Ճշմարիտ երջանկությունը
1 Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում,
2 Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։
3 Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան։
4 Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալիս քամին։
5 Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները՝ արդարների ժողովում,
6 Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։