Աստված հանդիմանում է կեղծ ծոմապահությունը
1 Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային,
2 և Բեթելից մարդկանց ուղարկեցին Սարասարի, Ռեկկեմելեքի գլխավորությամբ Աստծու տունը, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը հայցեն՝
3 Զորքերի Տիրոջ տանը եղող քահանաներին ու մարգարեներին ասելով. «Արդյոք պետք է լա՞ց լինեմ հինգերորդ ամսում՝ծոմպահելով, ինչպես որ արել եմ այսքան տարիներ»։
4 Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
5 «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. “Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդամիսներին,մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։
6 Եվ երբ որ ուտում եք ու խմում եք, մի՞թե ձեզ համար չեք ուտում և ձեզ համար խմում։
7 Տերը մի՞թե նույն խոսքերը չհաղորդեց վաղ մարգարեների միջոցով, քանի դեռ Երուսաղեմը բնակեցված էր ու խաղաղ, իր և շրջակա քաղաքներով, շեն և հանգիստ էին, և հարավային ու դաշտային կողմերը բնակեցված էին”»։
Անհնազանդությունը՝ աքսորի պատճառ
8 Եվ Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային՝ ասելով.
9 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Արդար դատաստա՛ն արեք և ողորմություն ու գթությո՛ւն արեք, ամեն մեկդ ձեր եղբորը։
10 Մի՛ հարստահարեք այրուն ու որբին, օտարականին ու աղքատին և ձեր սրտերում միմյանց դեմ չարություն մի՛ նյութեք”»։
11 Բայց նրանք մերժեցին ականջ դնել, ուսերը համառությամբ շրջեցինև իրենց ականջները ծանրացրին, որ չլսեն։
12 Եվ իրենց սրտերն ադամանդի պես դարձրին, որպեսզի չլսեն այն օրենքը և այն խոսքերը, որ Զորքերի Տերն իր հոգով ուղարկեց վաղ մարգարեների միջոցով։ Եվ մեծ սրտմտություն եղավ Զորքերի Տիրոջ կողմից։
13 «Ինչպես որ նա կանչեց, և նրանք չլսեցին, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չպիտի լսեմ,- ասում է Զորքերի Տերը։-
14 Եվ ես մրրիկով քշեցի նրանց բոլոր ազգերի մեջ, որոնց նրանք չգիտեին։ Եվ նրանց հետևից երկիրն ամայացավ, գնացող կամ եկող չկար, և ցանկալի երկիրն ամայացրին»։