Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20

Իսրայելը պատրաստվում է պատերազմի

1 Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները դուրս եկան, և ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Դանից մինչև Բերսաբեե և Գաղաադի երկիրը՝ Մասփայում, Տիրոջ առաջ։

2 Եվ ներկայացան ամբողջ ժողովրդի՝ Իսրայելի բոլոր ցեղերի գլխավոր մարդիկ՝ չորս հարյուր հազար սուր քաշող հետևակ զորք՝ Աստծու ժողովրդի հավաքին։

3 Եվ Բենիամինի որդիները լսեցին, որ Իսրայելի որդիները գնացել են վեր՝ Մասփա։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Պատմե՛ք, թե ինչպե՛ս եղավ այս չար գործը»։

4 Այն ղևտացի մարդը՝ սպանված այն կնոջ մարդը, պատասխանեց և ասաց. «Ես ու իմ հարճը եկանք Բենիամինի Գաբաան, որ գիշերը մնանք։

5 Եվ Գաբաայի բնակիչները վեր կացան իմ դեմ, գիշերը պաշարեցին տունն իմ դեմ և ինձ ուզում էին սպանել. և իմ հարճին լլկեցին, ու նա մեռավ։

6 Ես էլ վերցրի իմ հարճին ու նրան կտոր-կտոր արեցի և ուղարկեցի Իսրայելի ժառանգության ամբողջ երկրին, որովհետև նրանք Իսրայելի մեջ մեծ հանցանք և անզգամություն արեցին։

7 Ահա դուք բոլորդ Իսրայելի որդիներ եք. ձեր մեջ խոսե՛ք և խորհո՛ւրդ արեք այստեղ»։

8 Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես վեր կացավ ու ասաց. «Մեզնից ոչ մեկն իր վրանը չգնա, և ոչ մեկը չվերադառնա իր տուն։

9 Եվ հիմա այս բանն ենք անելու Գաբաային. նրա վրա գնանք վիճակով։

10 Իսրայելի բոլոր ցեղերից վերցնենք հարյուրից տասը և հազարից հարյուրը և տասը հազարից հազար մարդ, որ ժողովրդի համար պաշար տանեն, որ Բենիամինի Գաբաան մտնելով՝ նրան հատուցեն Իսրայելում նրա արած բոլոր անզգամությունների համար»։

11 Եվ Իսրայելի բոլոր մարդիկ մեկ մարդու պես միաբանությամբ հավաքվեցին այն քաղաքի դեմ։

12 Եվ Իսրայելի ցեղերը Բենիամինի ամբողջ ցեղի մոտ մարդիկ ուղարկեցին և ասացին. «Այս ի՞նչ չարագործություն է, որ եղավ ձեր մեջ։

13 Եվ հիմա Գաբաայում եղած այն չար զավակ մարդկանց տվե՛ք, որ նրանց սպանենք և չարիքը վերացնենք Իսրայելից»։ Բայց Բենիամինի որդիները չուզեցին լսել իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների խոսքը։

14 Եվ Բենիամինի որդիներնիրենցքաղաքներից հավաքվեցին Գաբաայի մեջ, որ Իսրայելի որդիների դեմ պատերազմեն։

15 Եվ այն օրնիրենցքաղաքներիցեկածԲենիամինի որդիները թվով քսանվեց հազար սուր քաշող մարդիկ էին, բացի Գաբաայի բնակիչներից, որոնք յոթ հարյուր ընտիր մարդիկ էին։

16 Այս ամբողջ ժողովրդի մեջ ընտրված ու ձախլիկ յոթ հարյուր մարդ կար, որոնք բոլորն էլ պարսատիկով մազի վրա քար էին գցում՝ առանց վրիպելու։

17 Եվ Իսրայելի մարդկանց էլ հաշվեցին. բացի Բենիամինի որդիներից, չորս հարյուր հազար սուր քաշող մարդ էր. և սրանք բոլորն էլ պատերազմող մարդիկ էին։

Պատերազմ Բենիամինի դեմ

18 Եվ վեր կացան գնացին Բեթել. և Իսրայելի որդիներն Աստծուն հարցրին ու ասացին. «Բենիամինի դեմ պատերազմելու համար մեզնից ո՞վ պիտի լինի առաջինը»։ Եվ Տերն ասաց. «Հուդան լինի առաջինը»։

19 Իսրայելի որդիներն առավոտը վեր կացան և բանակ դրեցին Գաբաայի դեմ դիմաց։

20 Իսրայելացիները դուրս եկան Բենիամինի դեմ պատերազմելու և իսրայելացիները Գաբաայի մոտ նրանց դեմ շարվեցին պատերազմի համար։

21 Բենիամինի որդիները դուրս եկան Գաբաայից և այն օրն Իսրայելից քսաներկու հազար մարդ գետին տապալեցին։

22 Եվ ժողովուրդը՝ այսինքն իսրայելացիները, ուժ առան և այս անգամ էլ գնացին ու շարվեցին նույն տեղում պատերազմելու համար, որտեղ շարվել էին առաջին օրը։

23 Իսրայելի որդիները գնացին վեր և Տիրոջ առաջ մինչև իրիկուն լաց եղան ու Տիրոջը հարցրին՝ ասելով. «Մեր եղբոր՝ Բենիամինի դեմ մեկ անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք նրա դեմ»։

24 Երկրորդ օրն Իսրայելի որդիները մոտեցան Բենիամինի որդիներին։

25 Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

26 Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները՝ այսինքն՝ ամբողջ ժողովուրդը, ելան Բեթել գնացին և այնտեղ նստեցին Տիրոջ առաջ, լաց եղան և այդ օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին և Տիրոջ առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։

27 Եվ Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին (այդ օրերին Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր.

28 և այդ օրերին նրա առաջ կանգնում էր Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը) ու ասացին. «Մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ այս անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար, թե՞ դադարեցնենք»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց»։

29 Եվ իսրայելացիները դարանակալներ դրեցին Գաբաայի շրջակայքում։

30 Իսրայելի որդիները երրորդ օրը գնացին Բենիամինի որդիների վրա և նախորդ անգամների պես շարվեցին Գաբաայի դիմաց։

31 Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։

32 Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։

33 Եվ Իսրայելի բոլոր մարդիկ իրենց տեղից վեր կացան ու շարվեցին Բաալ-Թամարի առաջ։ Եվ Իսրայելի դարանակալները հանկարծ դուրս եկան իրենց տեղից՝ Գաբաայի դաշտից։

34 Ամբողջ Իսրայելից տասը հազար ընտրված մարդ դուրս եկավ Գաբաայի առջև, և պատերազմը սաստկացավ. նրանք չգիտեին, որ չարիք է հասել իրենց վրա։

35 Տերն Իսրայելի առջև զարկեց Բենիամինին, և այդ օրն Իսրայելի որդիները Բենիամինից քսանհինգ հազար հարյուր մարդ կոտորեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

Ինչպե՞ս հաղթեցին իսրայելացիները

36 Բենիամինի որդիները տեսան, որ իրենք հաղթվեցին, որովհետև իսրայելացիները, ապավինելով Գաբաայի շրջակայքում դրած դարանակալներին, տեղ զիջեցին Բենիամինի որդիներին։

37 Դարանակալները շուտ հարձակվեցին Գաբաայի վրա և դարանակալները տարածվեցին ու ամբողջ քաղաքը սրի քաշեցին։

38 Եվ իսրայելացիները դարանակալների հետ նշան տալու ժամանակ էին որոշել, որ մեծ կրակով ծուխ հանեն քաղաքից։

39 Այն ժամանակ իսրայելացիները ցույց տվեցին, թե փախուստի են դիմում պատերազմի մեջ, և Բենիամինի որդիները սկսեցին ջարդել իսրայելացիներին և երեսունի չափ մարդ սպանեցին, որովհետև ասացին. «Անտարակույս, նրանք մեր առաջ կոտորվում են, ինչպես առաջին պատերազմում»։

40 Բայց երբ քաղաքից կրակի ծուխը սկսեց սյունի պես բարձրանալ, Բենիամինի որդիները դեպի ետ նայեցին, և ահա քաղաքի հրդեհը երկինք էր բարձրանում։

41 Եվ երբ իսրայելացիները ետ դարձան, Բենիամինի որդիները շվարած մնացին, որովհետև տեսան, որ չարիքը հասել է իրենց վրա։

42 Եվ նրանք իսրայելացիների առաջից դարձան դեպի անապատի ճանապարհը, բայց պատերազմը հասավ նրանց. և քաղաքներից դուրս եկողները, նրանց իրենց մեջ առնելով, սպանեցին։

43 Այսպեսպաշարեցին Բենիամինի որդիներին, հալածեցին նրանց և հեշտությամբ ջարդեցին նրանց մինչև Գաբաայի դիմաց՝ արևելյան կողմից։

44 Եվ Բենիամինից տասնութ հազար մարդ ընկավ. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։

45 Մնացածներըդարձան դեպի անապատը և փախան դեպի Ռեմոնի վեմը. ճանապարհներին նրանցից հինգ հազար մարդիկ ճռաքաղ արեցին. և նրանց մինչև Գեդոմ հալածելով՝ նրանցից երկու հազար մարդ ևս ջարդեցին։

46 Եվ այդ օրը Բենիամինի ցեղից բոլոր ընկածները քսանհինգ հազար սուր քաշող մարդիկ էին. դրանք բոլորն էլ զորավոր մարդիկ էին։

47 Վեց հարյուր մարդ դարձավ ու փախավ դեպի անապատ՝ Ռեմոնի վեմը, և Ռեմոնի վեմում մնաց չորս ամիս։

48 Եվ իսրայելացիները, դառնալով դեպի Բենիամինի որդիները, նրանց սրի բերան քաշեցին՝ քաղաքների միջի մարդկանցից մինչև անասունները և ինչ որ գտնվեց, և կրակով այրեցին այն բոլոր քաղաքները, որտեղ գտնվել էին իրենք։

Categories
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21

Կանայք Բենիամինի ցեղի համար

1 Իսրայելի մարդիկ Մասփայում երդվել էին և ասել. «Մեզնից ոչ ոք իր աղջկան բենիամինցու կին չտա»։

2 Ժողովուրդը գնաց Բեթել, և այնտեղ Աստծու առաջ մինչև իրիկուն նստեցին և իրենց ձայնը բարձրացնելով՝ մեծ ողբով լաց եղան։

3 Եվ ասացին. «Ո՛վ Իսրայելի Տեր Աստված, ինչո՞ւ պատահեց այս բանն Իսրայելի մեջ, որ այսօր Իսրայելից պակաս է մեկ ցեղ»։

4 Հետևյալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ, և այնտեղ սեղան շինեցին և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։

5 Իսրայելի որդիներն ասացին. «Իսրայելի բոլոր ցեղերից ո՞վ է, որ հավաքի հետ չի գնացել Տիրոջ առաջ», որովհետև Տիրոջ առաջ՝ Մասփա չգնացող մարդու համար մեծ երդում էին տվել՝ ասելով, թե նա անպատճառ պիտի մեռնի։

6 Այն ժամանակ Իսրայելի որդիները, ցավելով իրենց եղբոր՝ Բենիամինի համար, ասացին. «Այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեց։

7 Ի՞նչ անենք այս մնացածների համար, որ կանայք առնեն, որովհետև մենք Տիրոջ անունով երդվել ենք, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։

8 Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։

9 Ստուգեցին ժողովրդին, և ահա նրանց մեջ Գաղաադի Հաբիսի բնակիչներից ոչ մի մարդ չգտնվեց։

10 Այն ժամանակ ժողովուրդը խիստ զորավոր մարդկանցից տասներկու հազար մարդ ուղարկեց այնտեղ, և նրանց պատվիրելով ասացին. «Գնացե՛ք և Գաղաադի Հաբիսի բնակիչներին սրի բերա՛ն քաշեք՝ կանանց էլ, մանուկներին էլ։

11 Եվ այս է լինելու ձեր անելիքը, որ կոտորեք ամեն մի այր մարդու և տղամարդու անկողին ճանաչած ամեն մի կնոջ»։

12 Եվ Գաղաադի Հաբիսի բնակիչների մեջ չորս հարյուր կույս աղջիկ գտան, որոնք այր մարդու հետ չէին պառկել և այր մարդու հետ չէին եղել, և նրանց բերեցին Սելովի բանակատեղին՝ Քանանի երկիր։

13 Եվ ամբողջ ժողովուրդըմարդուղարկեց, խոսեցին Ռեմոնի վեմում եղած Բենիամինի որդիների հետ և նրանց խաղաղության հրավիրեցին։

14 Այն ժամանակ Բենիամինի որդիները ետ եկան և այն կանանց, որոնց ողջ էին թողել Գաղաադի Հաբիսի կանանցից, տվեցին նրանց. բայց նրանց համար բավական չէին։

15 Ժողովուրդը ցավեց Բենիամինի համար, որ Տերը խրամատ էր բացել Իսրայելի ցեղերի միջև։

16 Եվ ժողովրդի ծերերն ասացին. «Ի՞նչ անենք մնացածներին կանայք տալու համար, որովհետև Բենիամինի կանայք ոչնչացել են»։

17 Եվ ասացին. «Բենիամինի ողջ մնացած որդիների համարթողմնա իրենց ժառանգությունը, որպեսզի Իսրայելից մի ցեղ բնաջինջ չլինի։

18 Իսկ մենք մեր աղջիկներից չենք կարող նրանց կին տալ, որովհետև Իսրայելի որդիները երդում են տվել՝ ասելով. “Բենիամինին կին տվողն անիծյալ լինի”»։

19 Եվ ասացին. «Ահա ամեն տարի Տիրոջ տոնախմբություն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսային կողմում է, և Բեթելից Սյուքեմ գնացող ճանապարհի արևելյան կողմում, և Ղեբոնայի հարավային մասում»։

20 Եվ Բենիամինի որդիներին պատվիրելով՝ ասացին. «Գնացե՛ք, թաքնվե՛ք այգիներում,

21 և երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներից դո՛ւրս եկեք, ու թող ձեզնից ամեն մեկն իր համար Սելովի աղջիկներից կին հափշտակի, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։

22 Եվ եթե նրանց հայրերը կամ եղբայրները գան մեզ մոտ բողոքելու, նրանց կասենք. “Նրանց մե՛զ շնորհեք, որովհետև մենք պատերազմում նրանց ամեն մեկի համար կին չպահեցինք, ոչ էլ դուքձեր աղջիկներիցտվեցիք նրանց, որ հանցավոր լինեք”»։

23 Բենիամինի որդիներն այդպես էլ արեցին. իրենց թվի համեմատ կանայք հափշտակելով պար բռնածներից՝ վերցրին և գնացին, վերադարձան իրենց ժառանգությունը և քաղաքներ շինեցին ու բնակվեցին դրանց մեջ։

24 Այն ժամանակ Իսրայելի որդիները՝ ամեն մարդ, այնտեղից իր ցեղի և իր ազգատոհմի մոտ գնաց, և ամեն մարդ այնտեղից գնաց դեպի իր ժառանգությունը։

25 Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։

Categories
ՀՌՈՒԹ

ՀՌՈՒԹ 1

Ելիմելեքը և իր ընտանիքը գնում են Մովաբ

1 Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ, և Հուդայի Բեթլեհեմից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը՝ պանդխտության։

2 Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։

3 Եվ Նոեմիի մարդը՝ Ելիմելեքը, մեռավ, և նա մնաց իր երկու որդիների հետ,

4 որոնք իրենց համար մովաբացի կանայք առան. մեկի անունը Որփա էր, իսկ մյուսի անունը՝ Հռութ. և նրանք մոտ տասը տարի մնացին այնտեղ։

5 Մաալոնն ու Քելլոնը երկուսն էլ մեռան, և այդ կինը զուրկ մնաց իր երկու որդիներից ու մարդուց։

Նոեմին և Հռութը վերադառնում են Բեթլեհեմ

6 Եվ նա իր երկու հարսների հետ վեր կացավ, որ Մովաբի երկրից վերադառնա, որովհետև Մովաբի երկրում լսել էր, որ Տերն այցելություն է արել իր ժողովրդին և հաց է տվել նրան։

7 Եվ նա իր ապրած տեղից դուրս եկավ իր երկու հարսների հետ, և ճանապարհ ընկան Հուդայի երկիրը վերադառնալու համար։

8 Նոեմին իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, և ձեզնից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը։ Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին և ինձ։

9 Տերը տա ձեզ, որ ամեն մեկդ հանգստություն գտնի իր մարդու տանը»։ Համբուրեց նրանց, և նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, լաց եղան։

10 Եվ նրան ասացին. «Մենք անպատճառ քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։

11 Բայց Նոեմին ասաց. «Աղջիկնե՛րս, ե՛տ դարձեք, ինչի՞ համար գաք ինձ հետ. մի՞թե իմ արգանդում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ձեզ համար։

12 Ե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, որովհետև ես պառաված եմ, այլևս մարդու չեմ գնալու. եթե ասեի, թե հույս ունեմ հենց այս գիշեր կարգվելու և որդիներ էլ ծնելու,

13 դուք մինչև նրանց մեծանալը պիտի սպասեի՞ք, դուք դրա համար պիտի զրկվեի՞ք ամուսնանալուց. ո՛չ, աղջիկնե՛րս. ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ հարվածեց»։

14 Եվ նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, դարձյալ լաց եղան։ Եվ Որփան համբուրեց իր սկեսուրին, իսկ Հռութը մնաց նրա մոտ։

15 Սակայն Նոեմին ասաց. «Ահա քո տագերկինը ետ դարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ. դո՛ւ էլ ետ դարձիր քո տագերկնոջ ետևից»։

16 Եվ Հռութն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։

17 Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի. միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից»։

18 Երբ Նոեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է գնալ իր հետ, այլևս նրա հետ ոչ մի բան չխոսեց։

19 Եվ երկուսն էլ գնացին, մինչև հասան Բեթլեհեմ։ Եվ երբ Բեթլեհեմ եկան, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով, և ասում էին. «Սա՞ է Նոեմին»։

20 Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։

21 Ես լիքը գնացի, բայց Տերն ինձ դատարկ ետ դարձրեց. ինչո՞ւ եք ինձ Նոեմի ասում, երբ Տերը խոնարհեցրել է ինձ, ու Ամենակարողը վշտացրել է ինձ»։

22 Այսպես վերադարձավ Նոեմին իր հարս՝ մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրից, և գարու հնձի սկզբին հասան Բեթլեհեմ։

Categories
ՀՌՈՒԹ

ՀՌՈՒԹ 2

Հռութն աշխատում է Բոոսի արտում

1 Նոեմին իր մարդու կողմից մի ազգական ուներ. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմից, և նրա անունն էր Բոոս։

2 Եվ մովաբացի Հռութը Նոեմիին ասաց. «Գնամ արտերը և ում աչքի առջև ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր հավաքեմ»։ Եվ նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։

3 Նա գնաց ու մտնելով մի արտի մեջ՝ հնձվորների ետևից հասկ էր հավաքում. և այնպես պատահեց, որ նա մտավ այն արտը, որ Բոոսինն էր՝ Ելիմելեքի ազգատոհմից։

4 Եվ ահա Բոոսը Բեթլեհեմից եկավ ու հնձվորներին ասաց. «Տերը ձեզ հետ»։ Եվ նրանք ասացին. «Տերը քեզ օրհնի»։

5 Եվ Բոոսը հնձվորների վրա նշանակված պատանուն ասաց. «Ո՞ւմն է այս աղջիկը»։

6 Հնձվորների վերակացու պատանին պատասխանեց և ասաց. «Նոեմիի հետ Մովաբի երկրից եկած մովաբացի աղջիկն է։

7 Եվ մեզ ասաց. “Աղաչում եմ, թողեք հնձվորների ետևից խրձերի մեջ հասկ քաղեմ ու հավաքեմ”. և նա վաղ առավոտից եկել է ու մնացել մինչև հիմա ևմիայնհիմա մի քիչ նստեց տանը»։

8 Եվ Բոոսն ասաց Հռութին. «Ահա, աղջի՛կս, հասկ հավաքելու համար ուրիշի արտը չգնաս և այստեղից էլ չհեռանաս, այլ կմնաս այստեղ՝ իմ աղջիկների մոտ։

9 Թող աչքդ նրանց հնձած արտի վրա լինի, և գնա՛ նրանց ետևից. ահա պատանիներին պատվիրել եմ, որ քեզ չդիպչեն, և երբ ծարավես, գնա՛ ամանների մոտ և խմի՛ր պատանիների դուրս քաշածջրից»։

10 Աղջիկն ընկավ երեսի վրա և մինչև գետին երկրպագելով՝ նրան ասաց. «Ինչի՞ց է, որ ես շնորհ եմ գտել քո աչքերի առաջ, և դու ճանաչում ես ինձ. չէ՞ որ ես մի օտար կին եմ»։

11 Բոոսը պատասխանեց և նրան ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար և թե ինչպես թողել ես քո հորն ու մորը և քո ծնված երկիրը և եկել ես այս ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։

12 Թող Տերը քեզ հատուցի քո գործերի փոխարեն, և թող առատորեն քեզ տրվի քո վարձն Իսրայելի Աստծու կողմից, որովհետև դու եկար, որ ապաստան գտնես նրա թևերի տակ»։

13 Եվ նա ասաց. «Տե՛ր իմ, թող ես շնորհ գտնեմ քո աչքերի առջև, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քաղցրությամբ խոսեցիր քո աղախնի հետ, թեև ես աղախին էլ չեմ քո աղախիններից մեկի պես»։

14 Եվ Բոոսը կերակրի ժամանակ նրան ասաց. «Մոտեցի՛ր ու հա՛ց կեր և պատառդ թաթախի՛ր քացախի մեջ»։ Հռութը նստեց հնձվորների մոտ,Բոոսըհեղի տվեց նրան, նա էլ կերավ, կշտացավ և ավելացածը պահեց։

15 Եվ երբ վեր կացավ հասկ հավաքելու, Բոոսն իր պատանիներին պատվիրեց՝ ասելով. «Թողեք՝ խրձերի միջից էլ հավաքի, և մի՛ ամաչեցրեք նրան։

16 Եվ խրձերից էլ նրա համար գետի՛ն գցեք և թողե՛ք, որ հավաքի, և մի՛ հանդիմանեք նրան»։

17 Նա մինչև իրիկուն հասկ հավաքեց այդ արտի մեջ և երբ հավաքածը ծեծեց, մեկ արդուի չափ գարի եղավ։

18 Եվ վերցրեց ու քաղաք մտավ. և սկեսուրը նրա հավաքածը տեսավ. Հռութը հանեց այն ուտելիքը, որն ավելացել էր իր կշտանալուց հետո, և տվեց նրան։

19 Եվ սկեսուրը նրան ասաց. «Որտե՞ղ հավաքեցիր այսօր և ո՞ւր աշխատեցիր. օրհնյալ լինի քեզ ճանաչողը»։ Այն ժամանակ նա իր սկեսուրին հայտնեց, թե ում մոտ է աշխատել, ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատեցի, Բոոս է»։

20 Եվ Նոեմին իր հարսին ասաց. «Նա օրհնյա՜լ լինի Տիրոջից, որ իր ողորմությունը չպակասեցրեց ողջերից և մեռածներից»։ Եվ Նոեմին նրան ասաց. «Այդ մարդը մեր ազգատոհմից է. նա մոտիկ ազգական է մեզ»։

21 Եվ մովաբացի Հռութն ասաց. «Ինձ ասաց նաև, թե՝ “Իմ պատանիների մոտից չբաժանվես, մինչև որ նրանք իմ ամբողջ հունձը չվերջացնեն”»։

22 Եվ Նոեմին իր հարս Հռութին ասաց. «Լավ է, աղջի՛կս, որ դու նրա աղջիկների հետ լինես, և քեզ չհանդիպեն ուրիշ արտի մեջ»։

23 Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։

Categories
ՀՌՈՒԹ

ՀՌՈՒԹ 3

Հռութն ամուսին է գտնում

1 Եվ նրա սկեսուր Նոեմին նրան ասաց. «Աղջի՛կս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ լավ լինի քեզ համար։

2 Ահա Բոոսը մեր ազգականներից է, որի աղջիկների մոտ էիր։ Ահա նա այս գիշեր կալում գարի է կալսում։

3 Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։

4 Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։

5 Հռութընրան ասաց. «Ամենը, ինչ որ ասել ես ինձ, կանեմ»։

6 Նա իջավ կալը և ամեն ինչ արեց իր սկեսուրի պատվիրածի պես։

7 Բոոսը կերավ ու խմեց, և սիրտը զվարթացավ, ու գնաց պառկելու դիզված գարու մոտ.Հռութըկամացուկ գնաց և ծածկոցը նրա ոտքերի կողմից բացեց ու պառկեց։

8 Եվ կեսգիշերին մարդը վախեցավ, թեքվեց ու տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին էր պառկել։

9 Եվ ասաց. «Դու ո՞վ ես»։ Եվ կինն ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ. քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես»։

10 Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։

11 Եվ հիմա, աղջի՛կս, մի՛ վախենա, դու ինչ որ ասես ինձ, կանեմ քեզ համար, որովհետև այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու առաքինի կին ես։

12 Հիմա, արդարև, ես քո ազգականն եմ, բայց ինձնից ավելի մոտ ազգական էլ կա։

13 Այս գիշերայստե՛ղկաց, և եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցել ուզի, լավ, թող հատուցի, բայց եթե նա չուզի ազգականության պարտավորությունը հատուցել քեզ, այն ժամանակ ես կհատուցեմ, կենդանի է Տերը. մինչև առավոտ պառկի՛րայստեղ»։

14 Եվ նա պառկեց նրա ոտքերի մոտ մինչև առավոտ և վեր կացավ, երբ որ մարդիկ չէին կարող մեկմեկու ճանաչել։ Եվ Բոոսն ասաց. «Ոչ մի մարդ չիմանա, թե կալում կին է եղել»։ Նաև ասաց. «Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այն»։

15 Եվ Հռութը բռնեց այն, և նա վեց չափ գարի չափեց ու նրա շալակը տվեց։ Ինքն էլ քաղաք գնաց։

16 Հռութը վերադարձավ իր սկեսուրի մոտ։ Նա ասաց. «Աղջի՛կս, ինչպե՞ս ես»։ Եվ նա նրան պատմեց, թե ինչ էր արել այդ մարդն իրեն.

17 և ասաց. «Նա այս վեց չափ գարին ինձ տվեց ու ասաց. “Քո սկեսուրի մոտ դատարկ չգնաս”»։

18 Եվ Նոեմին ասաց. «Աղջի՛կս, նստի՛ր, մինչև որ իմանաս, թե այս գործը ինչպես պիտի վերջանա, որովհետև այդ մարդը մինչև որ այս գործը չվերջացնի այսօր, չի հանգստանալու»։

Categories
ՀՌՈՒԹ

ՀՌՈՒԹ 4

Բոոսն ամուսնանում է Հռութի հետ

1 Բոոսը ելավ դռան մոտ ու նստեց այնտեղ, և ահա անց էր կենում այն ազգականը, որի մասին ասել էր Բոոսը։Բոոսընրան ասաց. «Ո՜վ (այսինչ) մարդ, եկ այստեղ նստի՛ր»։ Եվ նա դարձավ ու նստեց։

2 Այն ժամանակ Բոոսը քաղաքի ծայրերից տասը մարդ վերցրեց և ասաց. «Նստե՛ք այստեղ»։ Եվ նրանք նստեցին։

3 Հետո այն ազգականին ասաց. «Մեր եղբայր Ելիմելեքի արտի բաժինը ծախում է Նոեմին, որը վերադարձել է Մովաբի երկրից։

4 Եվ ես մտածեցի, որ քեզ իմացնեմ ու ասեմ այս նստածների առաջ և իմ ժողովրդի ծերերի առաջ. ծախո՛ւ առ. եթե ուզում ես ազգականության իրավունքով ծախու առնել, ա՛ռ, իսկ եթե ծախու առնել չես ուզում, ինձ իմացրո՛ւ, որ գիտենամ, որովհետև քեզնից բացի ազգականության իրավունքը կատարող չկա, և քեզնից հետո ես եմ»։ Եվ նա ասաց. «Ես ազգականության իրավունքը կկատարեմ»։

5 Բոոսն ասաց. «Այն օրը, երբ դու Նոեմիի ձեռքից արտը ծախու առնես, մահացածի կնոջից՝ մովաբացի Հռութից էլ պիտի ծախու առնես, որ մահացածի անունը պահես իր ժառանգության մեջ»։

6 Եվ ազգականն ասաց. «Ես իմ ազգականության իրավունքը չեմ կարող կատարել, գուցեև իմ ժառանգությունն էլ խախտեմ. դո՛ւ ստանձնիր ազգականության իմ ունեցած իրավունքը, քանի որ ես չեմ կարող կատարել»։

7 Իսրայելում ազգականության իրավունքը կատարելու ու առուծախի գործերը անելու համար, որպեսզի ամեն բան հաստատվեր, վաղուց ի վեր այսպես էին անում. մարդն իր կոշիկը հանում էր և տալիս իր ընկերոջը. և սա վկայություն էր լինում Իսրայելում։

8 Եվ երբ ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ գնիր իմ հողամասը», հանեց իր կոշիկը։

9 Եվ Բոոսն ասաց ծերերին ու ամբողջ ժողովրդին. «Դուք այսօր վկա եք, որ ես Ելիմելեքի ամբողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ունեցվածքը ծախու առա Նոեմիի ձեռքից։

10 Եվ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին էլ ինձ համար կին առա, որ մահացածի անունը պահեմ իր ժառանգության մեջ, և մահացածի անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր բնակարանի դռնից. դուք վկա եք այսօր»։

11 Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։

12 Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։

Բոոսը և իր սերունդը

13 Եվ Բոոսն առավ Հռութին, որ դարձավ նրա կինը, և նա մտավ կնոջ մոտ. Տերը հղիություն շնորհեց նրան, և նա որդի ծնեց։

14 Եվ կանայք Նոեմիին ասացին. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ քեզ առանց մոտիկ ազգականի չթողեց այսօր, որ նրա անունը հիշվի Իսրայելի մեջ։

15 Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։

16 Եվ Նոեմին իր գիրկն առավ մանկանը և եղավ նրա դայակը։

17 Եվ դրացի կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմիին մի որդի է ծնվել». և նրա անունը Ովբեդ դրին։ Սա Դավթի հոր՝ Հեսսեի հայրն էր։

18 Եվ Փարեսի սերունդները սրանք են. Փարեսը ծնեց Եսրոնին,

19 Եսրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին,

20 Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին,

21 Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Ովբեդին,

22 Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն ծնեց Դավթին։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1

Եղկանան և իր ընտանիքը Սելովում

1 Արիմաթեմ-Սոփիմից՝ Եփրեմի լեռնային շրջանից, մի մարդ կար՝ անունը Եղկանա։ Նա եփրաթացի Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր։

2 Նա երկու կին ուներ. մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Եվ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։

3 Այդ մարդն ամեն տարի իր քաղաքից ելնում էր Սելով՝ երկրպագելու և զոհ մատուցելու Զորությունների Տիրոջը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, այնտեղ Տիրոջ քահանաներն էին։

4 Եղկանան իր զոհ մատուցած օրը բաժիններ տվեց իր կին Փենանային և նրա որդիներին ու աղջիկներին,

5 իսկ Աննային երևելիբաժին տվեց, որովհետև սիրում էր Աննային, սակայն Տերը փակել էր նրա արգանդը։

6 Բայց նրա նախանձորդը՝Փենանան,վրդովում էր նրան և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա արգանդը։

7 Եղկանանայդպես էր անում ամեն տարի Տիրոջ տունը գնալիս.Փենանաննույնպես վշտացնում էրնրան,ևԱննանլաց էր լինում ու ոչինչ չէր ուտում։

8 Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։

Աննա և Հեղի

9 Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ).

10 և նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և շատ լաց եղավ։

11 Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։

12 Եվ մինչ նա երկար աղոթում էր Տիրոջ առաջ, Հեղին նայում էր նրա բերանին։

13 Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։

14 Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած մնաս. սթափվի՛ր գինովությունից»։

15 Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել և կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։

16 Քո աղախնին չար կին մի՛ համարիր, որովհետև իմ բազում վշտերից և նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։

17 Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։

18 Եվ նա ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով և կերավ, և երեսն այլևս տրտում չէր։

Սամուելի ծնունդը և ընծայումը

19 Նրանք առավոտ կանուխ վեր կացան, երկրպագեցին Տիրոջ առաջ և վերադարձան Ռամա ու գնացին իրենց տուն։ Եղկանան մերձեցավ իր Աննա կնոջը, և Տերը հիշեց նրան։

20 Աննան հղիացավ, և երբ օրը հասավ, մի տղա ծնեց և նրա անունը դրեց Սամուել՝ասելով. «Տիրոջից խնդրեցի նրան»։

21 Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքով ելավ Սելով՝ տարեկան զոհը մատուցելու և իր ուխտը կատարելու Տիրոջ առաջ։

22 Բայց Աննան չգնաց՝ իր ամուսնուն ասելով. «Կնստեմ, մինչև երեխան կտրվի կաթից, հետո կտանեմ նրան, որ երևա Տիրոջ առջև և միշտ մնա այնտեղ»։

23 Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։

24 Եվ հենց որ կաթից կտրեց նրան, իր հետ վերցրեց նրան և երեք զվարակ, մի արդու ալյուր և մի տիկ գինի ու նրան տարավ Սելով՝ Տիրոջ տունը, թեև տղան փոքր էր։

25 Եվ զվարակը մորթեցին, և տղային տարան Հեղիի մոտ։

26 Եվ Աննան ասաց. «Օ՜հ, տե՛ր իմ, ահա կենդանի է քո անձը. ես այն կինն եմ, որ այստեղ կանգնել էի քեզ մոտ՝ Տիրոջն աղոթելու համար։

27 Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։

28 Հիմա էլ ես Տիրոջն եմ տալիս նրան, և թող իր ողջ կյանքում նա փոխ տրված լինի Տիրոջը»։ Եվ նա այնտեղ երկրպագեց Տիրոջը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

Աննայի աղոթքը

1 Աննան աղոթեց և ասաց.

«Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով,

Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը,

Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ,

Քանզի քո փրկությամբ ուրախացա։

2 Տիրոջ նման սուրբ չկա,

Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա,

Եվ վեմ չկա մեր Աստծու նման։

3 Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք,

Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից,

Քանզի Տերն է գիտությունների Աստվածը,

Եվ նա է կշռում գործերը։

4 Կոտրվեցին զորավորների աղեղները,

Իսկ տկարները ուժ առան։

5 Կուշտերը վարձկան դարձան հացի համար,

Իսկ սովածները դադարեցին սովելուց,

Քանզի ամուլը յոթզավակծնեց,

Իսկ շատ զավակ ունեցողը տկարացավ։

6 Տերն է մեռցնողը և կենդանացնողը,

Գերեզման իջեցնողը և վեր հանողը։

7 Տերն է թե՛ աղքատացնողը և թե՛ հարստացնողը,

Թե՛ ցածրացնողը և թե՛ բարձրացնողը։

8 Նա է աղքատին կանգնեցնում փոշուց

Եվ կարոտյալին բարձրացնում աղբից,

Որ իշխանների հետ նստեցնի

Եվ փառքի աթոռը ժառանգել տա նրանց,

Քանզի Տիրոջն են երկրի հիմքերը,

Եվ նրանց վրա է նա աշխարհը հաստատել։

9 Նա է պահում իր սրբերի ոտքերը,

Բայց չարագործները պիտի կործանվեն մթի մեջ,

Քանզի ուժով չէ, որ հաղթում է մարդը։

10 Տիրոջ հակառակորդները կկործանվեն,

Նա երկնքից կորոտա նրանց,

Տերը կդատի երկրիս ծագերը,

Եվ ուժ կտա իր թագավորին,

Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։

11 Եվ Եղկանան գնաց Ռամա՝ իր տունը, իսկ մանուկը Հեղի քահանայի առաջ ծառայում էր Տիրոջը։

Հեղիի որդիները

12 Հեղիի որդիները չար մարդիկ էին և չէին ճանաչում Տիրոջը։

13 Եվ ժողովրդի նկատմամբ քահանաների պարտականությունն էր, որ երբ մեկը զոհ էր մատուցում, միսը եփելիս գալիս էր քահանայի սպասավորը՝ եռաժանի մսահանը ձեռքին,

14 և այն կոխում էր տապակի, կաթսայի, սանի կամ պտուկի մեջ, և ինչ որ մսահանը հաներ, այն էլ քահանան վերցնում էր իր համար։ Նրանք այսպես էին վարվում Սելովում՝ այնտեղ եկող բոլոր իսրայելացիների հետ։

15 Նաև ճարպն այրելուց առաջ քահանայի սպասավորը գալիս էր և զոհ մատուցող մարդուն ասում. «Խորովելու մի՛ս տուր քահանայի համար, որովհետև նա քեզնից եփած միս չի վերցնի, այլ հո՛ւմը տուր»։

16 Եվ եթե այդ մարդն ասեր, թե՝ «Թող հիմա ճարպն այրեն, ևհետոսրտիդ ուզածի չափ վերցրո՛ւ», այն ժամանակ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, թե չէ բռնի կվերցնեմ»։

17 Եվ այդ երիտասարդների մեղքը շատ մեծ էր Տիրոջ առաջ, որովհետև այդ մարդիկ արհամարհում էին Տիրոջ զոհը։

Սամուելը Սելովում

18 Եվ մանուկ Սամուելը, քաթանե եփուդ հագած, ծառայություն էր անում Տիրոջ առաջ։

19 Եվ նրա մայրը ամեն տարի փոքր պատմուճան էր պատրաստում նրա համար ու բերում նրա համար, երբ իր ամուսնու հետ գալիս էր տարեկան զոհը մատուցելու։

20 Եվ Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Թող Տերը քեզ զավակներ տա այս կնոջից՝ Տիրոջը փոխ տվածի դիմաց»։ Եվ նրանք վերադարձան իրենց տեղը։

21 Եվ Տերն այցելեց Աննային. նա հղիացավ և երեք տղա ու երկու աղջիկ ծնեց. մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։

Հեղին և իր որդիները

22 Այն ժամանակ Հեղին շատ էր ծերացել. և լսում էր այն ամենը, ինչ անում էին իր որդիները ամբողջ Իսրայելին, և թե ինչպես նրանք պառկում էին վկայության խորանի մուտքի առաջ ծառայող կանանց հետ։

23 Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդպիսի բաներ անում, որ ես ամբողջ ժողովրդից չար խոսքեր եմ լսում ձեր մասին։

24 Չէ՛, որդինե՛րս, ես բարի լուր չեմ լսում ձեր մասին, դուք մոլորեցնում եք Տիրոջ ժողովրդին։

25 Եթե մարդ մարդու դեմ մեղք է գործում, Աստված կանի նրա դատաստանը, բայց եթե մարդ մեղք գործի Տիրոջ դեմ, ո՞վ աղաչանք կանի նրա համար»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքը, որովհետև Տերն ուզում էր նրանց մահվան մատնել։

26 Եվ Սամուել մանուկը մեծանում էր օրեցօր և հաճելի էր թե՛ Տիրոջը և թե՛ մարդկանց։

27 Եվ Աստծու մի մարդ եկավ Հեղիի մոտ ու նրան ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես հայտնապես երևացի քո հոր տանը, երբ նրանք Եգիպտոսում փարավոնի տանըծառաէին,

28 և Իսրայելի բոլոր ցեղերից նրան ինձ համար քահանա ընտրեցի, որպեսզի նա բարձրանա իմ զոհասեղանի վրա, խունկ ծխի և եփուդ հագնի իմ առաջ, և Իսրայելի որդիների՝ կրակով այրված բոլոր զոհերը տվեցի քո հոր տանը։

29 Ինչո՞ւ եք անարգում իմ զոհերն ու ընծաները, որ ես պատվիրեցի իմ տան համար, և քո որդիներին ինձնից ավելի ես պատվում, և ձեզ գիրացնում եք իմ ժողովրդի՝ Իսրայելի ընտիր ընծաներով”։

30 Սրա համար Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես իսկապես ասել էի, որ քո տունը և քո հոր տունը պիտի հավիտյան ծառայեն իմ առաջ”, բայց հիմա Տերն ասում է. “Քա՛վ լիցի, որովհետև ես կփառավորեմ ինձ փառավորողներին, և ինձ արհամարհողները կանարգվեն։

31 Ահա օրեր կգան, երբ ես կկտրեմ քո բազուկը և քո հոր տան բազուկը, որպեսզի ծեր չլինի քո տան մեջ։

32 Եվ դու դժբախտություն կտեսնես տան մեջ, մինչդեռ Իսրայելը կվայելի ամեն տեսակ բարություն, և քո տան մեջ բնավ ծեր չի լինի։

33 Բայց քոսերնդիամեն մարդու չեմ կտրի իմ սեղանից. քո աչքերը նվաղեցնելու և քո սիրտը վշտացնելու համարպիտի մնա,իսկ քո տան բոլոր երիտասարդները չափահաս պիտի մեռնեն։

34 Եվ թող սա քեզ նշան լինի, որ պիտի գա քո երկու որդիների՝ Ոփնիի և Փենեհեսի վրա. երկուսն էլ պիտի մեռնեն մեկ օրում։

35 Եվ ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ կհանեմ, որ կատարի իմ սրտում ու հոգում եղածը, և նրա համար հաստատուն մի տուն կշինեմ, և նա միշտ կծառայի իմ օծյալի առաջ։

36 Եվ քո տանից ով որ մնա, մի կտոր արծաթի համար և մի նկանակ հացի համար կգա նրան երկրպագելու և կասի. “Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտոնի՛ դիր, որ մի պատառ հաց ուտեմ””»։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

Աստծու խոսքը Սամուելին

1 Եվ մանուկ Սամուելը Տիրոջը ծառայություն էր անում Հեղիի առջև։ Այդ օրերին Տիրոջ խոսքը հազվագյուտ էր, և հայտնի տեսիլք չկար։

2 Եվ եղավ, որ Հեղին այդ ժամանակ պառկած էր իր տեղը. նրա աչքերը սկսել էին տկարանալ, և նա չէր կարողանում տեսնել։

3 Եվ Աստծու կանթեղը տակավին չէր հանգել, ու Սամուելը քնել էր Տիրոջ տաճարում, որտեղ Աստծու տապանակն էր։

4 Եվ Տերը կանչեց Սամուելին, և նա ասաց. «Ահա ես»։

5 Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։

6 Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։

7 Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում, և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան։

8 Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։

9 Ուստի Հեղին Սամուելին ասաց. «Գնա պառկի՛ր, և եթե քեզ կանչի, ասա՛. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Եվ Սամուելը գնաց, պառկեց իր տեղը։

10 Եվ Տերը եկավ, կանգնեց ու նախորդ անգամների պես կանչեց. «Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր,Տե՛ր,որովհետև քո ծառան լսում է»։

11 Այդ ժամանակ Տերը Սամուելին ասաց. «Ահա ես Իսրայելի մեջ մի այնպիսի բան պիտի անեմ, որ նրան բոլոր լսողների ականջները պիտի զնգան։

12 Այդ օրը Հեղիի նկատմամբ կկատարեմ այն ամենը, ինչ նրա տան մասին ասել եմ. կսկսեմ և կվերջացնեմ։

13 Եվ հայտնել եմ իրեն, որ նրա տունը հավիտյան պիտի դատեմ. գիտեր այն անօրենությունը, որ նրա որդիներն իրենց վրա անեծք են բերում, և ինքը չհանդիմանեց նրանց։

14 Դրա համար էլ ես երդվեցի Հեղիի տան համար, որ Հեղիի տան անօրենությանը զոհերով և ընծաներով քավություն չլինի հավիտյան»։

15 Եվ Սամուելը քնեց մինչև առավոտ և հետո բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ այդ տեսիլքը Հեղիին պատմելուց։

16 Բայց Հեղին կանչեց Սամուելին և ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կս»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։

17 Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ խոսք էր, որ նա քեզ ասաց. մի՛ ծածկիր ինձանից։ Թող Աստված քեզ այսպես և սրանից ավելին անի, եթե ինձանից մի խոսք ծածկես այն բոլոր խոսքերից, որ նա խոսել է քեզ հետ»։

18 Եվ Սամուելն ամեն ինչ պատմեց նրան. նրանից չթաքցրեց։ ԵվՀեղինասաց. «Նա Տերն է, թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

19 Սամուելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, ու նրա բոլոր խոսքերից ոչ մեկը գետին չգցեց։

20 Եվ Դանից մինչև Բերսաբեե ամբողջ Իսրայելն իմացավ, որ Սամուելը Տիրոջ համար հաստատվել է որպես մարգարե։

21 Տերը դարձյալ երևաց Սելովում, որովհետև Տերը Սամուելին Սելովում հայտնվում էր Տիրոջ խոսքով։ Եվ ամբողջ Իսրայելի մեջ տարածվում էր Սամուելի խոսքը։

Categories
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

Ուխտի տապանակի գերեվարումը

1 Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։

2 Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց. մարտը ծավալվեց, և Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատերազմի դաշտում չորս հազար մարդ սպանեցին։

3 Զորքը եկավ բանակատեղի, և Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերը մեզ այսօր ջարդեց փղշտացիների առաջ. Տիրոջ ուխտի տապանակը Սելովից մեզ մոտ բերենք, և թող նա մեր մեջ գա և մեզ ազատի մեր թշնամիների ձեռքից»։

4 Զորքը մարդ ուղարկեց Սելով, և այնտեղից վերցրին քերովբեների վրա նստած Զորությունների Տիրոջ ուխտի տապանակը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, այնտեղ էին Աստծու ուխտի տապանակի հետ։

5 Եվ երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և գետինը դղրդաց։

6 Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի,

7 փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։

8 Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։

9 Ո՛ւժ առեք և քա՛ջ եղեք, ո՜վ փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քա՛ջ եղեք և պատերազմե՛ք»։

10 Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, և ամեն մարդ փախավ իր վրանը, և շատ մեծ կոտորած եղավ, և Իսրայելից երեսուն հազար հետևակ զորք ընկավ։

11 Վերցվեց նաև Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Ոփնին ու Փենեհեսը, սպանվեցին։

Հեղիի մահը

12 Եվ Բենիամինի ցեղից մի մարդ նույն օրը բանակից վազելով հասավ Սելով. նրա հանդերձները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։

13 Եվ երբ նաայնտեղ հասավ,Հեղին նստած էր ճանապարհին, աթոռի վրա և սպասում էր, որովհետև սիրտը դողում էր Աստծու տապանակի համար։ Երբ այդ մարդը եկավ և քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։

14 Հեղին, լսելով այդ աղաղակի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկի ձայն է»։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու Հեղիին պատմեց։

15 Հեղին իննսունութ տարեկան էր. աչքերը մթնել էին, և չէր կարողանում տեսնել։

16 Եվ այն մարդը Հեղիին ասաց. «Ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարտի դաշտից»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ»։

17 Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. «Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, և քո երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսն էլ սպանվեցին, և Աստծու տապանակն էլ գերի վերցվեց»։

18 Եվ երբ նա հիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից մեջքի վրա ցած ընկավ դռան մոտ, և նրա վզի ոսկորը կոտրվեց, ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր. նա քառասուն տարի դատավորություն էր արել Իսրայելում։

Փենեհեսի կնոջ մահը

19 Եվ նրա հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր, ծնելու մոտ, և երբ լսեց Աստծու տապանակի գերի վերցվելու և իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։

20 Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի՛ վախեցիր, որովհետև տղա ես ծնել»։ Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց։

21 Եվ այդ տղայի անունը Իքաբոդդրեց՝ ասելով. «Իսրայելից փառքը վերացավ», որովհետև Աստծու տապանակը վերցվեց, և նրա սկեսրայրն ու ամուսինը չկան։

22 Դրա համար էլ ասաց. «Քանի որ Աստծու տապանակը վերցվեց, Իսրայելից փառքը վերացավ»։