Պաշտամունք երկնքում
1 Դրանից հետո տեսա. ահա երկնքում մի բացված դուռկար,և փողի պես ձայնը, որ նախկինում լսեցի, խոսում էր ինձ հետ՝ ասելով. «Բարձրացի՛ր այստեղ, և ես քեզ պիտի ցույց տամ, թե սրանից հետո ի՛նչ է լինելու»։
2 Եվ ես իսկույն Հոգով լցվեցի։ Ահա երկնքում մի գահ էր դրված, և գահի վրա՝ մեկը նստած։
3 Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։
4 Գահի շուրջը կային քսանչորս աթոռներ, իսկ դրանց վրա նստած էին քսանչորս երեցներ՝ սպիտակ հանդերձներ հագած և ոսկե պսակներ գլխներին դրած։
5 Գահից ելնում էին փայլատակումներ, որոտներ ու ձայներ. գահի առջևում կրակով բորբոքված յոթ ջահեր կային, որոնք Աստծու յոթ Հոգիներն են։
6 Եվ գահի առաջ բյուրեղանման ապակե ծով կար։
Իսկ գահի մեջտեղում և շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։
7 Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նմանէր։
8 Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով.
«Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ,
Ամենակա՛լ Տեր Աստված,
որ էր և որ է և որ գալու է»։
9 Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից,
10 քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով.
11 «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր,
որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը,
որովհետև դու ամեն բան ստեղծեցիր,
ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։