Categories
Հակոբոս

Հակոբոս 5

Ազդարարություն հարուստներին

1 Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա։

2 Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել,

3 ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։

4 Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանցվարձըպահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։

5 Երկրի վրա շքեղ ապրեցիք ու վայելեցիք, ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար։

6 Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չհակառակվեց։

Համբերություն և աղոթք

7 Արդ, եղբայրնե՛ր, մինչև Տիրոջ գալուստը համբերո՛ղ եղեք։ Ահա մշակը համբերությամբ սպասում է հողի պատվական պտղին, մինչև առաջին ու վերջին անձրևը ստանա։

8 Դո՛ւք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրե՛ք, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է։

9 Եղբայրնե՛ր, մեկդ մյուսի դեմ մի՛ տրտնջացեք, որ չդատվեք։ Ահա Դատավորը դռան առաջ կանգնած է։

10 Եղբայրնե՛ր, չարչարանքի ու համբերատարության օրինակ ունեցե՛ք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով քարոզեցին։

11 Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։

12 Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։

13 Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։

14 Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով։

15 Հավատով աղոթքը հիվանդին կփրկի, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։

16 Միմյանց խոստովանե՛քձերմեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։

17 Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։

18 Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց։

19 Եղբայրնե՛ր, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկուրիշընրան հետ բերի,

20 թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու մահից կփրկի և բազում մեղքերից կմաքրի։

Categories
Ա Պետրոս

Ա Պետրոս 1

Ուղերձ և ողջույն

1 Պետրոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ընտրյալ պանդուխտներիդ, որ ապրում եք սփյուռքում՝ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում՝

2 ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործության, հնազանդվելու և Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար. թող շնորհն ու խաղաղությունը շատանան ձեզվրա։

Գոհություն՝ փրկության հույսի համար

3 Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ,

4 այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար,

5 որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։

6 Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք,

7 որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,

8 որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝

9 ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։

10 Այդ փրկության համար փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ սահմանված շնորհի մասին՝

11 քննելով, թե ինչպիսի՛ ժամանակի և ո՛րհանգամանքներումէր իրենց մեջ եղած Քրիստոսի Հոգին ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների և դրանից հետո փառքի մասին։

12 Նրանց հայտնվեց, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այն բաները, որ այժմ հաղորդվեցին ձեզ նրանց միջոցով, որոնք ձեզ ավետարանեցին Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց, և որի մեջ հրեշտակները ցանկանում են հայացքով թափանցել։

Սրբությամբ ապրելու կոչ

13 Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,

14 հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտությանժամանակվանախկին ցանկություններին,

15 այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք,

16 քանի որ գրված է.«Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ»(Ղևտ. 11.44-45,19.2)։

17 Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝

18 իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք,

19 այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան,

20 որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վերջում ձեզ համար,

21 որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։

22 Մաքրելով ձեր հոգիները ճշմարտությանը հնազանդությամբ՝ անկեղծ եղբայրասիրությամբ, մաքուր սրտով միմյանց ջերմորեն սիրե՛ք՝

23 վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի ու մնայուն խոսքով։

24 Որովհետև

«Ամեն մարմին խոտի պես է,

և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի.

խոտը չորանում է,

և նրա ծաղիկը՝ թափվում,

25 իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»(Ես. 40.6-8)։

Սա է այն խոսքը, որ ձեզ ավետարանվեց։

Categories
Ա Պետրոս

Ա Պետրոս 2

Կենդանի Վեմը և սուրբ ազգը

1 Արդ դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝

2 նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեքփրկության համար,

3 քանի որ ճաշակել եք, որ քաղցր է Տերը,

4 մոտ եք կենդանի Վեմին, որը թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծու առաջ ընտրյալ ու պատվական է։

5 Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։

6 Որովհետև Գրքում էլ կա.

«Ահա Սիոնում դնում եմ

ընտիր, պատվական անկյունաքար,

և նրան հավատացողը չպիտի ամաչի»(Ես. 28.16)։

7 Արդ ձեզ՝ հավատացյալներիդ համար պատվական է, իսկ անհավատների համար

այն քարը, որ կառուցողները մերժեցին,

անկյունաքար եղավ(Սաղ. 118.22),

8 և

գլորման քար,

գայթակղության վեմ,

որով գայթակղվում են՝ խոսքին չհավատալով, որի համար սահմանված էին։

9 Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։

10 Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։

Ապրել որպես Աստծու ծառաներ

11 Սիրելինե՛ր, աղաչում եմձեզ՝իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։

12 Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։

Քրիստոնյաների պարտականությունը իշխանությունների հանդեպ

13 Արդ հանուն Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույնի,

14 թե՛ կառավարիչներին, ինչպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ բարեգործներին գովելու համար։

15 Որովհետև Աստծու կամքն այն է, որ բարիք գործելով լռեցնեք անխելք մարդկանց տգիտությունը։

16 Որպես ազատնե՛ր եղեք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծու ծառանե՛ր եղեք։

17 Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։

Քրիստոսի չարչարանքների օրինակը

18 Ծառաները թող ամենայն երկյուղով հնազանդ լինեն տերերին, ոչ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլ նաև ժանտաբարոներին։

19 Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին՝ գիտակցելով Աստծուգոյությունը։

20 Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։

21 Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք։

22 «Նա մեղք չգործեց,

և նենգություն չգտնվեց նրա բերանում»(Ես. 53.9)։

23 Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։

24 Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։

25 Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը։

Categories
Ա Պետրոս

Ա Պետրոս 3

Կանայք և ամուսիններ

1 Նույնպես և դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթենրանցիցոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն՝

2 տեսնելով ձեր՝ երկյուղածությամբ պարկեշտ վարքը։

3 Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը՝ մազերը հյուսելը, ոսկեղեն դնելը կամ շքեղ զգեստներ հագնելը,

4 այլ ներքինը՝ սրտի ծպտված մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծու առաջ առավել արժեքավոր է։

5 Որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսն Աստծու վրա դրած սուրբ կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին,

6 ինչպես Սառան, որ հնազանդ էր Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով. նա ձեզ զավակներ դարձրեց, որպեսզի բարեգործ լինեք ու ոչնչից չվախենաք։

7 Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛վերաբերվեք,պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։

Չարչարանք արդարության համար

8 Եվ վերջապես, բոլորդ եղե՛ք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգութ, խոնարհ։

9 Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։

10 Որովհետև

«Ով ուզում է սիրել

և լավ օրեր տեսնել,

թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց,

և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։

11 Թող չարից հետ քաշվի և բարին գործի,

խաղաղություն փնտրի և դրան հետևի։

12 Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են,

ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը,

բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է»(Սաղ. 34.12-16)։

13 Եվ ո՞վ ձեզ կչարչարի, եթե դուք բարուն նախանձախնդիր լինեք։

14 Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք,

15 այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։

16 Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։

17 Որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթեդաԱստծու կամքն է, քան չարիք գործելով։

Քրիստոսի հարության տիեզերական հաղթանակը

18 Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար,

մի Արդար՝ անարդարների համար,

որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի.

թեև նա մարմնով մեռավ,

Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,

19 որով և գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց,

20 որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը. քչերն էին, այսինքն՝ ութ հոգի, որ փրկվեցին ջրից։

21 Դրա օրինակը մկրտությունն է, որ այժմ էլ մեզ փրկում է՝ ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ վկայելով Աստծու ճիշտ գիտակցումը Հիսուս Քրիստոսի հարությամբ.

22 նա երկինք է գնացել և Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները և զորությունները։

Categories
Ա Պետրոս

Ա Պետրոս 4

Փրկված կյանքեր

1 Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքո՛վ զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց,

2 որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծու կամքի համաձայն ապրեք։

3 Որովհետև բավական է, որմերկյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք՝ ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, արբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։

4 Դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անկարգ զեխության մեջ չեք ընթանում, և հայհոյում են.

5 նրանք պետք է հաշիվ տան նրան, ով պատրաստ է ողջերին ու մեռածներին դատաստան անելու։

6 Որովհետև հենց սրա համար մեռելներին ևս ավետարանվեց, որպեսզի մարդկանց կողմից մարմնով դատվեն, բայց Աստծու կողմից հոգով կենդանի լինեն։

Աստծու շնորհների բարի տնտեսները

7 Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։

8 Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։

9 Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։

10 Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։

11 Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Չարչարվել իբրև քրիստոնյա

12 Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։

13 Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։

14 Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա։

15 Ձեզանից ոչ ոք թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող, որպես չարագործ կամ որպես ուրիշի գործերին խառնվող։

16 Բայց եթե որպես քրիստոնյաչարչարվի,թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անունով։

17 Որովհետև ժամանակն է, որ դատաստանն Աստծու տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանիցսկսվի,ապա ի՞նչկլինինրանց վերջը, ովքեր Աստծու Ավետարանին անհնազանդ են։

18 Եվ եթե արդարն է հազիվ փրկվում,

ապաամբարիշտին ու մեղավորին ի՞նչ պիտի պատահի(Առկ. 11.31)։

19 Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։

Categories
Ա Պետրոս

Ա Պետրոս 5

Հորդոր երեցներին

1 Աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին որպես երեց, վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության.

2 արածեցրե՛ք Աստծու հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ՝ ըստ Աստծու, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ,

3 ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։

4 Եվ երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակը կստանաք։

Հորդոր երիտասարդներին

5 Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև

«Աստված ամբարտավաններին հակառակ է,

իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։

6 Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։

7 Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։

8 Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։

9 Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։

10 Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։

11 Նրան իշխանությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Վերջին հանձնարարություն և հրաժեշտ

12 Սիղվանոսի միջոցով, որը, ինչպես կարծում եմ, ձեր հավատարիմ եղբայրն է, համառոտ գրեցի, որպեսզի հորդորեմ և վկայեմ, որ Աստծու ճշմարիտ շնորհը այս է, որի մեջ իսկ կաք։

13 Ձեզ ողջունում են Բաբելոնում գտնվող ընտրյալ եկեղեցին և իմ որդի Մարկոսը։

14 Ողջունե՛ք միմյանց սիրո համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։

Categories
Բ Պետրոս

Բ Պետրոս 1

Ուղերձ և ողջույն

1 Սիմոն Պետրոսը՝ ծառա և առաքյալ Հիսուս Քրիստոսի,նրանց,որոնց մեր Աստծու և Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատնընդունել.

2 շնորհ ձեզ, և թող խաղաղությունը շատանա Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին գիտությամբ։

Աստծու կոչը և ընտրությունը

3 Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ,

4 որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։

5 Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ,

6 գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ,

7 աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով։

8 Որովհետև սրանք ձեր մեջ ունենալով ու առատացնելով՝ դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։

9 Բայց նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է կամ կարճատես՝ մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելու մասին։

10 Դրա համար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով՝ երբեք հանցանք չեք գործի,

11 քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։

12 Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ։

13 Իրավունք եմ համարում, որ քանի դեռ այս մարմնի մեջ եմ, ձեզ հիշեցնելով արթուն պահեմ։

14 Գիտեմ, որ շուտով հեռանալու եմ կյանքից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ։

15 Բայց կջանամ, որ աշխարհից իմ հեռանալուց հետո այս բաները հիշեք։

Քրիստոսի փառքի ականատեսներ

16 Մենք ոչ թե հնարված առասպելներին հետևելով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ ականատես եղանք նրա մեծությանը։

17 Քանի որ Հայր Աստծուց ստացավ պատիվ ու փառք, երբ մեծավայելուչ փառքից այսպիսի ձայն եկավ իրեն. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։

18 Եվ երկնքից եկած այս ձայնը հենց մենք լսեցինք, երբ նրա հետ այն սուրբ լեռան վրա էինք։

19 Եվ մարգարեական ավելի հաստատուն խոսքն ունենք, որին եթե անսաք, լա՛վ կանեք, ինչպես մի ճրագ, որ մութ տեղում լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, և առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։

20 Նախ սա՛ իմացեք, որ Գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի,

21 որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։

Categories
Բ Պետրոս

Բ Պետրոս 2

Ընդդեմ սուտ ուսուցիչների

1 Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն։

2 Եվ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի։

3 Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. նրանց դատաստանը վաղուց պատրաստ է, և նրանց կործանումը չի ուշանալու։

4 Քանի որ եթե Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով տարտարոսը գցելով՝ դատաստանի համար պահեց,

5 նա չխնայեց նաև հին աշխարհին, այլ ութ հոգուն և Նոյին՝ արդարության քարոզչին, պահեց և ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց,

6 սոդոմացիների ու գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով՝ կործանման դատապարտեց՝ օրինակ դարձնելով գալիք ամբարիշտների համար։

7 Փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարքից ձանձրացել էր,

8 որովհետև արդարը, նրանց մեջ բնակվելով, տեսնելով ու լսելով նրանց անօրեն գործերը, օրեցօր իր արդար հոգին տանջվում էր.

9 Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել,

10 մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից և արհամարհում Աստծու իշխանությունը։

Հանդուգն ու ինքնահավան՝ նրանք չեն վախենումերկնայինփառքը հայհոյելուց,

11 մինչդեռ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են, Տիրոջ առաջ նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում։

12 Իսկ սրանք, ինչպես անբան անասուններ, որ ի բնե որսի ու ապականության համար են ծնվել, հայհոյում են չիմացած բաները և իրենց ապականության մեջ էլ կործանվելու են՝

13 այդկերպ իրենց անիրավության վարձն ստանալով. նրանք ցերեկով ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք իրենց խաբեբայությունների մեջ հաճույք են ստանում ձեզ հետ համատեղ ուտել-խմելիս։

14 Պոռնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներեն,

15 շիտակ ճանապարհը թողած՝ մոլորվեցին՝ Բոսորի որդի Բաղաամի ճանապարհին հետևելով, որ անիրավության վարձը սիրեց

16 և իր անօրենության համար հանդիմանություն ստացավ. անխոս էշը, մարդկային ձայնով խոսելով, արգելք եղավ մարգարեի խելահեղությանը։

17 Սրանք անջուր աղբյուրներ են, մրրիկից քշված ամպեր, որոնց համար խավարի մթությունն է հավիտյան պահված։

18 Որովհետև ունայն և ամբարտավան բաներ խոսելով՝ գիջությամբ, մարմնական ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից։

19 Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք ապականության ծառաներ են, որովհետև ինչից մեկը հաղթվի, նրան էլ ծառայում է։

20 Որովհետև նրանք, ովքեր հեռացել են աշխարհիկ պղծություններից մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ունեցած գիտությամբ, բայց դարձյալ դրանց մեջ թաթախվելով պարտվել են, նրանց վախճանըավելիվատ կլինի, քան նախկինում։

21 Որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին և հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց։

22 Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը.«Շունն իր փսխածին է վերադառնում»(Առկ. 26.11)կամ «Լվացված խոզի աչքը ցեխի մեջ է»։

Categories
Բ Պետրոս

Բ Պետրոս 3

Տիրոջ երկրորդ գալստյան խոստումը

1 Սիրելինե՛ր, այս արդեն երկրորդ նամակն եմ ձեզ գրում, որ դրանցով հիշեցնելով՝ ձեր մաքուր միտքը արթնացնեմ։

2 Հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախկինում ասված խոսքերը և ձեր առաքյալների պատգամը Տիրոջ ու Փրկչի վերաբերյալ։

3 Բայց նախ ա՛յս իմացեք, որ վերջին օրերին կգան ծաղրողներ, որոնք ըստ իրենց ցանկությունների պիտի վարվեն։

4 Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր, երբ հայրերը վախճանվեցին, ամեն բան աշխարհի արարչության սկզբից նույնն է մնում»։

5 Այդ բանը պնդելով՝ ցանկանում են մոռանալ, որ Աստծու խոսքով վաղուց ի վեր կային երկինքն ու երկիրը, և երկիրը ջրից անջատվեց, նրա վրա հաստատվեց։

6 Դրա համար այն ժամանակվա աշխարհը ջրհեղեղով կորսվեց,

7 իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի և ամբարիշտ մարդկանց կործանման համար։

8 Այս մեկը ևս ձեզանից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։

9 Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։

10 Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա. այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։

Նոր երկինք, նոր երկիր

11 Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ և աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսի՞ն պիտի լինեք՝

12 սպասելով և ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի, և երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն։

13 Բայց մենք, նրա խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում։

Հորդոր և փառաբանություն

14 Դրա համար, սիրելինե՛ր, սրանց սպասելով ջանացե՛ք, որ նա ձեզ գտնի անբիծ ու անարատ, խաղաղության մեջ,

15 և մեր Տիրոջ համբերությունը փրկությո՛ւն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ

16 և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է այս բաների մասին։ Դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսներն ու թույլերը շեղում են մյուս գրքերի պես՝ իրենց հոգիները կորստյան մատնելով։

17 Ուրեմն դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, զգո՛ւյշ եղեք, որպեսզի անօրենների մոլորությամբ հափշտակվելով՝ ձեր հաստատունվիճակիցչընկնեք։

18 Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք այժմ և մինչև հավիտենական օրը։ Ամեն։

Categories
Ա Հովհաննես

Ա Հովհաննես 1

Հավիտենական կյանքի վկաները

1 Այն, որ սկզբից էր, որին լսեցինք և մեր աչքերով տեսանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին,այսինքն՝կյանքի Բանի մասին,

2 և կյանքը հայտնվեց, ու մենք տեսանք ու վկայում ենք և ձեզ պատմում ենք այդ հավիտենական կյանքի մասին, որ Հոր մոտ էր ու մեզ հայտնվեց.

3 այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։

4 Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։

Աստված լույս է. քայլենք լույսի մեջ

5 Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։

6 Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։

7 Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։

8 Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։

9 Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։

10 Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։