեք ժողովուրդների վրա։

11 Ահա թե Տերն ի՛նչ լսել տվեց մինչև երկրի ծայրերը. «Ասացե՛ք Սիոնի դստերը. “Ահավասիկ գալիս է քո Փրկիչը, ահավասիկ նրա վարձը նրա հետ է, և նրա հատուցումը՝ նրա առաջ”»։

12 Նրանց պիտի կոչեն «Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ», և քեզ պիտի կոչեն «Փնտրված և չլքված քաղաք»։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 63

Տիրոջ հաղթանակը ազգերի հանդեպ

1 Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմից, կարմրագույն հագուստներով գալիս է Բոսրայից. նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ։ «Ես եմ, որ արդարախոս եմևփրկելու կարող»։

2 Ինչո՞ւ է կարմիր քո հագուստը. քո հանդերձները հնձան կոխոտողիհանդերձինման են։

3 Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ. ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ. նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները,

4 որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։

5 Ես նայեցի, բայց օգնող չկար, ապշեցի, բայց օժանդակող չկար. ուստի ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։

6 Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։

Տիրոջ բարությունը Իսրայելի հանդեպ

7 Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։

8 Նա ասաց. «Նրանք իրապես իմ ժողովուրդն են, որդիներ, որոնք ստություն չունեն»։ Եվ նա նրանց Փրկիչը եղավ։

9 Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։

10 Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, նա էլ թշնամի դարձավ նրանց և պատերազմեց նրանց դեմ։

11 Եվ նրանք հիշեցին հին օրերը, Մովսեսին ու նրա ժողովրդին. «Ո՞ւր է նա, որ նրանց ծովից դուրս հանեց իր հոտի հովվի հետ. ո՞ւր է նա, որ նրանց մեջ դրեց իր Սուրբ Հոգին,

12 իր փառավոր բազուկը Մովսեսի աջ ձեռքով առաջ շարժեց, պատռեց ջրերը նրանց առաջ, որպեսզի հավիտենական անուն ձեռք բերի իր համար, նա,

13 որ նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով, առանց որի նրանք կսայթաքեին։

14 Ինչպես որ անասունը հովիտ է իջնում, Տիրոջ հոգին հանգստացրեց նրանց»։ Այդպես էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես քեզ համար։

Օգնության և գթության աղոթք

15 Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։

16 Դու ես մեր Հայրը. թեպետ Աբրահամը մեզ չգիտի, և Իսրայելը մեզ չի ճանաչում։ Դու ես մեր Հայրը, ո՛վ Տեր, վաղուց ի վեր դու կոչվում ես մեր Փրկարարը։

17 Ո՛վ Տեր, ինչո՞ւ ես թողնում, որ մոլորվենք քո ճանապարհներից, ինչո՞ւ ես կարծրացնում մեր սրտերը, որ չվախենանք քեզանից. վերադարձի՛ր հանուն քո ծառաների՝ քո ժառանգության ցեղերի։

18 Քո սուրբ ժողովուրդը քիչ ժամանակ միայն ժառանգեց քո սրբարանը. մեր հակառակորդները ոտնակոխ արեցին այն։

19 Մենք եղանք նրանց պես, որոնց դեռ երբեք չես տիրել, որոնք չեն կոչվել քո անունով։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 64

1 Երանի՜ ճեղքեիր երկինքը և ցած իջնեիր. քո առաջ սարսեին լեռները,

2 ինչպես խռիվն է վառվում կրակով, և ջուրը՝ եռում կրակով. դու հայտնեիր քո անունը քո հակառակորդներին, և քո երեսից կդողային ազգերը։

3 Երբ դու կատարեցիր այն սոսկալի բաները, որ մենք չէինք սպասում, և ցած իջար, քո առաջ սարսեցին լեռները։

4 Հնուց լսվածչէև իմացված չէ, ոչ էլ աչքն է տեսել այլ աստված, քեզնից բացի, որ գործում է նրանց համար, ովքեր իրեն են սպասում։

5 Դու ընդառաջ ես գնում ուրախությամբ արդարություն անողին, որ հիշում է քեզ քո ճանապարհներում։ Եվ ահա դու սրտմտեցիր, և մենք մեղանչեցինք. մենք վաղուց ենք նրանց մեջ. մի՞թե մենք կփրկվենք։

6 Մենք ամենքս դարձել ենք անմաքուրմեկինման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թառամել ենք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։

7 Քո անունը կանչող ոչ մեկը չկա, որ արթնանա և քեզնից կառչի, որովհետև դու քո երեսը ծածկել ես մեզնից և մեզ մաշեցնում ես մեր անօրենությունների պատճառով։

8 Եվ սակայն, ո՛վ Տեր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք, դու՝ մեր բրուտը, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք։

9 Խիստ մի՛սրտմտիր, ո՛վ Տեր, և հավիտյան մի՛ հիշիր մեր անօրենությունը. ահա նայի՛ր, մենք բոլորս քո ժողովուրդն ենք։

10 Քո սուրբ քաղաքներն անապատացել են, Սիոնն անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայություն։

11 Մեր Սուրբ տունը՝ մեր շքեղությունը, որտեղ քեզ օրհներգեցին մեր հայրերը, հրո ճարակ դարձավ, մեր բոլոր ցանկալի բաներն ավերվել են։

12 Այս ամենի վրա դու պիտի զսպե՞ս քեզ, ո՛վ Տեր, պիտի լռե՞ս և անչափ տառապեցնե՞ս մեզ։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 65

Աստծու պատիժը ապստամբներին

1 Ես փնտրվեցի նրանցից, որոնք ինձ չէին հարցնում, ես գտնվեցի նրանցից, որոնք չէին փնտրում ինձ, և ես «Ահա ես, ահա ես» ասացի այն ազգին, որն իմ անունը չէր կանչել։

2 Ամբողջ օրը ես իմ ձեռքերը տարածեցի մի ապստամբ ժողովրդի վրա, որ գնում է իր խորհուրդների հետևից այնպիսի ճանապարհով, որ լավ չէ.

3 այնպիսի ժողովրդի վրա, որ ինձ միշտ զայրացնում է իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա.

4 որոնք գերեզմաններում են բնակվում և գիշերը գաղտուկ տեղերում են անցկացնում. նրանք խոզի միս են ուտում, և նրանց ամանների մեջ անմաքուր բաների արգանակ կա։

5 Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա, ինձ մի՛ մոտենա, որովհետև ես քեզնից սուրբ եմ»։ Այս բաները ծուխ են իմ ռունգերի մեջ, այրվող կրակ են ամբողջ օրը։

6 Ահա գրված է իմ առջև. «Չպիտի լռեմ, այլ պիտի հատուցեմ, այո՛, նրանց ծոցում պիտի հատուցեմ

7 նրանց անօրենություններն ու նրանց հայրերի անօրենությունները միասին,- ասում է Տերը,- որոնք խունկ ծխեցին լեռների վրա և ինձ նախատեցին բլուրների վրա. ես նրանց առաջ իրենց նախկին արարքների համար լիովին վարձահատույց կլինեմ իրենց ծոցում»։

8 Այսպես է ասում Տերը. «Ինչպես որ մի ողկույզի մեջ երբ գինի է գտնվում, ասում են. “Մի՛ փչացրու դա, որովհետև օրհնություն կա դրա մեջ”, այդպես էլ ես եմ անելու հանուն իմ ծառաների, որպեսզի չկոտորեմ բոլորին։

9 Հակոբից ես սերունդ պիտի հանեմ և Հուդայից՝ իմ լեռների ժառանգորդներ. իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ։

10 Սարոնը հոտերի արոտավայր պիտի լինի, և Աքորի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որը փնտրել է ինձ։

11 Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտիառաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրիհամար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։

12 Ես ձեզ սրի կմատնեմ. դուք բոլորդ կխոնարհվեք մորթվելու համար, որովհետև կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, խոսեցի, բայց դուք չլսեցիք, արեցիք այն, ինչն իմ աչքին չար էր, և ընտրեցիք այն, ինչը հաճելի չէր»։

13 Դրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ծառաները պիտի ուտեն, իսկ դուք քաղցած պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, իսկ դուք ծարավ պիտի մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, իսկ դուք պիտի ամաչեք,

14 ահա իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք հոգու ցավից ու պիտի ոռնաք սրտաբեկությունից։

15 Ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք իմ ընտրյալների համար։ Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ իր ծառաներին այլ անուն պիտի տա,

16 որպեսզի երկրի վրա օրհնվողը օրհնվի ճշմարիտ Աստծով, և երկրի վրա երդում անողը երդում անի ճշմարիտ Աստծով, որովհետև առաջվա նեղությունները մոռացվել են, և դրանք ծածկված են իմ աչքից։

Նոր արարչություն

17 Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։

18 Իսկ դուք հավիտյան ուրախացե՛ք ու բերկրե՛ք նրանով, ինչ ես ստեղծելու եմ։ Քանզի ահա ես ստեղծում եմ Երուսաղեմն իբրև բերկրանք և նրա ժողովրդին՝ իբրև ուրախություն։

19 Ես պիտի ցնծամ Երուսաղեմով և ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն չպիտի լսվի և ոչ էլ ողբի ձայն։

20 Այնտեղ այլևս չպիտի լինի ընդամենը մի քանի օրապրածմանուկ և ոչ էլ իր օրերը չլրացրած ծեր, որովհետև հարյուր տարեկանում մեռնողը երիտասարդ կհամարվի, հարյուր տարին չլրացրածն անիծյալ կհամարվի։

21 Նրանք տներ պիտի կառուցեն և իրե՛նք պիտի նրանցում բնակվեն, այգիներ պիտի տնկեն և դրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։

22 Նրանք չեն կառուցելու, որ ուրիշը բնակվի, նրանք չեն տնկելու, որ ուրիշն ուտի, որովհետև իմ ժողովրդի օրերը ծառերի օրերի չափ պիտի լինեն, և իմ ընտրյալներն իրե՛նք պիտի վայելեն իրենց ձեռքերի գործը։

23 Նրանք զուր տեղը չպիտի վաստակեն ևզավակներչպիտի ծնեն թշվառության համար, որովհետև նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը պիտի լինեն, և նրանց երանքից ծնվածներն էլ՝ նրանց հետ։

24 Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ,ևնրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։

25 Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։

Categories
ԵՍԱՅԻ

ԵՍԱՅԻ 66

Տերը դատելու է ազգերին

1 Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ գահն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Որտե՞ղ է այն տունը, որ կառուցում եք ինձ համար, և ո՞րն է իմ հանգստյան վայրը։

2 Այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։

3 Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերողէ, ընծա նվիրաբերողը խոզի արյունմատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։

4 Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։

5 Լսե՛ք Տիրոջ խոսքը դուք, որ դողում եք նրա խոսքից։ Ձեր եղբայրները, որոնք ատում և անարգում են ձեզ իմ անվան համար, ասում են. “Թող Տերը փառավորվի, և մենք ձեզ տեսնենք ուրախության մեջ”։ Բայց նրանք պիտի ամաչեն»։

6 Աղաղակի ձայն է գալիս քաղաքից. մի ձայն՝ տաճարից։ Տիրոջ ձայնն է, որ հատուցում է իր թշնամիներին։

7 Դեռ չերկնած՝ նա ծնեց, դեռ երկունքի ցավերը չեկած՝ նա մի արու զավակ ծնեց։

8 Ո՞վ է այսպիսի բան լսել, ո՞վ է այսպիսի բաներ տեսել. մի՞թե երկիրը մեկ օրում է ծնում, կամ մի ազգ միանգամի՞ց է ծնվում, որ Սիոնը երկնում և իսկույն ծնում է իր որդիներին։

9 «Ես, որ հասցնում եմ երկունքի, ծնել չե՞մ տա,- ասում է Տերը,- կամ ես, որ ծնել եմ տալիս, արգանդը կփակե՞մ»,- ասում է քո Աստվածը։

10 Ուրախացե՛ք Երուսաղեմի հետ, ցնծացե՛ք նրա համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք նրան. ուրախացե՛ք նրա հետ ցնծությամբ, ո՛վ դուք՝ բոլորդ, որ սգում էիք նրա համար։

11 Դուք պիտի ծծեք ու հագենաք նրա մխիթարող ստինքից, որպեսզի կուշտ խմեք և վայելեք նրա փառքի առատությունը։

12 Այսպես է ասում Տերը. «Ահա ես նրա վրա եմ բերում բարօրությունն ինչպես գետ, և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ. և դուք պիտի ծծեք ու սնվեք։ Ձեզ իրենց գիրկը պիտի առնեն և գգվեն իրենց ծնկների վրա։

13 Ինչպես մարդ, որին հանգստացնում է իր մայրը, այնպես էլ ես պիտի հանգստացնեմ ձեզ. ձեզ կհանգստացնեմ Երուսաղեմում։

14 Դուք պիտի տեսնեք, ձեր սրտերը պիտի ուրախանան, և ձեր ոսկորները պիտի ծաղկենկանաչխոտի պես»։ Տիրոջ ձեռքը պիտի ճանաչվի իր ծառաներից, և նրա ցասումը՝ նրա թշնամիների դեմ։

15 Ահա գալիս է Տերը կրակով, գալիս են նրա կառքերը մրրիկի նման, որպեսզի նա իր զայրույթն ի գործ դնի բարկությամբ և իր հանդիմանությունը՝ կրակի բոցով.

16 որովհետև կրակով է Տերը դատելու և ամեն մարմին՝ իր սրով. և շատ են լինելու Տիրոջից սպանվածները։

17 «Նրանք, որ իրենց սրբացնում և մաքրում են պարտեզներ մտնելու համար և հետևելով նրան, որ մեջտեղում է, նրանք, ուտելով խոզի միս, պիղծ բաներ և մուկ, միասին պիտի բնաջնջվեն,- ասում է Տերը։-

18 Եսգիտեմնրանց գործերն ու նրանց խորհուրդները.և ժամանակըկգա, երբ պիտի հավաքեմ բոլոր ազգերին և բոլոր լեզուները. նրանք պիտի գան ու տեսնեն իմ փառքը։

19 Ես նրանց մեջ նշան պիտի դնեմ և նրանց միջից ազատվածներին պիտի ուղարկեմ ազգերի մոտ, այսինքն՝ դեպի Թարսիս, Փուղ, Ղուդ՝ աղեղնավորներին, դեպի Թոբել և Հավան, դեպի այն հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ համբավն ու չեն տեսել իմ փառքը. նրանք պիտի հայտարարեն իմ փառքն ազգերի մեջ։

20 Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։

21 Ես նրանցից վերցնելու եմ քահանաներ և ղևտացիներ,- ասում է Տերը,-

22 որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, պիտի գոյատևեն իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը։

23 Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-

24 Նրանք պիտի դուրս գան և տեսնեն իմ դեմ ըմբոստացող մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու. նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 1

1 Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը,

2 որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,

3 Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։

Երեմիայի կոչումը

4 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5 «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ,և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։

6 Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։

7 Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։

8 Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։

9 Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։

10 Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։

Երկու տեսիլքներ

11 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։

12 Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։

13 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Մի եռացող կաթսա եմ տեսնում ես, և նրա երեսը հյուսիսից դարձել է»։

14 Եվ Տերն ինձ ասաց. «Երկրի բոլոր բնակիչների վրա չարիքը հյուսիսից պիտի ծավալվի։

15 Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։

16 Եվ ես նրանց կհայտարարեմ իմ դատաստանը նրանց բոլոր չարությունների համար, որ ինձ թողած՝ ուրիշ աստվածների են խնկարկել և իրենց ձեռքերի գործերին են երկրպագել։

17 Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։

18 Եվ ահա այսօր ես քեզ դարձնում եմ մի ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների և նրա իշխանավորների դեմ, նրա քահանաների և երկրի ժողովրդի դեմ։

19 Եվ նրանք կպատերազմեն քո դեմ, բայց չեն հաղթի քեզ, որովհետև ես քեզ հետ եմ՝ քեզ ազատելու համար»,- ասում է Տերը։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 2

Աստծու հոգատարությունը Իսրայելի նկատմամբ

1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2 «Գնա՛ և Երուսաղեմի ականջներին հայտարարի՛ր՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. “Հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը, քո հարսնության սերը, անապատում՝ այդ չսերմված երկրում, ինձ հետևելդ։

3 Սուրբ էր Իսրայելը Տիրոջ համար, նրա բերքի երախայրիքն էր. այն ուտողները՝ բոլորը, հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա””,- ասում է Տերը։

4 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ազգատոհմեր։

Իսրայելի նախահայրերի մեղքը

5 Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան։

6 Եվ չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ առաջնորդեց անապատում, ամայության և փոսերի երկրում՝ չորության և մահվան ստվերի երկրում, այնպիսի մի երկրում, որով ոչ ոք չէր անցնում, և որտեղ մարդ չէր բնակվում”։

7 Եվ ես ձեզ բերեցի մի բարեբեր երկիր, որ ուտեք նրա պտուղն ու նրա բարիքը։ Եվ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը և իմ ժառանգությունը գարշելի դարձրիք։

8 Քահանաները չասացին. “Որտե՞ղ է Տերը”, և օրենքի ուսուցիչներն ինձ չճանաչեցին, հովիվներն ապստամբեցին իմ դեմ, մարգարեները Բահաղով մարգարեացան և անպիտան բաների հետևից գնացին”։

Տիրոջ դատն իր ժողովրդի դեմ

9 Սրա համար ես ձեզ հետ դեռ վիճելու եմ,- ասում է Տերը,- և ձեր որդիների որդիների հետ վիճելու եմ։

10 Արդ, անցե՛ք կիտացիների ծովեզրերը և տեսե՛ք.մա՛րդուղարկեք Կեդար և լա՛վ հասկացեք, տեսե՛ք, թե արդյոք այդպիսի բան եղե՞լ է։

11 Թե արդյոք մի ազգ փոխե՞լ էիրաստվածները, թեպետև նրանք աստվածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխանակել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։

12 Ո՛վ երկինք, սահմռկի՛ր այս բանի վրա, սոսկա՛ևշատ ապշի՛ր,- ասում է Տերը,-

13 որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց. ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց. իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։

14 Ծառա՞ է Իսրայելը, ընդոծինստրո՞ւկէ նա. նա ինչի՞ համար հափշտակության մատնվեց։

15 Նրա դեմ մռնչացին առյուծի կորյունները, նրանք իրենց ձայնը հանեցին, նրա երկիրն ամայացավ, քաղաքներն այրված են և անբնակ։

Իսրայելի անհավատարմության արդյունքը

16 Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։

17 Մի՞թե դու քեզ վրա այս բանը չբերեցիր՝ լքելով Տիրոջը՝ քո Աստծուն, երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհին։

18 Եվ հիմա դու ի՞նչ ունես Եգիպտոսի ճանապարհին, որ Սիովրիջուրը խմես, և ի՞նչ ունես Ասորեստանի ճանապարհին, որ գետիջուրը խմես։

19 Քեզ քո չարությունը կպատժի, և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արդ, իմացի՛ր և տե՛ս, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,-

20 որովհետև դու վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապանքները կտրելև ասել. “Չեմ ծառայում”. որովհետև ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր պոռնիկի պես։

21 Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։

22 Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված։-

23 Ինչպե՞ս կարող ես ասել. “Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի”. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։

24 Մի վայրի էշ, որ վարժվել է անապատինևիր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։

25 Ոտքդ մերկությունից հե՛տ պահիր և կոկորդդ՝ ծարավությունից։ Բայց դու ասում ես. “Անհույս է, ո՛չ. որովհետև ես սիրել եմ օտարներինև նրանց հետևից եմ գնալու”։

Իսրայելը պատժի է արժանանում

26 Ինչպես որ ամաչում է գողը, երբ որ բռնվում է, նույնպես և ամաչելու են Իսրայելի տունը, նրանք՝ իրենց թագավորները, իրենց իշխանները և նրանց քահանաներն ու նրանց մարգարեները,

27 որոնք փայտին ասում են. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դու ծնեցիր ինձ”։ Որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ և ոչ թե երեսը, բայց իրենց ձախորդության ժամանակ ասում են. “Վե՛ր կաց և ազատի՛ր մեզ”։

28 Արդ ո՞ւր են քո աստվածները, որ շինեցիր քեզ համար. թող նրանք վեր կենան, գուցե ազատեն քեզ քո ձախորդության ժամանակ։ Որովհետև քո քաղաքների թվի չափ եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։

29 Ինչի՞ համար եք վիճում ինձ հետ, դուք ամենքդ ապստամբել եք իմ դեմ,- ասում է Տերը։-

30 Ես զուր հարվածեցի ձեր որդիներին. նրանք խրատ չընդունեցին. ձեր սուրը, ինչպես մի գիշատիչ առյուծ, կերավ ձեր մարգարեներին։

31 Ո՛վ սերունդ, դուք Տիրոջ խոսքի՛ն նայեք։ Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եղա կամ թանձր խավարի մի երկիր. իմ ժողովուրդն ինչո՞ւ է ասում. “Ազատ ենք թափառելու, այլևս չենք գա քեզ մոտ”։

32 Մի՞թե կույսը կմոռանա իր զարդը, հարսը՝ իր գոտին. բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր, որոնք թիվ չունեն։

33 Քո ճամփան լավ շտկում ես սեր որոնելու համար. այդ ընթացքդ չար կանանց ես սովորեցրել։

34 Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո

35 դու ասում ես. “Ես անմեղ եմ. նրա բարկությունն անշուշտ հեռացել է ինձնից”։ Ահա ես քո հանդեպ դատաստան պիտի անեմ, որովհետև ասում ես. “Չեմ մեղանչել”։

36 Ինչքա՜ն ես թափառում՝ ճանապարհդանընդհատփոփոխելով. Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ես ամաչել։

37 Սրանից էլ դուրս կգաս՝ ձեռքերդ էլ գլխիդ, որովհետև Տերը մերժել է նրանց, որոնց դու վստահել ես, և դու չես բարգավաճելու նրանց հետ»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 3

Անհավատարիմ Իսրայելը

1 «Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թեմարդըկրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։

2 «Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։

3 Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։

4 Հիմա էլ ինձ չե՞ս կոչել. “Ո՛վ Հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմը”։

5 Մի՞թե հավիտյան կբարկանա ևվրդովմունքըմիշտ կպահի. ահա դուայսպեսես խոսում, բայց չարություն ես անում, որչափ կարողանում ես»։

Իսրայելը և Հուդան պետք է զղջան

6 Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։

7 Եվ ես խորհեցի՝ այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ, և նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։

8 Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։

9 Եվ նրա շնության լրբությամբ երկիրն ապականվեց, և նա շնացավ քարի ու փայտի հետ։

10 Բայց, այսուամենայնիվ, նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ»,- ասում է Տերը։

11 Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։

12 Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. “Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։

13 Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։-

14 Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։

15 Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ։

16 Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի. “Տիրոջ ուխտի տապանակը”, և չի մտաբերվի և չի հիշատակվի, ունրա կարիքը չի զգացվի. և այլևս ուրիշը չեն շինի։

17 Այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ գահը կկոչվի, և բոլոր ազգերը Տիրոջ անվան համար պիտի հավաքվեն այնտեղ՝ Երուսաղեմում, և այլևս չեն գնա իրենց չար սրտի կամակորության հետևից։

18 Այն օրերին Հուդայի տունը Իսրայելի տան հետ պիտի գնա, և հյուսիսային երկրից միասին այն երկիրը պիտի գան, որ ես ժառանգություն տվեցի ձեր հայրերին”։

Աստծու ժողովրդի կռապաշտությունը

19 Ես ասացի. “Ինչպե՜սկուզենայիքեզ դնել իմ որդիների մեջ և քեզ տալ ցանկալի մի երկիր՝ ազգերի ամենագեղեցիկ ժառանգությունը”։ Եվ խորհեցի՝ դու ինձ “Իմ Հայր” կկոչեիր և ինձ հետևելուց հետ չէիր դառնա։

20 Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տերը։

21 Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։

22 «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։

«Ահա մենք դեպի քեզ ենք գալիս, որովհետև, ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը։

23 Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։

24 Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանըկերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին։

25 Մեր ամոթով պառկենք, և մեր նախատինքը թող ծածկի մեզ, որովհետև մենք և մեր հայրերը Տիրոջ՝ մեր Աստծու դեմ մեղանչեցինք մեր մանկությունից մինչև այս օրը և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին չանսացինք»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 4

Ապաշխարության կոչ

1 «Եթե վերադառնալու լինես, ո՛վ Իսրայել,- ասում է Տերը,- դեպի ի՛նձ դարձիր, և եթե իմ առաջից հեռացնելու լինես քո գարշելի քանդակներին և չտատանվես,

2 և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։

3 Որովհետև Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանց այսպես է ասում. «Ձեր չհերկված հողը հերկե՛ք և մի՛ սերմանեք փշերի մեջ։

4 Ո՛վ Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, թլփատվե՛ք Տիրոջ համար և հեռացրե՛ք ձեր սրտի թլիփը, որ չլինի թե իմ զայրույթը կրակի պես դուրս գա և այրի ձեր չար գործերի համար, և հանգցնող չլինի։

Հուդան գրավման սպառնալիքի տակ է

5 Հուդայի մեջ հայտարարե՛ք և Երուսաղեմում իմա՛ց տվեք և ասացե՛ք. “Փո՛ղ հնչեցրեք երկրի վրա”, կանչե՛ք, բարձրաձայնե՛ք և ասացե՛ք. “Հավաքվե՛ք, և մտնենք ամրացված քաղաքները։

6 Դրո՛շ պարզեք դեպի Սիոն, ապաստա՛ն փութացեք, մի՛ կանգնեք, որովհետև ես հյուսիսից չարիք և մեծ ավերում եմ բերում։

7 Առյուծն իր մացառից վեր կացավ, և ազգերին ջարդողն իր տեղից դուրս եկավ, ճանապարհվեց, որպեսզի քո երկիրն ամայի դարձնի. քո քաղաքները պիտի քանդվեն, առանց բնակչի դառնան։

8 Սրա համար քուրձե՛ր հագեք, սգացե՛ք ու ողբացե՛ք, որ Տիրոջ բորբոք բարկությունը մեզնից չի հեռացել”»։

9 «Այն օրը,- ասում է Տերը,- թագավորի սիրտը և իշխանների սիրտը կնվաղի, քահանաները կվախենան, մարգարեները կահազդվեն»։

10 Եվ ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Տեր Աստված, դու անշուշտ խաբեցիր այս ժողովրդին ու Երուսաղեմին՝ ասելով. “Ձեզ խաղաղություն կլինի”. բայց սուրը մինչևմերհոգին է հասել»։

11 Այն ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին պիտի ասվի. «Անապատում լերկ բլուրներից մի կիզիչ քամի էփչումդեպի իմ ժողովրդի դուստրը, որ ո՛չ քամհարելու համար է և ո՛չ էլ մաքրելու։

12 Սրանցից ավելի սաստիկ մի քամի պիտի գա ինձ։ Հիմա ես դատաստաններով պիտի խոսեմ նրանց դեմ»։

Հուդան՝ շրջապատված թշնամիներով

13 Ահա նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, արծիվներից արագընթաց են նրա ձիերը։ Վա՜յ մեզ, որ կործանվենք։

14 Քո սիրտը մաքրի՛ր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որպեսզի փրկվես. քո չար խորհուրդները սրտումդ մինչև ե՞րբ պիտի մնան։

15 Որովհետև մի կանչ է գալիս Դանից և թշվառություն է հայտարարում Եփրեմի սարից։

16 Հիշեցրե՛ք ազգերին, ահա Երուսաղեմին հայտարարե՛ք. «Պաշարողներ են գալիս հեռավոր երկրից և իրենց ձայնն են արձակում Հուդայի քաղաքների դեմ։

17 Դաշտի պահապանների պես շրջապատել են այն, քանի որ նա իմ դեմ ապստամբեց»,- ասում է Տերը։

18 «Քո ուղիները և քո արարքները բերեցին քեզ այս բանը. սա քո չարությանարդյունքնէ. իրա՜վ դառը և խոցում է մինչև սիրտդ»։

Երեմիայի վիշտը իր ժողովրդի համար

19 Որովա՜յնս, որովա՜յնս, մինչև սրտիս պատերը ցավ եմ զգում, իմ սիրտը խռովվում է իմ ներսում. ես չեմ կարող լռել, որովհետև փողի ձայնը և պատերազմի աղաղակն եմ լսել։

20 Կործանում կործանումի հետևից է գալիս, ամբողջ երկիրն ավերվել է. հանկարծակի ավերվեցին իմ վրանները, մի վայրկյանում՝ իմ վարագույրները։

21 Մինչև ե՞րբ պիտի տեսնեմ դրոշը, լսեմ փողի ձայնը։

22 Որովհետև հիմար է իմ ժողովուրդը. ինձ չճանաչեցին. նրանք անմիտ որդիներ են և բան չեն հասկանում. նրանք իմաստուն են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն։

Երեմիայի տեսիլքը գալիք կործանման մասին

23 Նայեցի երկրին, և ահա ամայի ու անձև էր, և երկնքին, ու նրա լույսը չկար։

24 Նայեցի լեռներին, և ահա դողում էին, և բոլոր բլուրները երերում էին։

25 Նայեցի, և ահա մարդ չկար, երկնքի բոլոր թռչունները փախել էին։

26 Նայեցի, և ահա Մրգաստանը՝ անապատ, և նրա բոլոր քաղաքները քարուքանդված էին Տիրոջ առաջ ու նրա բորբոք բարկության առաջ։

27 Որովհետև այսպես է ասում Տերը. «Ամբողջ երկիրն ամայի պիտի դառնա, բայց լիովին վերջը չեմ տալու։

28 Սրա համար երկիրը պիտի սգա, և երկինքը վերևից պիտի խավարի, որովհետև ես եմ ասել, խորհել եմ և չեմ զղջալու և հետ չեմ դառնալու։

29 Ձիավորների և աղեղնավորների ձայնից փախչում է ամբողջ քաղաքը, թավուտներն են մտնում և բարձրանում ժայռերի վրա, բոլոր քաղաքները լքված են, և նրանցում բնակվող մարդ չկա։

30 Եվ դու ի՞նչ պիտի անես, ո՛վ կործանված, որ ծիրանիներ ես հագնում և քեզ ոսկե զարդերով զարդարում, որ ծարիրով լայնացնում ես աչքերդ։ Զուր ես քեզ գեղեցկացնում, սիրեցյալներդ քեզ մերժեցին, կյանքդ են փնտրում»։

31 Որովհետև մի ձայն լսեցի, ասես ծննդկանի ձայն. առաջին անգամ ծննդաբերողի նեղություն, Սիոնի դստեր ձայնը, հևալով տարածում է իր ձեռքերը. «Վա՜յ ինձ, որ հոգիս նվաղում է սպանողների առաջ»։

Categories
ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱ 5

Երուսաղեմի մեղքը

1 Շրջագայե՛ք Երուսաղեմի փողոցներով, տեսե՛ք ու իմացե՛ք, որոնե՛ք նրա հրապարակներում. եթե մեկ մարդ գտնեք, մի իրավունք անող և ճշմարտություն փնտրող, ես կներեմ այդքաղաքին։

2 Եվ թեպետ ասում են. «Կենդանի է Տերը», բայց անտարակույս ստությամբ են երդվում։

3 Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։

4 Ես ասացի. «Սրանք պարզապես աղքատներն են. անմիտ են և չգիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը։

5 Ես կգնամ մեծերի մոտ և նրանց հետ կխոսեմ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը»։ Բայց նրանք բոլորը լուծը կոտրել են, կապերը կտրատել։

6 Սրա համար անտառից նրանց պիտի զարկի առյուծը, անապատների գայլը պիտի կործանի նրանց, ինձն է հսկելու նրանց քաղաքների վրա. յուրաքանչյուրը, ով նրանցից դուրս գա, պիտի պատառոտվի, որովհետև շատացել են նրանց հանցանքները, բազմացել են նրանց ուխտադրժությունները։

7 Սրա համար ես ինչպե՞ս ներեմ քեզ. քո որդիները լքել են ինձ և երդվում են չաստվածներով։ Եվ ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան և խռնվեցին պոռնկատանը։

8 Լավ կերակրված ցանկամոլ ձիեր են, ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա է խրխնջում։

9 «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից հոգիս վրեժ չպիտի՞ առնի»։

10 «Բարձրացե՛ք նրա խաղողի այգիները և ավերե՛ք, բայց լիովին չոչնչացնեք. վերցրե՛ք նրա ոստերը, որովհետև նրանք Տիրոջը չեն։

11 Որովհետև Իսրայելի տունը և Հուդայի տունը մեծապես անհավատարիմ մնացին ինձ»,- ասում է Տերը։

Տերը մերժում է Իսրայելին

12 Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չէ. մեզ վրա չարիք չի գա, և սուր ու սով չենք տեսնելու։

13 Եվ մարգարեները քամի են, ևՏիրոջխոսքը նրանց մեջ չէ. այսպես է լինելու նրանց»։

14 Դրա համար Տերը՝ Զորությունների Աստվածը, այսպես է ասում. «Որովհետև նրանք ասել են այս խոսքը, ահա ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այն նրանց պիտի կլանի։

15 Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես և չես իմանում, թե ի՛նչ է խոսում։

16 Նրանց կապարճը բաց գերեզմանի պես է, նրանք բոլորը կտրիճներ են։

17 Նրանք պիտի ուտեն քո հունձքը և քո հացը, պիտի ուտեն քո որդիներին ու դուստրերին. պիտի ուտեն քո հոտերն ու քո արջառները, պիտի ուտեն քո որթատունկերն ու թզենիները, ամրացված քաղաքները, որոնց ապավինում ես, սրով պիտի քարուքանդ անեն»։

18 «Բայց այն օրերին էլ,- ասում է Տերը,- ձեր վախճանը լիովին չեմ տալու։

19 Եվ երբ ասեք. “Ի՞նչ պատճառով Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն արեց մեզ”, դու էլ ասա՛ նրանց. “Ինչպես դուք թողեցիք ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, նույնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում”»։

Աստված զգուշացնում է իր ժողովրդին

20 Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և ծանուցե՛ք Հուդայում՝ ասելով.

21 «Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։

22 «Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայցնրանիցչեն անցնում։

23 Սակայն այս ժողովուրդը մի համառ և ապստամբ սիրտ ունի, նրանք մոլորվեցին ու գնացին։

24 Եվ իրենց սրտում չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որ իր ժամանակին տալիս է անձրևը, առաջին և վերջին անձրևը, որ մեզ համար պահում է հունձի համար որոշված շաբաթները”։

25 Ձեր անօրինությունները հեռացրին այս բաները, և ձեր մեղքերը բարին վանեցին ձեզնից։

26 Որովհետև իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ են գտնվում, դարանամուտ են լինում կծկված թռչնորսների պես, որոգայթներ են լարում, մարդիկ որսում։

27 Ինչպես որ վանդակն է լի թռչուններով, նույնպես և նրանց տները լիքն են խաբեությամբ. դրա համար են նրանք մեծացել և հարստացել,

28 պարարտացան-փայլեցին, չարերի գործերն էլ գերազանցեցին։ Դատը չեն դատում՝ որբի դատը, (այսուամենայնիվ հաջողում են) և չքավորների իրավունքը չեն պաշտպանում»։

29 «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից իմ անձը վրեժ չպիտի՞ առնի»։

30 Սոսկալի և քստմնելի բան է պատահել երկրում։

31 Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։