Categories
ԺՈՂՈՎՈՂ

ԺՈՂՈՎՈՂ 3

Ամեն բան իր ժամանակն ունի

1 Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին։

2 Ծնվելու ժամանակ և մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ և տնկածն արմատախիլ անելու ժամանակ։

3 Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ։

4 Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ. սգալու ժամանակ և պարելու ժամանակ։

5 Քարեր շպրտելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ. ողջագուրվելու ժամանակ ևողջագուրանքիցհեռու մնալու ժամանակ։

6 Փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ։

7 Պատռելու ժամանակ և կարելու ժամանակ. լռելու ժամանակ և խոսելու ժամանակ։

8 Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ. պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ։

9 Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։

10 Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։

11 Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։

12 Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։

13 Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամբողջ աշխատանքը։

14 Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։

15 Ինչ որ կա, արդեն կար, և ինչ որ լինելու է, արդեն եղել է. Աստված անցածնէ փնտրում։

Անարդարություն աշխարհում

16 Արեգակի տակ նաև տեսա, որ իրավունքի նստավայրում անիրավություն կար, արդարության նստավայրում՝ անիրավություն։

17 Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։

18 Ես իմ սրտում ասացի մարդկանց որդիների մասին, որ Աստված փորձում է նրանց, որ տեսնեն, թե իրենք անասուններ են։

19 Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։

20 Բոլորը նույն տեղն են գնում. ամեն բան հողից է եղել և ամենը հող է դառնալու։

21 Ո՞վ գիտի, թե մարդկանց որդիների հոգին վեր է գնում, իսկ անասունի հոգին ներքև է գնում՝ գետին։

22 Ու տեսա, որ ավելի լավ բան չկա, քան որ մարդ ուրախանա իր գործերով, որովհետև նրա բաժինը դա է. քանզի նրան ո՞վ պիտի տանի, որ տեսնի, թե ինչ է լինելու իրենից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *