Մարդու անհնազանդությունը
1 Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։
2 Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք,
3 բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։
4 Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի.
5 այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։
6 Կինը տեսավ, որ ծառիպտուղըլավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։
7 Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։
8 Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։
9 Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։
10 Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։
11 ԵվԱստվածասաց. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք կերա՞ր այն ծառից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես»։
12 Ադամն ասաց. «Կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառի պտղից, և ես կերա»։
13 Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»։
Աստծու դատաստանը
14 Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։
15 Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։
16 Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։
17 Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։
18 Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։
19 Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։
20 Ադամն իր կնոջ անունը Եվադրեց, որովհետև նա եղավ բոլոր ապրողմարդկանցմայրը։
21 Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։
Ադամն ու Եվան արտաքսվում են դրախտից
22 Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից՝ բարին ու չարը իմացող. այժմ միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից առնի և ուտի ու հավիտյան ապրի»։
23 Ուստի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որտեղից առնվել էր։
24 Եվ արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմացըդրեց Քերովբեներին և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը հսկելու համար։