Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8

Սունամացի կինը վերադառնում է

1 Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։

2 Եվ այն կինը վեր կացավ ու արեց այնպես, ինչպես ասել էր Աստծու մարդը, և ինքն ու իր ընտանիքը գնացին և փղշտացիների երկրում յոթ տարի պանդուխտ եղան։

3 Եվ յոթ տարի անցնելուց հետո այն կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց իր տան ու իր արտի համար թագավորին բողոքելու։

4 Թագավորը խոսում էր Աստծու մարդու ծառա Գեեզիի հետ՝ ասելով. «Պատմի՛ր ինձ այն բոլոր մեծ գործերի մասին, որ արել է Եղիսեն»։

5 Եվ երբ նա թագավորին պատմում էր, թե ինչպես կենդանացրեց մեռածին, ահա այն կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսեն, բողոքում էր թագավորին իր տան և իր արտի համար։ Եվ Գեեզին ասաց. «Ո՛վ տեր իմ թագավոր, սա այն կինն է, և սա էլ նրա որդին է, որին կենդանացրեց Եղիսեն»։

6 Եվ թագավորը հարցրեց այն կնոջը, նա էլ պատմեց նրան։ Թագավորը նրան մի ներքինի տվեց և ասաց. «Վերադարձրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը և արտի ամբողջ արդյունքը՝ այս երկիրը նրա թողած օրից մինչև հիմա»։

Եղիսեն և ասորիների Բենադադ թագավորը

7 Եղիսեն գնաց Դամասկոս։ Ասորիների Բենադադ թագավորը հիվանդ էր, և նրան հայտնեցին, թե՝ «Աստծու մարդը եկել է մինչև այստեղ»։

8 Եվ թագավորն ասաց Ազայելին. «Ձեռքդ ընծա՛ վերցրու, գնա՛ Աստծու մարդուն դիմավորելու և նրա միջոցով հարցրո՛ւ Տիրոջը՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։

9 Ազայելը գնաց, դիմավորեց նրան, իր ձեռքն ընծա վերցրեց և Դամասկոսի բոլոր բարիքներից առավ քառասուն ուղտի բեռ, եկավ ու կանգնեց նրա առաջ և ասաց. «Քո որդին՝ ասորիների Բենադադ թագավորը, ինձ ուղարկեց քեզ մոտ՝ ասելով. “Արդյոք պիտի առողջանա՞մ այս հիվանդությունից”»։

10 Եղիսեն նրան ասաց. «Գնա ասա՛ նրան, որ առողջանալու ես, բայց Տերն ինձ ցույց է տվել, որ նա անպատճառ պիտի մեռնի»։

11 Եղիսեն անթարթ նայեց Ազայելին, և նա ամաչեց։ Աստծու մարդը լաց եղավ։

12 Եվ Ազայելն ասաց. «Ինչո՞ւ է իմ տերը լաց լինում»։ Նա էլ ասաց. «Որովհետև գիտեմ, թե ինչ չարիք պիտի գործես Իսրայելի որդիների դեմ. նրանց բերդերը պիտի այրես կրակով և սրով սպանես նրանց երիտասարդներին, նրանց մանուկներին պիտի զարկես քարին և ճղես նրանց հղիներիորովայնը»։

13 Ազայելն ասաց. «Ի՞նչ է քո ծառան, որ մի շուն է, որ այդ մեծ բաներն անի»։ Բայց Եղիսեն նրան ասաց. «Տերն ինձ ցույց տվեց, որ դու թագավոր պիտի լինես ասորիների վրա»։

14 Նա գնաց Եղիսեի մոտից և եկավ իր տիրոջ մոտ. նա նրան ասաց. «Եղիսեն քեզ ի՞նչ է ասել»։ Եվ նա ասաց, թե՝ «Անպայման առողջանալու ես»։

15 Հետևյալ օրն Ազայելը մի ծածկոց վերցրեց, թաթախեց ջրում, գցեց նրա երեսին, այնպես որ նա մեռավ։ Եվ Ազայելը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Հովրամ թագավորը

16 Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի հինգերորդ տարում, երբ Հուդայի վրադեռթագավորում էր Հոսափատը, Հուդայի թագավոր Հոսափատի որդի Հովրամը դարձավ Հուդայի թագավոր։

17 Նա երեսուներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։

18 Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, քանի որ Աքաաբի աղջիկը նրա կինն էր. և նա չարիք գործեց Տիրոջառաջ։

19 Բայց Տերը չուզեց կործանել Հուդան իր ծառա Դավթի համար, ինչպես որ ասել էր նրան, թե մի ճրագ պիտի տա նրան և նրա որդիներին ամեն ժամանակ։

20 Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։

21 Եվ Հովրամը բոլոր կառքերըվերցրեցիր հետ ու անցավ Սայիր։ Մի գիշեր նա վեր կացավ ու ջարդեց եդովմացիներին, որոնք պաշարել էին իրեն և իր կառքերի պետերին, բայց բանակը փախավ իր վրանները։

22 Եվ այսպես Եդովմն անջատվեց Հուդայից մինչև այսօր։ Այդ ժամանակ Լեբնան էլ ապստամբեց։

23 Հովրամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

24 Հովրամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում, և նրա որդի Օքոզիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Հուդայի Օքոզիա թագավորը

25 Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։

26 Օքոզիան քսաներկու տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Գոթողիա էր, որն Իսրայելի Ամրի թագավորի դուստրն էր։

27 Նա գնաց Աքաաբի տան ճանապարհով և չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան փեսան էր։

28 Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։

29 Հովրամ թագավորը վերադարձավ, որ Հեզրայելում բժշկվի այն վերքերից, որ նրան հասցրել էին ասորիները Ռամովթում՝ ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ։ Եվ Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան իջավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսնելու, որովհետև նա հիվանդ էր։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9

Հեուն Իսրայելի թագավոր է օծվում

1 Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների խմբից մեկին և ասաց նրան. «Գոտիդ կապի՛ր մեջքիդ և յուղի այս սրվակը վերցրո՛ւ ձեռքդ ու գնա՛ Ռամովթ-Գաղաադ։

2 Եվ երբ այնտեղ հասնես, այնտեղ փնտրի՛ր Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուին և գնա՛ ու նրան վերցրո՛ւ իր եղբայրների միջից ու տա՛ր ներսի սենյակներից մեկը։

3 Վերցրո՛ւ յուղի սրվակը, թափի՛ր նրա գլխին և ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա””։ Հետո դուռը բա՛ց արա և փախի՛ր ու էլ մի՛ հապաղիր»։

4 Եվ այն երիտասարդը՝ մարգարեի ծառան, գնաց Ռամովթ-Գաղաադ։

5 Երբ եկավ, զորքերի պետերն ահա նստած էին։ Նա ասաց. «Զորապե՛տ, ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Հեուն ասաց. «Մեր բոլորից՝ ո՞ւմ»։ Եվ նա ասաց. «Քեզ, ո՛վ զորապետ»։

6 Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։

7 Եվ դու պիտի ջարդես քո տիրոջ՝ Աքաաբի տունը, որպեսզի իմ մարգարե ծառաների և Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժն առնեմ Հեզաբելից։

8 Աքաաբի ամբողջ տունը պիտի ոչնչանա, և պիտի ջնջեմ Աքաաբի բոլոր արու մարդկանց՝ Իսրայելում գերի լինեն, թե ազատ։

9 Եվ Աքաաբի տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես և Աքիայի որդի Բաասայի տան նման։

10 Հեզաբելին էլ շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում, և նրան թաղող չպիտի լինի”»։ Եվ դուռը բացեց ու փախավ։

11 Հեուն դուրս եկավ,գնացիր Տիրոջ ծառաների մոտ, և նրան ասացին. «Խաղաղությա՞մբ է. ինչո՞ւ էր այդ ցնորվածը եկել քեզ մոտ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք ճանաչում եք այդ մարդուն էլ, նրա խոսքն էլ»։

12 Բայց նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Եվ նա ասաց. «Այսպես ու այսպես խոսեց ինձ հետ և ասաց. “Այսպես է ասում Տերը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա””»։

13 Եվ նրանցից ամեն մեկն արագ վերցրեց իր հանդերձները և գցեց նրա տակ՝ բուն սանդուղքի վրա։ Եվ փող փչեցին ու ասացին. «Հեուն է թագավորը»։

Իսրայելի Հովրամ թագավորը սպանվում է

14 Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։

15 Սակայն Հովրամ թագավորը ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ ասորիների՝ իրեն հասցրած վերքերից բուժվելու համար վերադարձել էր Հեզրայել)։ Եվ Հեուն ասաց. «Եթե համաձայն եք ինձ հետ, թող ոչ մի փախստական դուրս չգա այս քաղաքից, որ գնա և հայտնի Հեզրայելում»։

16 Հեուն կառք նստեց և գնաց Հեզրայել, քանի որ Հովրամը պառկած էր այնտեղ, և Հուդայի Օքոզիա թագավորն էլ այնտեղ էր իջել, որ տեսնի Հովրամին։

17 Դետը կանգնել էր Հեզրայելի աշտարակի վրա. տեսավ, որ գալիս է Հեուի գունդը, և ասաց. «Տեսնում եմ՝ մի գունդ է գալիս»։ Եվ Հովրամն ասաց. «Մի ձիավո՛ր վերցրու և ուղարկի՛ր նրանց մոտ, որ ասի՝ խաղաղությա՞մբ է»։

18 Ձիավորը գնաց նրան դիմավորելու և ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։ Եվ դետը հայտնեց՝ ասելով. «Պատգամավորը գնաց նրանց մոտ, բայց ետ չդարձավ»։

19 Մի երկրորդ ձիավոր ուղարկեց, և նա գնաց նրանց մոտ ու ասաց. «Այսպես է ասում թագավորը՝ խաղաղությա՞մբ է»։ Եվ Հեուն ասաց. «Դու ի՞նչ գործ ունես խաղաղության հետ, հետևի՛ր ինձ»։

20 Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։

21 Հովրամն ասաց՝ լծե՛ք, և նրանք լծեցին նրա կառքը, և Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը՝ ամեն մեկն իր կառքով, դուրս եկան Հեուին դիմավորելու և նրան գտան հեզրայելացի Նաբովթի ագարակում։

22 Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։

23 Հովրամը շրջեց իր ձեռքերն ու փախավ և Օքոզիային ասաց. «Դավաճանություն է, Օքոզիա՛»։

24 Հեուն ամուր քաշեց աղեղը և զարկեց Հովրամին նրա ուսերի մեջտեղից. նետն անցավ նրա սրտի միջով, և նա կծկվելով ընկավ իր կառքի մեջ։

25 ԵվՀեունասաց իր զորապետ Բադեկարին. «Վերցրո՛ւ դրան և գցի՛ր հեզրայելացի Նաբովթի կալվածքի ագարակը. արդ հիշի՛ր, թե ինչպես երբ որ ես ու դու, ձիեր հեծած, երկուսով գնում էինք նրա հայր Աքաաբի ետևից, Տերն այս վճիռը տվեց նրա նկատմամբ։

26 “Իրավ է,- ասում է Տերը,- երեկ տեսա Նաբովթի արյունը և նրա որդիների արյունը և քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”. և հիմա, ինչպես ասել է Տերը, վերցրո՛ւ դրան և գցի՛ր ագարակը»։

Հուդայի Օքոզիա թագավորը սպանվում է

27 Երբ Հուդայի թագավոր Օքոզիան տեսավ այդ, փախավ պարտեզի տան ճանապարհով. Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Դրա՛ն էլ սպանեք իր կառքի վրա». ևնրան վիրավորեցինՀեբղաամի մոտ գտնվող Գուր բլրի վրա։ Օքոզիան փախավ Մակեդդով և այնտեղ էլ մեռավ։

28 Նրա ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ և թաղեցին իր գերեզմանում իր հայրերի հետ Դավթի քաղաքում։

29 Եվ Օքոզիան Հուդայի վրա թագավոր էր դարձել Աքաաբի որդի Հովրամի տասնմեկերորդ տարում։

Հեզաբել թագուհին սպանվում է

30 Երբ Հեուն եկավ Հեզրայել, Հեզաբելը լսեց, ծարիր դրեց աչքերին, զարդարեց իր գլուխը և պատուհանից դուրս էր նայում։

31 Մինչ Հեուն քաղաք էր մտնում դռնից,Հեզաբելնասաց. «Ամեն բան լա՞վ է, Զամբրի՛, տիրոջդ սպանո՛ղ»։

32 Իսկ նա իր գլուխը բարձրացրեց դեպի պատուհանը և ասաց. «Ո՞վ է ինձ հետ, ո՞վ»։ Եվ երկու-երեք ներքինիներ նայեցին իրեն։

33 Եվ ասաց. «Ցա՛ծ գցեք դրան». և նրանք ցած գցեցին նրան, և նրա արյունը ցայտեց պատի ու ձիերի վրա, և ոտնատակ տվեցին նրան։

34 Հետո Հեուն եկավ, կերավ, խմեց ու ասաց. «Գտե՛ք այդ անիծվածին և թաղե՛ք դրան, որովհետև թագավորի աղջիկ է»։

35 Եվ գնացին նրան թաղելու, բայց նրանից բան չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերի ոսկորներից։

36 Ետ դարձան ու հայտնեցին Հեուին, և նա ասաց. «Դա Տիրոջ խոսքն է, որ խոսել է իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով՝ ասելով. “Հեզաբելի միսը շները պիտի ուտեն Հեզրայելի ագարակում։

37 Եվ Հեզաբելի դիակը Հեզրայելի ագարակում պիտի լինի աղբի նման այնպես, որ չասեն. “Սա Հեզաբելն է””»։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10

Աքաաբի սերունդը սպանվում է

1 Աքաաբը յոթանասուն որդի ուներ Սամարիայում։ Եվ Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա Հեզրայելի իշխաններին ու ծերերին և Աքաաբիորդիներիհոգաբարձուներին՝ ասելով.

2 «Արդ, երբ այս նամակը ձեզ հասնի, քանի որ ձեզ մոտ են ձեր տիրոջ որդիները, և ձեզ մոտ են կառքերն ու ձիերը և պարսպապատ քաղաքներն ու զենքերը, ուստի և դուք

3 տեսե՛ք, թե ձեր տիրոջ որդիներից ո՛րն է լավն ու հարմար, նրան էլ դրե՛ք իր հոր աթոռի վրա և պատերազմե՛ք ձեր տիրոջ տան համար»։

4 Բայց նրանք շատ խիստ վախեցան և ասացին. «Ահա երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ, ուրեմն մենք ինչպե՞ս պիտի կանգնենք»։

5 Եվ պալատի վերակացուն, քաղաքապետը, ծերերն ու խնամակալներըմարդուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ ասես, կանենք. մենք ոչ մեկի թագավոր չենք դնի. ինչ հաճելի է քո աչքին, ա՛յն արա»։

6 Եվ նրանց երկրորդ նամակը գրեց՝ ասելով. «Եթե դուք իմկողմիցեք և լսում եք իմ խոսքը, ապա կտրե՛ք ձեր տիրոջ որդիների գլուխները և վաղը՝ այս ժամանակ, եկե՛ք Հեզրայել»։ Իսկ թագավորի որդիները յոթանասուն հոգի էին և քաղաքի մեծամեծերի մոտ էին, որոնք էլ մեծացնում էին նրանց։

7 Երբ նամակը հասավ նրանց, վերցրին թագավորի որդիներին և կոտորեցին այն յոթանասուն հոգուն, նրանց գլուխները դրեցին կողովների մեջ և ուղարկեցին Հեզրայել՝ նրան։

8 Պատգամավորը եկավ նրա մոտ և ասաց. «Թագավորի որդիների գլուխները բերել են»։ Եվ նա ասաց. «Դրանցից երկու դե՛զ արեք, դրե՛ք քաղաքի մուտքի դռան մոտ մինչև առավոտ»։

9 Եվ երբ առավոտը բացվեց, նա դուրս եկավ, կանգնեց ու ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք արդար եք. ահա ես ապստամբեցի իմ տիրոջ դեմ և նրան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս բոլորին։

10 Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչմի բանգետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։

11 Եվ Հեուն կոտորեց Աքաաբի տան բոլոր այն մարդկանց, որ մնացել էին Հեզրայելում. և՛ նրա բոլոր մեծամեծերին, և՛ նրա մտերիմ բարեկամներին ու քահանաներին, այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց։

Օքոզիայի ազգականները սպանվում են

12 Եվ վեր կացավ, եկավ հասավ Սամարիա. և երբ ճանապարհին էր, հովիվների մոտ՝ Բեթ-Ակադում,

13 այնտեղՀեուն գտավ Հուդայի Օքոզիա թագավորի եղբայրներին և ասաց. «Դուք ովքե՞ր եք»։ Եվ նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, իջնում ենք թագավորի որդիներին և թագուհու որդիներին բարևելու»։

14 Եվ նա ասաց. «Դրանց բռնե՛ք կենդանի»։ Եվ նրանց կենդանի բռնեցին ու նրանց՝ քառասուներկու հոգուն էլ սպանեցին Բեթ-Ակադի ջրհորի մոտ, և նրանցից ոչ մի հոգու չթողեց։

15 Այնտեղից գնաց ու հանդիպեց Ռեքաբի որդի Հովնադաբին, որն ընդառաջ էր գալիս իրեն, նրան բարև տվեց ու ասաց. «Արդյոք ուղի՞ղ է սիրտդ, ինչպես իմ սիրտն է քո սրտի հետ»։ Եվ Հովնադաբն ասաց՝ այո։ «Եթե այո, ուրեմն ձեռքդ տո՛ւր»։ Եվ նա ձեռքը տվեց, և Հեուն նրան բարձրացրեց իր մոտ՝ կառքի վրա։

16 Եվ ասաց. «Ե՛կ ինձ հետ և տե՛ս իմ նախանձախնդրությունը Տիրոջ նկատմամբ»։ Եվ նրան նստեցրին նրա կառքը։

17 Նա եկավ Սամարիա և Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց Սամարիայում, մինչև որ նրան բնաջնջեց Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային։

Բահաղին պաշտողները սպանվում են

18 Հեուն հավաքեց ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Հեուն նրան շատ պիտի ծառայի։

19 Արդ ինձ մո՛տ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին, Բահաղի բոլոր պաշտողներին և նրա բոլոր քահանաներին, և ոչ մի պակաս մարդ չլինի, որովհետև ես մեծ զոհ եմ մատուցելու Բահաղին. ով որ ներկա չգտնվի, ողջ չի մնա»։ Բայց Հեուն դա խորամանկությամբ արեց, որպեսզի ոչնչացնի Բահաղին պաշտողներին։

20 Հեուն ասաց. «Սուրբ տոնախմբությո՛ւն որոշեք Բահաղի համար», և նրանք ծանուցեցին։

21 Եվ Հեունմարդիկուղարկեց ամբողջ Իսրայելին. եկան Բահաղի բոլոր պաշտողները, և մարդ չմնաց, որ չգար։ Գնացին Բահաղի կռատուն, և Բահաղի կռատունը լցվեց ծայրից ծայր։

22 Հեունասաց հանդերձապետին. «Հանդերձնե՛ր հանիր Բահաղի բոլոր պաշտողների համար». և հանդերձներ հանեց նրանց համար։

23 Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։

24 Եկան զոհեր ու ողջակեզներ մատուցելու, և Հեուն դրսում իր համար ութսուն մարդ դրեց և ասաց. «Այն մարդը, որը կթողնի, որ ձեր ձեռքը իմ տված մարդկանցից մեկն ազատվի, նրա անձը պետք է հատուցիփախչողանձի փոխարեն»։

25 Եվ երբ նրանք վերջացրել էին ողջակեզը, Հեուն ասաց պահակներին և զորապետներին. «Գնացե՛ք, նրանց ջարդե՛ք, ոչ մի մարդ դուրս չգա»։ Եվ նրանք ջարդեցին նրանց՝ սրի մատնելով, և պահակներն ու զորապետները դեն գցեցիննրանց,գնացին մինչև Բահաղի կռատան քաղաքը։

26 Եվ դուրս հանեցին Բահաղի կռատան սյուները և այրեցին դրանք։

27 Քանդեցին Բահաղի արձանը, կործանեցին Բահաղի կռատունը և այն արտաքնոց շինեցին մինչև այսօր։

28 Եվ Հեուն Բահաղին բնաջնջեց Իսրայելից։

29 Միայն թե Հեուն ետ չկանգնեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, այսինքն՝ չհրաժարվեց Բեթելում և Դանում եղած ոսկե հորթերից։

30 Եվ Տերն ասաց Հեուին. «Որովհետև դու լավ արեցիր, ինչ հաճելի էր ինձ, և Աքաաբի տան նկատմամբ լիովին կատարեցիր, ինչ կար իմ սրտում, քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա»։

31 Բայց Հեուն չզգուշացավ, որ իր ամբողջ սրտով գնար Իսրայելի Տեր Աստծու օրենքով. նա չհեռացավ Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին։

Հեուի մահը

32 Այդ օրերից Տերն սկսեց մաս առ մաս կտրել Իսրայելից. Ազայելը հարվածեց Իսրայելին իր բոլոր սահմաններում.

33 Հորդանանից դեպի արևելք՝ Գաղաադի ամբողջ երկրում, Գադի, Ռուբենի և Մանասեի երկրներում՝ Առնոն ձորի վրա գտնվող Արոերից մինչև Գաղաադ և Բասան։

34 Հեուի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա բոլոր քաջագործությունների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

35 Հեուն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովաքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։

36 Հեուն Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց քսանութ տարի։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

Հուդայի Գոթողիա թագուհին

1 Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մեռավ, ելավ և բնաջնջեց թագավորական ամբողջ սերունդը։

2 Բայց Հովրամ թագավորի աղջիկը՝ Օքոզիայի քույր Հովսաբեեն, վերցրեց Օքոզիայի որդի Հովասին և թագավորի սպանված որդիների միջից գողացավ նրան ու նրա դայակին։ Գոթողիայից նրան թաքցրին անկողինների սենյակում, և նա չսպանվեց։

3 Նա Տիրոջ տանը նրա հետ թաքնված էր վեց տարի. և Գոթողիան թագավորում էր երկրի վրա։

Ապստամբություն Գոթողիայի դեմ

4 Եվ յոթերորդ տարում Հովիադանմարդուղարկեց ու վերցրեց թիկնապահների և պահակագնդի հարյուրապետներին, և նրանց տարավ իր մոտ՝ Տիրոջ տունը, նրանց հետ դաշինք կապեց. Տիրոջ տանը նրանց երդվել տվեց ու նրանց ցույց տվեց թագավորի որդուն։

5 Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի,

6 Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։

7 Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթօրըդուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։

8 Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։

9 Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրըպահակությանեկողներին և թե՛ շաբաթ օրըպահակությունիցգնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։

10 Եվ քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու վահանները, որոնք Տիրոջ տանն էին։

11 Եվ պահակները՝ յուրաքանչյուրն իր զենքերը ձեռքին, կանգնեցին տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը՝ սեղանի մոտ, և տան մոտ՝ թագավորի շուրջը։

12 Հետո նա դուրս հանեց թագավորի որդուն, թագն ու նշանները դրեց նրա վրա, և նրան թագավոր դարձրին. օծեցին նրան, ծափ տվեցին և ասացին. «Կեցցե՜ արքան»։

13 Երբ Գոթողիան լսեց պահակագնդի և ժողովրդի ձայնը, գնաց դեպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։

14 Եվ տեսավ, որ ահա թագավորն ըստ սովորության կանգնած էր սյան մոտ, զորապետներն ու փողահարներն էլ թագավորի մոտ էին։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախանում էր և փողեր հնչեցնում. Գոթողիան պատռեց իր հանդերձները և աղաղակեց. «Դավաճանությո՜ւն, դավաճանությո՜ւն»։

15 Հովիադա քահանան հրամայեց հարյուրապետերին, որոնք նշանակված էին զորքերի վրա, և ասաց նրանց. «Դրան դո՛ւրս հանեք շարքերի միջից, և ով կգնա նրա ետևից, սրով սպանե՛ք», որովհետև քահանան ասել էր. «Թող նա չսպանվի Տիրոջ տանը»։

16 Եվ իրենց ձեռքերը մեկնեցին դեպի նա, և երբ նա գնում էր դեպի թագավորի պալատ տանող ձիերի մուտքով, այնտեղ սպանվեց։

Հովիադայի բարեկարգությունները

17 Հովիադան ուխտ դրեց Տիրոջ և թագավորի ու ժողովրդի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն, նաև՝ թագավորի և ժողովրդի միջև։

18 Եվ երկրի ամբողջ ժողովուրդը եկավ Բահաղի կռատունը. քանդեցին նրա սեղանները, փշուր-փշուր արեցին նրա պատկերները և սեղանների առջև սպանեցին Բահաղի քուրմ Մատթանին, և քահանան պահակներ դրեց Տիրոջ տան վրա։

19 Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։

20 Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին թագավորի պալատում։

21 Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

Հուդայի Հովաս թագավորը

1 Հեուի յոթերորդ տարում Հովասը թագավոր դարձավ և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Սաբիա էր՝ Բերսաբեեից։

2 Եվ Հովասն իր բոլոր օրերին ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, քանի որ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան։

3 Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

4 Եվ Հովասն ասաց քահանաներին. «Նվիրատվության ամբողջ փողը, որ բերում են Տիրոջ տուն, հաշվառված այդ փողը, յուրաքանչյուր մարդու անձի գնահատության փողը, այն ամեն փողը, որ ամեն մարդ իր հոժար կամքով նվիրում է, որ բերի Տիրոջ տուն,

5 քահանաները՝ ամեն մարդ իր ծանոթից, թող վերցնեն իրենց համար և դրանով նորոգեն տան վնասված տեղերը, ուր որ վնասված տեղեր գտնվեն»։

6 Բայց մինչև Հովաս թագավորի քսաներեքերորդ տարին քահանաները տան վնասված տեղերը չէին նորոգել։

7 Եվ Հովաս թագավորը կանչեց Հովիադա քահանային ու քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Հիմա էլ փող չվերցնեք ձեր ծանոթներից, այլ այն տվե՛ք տան վնասված տեղերի նորոգման համար»։

8 Քահանաները հավանություն տվեցին, որ ժողովրդից փող չառնեն և տան վնասված մասերը չնորոգեն։

9 Հովիադա քահանան մի արկղ վերցրեց, նրա կափարիչի վրա մի ծակ փորեց և այն դրեց զոհասեղանի մոտ՝ Տիրոջ տուն եկող մարդկանց աջ կողմում. և դռան պահպանություն անող քահանաներն այնտեղ էին գցում ամբողջ փողը, որ բերվում էր Տիրոջ տուն։

10 Եվ երբ տեսնում էին, որ արկղի մեջ փողը շատ է, գալիս էին թագավորի գրագիրը և քահանայապետը, հաշվում էին ու ծրարում Տիրոջ տանը գտնվող փողը։

11 Հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավարների ձեռքը, և նրանք վճարում էին հյուսներին և Տիրոջ տունը շինող գործավորներին,

12 որմնադիրներին ու քարհատներին, և որ Տիրոջ տան վնասված տեղերը նորոգելու համար փայտ ու տաշած քար առնեն, և այն բոլոր ծախսերի համար, որ պետք էր տունը նորոգելու համար։

13 Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամենտեսակոսկե անոթներ ու արծաթե անոթներ,

14 այլ տալիս էին գործավարներին, և դրանով նորոգում էին Տիրոջ տունը։

15 Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում։

16 Հանցանքի ընծայի փողը և մեղքի զոհի փողը Տիրոջ տուն չէր բերվում, այլ քահանաներինն էր լինում։

17 Այն ժամանակ ասորիների Ազայել թագավորը եկավ և պատերազմեց Գեթի դեմ ու գրավեց այն։ Հետո Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ՝ նրա վրա գնալու համար։

18 Հուդայի Հովաս թագավորը վերցրեց այն բոլոր նվերները, որ նվիրել էին իր հայրերը՝ Հուդայի թագավորները՝ Հոսափատը, Հովրամը և Օքոզիան, և՛ իր նվերները, և՛ թագավորի տան, և՛ Տիրոջ տան գանձարաններում գտնվող ամբողջ ոսկին ուղարկեց ասորիների Ազայել թագավորին, և նա ետ քաշվեց Երուսաղեմից։

19 Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

20 Նրա ծառաները ոտքի ելան նրա դեմ, դավաճանեցին և Մելոնի տան մեջ՝ Սիլլայի զառիվայրում, սպանեցին Հովասին։

21 Նրա ծառաները՝ Հովզաքարը՝ Սամեթի որդին, և Հովզաբադը՝ Սոմերի որդին, զարկեցին նրան, և նա մեռավ։ Նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Ամասիան։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13

Իսրայելի Հովաքազ թագավորը

1 Հուդայի թագավոր Օքոզիայի որդի Հովասի քսաներեքերորդ տարում Հեուի որդի Հովաքազն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում ևթագավորեցտասնյոթ տարի։

2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Նաբատի որդի Հերոբովամի մեղքի ետևից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, և չհրաժարվեց դրանից։

3 Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և նրանց շարունակ մատնեց ասորիների թագավոր Ազայելի և Ազայելի որդի Բենադադի ձեռքը։

4 Հովաքազն աղոթք արեց Տիրոջը, և Տերը լսեց նրան, որովհետև տեսավ Իսրայելի նեղությունը, որով ասորիների թագավորը նեղում էր նրանց։

5 Տերն Իսրայելին մի փրկիչ տվեց, և նրանք դուրս եկան ասորիների ձեռքի տակից, և Իսրայելի որդիները բնակվում էին իրենց վրաններում, ինչպես անցյալում։

6 Միայն թե չհրաժարվեցին Հերոբովամի տան մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին. գնացին դրանց ետևից. նաև Աստարովթի կուռքն էր մնում Սամարիայում։

7 Եվ Հովաքազի համար նա զորք չթողեց, բացի հիսուն ձիավորից, տասը կառքից և տասը հազար հետևակ զորքից, որովհետև ասորիների թագավորը բնաջնջել էր դրանք և նրանց ոտնակոխ արված հող էր դարձրել։

8 Հովաքազի մնացած գործերի և նրա բոլոր արածների և նրա քաջագործության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

9 Հովաքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովասը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Իսրայելի Հովաս թագավորը

10 Հուդայի Հովաս թագավորի երեսունյոթերորդ տարում Հովաքազի որդի Հովասն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում ևթագավորեցտասնվեց տարի։

11 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին, և գնաց դրանց ետևից։

12 Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, թե նա ինչպես պատերազմեց Հուդայի թագավոր Ամասիայի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

13 Հովասը ննջեց իր հայրերի հետ, և նրա աթոռին նստեց Հերոբովամը. Հովասը թաղվեց Իսրայելի թագավորների մոտ՝ Սամարիայում։

Եղիսեի մահը

14 Երբ Եղիսեն հիվանդացավ այն հիվանդությամբ, որից էլ մեռնելու էր, Իսրայելի Հովաս թագավորն իջավ նրա մոտ, լաց եղավ նրա վրա ու ասաց. «Հա՛յր իմ, հա՛յր իմ. Իսրայելի կա՛ռքը և նրա ձիավորները»։

15 Եղիսեն ասաց նրան. «Մի աղեղ և նետե՛ր վերցրու»։ Եվ նա մի աղեղ ու նետեր վերցրեց։

16 Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ձեռքդ ամրացրո՛ւ աղեղիդ վրա»։ Նա ձեռքն ամրացրեց, և Եղիսեն իր ձեռքը դրեց թագավորի ձեռքի վրա։

17 Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։Եղիսենասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։Եղիսենէլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։

18 Եվ ասաց. «Վերցրո՛ւ նետերը», և նա վերցրեց։ Եվ ասաց Իսրայելի թագավորին. «Խփի՛ր գետնին»։ Եվ նա երեք անգամ խփեց գետնին ու կանգնեց։

19 Եվ Աստծու մարդը բարկացավ նրա վրա և ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է խփեիր. այն ժամանակ ասորիներին այնպես կխփեիր, որ նրանք վերջանային, իսկ հիմա միայն երեք անգամ ես խփելու»։

20 Եղիսեն մեռավ, և նրան թաղեցին։ Ամեն տարի գարնանը մովաբացիների գնդերը հարձակվում էին երկրի վրա։

21 Երբ մի մարդ էին թաղում, մի գունդ տեսան։ Այն մարդուն գցեցին Եղիսեի գերեզմանը. մարդը գնաց ու դիպավ Եղիսեի ոսկորներին, կենդանացավ և կանգնեց իր ոտքերի վրա։

Պատերազմ Իսրայելի և ասորիների միջև

22 Ասորիների Ազայել թագավորը Հովաքազի բոլոր օրերին նեղում էր Իսրայելին։

23 Բայց Տերը նրանց ողորմեց ու գթաց նրանց և դարձավ դեպի նրանց՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ իր ունեցած ուխտի համար, և չուզեց կործանել նրանց և նրանց մինչև հիմա չզրկեց իր ներկայությունից։

24 Ասորիների Ազայել թագավորը մեռավ, և նրա որդի Բենադադը թագավորեց նրա փոխարեն։

25 Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադի ձեռքից դարձյալ ետ վերցրեց այն քաղաքները, որ պատերազմի ժամանակ Ազայելը վերցրել էր նրա հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը երեք անգամ հարվածեց նրան և ետ վերցրեց Իսրայելի քաղաքները։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

Հուդայի Ամասիա թագավորը

1 Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի երկրորդ տարում թագավորեց Հուդայի Հովաս թագավորի որդի Ամասիան։

2 Քսանհինգ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան՝ Երուսաղեմից։

3 Եվ նա ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, բայց ոչ իր հոր՝ Դավթի նման. նա ամեն ինչ արեց իր հոր՝ Հովասի արածների պես։

4 Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

5 Եվ երբ թագավորությունը հաստատվեց նրա ձեռքին, սպանեց իր ծառաներին, որոնք սպանել էին իր հորը՝ թագավորին։

6 Բայց սպանողների որդիներին չսպանեց, ինչպես գրված է Մովսեսի Օրենքի գրքում, քանի որ Տերը հրամայեց՝ ասելով. «Հայրերը չսպանվեն որդիների հանցանքի համար, և որդիներն էլ չսպանվեն հայրերի փոխարեն, այլ ամեն մարդ սպանվի իր հանցանքի համար»։

7 Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելանառավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։

8 Այդ ժամանակ Ամասիան պատգամավորներ ուղարկեց Իսրայելի թագավորի՝ Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ մի տեղ դեմառդեմ պատերազմենք»։

9 Բայց Իսրայելի Հովաս թագավորըմարդուղարկեց Հուդայի Ամասիա թագավորի մոտ՝ ասելով. «Լիբանանի փուշըլուրուղարկեց Լիբանանի եղևնուն և ասաց. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։

10 Արդարև, դու հաղթեցիր Եդովմին, և քո սիրտը հպարտացրել է քեզ. ծա՛նր կաց և տա՛նդ նստիր. ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ էլ՝ Հուդան»։

11 Բայց Ամասիան չլսեց։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը ելավ վեր, և ինքն ու Հուդայի Ամասիա թագավորը իրար դեմ պատերազմեցին Հուդայի Բեթսամյուսում։

12 Հուդան պարտվեց Իսրայելից, և ամեն մարդ փախավ իր վրանը։

13 Եվ Իսրայելի Հովաս թագավոր Բեթսամյուսում բռնեց Օքոզիայի որդի Հովասի որդի Ամասիային՝ Հուդայի թագավորին, և եկավ Երուսաղեմ ու քանդեց Երուսաղեմի պարիսպը՝ Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն երկարությամբ։

14 Վերցրեց ամբողջ այն ոսկին ու արծաթը և այն բոլոր անոթները, որ գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում և պատանդներ վերցրած՝ վերադարձավ Սամարիա։

15 Հովասի մնացած գործերի մասին, որ նա արեց, և նրա քաջագործության ու նրա պատերազմի մասին, որ պատերազմեց Հուդայի Ամասիա թագավորի դեմ, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

16 Հովասը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Հերոբովամը թագավորեց նրա փոխարեն։

Հուդայի Ամասիա թագավորի մահը

17 Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիան Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։

18 Ամասիայի մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

19 Երուսաղեմում դավադրություն արեցին նրա դեմ, և նա փախավ Լաքիս, բայցմարդուղարկեցին նրա ետևից ու նրան սպանեցին այնտեղ։

20 Նրան բերեցին ձիերով, և նա թաղվեց Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում՝ իր հայրերի մոտ։

21 Հուդայի ամբողջ ժողովուրդը վերցրեց Ազարիային, որ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հայր Ամասիայի փոխարեն։

22 Նա կառուցեց Ելաթը և թագավորի՝ իր հայրերի հետ ննջելուց հետո այն վերադարձրեց Հուդային։

Իսրայելի Հերոբովամ Բ թագավորը

23 Հուդայի թագավոր Հովասի որդի Ամասիայի տասնհինգերորդ տարում Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամը թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց քառասունմեկ տարի։

24 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

25 Նա վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից սկսած մինչև Արաբայի ծովը՝ Իսրայելի Տեր Աստծու խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա գեթքոփերացի Ամաթի որդի Հովնան մարգարեի միջոցով։

26 Որովհետև Տերը տեսավ Իսրայելի խիստ դառը տառապանքը. թե՛ ստրուկ և թե՛ ազատ, և Իսրայելին օգնող չկար։

27 Եվ Տերը չէր ասել, որ Իսրայելի անունը ջնջված լինի երկնքի տակից, և նրանց փրկեց Հովասի որդի Հերոբովամի ձեռքով։

28 Հերոբովամի մնացած գործերի և նրա բոլոր արածների ու նրա քաջագործության մասին, որ պատերազմեց և Դամասկոսն ու Եմաթը Հուդայից վերցրեց և վերադարձրեց Իսրայելին, գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

29 Հերոբովամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Իսրայելի թագավորների մոտ, և նրա որդի Զաքարիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

Հուդայի Ազարիա թագավորը

1 Իսրայելի Հերոբովամ թագավորի քսանյոթերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Ամասիայի որդի Ազարիան։

2 Նա տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։

3 Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, բոլորովին այնպես, ինչպես արել էր իր հայրը՝ Ամասիան։

4 Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։

5 Տերը զարկեց թագավորին, և նա բորոտ էր մինչև մահվան օրը։ Նա մնում էր առանձին տան մեջ, իսկ թագավորի որդի Հովաթամը, որ պալատի գլխավորն էր, կառավարում էր երկրի ժողովրդին։

6 Ազարիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

7 Ազարիան ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա որդի Հովաթամը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Իսրայելի Զաքարիա թագավորը

8 Հուդայի թագավոր Ազարիայի երեսունութերորդ տարում Սամարիայում Իսրայելի թագավոր դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան ևթագավորեցվեց ամիս։

9 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես իր հայրերն էին արել. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

10 Նրա դեմ դավադրություն արեց Հաբիսի որդի Սեղղումը և նրան զարկեց ժողովրդի առաջ ու սպանեց նրան և թագավոր դարձավ նրա փոխարեն։

11 Զաքարիայի մնացած գործերի մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

12 Սա Տիրոջ այն խոսքն էր, որ խոսել էր Հեուի հետ՝ ասելով. «Քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի գահի վրա»։ Այդպես էլ եղավ։

Իսրայելի Սեղղում թագավորը

13 Հաբիսի որդի Սեղղումը Սամարիայում թագավոր դարձավ Հուդայի Ոզիա թագավորի երեսունիններորդ տարում և թագավորեց մեկ ամիս։

14 Եվ Գադդիի որդի Մանայեմը Թերսայից ելավ ու եկավ Սամարիա և Սամարիայում զարկեց Հաբիսի որդի Սեղղումին ու սպանեց նրան և թագավորեց նրա փոխարեն։

15 Սեղղումի մնացած գործերի և նրա դավադրության մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

16 Այն ժամանակ Մանայեմը հարվածեց Թափսային և կոտորեց բոլորին, ովքեր գտնվում էին այնտեղ ու նրա սահմաններում՝ Թերսայիցսկսած,որովհետև քաղաքը չէր բացելիր դռները։Նա ջարդեց և ճղեց նրա բոլոր հղի կանանցորովայնները։

Իսրայելի Մանայեմ թագավորը

17 Հուդայի թագավոր Ազարիայի երեսունիններորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Գադդիի որդի Մանայեմը և տասը տարիթագավորեցՍամարիայում։

18 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

19 Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։

20 Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։

21 Մանայեմի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

22 Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Փակեիան թագավոր դարձավ նրա փոխարեն։

Իսրայելի Փակեիա թագավորը

23 Հուդայի Ազարիա թագավորի հիսուներորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Մանայեմի որդի Փակեիան և երկու տարի թագավորեց Սամարիայում։

24 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

25 Նրա դեմ դավադրություն արեց նրա զորապետ Փակեեն՝ Ռովմելայի որդին՝ իր հետ ունենալով գաղաադացիներից հիսուն հոգի, և Սամարիայում՝ թագավորի պալատի դահլիճում, սպանեց նրան, նրա հետ՝ Արգովբին և Արիեին։ Նրան սպանեց և թագավոր դարձավ նրա փոխարեն։

26 Փակեիայի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Իսրայելի Փակեե թագավորը

27 Հուդայի Ազարիա թագավորի հիսուներկուերորդ տարում Իսրայելի թագավոր դարձավ Ռովմելայի որդի Փակեեն և քսան տարիթագավորեցՍամարիայում։

28 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ. չհրաժարվեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքերից, որ մեղանչել էր տվել Իսրայելին։

29 Իսրայելի թագավոր Փակեեի օրերին եկավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը և վերցրեց Իյոնը, Աբել-Բեթ-Մաաքան, Հանովեն, Կադեսը, Հասորը, Գաղաադը և Գալիլեան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին գերի տարավ Ասորեստան։

30 Եվ Էլայի որդի Ովսեեն դավադրություն արեց Ռովմելայի որդի Փակեեի դեմ, զարկեց նրան ու սպանեց և նրա փոխարեն թագավոր դարձավ Ոզիայի որդի Հովաթամի քսաներորդ տարում։

31 Փակեեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Հուդայի Հովաթամ թագավորը

32 Իսրայելի թագավորի՝ Ռովմելայի որդի Փակեեի երկրորդ տարում թագավոր դարձավ Հովաթամը՝ Հուդայի թագավոր Ոզիայի որդին։

33 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա, որը Սադովկի դուստրն էր։

34 Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ՝ իր հայր Ոզիայի բոլոր արածների պես.

35 միայն թե չվերցվեցին Բարձր տեղերը. ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։

36 Հովաթամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

37 Այդ օրերին Տերը սկսեց Հուդայի դեմ ուղարկել ասորիների Ռասին թագավորին և Ռովմելայի որդի Փակեեին։

38 Հովաթամը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր հայր Դավթի քաղաքում։ Նրա որդի Աքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

Հուդայի Աքազ թագավորը

1 Ռովմելայի որդի Փակեեի տասնյոթերորդ տարում թագավոր դարձավ Աքազը՝ Հուդայի Հովաթամ թագավորի որդին։

2 Աքազը քսան տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում. նա ուղիղ չընթացավ, ինչպես իր հայր Դավիթն էր ուղիղ ընթացել Տեր Աստծու աչքի առաջ,

3 այլ գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով և իր որդուն էլ կրակով այրեց այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։

4 Եվ զոհ էր մատուցում ու խունկ էր ծխում Բարձր տեղերում ու բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

5 Այն ժամանակ ասորիների Ռասին թագավորը և Ռովմելայի որդի Փակեեն՝ Իսրայելի թագավորը, վեր կացան պատերազմելու Երուսաղեմի դեմ և պաշարեցին Աքազին, բայց չկարողացան հաղթելնրան։

6 Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։

7 Աքազը պատգամավորներ ուղարկեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորի մոտ՝ ասելով. «Ես քո ծառան և քո որդին եմ. ե՛կ և ինձ ազատի՛ր ասորիների թագավորի ձեռքից և Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»։

8 Աքազը վերցրեց այն արծաթն ու այն ոսկին, որոնք գտնվում էին Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարաններում, և ընծա ուղարկեց Ասորեստանի թագավորին։

9 Ասորեստանի թագավորը նրան լսեց. Ասորեստանի թագավորը գնաց Դամասկոսի դեմ և այն վերցրեց ու նրա բնակիչներին գերի տարավ Կիր և սպանեց Ռասինին։

10 Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ դիմավորելու Թագղաթ-Փաղասարին, տեսավ Դամասկոսի սեղանը, և Աքազ թագավորն այդ զոհասեղանի օրինակն ու նրա ձևը, ըստ նրա ամբողջ շինվածքի, ուղարկեց Ուրիա քահանային։

11 Ուրիա քահանան մի սեղան շինեց ըստ այն օրինակի, որ Աքազ թագավորն ուղարկել էր Դամասկոսից, և այն ավարտեց մինչև Դամասկոսից Աքազ թագավորի գալը։

12 Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը. թագավորը մոտեցավ զոհասեղանին և նրա վրա ողջակեզ մատուցեց։

13 Եվ զոհաբերեց իր ողջակեզն ու իր հացի ընծան և թափեց իր հեղելու նվերը և խաղաղության իր զոհի արյունը շաղ տվեց այն զոհասեղանի վրա։

14 Պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, տաճարի առջևից՝նորզոհասեղանի և Տիրոջ տան մեջտեղից, տեղափոխեց ու դրեցնորսեղանի մոտ՝ դեպի հյուսիս։

15 Աքազ թագավորը հրամայեց Ուրիա քահանային՝ ասելով. «Այդ մեծ սեղանի վրա այրի՛ր առավոտյան ողջակեզներն ու երեկոյան հացի ընծան և թագավորի ողջակեզն ու նրա հացի ընծան, երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզն ու նրանց հացի ընծան և ողջակեզների ամբողջ արյունն ու զոհերի ամբողջ արյունը հեղի՛ր նրա վրա, իսկ պղնձե զոհասեղանը թող մնա ինձ՝ գուշակություն անելու համար»։

16 Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես հրամայեց Աքազ թագավորը։

17 Աքազ թագավորը կոտրատեց կառքերի շրջանակյալ տախտակները, ավազանները վերցրեց նրանց վրայից, ծովն էլ ցած իջեցրեց պղնձե եզների վրայից, որոնք նրա տակ էին, և այն դրեց քարե հատակին։

18 Ե՛վ Շաբաթի ճանապարհը, որ ծածկոց ուներ, և շինել էին տաճարի համար, և՛ թագավորի պալատի դրսի ճանապարհը Ասորեստանի թագավորի պատճառով ուղղեց դեպի Տիրոջ տունը։

19 Աքազի մնացած գործերի մասին, որ արել է, գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։

20 Աքազը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Եզեկիան։

Categories
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17

Իսրայելի Ովսեե թագավորը

1 Հուդայի թագավոր Աքազի տասներկուերորդ տարում Էլայի որդի Ովսեեն Իսրայելի թագավոր դարձավ Սամարիայում և թագավորեց ինը տարի։

2 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, բայց ոչ Իսրայելի այն թագավորների պես, որոնք կային իրենից առաջ։

3 Նրա դեմ ելավ Ասորեստանի Սաղմանասար թագավորը, և Ովսեեն նրան հպատակ դարձավ և նրան հարկ էր տալիս։

4 Ասորեստանի թագավորը Ովսեեի մեջ նենգություն գտավ, որովհետև նա դեսպաններ էր ուղարկել Եգիպտոս՝ Սովա թագավորի մոտ, և ամեն տարվա պես հարկ չէր ուղարկել Ասորեստանի թագավորին։ Ասորեստանի թագավորը բռնեց նրան և բանտարկեց նրան։

5 Ասորեստանի թագավորն անցավ ամբողջ երկրով և եկավ Սամարիա ու երեք տարի պաշարեց այն։

Սամարիայի անկումը

6 Ովսեեի իններորդ տարում Ասորեստանի թագավորը վերցրեց Սամարիան և Իսրայելի որդիներին գերի տարավ Ասորեստան և նրանց բնակեցրեց Քաղայում ու Քաբովրում, Գովզան գետի մոտ ու մարերի քաղաքներում։

7 Որովհետև Իսրայելի որդիները մեղանչեցին իրենց Տեր Աստծու դեմ, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի ձեռքի տակից, և պաշտեցին ուրիշ աստվածների։

8 Եվ ընթացան այն ազգերի կանոններով, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից, և այնկանոններով,որ Իսրայելի թագավորներն էին հաստատել։

9 Իսրայելի որդիները գաղտնի գործեր էին արել, որ ուղիղ չէին իրենց Տեր Աստծու մոտ. և իրենց համար Բարձր տեղեր էին շինել իրենց բոլոր քաղաքներում՝ պահապանների աշտարակից մինչև պարսպապատ քաղաքը։

10 Եվ իրենց համար արձաններ էին դրել և Աստարովթի կուռքեր տնկել ամեն մի բարձր բլրի վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։

11 Եվ այնտեղ՝ բոլոր Բարձր տեղերում, խունկ էին ծխում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր նրանց առաջից, և չար գործեր արեցին Տիրոջը բարկացնելու համար։

12 Եվ ծառայեցին կուռքերին, որոնց մասին Տերն ասել էր նրանց. «Այդ բանը չանեք»։

13 Տերն իր բոլոր մարգարեների և բոլոր տեսանողների միջոցով պատվեր էր տվել Իսրայելին և Հուդային՝ ասելով. «Ե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից և պահե՛ք իմ պատվիրաններն ու իմ կանոնները այն բոլոր օրենքների պես, որ ես պատվիրել եմ ձեր հայրերին և իմ ծառաների՝ մարգարեների միջոցով ուղարկել եմ ձեզ»։

14 Բայց նրանք չլսեցին և խստացրին իրենց պարանոցը իրենց հայրերի պարանոցի նման, որոնք չէին հավատում իրենց Տեր Աստծուն։

15 Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։

16 Եվ թողեցին իրենց Տեր Աստծու հրամանները և իրենց համար ձուլածո երկու հորթեր շինեցին, աստարովթներ շինեցին ու երկրպագեցին երկնքի բոլոր զորություններին և պաշտեցին Բահաղին։

17 Եվ իրենց տղաներին ու աղջիկներին կրակով այրեցին, կախարդություն և հմայություն արեցին ու ծախեցին իրենց՝ Տիրոջ առջև չարիք գործելու, և նրան բարկացրին։

18 Եվ Տերը խիստ բարկացավ Իսրայելի վրա, նրանց մերժեց իր երեսից և չթողեցոչ ոքի,բացի Հուդայի ցեղից։

19 Հուդան էլ չպահեց իր Տեր Աստծու պատվիրանները և գնաց Իսրայելի այն կանոններով, որ նրանք հաստատել էին։

20 Տերը մերժեց Իսրայելի ամբողջ սերնդին և խոնարհեցրեց նրանց ու մատնեց նրանց հափշտակողների ձեռքը, մինչև որ նրանց գցեց իր երեսից,

21 որովհետև Իսրայելն անջատվեց Դավթի տանից, և նրանք թագավոր դարձրին Նաբատի որդի Հերոբովամին, բայց Հերոբովամը Իսրայելին շեղեց Տիրոջը հետևելուց և մեծ մեղքեր գործել տվեց նրանց։

22 Իսրայելի որդիները գնացին Հերոբովամի բոլոր մեղքերի միջով, որ նա արել էր, և չհրաժարվեցին դրանցից,

23 մինչև որ Տերը նրանց մերժեց իր երեսից, ինչպես ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Եվ այսպես Իսրայելն իր երկրից գերի տարվեց Ասորեստան մինչև այսօր։

Ասորեստանցիները հաստատվում են Իսրայելում

24 Եվ Ասորեստանի թագավորըմարդիկբերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։

25 Եվ նրանք իրենց այնտեղ բնակվելու սկզբում Տիրոջից չէին վախենում, և Տերն առյուծներ ուղարկեց նրանց վրա, որոնք սպանում էին նրանցից ոմանց։

26 Ասորեստանի թագավորին հայտնեցին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց դու տեղափոխեցիր և բնակեցրիր Սամարիայի քաղաքներում, չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը, դրա համար էլ նա առյուծներ է ուղարկել նրանց վրա, որոնք սպանում են նրանց, որովհետև չգիտեն այդ երկրի Աստծու օրենքը»։

27 Ասորեստանի թագավորը հրամայեց՝ ասելով. «Այնտե՛ղ ուղարկեք այն քահանաներից մեկին, որոնց դուք գերի եք բերել այնտեղից. թող գնա ու բնակվի այնտեղ և նրանց սովորեցնի այդ երկրի Աստծու օրենքը»։

28 Եվ այն քահանաներից մեկը, որոնց գերի էին բերել Սամարիայից, եկավ ու բնակվեց Բեթելում. սովորեցնում էր նրանց, թե ինչպես պաշտեն Տիրոջը։

29 Եվ ամեն մի ազգ իր աստվածներն էր շինում և դնում այն Բարձր տեղերում, որ շինել էին սամարացիները. ամեն մի ազգ իր քաղաքներում, որտեղ բնակվում էին իրենք։

30 Եվ Բաբելոնի մարդիկ շինեցին Սաքքովթ-Բանովթը, Քութի մարդիկ շինեցին Ներգաղը, Եմաթի մարդիկ շինեցին Ասիմաթը,

31 ավացիները շինեցին Նեբասը և Թարթակը. իսկ սեփարուիմցիներըորպես ողջակեզայրում էին իրենց որդիներին այն կրակում, որ վառում էին Սեփարուիմի աստվածների՝ Ադրամելեքի և Անամելեքի համար։

32 Բայց Տիրոջն էլ էին պաշտում, սակայն ժողովրդի միջից իրենց համար Բարձր տեղերի քահանաներ էին դարձնում իրենց մարդկանց և դնում Բարձր տեղերի կռատանը։

33 Նրանք Տիրոջն էլ էին պաշտում, սակայն իրենց աստվածներին էլ էին պաշտում ըստ այն ազգերի սովորության, որտեղից իրենք բերվել էին։

34 Մինչև այսօր էլ նրանք առաջվա սովորությունների պես են անում. չեն պաշտում Տիրոջը և ոչ էլ հնազանդվում են այն կանոններին, իրավունքներին, օրենքին և պատվիրանին, որ Տերը պատվիրեց Հակոբի որդիներին, որի անունը Իսրայել դրեց։

35 Եվ Տերը նրանց հետ ուխտ էր արել և նրանց պատվիրել էր՝ ասելով. «Մի՛ պաշտեք ուրիշ աստվածների և մի՛ երկրպագեք նրանց, նրանց մի՛ ծառայեք և զոհեր մի՛ մատուցեք նրանց,

36 այլ պաշտե՛ք միայն Տիրոջը, որը ձեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ հզոր ուժով և մեկնած բազկով. նրա՛ն պաշտեք, նրա՛ն երկրպագեք և նրա՛ն զոհ մատուցեք։

37 Եվ միշտ պահե՛ք ու կատարե՛ք այն կանոններն ու պատվիրանները և այն օրենքն ու հրամանը, որ գրել է ձեզ համար, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների։

38 Եվ մի՛ մոռացեք այն ուխտը, որ ես արել եմ ձեզ հետ, և մի՛ պաշտեք ուրիշ աստվածների,

39 այլ պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա ձեզ կփրկի ձեր բոլոր թշնամիների ձեռքից»։

40 Բայց նրանք չհնազանդվեցին, այլ վարվեցին իրենց առաջվա սովորությունների պես։

41 Ուրեմն այս ազգերը և՛ Տիրոջն էին պաշտում, և՛ ծառայում էին իրենց կուռքերին. նաև իրենց որդիները և իրենց որդիների որդիները։ Ինչպես իրենց հայրերն էին անում, իրենք էլ այնպես են անում մինչև այսօր։