Տերն ամբաստանում է Իսրայելին
1 Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ, որովհետև Տերը վեճ ունի երկրի բնակիչների հետ. որովհետև երկրի մեջ ճշմարտություն չկա, ողորմություն չկա և Աստծու գիտություն չկա։
2 Դուրս են թափվել երդվելն ու ստելը, սպանելն ու գողանալը և պոռնկանալը, և արյուններն արյունների են խառնում։
3 Դրա համար երկիրը սգում է, և նրա բոլոր բնակիչները նվաղել են դաշտի գազանների և երկնքի թռչունների հետ, ծովի ձկներն էլ պիտի վերանան։
Տերն ամբաստանում է քահանաներին
4 Սակայն թող ոչ ոք չվիճի և ոչ ոք չհանդիմանի, որովհետև քո ժողովուրդը քահանայի դեմ վեճ հարուցողների պես է։
5 Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։
6 Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։
7 Ինչքան բազմացան, այնքան մեղանչեցին իմ դեմ. նրանց փառքը ես անարգության պիտի փոխեմ։
8 Նրանք ուտում են իմ ժողովրդի մեղքը,և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։
9 Եվ կլինի ինչպես ժողովրդին, նույնպես և քահանային. և նրանց պիտի պատժեմ իրենց ճանապարհների համեմատ և նրանց արարքների համեմատ պիտի հատուցեմ իրենց։
10 Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։
Տերը դատապարտում է կռապաշտությունը
11 Շնությունը, գինին ու քաղցուն գրավում են միտքը։
12 Իմ ժողովուրդն իր փայտեարձանինէ հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։
13 Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։
14 Ես չեմ պատժի ձեր դուստրերին, երբ նրանք պոռնկանան, ոչ էլ ձեր հարսներին, երբ շնանան, որովհետև իրենք իսկ պոռնիկների հետ են մեկուսանում և նվիրյալ բոզերի հետ զոհ մատուցում, իսկ ժողովուրդը, որ չի հասկանում, պիտի կորչի։
15 Թեև դու պոռնկանում ես, ո՛վ Իսրայել, թող Հուդան հանցավոր չլինի։ Եվ Գաղգաղա մի՛ գնացեք և Բեթավան մի՛ բարձրացեք. երդում մի՛ արեք. «Կենդանի է Տերը»։
16 Որովհետև կամակոր երինջի պես կամակորացել է Իսրայելը. հիմա Տերը մի լայնարձակ տեղում գառների պես պիտի արածեցնի՞ նրանց։
17 Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։
18 Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին.
19 քամին նրանց փաթաթել է իր թևերի մեջ, և նրանք պիտի ամաչեն իրենց զոհերից։