Categories
ԾՆՆԴՈՑ

ԾՆՆԴՈՑ 16

Հագար և Իսմայել

1 Սարան՝ Աբրամի կինը, չէր ծնում նրա համար։ Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար։

2 Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց. մտի՛ր ուրեմն իմ աղախնի մոտ. գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։

3 Սարան՝ Աբրամի կինը, վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո։

4 Աբրամըմտավ Հագարի մոտ, և նա հղիացավ։ ԵրբՀագարըտեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։

5 Սարան ասաց Աբրամին. «Իմ կրած արհամարհանքի հանցավոր. ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ։ Տերը թող դատաստան անի իմ և քո միջև»։

6 Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։

7 Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ։

8 Եվ ասաց. «Ո՛վ Սարայի աղախին Հագար, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»։ Նա պատասխանեց. «Ես փախչում եմ իմ տիրուհի Սարայի մոտից»։

9 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ե՛տ դարձիր քո տիրուհու մոտ և հնազանդվի՛ր նրան»։

10 Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ես այնքան շատ եմ շատացնելու քո սերունդը, որ շատությունից հաշվել չի լինի»։

11 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես. նրա անունը Իսմայելկդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը։

12 Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու. նրա ձեռքը բոլորի դեմ, և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։

13 Հագարնիր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես»։ Որովհետև ասաց. «Արդյոք ես ո՞ղջ եմ իմ տեսիլքից հետո»։

14 Դրա համար այդ ջրհորի անունը Լահայրոյիջրհոր դրեց։ Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև։

15 Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայել։

16 Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը Աբրամի համար ծնեց Իսմայելին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *