Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14

Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք

1 «Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։

2 Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։

3 Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։

4 Եվ ուր ես գնում եմ, գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։

5 Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։

6 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։

7 Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան և տեսաք»։

8 Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։

9 Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. “Ցո՛ւյց տուր մեզ Հորը”։

10 Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։

11 Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։

12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծբաներկանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։

13 Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։

14 Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։

Ճշմարտության Հոգին

15 Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։

16 Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի.

17 ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։

18 Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։

19 Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։

20 Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։

21 Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։

22 Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։

23 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։

24 Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։

25 Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։

26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։

Քրիստոսի խաղաղությունը

27 Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։

28 Լսեցիք, որ ձեզ ասացի. “Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ”։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. “Հոր մոտ եմ գնում”, որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։

29 Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։

30 Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։

31 Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Վե՛ր կացեք գնանք այստեղից»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15

Հիսուսը՝ ճշմարիտ որթատունկ

1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։

2 Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։

3 Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։

4 Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։

5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։

6 Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։

7 Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։

8 Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։

9 Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։

10 Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։

11 Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։

12 Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։

13 Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։

14 Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։

15 Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի։

16 Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։

17 Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։

Աշխարհի ատելությունը

18 Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։

19 Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։

20 Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։

21 Բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։

22 Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն։

23 Ով ինձ ատում է, իմ Հորն էլ է ատում։

24 Եթե նրանց մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չէր կատարել, մեղք չէին ունենա։ Սակայն այժմ այդ գործերը տեսան ու ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։

25 Բայցդա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը.”Ինձ առանց պատճառի ատեցին”(Սաղ. 35.19,69.4)։

26 Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։

27 Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 16

1 «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։

2 Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։

3 Եվ դա պիտի ձեզ անեն, որովհետև ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ։

4 Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։

Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։

Մխիթարիչի գալուստը

5 Սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, ու ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում. “Ո՞ւր ես գնում”։

6 Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։

7 Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։

8 Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար.

9 մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում,

10 արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի,

11 և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։

12 Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։

13 Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։

14 Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։

15 Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։

Ուրախության վերածվող վիշտը

16 Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, ու ինձ կտեսնեք, որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։

17 Նրա աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Այս ի՞նչ է մեզ ասում. “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, ու դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք” և թե՝ “Ես Հոր մոտ եմ գնում”»։

18 Նաև ասում էին. «Ի՞նչ է նշանակում, երբ ասում է՝ մի քիչ ևս։ Չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։

19 Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարցնել, և նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, երբ ասացի. “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք”։

20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։

21 Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։

22 Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։

23 Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։

24 Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։

Ես հաղթեցի աշխարհին

25 Այս բաները ձեզ ասացի առակներով, բայց գալու է ժամանակ, երբ ձեզ հետ այլևս առակներով չեմ խոսելու, այլ Հոր մասին ձեզ հայտնապես եմ պատմելու։

26 Այդ օրն իմ անունով պիտի խնդրեք։ Եվ չեմ ասում, թե ե՛ս ձեզ համար պիտի խնդրեմ Հորը,

27 որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել։

28 Ես ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում եմ Հոր մոտ»։

29 Աշակերտները նրան ասացին. «Այժմ ահա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։

30 Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել»։

31 Հիսուսը նրանց պատասխանեց. «Հիմա հավատո՞ւմ եք։

32 Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։

33 Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17

Աղոթք առ Հայր

1 Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։

2 Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։

3 Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։

4 Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։

5 Իսկ հիմա, Հա՛յր, դո՛ւ ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։

6 Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, և քո խոսքը պահեցին։

7 Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քեզանից է,

8 որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա, ու հավատացին, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։

9 Ես նրանց համար եմ խնդրում և ոչ աշխարհի, նրանց համար, որոնց ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։

10 Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։

11 Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են. և ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։

12 Երբ ես աշխարհումնրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը։

13 Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։

14 Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։

15 Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։

16 Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։

17 Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ. քոխոսքը ճշմարտություն է։

18 Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։

19 Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։

20 Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ,

21 որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։

22 Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։

23 Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։

24 Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։

25 Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։

26 Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18

Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը

1 Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։

2 Հուդան՝ Հիսուսին մատնողը, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ հավաքվել։

3 Եվ Հուդան, իր հետ վերցնելովզինվորներիգունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։

4 Արդ Հիսուսը, իրեն սպասվող այս ամենն իմանալով, գնաց և նրանց հարցրեց. «Ու՞մ եք փնտրում»։

5 Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան՝ նրան մատնողը։

6 Հենց որ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին։

7 Եվ դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։

8 Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի՝ “Ես եմ”. արդ, եթե ինձ եք փնտրում, թո՛ւյլ տվեք նրանց, որ գնան։

9 Որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասում էր. “Նրանց, ում տվեցիր ինձ, նրանցից և ոչ մեկին չկորցրի”»։

10 Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։

11 Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»։

12 Այդժամզինվորներիգունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։

Հիսուսը քահանայապետների առաջ

13 Նրան նախ բերեցին Աննասի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։

14 Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խորհուրդ տվեց, թե ավելի լավ է՝ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։

Պետրոսի ուրացումները

15 Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։

16 Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։

17 Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։

18 Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։

19 Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։

20 Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։

21 Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։

22 Երբ Հիսուսն այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը նրան ապտակեց ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։

23 Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե որևէ վատ բան ասացի, վկայի՛ր վատի մասին, բայց եթե ես ճիշտն ասացի, ինչո՞ւ ես ինձ խփում»։

24 Այդժամ Աննասը նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։

25 Այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. «Գուցե դու է՞լ ես նրա աշակերտներից»։ Նա ուրացավ և ասաց. «Ո՛չ, չեմ»։

26 Եվ քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգականն էր նրա, ում ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս քեզ տեսա այն պարտեզում նրա հետ»։

27 Պետրոսը դարձյալ ուրացավ, և իսկույն աքաղաղը կանչեց։

Հիսուսը Պիղատոսի առաջ

28 Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։

29 Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այդ մարդու դեմ ի՞նչ մեղադրանք եք առաջադրում»։

30 Նրան պատասխանեցին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի»։

31 Այդժամ Պիղատոսը նրանց ասաց. «Նրան դո՛ւք վերցրեք ու ձեր օրենքի համաձա՛յն դատեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել».

32 որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։

33 Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։

34 Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ի՞նքդ ես հարցնում, թե՞ քեզ ուրիշներն են իմ մասին ասել»։

35 Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։

36 Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։

37 Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։

38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։

Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։

Բարաբբան

39 Բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզո՞ւմ եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ»։

40 Սակայն բոլորն աղաղակեցին և ասացին. «Ո՛չ դրան, այլ Բարաբբային»։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19

1 Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։

2 Զինվորները փշերից պսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին։

3 Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։

4 Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու նրանց ասաց. «Ահա նրան դուրս եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։

5 Արդ Հիսուսը դուրս ելավ՝ փշե պսակը գլխին և ծիրանին հագին։ ԵվՊիղատոսընրանց ասաց. «Ահա այդ մարդը»։

6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրեք նրան ու խաչը հանեք, որովհետև ես նրա մեջ հանցանք չեմ գտնում»։

7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։

8 Երբ Պիղատոսն այս խոսքը լսեց, է՛լ ավելի վախեցավ։

9 Նա դարձյալ ատյան մտավ և Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան չպատասխանեց։

10 Արդ Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում. չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։

11 Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քոձեռքըմատնեց, ավելի մեծ մեղք գործեց»։

12 Եվ դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել, բայց հրեաներն աղաղակում էին և ասում. «Եթե նրան ազատ արձակես, կայսրի բարեկամը չես։ Ով իրեն թագավոր է համարում, հակառակ է կայսրին»։

13 Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, և ինքը նստեց բեմի վրա՝ այնտեղ, որ «Քարահատակ» էր կոչվում (եբրայերեն՝ Գաբբաթա)։

14 Զատկի նախօրեն էր՝ մոտավորապես վեցերորդ ժամը։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։

15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք բացի կայսրից ուրիշ թագավոր չունենք»։

16 Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։

Արդ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։

Հիսուսի խաչելությունը

17 Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։

18 Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։

19 Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։

20 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։

21 Արդ հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր “Հրեաների թագավոր”, այլ ինչպես նա ասաց. “Հրեաների թագավորն եմ”»։

22 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։

23 Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորին՝ մի մաս։ Վերցրին նաև պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։

24 Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատռենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ո՛ւմ կընկնի». որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է.

«Իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին

և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»(Սաղ. 22.18)։

Եվ զինվորներն արեցին այդ բանը։

25 Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Մարիամը՝ Կղեովպասիկինը, և Մարիամ Մագդաղենացին։

26 Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։

27 Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։

Հիսուսի մահը

28 Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։

29 Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։

30 Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։

31 Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ունրանցվերցնեն։

32 Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, ապա նրա հետ խաչը հանված մյուսինը։

33 Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։

34 Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։

35 Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։

36 Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը.«Նրա ոսկորը չպիտի փշրվի»(Ելք 12.46,Թվ. 9.12,Սաղ. 34.20)։

37 Եվ մեկ այլ գրված ասում է.«Պիտի նայեն նրան, որին խոցեցին»(Զաք. 12.10)։

Հիսուսի թաղումը

38 Դրանից հետո Հովսեփը, որ Արիմաթեայից էր և հրեաներից վախի պատճառով Հիսուսի ծպտյալ աշակերտը, Պիղատոսին խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։

39 Եկավ նաև Նիկոդեմոսը, որը սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, և հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։

40 Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հրեաների սովորության համաձայն՝ այն խնկերով ու կտավներով պատեցին։

41 Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել։

42 Քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20

Հիսուսի հարությունը

1 Շաբաթվա առաջին օրնարշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։

2 Այդժամ նա վազեց ու գնաց Սիմոն Պետրոսի և այն մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր։ Եվ նրանց ասաց. «Տիրոջը գերեզմանից վերցրել են, ու չգիտենք, թե որտե՛ղ են նրան դրել»։

3 Այդժամ Պետրոսն ու մյուս աշակերտը դուրս եկան և գերեզման գնացին։

4 Երկուսը միասին վազում էին, բայց մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը գերեզման հասավ։

5 Նա դեպի ներս կռացավ և կտավներն այնտեղ դրված տեսավ, բայց ներս չմտավ։

6 Ապա նրա հետևից հասավ Սիմոն Պետրոսը, գերեզման մտավ ու կտավներն այնտեղ դրված տեսավ։

7 Իսկ վարշամակը, որ Հիսուսի գլխին էր, կտավների հետ չէր, այլ առանձին տեղում էր ծալված դրված։

8 Այդ ժամանակ ներս մտավ նաև մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել. տեսավ ու հավատաց։

9 Որովհետև դեռ չէին հասկացել գրվածը. «Նա մեռելներից հարություն պիտի առնի»։

10 Աշակերտները դարձյալտունգնացին։

Հիսուսի երևումները

11 Բայց Մարիամը դրսում, գերեզմանի մոտ կանգնած, լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը։

12 Եվ տեսավ երկու հրեշտակների՝ սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված. մեկը՝ գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի։

13 Եվ նրանք ասացին նրան. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը վերցրել են, ու չգիտեմ, թե որտե՛ղ են դրել նրան»։

14 Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։

15 Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել նրան, որպեսզի վերցնեմ»։

16 Հիսուսն ասաց նրան. «Մարիա՛մ»։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբո՛ւնի», որ «Վարդապետ» է նշանակում։

17 Հիսուսն ասաց նրան. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. բայց դու իմ եղբայրների մո՛տ գնա ու ասա՛ նրանց. “Ես իմ Հոր և ձեր Հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ”»։

18 Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը, և որ նա իրեն այս բաներն է ասել։

19 Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

20 Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։

21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։

22 Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։

23 Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։

Անհավատ Թովմասը

24 Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։

25 Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։

26 Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով,նրանցմեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

27 Հետո Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։

28 Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։

29 Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։

30 Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։

31 Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։

Categories
ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21

1 Դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին։ Եվ հայտնվեց այսպես։

2 Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ «Երկվորյակ» կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ևս երկուսը միասին էին։

3 Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք քեզ հետ գալիս»։ Նրանք ելան և նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։

4 Երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։

5 Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, արդյոք ուտելու բան ունե՞ք»։ Նրան պատասխանեցին. «Ո՛չ»։

6 Իսկ նա ասաց նրանց. «Ուռկանը նավի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։

7 Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տե՛րն է»։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր, և ջրի մեջ նետվեց։

8 Իսկ մյուս աշակերտները, ձկներով ուռկանը քաշելով, նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ երկու հարյուր կանգուն։

9 Երբ ցամաք ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան՝ ձուկ ու հաց դրված։

10 Հիսուսն ասաց նրանց. «Բերե՛ք այն ձկներից, որ հիմա որսացիք»։

11 Այդժամ Սիմոն Պետրոսընավմտավ և ցամաք հանեց ուռկանը՝ հարյուր հիսուներեք հատ մեծ-մեծ ձկներով լեցուն։ Թեև այդքանձուկ կար,բայց ուռկանը չպատռվեց։

12 Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել՝ «Դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։

13 Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց, նույնպես և ձուկը։

14 Այս երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։

15 Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛որդի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսը նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»։

16 Երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը նրան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։

17 Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։

18 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես, և ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա»։

19 Այս ասաց՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի՛ իմ հետևից»։

20 Ապա Պետրոսը շրջվեց և տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, և որն ընթրիքի ժամանակ նրա կրծքովն էր ընկել ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։

21 Պետրոսը, նրան տեսնելով, Հիսուսին ասաց. «Տե՛ր, իսկ սրա՞ն ինչ է լինելու»։

22 Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ. դու արի՛ իմ հետևից»։

23 Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու։ Բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ՝ «Եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ»։

24 Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որն էլ դրանք գրեց, ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։

25 Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 1

Նախաբան

1 Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց

2 մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց,

3 որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։

4 Որքան ժամանակոր միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք.

5 որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։

6 Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։

7 Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձերգործըչէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։

8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։

Հիսուսի համբարձումը

9 Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։

10 Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին

11 և նրանց ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս»։

Առաքյալների խումբը

12 Այդ ժամանակ նրանք Երուսաղեմ վերադարձան Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որը մոտ էր Երուսաղեմին և գտնվում էր մի շաբաթ օրվա ճանապարհիչափ հեռավորության վրա։

13 Երբքաղաքմտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու Սիմոն Նախանձահույզը և Հակոբոսի որդի Հուդան։

14 Սրանք բոլորը միշտ միաբան աղոթքի մեջ էինմի քանիկանանց, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ միասին։

Մատաթիայի ընտրությունը

15 Եվ այդ օրերին Պետրոսը վեր կացավ կանգնեց եղբայրների մեջ (այնտեղ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար) և ասաց.

16 «Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։

17 Որովհետև նա էլ մեզանից մեկն էր և մասնակից էր այս ծառայությանը։

18 Արդ, նա իր անիրավության վարձով մի ագարակ ստացավ ու գլխիվայր ընկնելով՝ մեջտեղից պատռվեց, և նրա ամբողջ փորոտիքը դուրս թափվեց։

19 Եվ Երուսաղեմի բոլոր բնակիչներին սա հայտնի դարձավ, այնպես որ այդ ագարակն իրենց բարբառով Ակեղդամա կոչվեց, այսինքն՝ “Արյան ագարակ”։

20 Քանի որ Սաղմոսների գրքում գրված է.

“Թող նրա տունն ավերակ դառնա,

և ոչ ոք թող այնտեղ չբնակվի”(Սաղ. 69.25),

և

“Թող նրա առաքելությունն ուրիշն առնի”(Սաղ. 109.8)։

21 Արդ, պետք է, որ այստեղ եղած մարդկանցից մեկը, որոնք մեզ հետ են եղել այն ամբողջ ժամանակ, երբ Տեր Հիսուսը մեզ հետ էր՝

22 սկսած Հովհաննեսի մկրտությունից մինչև այն օրը, երբ մեզանից համբարձվեց, նա պետք է մեզ հետ միասին նրա հարության վկան լինի»։

23 Եվ ներկայացրեցին երկու հոգու՝ Հովսեփին, որ Բարսաբբաս էր կոչվում և Հուստոս անվանվեց, ու Մատաթիային։

24 Եվ աղոթելով ասացին. «Դու, Տե՛ր, որ գիտես բոլորի սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից ո՛ւմ ես ընտրել

25 այս ծառայությանը և առաքելությանը մասնակից լինելու, որից Հուդան ընկավ և իր տեղը գնաց»։

26 Եվ նրանց մեջ վիճակ գցեցին. վիճակը Մատաթիային ընկավ, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։

Categories
Գործք Առաքելոց

Գործք Առաքելոց 2

Հոգեգալուստ

1 Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։

2 Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։

3 Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։

4 Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։

5 Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։

6 Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։

7 Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։

8 Ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։

9 Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանումու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում,

10 Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ,

11 հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։

12 Բոլորը զմայլված և զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ի՞նչ կարող է լինել»։

13 Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։

Պետրոսի ճառը Հոգեգալստյան օրը

14 Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։

15 Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է,

16 այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով.

17 “Եվ վերջին օրերին,-ասում է Աստված,-

իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,

և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան.

ձեր երիտասարդները տեսիլքներ,

իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։

18 Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս

այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ,

և պիտի մարգարեանան։

19 Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում,

և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա.

արյուն, կրակ ու ծխի սյուն։

20 Արեգակը պիտի փոխակերպվի խավարի,

և լուսինը՝ արյան,

քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։

21 Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք,

ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի”(Հվլ. 2.28-32)։

22 Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով.

23 նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։

24 Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։

25 Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում.

“Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ,

որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։

26 Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց,

մարմինս էլ հույսով պիտի ապրի։

27 Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի

և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։

28 Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները

և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես”(Սաղ. 16.8-11)։

29 Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։

30 Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որԱստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին(Սաղ. 132.11,Բ Թագ. 7.12),

31 ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին.

“Նա գերեզմանում չթողնվեց,

ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ”։

32 Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։

33 Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեցմեզ վրա,և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։

34 Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է.

“Տերն իմ Տիրոջն ասաց.

Նստի՛ր իմ աջ կողմում,

35 մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ”(Սաղ. 110.1)։

36 Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։

Առաջին նորադարձները

37 Երբ նրանք այս լսեցին,իրենցսրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։

38 Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։

39 Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։

40 Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում՝ ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։

41 Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան։

Քրիստոնեական առաջին համայնքը

42 Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին։

43 Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։

44 Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։

45 Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։

46 Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։

47 Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջսեր ու հարգանքէին վայելում։ Իսկ Տերը նրանցխմբումփրկվածների էր ավելացնում ամեն օր։